Լինենք հավատը պահողներից
«Հաւատքը կը պահենք՝ մեր հոգին փրկելու համար» (ԵԲՐԱՅԵՑԻՍ 10։39, ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.)։
1. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովայի յուրաքանչյուր հավատարիմ ծառայի հավատը արժեքավոր է։
ՀԱՋՈՐԴ անգամ, երբ այցելեք Եհովայի երկրպագուներով լի Թագավորության սրահը, մի պահ կանգ առեք և նայեցեք ձեր շուրջը։ Խորհեք այն մասին, թե ինչ տարբեր ձևերով են այդ մարդիկ դրսևորում իրենց հավատը։ Կտեսնեք Եհովային գուցե արդեն տասնամյակներ շարունակ ծառայող տարեց մարդկանց, երիտասարդների, որոնք ամենօրյա պայքար են մղում իրենց հասակակիցների գործադրած ճնշումների դեմ, ծնողների, ովքեր ջանք չեն խնայում աստվածավախ երեխաներ մեծացնելու համար։ Այնտեղ են ժողովի երեցներն ու ծառայողական օգնականները, որոնց ուսերին ընկած են բազում պատասխանատվություններ։ Այո՛, դուք կտեսնեք տարբեր տարիքի քույր–եղբայրների, ովքեր Եհովային ծառայելու համար հաղթահարում են ամեն տեսակ խոչընդոտ։ Որքա՜ն արժեքավոր է նրանցից յուրաքանչյուրի հավատը (Ա Պետրոս 1։7)։
2. Ինչո՞ւ Պողոսի՝ եբրայեցիներին ուղղված նամակի 10–րդ և 11–րդ գլուխներում նշված խորհուրդները օգտակար են նաև այսօր։
2 Անկատար մարդկանցից հազիվ թե որևէ մեկը Պողոս առաքյալից ավելի լավ հասկանար հավատի կարևորությունը։ Նա գրեց, որ իսկական հավատը կհասցնի ‘հոգու փրկության’ (Եբրայեցիս 10։39, ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.)։ Դրա հետ մեկտեղ, Պողոսը գիտեր նաև, որ այս անհավատ աշխարհում հավատը շարունակ հարձակումների ու վերացման սպառնալիքի տակ է գտնվելու։ Նա խորապես հետաքրքրված էր Երուսաղեմում և Հրեաստանում ապրող եբրայեցի քրիստոնյաներով, որոնք իրենց հավատը պահպանելու համար մշտական պայքարի մեջ էին։ Եկեք քննարկենք եբրայեցիներին ուղղված նամակի 10–րդ և 11–րդ գլուխներից առանձին հատվածներ և տեսնենք, թե Պողոսն ինչ միջոցներ օգտագործեց իր ընթերցողների հավատը զորացնելու նպատակով։ Քննարկման ընթացքում պարզ կդառնա, թե ինչպես կարելի է էլ ավելի ամրացնել մեր և մեր շուրջը գտնվողների հավատը։
Վստահություն ցուցաբերենք միմյանց հանդեպ
3. Եբրայեցիս 10։39 խոսքն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Պողոսը վստահություն ուներ իր հավատակից քույր–եղբայրների հանդեպ։
3 Մեր ուշադրությանը արժանի առաջին հանգամանքը Պողոսի՝ իր ընթերցողների հանդեպ ունեցած դրական տրամադրվածությունն է։ Նա գրում է. «Մենք, սակայն, Աստուծմէ երես դարձնողներէն չենք, որոնք կորուստի սահմանուած են. այլ հաւատքը կը պահենք՝ մեր հոգին փրկելու համար» (Եբրայեցիս 10։39, ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.)