Աստվածաշնչի գիրք համար 55. 2 Տիմոթեոս
Գրողը՝ Պողոս
Գրվելու վայրը՝ Հռոմ
Գրության ավարտը՝ մ.թ. մոտ 65թ.
1. Հալածանքի ի՞նչ ալիք բարձրացավ Հռոմում մ.թ. մոտ 64թ.-ին և ինչո՞ւ։
ՊՈՂՈՍԸ կրկին բանտարկված էր Հռոմում։ Սակայն այս անգամ հանգամանքները շատ ավելի ծանր էին, քան առաջին անգամ։ Մ.թ. մոտ 65 թվականն էր։ 64թ. հուլիսին Հռոմում մեծ հրդեհ էր բռնկվել, որը վնաս էր հասցրել քաղաքի 14 շրջաններից 10-ին։ Ըստ հռոմեացի պատմաբան Տակիտոսի՝ Ներոն կայսրը չկարողացավ «վերջ տալ իրեն խայտառակող այն կարծիքին, որ մեծ հրդեհը իր հրամանի հետևանքով էր եղել։ Հետևաբար, այդ լուրերից ազատվելու նպատակով նա մեղքը բարդեց հասարակության մի դասակարգի վրա, որն ատված էր զզվելի բաների համար, և որին ամբոխը քրիստոնյա էր կոչում։ Դրանով իսկ նա անասելի տանջանքների ենթարկեց այդ մարդկանց.... Հսկայական թվով մարդիկ մեղավոր ճանաչվեցին։ Մեծ բազմությունը մեղադրվում էր ոչ այնքան քաղաքը հրդեհելու, այլ մարդկանց ատելու մեջ։ Նրանց մահն ուղեկցվում էր ամենատարբեր տեսակի ծաղրանքներով։ [Քրիստոնյաներին] ծածկում էին գազանների կաշիներով և գցում շների առաջ, որոնք պատառոտում էին նրանց, մեխում էին խաչերի վրա և այրում գիշերային լուսավորության համար։ Այդ տեսարանների համար Ներոնը տրամադրեց իր պարտեզները.... Այդուհանդերձ, դաժանությունները մարդկանց մեջ կարեկցանք արթնացավ, քանի որ քրիստոնյաները կործանվում էին ոչ թե հօգուտ հասարակության, ինչպես կարծվում էր, այլ մեկի դաժանությանը հագուրդ տալու համար»a։
2. Ի՞նչ հանգամանքներում Պողոսը գրեց «2 Տիմոթեոս» նամակը, և ինչո՞ւ էր նա երախտագիտությամբ խոսում Օնեսիֆորոսի մասին։
2 Հավանաբար այդ կատաղի հալածանքների ժամանակ էր, որ Պողոսը կրկին բանտարկվեց Հռոմում։ Այս անգամ նրա ձեռքերին շղթաներ հագցրին։ Նա չէր ակնկալում, որ ազատ կարձակվի, այլ սպասում էր վերջնական դատավճռին ու մահապատժին։ Նա քիչ այցելուներ ուներ։ Իրականում, ցանկացած մարդ, ով բացահայտ կասեր, թե քրիստոնյա է, կկանգներ ձերբակալման և տանջալից մահվան վտանգի առաջ։ Ուստի Պողոսը շատ գնահատեց Եփեսոսից իր մոտ եկած այցելուին ու նրա մասին գրեց. «Թող Տերը ողորմություն շնորհի Օնեսիֆորոսի տնեցիներին, որովհետև նա հաճախ էր ինձ քաջալերում և իմ շղթաները ամոթ չհամարեց։ Իսկ երբ նա Հռոմում էր, ջանաց փնտրել ինձ ու գտավ» (2 Տիմոթ. 1։16, 17)։ Մահվան սպառնալիքը աչքի առաջ՝ Պողոսը գրեց, որ ինքը «Աստծու կամքով Քրիստոս Հիսուսի առաքյալն է՝ այն կյանքի խոստման համաձայն, որը տրվում է նրանց, ովքեր միության մեջ են Քրիստոս Հիսուսի հետ» (1։1)։ Պողոսը գիտեր, որ իրեն կյանք էր սպասում Քրիստոսի հետ միության մեջ։ Նա քարոզել էր այն ժամանակվա հայտնի աշխարհի գլխավոր քաղաքներից շատերում՝ Երուսաղեմից մինչև Հռոմ և հավանաբար նույնիսկ Իսպանիայում (Հռոմ. 15։24, 28)։ Նա հավատարմորեն վազեց ընթացքը մինչև վերջ (2 Տիմոթ. 4։6–8)։
3. Ե՞րբ է գրվել «2 Տիմոթեոս» նամակը, և ի՞նչ օգուտներ են քաղել դարերի ընթացքում քրիստոնյաները։
