Ուսումնասիրություն՝ հաճելի և առատապես վարձատրող
«Եթէ դու նորան որոնես.... Աստուծոյ գիտութիւնը կ’գտնես» (Առակաց 2։4, 5)։
1. Ազատ ժամանակ ընթերցանությամբ զբաղվելը ինչպե՞ս կարող է բավականություն պատճառել։
ՇԱՏԵՐԸ ընթերցանությամբ զբաղվում են զուտ բավականություն ստանալու համար։ Եթե տվյալ նյութը առողջ մտքեր է պարունակում, նրա ընթերցումը մարդուն թեթևության զգացում կարող է հաղորդել։ Քրիստոնյաներից ոմանք Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանության ծրագրից դուրս, երբեմն պարզապես բավականություն ստանալու համար, կարդում են նաև Սաղմոսներից, Առակաց գրքից, Ավետարաններից և Աստվածաշնչի այլ գրքերից։ Լեզվի ու մտքի հստակությունն ու գեղեցկությունը հաճույք է պատճառում նրանց։ Ուրիշները հանգստանալու նպատակով ընթերցում են «Եհովայի վկաների տարեգրքերը», «Արթնացե՛ք» պարբերագրերը, այդ հանդեսում հրատարակված կենսագրություններն ու պատմական, աշխարհագրական, բնագիտական նյութերը։
2, 3. ա) Ի՞նչ առումով են հոգևոր խորիմաստ մտքերը համեմատելի պինդ կերակուրի հետ։ բ) Ի՞նչ է իր մեջ ընդգրկում ուսումնասիրությունը։
2 Ազատ պահերին ընթերցանությամբ զբաղվելը հանգստի մի ձև է՝ ի տարբերություն ուսումնասիրության, որը մտավոր ջանքեր է պահանջում։ Անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը գրել է. «Գրքերի մի մասը պետք է համտեսել, մյուսը՝ կուլ տալ, իսկ կան գրքեր, որոնք հարկավոր է ծամել ու հետո մարսել»։ Աստվածաշունչը, անկասկած, այս վերջին կատեգորիային է պատկանում։ Պողոս առաքյալը գրել է. «Այս [թագավոր ու քահանա Մելքիսեդեկի կերպարով ներկայացված Քրիստոսի] մասին մենք շատ խօսք ունենք ասելու, բայց դրանք դժուար է բացատրել, քանզի թուլամիտ եղաք հասկանալու մէջ.... պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լաւը եւ վատը որոշելու մէջ» (Եբրայեցիս 5։11, 14)։ Նախքան կուլ տալն ու մարսելը պինդ կերակուրը պետք է լավ ծամել։ Այդպես էլ՝ հոգևոր խորիմաստ մտքերն ընկալելու և մտապահելու համար՝ դրա շուրջը հարկավոր է խորհրդածել։
3 Մի բառարան «ուսումնասիրել» բառը հետևյալ կերպ է սահմանում. «գիտելիք կամ հասկացողություն ձեռք բերելու նպատակով կարդալիս կամ հետազոտություններ կատարելիս մտային ջանքերի գործադրումը կամ դրա ընթացքը»։ Սրանից հետևում է, որ դա ընդգրկում է իր մեջ շատ ավելին, քան՝ մակերեսային ընթերցանությունը, եթե անգամ այն ուղեկցվում է որոշ բառերի ընդգծմամբ։ Ուսումնասիրության համար հարկավոր է աշխատանք թափել, լարել ուղեղը և գործի դնել ըմբռնման կարողությունը։ Ու թեև ուսումնասիրության համար այսպիսի ջանքեր են պահանջվում, դա բոլորովին էլ չի նշանակում, որ անհնար է դրանից բավականություն ստանալ։
Բավականություն ստանալ ուսումնասիրությունից
4. Համաձայն սաղմոսերգուի խոսքերի՝ ինչպե՞ս կարող է Աստծո Խոսքի ուսումնասիրությունը մեզ թարմացում բերել ու պարգևատրել։
