Մոտեցեք Աստծուն
Արդարություն սիրող Աստված
ԵՐԲԵՎԷ արժանացե՞լ ես անարդար կամ դաժան վերաբերմունքի մեկի կողմից, ով չի զղջացել ու անպատիժ է մնացել։ Այդքան էլ հեշտ չէ հաշտվել անարդարացի վերաբերմունքի հետ, հատկապես եթե քեզ ցավ է պատճառել նա, ով պետք է սիրեր քեզ ու հոգ տաներ քո մասին։ Գուցե հարցնես. «Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ նման բաներ տեղի ունենան»a։ Ճշմարտությունն այն է, որ Եհովա Աստված ատում է անարդարությունը։ Նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, վստահեցնում է մեզ, որ Աստված կպատժի նրանց, ովքեր համառորեն հրաժարվում են ճիշտն անելուց։ Այս մասին կարող ենք կարդալ Եբրայեցիներ 10։26–31 համարներում։
Պողոս առաքյալը գրել է. «Եթե ճշմարտության ճշգրիտ գիտությունը ստանալուց հետո հոժար կամքով շարունակում ենք մեղք գործել, ապա մեղքերի համար այլևս զոհ չի մնում» (26–րդ համար)։ Նրանք, ովքեր միտումնավոր մեղք են գործում, դատապարտության են արժանի։ Ինչո՞ւ։ Առաջին՝ նրանք մեղք չեն գործում մեկ անգամ՝ թուլության պահին, մեղք, որը բոլորս էլ ժամանակ առ ժամանակ գործում ենք անկատարության պատճառով։ Նրանք շարունակաբար են մեղք գործում։ Երկրորդ՝ միտումնավոր կերպով են մեղանչում։ Ինչպես գրված է Աստվածաշնչի թարգմանություններից մեկում, այդ մարդիկ «չարություն են անում դիտավորյալ կերպով» («The Bible in Basic English»)։ Մեղք գործելու սովորության պատճառով չարությունը դառնում է նրանց էության մի մասը։ Երրորդ՝ նրանք մեղք չեն գործում անտեղյակ լինելու արդյունքում, քանի որ Աստծու կամքի ու նրա ճանապարհների մասին «ճշմարտության ճշգրիտ գիտությունը» ունեն։
Ինչպե՞ս է Աստված վերաբերվում չզղջացող, գիտակցաբար մեղք գործող անհատներին։ Պողոսը գրում է. «Մեղքերի համար այլևս զոհ չի մնում»։ Քրիստոսի զոհը, որը ծածկում է մեր մեղքերը, Աստծու կողմից պարգև է մարդկությանը (1 Հովհաննես 2։1, 2)։ Սակայն նրանք, ովքեր մեղք են գործում և չեն զղջում, ցույց են տալիս, որ իրենց համար ոչ մի արժեք չունի այդ թանկարժեք պարգևը։ Աստծու աչքում նրանք «ոտնակոխ են անում [իր] Որդուն և սովորական մի բան համարում ուխտի արյունը» (29–րդ համար)։ Իրենց բռնած ընթացքով նրանք արհամարհում են Հիսուսին։ Նրանց համար Հիսուսի արյունը «էժանագին մի բան» է, ինչպես որ անարժեք է անկատար մարդու արյունը («Ժամանակակից անգլերեն թարգմանություն»)։ Նման անշնորհակալ մարդիկ օգուտներ չեն ստանա Քրիստոսի զոհից։
Իսկ ի՞նչ կարող են ակնկալել այդպիսի մարդիկ։ Արդարության Աստվածը խոստացել է. «Վրեժխնդրությունը ի՛մն է։ Ե՛ս կհատուցեմ» (30–րդ համար)։ Ուստի նրանք, ովքեր շարունակաբար մեղք են գործում և ուրիշներին ցավ պատճառում, թող իմանան. ոչ ոք չի կարող գիտակցաբար արհամարհել Աստծու արդար օրենքները և անպատիժ մնալ։ Հաճախ նրանք քաղում են իրենց չար գործերի պտուղները (Գաղատացիներ 6։7)։ Եթե նույնիսկ չեն պատժվում հիմա, միևնույնն է, նրանք հաշիվ են տալու Աստծուն մոտ ապագայում, երբ նա երկիրը անարդարությունից մաքրի (Առակաց 2։21, 22)։ Պողոսը զգուշացնում է. «Սարսափելի բան է կենդանի Աստծու ձեռքն ընկնելը» (31–րդ համար)։
Եհովա Աստված չի ներում գիտակցաբար մեղք գործողներին։ Սա և՛ մխիթարական, և՛ քաջալերական միտք է հատկապես նրանց համար, ովքեր տառապում են չարության պատճառով։ Մենք վստահությամբ կարող ենք վրեժխնդրությունը թողնել Աստծուն, որը ատում է անարդարությունը։
[ծանոթագրություն]
a Թե ինչու է Աստված թույլ տվել տառապանքը, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը, էջ 106–114։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։