Ձեզ սրտանց հրավիրում ենք
ՀԱՎԱՆԱԲԱՐ անցել եք Եհովայի վկաների Թագավորության սրահի կողքով։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է տեղի ունենում ներսում։ Գիտեի՞ք, որ Թագավորության սրահի դռները բաց են բոլորի առջև։
Սակայն գուցե ձեզ հետաքրքրի, թե ինչու են Եհովայի վկաները միասին հավաքվում։ Ի՞նչ են անում հանդիպումների ժամանակ։ Իսկ այդ հանդիպումների մասին ի՞նչ են ասում այցելուները, ովքեր Եհովայի վկա չեն։
«Ժողովիր ժողովուրդը»
Հին ժամանակներից ի վեր մարդիկ հավաքվել են Աստծուն երկրպագելու և նրա մասին սովորելու համար։ Գրեթե 3 500 տարի առաջ իսրայելացիներին պատվեր տրվեց. «Ժողովիր ժողովուրդը՝ մարդիկը եւ կանայքը, եւ տղերքը եւ քո օտարականը, որ քո դռներումն է, որ լսեն, եւ որ սովորեն եւ ձեր Եհովայ Աստուածանից վախենան, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահեն եւ կատարեն» (Բ Օրինաց 31։12)։ Իսրայելում բոլորը՝ տարեց թե երիտասարդ, սովորում էին երկրպագել ու հնազանդվել Եհովա Աստծուն։
Դարեր անց, երբ կազմավորվեց քրիստոնեական ժողովը, հանդիպումները շարունակեցին մնալ ճշմարիտ երկրպագության կարևոր մասը։ Պողոս առաքյալը գրեց. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որպեսզի սիրո և բարի գործերի խրախուսենք, և իրար հետ միասին հավաքվելը չթողնենք, ինչպես ոմանք սովորություն ունեն, այլ քաջալերենք միմյանց» (Եբրայեցիներ 10։24, 25)։ Ինչպես ընտանիքի անդամներն են ավելի մտերմանում, երբ միասին ժամանակ են անցկացնում, այնպես էլ Աստծուն ծառայողների միջև սիրո կապերն են ամրանում, երբ հավաքվում են միասին՝ Աստծուն երկրպագելու համար։
Հետևելով սուրբգրային այս օրինակներին՝ Եհովայի վկաները շաբաթը երկու անգամ հավաքվում են միասին։ Հանդիպումները օգնում են ներկաներին հասկանալու, գնահատելու և կիրառելու Աստվածաշնչի սկզբունքները։ Գրեթե ամենուր ծրագիրը նույնն է, և յուրաքանչյուր հանդիպում ունի հոգևոր մի նպատակ։ Հանդիպումներից առաջ և հետո ներկաները «փոխադարձ քաջալերություն» են ստանում շինիչ զրույցներից (Հռոմեացիներ 1։12)։ Իսկ ի՞նչ է քննարկվում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ։
Հանրային ելույթ
Առաջին հանդիպումը, որին սովորաբար հրավիրվում են բոլորը, հանրային ելույթն է։ Այն անցկացվում է հիմնականում շաբաթ–կիրակի օրերին։ Հիսուս Քրիստոսը հաճախ էր հանրային ելույթներ ունենում, այդպիսի ելույթներից է օրինակ՝ Լեռան քարոզը (Մատթեոս 5։1; 7։28, 29)։ Պողոս առաքյալը նույնպես հանրային ելույթ ներկայացրեց աթենացիների առաջ (Գործեր 17։22–34)։ Այս հանդիպման նախատիպն ունենալով՝ Եհովայի վկաները հանրային ելույթներ են կազմակերպում։
Հանդիպումը սկսվում է «Երգով փառաբանենք Եհովային»a գրքի երգերից մեկով։ Բոլոր ցանկացողները հրավիրվում են կանգնած երգելու։ Կարճ աղոթքից հետո հռետորը ներկայացնում է 30 րոպե տևողությամբ ելույթ (տե՛ս «Գործնական ելույթներ» շրջանակը)։ Ելույթը հիմնված է Աստվածաշնչի վրա։ Հռետորը հաճախ է հրավիրում ունկնդիրներին բացել Աստվածաշնչի համարները և հետևել ընթերցանությանը։ Ուստի դուք կարող եք ձեզ հետ բերել Աստվածաշնչի ձեր օրինակը, իսկ եթե չունեք, Եհովայի վկաներից մեկը ձեզ սիրով Աստվածաշունչ կտա։
«Դիտարանի» ուսումնասիրություն
Եհովայի վկաների շատ ժողովներում հանրային ելույթին հաջորդում է «Դիտարանի» ուսումնասիրությունը, որը տևում է մեկ ժամ։ Հարց ու պատասխանով քննարկվում է Աստվածաշնչի վրա հիմնված որևէ նյութ։ Այս հանդիպմանը ներկա գտնվողներին հորդոր է տրվում հետևելու Պողոս առաքյալի օրերում ապրող բերիացիների օրինակին, ովքեր «մեծ հոժարամտությամբ ընդունեցին խոսքը և ամեն օր ուշադիր քննում էին Գրությունները» (Գործեր 17։11)։
