Եհովան նրան կոչեց «իմ ընկեր»
«Դու, ո՛վ Իսրայել, իմ ծառան ես, դու, ո՛վ Հակոբ, որին ես ընտրել եմ, իմ ընկեր Աբրահամի սերունդն ես» (ԵՍ. 41:8)։
ԵՐԳ 91, 22
1, 2. ա) Որտեղի՞ց գիտենք, որ մարդիկ կարող են դառնալ Աստծու ընկերը։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
ՄԱՐԴՆ իր ողջ կյանքի ընթացքում ամենաշատը սիրո կարիք ունի։ Խոսքը ռոմանտիկ սիրո մասին չէ։ Մարդիկ միմյանց մտերմության և ջերմության կարիքն ունեն։ Բայց կա մեկը, որի սիրո կարիքը մենք ամենից շատ ունենք՝ Եհովա Աստծու։ Շատերի համար դժվար է պատկերացնել, որ հնարավոր է մտերիմ լինել Ամենակարող Աստծու հետ, որը անտեսանելի է։ Սակայն մենք գիտենք, որ դա միանգամայն հնարավոր է։
2 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ անկատար մարդիկ դարձել են Աստծու ընկերը։ Արժե խորհել նրանց օրինակների շուրջ, քանի որ Աստծու հետ մտերիմ լինելը մեր կյանքի կարևորագույն նպատակն է։ Այս հարցում հրաշալի օրինակ է Աբրահամը (կարդա Հակոբոս 2:23)։ Ինչպե՞ս նա մտերիմ փոխհարաբերություններ զարգացրեց Աստծու հետ։ Գլխավոր գործոնը նրա հավատն էր։ Աստվածաշունչը Աբրահամին կոչում է «բոլոր հավատ ունեցողների.... հայրը» (Հռոմ. 4:11)։ Եկեք տեսնենք, թե ինչպես նրա հավատը նպաստեց, որ դառնա Աստծու ընկերը։ Եվ յուրաքանչյուրս թող հարց տա իրեն. «Ինչպե՞ս կարող եմ ընդօրինակել Աբրահամի հավատը և ամրացնել Եհովայի հետ փոխհարաբերությունները»։
ԻՆՉՊԵՍ ԱԲՐԱՀԱՄԸ ԴԱՐՁԱՎ ԱՍՏԾՈՒ ԸՆԿԵՐԸ
3, 4. ա) Հավանաբար ո՞րն էր Աբրահամի ամենամեծ փորձությունը։ բ) Ինչո՞ւ էր Աբրահամը պատրաստ հնազանդվելու Իսահակին զոհաբերելու պատվերին։
3 Պատկերացրու՝ տարիքն առած Աբրահամը ծանր քայլերով բարձրանում է լեռն ի վեր։[1] Նրա հետևից բարձրանում է Իսահակը՝ նրա որդին, որը մոտ 25 տարեկան է։ Իսահակը ցախ է տանում, Աբրահամը՝ դանակ և կրակ վառելու պարագաներ։ Թերևս սա Աբրահամի կյանքում ամենադժվար ճամփորդությունն է։ Բայց խնդիրը տարիքը չէ։ Չնայած որ Աբրահամը մոտ 125 տարեկան է, ուժը դեռ տեղն է։ Եհովան պատվիրել է, որ նա զոհաբերի իր որդուն (Ծննդ. 22:1–8)։
4 Սա, հավանաբար, Աբրահամի հավատի ամենամեծ փորձությունն էր։ Ոմանք ասում են, թե Աստված դաժան է, որ Աբրահամին նման բան է պատվիրել, ոմանք էլ՝ թե Աբրահամը կուրորեն էր հնազանդվում և զուրկ էր բնական զգացմունքներից։ Այդ մարդիկ այս կարծիքին են, քանի որ հավատ չունեն և չգիտեն, թե ինչ է դա (1 Կորնթ. 2:14–16)։ Աբրահամը կուրորեն չէր հնազանդվում Աստծուն։ Ընդհակառակը՝ նա այդպես էր վարվում, քանի որ կարողանում էր տեսնել։ Անկեղծ հավատի աչքերով նա տեսնում էր, որ իր երկնային Հայրը՝ Եհովան, իր հավատարիմ ծառաներից երբեք այնպիսի բան չի պահանջում, ինչը հարատև վնաս կպատճառի նրանց։ Աբրահամը գիտեր, որ եթե հնազանդվի Աստծուն, ապա նա կօրհնի իրեն և իր սիրելի որդուն։ Ինչի՞ վրա էր հիմնված այդ հավատը. գիտելիքների և կյանքում տեղի ունեցած դեպքերի։
