Կարո՛ղ եք դիմանալ մինչև վերջ
«Համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ» (Եբրայեցիս 12։1)։
1, 2. Ի՞նչ է նշանակում «համբերել»։
«ՁԵԶ համբերութիւն է պէտք»,— գրեց Պողոս առաքյալը առաջին դարի եբրայեցի քրիստոնյաներին (Եբրայեցիս 10։36)։ Ընդգծելով այս հատկության կարևորությունը՝ իր հերթին Պետրոս առաքյալն էլ հորդորեց քրիստոնյաներին հետևյալ խոսքերով. «Ձեր հաւատքին վրայ.... աւելցուցէք.... համբերութիւն» (Բ Պետրոս 1։5, 6, Արևմտ. Աստ.)։ Սակայն ի՞նչ է համբերությունը։
2 Հունարեն–անգլերեն մի բառարան «համբերել» թարգմանված հունարեն բայը այս կերպ է բացատրում՝ «մնալ՝ փախչելու փոխարեն.... տեղից չշարժվել, դիմանալ»։ «Համբերություն» բառի հունարեն տարբերակի վերաբերյալ մի աշխատության մեջ նշվում է. «Դա այն ոգին է, որը ոչ թե դժվարությունների հետ հաշտվելու պայմանով է դիմանում, այլ՝ բոցավառվող հույս ունենալով.... Դա մի հատկություն է, որի շնորհիվ մարդը կարողանում է քամու դեմ կանգնած մնալ։ Դա մի արժանիք է, որն ամենածանր փորձությունը հաղթանակի է վերածում, որովհետև ցավի ետևում տեսանելի է դարձնում նպատակը»։ Ուստի, նեղություններ ու զրկանքներ կրելիս, համբերությունը տոկալու և հուսահատության մեջ չընկնելու զորություն է տալիս։ Իսկ հատկապես ո՞վ այս հատկության կարիքն ունի։
3, 4. ա) Ո՞ւմ է համբերություն անհրաժեշտ։ բ) Ինչո՞ւ պետք է համբերենք մինչև վերջ։
3 Բոլոր քրիստոնյաները այլաբանական իմաստով մի մրցավազք են անցնում, որտեղ համբերություն՝ տոկունություն է հարկավոր։ Մ.թ. մոտ 65 թ.–ին Պողոս առաքյալը հավատ ներշնչող հետևյալ խոսքերը գրեց իր համագործակից Տիմոթեոսին. «Պատերազմեցի բարի պատերազմը, աւարտեցի ընթացքս, պահեցի հաւատը» (Բ Տիմոթէոս 4։7)։ Ասելով, թե՝ «աւարտեցի ընթացքս», Պողոսը, որպես քրիստոնյա, իր կյանքը համեմատում էր ելակետ և վերջնակետ ունեցող մրցավազքի հետ։ Այդ ժամանակ Պողոսը հաղթանակած մոտենում էր վերջնակետին՝ նայելով իր պարգևին։ «Եւ հիմա,— շարունակում է նա,— ինձ է սպասում արդարութեան պսակը, որը, որպէս հատուցում, ինձ պիտի տայ Տէրը՝ արդար Դատաւորը, այն օրը» (Բ Տիմոթէոս 4։8)։ Անկասկած, Պողոսը գիտեր, որ ստանալու է իր պարգևը, որովհետև համբերել էր մինչև վերջ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։
4 Այդ մրցավազքը սկսած քրիստոնյաներին քաջալերելու համար Պողոսը գրեց. «Համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ» (Եբրայեցիս 12։1)։ Քրիստոնյաների մրցավազքը սկսվում է այն օրվանից, երբ Հիսուս Քրիստոսի միջոցով նվիրվում են Եհովա Աստծուն։ Քրիստոսի աշակերտը դառնալու համար ընթացքի հաջող սկիզբն, ինչ խոսք, կարևոր է, սակայն, վերջին հաշվով, էական դեր է խաղում այդ ընթացքի ավարտը։ Հիսուսն ասաց. «Ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի» (Մատթէոս 24։13)։ Մրցավազքը հաջողությամբ ավարտողների մրցանակը հավիտենական կյանքն է։ Քանի որ մենք էլ նպատակակետ ունենք մեր առջևում, հետևաբար, մե՛նք էլ պիտի համբերենք։ Իսկ ի՞նչը կօգնի մեզ հասնել այդ նպատակակետին։