4 Աստծո Խոսքի ընթերցանությունն ու ուսումնասիրությունը մեզ կարող է թարմացում բերել ու հոգեպես ամրապնդել։ Սաղմոսերգուներից մեկը գրել է. «Տիրոջ օրէնքը անարատ է, հանգստացնում է հոգիին. Տիրոջ վկայութիւնը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին։ Տիրոջ պատուիրանքները ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ հրամանները մաքուր են, լուսաւորում են աչքերը» (Սաղմոս 19։7, 8)։ Եհովայի օրենքները, նրա արած հիշեցումները կենդանություն են պարգևում մեզ, ամրացնում մեր հոգևոր առողջությունը, ներքին ուրախություն են պատճառում և լուսավորում են մեր աչքերը՝ պարզ տեսնելու նրա հրաշալի նպատակները։ Իրո՛ք որ դա սքանչելի է։
5. Ինչպե՞ս կարող է ուսումնասիրությունը մեզ համար դառնալ մեծ բավականության աղբյուր։
5 Սովորաբար մենք բավականության զգացում ենք ապրում՝ տեսնելով մեր աշխատանքի բարի պտուղները։ Ուստի, որպեսզի ուսումնասիրությունը մեզ բավականություն պատճառի, պետք է ձգտենք հնարավորին չափ շուտ գործածության մեջ դնել նոր ձեռք բերած գիտելիքները։ Հակոբոսը գրել է. «Ով աչքերը յառած նայում է ազատութեան կատարեալ օրէնքին եւ դրա մէջ էլ յարատեւում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մէկը իր արածի մէջ երանութիւն կը գտնի» (Յակոբոս 1։25)։ Նոր գիտելիքները առանց հապաղելու կիրառելով՝ մեծ բավականություն կարելի է գտնել։ Մեր ուրախությունը կբազմապատկվի նաև լրացուցիչ հետազոտություններով, որոնք կատարվում են քարոզչական ծառայության կամ Աստվածաշնչի ուսումնասիրության ընթացքում մեզ տրված հարցերի պատասխանները գտնելու նպատակով։
Սեր զարգացնենք դեպի Աստծո Խոսքը
6. Ինչպե՞ս է 119–րդ սաղմոսը գրողը իր սերն արտահայտել Եհովայի խոսքի նկատմամբ։
6 119–րդ սաղմոսը գրողը (հավանաբար՝ Եզեկիան երիտասարդ ժամանակ, նախքան գահ բարձրանալը), արտահայտել է իր սերը դեպի Եհովայի խոսքը։ Օգտագործելով բանաստեղծական լեզու՝ նա ասել է. «Քո հրամաններովը կ’ուրախանամ. եւ քո խօսքը չեմ մոռանալ։ Իրաւի որ քո վկայութիւններն իմ ուրախութիւնն են.... քո պատուիրանքներովը կ’ուրախանամ, որ նորանց սիրում եմ։ Թող քո բարեգթութիւնն ինձ վերայ գայ որ ապրիմ, որովհետեւ քո օրէնքն է իմ ուրախութիւնը։ Տէր, ես ցանկանում եմ քո փրկութեանը, եւ քո օրէնքն է իմ ուրախութիւնը» (Սաղմոս 119։16, 24, 47, 77, 174)։
7, 8. ա) Ըստ մի աշխատության տված մեկնաբանության՝ ի՞նչ է նշանակում ուրախանալ Աստծո Խոսքով։ բ) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր սերը դեպի Եհովայի Խոսքը։ գ) Ինչպե՞ս Եզրասը պատրաստվեց Եհովայի Օրենքը կարդալուն։
7 Եբրայերեն գրությունների մի բառարան ‘ուրախանալ’ բառով թարգմանված բայի վերաբերյալ տալիս է հետևյալ մեկնությունը. «16–րդ խոսքում օգտագործված բայը իմաստով մոտենում է «բերկրալ» ու «մտորել» բայերին.... Գործողությունը զարգանում է հետևյալ ընթացքով՝ բերկրանք ապրել, մտորել և ուրախություն գտնել.... Բառերի այս համակցությունը կարող է վկայել այն մասին, որ նպատակասլաց խորհրդածությունները, դրանք միջոց են՝ ուրախություն քաղելու Յահվեի խոսքից.... Այս բայն իր մեջ նաև հուզական շեշտ ունի»։a
