Ինչո՞ւ շատերը հավատ չունեն
Հավատը Աստծո ոգու պտուղն է, և Աստված իր ոգին սիրով տալիս է նրան, ով խնդրում է այն (Գաղ. 5։22; Ղուկ. 11։13)։ Ուստի կարելի է ասել, որ հավատ չունեցող մարդիկ չեն խնդրում այդ ոգին, իսկ եթե խնդրում էլ են, ապա սխալ նպատակներ հետապնդելով են դա անում և թույլ չեն տալիս, որ Աստծո ոգին որևէ ազդեցություն ունենա իրենց կյանքում։ Բայց կան որոշ գործոններ, որոնք նպաստում են սրան։
Ատվածաշնչի ճշգրիտ գիտության բացակայությունը։ Աստվածաշունչը Աստծո ոգու արդյունքն է, այն ներշնչված է Աստծուց (Բ Տիմոթ. 3։16, 17; Բ Թագ. 23։2)։ Իսկական հավատ զարգացնելու համար հարկավոր է Աստվածաշունչ ուսումնասիրել։ Եթե եկեղեցի հաճախողները նույնիսկ Աստվածաշունչ ունենան, բայց Աստծո Խոսքի փոխարեն ուսուցանված լինեն մարդկային գաղափարներով, նրանք չեն կարող իսկական հավատ ունենալ Աստծո և նրա նպատակների նկատմամբ։ Կյանքի խնդիրները լուծելու համար նրանք կապավինեն իրենց սեփական կամ գուցե ուրիշ մարդկանց գաղափարներին (համեմատեք Մատթէոս 15։3–9)։
Կրոնի հանդեպ հիասթափությունը։ Շատերը հիասթափություն են ապրել՝ տեսնելով այսօրվա քրիստոնեական եկեղեցիների կեղծավորությունը, որոնք պնդում են, թե Աստծո Խոսքն են ուսուցանում, բայց չեն ապրում նրա համաձայն։ Ուրիշներ էլ հարում են ոչ քրիստոնեական կրոնի, սակայն նրա թողած վատ հետևանքներն են կրում կամ էլ համոզվում, որ իրենց կրոնը իրականում չի օգնում հաղթահարելու կյանքի խնդիրները։ Չունենալով ճշմարիտ Աստծո մասին ճշգրիտ գիտություն՝ այսպիսի անհատները փախչում են կրոնի հետ կապ ունեցող ամեն ինչից (համեմատել Հռովմայեցիս 3։3, 4; Մատթէոս 7։21–23)։
Չգիտեն, թե Աստված ինչու է թույլատրում չարությունը։ Մարդկանց մեծամասնությունը չի իմանում, թե Աստված ինչու է թույլատրում չարությունը, ուստիև նրան են մեղադրում տեղի ունեցող ամեն վատ բանի համար։ Նրանք չեն հասկանում, որ մարդը հակված է չարիք գործելու ոչ թե այն պատճառով, որ Աստված է այդպես կամենում, այլ՝ որ Ադամից ժառանգել է մեղքը (Հռովմ. 5։12)։ Հնարավոր է՝ նրանք տեղյակ չեն Բանսարկու Սատանայի գոյության և ողջ աշխարհի վրա նրա թողած ազդեցության մասին, ուստի Սատանայի կատարած զազրելի գործերը Աստծուն են վերագրում (Ա Յովհ. 5։19; Յայտն. 12։12)։ Եթե գեթ որոշ չափով տեղեկություն ունենային այս բաների մասին, կհասկանային, որ Աստված երկայնամիտ է։ Եվ քանի որ նրանց համար պարզ չէ գերիշխանության հարցը, չեն ըմբռնում այն փաստը, որ Աստծո համբերությունը նրանց փրկության հնարավորություն է տալիս (Հռովմ. 2։4; Բ Պետ. 3։9)։ Նաև նրանք լիովին չեն գիտակցում, որ Աստված ժամանակ է սահմանել, երբ հավիտենապես բնաջնջելու է բոլոր չարագործներին (Յայտն. 22։10–12; 11։18; Ամբ. 2։3)։
Մարմնավոր ցանկությունների և մտածելակերպի վրա հիմնված ապրելակերպ։ Սովորաբար այն մարդիկ, ում մոտ բացակայում է հավատը, ինչը իմաստով կլցներ նրանց կյանքը, իրենց անձերը նվիրում են ուրիշ հետաքրքրություններ հետապնդելուն։ Ոմանք կարող է ասեն, թե հավատում են Աստվածաշնչին, բայց հնարավոր է երբեք ինչպես հարկն է չեն ուսումնասիրել այն։ Նրանք թերացել են խորհրդածել իրենց կարդացածի շուրջ՝ բարձրացնելով «ինչու» հարցը և փորձելով գտնել պատասխանը, կամ՝ մտածել, թե ինչպես կարելի է առօրյա կյանքում այն կիրառել (համեմատեք Ա Մնացորդաց 28։9)։ Որոշ հանգամանքներում նրանք չեն ջանացել պահպանել իրենց հավատը, այլ հակառակը, թույլ են տվել, որ անմաքուր ցանկությունները ղեկավարեն իրենց կյանքը, և այդպիսով հեռացել են Աստծուց ու նրա ճանապարհներից (Եբր. 3։12)։