Անհրաժեշտ, պատշաճ սննդակարգ
5, 6. ա) Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել կյանքի մրցասպարեզում համբերելու համար։ բ) Ի՞նչ հոգևոր միջոցառումներից պետք է օգտվենք և ինչո՞ւ։
5 Հունաստանի Կորնթոս քաղաքին մոտ գտնվող մի վայրում անց էին կացվում հին հունական ազգային հանրահայտ խաղերը՝ Իսթմոսի մրցությունները։ Ամենայն հավանականությամբ, Պողոսը գիտեր, որ կորնթացի եղբայրներին քաջ ծանոթ էին այդ մրցումները։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Պողոսը հիշեցրեց նրանց իրենց սկսած մրցավազքի մասին. «Չգիտէ՞ք, թէ նրանցից, որ ասպարէզում վազում են, – թէեւ բոլորն են վազում, – միայն մէկն է առնում յաղթութեան մրցանակը։ Այնպէս վազեցէք, որ հասնէք դրան»։ Պողոսը շեշտեց ասպարեզում հարատևելու կարևորությունը։ Սակայն այդ հարցում ի՞նչ բան կարող էր օգնել նրանց։ «Ով մրցում է, ամէն ինչում ժուժկալ է լինում»,— ավելացրեց նա։ Այո՛, հնագույն խաղերի մասնակիցները ջանադրաբար մարզվում էին՝ մանրակրկիտ կերպով հետևելով իրենց սննդակարգին, թե ի՛նչ են ուտում և խմում. նրանք այնպես էին կարգավորում իրենց մնացած գործերը, որպեսզի անպայման հաղթանակ տանեին (Ա Կորնթացիս 9։24, 25)։
6 Իսկ ի՞նչ կարելի է ասել քրիստոնյաների սկսած մրցավազքի մասին։ «Եթե ուզում ենք համբերել կյանքի մրցասպարեզում, պետք է ուշադրություն դարձնենք մեր հոգևոր սննդակարգին»,— բացատրում է Եհովայի վկաների ժողովներից մեկում ծառայող մի երեց։ Նկատի առեք, թե ինչ հոգևոր սննդով է մեզ ապահովում «համբերութեան.... Աստուած» Եհովան (Հռովմայեցիս 15։5)։ Հոգևորապես սնվելու մեր հիմնական աղբյուրը Աստծո Խոսքն է՝ Աստվածաշունչը։ Պետք չէ՞ արդյոք հետևել Աստվածաշնչի ընթերցանության կանոնավոր գրաֆիկին։ «Հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» միջոցով Եհովան ժամանակին հայթայթում է «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը և Աստվածաշնչի վրա հիմնված ուրիշ գրականություններ (Մատթէոս 24։45)։ Դրանց ջանադիր ուսումնասիրությունը հոգևոր առումով շատ կազդուրիչ է մեզ համար։ Այո՛, պետք է ‘ժամանակը ծախու առնենք’ և հատկացնենք մեր անձնական ուսումնասիրությանը (Եփեսացիս 5։16, Արևմտ. Աստ.)։
7. ա) Ինչո՞ւ չպետք է բավարարվենք քրիստոնեական նախնական գիտելիքներով։ բ) Ինչպե՞ս կարող ենք գալ «չափահասներին սահմանուած ուսուցմանը»։
