Աստվածաշնչում կանխագուշակվե՞լ է ժամանակակից մարդկանց մտածելակերպի ու վարվելակերպի մասին
Աստվածաշնչի պատասխանը
Այո՛, Աստվածաշնչում նշված է, որ մեր ժամանակներում մարդիկ ընդհանուր առմամբ ավելի վատն էին դառնալու։ Բացի այդ՝ այնտեղ կանխագուշակվել է, որ դրա հետևանքով բարոյական ու հասարակական արժեքները համատարած անկում էին ապրելու (2 Տիմոթեոս 3։1–5)։a Սակայն Աստվածաշնչում նաև գրված է, որ լինելու էին մարդիկ, որոնք չէին որդեգրելու այդ բացասական արժեքներն ու վարվելակերպը։ Դրա փոխարեն նրանք Աստծու օգնությամբ մերժելու էին մարդկանց վատ ազդեցությունը և իրենց մտքերն ու գործերը համապատասխանեցնելու էին Աստծու կամքին (Եսայիա 2։2, 3)։
Այս հոդվածում կքննենք հետևյալը՝
Ըստ Աստվածաշնչի՝ ինչպիսի՞ն էին լինելու մարդկանց մտքերն ու գործերը մեր օրերում
Աստվածաշունչն ասում է, որ եսասիրությունից բխող հատկություններն ու գործերը դառնալու էին սովորական երևույթ։ Մարդիկ լինելու էին «անձնասեր», «ինքնատիրապետում չունեցող», «հաճոյասեր, բայց ոչ աստվածասեր» (2 Տիմոթեոս 3։2–4)։
Ճիշտ ինչպես մարգարեացվել էր, մարդիկ այսօր հիմնականում կենտրոնացած են իրենց անձի, իրենց ցանկությունների, շահերի ու հաճույքների վրա։ Այս մտածելակերպը այնքան է տարածված, որ տարիքային որոշակի խմբի պատկանող երիտասարդների կոչում են «Ես» սերունդ կամ անգամ՝ «Ես, ես, ես» սերունդ։ Մեր օրերում մարդիկ այնքան են տարված իրենցով, որ նրանց կարելի է համարել «առաքինություն չսիրող», այսինքն՝ անընդունակ՝ արժևորելու լավ հատկությունները։ Լինելով նաև «անշնորհակալ»՝ նրանք կարիք չեն համարում երախտագետ լինել ո՛չ իրենց ունեցածի, ո՛չ էլ ուրիշների արածների համար (2 Տիմոթեոս 3։2, 3)։
Մեր ժամանակներում ապրող մարդկանց բնորոշ հատկանիշների հիմքում նույնպես եսասիրությունն է ընկած։
Ագահ։ Շատ մարդիկ «փողասեր» են. նրանք իրենց հաջողությունը չափում են եկամտի կամ ունեցվածքի մեծությամբ (2 Տիմոթեոս 3։2)։
Հպարտ։ Շատերն էլ «մեծամիտ, գոռոզ» և «հպարտ» են (2 Տիմոթեոս 3։2, 4)։ Այսպիսի մարդիկ սիրում են պարծենալ և ուռճացնել իրենց ունակությունները, հատկությունները և ունեցվածքի չափը։
Զրպարտող։ «Հայհոյող» և «զրպարտող» մարդիկ ամենուր են (2 Տիմոթեոս 3։2, 3)։ Այս մարդիկ վիրավորում են ուրիշներին, Աստծուն և ստեր են տարածում նրանց մասին։
Համառ։ Այսօր շատերն են «անհավատարիմ», «համաձայնության չեկող», «մատնիչ» և «համառ» (2 Տիմոթեոս 3։2–4)։ Նրանք հրաժարվում են զիջումների գնալ, ընդհանուր եզրեր գտնել կամ պահել խոստումները։
Բռնասեր։ Շատերն այսօր «դաժան» են և միանգամից բորբոքվում են, ինչը շատ հաճախ հանգեցնում է բռնության և վայրագության (2 Տիմոթեոս 3։3)։
Անօրենություն։ Հիսուսն ասաց, որ մեր ժամանակներում «անօրենությունը կշատանա» (Մատթեոս 24։12)։ Նա նաև կանխագուշակեց, որ «խռովություններ» կլինեն (Ղուկաս 21։9)։
Սիրո պակաս ընտանիքում։ «Ծնողներին անհնազանդ» և «բնական կապվածություն չունեցող» մարդկանց պատճառով այսօր, առավել, քան երբևէ, ընտանիքներում շատացել են բռնությունը, անտարբերությունը և անհարգալից վերաբերմունքը (2 Տիմոթեոս 3։2, 3)։
