Բոլոր մարդկանց հանդեպ մեղմություն դրսևորենք
«Նորանց միտքը բեր, որ.... հեզ [«ողջամիտ», ՆԱ] լինեն, ամեն մարդկանց ամեն քաղցրութիւն [«մեղմություն», ՆԱ] ցոյց տան» (Տիտոս 3։1, 2)։
1. Ինչո՞ւ միշտ չէ, որ հեշտ է մեղմություն դրսևորել։
«ԻՆՁ նմանող եղէք, ինչպէս ես էլ Քրիստոսի»,— գրեց Պողոս առաքյալը (Ա Կորնթացիս 11։1)։ Աստծո բոլոր ծառաներն այսօր ձգտում են հետևել այս հորդորին։ Սակայն պետք է ընդունել, որ դա հեշտ չէ, քանի որ մեր առաջին ծնողներից ժառանգել ենք եսասիրական ցանկություններ ու բնավորության այնպիսի գծեր, որոնք հակասում են Քրիստոսի թողած օրինակին (Հռովմայեցիս 3։23; 7։21–25)։ Մեղմություն դրսևորելու հարցում բոլորս էլ կարող ենք հաջողությունների հասնել, եթե ջանքեր գործադրենք։ Սակայն միայն կամքի ուժի վրա հույս դնելը բավական չէ։ Ավելին է հարկավոր։ Իսկ ի՞նչ։
2. Ինչպե՞ս կարող ենք բոլոր մարդկանց հանդեպ մեղմություն ցույց տալ։
2 Մեղմությունը՝ հատկություն, որ Աստված է ցուցաբերում, սուրբ ոգու պտղի մասերից մեկն է։ Ինչքան շատ հետևենք Աստծո գործուն ուժի առաջնորդությանը, այնքան ավելի շատ նրա պտուղը մեր մեջ ակնհայտ կլինի։ Միայն և միայն այդ դեպքում մենք կկարողանանք յուրաքանչյուր մարդու հանդեպ մեղմություն ցույց տալ (Տիտոս 3։2)։ Եկեք քննենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել Հիսուսին և օգնել նրանց, ովքեր հաղորդակցվում են մեզ հետ, թարմություն գտնելու (Մատթէոս 11։29; Գաղատացիս 5։22, 23)։
Ընտանիքում
3. Ընտանիքում տիրող ո՞ր պայմաններն են արտացոլում աշխարհի ոգին։
3 Մասնավորապես շատ կարևոր է մեղմություն ցուցաբերել ընտանիքում։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ընտանիքում կատարվող բռնության պատճառով կանանց առողջությունն ավելի մեծ վտանգի է ենթարկվում, քան ճանապարհատրանսպորտային պատահարների ու մալարիայի պատճառով՝ միասին վերցրած։ Օրինակ՝ Լոնդոնում (Անգլիա) բռնությամբ ուղեկցվող բոլոր հանցագործությունների քառորդ մասը, որոնց մասին տեղեկացվել է, կատարվել են տանը։ Ոստիկանությունը հաճախ է բախվում դեպքերի, երբ մարդիկ իրենց զգացումներն արտահայտում են ‘աղաղակով և հայհոյությունով’։ Իսկ որ ավելի վատ է, որոշ ամուսնական զույգեր թույլ են տալիս, որ ‘դառնությունն’ ազդի իրենց հարաբերությունների վրա։ Այս ամենը աշխարհում տիրապետող ոգու ցավալի արտացոլումն է, և քրիստոնեական ընտանիքներում այն չպետք է տեղ ունենա (Եփեսացիս 4։31; Ա Կորնթացիս 2։12)։
4. Ի՞նչ ազդեցություն կարող է մեղմությունը թողնել ընտանիքի վրա։
4 Նման աշխարհային հակումներին դիմադրելու համար մենք Աստծո սուրբ ոգու կարիքն ունենք։ Աստվածաշունչն ասում է. «Որտեղ որ Տիրոջ Հոգին է՝ այնտեղ է ազատութիւն» (Բ Կորնթացիս 3։17)։ Սերը, քաղցրությունը, ինքնատիրապետումը և երկայնամտությունը ամրացնում են անկատար ամուսինների միությունը (Եփեսացիս 5։33)։ Մեղմ լինելը նպաստում է, որ ընտանիքում մթնոլորտն ավելի ուրախ լինի և ավելի քիչ լինեն վիճաբանությունները, որոնք