7 Որպեսզի քրիստոնեական մեր ընթացքը շարունակենք, պետք է «նախագիտելիքները թողնելով՝ գանք չափահասներին սահմանուած ուսուցման» (Եբրայեցիս 6։1)։ Պետք է հետաքրքրություն զարգացնենք դեպի ճշմարտության «լայնութիւնը, երկարութիւնը, բարձրութիւնը եւ խորութիւնը» և օգուտներ քաղենք «հասուն մարդկանց համար» նախատեսված «պինդ կերակուրից» (Եփեսացիս 3։18; Եբրայեցիս 5։12—14)։ Որպես օրինակ՝ վերցնենք Հիսուսի երկրային կյանքը նկարագրող չորս արժանահավատ արձանագրությունները՝ Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասի և Յովհաննէսի ավետարանները։ Ուշադիր ուսումնասիրության միջոցով մենք կարող ենք ոչ միայն ծանոթանալ Հիսուսի գործերին և դրա հիման վրա որոշել, թե ինչպիսի անձնավորություն էր նա, այլև ըմբռնել, թե որոնք էին նրա գործելակերպի շարժառիթները։ Արդյունքում կարող ենք ձեռք բերել «Քրիստոսի մտածումը» (Ա Կորնթացիս 2։16)։
8. Ինչպե՞ս են քրիստոնեական հանդիպումներն օգնում՝ համբերելու կյանքի մրցասպարեզում։
8 «Հոգ տանենք միմեանց,— խրատեց Պողոսը,— սիրոյ և բարի գործերի յորդորելով և զանց չառնենք մէկտեղ հաւաքուելը, ինչպէս որ սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմեանց, և այդ այնքան աւելի, որքան տեսնում էք Տիրոջ օրուայ մօտենալը» (Եբրայեցիս 10։24, 25)։ Ի՜նչ խրախուսիչ են քրիստոնեական հանդիպումները, և որքա՜ն թարմացուցիչ է եղբայրների ու քույրերի ընկերակցությունը, որոնք միշտ հետաքրքրվում են իրարով և դժվար պահերին մեկը մյուսին օգնության ձեռք մեկնում։ Այդ ամենը ուժ է տալիս՝ մինչև վերջ դիմանալու ուժ։ Մի՞թե կարելի է անլուրջ վերաբերվել Եհովայի այս սիրալիր միջոցառմանը։ Ջանասիրաբար անձնական ուսումնասիրություններ անցկացնելով և կանոնավորաբար ժողովի հանդիպումներին մասնակցելով՝ եկեք ձգտենք լինել ‘մտքով չափահաս’ (Ա Կորնթացիս 14։20)։
«Հանդիսատեսներ»՝ ձեզ քաջալերելու համար
9, 10. ա) Ինչպե՞ս կարող է «հանդիսատեսների» քաջալերանքը օգնել, որպեսզի համբերենք վազքի ճանապարհին։ բ) Ի՞նչ է իրենից ներկայացնում Եբրայեցիս 12։1–ում հիշատակված ‘վկաների բազմությունը [հուն.՝ մեծ ամպը]’։
9 Որքան էլ վազորդը լավ պատրաստված լինի, վազքի ընթացքում կարող են այնպիսի հանգամանքներ ծագել, որոնք պատճառ դառնան նրա սայթաքելուն։ «Լաւ էր ձեր ընթացքը, ո՞վ ձեզ կասեցրեց, որ չհնազանդուէք ճշմարտութեանը»,— հարցրեց Պողոսը (Գաղատացիս 5։7)։ Ակներևաբար, գաղատացի քրիստոնյաներից ոմանք վատ ընկերակցությունների զոհ էին դարձել, և, արդյունքում, շեղվել էին կյանքի ճանապարհից։ Իսկ ինչ վերաբերվում է աջակցությանն ու խրախուսանքին, ապա մեզ շրջապատող քրիստոնյաները այդ առումով շատ բան կարող են անել՝ օգնելով մեզ համբերել։ Դա շատ նման է այն ազդեցությանը, որ թողնում է հանդիսատեսը խաղի մասնակիցների վրա։ Հանդիսատեսների խանդավառությունը բազմապատկում է մասնակիցների հուզմունքը և մինչև վերջ նրանց մեջ աշխուժություն պահպանում։ Դիտորդների ծափահարությունները՝ երբեմն նաև երաժշտության զուգակցությամբ, մասնակիցներին հավելյալ ուժ են տալիս վերջնակետին հասնելու համար։ Իսկապես որ, կարեկից դիտորդները դրական ազդեցություն կարող են ունենալ մրցավազքի մասնակիցների վրա։