3 Պողոսը նամակը թերևս գրել է մ.թ. մոտ 65-ին՝ նահատակվելուց կարճ ժամանակ առաջ։ Հավանաբար Տիմոթեոսը դեռ Եփեսոսում էր, քանի որ Պողոսը քաջալերել էր նրան մնալ այնտեղ (1 Տիմոթ. 1։3)։ Այժմ Պողոսը երկու անգամ հորդորում էր Տիմոթեոսին շտապել իր մոտ և խնդրում էր իր հետ բերել Մարկոսին, նաև թիկնոցն ու գրքերը, որ թողել էր Տրովադայում (2 Տիմոթ. 4։9, 11, 13, 21)։ Գրված լինելով այդպիսի դժվարին ժամանակներում՝ նամակը մեծապես քաջալերեց Տիմոթեոսին։ Եվ այդ ժամանակից ի վեր՝ այն շարունակում է քաջալերել բոլոր ճշմարիտ քրիստոնյաներին։
4. Ի՞նչն է փաստում, որ «2 Տիմոթեոս» գիրքը վավերական է և կանոնական։
4 «2 Տիմոթեոս» գիրքը վավերական է և կանոնական։ Ապացույցները նույնն են, ինչ որ «1 Տիմոթեոս» նամակի դեպքում։ Այն ընդունվել և վկայակոչվել է վաղ գրողների և Աստվածաշնչի մեկնաբանների, այդ թվում նաև մ.թ. երկրորդ դարում ապրած Պոլիկարպոսի կողմից։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
5. Ինչպիսի՞ հավատ կա Տիմոթեոսի մեջ, բայց նա ի՞նչը պետք է ամուր բռնի։
5 «Ամուր բռնել առողջ խոսքերի օրինակը» (1։1– 3։17)։ Պողոսը ասում է Տիմոթեոսին, որ երբեք չի մոռանում նրա մասին իր աղոթքներում և փափագում է տեսնել նրան։ Նա հիշում է «կեղծավորությունից զերծ նրա հավատը», որը սկզբից ունեին նրա տատը՝ Լոիդան, և մայրը՝ Եվնիկեն։ Տիմոթեոսը պետք է կրակի նման վառ պահի այն պարգևը, որ իր մեջ է, քանի որ «Աստված մեզ ոչ թե վախկոտության ոգի տվեց, այլ զորության, սիրո և ողջամտության»։ Ուստի նա չպետք է ամոթ համարի վկայություն տալը և բարի լուրի համար չարչարվելը, քանի որ Աստծու անզուգական բարությունը հստակ երևում է Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Տիմոթեոսը պետք է «ամուր բռնի առողջ խոսքերի օրինակը», որ լսել է Պողոսից, և պահպանի այն որպես իրեն վստահված բարի գանձ (1։5, 7, 13)։
6. Սովորեցնելու վերաբերյալ ի՞նչ խորհուրդ է տալիս Պողոսը, և ինչպե՞ս կարող է Տիմոթեոսը համարվել հավանության արժանացած աշխատող և պատվավոր անոթ։
6 Տիմոթեոսը այն ամենը, ինչ լսում է Պողոսից, պետք է փոխանցի «հավատարիմ մարդկանց, որոնք որակյալ կլինեն ուրիշներին սովորեցնելու համար»։ Տիմոթեոսը պետք է փաստի, որ Քրիստոս Հիսուսի լավ զինվոր է։ Ոչ մի զինվոր չի զբաղվում կողմնակի գործերով։ Ավելին, նա, ով չի մրցում կանոնների համաձայն, պսակ չի ստանում։ Խորաթափանցություն ձեռք բերելու համար Տիմոթեոսը պետք է միշտ մտածի Պողոսի ասածների մասին։ Ամենակարևոր բաներից մեկը, որ հարկավոր է հիշել ու հիշեցնել ուրիշներին, այն է, որ «Հիսուս Քրիստոսը հարություն առավ, և որ նա Դավթի սերնդից է», նաև որ Քրիստոս Հիսուսի միջոցով փրկությունը հավիտենական փառքի հետ մեկտեղ ու որպես թագավորներ նրա հետ թագավորելը վարձատրություն են ընտրյալների համար, ովքեր տոկում են։ Տիմոթեոսը պետք է իր լավագույնն անի, որպեսզի իր անձը ներկայացնի որպես Աստծու առաջ հավանության արժանացած մեկը՝ խուսափելով դատարկ զրույցներից, որոնք պղծում են սուրբ բաները և փտախտի նման արագ տարածվում են։ Ինչպես որ մեծ տան մեջ պատվավոր օգտագործման անոթներն են առանձնացնում ոչ պատվավոր օգտագործման անոթներից, այնպես էլ Պողոսը հորդորում է Տիմոթեոսին «փախչել երիտասարդական ցանկություններից, փոխարենը՝ հետամուտ լինել արդարության, հավատի, սիրո և խաղաղության նրանց հետ, ովքեր մաքուր սրտով են կանչում Տիրոջը»։ Տիրոջ ծառան պետք է բոլորի հանդեպ հեզահոգի լինի, սովորեցնելու համար՝ որակյալ՝ անելով դա մեղմությամբ (2։2, 8, 22)։