։ Պողոսն իր հավատարիմ հավատակիցների մասին լավն էր մտածում։ Նկատեք, որ համարում նա «մենք» բառն է օգտագործում։ Պողոսն արդար մարդ լինելով՝ բարձրից չէր նայում իր ընթերցողներին, որպես թե ինքն ավելի արդար էր նրանցից (համեմատեք Ժողովող 7։16)։ Դրա փոխարեն, ինքն էլ էր միանում նրանց։ Նա անկեղծորեն համոզված էր ու վստահ էր այն բանում, որ ինքը և իր հավատարիմ քրիստոնյա ընթերցողները հերոսաբար դիմագրավելու էին իրենց դիմաց ծառացող ահաբեկիչ արգելքները, մերժելու էին դեպի կորուստ տանող ճանապարհը և ապացուցելու էին, որ իրենք հավատը պահողներից են։
4. Պողոսն իր հավատակիցներին վստահելու ի՞նչ հիմնավոր պատճառներ ուներ։
4 Բայց ո՞րն էր Պողոսի վստահության հիմքը։ Մի՞թե նա չէր տեսնում եբրայեցի քրիստոնյաների սխալները։ Ինչ խոսք, որ տեսնում էր. չէ՞ որ նա օգնելու նպատակով կոնկրետ խորհուրդներ տվեց նրանց, որպեսզի հաղթահարեն իրենց հոգևոր թույլ կողմերը (Եբրայեցիս 3։12; 5։12—14; 6։4—6; 10։26, 27; 12։5)։ Համենայն դեպս, Պողոսն իր եղբայրներին վստահելու երկու հիմնավոր պատճառներ ուներ. նախ՝ ընդօրինակելով Եհովային՝ Պողոսը փորձում էր Աստծո ժողովրդին նայել Եհովա Աստծո տեսանկյունից։ Ուստի, սխալների վրա կենտրոնանալու փոխարեն, նա տեսնում էր նրանց լավ հատկանիշները և ապագայում դեպի լավը փոխվելու հակվածությունը (Սաղմոս 130։3; Ժողովող 5։1)։ Երկրորդ՝ Պողոսը ամուր հավատ ուներ սուրբ ոգու զորության հանդեպ։ Նա գիտեր, որ չկա մի այնպիսի խոչընդոտ կամ մարդկային թերություն, որ Եհովային խանգարի «զօրութեան գերազանցութիւնը» տալու Իրեն հավատարմորեն ծառայել ցանկացող յուրաքանչյուր քրիստոնյայի (Բ Կորնթացիս 4։7; Փիլիպպեցիս 4։13)։ Հետևաբար, իր քույր–եղբայրների նկատմամբ Պողոսի ունեցած վստահությունն անտեղի չէր։ Այն հիմնված չէր անիրական պատկերացումների կամ կույր լավատեսության վրա, այլ ուներ հաստատուն՝ սուրբգրային հիմք։
5. Վստահության հարցում ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին, և ի՞նչ բանի դա կնպաստի։։
5 Պողոսի ցուցաբերած վստահությունն, անկասկած, ոգևորիչ էր։ Երուսաղեմի և Հրեաստանի ժողովները մեծապես քաջալերվեցին նրա այդչափ խրախուսիչ խոսքերից։ Դա օգնեց եբրայեցի քրիստոնյաներին իրենց սրտերը լցնել հավատը պահելու վճռականությամբ՝ չնայած հրեադավան հակառակորդների խիստ արհամարհանքին և գոռոզ ու անտարբեր վերաբերմունքին։ Իսկ մենք կարո՞ղ ենք այսօր նման կերպով վարվել։ Հեշտ է ուրիշների մեջ միայն սխալները կամ թերություններն ու բնավորության տարօրինակ գծերը տեսնել (Մատթէոս 7։1—5)։ Մինչդեռ, իսկապես օգնած կլինենք միմյանց այն դեպքում, եթե նկատենք ու արժեքավորենք յուրաքանչյուրիս անզուգական հավատը։ Այս քաջալերիչ մոտեցումը կնպաստի մեր հոգևոր աճին (Հռովմայեցիս 1։11, 12)։
Աստծո Խոսքի հմտորեն գործածումը
6. Եբրայեցիս 10։38–ում արձանագրված խոսքերը գրելիս՝ Պողոսը ո՞ր աղբյուրից մեջբերում կատարեց։