10 Իսկ ովքե՞ր են քրիստոնյայի կյանքի՝ նրա մրցավազքի դիտորդները։ Նախաքրիստոնեական ժամանակների Եհովայի հավատարիմ վկաներին թվարկելուց հետո, ինչը կարդում ենք Եբրայեցիս 11–րդ գլխում, Պողոսը գրում է. «Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմութիւն [հունարեն՝ ամպ, ԱԹ–ի տողատակի ծանոթագրություն] ունենք.... համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ» (Եբրայեցիս 12։1)։ Այս խոսքերում Պողոսի օգտագործած փոխաբերական «ամպը» որոշակի չափ ու ձև ունեցող ամպ չէր նշանակում։ Այս կապակցությամբ բառարանագիր Ու. Վայնն այն կարծիքին է, որ այստեղ խոսքը «երկինքը պատող, անձև ամպի զանգվածի» մասին է։ Ուստի, Պողոսն ի նկատի ուներ այն, որ այդ վկաների բազմությունը նման է երկինքը ծածկող հսկայական ամպի։
11, 12. ա) Ինչպե՞ս են նախաքրիստոնեական ժամանակների Վկաները մեզ խրախուսում, որպեսզի համբերությամբ անցնենք մեր ընթացքը։ բ) Ինչպե՞ս կարող ենք առավելագույն օգուտ ստանալ Վկաների մեծ բազմությունից։
11 Մի՞թե նախաքրիստոնեական ժամանակների հավատարիմ վկաները կարող են այսօր բառի բուն իմաստով հանդիսատեսներ լինել։ Դա անհնարին է, որովհետև նրանք բոլորն էլ մահվան քնի մեջ են և սպասում են իրենց հարությանը։ Սակայն նրանք ժամանակին հաղթանակած վազորդների կենդանի օրինակներն են, որոնք մինչև օրս «ապրում են» Աստվածաշնչի էջերում։ Եվ Աստվածաշունչն ուսումնասիրելու ընթացքում այս հավատարիմ անհատները նորից շունչ են առնում մեր վառ երևակայության մեջ և խրախուսում մեզ վազել մինչև վերջ (Հռովմայեցիս 15։4)։a
12 Օրինակ՝ երբ աշխարհը լայն հնարավորություններ է առաջարկում մեզ, արդյոք մեր ընթացքը շարունակելու համար չե՞նք խրախուսվում Մովսեսի օրինակից, թե ինչպես նա Եգիպտոսում եղած ժամանակ հրաժարվեց փառքից։ Իսկ երբ որևէ փորձություն շատ ծանր է թվում, այդպիսի դեպքերում լավ կլինի, եթե մտաբերենք Աբրահամին, երբ նրան պատվիրվել էր զոհաբերել իր որդի Իսահակին։ Հատկապես այս օրինակը մեզ շատ կքաջալերի չհանձնվել հավատի համար մրցության պահերին։ Թե որքանով է այս «մեծ ամպը» քաջալերական մեզ համար, կախված է նրանից, թե որքա՛ն լավ ենք տեսնում այն մեր հասկացողության աչքերով։
13. Ինչպե՞ս են Եհովայի ժամանակակից վկաները մեզ քաջալերում։
