ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 46
Եհովան երաշխավորում է իր խոստման կատարումը
«Երկրի վրա յուրաքանչյուր ոք, ով օրհնում է ինքն իրեն, հավատարիմ Աստծով կօրհնի» (ԵՍ. 65։16)։
ԵՐԳ 3 Մեր Վեմ, մեր Հույս, մեր Ապավեն
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Ո՞րն էր Եսայիայի ուղերձը իսրայելացիներին։
ԵՍԱՅԻԱ ՄԱՐԳԱՐԵՆ Եհովային կոչում է «հավատարիմ Աստված»։ «Հավատարիմ» թարգմանված բնագրային «ամեն» բառը նշանակում է «թող այդպես լինի» կամ «անշուշտ» (Ես. 65։16)։ Երբ Աստվածաշնչում այդ բառը օգտագործվում է Եհովայի կամ Հիսուսի առնչությամբ, այն երաշխիք է, որ ինչ նրանք ասում են, ճշմարտություն է։ Ուստի իսրայելացիներին ուղղված Եսայիայի ուղերձը հստակ է. Եհովայի կանխագուշակած բոլոր բաները արժանահավատ են։ Նա փաստել է դա՝ միշտ պահելով իր խոստումները։
2. Ինչո՞ւ կարող ենք վստահել ապագայի վերաբերյալ Եհովայի խոստումներին և ո՞ր հարցերի պատասխանները կիմանանք։
2 Կարո՞ղ ենք մենք էլ նույն վստահությունն ունենալ ապագայի վերաբերյալ Եհովայի խոստումների հանդեպ։ Եսայիայի ժամանակներից մոտ 800 տարի անց Պողոս առաքյալը նշեց, թե ինչու են Աստծու խոստումները արժանահավատ։ Նա գրեց. «Անհնար է, որ Աստված սուտ խոսի» (Եբր. 6։18)։ Ճիշտ ինչպես նույն աղբյուրից չի կարող և՛ քաղցրահամ, և՛ աղի ջուր հոսել, այնպես էլ Եհովան՝ ճշմարտության Աղբյուրը, չի կարող սուտ խոսել։ Հետևաբար մենք կարող ենք անվերապահորեն վստահել այն ամենին, ինչ Եհովան ասում է, այդ թվում՝ ապագայի վերաբերյալ նրա խոստումներին։ Այս հոդվածից կիմանանք հետևյալ հարցերի պատասխանները. «Եհովան ինչպիսի՞ ապագա է մեզ խոստացել։ Ի՞նչ երաշխիք է նա տվել, որ իր խոստումը կիրականանա»։
Ի՞ՆՉ Է ԵՀՈՎԱՆ ԽՈՍՏԱՑԵԼ
3. ա) Ո՞ր խոստումն է անչափ թանկ Աստծու ծառաների համար (Հայտնություն 21։3, 4)։ բ) Ինչպե՞ս են ոմանք արձագանքում, երբ նրանց պատմում ենք այդ խոստման մասին։
3 Եհովայի խոստումը անչափ թանկ է ամբողջ աշխարհում ապրող իր ծառաների համար (կարդա Հայտնություն 21։3, 4)։ Նա խոստացել է, որ կգա մի ժամանակ, երբ «մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի»։ Մեզանից շատերն են մարդկանց քարոզելիս մեջբերում դրախտային կյանքի վերաբերյալ այս սիրտ ջերմացնող սուրբգրային համարները։ Իսկ ինչպե՞ս են ոմանք արձագանքում այդ լուրին։ Նրանք թերևս ասում են. «Լավ բան եք ասում, բայց իրատեսական չէ»։
4. ա) Ի՞նչ գիտեր Եհովան և ի՞նչ էր կանխատեսել։ բ) Բացի խոստում տալուց՝ ի՞նչ է արել Եհովան։
4 Ինչ խոսք, երբ Եհովան ներշնչեց Հովհաննես առաքյալին գրել այս խոսքերը, նա գիտեր, որ Թագավորության լուրը քարոզելիս մենք մարդկանց հայտնելու ենք այդ հույսի մասին։ Եհովան նաև կանխատեսել էր, որ շատերը դժվարանալու էին հավատալ «նոր բաների» մասին իր խոստմանը (Ես. 42։9; 60։2; 2 Կորնթ. 4։3, 4)։ Ուրեմն ինչպե՞ս կարող ենք համոզվել և ուրիշներին էլ հավաստիացնել, որ Հայտնություն 21։3, 4 համարներում նշված օրհնությունները իրականություն կդառնան։ Եհովան ոչ միայն տվել է այս սիրտ ջերմացնող խոստումը, այլև հիմնավոր պատճառներ է նշել, թե ինչու կարող ենք վստահել դրան։ Քննենք այդ պատճառները։
ԵՀՈՎԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ Է, ՈՐ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԻՐԱԿԱՆԱՆԱ
5. Ի՞նչ հիմքեր ունենք վստահելու դրախտի վերաբերյալ Աստծու խոստմանը և որտե՞ղ կարող ենք դրանք գտնել։
5 Դրախտի վերաբերյալ Եհովայի խոստմանը վստահելու հիմքեր ենք գտնում Հայտնություն 21։4-ին հաջորդող համարներում։ Կարդում ենք. «Նա, որ նստած էր գահին, ասաց. «Ահա ամեն բան նոր եմ անում»։ Նաև ասաց. «Գրի՛ր, որովհետև այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ»։ Եվ ասաց ինձ. «Կատարվեցի՛ն։ Ես եմ Ալֆան և Օմեգան, սկիզբը և վերջը»» (Հայտն. 21։5, 6ա)։
6. Հայտնություն 21։5, 6 համարներում գրված մտքերը ինչպե՞ս են ամրացնում Եհովայի խոստման հանդեպ մեր վստահությունը։
6 Ինչպե՞ս են այս խոսքերը ամրացնում Եհովայի խոստման հանդեպ մեր վստահությունը։ «Հայտնության գագաթնակետը» գրքում այս համարների վերաբերյալ ասվում է. «Եհովան ասես ստորագրի մի փաստաթուղթ, որը երաշխավորում է հավատարիմ մարդկանց ապագա օրհնությունները»։b Աստծու խոստումը արձանագրված է Հայտնություն 21։3, 4 համարներում։ Իսկ 5-րդ և 6-րդ համարներում տեսնում ենք Եհովայի, այսպես ասած, ստորագրությունը, այսինքն՝ խոստման հավաստի լինելու երաշխիքը։ Եկեք ավելի մանրամասն ուսումնասիրենք այս համարները։
7. Ո՞ր խոսքերով է սկսվում Հայտնություն 21։5-ը, և ինչո՞ւ է դա հատկանշական։
7 5-րդ համարը սկսվում է հետևյալ խոսքերով. «Նա, որ նստած էր գահին, ասաց» (Հայտն. 21։5ա)։ Այս նախաբանին հաջորդող խոսքերը առանձնահատուկ են նրանով, որ դրանք անձամբ Եհովան է ասել. «Հայտնություն» գրքում ընդամենը երեք այդպիսի դեպք է արձանագրված։ Այսինքն՝ խոստման երաշխիքը տալիս է ոչ թե մի հզոր հրեշտակ, ոչ թե հարություն առած Հիսուս Քրիստոսը, այլ անձամբ Եհովան։ Այս հանգամանքը ընդգծում է, որ դրանից հետո ասված խոսքերը արժանահավատ են։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ Եհովան «չի կարող ստել» (Տիտոս 1։2)։ Ուստի մենք համոզված ենք, որ Հայտնություն 21։5, 6 համարների խոսքերը իրականություն կդառնան։
«ԱՀԱ ԱՄԵՆ ԲԱՆ ՆՈՐ ԵՄ ԱՆՈՒՄ»
8. Ինչպե՞ս է Եհովան ընդգծել իր խոստման հաստատ լինելը (Եսայիա 46։10)։
8 Եհովան իր խոսքը սկսում է «ահա» բառով (Հայտն. 21։5)։ «Ահա» թարգմանված հունարեն բառը հաճախ է հանդիպում «Հայտնություն» գրքում։ Մի աղբյուրում ասվում է, որ այս բացականչական բառը օգտագործվում է «ընթերցողի ուշադրությունը դրան հաջորդող մտքի վրա կենտրոնացնելու համար»։ Իսկ ի՞նչ է հաջորդում «ահա» բառին։ Եհովան ասում է. «Ամեն բան նոր եմ անում»։ Ճիշտ է, խոսքը ապագա իրադարձությունների մասին է, բայց նա այնքան վստահ է դրանց կատարման մեջ, որ խոսում է այնպես, ասես դրանք արդեն կատարվում են (կարդա Եսայիա 46։10)։
9. ա) «Ամեն բան նոր եմ անում» արտահայտությունը ո՞ր երկու գործողություններին է վերաբերում։ բ) Ի՞նչ է լինելու ներկայիս «երկնքին» ու «երկրին»։
