Եհովան ոչ մի դեպքում չի թողնի քեզ
ՀՐԵԱՍՏԱՆՈՒՄ ապրող քրիստոնյաները ուժեղ հակառակության էին հանդիպում և ստիպված էին պայքարել շրջապատում տիրող նյութապաշտական ոգին չորդեգրելու համար։ Պողոս առաքյալը նրանց քաջալերելու նպատակով մեջբերեց Եհովայի խոսքերը, որ նա իսրայելացիներին ասել էր Ավետյաց երկրի նախաշեմին. «Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ» (Եբրայեցիս 13։5; Բ Օրինաց 31։6)։ Այս խոստումը անկասկած զորացրեց առաջին դարի եբրայեցի քրիստոնյաներին։
Նույն խոստումը պետք է ամրացնի նաև մեզ, որպեսզի կարողանանք ձերբազատվել մտահոգություններից, որոնց մեջ հնարավոր է ընկնենք այս ‘չար ժամանակներում’ (Բ Տիմոթէոս 3։1)։ Եթե վստահենք Եհովային և գործենք համապատասխանաբար, նա նեցուկ կլինի մեզ նույնիսկ ամենադժվար հանգամանքներում։ Որպեսզի պատկերացնենք, թե ինչպես կարող է Եհովան գործել իր խոստման համաձայն, եկեք խոսենք աշխատանքից անսպասելիորեն զրկվելու մասին։
Անսպասելի փոփոխություն
Գործազուրկների թիվը գնալով աճում է ամբողջ աշխարհում։ Համաձայն մի լեհական հանդեսի՝ գործազրկությունը համարվում է «ամենադժվար սոցիալ–տնտեսական խնդիրներից մեկը»։ Զարգացած երկրները նույնպես բացառություն չեն այս հարցում։ Օրինակ՝ նույնիսկ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրներում մինչև 2004 թ. գործազուրկների թիվն «անցավ 32 միլիոնից՝ գերազանցելով 1930 –ականների Մեծ տնտեսական ճգնաժամի ցուցանիշը»։ Լեհաստանում, Կենտրոնական վիճակագրական գրասենյակի տվյալներով, 2003 թ. դեկտեմբերին գործազուրկների թիվը հասնում էր երեք միլիոնի, ինչը «կազմում էր աշխատունակ անձանց 18 տոկոսը»։ Մեկ այլ աղբյուրում նշվում է, որ գործազուրկների թիվը Հարավաֆրիկյան Հանրապետության՝ աֆրիկական ծագում ունեցող բնակիչների շրջանում 2002 թ.–ին հասնում էր 47,8 տոկոսի։
Աշխատանքից անսպասելիորեն հեռացվելու կամ կրճատման տակ ընկնելու վտանգը իրական սպառնալիք է շատերի համար, այդ թվում նաև Եհովայի ծառայողների։ «Ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին» (Ժողովող 9։11)։ Հնարավոր է՝ մենք էլ ունենանք այն նույն զգացումները, որ ուներ սաղմոսերգու Դավիթը, երբ ասաց. «Սրտիս նեղութիւնները շատ են» (Սաղմոս 25։17)։ Ի վիճակի կլինե՞ս պահպանել հավասարակշռությունդ նման դժվար հանգամանքներում։ Դրանք կարող են ազդել քո էմոցիոնալ, հոգևոր և նյութական վիճակի վրա։ Եթե գործազուրկ ես դարձել, կկարողանա՞ս գլուխ հանել ստեղծված իրավիճակից։
Հաղթահարիր էմոցիոնալ լարվածությունը
Ինչպես բացատրում է հոգեբան Յանուշ Վիետզինսկին, «աշխատանքի կորուստը շատ ավելի վատ է անդրադառնում տղամարդկանց վրա», քանի որ նրանք են սովորաբար համարվում ընտանիքի կերակրողը։ Նա ասում է, որ «դրա հետևանքով տղամարդիկ տարբեր ապրումներ են ունենում»՝ մերթ խիստ զայրանում են, մերթ հուսալքվում։ Օրինակ՝ աշխատանքից հեռացված հայրը կարող է կորցնել ինքնահարգանքի զգացումը և «ամեն առիթով վիճել ընտանիքի անդամների հետ»։