Հավատի մեջ կեղծավոր։ Ահռելի թվով մարդիկ ընդամենն «Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք» ունեն (2 Տիմոթեոս 3։5)։ Աստծու կամքին հպատակվելու փոխարեն նրանք հետևում են կրոնական առաջնորդների, որոնք իրենց ականջներին հաճելի բաներ են ասում (2 Տիմոթեոս 4։3, 4)։
Եսասեր մարդիկ ինչպե՞ս էին ազդելու մյուսների վրա
Ծայրահեղ եսասեր մարդկանց վարքը հուզական և հոգեկան խնդիրների պատճառ է դարձել ուրիշների համար (Ժողովող 7։7)։ Օրինակ՝ փողասեր մարդիկ շահագործում են ուրիշներին։ Բնական կապվածություն չունեցող մարդիկ կարող են վատ վերաբերվել իրենց ընտանիքի անդամներին և նրանց հասցնել դեպրեսիայի կամ ինքնասպանության։ Յուրաքանչյուր «մատնիչ» կամ դավաճան իր արարքներով կարող է տակնուվրա անել դիմացինի ներաշխարհը և անբուժելի վերքեր հասցնել։
Ինչո՞ւ էին մարդիկ գնալով ավելի վատը դառնալու
Աստվածաշնչում մի շարք պատճառներ են նշվում.
Աստծու և մերձավորի հանդեպ սերը գնալով պակասում է (Մատթեոս 24։12)։ Դրան զուգընթաց՝ ավելանում է մարդկանց եսասիրությունը։
Սատանան երկնքից ցած է նետվել երկրի վրա (Հայտնություն 12։9, 12)։ Այդ ժամանակվանից նրա ազդեցությունը մարդկանց վրա շատացել է, որի հետևանքով մարդիկ դարձել են ավելի չար և եսասեր (1 Հովհաննես 5։19)։
Ինչպե՞ս պետք է վերաբերվենք «վերջին օրերի» մարդկանց
Աստծու Խոսքում ասվում է. «Այդպիսիներից հեռո՛ւ մնա» (2 Տիմոթեոս 3։5)։ Դա ոչ թե նշանակում է, որ պետք է մեկուսանանք հասարակությունից, այլ պարզապես չընկերանանք եսասեր ու անաստված մարդկանց հետ (Հակոբոս 4։4)։
Բոլո՞րն էին ավելի վատը դառնալու
Ո՛չ։ Աստվածաշնչում կանխագուշակվել է, որ ոմանք «հառաչելու էին ու հեծեծալու այն բոլոր գարշելի բաների համար, որ կատարվելու էին» (Եզեկիել 9։4)։ Նրանք մերժելու էին եսասիրությունը և առաջնորդվելու էին Աստծու չափանիշներով։ Այս մարդկանց խոսքերն ու գործերը բացահայտորեն տարբերվելու էին աշխարհի մարդկանցից (Մաղաքիա 3։16, 18)։ Օրինակ՝ նրանք ձգտելու էին խաղաղություն պահպանել բոլորի հետ և չներքաշվել պատերազմների ու կռիվների մեջ (Միքիա 4։3)։
Արդյո՞ք մարդկային հասարակությունը վերջիվերջո քաոսի մեջ կհայտնվի
Ո՛չ։ Ոչ թե մարդկային հասարակությունը վերջնականապես քայքայվելու է, այլ Աստված շուտով կործանելու է այն մարդկանց, որոնք շարունակաբար արհամարհում են իր չափանիշները (Սաղմոս 37։38)։ Նա հաստատելու է «նոր երկիր»՝ մարդկային նոր հասարակություն երկրի վրա, որտեղ հեզ մարդիկ հավիտյան կապրեն խաղաղ պայմաններում (2 Պետրոս 3։13; Սաղմոս 37։11, 29)։ Սա լոկ երազանք չէ։ Մարդիկ նույնիսկ հիմա են փոխվում Աստվածաշնչի միջոցով և ձգտում Աստծու չափանիշներով ապրել (Եփեսացիներ 4։23, 24)։
a Աստվածաշնչյան մարգարեություններն ու աշխարհում տիրող պայմանները հաստատում են, որ ապրում ենք «վերջին օրերում»՝ «չափազանց դժվար» կամ «չար ժամանակներում» (2 Տիմոթեոս 3։1; «Արարատ» թարգմանություն)։ Հավելյալ տեղեկությունների համար կարդա «Ո՞րն է «վերջին օրերի», կամ՝ «վերջի ժամանակի» նշանը» հոդվածը։