13 Այսօր շրջապատված ենք նաև Եհովայի բյուր–բյուրավոր կենդանի վկաներով։ Հավատի հիանալի օրինակներ են մեզ թողել թե՛ օծյալ քրիստոնյաները, թե՛ «մեծ բազմության» անդամները (Յայտնութիւն 7։9)։ Նրանց կյանքի փորձառության մասին ժամանակ առ ժամանակ կարդում ենք սույն ամսագրի թողարկումներում և «Դիտարանի» այլ հրատարակություններում։b Նրանց ունեցած հավատը քաջալերում է մեզ համբերել մինչև վերջ։ Բացի այդ, որքա՜ն խրախուսիչ է մեր մտերիմների ու հարազատների աջակցությունը՝ նրանց, ովքեր մեզ հետ միասին հավատարմորեն ծառայում են Աստծուն։ Այո՛, շատ են այն ազդակները, որոնք օգնում են մեզ կյանքի այս մրցավազքում։
Ձեր քայլերը իմաստորեն կատարեք
14, 15. ա) Ինչո՞ւ է կարևոր մրցավազքում իմաստություն դրսևորել։ բ) Ինչո՞ւ է հարկավոր նպատակներ դնելիս ողջամիտ լինել։
14 Երկար մրցավազք կատարելիս, օրինակ՝ մարաթոնյան վազքի ժամանակ, վազորդին իմաստություն է հարկավոր։ «Վազքդ չափազանց արագ սկսելու դեպքում քեզ ձախողման ես մատնում»,— նշվում է «Նյու Յորք րանըր, (անգլ.)» պարբերականում։ «Հավանաբար, արդյունքում կա՛մ կհաղթես՝ վերջին մի քանի մղոնը վազելիս ուժերդ գերլարելով, կա՛մ էլ մրցարշավից դուրս կմնաս»։ Մարաթոնյան մի վազորդ պատմում է. «Մրցավազքին նախապատրաստող մի դասախոսության ժամանակ զեկուցողը զգուշացրեց. «Երբեք մի՛ փորձեք հետապնդել արագավազներին։ Վազեք ձեր ընթացքով, հակառակ դեպքում՝ ուժասպառ կլինեք ու դուրս կմնաք»։ Հետևելով այս խորհրդին՝ կարողացա ավարտին հասցնել վազքս»։
15 Կյանքի մրցավազքում Աստծո ծառաները պետք է ամբողջությամբ լարեն իրենց ուժերը (Ղուկաս 13։24)։ Միևնույն ժամանակ, Հակոբոսը գրում է. «Վերին իմաստութիւնը.... ողջամիտ է» (Յակոբոս 3։17, ՆԱ)։ Մինչ ուրիշների լավ օրինակը մեզ խրախուսում է ավելին անել, ողջամտությունն օգնում է մեր կարողությունների և տիրող հանգամանքների ներածին չափով իրագործելի նպատակներ դնել։ Գրությունները հիշեցնում են. «Թող իւրաքանչիւր ոք կշռադատի իր գործը եւ ապա՝ ինքն իր վրա՛յ միայն պարծենայ եւ ոչ թէ ընկերոջ հետ համեմատուելով. որովհետեւ իւրաքանչիւր ոք իր բեռն է կրելու» (Գաղատացիս 6։4, 5)։
16. Ինչպե՞ս է խոնարհությունն օգնում մեզ համապատասխան արագություն ընտրելու հարցում։
16 Միքիա 6։8–ում մեզանից յուրաքանչյուրին հետևյալ հարցն է ուղղվում, որը մտածելու տեղիք է տալիս. «Տէրը ի՞նչ է ուզում քեզանից.... խոնարհութեամբ վարուիլ [«քալել», Արևմտ. Աստ.] քո Աստուծոյ հետ»։ «Խոնարհությունը» պահանջում է, որ ընդունենք մեր հնարավորությունների սահմանափակ լինելը։ Եկեք երբեք չհուսահատվենք, եթե վատ առողջությունը կամ տարիքը ինչ–որ չափով սահմանափակում են մեր կարողությունները Աստծուն ծառայելու գործում։ Մեր ջանքերն ու զոհերն ընդունելի են Եհովային ‘ըստ մեր ունեցածի, ոչ թե՝ չունեցածի’ (Բ Կորնթացիս 8։12, համեմատեք Ղուկաս 21։1—4)։
Նայեցեք մրցանակին
17, 18. Հիսուսն իր առջև ի՞նչ էր տեսնում, որն էլ օգնեց նրան համբերությամբ տանելու տառապանքի սյունը։
