ԳԼՈՒԽ 16
Աստծու հետ քայլելիս «արդարություն գործադրիր»
1-3. ա) Ինչո՞ւ ենք մենք պարտական Եհովային։ բ) Փրկագին վճարելով՝ ի՞նչ է ակնկալում մեզնից մեր սիրառատ Փրկիչը։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ, թե գտնվում ես մի նավի մեջ, որը խորտակվում է։ Հենց այն պահին, երբ մտածում ես, թե հույս չկա, մի փրկարար օգնության է հասնում քեզ։ Ինչպիսի՜ թեթևացում ես զգում, երբ քեզ փրկելուց հետո նա ասում է. «Կարող ես հանգիստ լինել, վտանգն անցել է»։ Մի՞թե երախտապարտ չես լինի այդ մարդուն։ Իրոք որ, քո կյանքով դու նրան ես պարտական։
2 Այս օրինակը որոշ առումով ցույց է տալիս, թե ինչ է արել Եհովան մեզ համար։ Անկասկած, մենք պարտական ենք նրան։ Չէ՞ որ նա փրկագին է վճարել՝ հնարավորություն տալով, որ ազատվենք մեղքի ու մահվան կապանքներից։ Քանի դեռ հավատ ենք ընծայում այդ թանկագին զոհաբերությանը, մեր մեղքերը ներվում են, ու հավիտենական ապագայի երաշխիք է տրվում (1 Հովհաննես 1։7; 4։9)։ Դա մեր մեջ ապահովության զգացում է առաջացնում։ Ինչպես տեսանք 14-րդ գլխում, փրկանքը Եհովայի սիրո և արդարության մեծագույն դրսևորումն է։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր գնահատանքը։
3 Տեղին կլինի մտածել այն մասին, թե մեր սիրառատ Փրկիչը ինչ է ակնկալում մեզնից։ Միքիա մարգարեի միջոցով Եհովան ասում է. «Նա ասել է քեզ, ո՛վ մարդ, թե ինչ է բարին։ Մի՞թե Եհովան, բացի արդարություն գործադրելուց, բարություն սիրելուց և քո Աստծու հետ համեստությամբ քայլելուց, ուրիշ որևէ բան է պահանջում քեզանից» (Միքիա 6։8)։ Ուշադրություն դարձրու, որ Եհովան, օրինակ, ակնկալում է՝ «արդարություն գործադրենք»։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դա անել։
Հետևենք «ճշմարիտ արդարությանը»
4. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան մեզանից ակնկալում է ապրել իր արդար չափանիշներով։
4 Եհովան ակնկալում է, որ մենք ապրենք բարու և չարի իր չափանիշներով։ Եթե առաջնորդվում ենք այդ սկզբունքներով, մենք արդարությամբ ենք վարվում, քանի որ նրա չափանիշները արդար են։ «Սովորեք բարությո՛ւն անել, արդարությո՛ւն որոնեք»,— ասվում է Եսայիա 1։17-ում։ Աստծու Խոսքը հորդորում է մեզ «որոնել արդարություն» (Սոփոնիա 2։3)։ Այն նաև քաջալերում է «հագնել նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ» (Եփեսացիներ 4։24)։ Ճշմարիտ արդարությունը բացառում է բռնությունը, անմաքրությունն ու անբարոյությունը, քանի որ դրանք պղծում են այն, ինչ սուրբ է (Սաղմոս 11։5; Եփեսացիներ 5։3-5)։
5, 6. ա) Եհովայի արդար չափանիշներով ապրելը ինչո՞ւ մեզ համար բեռ չէ։ բ) Աստվածաշունչն ինչպե՞ս է ցույց տալիս, որ արդարությանը հետամուտ լինելը շարունակական պրոցես է։
5 Աստծու արդար չափանիշներով ապրելը արդյո՞ք բեռ է մեզ համար։ Ո՛չ։ Այն անհատը, որը սրտանց ցանկանում է մոտենալ Եհովային, նրա չափանիշները բեռ չի համարում։ Քանի որ սիրում ենք մեր Աստծուն և այն ամենը, ինչ թանկ է նրա համար, ցանկանում ենք ապրել այնպես, որ գոհացնենք նրան (1 Հովհաննես 5։3)։ Հիշիր, որ Եհովան «սիրում է արդար գործերը» (Սաղմոս 11։7)։ Եթե իսկապես ուզում ենք ընդօրինակել Աստծու արդարությունը, պետք է ձգտենք սիրել այն, ինչ նա է սիրում, և ատել այն, ինչ նա է ատում (Սաղմոս 97։10)։
