«Հարգեք նրանց, ովքեր տքնաջան աշխատում են ձեր մեջ»
«Հարգեք նրանց, ովքեր տքնաջան աշխատում են ձեր մեջ, առաջնորդում են ձեզ Տիրոջ գործում ու հորդորում են ձեզ» (1 ԹԵՍԱՂ. 5։12)։
1, 2. ա) Ինչպիսի՞ վիճակում էր Թեսաղոնիկեի ժողովը, երբ Պողոսը նրանց գրեց իր առաջին նամակը։ բ) Պողոսը ի՞նչ խրախուսեց թեսաղոնիկեցիներին։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ Թեսաղոնիկեի ժողովի անդամ ես։ Այս ժողովը Եվրոպայի առաջին ժողովներից մեկն է։ Պողոս առաքյալը բավական ժամանակ է՝ այստեղ է և հոգևոր օգնություն է ցույց տալիս տեղի եղբայրներին։ Ինչպես մյուս ժողովներում, հավանաբար այստեղ էլ նա երեցներ է նշանակել, որպեսզի ժողովում առաջնորդություն վերցնեն (Գործ. 14։23)։ Սակայն ժողովի կազմավորվելուց շատ չանցած՝ հրեաները մի խառնամբոխ են հավաքում, որ Պողոսին ու Շիղային քաղաքից վռնդեն։ Պողոսի հեռանալուց հետո ժողովի անդամները հավանաբար լքված էին զգում, գուցե նաև վախեցած էին։
2 Տրամաբանական է, որ Պողոսը կմտահոգվեր նորաստեղծ ժողովի մասին։ Նա փորձեց վերադառնալ Թեսաղոնիկե, սակայն «Սատանան խոչընդոտ եղավ» նրա ճանապարհին։ Ուստի նա Տիմոթեոսին ուղարկեց՝ քաջալերելու ժողովին (1 Թեսաղ. 2։18; 3։2)։ Երբ Տիմոթեոսը լավ լուր բերեց Թեսաղոնիկեի ժողովի մասին, Պողոսը որոշեց նրանց նամակ գրել։ Այդ նամակում նա նաև խրախուսեց նրանց, որ հարգեն ժողովում առաջնորդություն վերցնողներին (կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 5։12, 13)։
3. Թեսաղոնիկեի քրիստոնյաները ի՞նչ պատճառներ ունեին՝ մեծագույն գնահատանք ցույց տալու երեցների հանդեպ։
3 Թեսաղոնիկեի ժողովում առաջնորդություն վերցնող եղբայրները այնքան փորձառու չէին, որքան Պողոսն ու նրա հետ ճամփորդող ընկերակիցները, և ոչ էլ Երուսաղեմի երեցների երկար տարիների փորձն ունեին։ Այդ ժողովը դեռ մեկ տարի չկար, ինչ կազմավորվել էր։ Սակայն ժողովի անդամները պատճառներ ունեին գնահատելու իրենց երեցներին, որոնք «տքնաջան աշխատում էին», «առաջնորդում էին» ժողովը և «հորդորում» եղբայրներին։ Ինչ խոսք, սրանք լուրջ պատճառներ էին «նրանց հանդեպ սիրով լի մեծագույն գնահատանք ցույց տալու» համար։ Այս հորդորից հետո Պողոսը խորհուրդ տվեց «խաղաղարար լինել»։ Եթե Թեսաղոնիկեի ժողովում լինեիր, խորապես կգնահատեի՞ր երեցներին իրենց արած գործի համար։ Ինչպիսի՞ վերաբերմունք ունես «մարդկանց տեսքով պարգևների» հանդեպ, որոնց Աստված Քրիստոսի միջոցով տվել է քո ժողովին (Եփես. 4։8)։
«Տքնաջան աշխատում են»
4, 5. Ինչո՞ւ Պողոսի օրերում երեցների համար հեշտ չէր ժողովին ուսուցանելու գործը, և ինչո՞ւ այն հեշտ չէ այսօր։
