Ամբողջ հոգով զոհեր մատուցենք Եհովային
«Ինչ որ անում եք, ամբողջ հոգով արեք, ինչպես Եհովայի համար» (ԿՈՂ. 3։23)։
1-3. ա) Տանջանքի ցցի վրա Հիսուսի մահը նշանակո՞ւմ էր արդյոք, որ Եհովան այլևս մեզնից ոչ մի տեսակ զոհ չի պահանջում։ Բացատրի՛ր։ բ) Այսօր մատուցվող զոհերի առնչությամբ ի՞նչ հարց է ծագում։
ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅԱՆ առաջին դարում Եհովան ցույց տվեց իր ժողովրդին, որ Հիսուսի քավիչ զոհը չեղյալ է դարձրել Մովսիսական օրենքը (Կող. 2։13, 14)։ Այն բոլոր զոհաբերությունները, որոնք հարյուրավոր տարիներ հրեաները մատուցում էին, այլևս անհրաժեշտ չէին և այդուհետ ոչ մի արժեք չէին ունենալու։ Օրենքը կատարել էր իր դերը՝ «դաստիարակ էր եղել՝ առաջնորդելով.... դեպի Քրիստոսը» (Գաղ. 3։24)։
2 Սակայն դա չի նշանակում, թե քրիստոնյաներին այլևս չպետք է հետաքրքրեն զոհերը։ Հակառակը՝ Պետրոս առաքյալը խոսեց այն մասին, որ հարկավոր է «Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն ընդունելի հոգևոր զոհեր մատուցել» (1 Պետ. 2։5)։ Իսկ Պողոս առաքյալը հստակ ցույց տվեց, որ նվիրված քրիստոնյայի կյանքի յուրաքանչյուր ոլորտ կարող է «զոհ» համարվել (Հռոմ. 12։1)։
3 Ուստի քրիստոնյան զոհ է մատուցում Եհովային՝ կա՛մ որոշ բաներ ընծայելով նրան, կա՛մ հանուն նրա հրաժարվելով որոշ բաներից։ Իմանալով, թե ինչ պահանջներ գոյություն ունեին իսրայելացիների համար՝ ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ այսօր մեր մատուցած բոլոր զոհերը ընդունելի են Եհովային։
ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔՈՒՄ
4. Ի՞նչ պետք է հիշենք առօրյա գործերի առնչությամբ։
4 Գուցե դժվար լինի հասկանալ, թե առօրյայում կատարած մեր գործերը ինչ առնչություն ունեն Եհովային մատուցվող զոհերի հետ։ Տան գործերը, դպրոցի դասերը, աշխատանքը, գնումներ կատարելը և նման բաները առաջին հայացքից ընդհանուր բան չունեն հոգևորի հետ։ Սակայն եթե կյանքդ նվիրել ես Եհովային կամ պատրաստվում ես նվիրել, ապա կարևոր է, թե ինչ ոգով ես անում նման գործերը։ Մենք քրիստոնյա ենք 24 ժամ։ Մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում պետք է կիրառենք աստվածաշնչյան սկզբունքները։ Ուստի Պողոսը հորդորում է. «Ինչ որ անում եք, ամբողջ հոգով արեք, ինչպես Եհովայի համար և ոչ թե մարդկանց» (կարդա՛ Կողոսացիներ 3։18–24)։
5, 6. Ի՞նչ չպետք է մոռանանք մեր վարքի ու հագուկապի հետ կապված։
5 Առօրյա գործերը Եհովային մատուցվող սուրբ ծառայության մասը չեն։ Այդուհանդերձ, այն փաստը, որ Պողոսը հորդորում է ամեն ինչ «ամբողջ հոգով անել, ինչպես Եհովայի համար», մղում է մեզ մտածելու մեր կյանքի ողջ ընթացքի մասին։ Ուրեմն ինչպե՞ս կարող ենք կիրառել առաքյալի հորդորը։ Մի՞շտ ենք վարվում և հագնվում պատշաճ կերպով։ Առօրյա գործերն անելիս հնարավո՞ր է՝ մեր վարքի կամ հագուկապի պատճառով չուզենանք, որ մեզ ճանաչեն որպես Եհովայի վկա։ Թող որ երբեք այդպիսի բան չլինի։ Եհովայի ժողովուրդը չի ցանկանում անել մի բան, ինչը բիծ կբերի նրա անվան վրա (Ես. 43։10; 2 Կորնթ. 6։3, 4, 9)։