խաթարում են ընտանիքի խաղաղությունը։ Իհարկե, ինչ որ անհատն ասում է, կարևոր է, բայց մտքերն արտահայտելու ձևն է, որ ցույց է տալիս, թե ինչ զգացումներով է դա ասվում։ Մտահոգությունների ու անհանգստությունների մասին մեղմությամբ խոսելը թուլացնում է լարվածությունը։ Իմաստուն Սողոմոն թագավորը գրեց. «Մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը, բայց վիրաւորիչ խօսքը բարկութիւն կ’գրգռէ» (Առակաց 15։1)։
5. Ինչպե՞ս կարող է մեղմությունը դրական ազդեցություն թողնել կրոնապես բաժանված ընտանիքում։
5 Մեղմություն դրսևորելը առանձնապես կարևոր է կրոնապես բաժանված ընտանիքում։ Այս հատկության շնորհիվ, ինչպես նաև բարի գործեր անելով, կարող ենք օգնել անբարյացակամորեն տրամադրված մարդկանց գալու դեպի Եհովան։ Պետրոսը քրիստոնյա կանանց խորհուրդ տվեց. «Հնազանդ եղէք ձեր մարդկանցը, որ եթէ նորանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խօսքին, կանանց վարքովը առանց խօսքի շահուին, տեսնելով ձեր երկիւղածութեամբ պարկեշտ վարքը։ Որ ձեր զարդարանքը չ’լինի դրսեւանց մազերի հիսելը, եւ ոսկեղէնների շարելը կամ շքեղ հանդերձներ հագնելը. Այլ սրտի ծածուկ մարդը հեզ եւ հանդարտ հոգու անեղծութեամբը. որ դա Աստուծոյ առաջին շատ թանգագին է» (Ա Պետրոս 3։1–4)։
6. Մեղմությունն ինչպե՞ս կարող է ամրացնել ծնողի ու երեխայի կապը։
6 Ծնողների ու երեխաների միջև հարաբերությունները կարող են լարված լինել հատկապես այն դեպքում, երբ ընտանիքում բացակայում է սերը Եհովայի հանդեպ։ Սակայն քրիստոնեական ընտանիքի բոլոր անդամները պետք է մեկը մյուսի հանդեպ մեղմ լինեն։ Պողոսը հայրերին խորհուրդ տվեց. «Մի բարկացնէք ձեր որդկանցը. այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը» (Եփեսացիս 6։4)։ Երբ ընտանիքում մեղմությունն է տիրում, ծնողի ու երեխայի կապն ավելի ամուր է լինում։ Դինը, որն իրենց ընտանիքի հինգ երեխաներից մեկն է, իր հոր մասին պատմում է. «Հայրս մեղմ անձնավորություն էր։ Ես չեմ հիշում, որ մենք երբևէ իրար հետ վիճած լինենք, նույնիսկ երբ պատանի էի։ Նա միշտ շատ մեղմ էր վերաբերվում մեր հանդեպ, անգամ երբ տրամադրություն չէր ունենում։ Երբեմն ինձ պատժելու նպատակով ուղարկում էր իմ սենյակ կամ զրկում էր սիրած զբաղմունքներից, բայց մենք երբեք չէինք վիճում իրար հետ։ Նա մեզ համար միայն հայր չէր։ Նա նաև մեր ընկերն էր, և մենք չէինք ուզում նրան վշտացնել»։ Մեղմ վերաբերմունքն իսկապես օգնում է, որ ծնողների ու երեխաների միջև կապերն է՛լ ավելի ամրանան։
Ծառայության ժամանակ
7, 8. Քարոզչական ծառայության ժամանակ ինչո՞ւ է կարևոր մեղմություն դրսևորելը։
7 Մեկ այլ բնագավառ, որտեղ մեղմություն ցուցաբերելը կարևոր է, քարոզչական ծառայությունն է։ Թագավորության բարի լուրը հաղորդելիս մենք տարբեր մարդկանց ենք հանդիպում։ Ոմանք ուրախությամբ են լսում հույսի պատգամը, որ մենք բերում ենք։ Ուրիշները, տարբեր պատճառներով, գուցե անբարյացակամորեն արձագանքեն։ Եվ հենց այս դեպքում է, որ մեղմություն դրսևորելը մեծապես կարող է օգնել մեզ իրականացնելու մեր ծառայությունը՝ լինելու վկաներ «մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1։8; Բ Տիմոթէոս 4։5)։