6 Պողոսն իր հավատակիցների հավատն ամրապնդեց նաև՝ հմտորեն գործածելով Գրությունները։ Օրինակ՝ նա գրեց. «Արդ՝ իմ արդարը պիտի ապրի հաւատով. և եթէ մէկը երկմիտ է, իմ հոգին նրան չպիտի հաւանի» (Եբրայեցիս 10։38)։ Պողոսն այստեղ մեջբերեց Ամբակում մարգարեի գրքից։a Պողոսի ընթերցողներին՝ մարգարեական գրքերին քաջատեղյակ եբրայեցի քրիստոնյաներին, այս խոսքերը հավանաբար ծանոթ էին։ Եթե հաշվի առնենք, որ Պողոսի նպատակն էր մ.թ. 61–ին Երուսաղեմում և նրա շրջակայքում ապրող քրիստոնյաների հավատն ամրապնդելը, ապա Ամբակումի օրինակը շատ տեղին էր։ Իսկ ինչո՞ւ։
7. Ամբակումը ե՞րբ գրեց իր մարգարեությունը, և այդ օրերում Հրեաստանում ի՞նչ պայմաններ էին տիրում։
7 Ակներևաբար, Ամբակումն իր գիրքը գրել է Երուսաղեմի՝ մ.թ.ա. 607 թ. կործանումից երկու տասնամյակ առաջ։ Տեսիլքում մարգարեին երևում են քաղդեացիները (բաբելոնացիները)՝ «այն դառն ու արագընթաց ազգը»՝ Հուդայի երկրի վրա հարձակվելիս, Երուսաղեմը կործանելիս և, միաժամանակ, ազգերին ու ժողովուրդներին ոտնատակ անելիս (Ամբակում 1։5—11)։ Բայց այդ աղետը մարգարեացվել էր դեռևս Եսայիա մարգարեի օրերում՝ կատարվելիք դեպքերից ավելի քան մեկ հարյուրամյակ առաջ։ Ամբակումի օրերում Հովսիա աստվածավախ թագավորին հաջորդել էր Հովակիմը, և չարությունը կրկին տարածվել էր Հուդայում։ Վերջինս հալածում, անգամ սպանում էր Եհովայի անունից խոսողներին (Բ Մնացորդաց 36։5; Երեմիա 22։17; 26։20—24)։ Ուստի, զարմանալի չէ, թե Ամբակում մարգարեն ինչո՛ւ ցավով աղաղակեց. «Մինչեւ ե՞րբ, ով Տէր» (Ամբակում 1։2)։
8. Ինչո՞ւ Ամբակումի օրինակը կարող էր օգնել ինչպես առաջին դարի, այնպես էլ մեր օրերի քրիստոնյաներին։
8 Ամբակումը չգիտեր, թե Երուսաղեմի մոտալուտ կործանումը երբ էր գալու։ Եվ, ինչպես առաջին դարի քրիստոնյաներին հայտնի չէր հրեական իրերի համակարգի վերահաս վախճանի օրն ու ժամը, այնպես էլ մենք չգիտենք այն «օրն ու ժամը», երբ Եհովայի դատաստանը վրա կհասնի այս չար համակարգի վրա (Մատթէոս 24։36)։ Սակայն, ուշադրություն դարձնենք երկու մասից բաղկացած պատասխանին, որ Եհովան տվեց Ամբակումին։ Նախ՝ նա հավաստիացրեց, որ վախճանը գալու է ճիշտ ժամանակին։ Այն «չի ուշանայ»,— ասաց Եհովան, չնայած որ մարդկանց կարող էր թվալ, թե վախճանն ուշանում է (Ամբակում 2։3, ԷԹ)։ Ապա՝ Եհովան հիշեցրեց Ամբակումին. «Բայց արդարը իր հաւատքովը պիտի ապրէ» (Ամբակում 2։4)։ Ի՜նչ պարզ ու սիրալիր խոսքեր։ Գլխավոր հարցն այն չէ, թե վերջը ե՛րբ է գալու, այլ այն, թե շարունակո՞ւմ ենք արդյոք հավատով լի կյանքով ապրել։
9. Ինչպե՞ս եղավ, որ Եհովային հնազանդ ծառաներն ‘ապրեցին’ իրենց հավատարմության շնորհիվ ա) մ.թ.ա. 607–ին. բ) մ.թ. 66–ից հետո։ գ) Ինչո՞ւ է էական մեր հավատն ամրապնդելը։