Ադամ անունով մի քրիստոնյա, որը երկու զավակ ունի, այսպես է նկարագրում իր վիճակը աշխատանքը կորցնելուց հետո. «Ես հեշտությամբ բորբոքվում էի։ Ինձ զայրացնում էր ամեն ինչ։ Նույնիսկ գիշերները երազիս մեջ էի աշխատանք փնտրում։ Կնոջս նույնպես հեռացրել էին աշխատանքից»։ Ռիշարդը և Մարիոլան, որ ունեն մեկ զավակ, բավական մեծ վարկ էին վերցրել բանկից, երբ կորցրեցին իրենց աշխատանքը։ Մարիոլան պատմում է. «Ես հանգիստ չունեի, խիղճս տանջում էր, քանի որ կարծում էի, թե իմ մեղքով էինք ընկել այդ պարտքի տակ։ Անընդհատ ինքս ինձ էի մեղադրում»։ Այդպիսի իրավիճակներում հայտնվելիս հեշտությամբ կարող ենք զայրանալ, մտահոգվել, դառնանալ։ Այդ զգացմունքները կարող են ընկճել մեզ։ Իսկ ինչպե՞ս հաղթահարել դրանք։
Աստվածաշունչը շատ օգտակար խորհուրդներ է տալիս դրական մտավիճակը չկորցնելու վերաբերյալ։ Պողոս առաքյալը հորդորում է. «Ոչինչ հոգս մի անէք. այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։ Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը» (Փիլիպպեցիս 4։6, 7)։ Եհովային աղոթելով՝ ձեռք կբերենք «Աստուծոյ խաղաղութիւնը», այսինքն՝ խաղաղ մտավիճակ, որը ձևավորվում է մեր հավատի հիման վրա։ Իրենան՝ Ադամի կինը, ասում է. «Մենք պատմում էինք Եհովային, թե ինչ վիճակում ենք գտնվում և թե ինչպես ենք պատրաստվում ավելի պարզեցնել մեր կյանքը։ Ամուսինս, որը սովորաբար շուտ է խուճապի մատնվում, աստիճանաբար վստահություն ձեռք բերեց այն հարցում, որ լուծում անպայման կգտնվի»։
Եթե դու նույնպես անսպասելիորեն կորցրել ես աշխատանքդ, ապա լավ առիթ ունես կիրառելու Հիսուս Քրիստոսի հորդորը, որ նա տվեց Լեռան քարոզի մեջ. «Հոգս մի՛ անէք ձեր կեանքի համար թէ ի՞նչ պիտի ուտէք, եւ ի՞նչ պիտի խմէք. եւ ո՛չ ձեր մարմնի համար՝ թէ ի՞նչ պիտի հագնիք։ ....Առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ» (Մատթէոս 6։25, 33)։ Ռիշարդն ու Մարիոլան կիրառեցին այս խորհուրդը բացասական զգացմունքների դեմ իրենց պայքարում։ «Ամուսինս մխիթարում էր ինձ և ամեն անգամ կրկնում այն միտքը, որ Եհովան չի լքի մեզ»,— հիշում է Մարիոլան։ Իսկ Ռիաշարդն ավելացնում է. «Միասին անդադար աղոթելով՝ մենք ավելի մոտեցանք ինչպես Աստծուն, այնպես էլ իրար, և դրա շնորհիվ մխիթարություն գտանք»։
Աստծու սուրբ ոգին նույնպես կօգնի մեզ հաղթանակած դուրս գալ պայքարից։ Այն կարող է մեր մեջ առաջ բերել «ժուժկալութիւն», որի օգնությամբ կտիրապետենք թե՛ մեզ, թե՛ մեր զգացմունքներին (Գաղատացիս 5։22, 23)։ Միգուցե դա հեշտ չլինի։ Սակայն այդ բանը հնարավոր է, քանզի Հիսուսը խոստացել է, որ «Հայրը Սուրբ Հոգին կ’տայ նորանց, որ ուզում են նորանից» (Ղուկաս 11։13; Ա Յովհաննէս 5։14, 15)։
Մի մոռացիր հոգևոր կարիքների մասին