9 Այժմ մանրամասնորեն քննենք Հայտնություն 21։5-ում գրված «ամեն բան նոր եմ անում» արտահայտությունը։ Այս խոսքերը վերաբերում են երկու գործողության՝ փոխարինման և վերականգնման։ Ի՞նչն է Եհովան փոխարինելու։ Հայտնություն 21։1-ում կարդում ենք. «Նախկին երկինքն ու երկիրը անցան»։ «Նախկին երկինքը» վերաբերում է կառավարություններին, որոնք Սատանայի ու դևերի ազդեցության տակ են (Մատթ. 4։8, 9; 1 Հովհ. 5։19)։ Իսկ «երկիր» բառը Աստվածաշնչում կարող է վերաբերել երկրի բնակիչներին (Ծննդ. 11։1; Սաղ. 96։1)։ Հետևաբար «նախկին երկիրը» վերաբերում է այսօրվա չար մարդկային հասարակությանը։ Եհովան չի բարեփոխելու ներկայիս «երկինքն» ու «երկիրը». նա ամբողջությամբ փոխարինելու է դրանք։ Աստված ներկայիս երկինքն ու երկիրը փոխարինելու է «նոր երկնքով» ու «նոր երկրով», այսինքն՝ նոր կառավարությամբ և նոր մարդկային հասարակությամբ։
10. Ո՞ր բաներն է Եհովան վերականգնելու։
10 Այդուհանդերձ, Եհովան ամեն բան չէ, որ փոխարինելու է. որոշ բաներ նա վերականգնելու է՝ նորի պես է դարձնելու (Հայտն. 21։5)։ Նա երկիր մոլորակն ու մարդկանց հասցնելու է կատարելության։ Եսայիան կանխագուշակել է, որ ամբողջ երկիրը գեղեցիկ պարտեզի է վերածվելու, ինչպիսին Եդեմի պարտեզն էր։ Աստված նաև մեզ է նորի պես դարձնելու այն իմաստով, որ լիարժեքորեն բուժելու է յուրաքանչյուրիս։ Կաղերը, կույրերը և խուլերը բուժվելու են, իսկ մահացածները հարություն են առնելու (Ես. 25։8; 35։1-7)։
«ԱՅՍ ԽՈՍՔԵՐԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՆ ՈՒ ՃՇՄԱՐԻՏ.... ԿԱՏԱՐՎԵՑԻ՛Ն»
11. Ի՞նչ հրահանգ տվեց Եհովան Հովհաննեսին և ի՞նչ պատճառ նշեց դրա համար։
11 Ուրիշ ի՞նչ է ասել Աստված իր խոստման կատարումը երաշխավորելու համար։ Նա Հովհաննեսին պատվիրել է. «Գրի՛ր, որովհետև այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ» (Հայտն. 21։5)։ Տեսնում ենք, որ նա հրահանգ տալուց ավելին է արել։ Նա նշել է, թե ինչու Հովհաննեսը պետք է գրի՝ ասելով. «Որովհետև այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ»։ Այսինքն՝ Աստծու խոսքերը վստահելի են ու հավաստի։ Անչափ ուրախ ենք, որ Հովհաննեսը հնազանդվել է «գրի՛ր» պատվերին։ Դրա շնորհիվ մենք այսօր կարող ենք կարդալ դրախտի մասին Աստծու խոստումը և խորհրդածել ապագայում սպասվող հիանալի օրհնությունների շուրջ։
12. Եհովան ինչո՞ւ իրավամբ կարող էր ասել՝ «Կատարվեցի՛ն»։
12 Այնուհետև Աստված ասել է. «Կատարվեցի՛ն» (Հայտն. 21։6)։ Եհովան իր խոստման մասին խոսում է այնպես, ասես այն արդեն իրականացել է։ Նա իրավամբ կարող է այդպես ասել, քանի որ ոչինչ չի կարող նրան հետ պահել իր նպատակը իրագործելուց։ Եհովան իր խոստումը երաշխավորելու համար ևս մի հավաստիացում է տվել։ Տեսնենք, թե որն է դա։
«ԵՍ ԵՄ ԱԼՖԱՆ ԵՎ ՕՄԵԳԱՆ»
13. Ինչո՞ւ Եհովան ասաց՝ «Ես եմ Ալֆան և Օմեգան»։