9 Երբ մ.թ.ա. 607–ին Երուսաղեմը կործանվեց, Երեմիան, նրա գրագիր Բարուքը, Աբդիմելեքը և Ռեքաբյանց տան հավատարիմները Եհովայի ճշմարիտ խոստումների ականատեսները դարձան։ Նրանք ‘ապրեցին’՝ փրկվելով Երուսաղեմի վրա եկած սարսափելի կործանումից։ Իսկ ինչո՞ւ ‘ապրեցին’. քանի որ Եհովան նրանց վարձատրեց իրենց հավատարմության դիմաց (Երեմիա 35։1—19; 39։15—18; 43։4—7; 45։1—5)։ Պողոսի խորհուրդը՝ ուղղված առաջին դարի քրիստոնյաներին, նույնպես անպատասխան չմնաց. չէ՞ որ երբ հռոմեական զորքերը մ.թ. 66–ին պաշարեցին Երուսաղեմը և ապա առեղծվածային կերպով հեռացան, այդ քրիստոնյաները հավատարմորեն հնազանդվեցին անհապաղ փախչելու մասին Հիսուսի տված նախազգուշացմանը (Ղուկաս 21։20, 21)։ Նրանք ‘ապրեցին’ իրենց հավատարմության շնորհիվ։ Նմանապես մենք էլ ‘կապրենք’, եթե հավատարիմ գտնվենք մինչև վախճանի գալը։ Ուստի, սա իրոք որ ծանրակշիռ պատճառ է, որպեսզի մեր հավատը հիմա արդեն ամրապնդենք։
Կենդանի կերպով պատկերացնենք հավատի օրինակները
10. Պողոսն ինչպե՞ս նկարագրեց Մովսեսի հավատը, և ինչպե՞ս կարող ենք նման հավատ ձեռք բերել։
10 Պողոսն իր հավատակիցների հավատը զորացրեց՝ հաջող կերպով օգտագործելով օրինակները։ Բավական է կարդալ եբրայեցիներին ուղղված նամակի 11–րդ գլուխը, և կարելի է տեսնել, թե նա որքա՜ն կենդանի է ներկայացնում Աստվածաշնչում հանդիպող անձանց։ Օրինակ՝ նա գրում է, որ Մովսեսը «համբերեց՝ Անտեսանելուն տեսնողի պէս» (Եբրայեցիս 11։27, ԱԹ)։ Այլ կերպ ասած, Եհովան այնքան իրական էր Մովսեսի համար, որ նա կարծես թե տեսնում էր անտեսանելի Աստծուն։ Արդյոք նույն բանը կարո՞ղ ենք ասել մեզանից յուրաքանչյուրի համար։ Հեշտ է Եհովայի հետ փոխհարաբերություն ունենալու մասին խոսելը, սակայն այն հաստատելու և ամրապնդելու համար ջանքեր են հարկավոր. անհրաժեշտ է այս ուղղությամբ աշխատել։ Արդյո՞ք Եհովան այն աստիճան իրական է մեզ համար, որ որոշումներ կայացնելիս՝ նույնիսկ աննշան թվացող հարցերում, նրա կարծիքը հաշվի ենք առնում։ Այսպիսի հավատը կօգնի մեզ տոկալու անգամ ամենախիստ հակառակությանը։
11, 12. ա) Ենովքի հավատը ինչպիսի՞ հանգամանքներում փորձի ենթարկվեց։ բ) Ենովքը մխիթարական ի՞նչ պարգևի արժանացավ։
11 Նկատի առնենք նաև Ենովքի հավատի օրինակը։ Մեզ համար դժվար է պատկերացնել, թե ինչպիսի հակառակության նա հանդիպեց։ Ենովքը դատաստանի լուրն էր ազդարարում այն օրերի ամբարիշտ մարդկանց (Յուդա 14, 15)։ Այս հավատարիմ մարդու կյանքին սպառնացող հալածանքն այն աստիճանի դաժան ու սարսափելի էր, որ նա, մինչ թշնամիները կբռնեին նրան, Եհովայի կողմից ‘փոխադրվեց’՝ ուղղակի կենդանի վիճակից վերցվեց և մտավ մահվան քնի մեջ։ Հետևաբար, Ենովքին չհաջողվեց տեսնել իր հաղորդած մարգարեության կատարումը, սակայն նա արժանացավ մի պարգևի, որը նույնիսկ որոշ առումներով դրանից ավելի լավն էր (Եբրայեցիս 11։5, Արևմտ. Աստ.; Ծննդոց 5։22—24)։