4 Պողոսին ու Շիղային Բերիա ուղարկելուց հետո թեսաղոնիկեցի երեցները ի՞նչ առումով էին «տքնաջան աշխատում»։ Ընդօրինակելով Պողոսին՝ նրանք, անկասկած, ուսուցանում էին ժողովին՝ օգտագործելով Սուրբ Գրքերը։ Արդյոք Թեսաղոնիկեի քրիստոնյաները գնահատո՞ւմ էին Աստծու Խոսքը։ Գործեր 17։11-ում կարդում ենք, որ բերիացիները «ավելի ազնվամիտ էին, քան նրանք, որ Թեսաղոնիկեում էին, որովհետև.... ամեն օր ուշադիր քննում էին Սուրբ Գրքերը»։ Սակայն այս համեմատությունը վերաբերում էր ընդհանուր առմամբ Թեսաղոնիկեի հրեաներին, ոչ թե այնտեղի քրիստոնյաներին, քանի որ նրանք, ովքեր հավատացյալ էին դարձել, Աստծու Խոսքն ընդունել էին «ոչ թե որպես մարդկանց խոսք, այլ.... որպես Աստծու» (1 Թեսաղ. 2։13)։ Երեցները պետք է որ ջանքեր թափեին նրանց հոգևորապես սնելու համար։
5 Այսօր հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգը Աստծու հոտին «կերակուր է տալիս ճիշտ ժամանակին» (Մատթ. 24։45)։ Ծառա դասակարգի առաջնորդության ներքո ժողովների երեցները տքնաջան աշխատում են՝ հոգևորապես սնելու իրենց եղբայրներին։ Ճիշտ է, ժողովի անդամները աստվածաշնչյան առատ գրականություն ունեն, և որոշ լեզուներով առկա են ««Դիտարանի» հրատարակությունների ցանկը» և ««Դիտարանի» գրադարանը» կոմպակտ սկավառակի վրա։ Սակայն նրանց հոգևոր կարիքները հոգալու համար երեցները ժամեր են հատկացնում՝ պատրաստելու ժողովի հանդիպումների տարբեր մասերը, որպեսզի կարողանան մատուցվող նյութը արդյունավետ կերպով ներկայացնել։ Երբևէ մտածե՞լ ես, թե երեցները քանի ժամ են անցկացնում ժողովի հանդիպումներին և համաժողովներին իրենց հանձնարարված նյութը պատրաստելու համար։
6, 7. ա) Ի՞նչ օրինակ է թողել Պողոսը Թեսաղոնիկեի երեցների համար։ բ) Ինչո՞ւ գուցե դժվար լինի երեցների համար ընդօրինակել Պողոսին։
6 Թեսաղոնիկեի երեցները հիշում էին այն հիանալի օրինակը, որ Պողոսը թողել էր հոտը հովվելու գործում։ Նա այդ գործը չէր անում մեխանիկորեն կամ ինչպես պատահի։ Ինչպես քննարկվեց նախորդ հոդվածում, նա «քնքշորեն էր վարվում.... ինչպես որ կերակրող մայրն է քնքշորեն խնամում իր երեխաներին» (կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 2։7, 8)։ Նա նույնիսկ պատրաստ էր նրանց համար իր հոգին տալու։ Երեցները պետք է Պողոսի պես լինեն։
7 Քրիստոնյա հովիվներն այսօր ընդօրինակում են Պողոսին՝ քնքշորեն հոգ տանելով հոտին։ Հոտի որոշ անդամներ գուցե այդքան էլ ջերմ ու շփվող չլինեն։ Սակայն երեցները ձգտում են հասկացողություն դրսևորել և ուշադրություն դարձնել նրանց լավ կողմերին։ Անկատար լինելու պատճառով գուցե երեցից մեծ ջանքեր պահանջվի յուրաքանչյուրի հանդեպ դրական վերաբերմունք ունենալու համար։ Սակայն քանի որ նա ձգտում է իր լավագույնն անել, որպեսզի նրբանկատ լինի բոլորի հանդեպ, մի՞թե արժանի չէ գովասանքի այն բոլոր ջանքերի համար, որ ներդնում է լավ հովիվ լինելու համար։