8 Այո՛, Եհովայի Խոսքի հանդեպ սերը պետք է բխի մեր սրտից, որտեղից ծնունդ են առնում մեր բոլոր զգացմունքները։ Ժամանակ առ ժամանակ որոշ մտքերի հանդիպելիս կանգ առնելն ու մտորելը պետք է որ մեզ բավականություն պատճառի։ Հարկավոր է մտովի թափանցել դեպի հոգևոր խորությունները և քննության ենթարկել այդ ամենը։ Իսկ դրա համար պետք է լուռ խորհրդածել և աղոթել։ Մենք էլ Եզրասի նման պետք է մեր սիրտը պատրաստենք Աստծո Խոսքը կարդալու և ուսումնասիրելու համար։ Եզրասը «պատրաստել էր իր սիրտը որ Տիրոջ օրէնքը խնդրէ եւ կատարէ, եւ Իսրայէլի մէջ սովորեցնէ օրէնք եւ դատաստան» (Եզրաս 7։10)։ Ուշադրություն դարձրեք նրա հետապնդած երեք նպատակներին. ուսումնասիրել, անձամբ կիրառել և սովորեցնել։ Լավ կլինի, որ մենք էլ մեր հերթին հետևենք նրա օրինակին։
Ուսումնասիրությունը որպես երկրպագություն
9, 10. ա) Ինչպե՞ս էր սաղմոսերգուն մտածում Եհովայի Խոսքի շուրջ։ բ) Ի՞նչ է նշանակում «մտածմունք» թարգմանված եբրայերեն բառը։ գ) Ինչո՞ւ է կարևոր Աստծո Խոսքի ուսումնասիրությունը դիտել որպես «երկրպագության մի ձև»։
9 Սաղմոսերգուն ասում է, որ ինքը մտածում էր Եհովայի օրենքների, պատվիրանների և «վկայութիւնների», այսինքն՝ հիշեցումների շուրջ։ Ահա մի քանի տող այդ սաղմոսից. «Քո պատուիրանքների վերայ կ’մտածեմ. եւ քո ճանապարհին մտիկ կ’տամ.... իմ ձեռքը կ’բարձրացնեմ դէպի քո պատուիրանքները որ սիրում եմ. եւ քո հրամանների վերայ կ’մտածեմ։ Որքա՜ն եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը։ Աւելի իմաստուն եղայ քան թէ իմ ամեն վարժապետները. որովհետեւ քո վկայութիւններն են իմ մտածմունքը» (Սաղմոս 119։15, 48, 97, 99)։ Իսկ ի՞նչ է իր մեջ ընդգրկում Եհովայի Խոսքի շուրջ մտածելը։
10 «Մտածել» թարգմանված եբրայերեն բառը իր մեջ ընդգրկում է խորհրդածելու, մտորելու, մտքում որևէ հարց մանրամասն քննելու իմաստը։ «Այն օգտագործված է Աստծո գործերի.... և նրա խոսքի շուրջ լռելյայն խորհելու առումով»։ «Մտածմունք» գոյականական ձևը վերաբերում է «սաղմոսերգուի մտորումներին», Աստծո օրենքի «սիրով ուսումնասիրությանը»՝ որպես «երկրպագության մի ձև» («Հին Կտակարանի աստվածաբանական բառագիրք», անգլ.)։ Աստծո Խոսքի ուսումնասիրության մասին այսպիսի պատկերացում ունենալը կօգնի ավելի լրջորեն վերաբերվել դրան՝ ունենալ անհրաժեշտ բարեխիղճ մոտեցում, ինչպես նաև՝ հաշվի առնել աղոթքի առավելությունները։ Ուսումնասիրությունը մեր երկրպագության մասն է կազմում և նպաստում է նրա բարելավմանը։
Հասկանալ Աստծո Խոսքն իր ողջ խորությամբ
11. Ինչպե՞ս է Եհովան իր խորունկ մտքերը հայտնում իր ժողովրդին։
11 Ակնածանք ու հիացմունք արտահայտելով՝ սաղմոսերգուն գոչել է. «Ով Տէր, քանի՜ մեծ են քո գործերը. շատ խո՜ր են քո խորհուրդները» (Սաղմոս 92։5)։ Պողոս առաքյալը նույնպես գրել է «Աստուծոյ խորունկ բաների» մասին՝ այն խորիմաստ մտքերի, որոնք Եհովան իր ոգու միջոցով հայտնում է իր ժողովրդին՝ հավատարիմ և իմաստուն ծառայի օժանդակությամբ (Ա Կորնթացիս 2։10, Արևմտ. Աստ.; Մատթէոս 24։45)։ Այս ծառան հոգևոր կերակուրով ապահովում է բոլոր մարդկանց՝ «կաթը» տալով նորեկներին, իսկ «պինդ կերակուրը»՝ «հասուն մարդկանց» (Եբրայեցիս 5։11–14)։