6 Անկատար մարդու համար հեշտ չէ հետամուտ լինել արդարությանը։ Մենք պետք է մեր վրայից հանենք հին անձնավորությունը իր մեղավոր սովորություններով և հագնենք նորը։ Աստվածաշնչում ասվում է, որ նոր անձնավորությունը «նորոգվում է» ճշգրիտ գիտելիքներով (Կողոսացիներ 3։9, 10)։ «Նորոգվում է» բառը բնագրում հաղորդում է այնպիսի միտք, համաձայն որի՝ նոր անձնավորություն հագնելը շարունակական պրոցես է և մեծ ջանքեր է պահանջում։ Անկախ այն բանից, թե որքան ջանքեր ենք թափում ճիշտն անելու համար՝ երբեմն մեր մեղավոր բնույթի պատճառով սայթաքում ենք մտքով, խոսքով կամ գործով (Հռոմեացիներ 7։14-20; Հակոբոս 3։2)։
7. Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ արդարությանը հետամուտ լինելու մեր ջանքերը անհաջողության են մատնվում։
7 Իսկ ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ արդարությանը հետամուտ լինելու մեր ջանքերը անհաջողության են մատնվում։ Ինչ խոսք, մենք չենք մեղմացնում մեղքի լրջությունը։ Բայց դրա հետ մեկտեղ երբեք չպետք է թևաթափ լինենք՝ մտածելով, թե մեր թերությունների պատճառով արժանի չենք Եհովային ծառայելու։ Մեր մեծահոգի Աստվածը միջոցներ է ձեռնարկել, որպեսզի անկեղծորեն զղջացող մարդիկ կարողանան նորից արժանանալ նրա հավանությանը։ Ահա թե մխիթարական ինչ խոսքեր է ասում Հովհաննես առաքյալը. «Գրում եմ ձեզ այս բաները, որպեսզի դուք մեղք չգործեք»։ Բայց հասկանալով, որ դա իրականում հնարավոր չէ՝ նա ավելացնում է. «Եթե մեկը մեղք գործի [ժառանգաբար փոխանցված անկատարության պատճառով], օգնական ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոսին» (1 Հովհաննես 2։1)։ Այո՛, Եհովան Հիսուսի միջոցով քավիչ զոհ է տվել, որպեսզի մենք, չնայած մեր մեղավոր էությանը, կարողանանք ծառայել իրեն հաճելի կերպով։ Մի՞թե սա չի մղում մեզ լավագույնն անելու Եհովային գոհացնելու համար։
Բարի լուրը և Աստծու արդարությունը
8, 9. Բարի լուրի քարոզչությամբ ինչպե՞ս է դրսևորվում Եհովայի արդարությունը։
8 Մենք կարող ենք արդարություն գործադրել, այսինքն՝ ընդօրինակել Եհովայի արդարությունը, եթե լիարժեք մասնակցություն ունենանք Աստծու Թագավորության բարի լուրը ուրիշներին քարոզելու գործում։ Ի՞նչ կապ գոյություն ունի Եհովայի արդարության և բարի լուրի միջև։
9 Եհովան վերջ չի դնի այս չար համակարգին, մինչև որ մարդկանց չնախազգուշացնի դրա մասին։ Վերջին օրերում տեղի ունենալիք դեպքերը կանխագուշակելիս Հիսուսն ասաց. «Բոլոր ազգերի մեջ նախ բարի լուրը պիտի քարոզվի» (Մարկոս 13։10; Մատթեոս 24։3)։ «Նախ» բառը ցույց է տալիս, որ համաշխարհային քարոզչական գործունեությանը կհաջորդեն ուրիշ իրադարձություններ։ Այդ իրադարձությունների մեջ է մտնում նաև մեծ նեղությունը, որը կործանում կբերի չարերին և ճանապարհ կհարթի դեպի արդար նոր աշխարհ (Մատթեոս 24։14, 21, 22)։ Անշուշտ, ոչ ոք իրավամբ չի կարող մեղադրել Եհովային չարերի հանդեպ անարդար լինելու մեջ։ Նախազգուշացում տալով՝ Աստված մեծ հնարավորություն է ընձեռում նման անհատներին փոխելու իրենց ճանապարհները և խուսափելու կործանումից (Հովնան 3։1-10)։