8 Պետրոս առաքյալը գրեց. «Տէր Աստուծուն [«Քրիստոսին», ԷԹ] ձեր սրտի մէջ սուրբ պահեցէք. եւ միշտ պատրաստ եղէք հեզութեամբ [«մեղմությամբ», ՆԱ] եւ երկիւղածութեամբ [«խոր հարգանքով», ՆԱ] պատասխան տալու ամենին, որ ձեր մէջ եղած յոյսի համար պատճառ հարցնէ» (Ա Պետրոս 3։15)։ Քանի որ մենք Քրիստոսին՝ որպես օրինակի, մեր սրտում ենք պահում, ուստի ջանում ենք մեզ հետ կոպտորեն խոսող մարդկանց վկայություն տալիս մեղմություն և հարգանք դրսևորել։ Նման պահվածքը հաճախ նշանակալի արդյունքներ է բերում։
9, 10. Պատմեցեք մի դեպք, որը ցույց է տալիս, թե որքան կարևոր է քարոզչական ծառայության ժամանակ մեղմ վերաբերմունք ունենալ։
9 Քիտ անունով մի մարդու տան դուռը ծեծեցին։ Դուռը բացեց նրա կինը։ Իմանալով, որ այցելուն Եհովայի վկա է՝ նա սկսեց բարկացած մեղադրել Վկաներին երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ։ Եղբայրը հանգստություն պահպանեց, ապա հանդարտորեն ասաց. «Ցավում եմ, որ այդպես եք մտածում։ Թույլ կտա՞ք բացատրել, թե ինչ են դավանում Եհովայի վկաները»։ Քիտը, որ այդ ընթացքում տան խորքից լսում էր խոսակցությունը, մոտեցավ դռանը, որպեսզի վերջ դնի զրույցին։
10 Բայց հետո այս ամուսինները զգացին, որ կոպիտ ձևով էին վերաբերվել իրենց այցելուին։ Նրանք տպավորվել էին նրա մեղմ պահվածքից։ Ի զարմանս իրենց՝ մեկ շաբաթ հետո եղբայրը վերադարձավ, իսկ Քիտն ու իր կինը թույլ տվեցին նրան Աստվածաշնչի միջոցով հիմնավորել իր համոզմունքները։ «Հաջորդ երկու տարիներին մենք շատ բաներ իմացանք այլ Վկաներից»,— հետագայում պատմում էին նրանք։ Քիտն ու իր կինը համաձայնվեցին Աստվածաշունչ ուսումնասիրել, և ի վերջո երկուսն էլ մկրտվեցին՝ դրանով խորհրդանշելով իրենց նվիրումը Եհովային։ Ինչպիսի՜ պարգևատրում էր դա այն Վկայի համար, որն առաջին անգամ այցելել էր նրանց։ Տարիներ անց այդ եղբայրը հանդիպեց Քիտին ու նրա կնոջը, սակայն այս անգամ՝ որպես իր հոգևոր եղբոր ու քրոջ։ Մեղմությունն իր գործն արեց։
11. Ինչպե՞ս մեղմություն դրսևորելը կարող է նպաստել, որ անհատն ընդունի քրիստոնեական ճշմարտությունը։
11 Հարոլդը զինվորական էր, և այդ մասնագիտությունը նրան դարձրել էր բարկացկոտ անձնավորություն. բացի այդ նա կասկածում էր, որ Աստված գոյություն ունի։ Նա շատ պրոբլեմներ ուներ, որոնց գումարվեց ևս մեկը. Հարոլդը ավտովթարի ենթարկվեց, որի մեղավորը հարբած վարորդն էր, և հաշմանդամ դարձավ։ Երբ Եհովայի վկաները եկան նրա տուն, նա պահանջեց այլևս իրեն չանհանգստացնել։ Մի օր Բիլ անունով մի Վկա որոշեց այցելել հետաքրքրվող անձնավորությանը, որի տան դուռը ընդամենը երկու դուռ այնկողմ էր գտնվում Հարոլդի տան դռնից։ Բիլը սխալմամբ թակեց Հարոլդի դուռը։ Երբ Հարոլդը ձեռնափայտերի օգնությամբ մոտեցավ ու բացեց դուռը, Բիլն անմիջապես