13 Ինչպես արդեն նշեցինք, Հովհաննեսին տրված հայտնության մեջ երեք անգամ Եհովան անձամբ է խոսել (Հայտն. 1։8; 21։5, 6; 22։13)։ Բոլոր այդ դեպքերում նա օգտագործել է հետևյալ արտահայտությունը. «Ես եմ Ալֆան և Օմեգան»։ Հունարեն այբուբենը սկսվում է «ալֆա» տառով և վերջանում «օմեգա» տառով։ «Ալֆա և Օմեգա» ասելով՝ Եհովան նկատի ուներ, որ իր սկսած գործը միշտ ավարտին է հասցնում։
14. ա) Բեր օրինակ, երբ Եհովան կարծես ասաց՝ «Ալֆա», և երբ կասի՝ «Օմեգա»։ բ) Ի՞նչ երաշխիք ենք գտնում Ծննդոց 2։1-3 համարներում։
14 Ադամին ու Եվային ստեղծելուց հետո նա նրանց ասաց, թե որն է իր նպատակը երկրի ու մարդկության առնչությամբ։ Աստվածաշնչում կարդում ենք. «Աստված օրհնեց նրանց և ասաց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տիրեք նրան»» (Ծննդ. 1։28)։ Այդ պահին Եհովան կարծես ասաց՝ «Ալֆա»։ Նրա նպատակը պարզ էր. գալու էր մի ժամանակ, երբ Ադամի ու Եվայի կատարյալ, հնազանդ սերունդները լցնելու էին երկիրը և այն դրախտի էին վերածելու։ Երբ այդ պահը գա, Եհովան կարծես կասի՝ «Օմեգա»։ Իր նպատակի իրականացումը հաստատելու համար Եհովան «երկինքը, երկիրը և նրանց ամբողջ զորքը» ստեղծելուց հետո մի երաշխիք տվեց, որի մասին գրված է Ծննդոց 2։1-3 համարներում (կարդա)։ Եհովան առանձնացրեց յոթերորդ օրը և սրբացրեց այն։ Այդպիսով նա երաշխավորեց, որ անպայման կիրականացնի երկրի և մարդկության հետ կապված իր նպատակը։ Այն ամբողջությամբ կիրագործվի յոթերորդ օրվա վերջում։
15. Ինչո՞ւ Սատանան թերևս մտածեր, որ խափանել է մարդկության հետ կապված Աստծու նպատակը։
15 Երբ Ադամն ու Եվան ըմբոստացան, դարձան մեղավորներ և իրենց սերունդներին մեղք ու մահ փոխանցեցին (Հռոմ. 5։12)։ Գուցե թվար, թե Սատանան խոչընդոտեց երկիրը կատարյալ ու հնազանդ մարդկանցով լցնելու Աստծու նպատակի իրականացմանը։ Նա կարծես անհնար դարձրեց այն, որ Եհովան ասի՝ «Օմեգա»։ Սատանան գուցե մտածում էր, թե Եհովան իրավիճակը փրկելու տարբերակ չունի։ Եթե Աստված Ադամին ու Եվային մահվան մատներ և մարդկությանն առնչվող իր նպատակն իրագործելու համար մեկ ուրիշ կատարյալ զույգ ստեղծեր, Սատանան նրան կմեղադրեր ստախոս լինելու մեջ։ Ինչո՞ւ։ Քանի որ ինչպես գրված է Ծննդոց 1։28-ում, Եհովան Ադամին ու Եվային ասել էր, որ նրանց սերունդներն էին լցնելու երկիրը։
16. Ինչո՞ւ Սատանան գուցե մտածեր, որ կարող է Աստծուն մեղադրել ձախողակ լինելու մեջ։
16 Սատանան գուցե նաև մտածում էր, որ Եհովան թույլ կտա Ադամին ու Եվային անկատար ժառանգներ ունենալ, որոնք երբեք չէին կարողանա կատարյալ դառնալ (Ժող. 7։20; Հռոմ. 3։23)։ Եթե այդպես լիներ, Սատանան, անկասկած, կմեղադրեր նրան ձախողման մեջ, քանի որ այդպես չէր իրականանա դրախտային երկիրը Ադամի ու Եվայի կատարյալ և հնազանդ սերունդներով լցնելու Աստծու նպատակը։
17. Երբ Սատանան և առաջին մարդկային զույգը ըմբոստացան, Եհովան ի՞նչ լուծում տվեց այդ խնդրին, և ի՞նչ կլինի վերջնական արդյունքում (տես նաև նկարը)։