5. Ինչպե՞ս կարող էր Աբրահամը ճանաչած լինել Եհովային, և ի՞նչ ազդեցություն է դա ունեցել նրա կյանքում։
5 Գիտելիքներ։ Թեև Աբրահամը մեծացել է քաղդեացիների Ուր քաղաքում, որը մխրճված էր կռապաշտության մեջ, սակայն ճանաչում էր Եհովային։ Որտեղի՞ց կարող էր նա իմանալ Եհովայի մասին, եթե նրա հայրը՝ Թարան, նույնպես կուռքերի էր պաշտում (Հեսու 24:2)։ Աստվածաշունչը այս մասին հստակ ոչինչ չի ասում, սակայն նշում է, որ Աբրահամը Նոյի որդի Սեմի սերնդից էր՝ իններորդ սերունդը։ Սեմը, որը մեծ հավատի տեր մարդ էր, մահացել է, երբ Աբրահամը մոտ 150 տարեկան է եղել։ Մեզ հայտնի չէ՝ արդյոք Աբրահամը նրանից է իմացել Եհովայի մասին, թե ոչ։ Բայց կարելի է ենթադրել, որ Սեմը պատմած կլինի իր ընտանիքին Եհովայի մասին։ Այն ամենը, ինչ Աբրահամը լսել և իմացել է, հասել է իր սրտին. արդյունքում՝ նա սիրել և հավատացել է Աստծուն։
6, 7. Ո՞ր դեպքերը զորացրին Աբրահամի հավատը։
6 Դեպքեր։ Ի՞նչ տեղի ունեցավ Աբրահամի կյանքում, որը զորացրեց նրա հավատը Եհովայի հանդեպ։ Սովորաբար մտքերը առաջացնում են զգացմունքներ, իսկ զգացմունքները մղում են գործերի։ Այն ամենը, ինչ Աբրահամը իմացավ Աստծու մասին, առաջ բերեցին երկյուղածություն և անկեղծ հարգանք, քանի որ նա գիտակցեց, որ Եհովան «Բարձրյալ Աստվածն» է՝ «երկինքն ու երկիրը Ստեղծողը» (Ծննդ. 14:22)։ Աստվածաշունչը այդ զգացումը անվանում է «աստվածավախություն», որն անչափ կարևոր է Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու համար (Եբր. 5:7; Սաղ. 25:14)։ Հենց աստվածավախությունը մղեց Աբրահամին գործերի։
7 Տարիքն առած Աբրահամին և նրա կին Սառային Աստված պատվիրեց դուրս գալ Ուր քաղաքից և գնալ օտար երկիր։ Նրանք իրենց կյանքի մնացած օրերը անցկացնելու էին վրաններում։ Քանի որ Աբրահամն ու Սառան հնազանդվեցին Աստծուն, նա օրհնեց ու պաշտպանեց նրանց։ Օրինակ՝ Աբրահամը այնպիսի իրավիճակում հայտնվեց, որ վախեցավ, թե իր գեղեցիկ կնոջը կտանեն իր ձեռքից, իսկ իրեն կսպանեն։ Նրա վախերը անհիմն չէին, բայց նա թույլ չտվեց, որ դրանք խանգարեն իրեն հնազանդվել Աստծուն։ Ուստի Եհովան մի քանի անգամ միջամտեց և հրաշքով պաշտպանեց նրանց (Ծննդ. 12:10–20; 20:2–7, 10–12, 17, 18)։ Այս դեպքերը, ինչ խոսք, զորացրին Աբրահամի հավատը։
8. Ինչպե՞ս են գիտելիքները և հավատ զորացնող դեպքերը օգնում ամրացնելու մեր փոխհարաբերությունները Եհովայի հետ։
