Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Տիտոս», «Փիլիմոն» և «Եբրայեցիներ» նամակներից
ՀՌՈՄՈՒՄ իր առաջին բանտարկությունից ազատ արձակվելուց հետո (մ.թ. 61) Պողոս առաքյալը գնում է Կրետե կղզի։ Տեսնելով ժողովների հոգևոր վիճակը՝ նա թողնում է Տիտոսին այնտեղ, որպեսզի վերջինս հոգևորապես ամրացնի եղբայրներին և քույրերին։ Ավելի ուշ, հավանաբար Մակեդոնիայից, Պողոսը նամակ է գրում Տիտոսին։ Առաքյալը խորհուրդներ է տալիս նրան պարտականությունները կատարելու վերաբերյալ, ինչպես նաև վստահեցնում է, որ ինքը թիկունք է կանգնում Տիտոսին այդ գործում։
Դրանից ավելի վաղ, երբ դեռ բանտում էր, Պողոսը նամակ է գրում Փիլիմոնին՝ մի քրիստոնյա եղբոր, որն ապրում է Կողոսայում։ Այս նամակը խնդրանք է՝ ուղղված ընկերոջը։
Ըստ ամենայնի, 61 թ.–ին Պողոսը նամակ է գրում նաև Հրեաստանի՝ ազգությամբ հրեա հավատակիցներին։ Այս նամակում նա ցույց է տալիս քրիստոնեության գերազանցությունը հրեական կրոնական համակարգի նկատմամբ։ Բոլոր երեք նամակներն էլ մեզ համար արժեքավոր խորհուրդներ են պարունակում (Եբր. 4։12)։
ՊԱՀՊԱՆԻՐ ՀՈԳԵՎՈՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԴ
Պողոսը Տիտոսին բացատրում է, թե ինչպես «յուրաքանչյուր քաղաքում երեցներ նշանակի»։ Հետո խորհուրդ է տալիս «շարունակել խստությամբ հանդիմանել [անհնազանդներին], որպեսզի առողջ լինեն հավատի մեջ»։ Առաքյալը Կրետեի բոլոր ժողովներին հորդորում է «մերժել ամբարշտությունն ու.... իրերի այս համակարգում ապրել ողջամտությամբ» (Տիտոս 1։5, 10–13; 2։12)։
Նաև խորհուրդներ է տալիս, թե ինչպես օգնել կրետացի եղբայրներին, որ նրանք հոգևորապես առողջ մնան։ Պողոսը Տիտոսին խրախուսում է «հիմար վիճաբանություններից.... և Օրենքի շուրջ վեճերից ետ քաշվել» (Տիտոս 3։9)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։15 — Ինչպե՞ս կարող է «ամեն ինչ մաքուր լինել մաքուրների համար», սակայն անմաքուր՝ «պիղծերի ու անհավատների համար»։ Այս հարցին պատասխանելու համար հարկավոր է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Պողոսը «ամեն ինչ» ասելով։ Դա այն չէ, ինչ ուղղակիորեն դատապարտվում է Աստծու գրավոր Խոսքում։ Նա նկատի ուներ այն բաները, որոնց վերաբերյալ Աստվածաշունչը կոնկրետ առաջնորդություն չի տալիս, ուստի տեսակետները կարող են տարբեր լինել։ Այդ բաները մաքուր են այն անհատի համար, ում մտածելակերպը ներդաշնակ է Աստծու չափանիշներին, բայց մաքուր չեն նրա համար, ում մտածելակերպն աղավաղված է, իսկ խիղճը՝ պղծվածa։
3։5 — Ինչպե՞ս են օծյալ քրիստոնյաները «փրկվում լվացումով» և «նորոգվում սուրբ ոգով»։ Նրանք «փրկվում են լվացումով» այն իմաստով, որ Աստված լվանում, կամ՝ մաքրում է նրանց Հիսուսի արյունով քավիչ զոհաբերության հիման վրա։ Նրանք «նորոգվում են սուրբ ոգով», քանի որ դառնում են «նոր ստեղծագործություն», այսինքն՝ դառնում են Աստծու՝ ոգուց ծնված զավակներ (2 Կորնթ. 5։17)։