12 Պողոսը շարունակում է բացատրել. «Անոր [Ենովքին] փոխադրուելէն առաջ վկայուեցաւ թէ Աստուծոյ հաճելի էր» (Եբրայեցիս 11։5, Արևմտ. Աստ.)։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Նախքան մահվան քնով ննջելը, Ենովքը, հավանաբար, ինչ–որ տեսիլք էր տեսել՝ գուցե տեսել էր այն դրախտային երկիրը, որտեղ ապագայում պիտի զարթներ։ Համենայն դեպս, իր տված տեսիլքով Եհովան հասկացրել էր Ենովքին, որ իրեն հաճելի է նրա հավատարիմ ընթացքը։ Ենովքը ուրախացրել էր Եհովա Աստծո սիրտը (համեմատեք Առակաց 27։11)։ Նրա կյանքի մասին մտածելիս մի՞թե մեր սիրտը հուզմունքով չի լցվում։ Չէի՞ր ցանկանա, արդյոք, ապրել նման հավատով։ Եթե այո, ապա ուրեմն խորհրդածիր նման օրինակների շուրջ և այդ հավատարիմ անհատներին քո երևակայության մեջ փորձիր պատկերացնել որպես իրական մարդիկ։ Վճռիր հավատով ապրել ամե՛ն օր։ Նաև հիշիր, որ հավատ պահողները Եհովային չեն ծառայում որևէ թվականի նայելով կամ Աստծո խոստումների իրականացման վրա ժամկետներ դնելով։ Ընդհակառակը, նրանք լի են Եհովային հավիտյա՛ն ծառայելու վճռականությամբ։ Այսպես ապրելը կյանքի լավագույն ուղին է ոչ միայն իրերի ներկա համակարգում, այլև ապագայում։
Ինչպես ամրապնդել հավատը
13, 14. ա) Պողոսի՝ Եբրայեցիս 10։24, 25–ում արձանագրված խոսքերն ինչպե՞ս են օգնում մեր հանդիպումներն ուրախալի իրադարձությունների վերածելու։ բ) Ո՞րն է քրիստոնեական ժողովներին հաճախելու հիմնական նպատակը։
13 Պողոսը եբրայեցի քրիստոնյաներին գրեց իրենց հավատն ամրացնելու մի շարք գործնական միջոցների մասին։ Եկեք քննարկենք դրանցից երկուսը։ Մեզ հավանաբար ծանոթ են Եբրայեցիս 10։24, 25–ի խոսքերը, որտեղ հորդորվում է բաց չթողնել քրիստոնեական ժողովի հանդիպումները։ Այստեղ հարկավոր է նկատի առնել, որ Պողոսի հորդորի նպատակն այն չէ, որ մենք ժողովներում լինենք պասսիվ դիտորդներ։ Հակառակը՝ Պողոսը հանդիպումները նկարագրում է որպես իրար լավ ճանաչելու, Եհովայի ծառայության մեջ միմյանց հորդորելու և խրախուսելու առիթներ։ Մեր հաճախելու նպատակը պետք է լինի ոչ միայն ստանալը, այլև՝ տալը։ Այսպիսի մոտեցում ունենալով՝ հանդիպումները մեզ համար ուրախալի իրադարձություններ են դառնում (Գործք 20։35)։
14 Սակայն, քրիստոնեական ժողովներին առաջին հերթին մենք հաճախում ենք Եհովային երկրպագելու նպատակով։ Սա իր մեջ բովանդակում է մեր միատեղ աղոթքներով ու երգերով, ուշադրությամբ լսելով ու «մեր շրթների պտուղը» մատուցելով, այսինքն՝ մեկնաբանություններով և ներկայացրած ելույթներով Եհովային ուղղված մեր փառաբանությունները (Եբրայեցիս 13։15)։ Եթե այս ամենը մտապահենք և յուրաքանչյուր հանդիպման ընթացքում դրանց համաձայն գործենք, անշուշտ, դրան զուգահեռ մեր հավատն էլ կամրապնդվի։
15. Պողոսն ինչո՞ւ էր հորդորում եբրայեցի քրիստոնյաներին պահել իրենց ծառայությունը, և ինչո՞ւ է այս խորհուրդը տեղին նաև մեր օրերում։