Աշխատանքը անսպասելիորեն կորցնելով՝ անգամ ամենահավասարակշռված քրիստոնյան սկզբնական շրջանում կարող է մտահոգությունների մեջ ընկնել։ Սակայն ինչ էլ պատահի, մենք չպետք է մոռանանք մեր հոգևոր կարիքները բավարարելու մասին։ Հիշենք 40–ամյա Մովսեսին, որի կյանքն ամբողջովին փոխվեց այն բանից հետո, երբ նա կորցրեց ազնվականի իր դիրքը և դարձավ հովիվ. մի գործ, որին եգիպտացիները անարգանքով էին վերաբերվում (Ծննդոց 46։34)։ Մովսեսը պետք է հարմարվեր նոր հանգամանքներին։ Նա թույլ տվեց, որ Եհովան հաջորդ 40 տարիների ընթացքում ձևավորի իրեն և նախապատրաստի ապագա հանձնարարությունները կատարելուն (Ելից 2։11–22; Գործք 7։29, 30; Եբրայեցիս 11։24–26)։ Չնայած դժվարություններին՝ Մովսեսն իր ուշադրության կենտրոնում էր պահում հոգևորը և պատրաստակամորեն կրթվում էր Եհովան կողմից։ Թող որ մենք էլ երբեք թույլ չտանք, որ դժվարությունները ստվեր գցեն մեր հոգևոր արժեքների վրա։
Թեպետ աշխատանքից հանկարծակի հեռացվելու պատճառով կարող ենք շատ դժվարությունների բախվել, սակայն դա լավ հնարավորություն է ամրապնդելու մեր փոխհարաբերությունները Եհովա Աստծու և նրա ժողովրդի հետ։ Հենց այդպես էր մտածում Ադամը, որի մասին արդեն խոսել ենք այս հոդվածում։ Նա ասում է. «Երբ ես ու կինս կորցրինք մեր աշխատանքը, մեր մտքով անգամ չանցավ թողնել քրիստոնեական հանդիպումներն ու քարոզչական ծառայությունը։ Նման մտավիճակն օգնեց, որ չափից շատ չմտահոգվենք վաղվա մասին»։ Նույն կարծիքն է հայտնում նաև Ռիշարդը. «Եթե ժողովի հանդիպումներն ու ծառայությունը չլինեին, մենք երբեք չէինք կարողանա դուրս գալ այդ վիճակից։ Անհանգստությունն ուղղակի կքայքայեր մեզ։ Շատ օգտակար է ուրիշների հետ զրուցել հոգևոր թեմաների շուրջ, քանզի դա օգնում է մտածել նրանց կարիքների մասին և մոռանալ սեփական խնդիրները» (Փիլիպպեցիս 2։4)։
Այո՛, աշխատանք գտնելու հարցով մտահոգվելու փոխարեն՝ փորձիր ազատ ժամանակդ օգտագործել հոգևոր գործերով զբաղվելու համար. անձնական ուսումնասիրություն կատարիր, մասնակցիր ժողովի գործունեությանը, ընդլայնիր ծառայությունդ։ Փոխանակ անգործ նստելու՝ «ամեն ժամանակ աւելի առաջաց[իր] Տիրոջ գործումը», և դա ուրախություն կբերի թե՛ քեզ, թե՛ ազնվասիրտ այն անհատներին, ովքեր կընդունեն Թագավորության պատգամը (Ա Կորնթացիս 15։58)։
Հոգա ընտանիքիդ նյութական կարիքները
Բայցևայնպես, հոգևոր սնուցումը չի լցնի դատարկ ստամոքսը։ Մենք պետք է հիշենք հետևյալ սկզբունքը. «Եթէ մէկը իրանների եւ մանաւանդ ընտանիքների [‘իր ընտանիքի’, ԱԱ] համար խնամք չ’տանի, նա հաւատքիցն ուրացած է եւ անհաւատից էլ չար է» (Ա Տիմոթէոս 5։8)։ «Չնայած որ ժողովի եղբայրներն ու քույրերը պատրաստ են նյութապես աջակցել,— ասում է Ադամը,— քրիստոնյան պարտավոր է աշխատանք փնտրել իր համար։ Մենք կարող ենք հույս դնել Եհովայի ու նրա ժողովրդի օգնության վրա, սակայն երբեք չպետք է մոռանաք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել աշխատանք գտնելու ուղղությամբ»։
Ի՞նչ կարող ես անել։ «Ձեռքերդ ծալած՝ մի սպասիր, թե Աստված հրաշքով կօգնի քեզ,— ասում է Ադամը։— Աշխատանքի հարցով որևէ հիմնարկության դիմելիս մի վարանիր հայտնել, որ Եհովայի վկա ես, քանզի դա սովորաբար բարձր է գնահատվում»։ Իսկ Ռիշարդն այսպիսի խորհուրդ է տալիս. «Բոլոր ծանոթներիդ տեղյակ պահիր, որ աշխատանք ես փնտրում, անընդհատ դիմիր աշխատանքի տեղավորման բյուրո, ընթերցիր հայտարարությունները, ինչպես օրինակ՝ «Պահանջվում է խնամատար» կամ «Ժամանակավոր աշխատանք. հրավիրում ենք մորի հավաքելու»։ Շարունակիր փնտրել։ Շատ քմահաճ մի եղիր, անգամ եթե հարկ լինի ծանր գործ կատարել կամ անցնել այնպիսի աշխատանքի, որն այնքան էլ հաճելի չէ քեզ»։