10, 11. Բարի լուրի քարոզչությանը մասնակցելով՝ ինչպե՞ս ենք արտացոլում Աստծու արդարությունը։
10 Բարի լուրը քարոզելով՝ ինչպե՞ս ենք արտացոլում աստվածային արդարությունը։ Նախ ճիշտ կլինի, եթե մեր ուժերի ներածին չափով օգնենք ուրիշներին փրկություն ստանալ։ Հիշենք խորտակվող նավից փրկվելու օրինակը։ Փրկամակույկում, որտեղ քեզ այլևս վտանգ չի սպառնում, դու, անկասկած, կցանկանայիր օգնել նրանց, ովքեր դեռ ջրի մեջ են։ Նմանապես, մենք պարտավորվածություն ենք զգում նրանց նկատմամբ, ովքեր դեռ պայքարում են այս չար աշխարհի «ջրերի» մեջ։ Ճիշտ է, շատերն են մերժում մեր լուրը։ Բայց քանի դեռ Եհովան շարունակում է համբերություն դրսևորել, մենք պարտավոր ենք օգնել նրանց «զղջալու» և այդպիսով փրկվելու հնարավորություն ստանալու (2 Պետրոս 3։9)։
11 Բարի լուրը քարոզելով բոլոր մարդկանց՝ արդարություն ենք ցուցաբերում մեկ ուրիշ կարևոր առումով ևս. այդպես մենք անկողմնակալություն ենք դրսևորում։ Հիշենք, որ «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35)։ Եթե ցանկանում ենք ընդօրինակել նրա արդարությունը, ապա չպետք է կանխակալ կարծիք ունենանք մարդկանց մասին։ Փոխարենը՝ պետք է բարի լուրը պատմենք բոլորին՝ անկախ նրանց ռասայից, սոցիալական դիրքից կամ նյութական վիճակից։ Այդպիսով բարի լուրին ականջ դնելու պատրաստ բոլոր անհատներին հնարավորություն կտանք լսելու և արձագանքելու դրան (Հռոմեացիներ 10։11-13)։
Ինչպես ենք վերաբերվում ուրիշներին
12, 13. ա) Ինչո՞ւ չպետք է շտապենք դատել ուրիշներին։ բ) Ի՞նչ իմաստ ունեն Հիսուսի՝ «մի՛ դատեք» և «մի՛ դատապարտեք» խորհուրդները (տես նաև ծանոթագրությունը)։
12 Մենք արդարություն կդրսևորենք նաև, եթե ուրիշների հետ վարվենք այնպես, ինչպես Եհովան է վարվում մեզ հետ։ Շատ հեշտ է նստել դատավորի աթոռին և դատել մարդկանց՝ կասկածի ենթարկելով նրանց մղումները և քննադատելով նրանց սխալները։ Մեզանից ո՞վ կցանկանա, որ Աստված անողորմաբար քննի ու վերլուծի իր մղումներն ու սխալները։ Եհովան նման ձևով չի վարվում մեզ հետ։ Ահա թե ինչ է ասել սաղմոսերգուն. «Եթե դու, ո՛վ Յահ, անօրենությունները զննես, Եհո՛վա, ո՞վ կարող է կանգնել» (Սաղմոս 130։3)։ Երախտապարտ չե՞նք արդյոք, որ մեր արդար ու ողորմած Աստվածը չի հաշվում մեր սխալները (Սաղմոս 103։8-10)։ Ուրեմն ինչպե՞ս պետք է վերաբերվենք ուրիշներին։
13 Եթե հասկանանք, որ Եհովան իր արդարությունը դրսևորում է ողորմածաբար, չենք շտապի դատել ուրիշներին այն հարցերում, որոնք մեզ չեն վերաբերում կամ այնքան էլ կարևոր չեն։ Իր Լեռան քարոզում Հիսուսը զգուշացրեց. «Մի՛ դատեք, որ չդատվեք» (Մատթեոս 7։1)։ Համաձայն Ղուկասի արձանագրության՝ նա իր խոսքերը շարունակեց հետևյալ կերպ. «Մի՛ դատապարտեք և բնավ չեք դատապարտվի» (Ղուկաս 6։37)։a Ինչպես երևում է այս խոսքերից, Հիսուսը լավ էր հասկանում, որ անկատար մարդիկ ունեն այդպիսի հակում։ Եթե իրեն լսող անհատներից որևէ մեկը ուրիշներին խստորեն դատելու սովորություն ուներ, պետք է վերջ դներ դրան։