7. Ինչո՞ւ էր ներշնչված Գիրքը օգտակար լինելու հատկապես «վերջին օրերում»։
7 «Վերջին օրերում» չափազանց դժվար ժամանակներ են լինելու, և պարզվելու է, որ մարդիկ միայն Աստծու հանդեպ նվիրվածության կերպարանք ունեն, քանի որ «միշտ սովորում են, բայց երբեք չեն կարողանում լիովին հասկանալ ճշմարտությունը»։ Սակայն Տիմոթեոսը սերտորեն հետևել է Պողոսի տված ուսուցմանը, ապրելակերպին, նրա հալածանքներին, որոնցից Տերն ազատեց նրան։ «Իրականում,— ավելացնում է առաքյալը,— բոլոր նրանք, ովքեր ցանկանում են որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ ապրել Աստծու հանդեպ նվիրվածությամբ, նույնպես պիտի հալածվեն»։ Տիմոթեոսը, սակայն, պետք է շարունակի հարատևել այն բաներում, որ սովորել է վաղ մանկությունից, որոնք կարող են իմաստուն դարձնել նրան փրկության համար, քանի որ «ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է» (3։1, 7, 12, 16)։
8. Ի՞նչ է Պողոսը հորդորում Տիմոթեոսին անել, և ինչո՞ւ է առաքյալը ցնծում։
8 Ամբողջովին կատարել ծառայությունը (4։1–22)։ Պողոսը հանձնարարում է Տիմոթեոսին «խոսքը քարոզել» հրատապության զգացումով (4։2)։ Ժամանակ է գալու, երբ մարդիկ չեն հանդուրժելու առողջ ուսմունքը և հետևելու են կեղծ ուսուցիչների, բայց Տիմոթեոսը պետք է պահպանի իր զգոնությունը, «ավետարանչի գործն անի և ամբողջովին կատարի իր ծառայությունը»։ Գիտակցելով, որ իր մահը մոտ է՝ Պողոսը ցնծում է, որ մղել է բարի պատերազմը, որ ավարտել է իր մրցավազքը և պահել է իր հավատը։ Այժմ նա վստահությամբ առաջ է նայում դեպի իր վարձատրությունը՝ «արդարության պսակը» (4։5, 8)։
9. Ինչպիսի՞ վստահություն է Պողոսը արտահայտում Տիրոջ զորության հանդեպ։
9 Պողոսը քաջալերում է Տիմոթեոսին շուտով իր մոտ գալ և ճանապարհորդության հետ կապված որոշ բաներ է ասում նրան։ Ատյանում Պողոսի առաջին պաշտպանության ժամանակ բոլորը թողեցին նրան, բայց Տերը զորություն տվեց նրան, որպեսզի իր միջոցով բարի լուրի քարոզչությունն ամբողջությամբ կատարվի ազգերի մեջ։ Այո՛, նա վստահ է, որ Տերը կազատի իրեն ամեն չարիքից և կփրկի իր երկնային Թագավորության համար։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
10. ա) «2 Տիմոթեոս» նամակում «ամբողջ Գրքի» ո՞ր օգուտի մասին է խոսվում, և քրիստոնյաները ի՞նչ պետք է ձգտեն դառնալ։ բ) Ինչպիսի՞ ազդեցությունից է հարկավոր խուսափել և ինչպե՞ս է դա հնարավոր անել։ գ) Ինչի՞ մեծ կարիք կա։
10 «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»։ Ինչի՞ համար է օգտակար։ «2 Տիմոթեոս» նամակում Պողոսը բացատրում է. «Սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար» (3։16, 17)։ Այսպիսով՝ նամակում շեշտվում է «սովորեցնելու» օգուտը։ Այսօր բոլոր արդարություն սիրողները ցանկանում են լսել նամակի իմաստուն խորհուրդները՝ Խոսքի ուսուցիչներ դառնալու համար։ Նրանք ձգտում են իրենց լավագույնն անել Աստծու հավանությանն արժանացած աշխատող լինելու համար՝ «ճշմարտության խոսքը ուղիղ մատուցելով»։ Ինչպես որ Տիմոթեոսի օրերում Եփեսոսում էր, այնպես էլ ներկայումս կան մարդիկ, ովքեր