17 Կյանքի մրցավազքում դիմանալու անհրաժեշտությունը կորնթացի քրիստոնյաներին շեշտելու համար Պողոսը հիշատակեց Իսթմոսի մրցությունների մեկ այլ կողմ ևս, որին նրանք պետք է ուշադրություն դարձնեին։ Այդ խաղերի մասնակիցների մասին նա գրեց. «Հիմա նորանք մրցում են որ մի ապականելի պսակ առնեն, իսկ մենք՝ անապականելի։ Ուրեմն ես այնպէս եմ վազում, ոչ թէ ինչպէս անստոյգ. այնպէս եմ մրցում ոչ թէ ինչպէս օդին զարկելով» (Ա Կորնթացիս 9։25, 26, ԱԹ)։ Հին աշխարհում այդ խաղերում հաղթողի մրցանակի պսակը հյուսում էին սոճու կամ այլ բույսերի տերևներից, երբեմն նույնիսկ վայրի չոր նեխուրից։ Իրո՛ք որ «ապականելի պսակ»։ Իրականում ի՞նչ է սպասվում այն քրիստոնյաներին, ովքեր կհամբերեն մինչև վերջ։
18 Խոսելով մեզ համար օրինակ հանդիսացող Հիսուս Քրիստոսի մասին՝ Պողոս առաքյալը գրեց. «Իր առաջ դրուած ուրախութեան համար յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծու աթոռի աջ կողմում» (Եբրայեցիս 12։2)։ Իր երկրային կյանքի ընթացքում Հիսուսը համբերեց մինչև վերջ՝ շնորհիվ այն բանի, որ տեսնում էր տառապանքի սյունից այն կողմ գտնվող իր պարգևը։ Իսկ ո՞րն էր այդ պարգևը։ Դա Եհովայի անունը ջատագովելու մեջ իր բաժինը բերելու ուրախությունն էր, մարդկությանը մահից փրկելու և երկրային դրախտում դեպի հավիտենական կյանք առաջնորդելու համար որպես Թագավոր իշխելն էր, ինչպես նաև որպես Քահանայապետ մարդկանց ծառայելը (Մատթէոս 6։9, 10; 20։28; Եբրայեցիս 7։23—26)։
19. Ի՞նչ պետք է միշտ ունենանք մեր աչքի առաջ, մինչ ընթանում ենք քրիստոնեական ուսուցման ճանապարհով։
19 Երբեք մի՛ մոռացեք այն ուրախության մասին, որը միշտ մեր առջևում է, եթե շարունակում ենք ընթանալ քրիստոնեական ուսուցման ճանապարհով։ Եհովան մեզ բավականություն պարգևող աշխատանք է տվել, որն է՝ իր Թագավորության ավետիսը քարոզել և Աստվածաշնչի կենարար գիտությունը ուրիշներին հաղորդել (Մատթէոս 28։19, 20)։ Ինչպիսի՜ բերկրալի զգացում է մեզ պատում, երբ գտնում ենք ճշմարիտ Աստծո հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող որևէ մեկին և օգնում նրան կանգնելու կյանքի ճանապարհին։ Եվ, անկախ այն բանից, թե ինչպես են մարդիկ արձագանքում մեր լուրին, մեզ համար մեծ պատիվ է Եհովայի անվան սրբացման գործին մասնակցելը։ Ծառայության ընթացքում համբերություն ցուցաբերելով՝ չնայած քարոզելու մեր տարածքներում ապրող մարդկանց անտարբերությանն ու հակառակությանը, ուրախանում ենք՝ ուրախացնելով նաև Եհովայի սիրտը (Առակաց 27։11)։ Իսկ նրա խոստացած մեծագույն պարգևը հավիտենական կյանքն է։ Ինչպիսի՜ ուրախություն դեռ ունենք վայելելու։ Հարկավոր է միշտ աչքի առաջ ունենալ այս օրհնությունները և շարունակել ընթացքը։
Մինչ վերջը մոտենում է