8 Կարո՞ղ ենք մենք էլ մտերմանալ Եհովայի հետ։ Իհա՛րկե։ Մենք ունենք Աստվածաշունչը, որտեղ կարդում ենք հավատ զորացնող բազմաթիվ դեպքեր և դրանց շնորհիվ ճանաչում ենք Եհովային։ Աբրահամը չուներ այն ամենը, ինչ մենք ունենք այսօր (Դան. 12:4; Հռոմ. 11:33)։ Աստծու Խոսքը լի է գանձերով, որոնք կարող են մեզ ավելի խոր գիտելիքներ տալ «երկինքն ու երկիրը Ստեղծողի» մասին, ինչն էլ օգնում է հարգանք և սեր զարգացնել նրա հանդեպ։ Երբ այս զգացմունքներից մղված հնազանդվում ենք Աստծուն, տեսնում ենք՝ ինչպես է նա պաշտպանում մեզ, օրհնում և զորացնում։ Համոզվում ենք, որ ամբողջ սրտով նրան ծառայելը ուրախության, բավարարվածության և խաղաղության զգացում է պարգևում (Սաղ. 34:8; Առակ. 10:22)։ Այո՛, ավելի շատ գիտելիքներ ձեռք բերելով և անձամբ տեսնելով, թե ինչպես է Եհովան պաշտպանում և օրհնում մեզ՝ մեր հավատը նրա հանդեպ էլ ավելի է զորանում, և էլ ավելի ենք մտերմանում նրա հետ։
ԱՄՈՒՐ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ
9, 10. ա) Ի՞նչ է անհրաժեշտ փոխհարաբերություններն ամրացնելու համար։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ Աբրահամը թանկ էր գնահատում և ամրացնում էր իր փոխհարաբերությունները Եհովայի հետ։
9 Ընկերությունը անգին գանձ է (կարդա Առակներ 17:17)։ Այն նման չէ թանկարժեք ծաղկամանի, որն օգտագործվում է պարզապես դեկորացիայի համար։ Ընկերությունն ավելի շատ նման է գեղեցիկ ծաղկի, որին անհրաժեշտ է ջուր և խնամք, որպեսզի շարունակ փարթամանա ու ծաղկի։ Աբրահամը թանկ էր գնահատում Եհովայի հետ իր ընկերությունը և ամեն բան անում էր այն պահպանելու համար։ Իսկ ինչպե՞ս։
10 Աբրահամը երբեք չմտածեց, թե բավական է՝ ինչքան աստվածավախություն և հնազանդություն է դրսևորել։ Երբ նա իր մեծ ընտանիքով ճամփորդում էր դեպի Քանան, շարունակում էր հետևել Եհովայի առաջնորդությանը իր բոլոր որոշումներում՝ մեծ թե փոքր։ Իսահակի ծնվելուց մեկ տարի առաջ, երբ Աբրահամը 99 տարեկան էր, Եհովան պահանջեց, որ նրա տան բոլոր տղամարդիկ թլփատվեն։ Արդյո՞ք Աբրահամը հարցականի տակ դրեց այդ պատվերը կամ արդարացում գտավ չհնազանդվելու համար։ Ո՛չ, նա վստահեց Եհովային և «հենց նույն օրը» նրա ասածի պես արեց (Ծննդ. 17:10–14, 23)։
11. Ինչո՞ւ էր Աբրահամը անհանգստանում Սոդոմ և Գոմոր քաղաքների համար, և ինչպե՞ս Եհովան փարատեց նրա մտահոգությունները։
11 Քանի որ Աբրահամը սովորություն էր դարձրել նույնիսկ փոքր հարցերում հնազանդվել Եհովային, նրանց ընկերությունը ավելի էր ամրանում։ Նա ազատ բացում էր իր սիրտը Եհովայի առաջ և օգնություն էր խնդրում, երբ խրթին հարցերի առաջ էր կանգնում։ Օրինակ՝ երբ նա իմացավ, որ Աստված ուզում է բնաջնջել Սոդոմ և Գոմոր քաղաքները, անհանգստացավ, որ հանկարծ արդար մարդիկ չարագործների հետ միասին չկործանվեն։ Հնարավոր է՝ Աբրահամը մտածում էր իր եղբորորդի Ղովտի և նրա ընտանիքի մասին, որոնք ապրում էին Սոդոմում։ Նա վստահում էր Աստծուն՝ «ողջ երկրի Դատավորին», ուստի խոնարհությամբ իր մտահոգությունները հայտնեց նրան։ Եհովան համբերությամբ ցույց տվեց Աբրահամին, թե որքան ողորմած է նա՝ կարդում է մարդկանց սրտերը և նույնիսկ դատաստան բերելիս փնտրում է, թե ում փրկի (Ծննդ. 18:22–33)։