14. Ի՞նչ պատճառներով պետք է վերջ դնենք ուրիշներին դատելու սովորությանը։
14 Ինչո՞ւ պետք է վերջ տալ ուրիշներին դատելու սովորությանը։ Պատճառներից մեկն այն է, որ այդպես վարվելու իրավունք չունենք։ Հակոբոս աշակերտը հետևյալ հիշեցումն է տալիս. «Մեկն է օրենսդիրն ու դատավորը»՝ Եհովան։ Ուստի Հակոբոսը միանգամայն տեղին հարցնում է. «Ո՞վ ես դու, որ դատում ես քո մերձավորին» (Հակոբոս 4։12; Հռոմեացիներ 14։1-4)։ Բացի այդ՝ մեր մեղավոր էության պատճառով հեշտությամբ կարող ենք սխալ եզրակացություններ անել։ Մեր տրամադրվածությունն ու մղումները, օրինակ՝ նախապաշարումը, խոցված հպարտությունը, նախանձը կամ ինքնագոհ լինելը, կարող են աղավաղել մեր տեսակետը մերձավորի հանդեպ։ Մեր կարողությունները սահմանափակ են նաև ուրիշ առումներով, և դրանց մասին խորհելը կարող է օգնել մեզ, որ չշտապենք սխալներ գտնել ուրիշների մեջ։ Մենք չենք կարող տեսնել մարդկանց սրտերը և ծանոթ չենք նրանց բոլոր հանգամանքներին։ Ուրեմն ո՞վ ենք մենք, որ սխալ մղումներ վերագրենք մեր հավատակիցներին կամ քննադատենք ծառայության մեջ նրանց ջանքերը։ Որքան ավելի լավ է ընդօրինակել Եհովային՝ ձգտելով տեսնել մեր եղբայրների ու քույրերի դրական կողմերը և ոչ թե կենտրոնանալ նրանց թերությունների վրա։
15. Ինչպիսի՞ խոսքերն ու վարվելակերպը տեղ չունեն Աստծու երկրպագուների մեջ և ինչո՞ւ։
15 Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր ընտանիքի անդամների մասին։ Ցավոք, այսօր դատապարտության ամենախիստ դրսևորումները երբեմն տեղ են գտնում այն կառույցի շրջանակներում, որը պետք է խաղաղության հանգրվան լինի՝ ընտանիքում։ Հաճախ կարելի է լսել ագրեսիվ ամուսինների, կանանց կամ ծնողների մասին, որոնք իրենց ընտանիքի անդամներին վիրավորանքների, կծու հեգնանքի ու ծեծերի մշտական «ռմբակոծության են ենթարկում»։ Սակայն չարությամբ լի խայթող խոսքերը և ֆիզիկական ուժին դիմելը Աստծու երկրպագուների համար չեն (Եփեսացիներ 4։29, 31; 5։33; 6։4)։ Չդատելու և չդատապարտելու վերաբերյալ Հիսուսի խորհուրդը հարկավոր է կիրառել նաև տանը։ Հիշիր, որ արդարություն գործադրել նշանակում է ուրիշների հետ վարվել այնպես, ինչպես Եհովան է վարվում մեզ հետ։ Իսկ մեր Աստվածը մեզ հետ երբեք չի վարվում կոպտորեն կամ դաժանորեն։ Ընդհակառակը՝ նա «անչափ գորովալից է ու ողորմած» այն անհատների հանդեպ, ովքեր սիրում են իրեն (Հակոբոս 5։11)։ Ընդօրինակման ինչպիսի՜ հրաշալի օրինակ։
Երեցները ծառայում են «հանուն արդարության»
16, 17. ա) Եհովան ի՞նչ է ակնկալում երեցներից։ բ) Ի՞նչ պետք է արվի, եթե մեղսագործը ցույց չի տալիս, որ իսկապես զղջում է, և ինչո՞ւ։
16 Արդարություն դրսևորելը բոլորիս պարտականությունն է, սակայն այդ հարցում պատասխանատվություն են կրում հատկապես քրիստոնեական ժողովի երեցները։ Տեսնենք, թե Եսայիայի կողմից գրի առնված գրքում ինչ մարգարեական նկարագրություն է տրվում «իշխանների»՝ երեցների մասին. «Թագավորը կթագավորի հանուն արդարադատության, և իշխանները կիշխեն հանուն արդարության» (Եսայիա 32։1)։ Այո՛, Եհովան ակնկալում է, որ երեցները թիկունք կանգնեն արդարությանը։ Իսկ ինչպե՞ս կարող են նրանք դա անել։