15 Հավատն ամրապնդելու միջոցներից է նաև քարոզելը։ Պողոսը գրեց. «Ամուր պահենք անխախտ յոյսի դաւանութիւնը, քանի որ հաւատարիմ է նա, ով խոստացաւ» (Եբրայեցիս 10։23)։ Ընդհանրապես, եթե նկատում ենք, որ ինչ–որ մեկի ձեռքում եղած իրը ուզում է վայր ընկնել, զգուշացնում ենք, որ այն ամուր պահի։ Վերոհիշյալ պարագայում Սատանան իրոք ճնշում էր բանեցնում եբրայեցի քրիստոնյաների վրա, որպեսզի թողնեին իրենց ծառայությունը, և այսօր նույն բանն անում է Աստծո ժամանակակից երկրպագուների հանդեպ։ Իսկ ի՞նչ կարելի է անել նման ճնշումներին դիմանալու համար։ Տեսնենք, թե ինչ արեց Պողոսը։
16, 17. ա) Որտեղի՞ց Պողոսին այդքան համարձակություն ծառայության մեջ։ բ) Ի՞նչ քայլեր է հարկավոր ձեռք առնել, եթե քրիստոնեական ծառայության որոշ ասպարեզներում երկյուղի զգացումը դժվարություններ է առաջ բերում։
16 Պողոսը թեսաղոնիկեցի քրիստոնյաներին գրեց. «Նախապէս չարչարուելով եւ անարգուելով Փիլիպպէում,— ինչպէս որ դուք էլ գիտէք,— մեր Աստուծով համարձակուեցինք պատմել ձեզ Աստծու Աւետարանը մեծ ընդդիմութեան հանդիպելով» (Ա Թեսաղոնիկեցիս 2։2)։ Ինչպե՞ս էին Պողոսն ու նրա ուղեկիցները ‘անարգվել’ Փիլիպպեում։ Որոշ գիտնականների կարծիքով՝ Պողոսի օգտագործած հունարեն բառը կրում է անպատվության, խայտառակության կամ անմարդկային վերաբերմունքի իմաստը։ Փիլիպպեի իշխանությունները քրիստոնյաներին գանահարել էին, բանտ նետել, ոտքերը կոճղի մեջ դրել (Գործք 16։16—24)։ Այս վերին աստիճանի դաժան փորձությունն ի՞նչ ազդեցություն թողեց Պողոսի վրա։ Մի՞թե Պողոսը վախով համակված ոտք դրեց իր միսիոներական ճանապարհորդության հաջորդ քաղաքը՝ Թեսաղոնիկե։ Ո՛չ, նա ‘համարձակվեց’, այսինքն՝ հաղթահարեց վախը և շարունակեց խիզախորեն քարոզել։
17 Իսկ նրան որտեղի՞ց այդքան համարձակություն. իրենի՞ց էր գալիս։ Ո՛չ, նա ասաց, որ ‘Աստծով համարձակվեց’։ Աստվածաշնչի թարգմանիչների համար նախատեսված մի ձեռնարկում նշվում է, որ վերոհիշյալ արտահայտությունը կարելի է հասկանալ հետևյալ կերպ. «Աստված հանեց վախը մեր սրտերից»։ Հետևաբար, եթե ծառայության ընթացքում կորցնում ես քաջությունդ կամ ծառայության որևէ ասպարեզում վախը քեզ դժվարություններ է պատճառում, այդ դեպքում ինչո՞ւ օգնության համար չդիմել Եհովային։ Խնդրիր նրան, որ երկյուղի զգացումը հանի քո սրտից։ Դիմիր, որպեսզի օգնի քեզ քարոզելու համար պետք եղած համարձակությունն ունենալ։ Բացի այդ, գործնական քայլեր ձեռնարկիր. պայմանավորվիր համագործակցել այնպիսի անհատի հետ, որը հմուտ է ծառայության հատկապես այն ասպարեզում, որտեղ դժվարություններ ես կրում. օրինակ՝ գործարար տարածքներում, փողոցում, ոչ պաշտոնական կամ հեռախոսով վկայություններ տալիս։ Գուցե սկզբում ուղեկիցդ նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի։ Իսկ դու հետևիր և սովորիր նրանից. հետզհետե արիացիր ու ինքդ փորձիր առաջինը սկսել։
18. Ի՞նչ օրհնություններ կունենանք, եթե մեր ծառայության մեջ համարձակություն դրսևորենք։