12. Բերեք օրինակ, թե ինչպես է հավատարիմ և իմաստուն ծառան բացատրել «Աստուծոյ խորունկ բաները»։
12 «Աստուծոյ խորունկ բաները» ըմբռնելու համար անհրաժեշտ է աղոթքով ուսումնասիրել նրա Խոսքը, խորհել դրա շուրջ։ Օրինակ՝ հիանալի հոդված էր հրատարակվել այն մասին, թե ինչպես է Եհովան միաժամանակ և՛ արդար, և՛ ողորմած։ Ողորմության դրսևորումը չի թուլացնում նրա արդարության զգացումը, այլ՝ Աստծո ողորմածությունը հանդիսանում է նրա արդարության, ինչպես նաև՝ սիրո արտահայտումը։ Մեղավորի հանդեպ դատաստան տեսնելիս՝ Եհովան նախ հաշվի է առնում՝ հնարավո՞ր է արդյոք ողորմություն ցույց տալ իր Որդու քավիչ զոհաբերության հիման վրա։ Եթե մեղավորը չի ապաշխարում, ու դեռ ավելին՝ ըմբոստանում է, Աստված արդեն գործի է դնում իր արդարությունը՝ չցուցաբերելով անհիմն ողորմածություն։ Յուրաքանչյուր դեպքում էլ նա հավատարիմ է մնում իր բարձր սկզբունքներինb (Հռովմայեցիս 3։21–26)։ «Օ՜, խորութիւն Աստծու.... իմաստութեան» (Հռովմայեցիս 11։33)։
13. Ինչպե՞ս կարող ենք դրսևորել մեր գնահատանքը հոգևոր մեծաթիվ ճշմարտությունների համար, որ այսօր ողջ խորությամբ հայտնված է մեզ։
13 Սաղմոսերգուի նման մենք էլ ենք ուրախանում, որ Եհովան իր մտքերից շատ բաներ է հայտնում մեզ։ Դավիթը գրել է. «Քանի՜ պատուական են ինձ համար քո խորհուրդները, ով Աստուած. քանի՜ մեծ է նորանց թիւը։ Եթէ համարեմ նորանց՝ աւազիցը շատ են» (Սաղմոս 139։17, 18)։ Թեև այսօրվա մեր գիտելիքներն ընդամենը փոքր մասնիկն են այն անհամար մտքերի, որոնք Եհովան մեզ հայտնի կդարձնի հավիտենականության ողջ ընթացքում, սակայն մենք բարձր ենք գնահատում թանկարժեք հոգևոր ճշմարտությունների «մեծ թիւը», որը նա արդեն հայտնել է մեզ իր ողջ խորությամբ՝ ողջ «բովանդակությամբ», էությամբ (Սաղմոս 119։160, Արևմտ. Աստ., տողատակի ծանոթ.)։
Ջանքի և արդյունավետ գործիքների անհրաժեշտությունը
14. Ինչպե՞ս են Առակաց 2։1–6 խոսքերն ընդգծում, որ Աստծո Խոսքն ուսումնասիրելիս ջանքեր են հարկավոր։
14 Աստվածաշնչի լավ ուսումնասիրությունը ջանքեր է պահանջում։ Դա շատ պարզ երևում է Առակաց 2։1–6 խոսքերի ուշադիր ընթերցանությունից։ Ուշադրություն դարձրեք գործողություն արտահայտող այն բայերի վրա, որոնց օգտագործմամբ իմաստուն Սողոմոն թագավորը ընդգծում է, որ աստվածային գիտությունը, իմաստնությունը և խորաթափանցությունը ձեռք են բերվում ջանքերի շնորհիվ։ Նա գրում է. «Որդեակս, եթէ իմ խօսքերն ընդունես, եւ իմ պատուէրները պահես քեզ մօտ. որ ականջ դնես իմաստութեանը, եւ սիրտդ ուղղես հանճարին, երբոր հասկացողութիւնը կանչես, եւ ձայն տաս հանճարին, եթէ դու նորան որոնես ինչպէս արծաթը, եւ գանձերի նման նորան պտրտես, այն ժամանակ կ’հասկանաս Տիրոջ երկիւղը, եւ Աստուծոյ գիտութիւնը կ’գտնես։ Որովհետեւ Տէրն է տալիս իմաստութիւնը, նորա բերանիցն է գիտութիւնն ու հանճարը»։ Այո՛, առատ վարձատրություն է խոստանում այն ուսումնասիրությունը, որի ընթացքում հետազոտում ես, փորփրում ես՝ ասես թե պահված գանձ ես որոնում։
15. Աստվածաշնչի ո՞ր առակից է երևում ուսումնասիրության մեթոդների կարևորությունը։