Դասեր մեզ համար
1։10–13; 2։15. Քրիստոնյա վերակացուները պետք է համարձակորեն քայլեր ձեռնարկեն ժողովում լինող թերությունները շտկելու համար։
2։3–5. Ինչպեսև առաջին դարում, այսօր հասուն քրիստոնյա կանայք պետք է «ակնածանքով լի վարմունք ունենան, չլինեն զրպարտող, ոչ էլ չափից շատ գինի խմելուն գերի, այլ լինեն բարին սովորեցնող»։ Այդ դեպքում նրանք կկարողանան ժողովի «երիտասարդ կանանց» սովորեցնել, բայց, իհարկե, ոչ թե ժողովում, այլ առանձին։
3։8, 14. Մենք պետք է մեր «ուշադրությունը կենտրոնացնենք բարի գործեր անելու վրա»։ Դա «օգտակար» է, որովհետև այդպես պտուղ ենք բերում սուրբ ծառայության մեջ և հեռու ենք մնում չար աշխարհից։
ՀՈՐԴՈՐ՝ «ՍԻՐՈՒՑ ՄՂՎԱԾ»
Պողոսը Փիլիմոնին գովում է «սիրո և հավատի» լավ օրինակ լինելու համար։ Առաքյալին «շատ է ուրախացնում և մխիթարում» այն, որ Փիլիմոնը թարմացնող աղբյուրի պես է իր հավատակիցների համար (Փիլիմ. 4, 5, 7)։
Այն, թե ինչպես է Պողոսը լուծում Օնեսիմոսի հետ կապված մի նուրբ հարց, օրինակ է բոլոր վերակացուների համար։ Նա ոչ թե պատվիրում է, այլ «սիրուց մղված»՝ հորդորում է Փիլիմոնին. «Վստահ լինելով, որ կհամաձայնվես՝ գրում եմ քեզ՝ գիտենալով, որ ասածներիցս նույնիսկ ավելին կանես» (Փիլիմ. 8, 9, 21)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
10, 11, 18 — Ինչպե՞ս Օնեսիմոսը, որ նախկինում «պիտանի» չէր, դարձավ «պիտանի»։ Օնեսիմոսը մի ըմբոստ ստրուկ էր։ Նա փախավ Փիլիմոնի տնից, որը Կողոսայում էր, և գնաց Հռոմ՝ 1 400 կիլոմետր հեռու։ Բացի այդ, Օնեսիմոսը, հավանաբար, իր տիրոջ տնից գողություն էր արել՝ ճանապարհածախսը փակելու համար։ Իրոք, նա պիտանի չէր Փիլիմոնի համար։ Բայց երբ նա արդեն Հռոմում էր, Պողոսը օգնեց նրան դառնալ քրիստոնյա։ Օնեսիմոսը, որ մի ժամանակ «անպիտան» ստրուկ էր, դարձավ հոգևոր եղբայր, ուստի «պիտանի» էր։
15, 16 — Ինչո՞ւ Պողոսը չխնդրեց Փիլիմոնին ազատություն շնորհել Օնեսիմոսին։ Պողոսը ուզում էր զբաղված լինել միայն իր հանձնարարությամբ՝ «Աստծու թագավորությունը քարոզելով ու Տեր Հիսուս Քրիստոսի մասին սովորեցնելով»։ Ուստի նախընտրում էր չներգրավվել սոցիալական խնդիրների մեջ, ինչպես օրինակ՝ ստրկությանը վերաբերող հարցերի մեջ (Գործ. 28։31)։
Դասեր մեզ համար
2. Փիլիմոնը իր տունը տրամադրել էր քրիստոնեական հանդիպումներ անցկացնելու համար։ Մեծ պատիվ է, երբ մեր տունը տրամադրում ենք քարոզչական ծառայության հանդիպումներ անցկացնելու համար (Հռոմ. 16։5; Կող. 4։15)։
4–7. Մենք չպետք է զլանանք գովել մեր այն հավատակիցներին, ովքեր օրինակ են հավատի ու սիրո մեջ։
15, 16. Չպետք է չափազանց մտահոգվենք, երբ մեր կյանքում անցանկալի շրջադարձ է լինում։ Գուցե հետագայում ամեն ինչ դրական ավարտ ունենա, ինչպես որ եղավ Օնեսիմոսի դեպքում։