18 Պատկերացրու, թե քո կողմից քաջություն ցուցաբերելու արդյունքն ինչ կլինի։ Եթե նման ձևով հաստատակամորեն շարունակես և հուսահատությանը անձնատուր չլինես, ճշմարտությունը ուրիշների հետ բաժանելու գործում, հավանաբար, անակնկալ դեպքերի ականատես կդառնաս՝ դեպքեր, որոնք հակառակ պարագայում քեզ հետ, թերևս, չէին պատահի։ Դու բավարարվածության զգացումով կլցվես, իմանալով, որ այդ դժվարությունը հաղթահարելով, գոհացրել ես Եհովային։ Կզգաս, թե Եհովայի օրհնությամբ ու օգնությամբ ինչպես երկյուղդ կանհետանա։ Միաժամանակ կամրանա հավատդ։ Ինչ խոսք, երբ աշխատում ես զորացնել ուրիշների հավատը, արդյո՞ք միաժամանակ չի զորանում նաև քոնը (Յուդա 20, 21)։
19. Ի՞նչ թանկագին պարգև է սպասվում ‘հավատը պահողներին’։
19 Շարունակիր զորացնել քո և քո շրջապատում գտնվողների հավատը։ Դա հնարավոր է, եթե ամրապնդես ինքդ քեզ, նաև ուրիշներին՝ հմտորեն գործածելով Աստծո Խոսքը, եթե քննես և երևակայությանդ մեջ փորձես կենդանացնել Աստվածաշնչում տրված հավատի օրինակները, նախապատրաստվես քրիստոնեական ժողովներին և մասնակցես դրանց, ինչպես նաև ամուր պահես հանրային ծառայության թանկագին առանձնաշնորհումը։ Եթե այս ամենը կատարես՝ կարող ես վստահ լինել, որ ‘հավատ պահողներից’ ես։ Նաև չմոռանաս այն թանկագին պարգևի մասին, որը սպասվում է այդպիսի մարդկանց. չէ՞ որ հավատ պահողների ‘հոգիները փրկվելու են’։b Թող որ հավատդ շարունակի աճել, և Եհովա Աստված կպահպանի քո կյանքը հավիտյան։
[ծանոթագրություններ]
a Պողոսն այստեղ մեջ էր բերում Ամբակում 2։4–ի «Յոթանասնից» թարգմանությունից, որը պարունակում է «եթէ մէկը երկմիտ է, իմ հոգին նրան չպիտի հաւանի» արտահայտությունը։ Բայց վերջինս չի հանդիպում մեզ հասած եբրայերեն ձեռագրերից և ոչ մեկում։ Ոմանք այն կարծիքին են, որ «Յոթանասնից»–ը հիմնվել է եբրայերեն ավելի հին ձեռագրերի վրա, որոնք այլևս գոյություն չունեն։ Ամեն դեպքում, քանի որ Պողոսը տվյալ խոսքերը գրի է առել սուրբ ոգու ներշնչմամբ, ապա այն Աստծո հավանությունն ունի։
b Եհովայի վկաների 2000 թ. տարվա խոսքն է Եբրայեցիս 10։39–ը (ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.). «Մենք Աստուծմէ երես դարձնողներէն չենք.... այլ հաւատքը կը պահենք»։
Ինչպե՞ս կպատասխանես
• Պողոսն ինչպե՞ս վստահություն ցույց տվեց եբրայեցի քրիստոնյաների հանդեպ, և ի՞նչ կարող ենք սովորել դրանից։
• Ինչո՞ւ էր տեղին Ամբակումի մարգարեությունից Պողոսի արված մեջբերումը։
• Հավատի վերաբերյալ սուրբգրային ո՞ր օրինակները Պողոսը կենդանի կերպով ներկայացրեց։
• Պողոսը հավատն ամրապնդելու ի՞նչ գործնական միջոցներ առաջարկեց։
[նկար 15–րդ էջի վրա]
Փիլիպպեում անմարդկային վերաբերմունք կրելուց հետո, Պողոսը համարձակվեց շարունակել իր քարոզը։
[նկարներ 16–րդ էջի վրա]
Համարձակություն կունենա՞ս վկայություն տալու փորձեր կատարել ծառայության տարբեր ասպարեզներում։