8, 9. Ինչպե՞ս են երեցները «հոգ տանում մեր հոգիների մասին»։
8 Բոլորս պետք է հնազանդվենք երեցներին, քանի որ ինչպես Պողոս առաքյալը գրեց, «նրանք անդադար հոգ են տանում մեր հոգիների մասին» (Եբր. 13։17)։ Այս խոսքերը հիշեցնում են մեզ այն հովիվներին, որոնք գիշերներն անքուն են մնում իրենց հոտը պաշտպանելու համար։ Այդպես էլ երեցները իրենց զրկում են քնից, որպեսզի հոգան նրանց կարիքները, ովքեր ունեն առողջական, էմոցիոնալ և հոգևոր խնդիրներ։ Օրինակ՝ Հիվանդանոցների հետ կապի կոմիտեում ծառայող եղբայրները նույնիսկ գիշերվա կեսին իսկույն արձագանքում են, երբ իրենց հավատակիցը շտապ բուժօգնություն ստանալու անհրաժեշտություն է ունենում։ Որքա՜ն երախտապարտ ենք նրանց այդ ծառայության համար։
9 Տարածաշրջանային շինարարական կոմիտեում և աղետների ժամանակ գործող օգնության կոմիտեում ծառայող երեցները ամեն ջանք ներդնում են եղբայրներին օգնելու համար։ Նրանք արժանի են, որ սրտանց աջակցենք նրանց։ Տեսնենք, թե ինչպես նրանք օգնության հասան Մյանմայի իրենց հավատակիցներին, երբ 2008թ.-ին Նարգիս ցիկլոնը մեծ վնասներ հասցրեց այդ երկրին։ Բոտինգտոնի ժողով հասնելու համար, որը գտնվում էր Իրավադի դելտայի շրջանում, եղբայրները ստիպված էին անցնել ավերված բնակավայրերի և դիակների միջով։ Երբ այդ ժողովի անդամները օգնության եկած առաջին խմբի մեջ տեսան իրենց նախկին շրջանային վերակացուին, բացականչեցին. «Տեսե՛ք, մեր շրջանային վերակացո՛ւն։ Եհովան մեզ չի մոռացել»։ Իսկ դու գնահատո՞ւմ ես այն աշխատանքը, որ կատարում են երեցները օր ու գիշեր։ Որոշ երեցներ նշանակված են ծառայելու հատուկ կոմիտեներում, որպեսզի լուծեն դժվար իրավական հարցեր։ Նրանք չեն պարծենում իրենց արածներով, սակայն նրանց ծառայությունից օգուտ քաղողները երախտապարտ են նրանց (Մատթ. 6։2–4)։
10. Ի՞նչ աշխատանք են կատարում երեցները, որի մասին գուցե տեղյակ չենք։
10 Երեցներից շատերը կատարում են նաև թղթային աշխատանք։ Օրինակ՝ երեցների խորհրդի կոորդինատորը կազմում է ժողովի հանդիպումների շաբաթական ծրագիրը։ Ժողովի քարտուղարը կազմում է քարոզչական ծառայության ամսական և տարեկան հաշվետվությունները։ Աստվածապետական դպրոցի վերակացուն որոշում է, թե դպրոցի ծրագրի առանձին բաժինները ում հանձնարարի։ Երեք ամիսը մեկ անգամ ժողովի հաշիվների ստուգում է անցկացվում։ Երեցները մասնաճյուղից ստացված նամակներն են ընթերցում և հետևում են տրված առաջնորդությանը, ինչը նպաստում է «հավատի.... մեջ հասնելու միասնության» (Եփես. 4։3, 13)։ Երեցների տքնաջան աշխատանքի շնորհիվ «ամեն ինչ պարկեշտությամբ և կարգուկանոնով է լինում» (1 Կորնթ. 14։40)։