21. Պողոսը ակնկալում էր, որ Փիլիմոնը ների Օնեսիմոսին։ Մեզնից ևս ակնկալվում է, որ ներենք այն հավատակցին, ով վիրավորել է մեզ (Մատթ. 6։14)։
«ՇՏԱՊԵՆՔ ԴԵՊԻ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ»
Ապացուցելու համար, որ Հիսուսի զոհաբերության հանդեպ հավատը ավելի կարևոր է այն գործերից, որ կատարվում էին Օրենքի ներքո՝ Պողոսն ընդգծում է քրիստոնեության Հիմնադրի, Նրա քահանա լինելու, զոհաբերության և նոր ուխտի գերազանցությունը (Եբր. 3։1–3; 7։1–3, 22; 8։6; 9։11–14, 25, 26)։ Իմանալով սա՝ եբրայեցի քրիստոնյաները, անշուշտ, կարող են դիմանալ հրեաների կողմից եկող հալածանքին։ Պողոսը նրանց հորդորում է «շտապել դեպի հասունություն» (Եբր. 6։1)։
Որքա՜ն կարևոր է քրիստոնյայի համար հավատը։ «Առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել [Աստծուն]»,— գրում է առաքյալը։ Նա եբրայեցիներին քաջալերում է «տոկունությամբ վազել այն մրցավազքը, որ դրված է իրենց առաջ», և հավատ ունենալ (Եբր. 11։6; 12։1)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
2։14, 15 — Այն, որ Սատանան «մահ պատճառելու կարողություն ունի», նշանակո՞ւմ է, որ նա կարող է վաղաժամ մահ պատճառել ցանկացած մարդու։ Ո՛չ, չի նշանակում, բայց նկատի առնենք հետևյալը։ Այն ժամանակից ի վեր, երբ Եդեմի պարտեզում սկսվեց Բանսարկուի ամբարիշտ ընթացքը՝ նրա ասած ստերը մահվան պատճառ են լինում. Ադամը մեղք գործեց ու իր հետնորդներին փոխանցեց մեղքն ու մահը (Հռոմ. 5։12)։ Նաև, Սատանայի կամքը կատարողները, որոնք ապրել և ապրում են երկրի վրա, Աստծու ծառաներին հալածել են և նույնիսկ սպանել են, ճիշտ այնպես, ինչպես որ վարվեցին Հիսուսի հետ։ Բայց դա չի նշանակում, թե Սատանան այնքան զորեղ է, որ կարող է խլել ցանկացած մարդու կյանք։ Եթե այդպես լիներ, ապա նա, անկասկած, վաղուց վերացրած կլիներ Եհովայի երկրպագուներին։ Աստված պաշտպանում է նրանց՝ որպես մեկ ամբողջության, և թույլ չի տալիս Սատանային, որ վերացնի իր ժողովրդին։ Թեև Եհովան թույլ է տալիս, որ իր ծառաներից ոմանք մահանան Սատանայի հարձակումների պատճառով, մենք կարող ենք վստահ լինել, որ Աստված կվերացնի մեզ պատճառված ցանկացած վնաս։
4։9–11 — Ինչպե՞ս ենք «մտնում Աստծու հանգստի մեջ»։ Երբ ավարտվեց արարչագործության վեցերորդ օրը, Աստված հանգստացավ իր գործերից՝ վստահ լինելով, որ այն նպատակը, որ ինքը ունի երկրի ու մարդկության առնչությամբ, իրագործվելու է (Ծննդ. 1։28; 2։2, 3)։ Մենք «մտնում ենք այդ հանգստի մեջ», եթե դադարում ենք անել ինքնաարդարացմամբ թելադրված գործեր, ինչպես նաև ընդունում ենք այն միջոցը, որ Եհովան տվել է մեր փրկության համար։ Երբ հավատում ենք Աստծուն և հնազանդորեն հետևում ենք նրա Որդուն ու ոչ թե ձգտում եսասիրական նպատակների, մենք ամեն օր ստանում ենք օրհնություններ, որոնք թարմացնում և հանգստացնում են մեզ (Մատթ. 11։28–30)։