6 Քննենք, թե Պողոսի հորդորը կատարելու ցանկությունը ինչպես է ազդում կյանքի տարբեր ոլորտների վրա։ Հոդվածի ուսումնասիրության ընթացքում հիշիր, որ Եհովային զոհեր մատուցելիս իսրայելացիները պետք է ամենալավը տային (Ելք 23։19)։
ԻՆՉՊԵՍ Է ԱՌՆՉՎՈՒՄ ՈՂՋ ԿՅԱՆՔԻԴ
7. Ի՞նչ է քրիստոնեական նվիրումը։
7 Եհովային նվիրվելու որոշումդ անվերապահորեն ես կայացրել, այդպես չէ՞։ Նվիրվելով՝ դու կարծես ասացիր, որ կյանքիդ յուրաքանչյուր ոլորտում Եհովային առաջին տեղում ես դնելու (կարդա՛ Եբրայեցիներ 10։7)։ Դա լավ որոշում էր։ Անկասկած, համոզվել ես, որ երբ որևէ հարցում փնտրում ես Եհովայի կամքը ու ձգտում ես վարվել դրա համաձայն, արդյունքները հրաշալի են լինում (Ես. 48։17, 18)։ Աստծու ժողովուրդը սուրբ է և ուրախ, քանի որ արտացոլում է իրեն Ուսուցանողի հատկությունները (Ղևտ. 11։44; 1 Տիմոթ. 1։11)։
8. Ի՞նչ նշանակություն ունի մեզ համար այն, որ Եհովան հնում մատուցվող զոհերը սուրբ էր համարում։
8 Այն զոհերը, որ իսրայելացիները մատուցում էին Եհովային, սուրբ էին համարվում (Ղևտ. 6։25; 7։1)։ «Սուրբ» թարգմանված եբրայերեն բառը կրում է առանձնացված, բացառիկ կամ Աստծուն նվիրված լինելու իմաստ։ Որպեսզի մեր զոհերն ընդունելի լինեն Եհովային, դրանք պետք է առանձնացված և անպիղծ լինեն աշխարհի ազդեցությունից։ Չենք կարող սիրել այն բաները, որոնք Եհովան ատում է (կարդա՛ 1 Հովհաննես 2։15–17)։ Դա նշանակում է, որ պետք է խուսափենք ցանկացած ընկերակցությունից ու գործից, որի պատճառով պիղծ կդառնանք Աստծու աչքում (Ես. 2։4; Հայտն. 18։4)։ Նաև նշանակում է, որ չպետք է թույլ տանք, որ մեր աչքը կանգ առնի անմաքուր, անբարո բաների վրա, և չպետք է մեր երևակայության մեջ նման պատկերներ ստեղծենք (Կող. 3։5, 6)։
9. Որքանո՞վ է կարևոր այն, թե քրիստոնյան ինչպիսի վարք է դրսևորում ուրիշների հանդեպ, և ինչո՞ւ։
9 Պողոսը իր հավատակիցներին հորդորեց. «Մի՛ մոռացեք բարին գործել և ձեր ունեցածով օգնեք ուրիշներին, որովհետև այսպիսի զոհերն են Աստծուն հաճելի» (Եբր. 13։16)։ Ուստի եթե միշտ բարի ենք և ուրիշներին բարություն ենք անում, Եհովան դա ընդունելի զոհ է համարում։ Մարդկանց հանդեպ դրսևորած սերն ու հոգատարությունը ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշող նշանն է (Հովհ. 13։34, 35; Կող. 1։10)։
ԶՈՀԵՐ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ
10, 11. Ինչպե՞ս է Եհովան դիտում մեր քրիստոնեական ծառայությունն ու երկրպագությունը, և ի՞նչ ազդեցություն այն պետք է ունենա մեզ վրա։