«Առաջնորդում են»
11, 12. Ովքե՞ր են առաջնորդություն վերցնում ժողովում, և ի՞նչ է այն ներառում։
11 Բացի նրանից, որ Թեսաղոնիկեի երեցները «տքնաջան աշխատում էին», Պողոսը նշեց, որ նրանք նաև «առաջնորդում են» ժողովը (1 Թեսաղ. 5։12)։ Նա խոսում էր ժողովի բոլոր երեցների մասին։ Այսօր երեցներից շատերը առաջնորդություն են վերցնում ժողովում և անցկացնում են հանդիպումները։ «Երեցների խորհրդի կոորդինատոր» անվանումը, որ վերջին ժամանակներս սկսեցինք օգտագործել, օգնում է հասկանալու, որ բոլոր երեցները մեկ խորհրդի՝ մեկ մարմնի միասնական անդամներ են։
12 Ժողովում առաջնորդություն վերցնելն ավելին է նշանակում, քան պարզապես ուսուցանելը։ «Առաջնորդել» թարգմանված հունարեն բառը օգտագործվում է նաև 1 Տիմոթեոս 3։4-ում։ Պողոսն ասաց, որ վերակացուն պետք է լինի «իր ընտանիքը լավ ղեկավարող, ունենա այնպիսի երեխաներ, որոնք հնազանդվում են ամենայն լրջությամբ»։ Այստեղ այդ բառը թարգմանվել է «ղեկավարող», որի պարտականության մեջ է մտնում ոչ միայն երեխաներին կրթելը, այլև ընտանիքն առաջնորդելը և հնազանդ երեխաներ մեծացնելը։ Այո՛, երեցները առաջնորդում են ժողովներին՝ օգնելով բոլորին հնազանդվելու Եհովային (1 Տիմոթ. 3։5)։
13. Ինչո՞ւ գուցե շատ ժամանակ պահանջվի երեցների հանդիպմանը որոշում կայացնելու համար։
13 Հոտը լավ ղեկավարելու համար երեցները իրար հետ քննարկում են, թե ինչպես կարող են հոգալ ժողովի կարիքները։ Գուցե թվա, թե ավելի արդյունավետ կլինի, եթե բոլոր որոշումները երեցներից մեկը կայացնի։ Սակայն հետևելով առաջին դարի կառավարիչ մարմնի օրինակին՝ երեցների խորհրդի անդամները քննարկում են բարձրացված հարցը և Սուրբ Գրքից առաջնորդություն են փնտրում։ Նրանց նպատակն է հոգալ ժողովի կարիքները՝ հիմնվելով աստվածաշնչյան սկզբունքների վրա։ Նրանց քննարկումն արդյունավետ է անցնում, երբ յուրաքանչյուր երեց նախօրոք պատրաստվում է այդ հանդիպմանը, ուսումնասիրում է այն, ինչ գրված է Աստվածաշնչում, և ուշադրություն է դարձնում հավատարիմ և իմաստուն ծառայի տված առաջնորդությանը։ Ինչ խոսք, այս ամենի համար բավականին շատ ժամանակ է պահանջվում։ Իսկ երբ նրանք տարբեր կարծիքներ են ունենում, ինչպես որ եղավ առաջին դարում, երբ կառավարիչ մարմինը քննում էր թլփատության հարցը, լրացուցիչ ժամանակ են հատկացնում հետազոտություններ անելու համար, որպեսզի մեկ ընդհանուր որոշման գան, որը հիմնված կլինի Աստվածաշնչի վրա (Գործ. 15։2, 6, 7, 12–14, 28)։