12, 13. ա) Հետագայում ինչպե՞ս Աբրահամի գիտելիքներն ու տեղի ունեցած դեպքերը օգնեցին նրան։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ Աբրահամը լիովին վստահում էր Եհովային։
12 Անշուշտ, Աբրահամի գիտելիքներն ու կյանքում տեղի ունեցած յուրաքանչյուր դեպք օգնեցին իրեն պահպանելու Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերությունները։ Հետագայում, երբ Եհովան պատվիրեց նրան զոհաբերել Իսահակին, և նրա հավատը փորձվեց, նա կարող էր հիշել, թե ինչպիսի անձնավորություն է իր երկնային Ընկերը։ Այժմ մտովի վերադառնանք այն դրվագին, երբ Աբրահամը Իսահակի հետ բարձրանում էր լեռն ի վեր։ Արդյոք նա եզրակացրե՞լ էր, թե Եհովան հանկարծ փոխվել և դարձել է դաժան ու անողորմ։ Աբրահամի համար դա անհնարին էր։ Ինչո՞ւ ենք դրանում վստահ։
13 Աբրահամն իրեն ուղեկցող սպասավորներին ասաց. «Դուք այստեղ՝ էշի մոտ մնացեք, իսկ ես և տղան գնանք այնտեղ, երկրպագություն անենք ու վերադառնանք ձեզ մոտ» (Ծննդ. 22:5)։ Ի՞նչ նկատի ուներ նա։ Խաբո՞ւմ էր սպասավորներին՝ ասելով, թե Իսահակը կվերադառնա, երբ գիտեր, որ նրան զոհ է մատուցելու։ Ո՛չ։ Աստվածաշունչը հայտնում է, թե այդ ժամանակ ինչ էր մտածում նա (կարդա Եբրայեցիներ 11:19)։ Աբրահամը «մտածեց ու հասկացավ, որ Աստված կարող է նույնիսկ հարություն տալ նրան»։ Այո՛, նա հավատում էր հարությանը։ Չէ՞ որ Եհովան վերականգնել էր նրա ու Սառայի որդեծնության կարողությունը (Եբր. 11:11, 12, 18)։ Աբրահամը գիտակցում էր, որ Աստծու համար անհնարին բան չկա։ Այդ պատճառով վստահ էր, որ ինչ էլ պատահի այդ օրը, Եհովան Իսահակին՝ իր սիրելի որդուն, հարություն կտա, և նրա բոլոր նպատակները կիրականան։ Զուր չէ, որ Աբրահամը կոչվեց «բոլոր հավատ ունեցողների.... հայրը»։
14. Ի՞նչ դժվարություններ ես ունենում ծառայության մեջ, և ինչպե՞ս կարող է Աբրահամի օրինակը օգնել քեզ։
14 Այսօր Աստված նման բան չի պահանջում մեզանից։ Բայց նա ուզում է, որ մենք հնազանդվենք, նույնիսկ երբ իր պատվիրանները պահելը դժվար է մեզ համար կամ լիովին չենք հասկանում դրանց իմաստը։ Կարո՞ղ ես նշել մի բան, որ Աստված պատվիրել է անել, բայց դժվար է քեզ համար։ Օրինակ՝ ոմանց համար գուցե դա լինի քարոզչական ծառայությունը։ Թերևս նրանք ամաչկոտ են, ինչի պատճառով դժվար է մոտենալ անծանոթներին ու բարի լուրը հայտնել։ Ուրիշներն էլ գուցե չեն ուզում դպրոցում կամ աշխատանքի վայրում տարբերվել իրենց հասակակիցներից (Ելք 23:2; 1 Թեսաղ. 2:2)։ Երբևէ քեզ զգացե՞լ ես այնպես, ինչպես Աբրահամը. մտածե՞լ ես, թե քո ստացած հանձնարարությունը վեր է քո ուժերից։ Եթե այո, ապա հիշիր Աբրահամին, նրա դրսևորած քաջությունը և հավատը։ Հավատարիմ տղամարդկանց և կանանց օրինակների շուրջ խորհելը կմղի մեզ ընդօրինակելու նրանց և մտերմանալու Եհովայի հետ՝ դառնալով նրա ընկերը (Եբր. 12:1, 2)։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԲԵՐՈՒՄ
15. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աբրահամը երբեք չափսոսաց Եհովային նվիրված ու հնազանդ լինելու համար։
15 Աբրահամը երբևէ ափսոսա՞ց, որ նվիրված ու հնազանդ է եղել Եհովային։ Տեսնենք, թե ինչ է Աստվածաշունչն ասում նրա մասին. «Աբրահամը մահացավ խոր ծերության մեջ՝ տարիքն առած ու կյանքից բավարարված» (Ծննդ. 25:8)։ 175 տարեկանում Աբրահամի ուժը սպառվեց, բայց նա իր ապրած կյանքից բավականություն էր ստացել, քանի որ այդ կյանքի ուղին անցել էր իր Ընկերոջ՝ Եհովայի հետ։ Սակայն երբ կարդում ենք, որ Աբրահամը «տարիքն առած էր ու կյանքից բավարարված», դա չի նշանակում, թե նա այլևս չէր ուզում ապրել։
16. Ի՞նչ ուրախություն կապրի Աբրահամը դրախտում։
16 Աբրահամի մասին Աստվածաշնչում կարդում ենք. «Նա սպասում էր իսկական հիմքեր ունեցող քաղաքին, որի կառուցողն ու ստեղծողը Աստված է» (Եբր. 11:10)։ Աբրահամը հավատում էր, որ մի օր տեսնելու է այդ քաղաքը՝ երկրի վրա իշխող Աստծու Թագավորությունը։ Կարո՞ղ ես պատկերացնել Աբրահամի ուրախությունը դրախտում, երբ շարունակի իր ընկերությունը Աստծու հետ։ Իսկ որքա՜ն կոգևորվի, երբ իմանա, որ իր հավատի օրինակը հազարավոր տարիներ շարունակ օգնել է Եհովայի ծառաներին, և թե ինչի նախատիպն է եղել Իսահակին զոհաբերելու հետ կապված դեպքը (Եբր. 11:19)։ Նաև կիմանա, որ այն ցավը, որ ապրել է, երբ պատրաստվում էր զոհաբերել Իսահակին, օգնել է միլիոնավոր մարդկանց պատկերացնելու, թե ինչ է զգացել Եհովան իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին որպես փրկանք տալիս (Հովհ. 3:16)։ Աբրահամի օրինակը օգնում է բոլորիս թանկ գնահատելու փրկանքը՝ ամենամեծ սիրո դրսևորումը ողջ պատմության մեջ։
17. Ի՞նչ ես վճռել անել, և ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։
17 Թող որ յուրաքանչյուրս վճռի ընդօրինակել Աբրահամի հավատը։ Եթե շարունակենք ավելի լավ ճանաչել Եհովային և նվիրված ծառայենք նրան, անարատությամբ կքայլենք մեր կյանքի ուղով և կտեսնենք՝ ինչպես է նա օրհնում ու պաշտպանում մեզ (կարդա Եբրայեցիներ 6:10–12)։ Այո՛, թող որ Եհովան հավիտյան մեր Ընկերը լինի։ Հաջորդ հոդվածում կքննենք ևս երեք հավատարիմ մարդկանց օրինակներ, ովքեր Աստծու մտերիմ ընկերներն են եղել։
^ [1] (պարբերություն 3) Այս տղամարդու և նրա կնոջ անուններն էին Աբրամ և Սարա, բայց այս հոդվածում կօգտագործենք նրանց Աբրահամ և Սառա անունները, ինչպես որ Եհովան հետագայում անվանեց նրանց։