«Դիտարանի» ուսումնասիրությունը սկսվում է երգով։ Քննարկվող նյութը և հարցերը տպագրված են այս հրատարակության ուսումնասիրության թողարկման մեջ։ Եհովայի վկաները այդ պարբերագրից մեկ օրինակ կտան ձեզ։ Վերջին ժամանակներում քննարկվել են հետևյալ թեմաները՝ «Ծնողնե՛ր, սիրո՛վ կրթեք ձեր երեխաներին», «Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք» և «Ինչու է տառապանքի վերջը մոտ»։ Թեև հանդիպումն անցկացվում է հարց ու պատասխանով, սակայն ունկնդիրները քննարկմանը մասնակցում են ըստ ցանկության։ Հիմնականում պատասխանում են նրանք, ովքեր նախապես ծանոթացել են նյութին ու կարդացել են Աստվածաշնչի համարները։ Հանդիպումն ավարտվում է երգով և աղոթքով (Մատթեոս 26։30; Եփեսացիներ 5։19)։
Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
Ամեն շաբաթ Եհովայի վկաները կրկին հավաքվում են Թագավորության սրահում, որպեսզի մասնակցեն երեք մասից բաղկացած մի ծրագրի, որը տևում է 1 ժամ 45 րոպե։ Ծրագրի առաջին մասը Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպումն է, որը տևում է 25 րոպե։ Այն օգնում է ունկնդիրներին ավելի լավ ծանոթանալու իրենց Աստվածաշնչին, փոխելու իրենց մտածելակերպն ու վերաբերմունքը և դառնալու Քրիստոսի արժանի հետևորդներ (2 Տիմոթեոս 3։16, 17)։ Այս հանդիպումը նույնպես անցկացվում է հարց ու պատասխանով, քննարկումը հիմնված է Աստվածաշնչի վրա։ Ցանկացողները մեկնաբանություններ են տալիս։ Այս հանդիպմանը սովորաբար ուսումնասիրվում է որևէ գիրք կամ գրքույկ՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։
Ինչո՞ւ է Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն օգտագործվում։ Հին ժամանակներում իսրայելացիները չէին բավարարվում միայն Աստծու Խոսքը կարդալով։ Նէեմիա 8։8–ում գրված է. «Բացատրութիւն տալով հասկացնում էին կարդացածը»։ Վերջին տարիներին «Եսայիա», «Դանիէլ» և «Հայտնություն» գրքերի ուսումնասիրությունը շատերին է օգնել ավելի խորությամբ հասկանալու Աստվածաշունչը։
Աստվածապետական ծառայության դպրոց
Հանդիպման հաջորդ մասը Աստվածապետական ծառայության դպրոցն է։ 30 րոպե տևողությամբ այս հանդիպումը օգնում է քրիստոնյաներին բարելավվելու իրենց «սովորեցնելու արվեստը» (2 Տիմոթեոս 4։2)։ Հավանաբար ձեր երեխան կամ ընկերը հարցրել է Աստծու կամ Աստվածաշնչի մասին, և դուք դժվարացել եք պատասխանել։ Աստվածապետական ծառայության դպրոցի օգնությամբ կիմանաք, թե ինչպես կարող եք այդպիսի հարցերին Աստվածաշնչի վրա հիմնված պատասխաններ տալ։ Դուք էլ կզգաք այն, ինչ զգաց Եսայիա մարգարեն. «Տէր Եհովան ինձ ուսումնավարժ լեզու է տուել, որ գիտենամ վաստակածին օգնել խօսքով» (Եսայիա 50։4)։
Աստվածապետական ծառայության դպրոցը սկսվում է Աստվածաշնչի մի քանի գլուխների վրա հիմնված ելույթով։ Բոլոր ներկաները նախորդ շաբաթվա ընթացքում պետք է կարդացած լինեն Աստվածաշնչի այդ հատվածը։ Ելույթի վերջում հռետորը հրավիրում է ունկնդիրներին հակիրճ մեկնաբանություններ տալ իրենց կարդացած համարների վերաբերյալ և ասել, թե ինչ օգուտ են քաղել ընթերցանությունից։ Այս քննարկումից հետո դպրոցում սովորողները ներկայացնում են իրենց առաջադրանքները։
Դպրոցում սովորողներին հանձնարարվում է Աստվածաշնչի մի հատված կարդալ բեմից կամ ցուցադրման միջոցով ներկայացնել, թե ինչպես կարելի է աստվածաշնչային որևէ թեմայի շուրջ զրույց վարել։ Յուրաքանչյուր ելույթից հետո խորհրդատու եղբայրը գովում է նրանց և հիմնվելով «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գրքի վրա՝ ասում է, թե դասի որ կետերը նրանք լավ կիրառեցին։ Սակայն հետո նա առանձին կարող է խորհուրդ տալ, թե հետագայում ինչի վրա պետք է աշխատեն։