14. Գնահատո՞ւմ ես երեցներին, որոնք գործում են ինչպես մեկ մարմին, և ինչո՞ւ։
14 Ի՞նչ կարող է պատահել, եթե երեցներից մեկը պնդի իր առաջարկը կամ փորձի առաջ քաշել իր սեփական գաղափարները։ Կամ ի՞նչ կլինի, եթե ինչ-որ մեկը վիճաբանություններ հրահրի, ինչպես առաջին դարում անում էր Դիոտրեֆեսը (3 Հովհ. 9, 10)։ Դա, անկասկած, բացասաբար կանդրադառնա ամբողջ ժողովի վրա։ Եթե Սատանան փորձեց վնաս հասցնել առաջին դարի ժողովին, կարող ենք վստահ լինել, որ նա այսօր էլ ուզում է խաթարել ժողովի խաղաղությունը։ Նա կարող է օգտագործել մարդու եսասիրական հակումները, ինչպես օրինակ՝ բարձր դիրք ունենալու ցանկությունը։ Ուստի երեցները պետք է խոնարհություն մշակեն և գործեն միասին՝ որպես միասնական խումբ։ Գնահատանքի է արժանի երեցների խոնարհությունը, որոնք գործում են որպես մեկ մարմին։
«Հորդորում են»
15. Ի՞նչն է մղում երեցներին հորդորելու քույրերին ու եղբայրներին։
15 Պողոսն այնուհետև խոսում է երեցների մի շատ կարևոր ու դժվար առաջադրանքի մասին, այն է՝ հորդորել հոտին։ «Հորդորել» թարգմանված հունարեն բառը միայն Պողոսն է օգտագործել։ Հունարենում այն կարող է նշանակել խիստ խորհուրդ տալ կամ հանդիմանել, բայց առանց թշնամանքի (Գործ. 20։31; 2 Թեսաղ. 3։15)։ Օրինակ՝ Պողոսը կորնթացիներին գրեց. «Այս ամենը գրում եմ ոչ թե ձեզ ամաչեցնելու համար, այլ հորդորելու՝ որպես իմ սիրելի զավակների» (1 Կորնթ. 4։14)։ Պողոսի հորդորելու շարժառիթը նրանց հանդեպ սիրառատ հոգատարությունն էր։
16. Հորդորելիս երեցները ինչի՞ մասին պետք է միշտ հիշեն։
16 Երեցները միշտ հիշում են, որ անչափ կարևոր է այն, թե ինչպես կհորդորեն մյուսներին։ Նրանք ձգտում են հետևել Պողոսի օրինակին և լինել բարի, սիրալիր և օգնելու պատրաստ (կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 2։11, 12)։ Երեցները չեն մոռանում նաև այն մասին, որ պետք է «ամուր բռնած լինեն հավատարիմ խոսքը, որպեսզի կարողանան հորդորել առողջ ուսմունքով» (Տիտոս 1։5–9)։
17, 18. Ի՞նչ պետք է հիշես, երբ որևէ երեց հորդոր է տալիս քեզ։
17 Երեցները անկատար են, ուստի գուցե ասեն բաներ, որոնց համար հետո զղջան (1 Թագ. 8։46; Հակ. 3։8)։ Բացի այդ, երեցները գիտեն, որ սովորաբար խորհուրդ ստանալը նույնիսկ հոգևորապես հասուն քույրերին և եղբայրներին «չի ուրախացնում, այլ տրտմեցնում է» (Եբր. 12։11)։ Ուստի երեցը որևէ մեկին հորդորելուց առաջ երկար մտածում է, թե ինչպես դա անի, և աղոթում է այդ մասին։ Եթե քեզ որևէ երեց հորդորել է ինչ-որ բան անել, գնահատո՞ւմ ես նրա սիրառատ հոգատարությունը։