ներողություն խնդրեց և բացատրեց, որ ուզում էր հարևանի դուռը ծեծել և ոչ թե Հարոլդի։ Ինչպե՞ս պատասխանեց Հարոլդը։ Բիլը տեղյակ չէր, որ Հարոլդը հեռուստատեսային նորություններով տեղեկացել էր, թե ինչպես են Եհովայի վկաները միասին աշխատում ու շատ կարճ ժամկետում Թագավորության սրահներ կառուցում։ Տպավորված լինելով, թե ինչպես են այդքան շատ մարդիկ համերաշխորեն աշխատում՝ նա փոխել էր իր տեսակետը Վկաների մասին։ Հարոլդը զգացվեց Բիլի սիրալիրությունից և մեղմությունից։ Նա որոշեց այսուհետ ընդունել Եհովայի վկաներին։ Նա ուսումնասիրեց Աստվածաշունչը, հոգևորապես աճեց և, մկրտվելով, դարձավ Եհովայի վկա։
Ժողովում
12. Ո՞ր աշխարհային հակումներին պետք է քրիստոնեական ժողովի անդամները դիմադրեն։
12 Երրորդ բնագավառը, որտեղ խիստ կարևոր է մեղմություն ցուցաբերել, քրիստոնեական ժողովն է։ Այսօրվա հասարակության մեջ, որտեղ մարդիկ կյանքին նայում են մարմնավոր տեսանկյունից, սովորական բան են մտքերի բախումները՝ հակաճառությունները, խոսքակռիվները և վիճաբանությունները։ Երբեմն աշխարհին հատուկ այդպիսի գծեր սողոսկում են քրիստոնեական ժողով և դրսևորվում վեճերի տեսքով։ Պատասխանատու եղբայրները ցավ են զգում, երբ ստիպված են լինում միջամտելու, որպեսզի հարթեն նման իրավիճակները։ Բայց սերը Եհովայի ու եղբայրների հանդեպ մղում է նրանց օգնել սխալվողներին ուղղվելու (Գաղատացիս 5։25, 26)։
13, 14. «Հակառակողներին հանդարտութիւնով խրատել[ու]» արդյունքն ի՞նչ կարող է լինել։
13 Առաջին դարում Պողոսն ու Տիմոթեոսը հանդիպեցին դժվարությունների, որոնք հարուցվել էին ժողովի որոշ անդամների կողմից։ Պողոսն ասաց Տիմոթեոսին, որ զգուշանա այն եղբայրներից, ովքեր հիշեցնում են «անարգութեան համար» նախատեսված անոթներ։ Պողոսն ասաց. «Տիրոջ ծառային պէտք չէ կռիւ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, սովորեցնող, ոխ չ’պահող, հակառակողներին հանդարտութիւնով խրատել»։ Երբ մեղմություն ենք դրսևորում նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ քննադատում են, քննադատողները հաճախ սկսում են այլ տեսանկյունից նայել իրենց խոսքերին։ Արդյունքը կարող է լինել այն, որ Եհովան, ինչպես Պողոսն է գրում, «նորանց ապաշխարութիւն տայ ճշմարտութիւնն իմանալու համար» (Բ Տիմոթէոս 2։20, 21, 24, 25)։ Նկատենք, որ Պողոսը հեզահոգի լինելը և ոխ չպահելը կապում է հանդարտ՝ մեղմ բնավորության հետ։
14 Պողոսն ինչպես որ սովորեցնում էր, այնպես էլ ապրում էր։ Կորնթոսի ժողովի ‘մեծամեծ առաքյալների’ առնչությամբ նա եղբայրներին հորդորեց. «Բայց ես ինքս՝ Պօղոսս աղաչում եմ ձեզ Քրիստոսի հեզութիւնովն ու հանդարտութիւնովը, որ խոնարհ եմ երես առ երես ձեր միջումը լինելիս, իսկ հեռուից համարձակ եմ դէպի ձեզ» (Բ Կորնթացիս 10։1; 11։5)։ Պողոսն իսկապես ընդօրինակում էր Քրիստոսին։ Նկատենք, որ նա իր խնդրանքը եղբայրներին էր ուղղում «Քրիստոսի հեզութիւնով»՝ Քրիստոսի մեղմությամբ։ Դրանով նա հեռու էր մնում տիրական, հրամայողական կեցվածք դրսևորելուց։ Նրա հորդորն անշուշտ արձագանք գտավ ժողովի այն անդամների սրտում, ովքեր պատրաստ էին ընդունելու դա։ Պողոսը նպաստեց, որ ժողովի անդամների փոխհարաբերությունները լավանան, նրանց միջև լինի խաղաղություն և միասնություն։ Մի՞թե յուրաքանչյուրս չպետք է ձգտի հենց այսպես վարվել։ Առանձնապես երեցները կարիք ունեն ընդօրինակելու Քրիստոսին և Պողոսին։