15 Որպեսզի ուսումնասիրությունը լինի հոգևոր առումով խոստումնալից, նաև հարկավոր է լավ մեթոդներ կիրառել։ Սողոմոնը գրել է. «Եթէ կացինը բթացել է, եւ նա չ’սրէ նորա բերանը, այն ժամանակ նա պէտք է ոյժը զօրացնէ» (Ժողովող 10։10)։ Եթե աշխատավորի ձեռքի գործիքը սրված չէ, կամ եթե նա չի կարողանում այն հմտորեն գործածել, ապա՝ անտեղի կվատնի իր ուժը, իսկ աշխատանքը կլինի անորակ։ Նույնը կարելի է ասել մեր ուսումնասիրության վերաբերյալ, քանի որ միևնույն ժամանակի ծախսման դեպքում, ստացվող արդյունքը շատ տարբեր կարող է լինել, կախված՝ մեր ուսումնասիրության մեթոդներից։ Ուսումնասիրությունը բարելավելու վերաբերյալ գործնական առաջարկություններ կան «Աստվածապետական ծառայության դպրոցի ուղեցույց» գրքի 7–դ դասում (ռուս.)։c
16. Ի՞նչ գործնական առաջարկություններ կան, որոնք նպատակ ունեն օգնել մեզ խորը ուսումնասիրություններ կատարելու հարցում։
16 Ինչպես որ արհեստավորն է իր աշխատանքը սկսելուց առաջ նախապատրաստում գործիքները, մենք էլ ուսումնասիրությունը սկսելուց առաջ լավ է, որ մեր անձնական գրադարանից ընտրենք ուսումնասիրության այն «գործիքները», որոնք մեզ ընթացքում պետք կգան։ Չմոռանանք, որ ուսումնասիրությունը՝ դա մտավոր ջանքեր պահանջող աշխատանք է ու պակաս կարևոր չէ նաև հարմար դիրք ընտրելը։ Եթե ուզում ենք մտքով արթուն մնալ, ապա դրան կնպաստի գրասեղանի կամ սեղանի մոտ՝ աթոռին նստած լինելը և ոչ թե անկողնում պառկած կամ հարմարավետ բազկաթոռին կիսապառկած դիրքը։ Որոշ ժամանակ ուշադիր ուսումնասիրությունից հետո թերևս օգտակար համարեք թեթևակի զբաղվել մարմնամարզությամբ կամ դուրս գալ մաքուր օդի։
17, 18. Բերեք օրինակներ, թե ինչպես է կարելի օգտվել ուսումնասիրության ձեզ մատչելի «գործիքներից»։
17 Ուսումնասիրության ուրիշ շատ անզուգական «գործիքներ» կան։ Դրանցից գլխավորը Աստվածաշնչի Նոր աշխարհ թարգմանությունն է, որն այժմ մատչելի է երեսունյոթ լեզվով՝ մասամբ կամ ամբողջությամբ։ Նոր աշխարհ թարգմանության ստանդարտ հրատարակությունն ունի զուգահեռ վկայակոչումներ և «Աստվածաշնչի գրքերի ցանկ», որտեղ բերված են գրողի անունը, գրվելու վայրը, և ընդգրկված ժամանակահատվածը։ Այս հրատարակությունն ունի նաև Աստվածաշնչի բառերի ցանկ, հավելված և քարտեզներ։ Որոշ լեզուներով այս Աստվածաշունչը հրատարակված է մեծ ֆորմատով (հայտնի է «Ծանոթագրություններով Աստվածաշունչ» անվանումով), որը վերոհիշյալ բոլոր առանձնահատկություններից բացի ունի նաև տողատակի ցանկավորված ծավալուն ծանոթագրություններ։ Օգտվո՞ւմ եք արդյոք այն ամենից, ինչ մատչելի է ձեր լեզվով և տրված է օգնելու համար, որպեսզի ավելի խորությամբ հասկանաք Աստծո Խոսքը։
18 Ուսումնասիրության մեկ այլ անզուգական գործիք է Աստվածաշնչի երկհատորանի հանրագիտարանը՝ «Գրությունների ըմբռնումը»։ Եթե այս աշխատությունն ունեք ձեզ հասկանալի որևէ լեզվով, ապա ուսումնասիրության ընթացքում այն միշտ պետք է ձեր ձեռքի տակ լինի։ Այն ձեզ հիմնավոր տեղեկություններ կտա Աստվածաշնչի շատ թեմաների վերաբերյալ։ Նման օգտակար գործիք է նաև «Աստծո շնչով գրված բոլոր գրքերը օգտակար են» գիրքը։ Աստվածաշնչի մեջ ընդգրկված գրքերից որևէ մեկն ընթերցելուց առաջ լավ է ուսումնասիրել վերոհիշյալ հրատարակության համապատասխան բաժինը՝ տվյալ գրքի վերաբերյալ աշխարհագրական, պատմական տեղեկություններ ստանալու, գրքի բովանդակությանը ծանոթանալու ու նրա օգտակարության մասին գաղափար կազմելու համար։ Վերջերս, ինը լեզվով լույս է տեսել ուսումնասիրության մեկ այլ «գործիք»՝ համակարգչի համար նախատեսված ««Դիտարանի» գրադարանը»։