17 Հոգևոր հարցերում փորձառու այս տղամարդիկ լավ գիտեն, որ արդարադատությունը, կամ՝ արդարությունը, պահանջում է պահպանել ժողովի մաքրությունը։ Երբեմն հարկ է լինում, որ երեցները քննեն իրավական դեպքեր, երբ լուրջ մեղք է գործվել։ Դա անելիս նրանք հիշում են, որ աստվածային արդարությունը մղում է միշտ ողորմություն դրսևորելու, եթե դա հնարավոր է։ Ուստի երեցները փորձում են օգնել մեղավորին զղջալ։ Իսկ ինչպե՞ս վարվել, եթե մեղք գործած անհատը ցույց չի տալիս, որ անկեղծորեն զղջում է՝ չնայած իրեն օգնելու համար գործադրվող ջանքերին։ Եհովայի արդար օրենքը պահանջում է լուրջ քայլեր ձեռնարկել. «Հեռացրե՛ք չար մարդուն ձեր միջից»։ Սա նշանակում է, որ նման անհատը պետք է զրկվի ժողովի ընկերակցությունից (1 Կորնթացիներ 5։11-13; 2 Հովհաննես 9-11)։ Թեպետ երեցների համար հեշտ չէ նման որոշում կայացնել, բայց նրանք գիտակցում են, որ դա անհրաժեշտ է ժողովի բարոյական ու հոգևոր մաքրությունը պահպանելու համար։ Նույնիսկ այդ դեպքում նրանք հույս ունեն, որ մի օր մեղք գործած անհատը կսթափվի ու կվերադառնա ժողով (Ղուկաս 15։17, 18)։
18. Ի՞նչ են հիշում երեցները, երբ Աստվածաշնչի հիման վրա խորհուրդ են տալիս ուրիշներին։
18 Արդարությունը պաշտպանել նշանակում է նաև անհրաժեշտության դեպքում Աստվածաշնչի հիման վրա խորհուրդ տալ։ Ինչ խոսք, երեցները ուրիշների մեջ սխալներ չեն փնտրում և ոչ էլ ամեն անգամ փորձում են ուղղել հավատակիցների մտածելակերպը։ Սակայն հնարավոր է, որ հավատակիցը «սխալ քայլ անի նախքան դա գիտակցելը»։ Հիշելով, որ Աստծու արդարությունը ո՛չ դաժան է և ո՛չ էլ անգութ՝ երեցները «կփորձեն այդպիսի մարդուն ուղղել մեղմության ոգով» (Գաղատացիներ 6։1)։ Հետևաբար նրանք չեն քննադատի սխալ գործած անհատին և խստությամբ չեն խոսի նրա հետ։ Փոխարենը՝ սիրով տրված խորհրդով կքաջալերեն նրան, ում խորհուրդ են տալիս։ Նույնիսկ եթե երեցները տեղին հանդիմանություն են տալիս՝ բացեիբաց ցույց տալով, թե ինչ հետևանքներ կբերի անխոհեմ ուղին, նրանք հիշում են, որ սխալ գործած հավատակիցը Եհովայի հոտի գառներից է (Ղուկաս 15։7)։b Երբ հանդիմանությունը կամ խորհուրդը իսկապես սիրուց մղված է տրվում, ավելի հավանական է, որ այն կօգնի սխալվողին ուղղվելու։
19. Ի՞նչ որոշումներ կայացնելու առաջ են կանգնում երեցները և ինչի՞ հիման վրա պետք է դրանք ընդունեն։
19 Հաճախ հարկ է լինում, որ երեցները կայացնեն այնպիսի որոշումներ, որոնք անդրադառնում են հավատակիցների վրա։ Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ նրանք հանդիպում են, որպեսզի քննարկեն, թե իրենց ժողովում չկան արդյոք եղբայրներ, որոնք համապատասխանում են երեց կամ ծառայող օգնական ծառայելու պահանջներին։ Երեցները գիտակցում են, որ անհրաժեշտ է անկողմնակալ լինել։ Որոշումներ կայացնելիս նրանք առաջնորդվում են այդպիսի նշանակումներ կատարելու վերաբերյալ Աստծու պահանջներով և ոչ թե իրենց զգացմունքներով։ Այդպես վարվելով՝ նրանք գործում են «առանց կանխորոշման՝ ոչինչ չանելով կողմնապահությամբ» (1 Տիմոթեոս 5։21)։