10 Ամենաակնառու կերպերից մեկը, որով կարող ենք որպես քրիստոնյաներ բարին գործել ուրիշների հանդեպ, «հրապարակորեն հռչակելն է մեր հույսի մասին»։ Ամեն առիթ օգտագործո՞ւմ ես վկայություն տալու համար։ Պողոսը քրիստոնեական այս կարևոր գործունեությունը անվանեց «գովաբանության զոհ.... այսինքն՝ շուրթերի պտուղ, որոնք հրապարակորեն հռչակում են [Աստծու] անունը» (Եբր. 10։23; 13։15; Օս. 14։2)։ Օգտակար կլինի մտածել, թե որքան ժամանակ ենք տրամադրում բարի լուրը քարոզելուն և թե ինչպես կարող ենք ավելի լավ քարոզել։ Ծառայողական հանդիպման բաժիններից շատերի նպատակն է օգնել մեզ այդ հարցում։ Քանի որ քարոզչական ծառայությունն ու ոչ պաշտոնական վկայությունը «գովաբանության զոհ» են՝ մեր երկրպագության մի մասը, այդ զոհը պետք է մեր լավագույնը լինի։ Թեև հանգամանքները տարբեր են, սակայն այն ժամանակը, որ տրամադրում ենք բարի լուրը հռչակելուն, հաճախ ցույց է տալիս, թե որքան ենք գնահատում հոգևոր բաները։
11 Քրիստոնյաները կանոնավորաբար երկրպագում են Եհովային թե՛ տանը, թե՛ ժողովում։ Եհովան պահանջում է դա մեզնից։ Ճիշտ է, Աստծու ծառաներն այլևս պարտավոր չեն պահել շաբաթի օրենքը կամ կանոնավորաբար գնալ Երուսաղեմ՝ տոներ նշելու համար, սակայն այդ օրենքները իրենց զուգահեռն ունեն այսօր։ Աստված շարունակում է ակնկալել մեզնից, որ դադարենք մեռած գործեր անելուց ու ժամանակ տրամադրենք իր Խոսքի ուսումնասիրությանը, աղոթքին ու ժողովի հանդիպումներին հաճախելուն։ Իսկ ընտանիքի գլուխները նախաձեռնություն են վերցնում, որ ընտանեկան երկրպագություն անցկացնեն (1 Թեսաղ. 5։17; Եբր. 10։24, 25)։ Մեր հոգևոր գործերի վերաբերյալ լավ կլինի, որ հարցնենք ինքներս մեզ. «Կարո՞ղ եմ բարելավել իմ երկրպագության որակը»։
12. ա) Հին Իսրայելում խունկ մատուցելը այսօր ինչի՞ հետ կարելի է համեմատել։ բ) Այս համեմատությունը ինչպե՞ս պետք է ազդի մեր աղոթքների բովանդակության վրա։
12 Դավիթ թագավորը Եհովային երգեց. «Թող աղոթքս ընդունելի լինի քեզ, ինչպես պատրաստված խունկը քո առջև» (Սաղ. 141։2)։ Մի պահ մտածիր աղոթքներիդ մասին՝ դրանց որակի ու հաճախականության մասին։ «Հայտնություն» գիրքը «սրբերի աղոթքները» նմանեցնում է խնկի, քանի որ ընդունելի աղոթքները Եհովայի համար կարծես անուշ և հաճելի բուրմունք լինեն (Հայտն. 5։8)։ Խունկը, որը հին Իսրայելում կանոնավորաբար մատուցվում էր Եհովայի զոհասեղանին, հարկավոր էր պատրաստել ամենայն զգուշությամբ ու ճշգրտությամբ։ Խունկը ընդունելի կլիներ Եհովային միայն այն դեպքում, եթե մատուցվեր այնպես, ինչպես որ նա էր սահմանել (Ելք 30։34–37; Ղևտ. 10։1, 2)։ Եթե մեր սրտագին աղոթքները նման կերպ ենք մատուցում, կարող ենք վստահ լինել, որ դրանք ընդունելի կլինեն Եհովային։
ՏԱԼ ԵՎ ՍՏԱՆԱԼ
13, 14. ա) Եպաֆրոդիտոսն ու Փիլիպպեի ժողովը ի՞նչ արեցին Պողոսի համար, և ինչպե՞ս վերաբերվեց առաքյալը դրան։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եպաֆրոդիտոսին ու փիլիպպեցիներին։