15. Ինչո՞ւ է կարևոր մեղմ լինել խորհուրդ տալիս։
15 Ուրիշներին օգնելու պատասխանատվությունն անշուշտ չի սահմանափակվում միայն այն դեպքերով, երբ ժողովի խաղաղությանն ու միասնությանը վտանգ է սպառնում։ Եղբայրներին սիրով լի առաջնորդություն պետք է ցույց տալ այն ժամանակ, երբ նրանց փոխհարաբերությունները դեռ չեն լարվել։ «Եղբարք, եթէ մէկը յանկարծ բռնուի մի յանցանքով, դուք որ հոգեւոր էք, այնպիսին հաստատեցէք [«ուղղութեան բերէք», Արևմտ. Աստ.]»,— հորդորում էր Պողոս առաքյալը։ Բայց ինչպե՞ս։ Պողոսը շարունակում է. «Հեզութեան հոգով, զգուշացիր քո անձին, որ դու էլ չ’փորձուիս» (Գաղատացիս 6։1)։ Միշտ չէ, որ հեշտ է ‘հեզության հոգի’ պահպանելը, այսինքն՝ մեղմ վարվելը, հատկապես այն պատճառով, որ բոլոր քրիստոնյաներն էլ, ներառյալ պատասխանատու եղբայրները, մեղավոր հակումներ ունեն։ Բայցևայնպես, եթե սխալվողին խորհուրդը տրվի մեղմորեն, ապա նրա համար ավելի հեշտ կլինի ուղղվելը։
16, 17. Ի՞նչը կարող է նպաստել, որ սխալ գործած անհատն ընդունի խորհուրդը։
16 Հունարեն բնագրի այն բառը, որ հայերենում թարգմանված է «հաստատեցէք», «ուղղութեան բերէք» բառերով, նաև կարող է նշանակել՝ կոտրված ոսկորները վերականգնել նախկին ձևով. ցավոտ պրոցես։ Լավ բժիշկը հիվանդի կոտրած ոսկորը տեղը դնելիս հուսադրում է նրան ու խոսում այդ պրոցեսի օգուտների մասին։ Նրա հանդարտ պահվածքը մխիթարում է մարդուն։ Մի քանի սփոփիչ բառերը օգնում են հիվանդին դիմանալ ուժեղ ցավին։ Նմանապես, հոգևոր ուղղումը կարող է ցավոտ լինել։ Բայց մեղմ վերաբերմունքը կարող է նպաստել, որ սխալ գործած անհատն ընդունի խորհուրդը, վերականգնի իր մտերիմ հարաբերությունները, փոխի իր ընթացքը։ Նույնիսկ այն դեպքում, երբ անհատը սկզբում մերժում է խորհուրդը, օգնություն առաջարկողի մեղմ վերաբերմունքը կարող է չեզոքացնել նրա չկամությունը՝ հետևելու սուրբգրային խորհրդին (Առակաց 25։15)։
17 Երբ անհատին օգնություն է ցույց տրվում ուղղվելու համար, միշտ էլ վտանգ կա, որ տրվող խորհուրդը նրա կողմից ընկալվի որպես քննադատություն։ Մի գրող հետևյալն է ասում. «Ուրիշներին հանդիմանելիս ինքնավստահություն դրսևորելու վտանգն ավելի մեծ է։ Հետևաբար այդ ժամանակ առավել ունենք հեզության կարիքը»։ Քրիստոնյան խորհուրդ տալիս կարող է խուսափել այդ վտանգից, եթե մեղմություն մշակի, որը բխում է խոնարհությունից։
«Ամեն մարդկանց»
18, 19. ա) Ինչո՞ւ քրիստոնյաների համար գուցե դժվար լինի մեղմություն ցուցաբերել իշխանությունների հետ գործ ունենալիս։ բ) Ի՞նչը կօգնի քրիստոնյաներին մեղմ վերաբերմունք ունենալ իշխանություն ունեցողների հանդեպ, և դա ի՞նչ արդյունքներ կարող է բերել։