20, 21. ա) Երեցները ջանքեր են գործադրում ինչպիսի՞ն լինելու և ինչո՞ւ։ բ) Ի՞նչ կարող են անել երեցները՝ «վհատված հոգիներին» օգնելու համար։
20 Երեցները Աստծու արդարությունը գործադրում են ուրիշ առումներով ևս։ Մարգարեանալով, որ նրանք կծառայեն «հանուն արդարության»՝ Եսայիան գրեց. «Նրանցից յուրաքանչյուրը քամու դեմ եղող պատսպարանի պես կլինի և փոթորկի դեմ եղող թաքստոցի պես, անջուր երկրում վտակների պես կլինի և չորացած երկրում՝ մեծ ապառաժի ստվերի պես» (Եսայիա 32։1, 2)։ Սա նշանակում է, որ երեցները պետք է ձգտեն մխիթարության և թարմության աղբյուր լինել իրենց հավատակիցների համար։
21 Մեր օրերում վհատություն պատճառող այնքան խնդիրներ կան, որ շատերն են քաջալերանքի կարիք զգում։ Երեցնե՛ր, ի՞նչ կարող եք անել «վհատված հոգիներին» օգնելու համար (1 Թեսաղոնիկեցիներ 5։14)։ Կարեկցանքով լսեք նրանց (Հակոբոս 1։19)։ Հուսալքված անհատը գուցե կարիք ունենա իր սրտի անհանգստությունը պատմելու վստահելի մեկին (Առակներ 12։25)։ Հավաստիացրեք այդ անհատին, որ նա ցանկալի է, թանկագին ու սիրելի թե՛ Եհովայի, թե՛ իր եղբայրների ու քույրերի համար (1 Պետրոս 1։22; 5։6, 7)։ Բացի այդ՝ դուք կարող եք աղոթել նրա հետ և նրա համար։ Երեցի սրտանց աղոթքը վհատվածին, որքան նրա համար (Հակոբոս 5։14, 15)։ Վհատվածներին օգնելու ձեր սիրառատ ջանքերը չեն վրիպի արդարության Աստծու աչքից։
Երեցները արտացոլում են Եհովայի արդարությունը, երբ քաջալերում են վհատվածներին
22. Ո՞ր բնագավառներում կարող ենք ընդօրինակել Եհովայի արդարությունը, և դա ի՞նչ արդյունքներ կբերի։
22 Իրոք, ընդօրինակելով Եհովայի արդարությունը՝ մենք ավելի ենք մոտենում նրան։ Երբ հետևում ենք նրա արդար չափանիշներին, երբ մարդկանց պատմում ենք փրկարար բարի լուրը, երբ մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ուրիշների լավ կողմերի և ոչ թե թերությունների վրա, դրսևորում ենք Աստծու արդարությունը։ Երեցնե՛ր, երբ պահպանում եք ժողովի մաքրությունը, օգտակար աստվածաշնչյան խորհուրդներ եք տալիս, անկողմնակալ որոշումներ եք կայացնում ու քաջալերում եք վհատվածներին, դուք արտացոլում եք Աստծու արդարությունը։ Որքա՜ն է ուրախանում Եհովան, երբ երկնքից նայելով՝ տեսնում է, որ իր ժողովուրդը հնարավորության սահմաններում անում է ամեն բան՝ Աստծու հետ քայլելիս «արդարություն գործադրելու» համար։
a «Մի՛ դատեք» և «մի՛ դատապարտեք» թարգմանված արտահայտությունները կարելի է հասկանալ «մի՛ սկսեք դատել» և «մի՛ սկսեք դատապարտել» ձևով։ Սակայն բնագրում այս համարներում օգտագործված բայի ժխտական ձևը դրված է հրամայական եղանակի ներկա շարունակական ժամանակաձևով։ Փաստորեն, այստեղ նկարագրված գործողությունները ընթացքի մեջ էին և պետք է դադարեցվեին։
b 2 Տիմոթեոս 4։2-ում Աստվածաշունչն ասում է, որ երեցները երբեմն «հանդիմանում են, սաստում, հորդորում»։ «Հորդորել» թարգմանված հունարեն պարակալեո բառը կարող է նշանակել «քաջալերել»։ Դրա ձևերից մեկը՝ հունարեն պարակլետոս բառը, կարող է վերաբերել իրավական հարցերում դատապաշտպանի դեր կատարելուն։ Հետևաբար անգամ հաստատակամորեն հանդիմանելիս երեցները պետք է աջակցեն նրանց, ովքեր հոգևոր օգնության կարիք ունեն։