20. Ի՞նչը կարող է կյանքի մրցավազքն ավելի դժվարացնել, երբ արդեն մոտենում ենք ավարտին։
20 Կյանքի այս մրցավազքում ստիպված ենք պայքարելու մեր գլխավոր թշնամու՝ Բանսարկու Սատանայի դեմ։ Վերջը մոտենալուն զուգահեռ՝ նա ամեն միջոց կիրառում է, որպեսզի մենք սայթաքենք և թողնենք մեր ընթացքը, կամ էլ այն դանդաղեցնենք (Յայտնութիւն 12։12, 17)։ Հեշտ չէ շարունակել մնալ որպես Թագավորության հավատարիմ, նվիրված քարոզիչ, երբ շուրջ բոլորը պատերազմներ են, սով, համաճարակներ և «վերջին ժամանակը» բնորոշող այլ դժվարություններ (Դանիէլ 12։4; Մատթէոս 24։3—14; Ղուկաս 21։11; Բ Տիմոթէոս 3։1—5)։ Բացի դրանից, ժամանակ առ ժամանակ վերջը կարող է մեր ենթադրածից շատ ավելի հեռու թվալ, եթե արդեն տասնամյակներ շարունակ ընթանում ենք այս ճանապարհով։ Սակայն Աստծո Խոսքը վստահեցնում է մեզ, որ այն անպայման վրա է հասնելու և երբեք չի ուշանալու։ Կարելի է ասել, որ վերջն արդեն տեսանելի է հորիզոնում (Ամբակում 2։3; Բ Պետրոս 3։9, 10)։
21. ա) Ի՞նչը մեզ կզորացնի, որպեսզի շարունակենք կյանքի մրցավազքը։ բ) Ի՞նչ ենք հաստատակամորեն որոշել անել հիմա, երբ մոտենում է վերջը։
21 Ուստի, որպեսզի կյանքի մրցավազքը հաջողությամբ ավարտենք, մեզ հարկավոր է այն զորությունը, որը Եհովան սիրով տալիս է մեր հոգևոր սնուցման համար։ Ինչպես նաև կարիք ունենք այն քաջալերանքի, որը ստանում ենք հավատակիցների ընկերակցությունից, քանի որ նրանք էլ մեզ հետ անցնում են միևնույն ճանապարհը։ Նույնիսկ եթե խիստ փորձությունների և անսպասելի իրադարձությունների ենք հանդիպում, որոնք ավելի են դժվարացնում մեր ճանապարհը, միևնույն է, մենք կարող ենք համբերել մինչև վերջ, քանի որ Եհովան է տալիս «զօրութեան գերազանցութիւնը» (Բ Կորնթացիս 4։7)։ Որքա՜ն ենք խրախուսվում՝ իմանալով, որ Եհովայի ցանկությունն է մեր ընթացքը հաղթական ավարտով տեսնելը։ Հաստատակամ լինելով մեր որոշման մեջ՝ «համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ»՝ վստահ լինելով, որ «յարմար ժամանակին պիտի հնձենք, եթէ չթուլանանք» (Եբրայեցիս 12։1; Գաղատացիս 6։9)։
[ծանոթագրություններ]
a Եբրայեցիս 11։1—12։3 խոսքերի քննարկումը տեսե՛ք 1987 թ. հունիսի 15–ի «Դիտարան»–ում (էջ 12—22, ռուս.)։
b Կենսագրությունների՝ նման քաջալերող օրինակներ կարելի է գտնել «Դիտարանի» վերջերս լույս տեսած ռուսերեն լեզվով համարներում. 1998 թ. հունիսի 1–ի (էջ 28—31), 1998 թ. սեպտեմբերի 1–ի (էջ 24—28), 1999 թ. փետրվարի 1–ի (էջ 25—29)։
Հիշո՞ւմ եք
◻ Ինչո՞ւ է հարկավոր մինչև վերջ համբերել։
◻ Եհովայի կողմից հայթայթված ո՞ր միջոցառումները չպետք է անտեսել։
◻ Ինչո՞ւ է կարևոր իմաստորեն ընթանալ մեր ճանապարհով։
◻ Ի՞նչ ուրախություն է մեզ սպասվում առջևում, մինչ շարունակում ենք մեր ընթացքը։