13 Համաշխարհային գործի համար կատարվող ֆինանսական նվիրաբերությունները կարող են նմանվել զոհի, անկախ նրանից՝ շատ ենք նվիրաբերում, թե ոչ (Մարկ. 12։41–44)։ Առաջին դարում Փիլիպպեի ժողովը Եպաֆրոդիտոսին ուղարկեց Հռոմ, որ հոգա Պողոսի կարիքները։ Փիլիպպեցիների պատվիրակը հավանաբար իր հետ ժողովից դրամական նվեր էր բերում։ Առաջին անգամ չէր, որ նրանք առատաձեռնություն էին դրսևորում Պողոսի հանդեպ։ Բարություն դրսևորելով՝ փիլիպպեցիները ցանկանում էին ազատել առաքյալին ֆինանսական մտահոգություններից, որպեսզի վերջինս ավելի շատ ժամանակ կարողանար տրամադրել ծառայությանը։ Ինչպե՞ս Պողոսը վերաբերվեց այդ նվերին։ Նա կոչեց այն «անուշահոտ և ընդունելի զոհ՝ Աստծուն հաճելի» (կարդա՛ Փիլիպպեցիներ 4։15–19)։ Պողոսը իսկապես գնահատեց փիլիպպեցիների դրսևորած բարությունը։ Եհովան նույնպես գնահատեց այն։
14 Այսօր էլ է Եհովան խորապես գնահատում համաշխարհային գործի համար կատարած մեր նվիրաբերությունները։ Ավելին, նա խոստանում է, որ եթե շարունակենք Թագավորության շահերը առաջին տեղում դնել մեր կյանքում, նա կհոգա մեր բոլոր կարիքները՝ թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական (Մատթ. 6։33; Ղուկ. 6։38)։
ՑՈՒՅՑ ՏՈՒՐ ԳՆԱՀԱՏԱՆՔԴ
15. Որո՞նք են պատճառներից մի քանիսը, որոնց համար երախտապարտ ես Եհովային։
15 Երկար ժամանակ կպահանջվեր՝ թվարկելու Եհովային երախտապարտ լինելու բազում պատճառները։ Մի՞թե տեղին չէ ամեն օր շնորհակալություն հայտնել նրան կյանքի պարգևի համար։ Աստված մեզ տալիս է կյանքի համար անհրաժեշտ ամեն բան՝ սնունդ, հագուստ, կացարան, ինչպես նաև շնչելու օդ։ Իսկ ճշգրիտ գիտելիքների վրա հիմնված հավատը հույս է տալիս մեզ։ Լոկ այն բանի գիտակցումը, թե ով է Եհովան ու ինչ է արել մեզ համար, մղում է մեզ երկրպագելու և գովաբանության զոհ մատուցելու նրան (կարդա՛ Հայտնություն 4։11)։
16. Ինչպե՞ս պետք է արձագանքենք Քրիստոսի քավիչ զոհին։
16 Ինչպես տեսանք նախորդ հոդվածում, Եհովայի տված ամենաթանկ պարգևներից է Քրիստոսի քավիչ զոհը։ Այն մեր հանդեպ ցուցաբերած Աստծու սիրո առանձնահատուկ դրսևորումն է (1 Հովհ. 4։10)։ Ինչպե՞ս կարող ենք արձագանքել դրան։ Պողոսը հայտնեց. «Քրիստոսի ունեցած սերն է մղում մեզ, քանի որ այսպես ենք եզրակացնում, որ մեկը մահացավ բոլորի համար.... Նա մահացավ բոլորի համար, որպեսզի նրանք, ովքեր ապրում են, այլևս ոչ թե իրենց համար ապրեն, այլ նրա համար, ով մահացավ իրենց համար ու հարություն առավ» (2 Կորնթ. 5։14, 15)։ Փաստորեն, Պողոսն ասում էր, որ եթե գնահատենք Աստծու անզուգական բարությունը, ապա մեր կյանքը կօգտագործենք նրան ու նրա Որդուն պատվելու համար։ Աստծու և Քրիստոսի հանդեպ մեր սերն ու գնահատանքը դրսևորվում է մեր հնազանդությամբ ու քարոզելու և աշակերտներ պատրաստելու ցանկությամբ (1 Տիմոթ. 2։3, 4; 1 Հովհ. 5։3)։