Այո՛, Եհովան ‘քո օգնականն է’։ Նա երբեք չի «թողիլ քեզ եւ երեսից չ[ի] գցիլ» (Եբրայեցիս 13։5, 6)։ Հարկ չկա, որ չափից շատ մտահոգվես։ Սաղմոսերգու Դավիթը գրել էր. «Տիրոջը յանձնիր քո ճանապարհը՝ եւ նորան յուսա. եւ նա կ’կատարէ» (Սաղմոս 37։5)։ Մեր ճանապարհը Եհովային հանձնել նշանակում է ապավինել նրան և ամեն բան անել այնպես, ինչպես նա է ցույց տալիս, նույնիսկ դժվար իրավիճակներում։
Ադամն ու Իրենան կարողացան իրենց օրվա հացը վաստակել՝ պատուհաններ և սանդուղքներ լվանալով, ինչպես նաև իրենց միջոցները խնայողաբար ծախսելով։ Բացի այդ, նրանք կանոնավորապես դիմում էին աշխատանքի տեղավորման բյուրո։ «Օգնությունը միշտ գալիս էր հենց այն պահին, երբ դրա կարիքն ունեինք»,— նշում է Իրենան։ Իսկ նրա ամուսինն ավելացնում է. «Ժամանակը ցույց տվեց, որ մեր աղոթքներում հիշատակված ոչ բոլոր խնդրանքներն էին Աստծու կամքին ներդաշնակ։ Մենք սովորեցինք ապավինել նրա իմաստությանն ու չառաջնորդվել մեր հասկացողությամբ։ Ավելի լավ է համբերությամբ սպասել, թե ինչ լուծում ցույց կտա Աստված» (Յակոբոս 1։4)։
Ռիշարդն ու Մարիոլան սկսեցին ժամանակավոր աշխատանքներ կատարել և այդ ընթացքում ծառայել այնպիսի տարածքներում, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կար։ «Մենք աշխատանք էինք գտնում հենց այն ժամանակ, երբ ուտելու ոչ մի բան արդեն չէր լինում,— պատմում է Ռիշարդը։— Բարձր վարձատրվող աշխատանքի չէինք անցնում, որպեսզի դա չխանգարեր մեզ կատարելու մեր պարտականությունները ժողովում և քարոզչական ծառայության մեջ։ Մենք նախընտրում էինք սպասել Եհովային»։ Ռիշարդն ու Մարիոլան համոզված էին, որ Աստված ամեն բան կկազմակերպի. իրենք կկարողանան ձեռք բերել ցածր վարձավճար ունեցող բնակարան, իսկ Ռիշարդը, ի վերջո, կանցնի աշխատանքի։
Աշխատանքից զրկվելը կարող է մեծ դժվարություններ առաջ բերել, սակայն ինչո՞ւ չդիտել դա որպես հիանալի հնարավորություն անձամբ համոզվելու այն բանում, որ Եհովան երբեք չի թողնի քեզ։ Նա հոգ է տանում քո մասին (Ա Պետրոս 5։6, 7)։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան խոստացել է. «Մի՛ զարհուրիր, վասն զի ես քու Աստուածդ եմ. քեզ պիտի զօրացնեմ ու քեզի օգնութիւն պիտի ընեմ» (Եսայիա 41։10, ԱԱ)։ Երբեք թույլ մի տուր, որ անսպասելի փոփոխությունները, այդ թվում նաև աշխատանքի կորուստը, շփոթության մեջ գցեն քեզ։ Ուժերիդ ներածին չափով արա ամեն բան, իսկ մնացածը հանձնիր Եհովայի ձեռքը։ Սպասիր Եհովային «լռութիւնով» (Երեմիայի Ողբերը 3։26)։ Այդպես վարվելով՝ մեծ օրհնություններ կվայելես (Երեմիա 17։7)։
[Նկար 9–րդ էջի վրա]
Ազատ ժամանակդ օգտագործիր հոգևոր գործունեությամբ զբաղվելու համար
[Նկարներ 10–րդ էջի վրա]
Սովորիր խնայող լինել և աշխատանքի հարցում չափազանց քմահաճ մի եղիր