9։16 — Ո՞վ է նոր «ուխտը կապող մարդը»։ Եհովան նոր ուխտի Հիմնադիրն է, իսկ Հիսուսը «ուխտ կապող մարդն» է։ Հիսուսը այդ ուխտի Միջնորդն է, և նա իրեն զոհաբերեց այն վավերացնելու համար (Ղուկ. 22։20; Եբր. 9։15)։
11։10, 13–16 — Ի՞նչ «քաղաքի» էր սպասում Աբրահամը։ Դա ոչ թե բառացի, այլ խորհրդանշական քաղաք էր։ Աբրահամը սպասում էր «երկնային Երուսաղեմին», որը Քրիստոս Հիսուսը և նրա 144 000 իշխանակիցներն են։ Այս իշխանակիցները՝ իրենց երկնային փառքի մեջ, նաև կոչվում են «սուրբ քաղաք՝ Նոր Երուսաղեմ» (Եբր. 12։22; Հայտն. 14։1; 21։2)։ Աբրահամը սպասում էր այն ժամանակներին, երբ կապրի Աստծու Թագավորության ներքո։
12։2 — Ի՞նչ «ուրախություն էր դրված Հիսուսի առաջ», որի համար նա «տոկունությամբ տանջանքի ցիցը հանձն առավ»։ Դա այն ուրախությունն էր, որ նա ստանալու էր՝ տեսնելով իր ծառայության արդյունքները. Եհովայի անունը սրբացվելու էր, Աստծու գերիշխանությունը արդարացվելու էր, և մարդկությունը ազատվելու էր մահվան ճիրաններից։ Բացի դրանից, Հիսուսը սպասում էր իր պարգևին. նա լինելու էր Թագավոր և, որպես Քահանայապետ՝ ծառայելու էր մարդկանց բարօրությանը։
13։20 — Ինչո՞ւ է նոր ուխտը կոչվում «հավիտենական»։ Երեք պատճառով՝ 1) այն երբեք չի փոխարինվի այլ ուխտով, 2) նրա օգուտները մնայուն են, և 3) «ուրիշ ոչխարները» Արմագեդոնից հետո շարունակելու են օգուտներ քաղել նոր ուխտից ( Հովհ. 10։16)։
Դասեր մեզ համար
5։14. Մենք պետք է ջանադրաբար ուսումնասիրենք Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, և կիրառենք սովորածը։ Միայն այս կերպով կարող ենք մեր «ըմբռնողականությունը մարզել ճիշտն ու սխալը զանազանելու համար» (1 Կորնթ. 2։10)։
6։17–19. Մենք չենք շեղվի ճշմարտության ճանապարհից, եթե մեր հույսը ամուր հիմնված է Աստծու խոստման ու երդման վրա։
12։3, 4. Եկեք «չհոգնենք և ուժասպառ չլինենք մեր հոգով» չնչին փորձությունների կամ հակառակության պատճառով, այլ ձգտենք հասունության և հոգևորապես կոփվենք, որ դիմանանք փորձություններին։ Պետք է վճռական լինենք դիմադրելու «արյուն թափելու չափ», այսինքն՝ մինչև մահ (Եբր. 10։36–39)։
12։13–15. Մենք չպետք է թույլ տանք, որ որևէ «թունավոր արմատ», այլ խոսքով՝ ժողովի ինչ–որ անդամ, ով քննադատում է ամեն ինչ, խանգարի մեզ «ուղիղ ճանապարհներ պատրաստելու մեր ոտքերի համար»։
12։26–28. Այն ամենը, ինչ «ստեղծված» չէ Աստծու կողմից՝ իրերի ողջ համակարգը, այդ թվում նաև ամբարիշտ «երկինքը», վերացվելու է։ Կմնան միայն «չցնցվող բաները», այսինքն՝ Թագավորությունը և նրա կողմնակիցները։ Ուրեմն որքա՜ն կարևոր է եռանդորեն քարոզել Թագավորությունը և ապրել Աստվածաշնչի սկզբունքներով։
13։7, 17. Եթե վարվենք այս հորդորի համաձայն, այսինքն՝ հնազանդվենք ժողովի վերակացուներին, ապա կկարողանանք համագործակցող լինել։
[ծանոթագրություն]