19. ա) Ինչո՞ւ է Եհովան մեզ ապահովել Աստվածաշնչի ուսումնասիրության այդքան լավ օժանդակ միջոցներով։ բ) Աստվածաշնչի ընթերցանության և ուսումնասիրության որակը բարձրացնելու համար ի՞նչ է հարկավոր։
19 Եհովան այս օժանդակ բոլոր միջոցներով, այս «գործիքներով» մեզ ապահովել է «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» միջոցով, որպեսզի օգնի երկրի վրա ապրող իր ծառաներին ‘որոնելու և գտնելու Աստծո գիտությունը’ (Առակաց 2։4, 5)։ Աստվածաշնչի ուսումնասիրության լավ սովորությունը օգնում է մեզ Եհովայի մասին ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել և նրա հետ ավելի սերտ փոխհարաբերություն վայելել (Սաղմոս 63։1–8)։ Այո, ուսումնասիրությունը աշխատանք է, սակայն այնպիսի աշխատանք, որը առատապես վարձատրվում է և որից կարելի է բավականություն ստանալ։ Դրան իրոք պետք է ժամանակ հատկացնել, ու թերևս մտածեք, թե որտեղի՞ց ժամանակ գտնել Աստվածաշունչ ընթերցելու և անձնական ուսումնասիրություն կատարելու համար։ Դրա մասին կխոսվի այս շարքի եզրափակիչ թեմայում։
[ծանոթագրություններ]
a «New International Dictionary of Old Testament Theology & Exegesis», հատոր 4, էջ 205–207։
b Տե՛ս «Դիտարանի» 1998 թ. օգոստոսի 1–ի համարը, էջ 23, պարբ. 7։ Որպես Աստվածաշնչի ուսումնասիրության նյութ կարող եք վերցնել «Դիտարանի» այդ համարի երրորդ և չորրորդ ուսումնասիրվող հոդվածները, ինչպես նաև «Գրությունների ըմբռնում» աստվածաշնչյան հանրագիտարանի (անգլ.) «Արդարություն», «Իրավունք» և «Ողորմություն» վերնագրերը կրող հոդվածները (հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության)։
c Հրատարակված է «Դիտարան» ընկերության կողմից։ Ուսումնասիրության մեթոդների վերաբերյալ հիանալի խորհուրդներ կարելի է գտնել նաև «Դիտարանի» 1993 թ. նոյեմբերի 1–ի համարում, էջ 21–25, և 1986 թ. հոկտեմբերի 15–ում, էջ՝ 19, 20 (ռուս.)։
Կրկնողության հարցեր
• Ի՞նչ կարելի է անել, որպեսզի անձնական ուսումնասիրությունը թարմացում բերի մեզ և առատ վարձատրություն։
• Ինչպե՞ս կարող ենք սաղմոսերգուի նման մենք էլ «ուրախանալ» Եհովայի Խոսքով և այդ Խոսքի շուրջը մտածել։
• Առակաց 2։1–6 խոսքերը ինչպե՞ս են ցույց տալիս Աստծո Խոսքն ուսումնասիրելիս ջանքեր ներդնելու անհրաժեշտությունը։
• Ուսումնասիրության ի՞նչ օժանդակ միջոցներով է Եհովան մեզ ապահովել։
[նկար 14–րդ էջի վրա]
Լուռ խորհրդածություններն ու աղոթքը օգնում են մեզ սեր զարգացնել դեպի Աստծո Խոսքը։
[նկարներ 17–րդ էջի վրա]
Լիովին օգտվո՞ւմ եք ուսումնասիրության համար նախատեսված ձեզ մատչելի «գործիքներից» Աստծո Խոսքը խորությամբ ըմբռնելու համար։