17, 18. Ինչպե՞ս են ոմանք ավելացրել իրենց գովաբանության զոհը։ Բե՛ր օրինակ։
17 Հնարավո՞ր է Աստծուն մատուցվող գովաբանության զոհը ավելի լավը դարձնել։ Շատերը, ովքեր խորհրդածել են այն բոլոր բարիքների շուրջ, որ Եհովան արել է իրենց համար, մղվել են այնպես ծրագրելու իրենց ժամանակն ու գործերը, որ կարողանան ավելի շատ մասնակցել Թագավորության լուրի քարոզչությանը և մյուս աստվածապետական գործերին։ Ոմանք ամեն տարի մեկ կամ մի քանի ամիս ենթառահվիրա են ծառայում, ուրիշները՝ լիաժամ ռահվիրա։ Մյուսներն էլ մասնակցում են շինարարական ծրագրերի։ Մի՞թե դրանք հրաշալի կերպեր չեն՝ ցույց տալու մեր երախտագիտությունը։ Եթե ծառայում ենք ճիշտ մղումներով, այսինքն՝ մեր գնահատանքը ցույց տալու և Աստծուն շնորհակալություն հայտնելու ցանկությամբ, ապա մեր սուրբ ծառայությունը ընդունելի կլինի նրան։
18 Շատ քրիստոնյաներ մղվել են իրենց երախտագիտությունը դրսևորելու Եհովայի հանդեպ։ Նրանցից է Մորենան։ Նա իր հարցերի պատասխանը փնտրում էր կաթոլիկության՝ այն կրոնի մեջ, որում մեծացել է, ինչպես նաև ասիական փիլիսոփայության մեջ։ Սակայն ո՛չ մեկում, ո՛չ էլ մյուսում չկարողացավ գտնել իր հարցերի լիարժեք պատասխանը։ Նրա հոգևոր ծարավը հագեցավ միայն այն բանից հետո, երբ սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ։ Մորենան Աստվածաշնչից գտավ իր բոլոր հարցերի պատասխանը և դրա շնորհիվ իր կյանքը երջանիկ դարձավ։ Նա այնքան երախտապարտ էր Եհովային այդ ամենի համար, որ ցանկացավ իր շնորհակալությունը հայտնել նրան՝ ողջ ուժերը ներդնելով ծառայության մեջ։ Մկրտությունից անմիջապես հետո նա սկսեց կանոնավորաբար ենթառահվիրա ծառայել ու, հենց որ իր հանգամանքները թույլ տվեցին, դարձավ ընդհանուր ռահվիրա։ Դա 30 տարի առաջ էր, և մինչ օրս Մորենան ծառայում է լիաժամ։
19. Ինչպե՞ս կարող ես ավելացնել Եհովային մատուցած քո զոհերը։
19 Ինչ խոսք, Եհովայի հավատարիմ ծառաներից շատերի հանգամանքները թույլ չեն տալիս իրենց ռահվիրա ծառայել։ Սակայն ինչ էլ անում ենք ծառայության մեջ, բոլորս կարող ենք Եհովային ընդունելի հոգևոր զոհեր մատուցել։ Մեր վարքով ցույց ենք տալիս, որ ամենայն զգուշությամբ պահում ենք արդար սկզբունքները՝ հիշելով, որ միշտ ներկայացնում ենք Եհովային։ Մեր հավատը փաստում է, որ լիովին վստահ ենք, որ Աստծու նպատակները կիրագործվեն։ Իսկ լավ գործերով նպաստում ենք բարի լուրի տարածմանը։ Եհովայի հանդեպ երախտագիտությամբ լի սրտով եկեք շարունակենք ամբողջ հոգով զոհեր մատուցել նրան։
[մեջբերում 25-րդ էջի վրա]
Եհովայի բարությունը մղո՞ւմ է քեզ ավելի լավը դարձնելու քո գովաբանության զոհը
[նկար 23-րդ էջի վրա]
Ամեն առիթ օգտագործո՞ւմ ես վկայություն տալու համար