17 Այնուամենայնիվ, Եհովան Սատանայի ու առաջին մարդկային զույգի ըմբոստությանը այնպիսի լուծում տվեց, որը թերևս ապշեցրեց Սատանային (Սաղ. 92։5)։ Թույլ տալով, որ Ադամն ու Եվան երեխաներ ունենան՝ Եհովան ոչ միայն ստախոս դուրս չեկավ, այլև փաստեց, որ իր խոստումները միշտ իրականանում են։ Եհովան ցույց տվեց, որ ոչինչ չի կարող խոչընդոտել իր նպատակի իրականացմանը։ Նա հավաստիացրեց, որ իր խոստումը կկատարվի՝ հայտնելով այն մասին, որ մի «սերունդ» է առաջ բերելու, որը փրկագնելու է Ադամի ու Եվայի հնազանդ ժառանգներին (Ծննդ. 3։15; 22։18)։ Ակներևաբար, Սատանան այդպիսի լուծում չէր սպասում։ Ինչո՞ւ։ Քանի որ Եհովայի այդ որոշումը անեսասեր սիրուց էր բխում, հատկություն, որն անհամատեղելի է Սատանայի եսասեր էության հետ (Մատթ. 20։28; Հովհ. 3։16)։ Իսկ ի՞նչ է իրագործվելու փրկագնի շնորհիվ։ Հազարամյակի վերջում Ադամի ու Եվայի կատարյալ և հնազանդ ժառանգները հավիտյան կապրեն դրախտային երկրի վրա, ճիշտ ինչպես Աստված ի սկզբանե նպատակադրել էր։ Այդ ժամանակ Եհովան կարծես կասի՝ «Օմեգա»։
ԱՄՐԱՑՐՈՒ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԴ ԵՀՈՎԱՅԻ ԽՈՍՏՄԱՆ ՀԱՆԴԵՊ
18. Ի՞նչ երեք հիմնավոր պատճառ է Եհովան տվել, որպեսզի հավատանք իր խոստմանը (տես նաև «Աստծու խոստմանը հավատալու երեք պատճառ» շրջանակը)։
18 Հաշվի առնելով մեր քննարկածը՝ վստահություն ներշնչող ի՞նչ մտքեր կարող ենք փոխանցել այն մարդկանց, ովքեր կասկածում են, որ դրախտի վերաբերյալ Աստծու նպատակը կիրականանա։ Նախ՝ Եհովան անձամբ է տվել այդ խոստումը։ «Հայտնություն» գրքում կարդում ենք. «Նա, որ նստած էր գահին, ասաց. «Ահա ամեն բան նոր եմ անում»»։ Այս խոստումը իրականացնելու համար նա ունի անհրաժեշտ իմաստություն, ուժ և ցանկություն։ Երկրորդ՝ այդ նպատակի իրագործումն այնքան հաստատ է, որ Եհովան այն արդեն իրականացած է համարում։ Ահա թե ինչու է նա ասում. «Այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ.... Կատարվեցի՛ն»։ Եվ երրորդ՝ երբ Եհովան ինչ-որ գործ է սկսում, հաջողությամբ ավարտին է հասցնում այն, ինչպես դա երևում է հետևյալ խոսքերից. «Ես եմ Ալֆան և Օմեգան»։ Այո՛, Եհովան կապացուցի, որ Սատանան ստախոս և ձախողակ է։
19. Ի՞նչ կարող ենք անել, երբ մարդիկ կասկածի տակ են դնում դրախտի վերաբերյալ Աստծու խոստումը։
19 Հիշիր՝ ամեն անգամ, երբ ծառայության մեջ ինչ-որ մեկին հայտնում ես, թե Աստված իր նպատակները իրականացնելու համար ինչ երաշխիքներ է տվել, Աստծու խոստումների հանդեպ քո իսկ վստահությունն ես ամրացնում։ Ուստի երբ քարոզելիս Հայտնություն 21։4-ից կարդաս ապագա դրախտի վերաբերյալ սիրտ ջերմացնող խոստումը, և ինչ-որ մեկն ասի՝ «Լավ բան եք ասում, բայց իրատեսական չէ», կարող ես նրա համար կարդալ 5-րդ և 6-րդ համարները և բացատրել, թե ինչպես է Եհովան երաշխավորել իր խոստումը՝ ասես իր ստորագրությունը դնելով այդ խոսքերի վերջում (Ես. 65։16)։
ԵՐԳ 145 Աստծու խոստացած դրախտը
a Հոդվածում կխոսենք այն մասին, թե Եհովան ինչպես է երաշխավորում դրախտի վերաբերյալ իր խոստման կատարումը։ Ամեն անգամ, երբ մարդկանց պատմում ենք այս մասին, Եհովայի խոստումների հանդեպ մեր վստահությունը մեծանում է։