Ծրագրի այս մասը օգնում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բարելավել ընթերցելու, զրույց վարելու և սովորեցնելու ունակությունները։ Աստվածապետական ծառայության դպրոցն ավարտվում է Աստվածաշնչի որևէ համարի վրա հիմնված երգով, որից հետո սկսվում է Ծառայողական հանդիպումը։
Ծառայողական հանդիպում
Ծրագրի վերջին մասը Ծառայողական հանդիպումն է։ Ելույթների, ցուցադրումների, հարցազրույցների միջոցով և ունկնդիրների մասնակցությամբ ներկաները սովորում են, թե ինչպես կարող են Աստվածաշնչի ճշմարտությունները արդյունավետորեն ուսուցանել ուրիշներին։ Նախքան իր աշակերտներին քարոզելու ուղարկելը Հիսուսը հավաքեց նրանց և մանրամասն հրահանգներ տվեց (Ղուկաս 10։1–16)։ Դրանից հետո նրանք պատրաստ էին մարդկանց հետ խոսելու։ Հետո աշակերտները գալիս էին ու Հիսուսին հետաքրքիր դեպքեր էին պատմում (Ղուկաս 10։17)։ Նրանք նաև հաճախ իրար էին պատմում ծառայության մեջ տեղի ունեցած ոգևորիչ դեպքերը (Գործեր 4։23; 15։4)։
35 րոպե տևողությամբ այս հանդիպման ծրագիրը ընդգրկված է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում։ Վերջերս քննարկվել են հետևյալ թեմաները՝ «Երկրպագենք Եհովային ընտանյոք հանդերձ», «Ինչու ենք մենք կրկին ու կրկին այցելում», «Ընդօրինակիր Քրիստոսին քո ծառայության մեջ»։ Ծրագրի վերջում երգում են, իսկ ժողովի եղբայրներից մեկը ավարտում է հանդիպումը աղոթքով։
Ինչ են ասում այցելուները
Ժողովում այնպիսի մթնոլորտ է, որ բոլոր այցելուները իրենց անկաշկանդ են զգում։ Օրինակ՝ էնդրյուն Եհովայի վկաների մասին դրական կարծիք չուներ։ Սակայն երբ առաջին անգամ եկավ հանդիպման, նրան տպավորեց մարդկանց վերաբերմունքը։ Նա ասում է. «Բավականին հաճելի միջավայր էր։ Մարդիկ շատ ջերմ էին իմ հանդեպ»։ Իսկ 17–ամյա կանադացի Աշելը պատմում է. «Հանդիպումը հետաքրքիր էր, իսկ ծրագրին հետևելը հեշտ էր»։
Բրազիլացի Խոսեն ագրեսիվ մարդու հեղինակություն ուներ։ Չնայած դրան՝ նրան հրավիրեցին ներկա գտնվելու հանդիպումներից մեկին։ Նա պատմում է. «Թեև շատերը ճանաչում էին ինձ, սակայն ջերմորեն ողջունեցին»։ Իսկ ճապոնացի Ացուշին հիշում է. «Երբ առաջին անգամ գնացի Եհովայի վկաների հանդիպման, մի փոքր կաշկանդված էի։ Բայց հետո նրանց ընկերական վերաբերմունքից ինձ ազատ զգացի։ Նաև հասկացա, որ Եհովայի վկաները նորմալ մարդիկ են»։
Դուք հրավիրված եք
Վերոհիշյալ արձագանքները ցույց են տալիս, որ Եհովայի վկաների ժողովի հանդիպումներին հաճախելը և՛ հաճելի է, և՛ օգտակար։ Դուք կսովորեք Եհովա Աստծու մասին, իսկ Նա էլ Աստվածաշնչի օգնությամբ ձեզ կսովորեցնի «օգտակար եղողը» (Եսայիա 48։17)։
Եհովայի վկաների ժողովի հանդիպումների ժամանակ հանգանակություն չի լինում։ Կցանկանայի՞ք այցելել Թագավորության սրահ։ Ձեզ սրտանց հրավիրում ենք։
[ծանոթագրություն]
a Այս հոդվածում նշված բոլոր հրատարակությունները թողարկվել են Եհովայի վկաների կողմից։
[շրջանակ 21–րդ էջի վրա]
Գործնական ելույթներ
Հանրային ելույթները ընտրված են Աստվածաշնչի վրա հիմնված ավելի քան 170 տարբեր թեմաներից։ Ստորև բերված են դրանցից մի քանիսը.
◼ Էվոլյուցիա կամ ստեղծագործություն. նշանակություն ունի՞, թե ինչին եք հավատում
◼ Աստվածահաճո տեսակետ սեռական կյանքի և ամուսնության վերաբերյալ
◼ Երկիրը կործանողները կարժանանան Աստծու դատաստանին
◼ Ինչպե՞ս հաղթահարել խնդիրները
◼ Ամեն ինչ սահմանափակվում է ներկա կյանքո՞վ
[նկար 21–րդ էջի վրա]
Հանրային ելույթ
[նկար 21–րդ էջի վրա]
«Դիտարանի» ուսումնասիրություն
[նկարներ 22–րդ էջի վրա]
Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
[նկար 22–րդ էջի վրա]
Աստվածապետական ծառայության դպրոց
[նկար 23–րդ էջի վրա]
Ծառայողական հանդիպում