18 Ենթադրենք՝ առողջական խնդիր ունես, բայց բժիշկները չեն կարողանում հասկանալ, թե որն է քո հիվանդությունը։ Հետո մի բժիշկ ճիշտ ախտորոշում է այն, սակայն քեզ համար դժվար է ընդունել այն փաստը, որ դու տվյալ հիվանդությունն ունես։ Ի՞նչ կանես, կվրդովվե՞ս այդ բժշկի դեմ։ Իհարկե ոչ։ Ընդհակառակը՝ կհամաձայնվես ընդունել նրա նշանակած ցանկացած բուժում, նույնիսկ եթե կարիք լինի վիրահատվելու՝ գիտակցելով, որ դա քո օգտի համար է։ Այն, թե բժիշկն ինչպես կտեղեկացնի քեզ քո հիվանդության մասին, գուցե քեզ այդքան էլ դուր չգա, բայց թույլ կտա՞ս, որ դա ազդի քո որոշման վրա՝ ընդունել նրա նշանակած բուժումը, թե ոչ։ Նմանապես, թույլ մի՛ տուր, որ տրված հորդորի ձևը խանգարի քեզ լսելու նրանց, ում միջոցով Եհովան և Հիսուսը ուզում են, որ դու իմանաս, թե ինչպես կարող ես ինքդ քեզ օգնել և պաշտպանել հոգևորապես։
Գնահատենք Եհովայի տված պարգևը
19, 20. Ինչպե՞ս կարող ես գնահատանքդ ցույց տալ «մարդկանց տեսքով պարգևների» հանդեպ։
19 Ի՞նչ ես անում, երբ մի նվեր ես ստանում, որը պատրաստված է հատուկ քեզ համար։ Մի՞թե գնահատանքդ ցույց չես տալիս՝ օգտագործելով այն։ Եհովան Հիսուս Քրիստոսի միջոցով «մարդկանց տեսքով պարգևներ» է տվել քեզ։ Այս պարգևների համար քո գնահատանքը ցույց կտաս, եթե ուշադիր լսես երեցների ներկայացրած ելույթները և կիրառես ելույթում նշված մտքերը, նաև ժողովի հանդիպումների ժամանակ բովանդակալից մեկնաբանություններ տաս և աջակցես նրանց այն գործերում, որոնցում նրանք առաջնորդություն են վերցնում, ինչպիսին է, օրինակ, քարոզչական ծառայությունը։ Եթե օգուտներ ես քաղել երեցի տված խորհրդից, չարժե՞ արդյոք ասել նրան այդ մասին։ Իսկ մի՞թե չարժե գնահատանք ցույց տալ երեցների ընտանիքի անդամների հանդեպ։ Մի՛ մոռացիր, որ երեցի ընտանիքի անդամները զոհողությունների են գնում, քանի որ այն ժամանակը, որը նա կարող էր անցկացնել ընտանիքի հետ, տրամադրում է ժողովի գործերին։
20 Այո՛, մենք շատ պատճառներ ունենք ցույց տալու մեր գնահատանքը երեցների հանդեպ, ովքեր տքնաջան աշխատում են մեզ համար, առաջնորդություն են վերցնում ժողովում և հորդորում են մեզ։ Մարդկանց տեսքով այս պարգևները, իրոք որ, Եհովայի սիրո դրսևորումն են մեր հանդեպ։
Հիշո՞ւմ ես
• Ի՞նչ պատճառներ ունեին թեսաղոնիկեցիները՝ գնահատելու ժողովում առաջնորդություն վերցնողներին։
• Ի՞նչ ծանր աշխատանք են կատարում ժողովի երեցները ձեզ համար։
• Ի՞նչ օգուտներ ես քաղում երեցների տված առաջնորդությունից։
• Երեցի կողմից հորդոր ստանալիս ի՞նչ պետք է հիշես։
[նկար 27-րդ էջի վրա]
Գնահատո՞ւմ ես այն բոլոր ծառայությունները, որ կատարում են երեցները