18 Շատերը հաճախ դժվարանում են մեղմություն ցուցաբերել, երբ գործ են ունենում իշխանությունների հետ։ Ճիշտ է, իշխանության որոշ ներկայացուցիչներ կոպիտ են ու անկարեկից (Ժողովող 4։1; 8։9)։ Սակայն սերը Եհովայի հանդեպ կօգնի մեզ ճանաչել Նրա գերիշխանությունը ու իշխանություններին հարաբերական հնազանդություն ցույց տալ, ինչի իրավունքը նրանք ունեն (Հռովմայեցիս 13։1, 4; Ա Տիմոթէոս 2։1, 2)։ Նույնիսկ այն դեպքում, երբ բարձրաստիճան պաշտոնյաները ջանում են սահմանափակել մեր հնարավորությունները՝ հանրայնորեն երկրպագելու Եհովային, մենք չենք կորցնում մեր ուրախությունը և միջոցներ ենք փնտրում շարունակելու «օրհնութեան պատարագ» մատուցել Աստծուն (Եբրայեցիս 13։15)։
19 Մենք չպետք է ագրեսիվ լինենք, ինչպիսի հանգամանքներում էլ որ հայտնվենք։ Մենք ձգտում ենք ողջամիտ լինել, թեև արդար սկզբունքների հարցում երբեք զիջումների չենք գնում։ Ահա այս ձևով են աշխարհի 234 երկրներում մեր եղբայրները հաջողությունների հասել իրենց ծառայության մեջ։ Մենք հետևում ենք Պողոսի խորհրդին, որ գրված է Տիտոս 3։1, 2 համարներում։ Նա ասաց. «Նորանց միտքը բեր, որ իշխանութիւններին եւ պետութիւններին հնազանդեն, հպատակեն, եւ ամեն բարի գործերի համար պատրաստ լինին. ոչ մէկին չ’հայհոյեն, կռիւ չ’անեն, հեզ [«ողջամիտ», ՆԱ] լինեն, ամեն մարդկանց ամեն քաղցրութիւն [«մեղմություն», ՆԱ] ցոյց տան»։
20. Ի՞նչ պարգևատրում է սպասում նրանց, ովքեր մեղմ են։
20 Առատ օրհնություններ են սպասում բոլոր նրանց, ովքեր մեղմություն են դրսևորում։ Հիսուսն ասաց. «Երանի հեզերին, որ նորանք կ’ժառանգեն երկիրը» (Մատթէոս 5։5)։ Քրիստոսի՝ ոգով օծված եղբայրները հեզ լինելով կարող են միշտ երջանիկ լինել ու Թագավորության երկրային տիրույթների վրա իշխելու պատիվն ունենալ։ Ինչ վերաբերում է «այլ ոչխարների» «մեծ բազմությանը», նրանք շարունակում են հեզություն ցուցաբերել և ակնկալում են ապրել երկրային դրախտում (Յայտնութիւն 7։9; Յովհաննէս 10։16; Սաղմոս 37։11)։ Ի՜նչ չքնաղ հեռանկար։ Եկեք, ուրեմն, երբեք չմոռանանք Պողոսի հիշեցումը, որ նա տվեց եփեսացի քրիստոնյաներին. «Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար կապուածս, որ այնպէս գնաք ինչպէս որ կ’վայելէ այն կոչումին որի մէջ կանչուեցաք։ Ամեն խոնարհութիւնով եւ հեզութիւնով» (Եփեսացիս 4։1, 2)։
Կրկնություն
• Մեղմություն ցուցաբերելն ի՞նչ օրհնություններ է բերում
• ընտանիքում,
• քարոզչական ծառայության ժամանակ,
• ժողովում։
• Ի՞նչ պարգևատրում է սպասում նրանց, ովքեր մեղմ են։
[նկար 21–րդ էջի վրա]
Մեղմություն ցուցաբերելն առանձնապես կարևոր է կրոնապես բաժանված ընտանիքում
[նկար 21–րդ էջի վրա]
Մեղմությունն ամրացնում է կապը ընտանիքի անդամների միջև
[նկար 23–րդ էջի վրա]
Պաշտպանիր ճշմարտությունը՝ դրսևորելով մեղմություն և խոր հարգանք
[նկար 24–րդ էջի վրա]
Մեղմ ձևով տրված խորհուրդը կարող է օգնել սխալվածին