զբաղվում են «հիմար և անիմաստ բանավեճերով», «միշտ սովորում են, բայց երբեք չեն կարողանում լիովին հասկանալ ճշմարտությունը», մերժում են «առողջ ուսմունքը»՝ գերադասելով այն ուսուցիչներին, ովքեր իրենց ականջներին հաճելի բաներ են ասում (2։15, 23; 3։7; 4։3, 4)։ Աշխարհի ապականիչ ազդեցությունից խուսափելու համար անհրաժեշտ է հավատով ու սիրով «ամուր բռնել առողջ խոսքերի օրինակը»։ Դեռ ավելին, մեծ կարիք կա, որ ավելի ու ավելի շատ անհատներ դառնան «սովորեցնելու համար որակյալ» թե՛ ժողովի ներսում և թե՛ ժողովից դուրս։ Այդպես էր վարվում Տիմոթեոսը՝ «Աստծու մարդը»։ Երջանիկ են բոլոր նրանք, ովքեր ստանձնում են այս պատասխանատվությունը՝ դառնալով «մեղմությամբ սովորեցնելու» համար որակյալ, և ովքեր քարոզում են խոսքը «ամենայն համբերատարությամբ և սովորեցնելու արվեստով» (1։13; 2։2, 24, 25; 4։2)։
11. Երիտասարդներին ի՞նչ խորհուրդ է տրվում։
11 Ինչպես նշեց Պողոսը, Տիմոթեոսը «վաղ մանկությունից» գիտեր սուրբ գրքերը, քանի որ Լոիդան ու Եվնիկեն սիրով կրթել էին նրան։ «Վաղ մանկությունից» բառը մատնանշում է նաև այն ժամանակը, թե երբ է հարկավոր սկսել երեխաներին հոգևորապես կրթել։ Բայց ի՞նչ կարելի է անել, եթե նախանձախնդրությունը տարիներ անց սկսում է մարել։ Պողոսը խորհուրդ է տալիս կրկին բորբոքել այդ կրակը՝ «զորության, սիրո և ողջամտության» ոգով ու կեղծավորությունից զերծ հավատ պահպանելով։ Նա ասում է. «Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու»՝ լի հանցագործություններով, ինչպես նաև կեղծ ուսմունքներով։ Ահա թե ինչու է այդքան անհրաժեշտ, որ բոլորը և հատկապես երիտասարդները «ամեն ինչում պահպանեն զգոնությունը և ամբողջովին կատարեն իրենց ծառայությունը» (3։15; 1։5–7; 3։1–5; 4։5)։
12. ա) Ինչպե՞ս է Պողոսը ուշադրություն հրավիրում Թագավորության Սերնդի վրա, և ի՞նչ հույս ունի նա։ բ) Ինչպե՞ս կարող է այսօր Աստծու ծառան նույն մտավիճակն ունենալ, ինչպիսին որ Պողոսն ուներ։
12 Արժե՛ պայքարել մրցանակի համար (2։3–7)։ Այս առնչությամբ Պողոսը մեր ուշադրությունը հրավիրում է Թագավորության Սերնդի վրա՝ ասելով. «Հիշիր, որ Հիսուս Քրիստոսը հարություն առավ, և որ նա Դավթի սերնդից էր բարի լուրի համաձայն»։ Պողոսը հույս ուներ միության մեջ մնալ այդ Սերնդի հետ։ Նամակի վերջում նա հաղթական խոսքեր է ասում իր մոտալուտ մահվան մասին. «Այսուհետև ինձ համար պահված է արդարության պսակը, որը Տերը՝ արդար դատավորը, որպես վարձատրություն կտա ինձ դատաստանի օրը. սակայն ոչ միայն ինձ, այլև բոլոր նրանց, ովքեր փափագում են, որ նա հայտնվի» (2։8; 4։8)։ Որքա՜ն երջանիկ են բոլոր նրանք, ովքեր կարող են հետ նայել իրենց երկար տարիների հավատարիմ ծառայությանը և ասել նույն խոսքերը։ Դրա համար մենք պետք է անարատությամբ ծառայենք հիմա՝ սպասելով Հիսուս Քրիստոսի հայտնվելուն և դրսևորելով այնպիսի վստահություն, ինչպիսին Պողոսն ուներ, երբ գրեց. «Տերը կազատի ինձ ամեն չարիքից և կփրկի ինձ իր երկնային թագավորության համար։ Նրան լինի փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն» (4։18)։
[ծանոթագրություն]
a «The Complete Works of Tacitus», 1942, Մոզես Հադասի խմբագրությամբ, էջ 380, 381։