Քրիստոսն առաջնորդում է իր ժողովին
«Ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (ՄԱՏԹԷՈՍ 28։20)։
1, 2. ա) Աշակերտներ պատրաստելու պատվերը տալիս ի՞նչ խոստացավ Հիսուսն իր հետևորդներին։ բ) Ինչպե՞ս էր Հիսուսն առաջնորդում վաղ քրիստոնեական ժողովին։
ՆԱԽՔԱՆ երկինք համբարձվելը Հիսուս Քրիստոսը՝ մեր Առաջնորդը, երևաց իր աշակերտներին ու ասաց. «Ինձ է տրուած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ.... Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի։ Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթէոս 23։10, ԱՆԹ; 28։18–20)։
2 Հիսուսն իր աշակերտներին ոչ միայն հանձնարարեց ավելի շատ աշակերտներ պատրաստել, այլև խոստացավ նրանց հետ լինել այդ փրկարար գործը կատարելիս։ Աստվածաշնչի «Գործք» գրքում պատկերվում է վաղ քրիստոնեության պատմությունը, որտեղից հստակորեն երևում է, որ Քրիստոսը, օգտվելով իրեն տրված իշխանությունից, առաջնորդում էր նորաստեղծ ժողովին։ Նա իր խոստացած «օգնականը» (ՆԱ)՝ սուրբ ոգին, ուղարկեց, որպեսզի զորացներ իր հետևորդներին և ուղղություն տար նրանց ջանքերին (Յովհաննէս 16։7; Գործք 2։4, 33; 13։2–4; 16։6–10)։ Հարություն առած Հիսուսը նաև հրեշտակների միջոցով էր սատարում իր աշակերտներին (Գործք 5։19; 8։26; 10։3–8, 22; 12։7–11; 27։23, 24; Ա Պետրոս 3։22)։ Բացի այդ, մեր Առաջնորդը ժողովը ղեկավարում էր գործիմաց տղամարդկանց խմբի՝ կառավարիչ մարմնի միջոցով (Գործք 1։20, 24–26; 6։1–6; 8։5, 14–17)։
3. Ի՞նչ հարցեր են քննարկվելու այս հոդվածում։
3 Իսկ հիմա՞։ Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսն առաջնորդում քրիստոնեական ժողովին մեր օրերում՝ ‘աշխարհի վախճանի’ ժամանակներում։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ընդունում ենք նրա առաջնորդությունը։
Տերը հավատարիմ ծառա ունի
4. ա) Ովքե՞ր են կազմում «հավատարիմ և իմաստուն ծառան»։ բ) Ի՞նչ է Տերը հանձնարարել իր ծառային։
4 Իր ներկայության նշանի մասին մարգարեությունը տալու ժամանակ Հիսուսն ասաց. «Ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որին իր տէրը իր ծառաների վրայ կարգեց՝ իր ժամին կերակուր տալու համար նրանց։ Երանի՜ է այն ծառային, որին տէրը, գալով, կը գտնի այդպէս արած։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան կը կարգի իր ամբողջ ունեցուածքի վրայ» (Մատթէոս 24։45–47)։ «Տէրը» մեր Առաջնորդն է՝ Հիսուս Քրիստոսը, և նա «հավատարիմ և իմաստուն ծառային»՝ երկրի վրա գտնվող օծյալ քրիստոնյաների մարմնին, նշանակել է՝ հոգալու երկրի հետ կապված իր բոլոր գործերը։
5, 6. ա) Հովհաննես առաքյալին տրված տեսիլքում ի՞նչ են խորհրդանշում «եօթը ոսկէ ճրագակալները» և «եօթը աստղերը»։ բ) Ի՞նչ է նշանակում այն, որ «եօթը աստղերը» Հիսուսի աջ ձեռքում են։
5 Աստվածաշնչի «Յայտնութիւն» գիրքը ցույց է տալիս, որ «հավատարիմ և իմաստուն ծառան» անմիջականորեն Հիսուս Քրիստոսի իշխանության ներքո է գտնվում։ Հովհաննես առաքյալը տեսիլքով տեղափոխվեց «Տիրոջ օրը» (ՆԱ)։ Նա տեսավ «եօթը ոսկէ ճրագակալներ. եւ եօթը ճրագակալների մէջտեղում՝ մէկին, նման մարդու Որդուն», որն «իր աջ ձեռքում ունէր եօթը աստղեր»։ Հիսուսը Հովհաննեսին ասաց. «Բացատրեմ խորհուրդը այն եօթը աստղերի, որ դու տեսար իմ աջ ձեռքին, ինչպէս եւ եօթը ոսկէ ճրագակալները. եօթը աստղերը եօթը եկեղեցիների [կամ ժողովների] հրեշտակներն են, եւ եօթը ճրագակալները եօթը եկեղեցիներն [ժողովներ] են» (Յայտնութիւն 1։1, 10–20)։
6 «Եօթը ոսկէ ճրագակալները» ներկայացնում են ճշմարիտ քրիստոնյաների բոլոր ժողովները, որոնք գոյություն ունեն «Տիրոջ օրը» սկսելու ժամանակից՝ 1914 թ.–ից։ Իսկ ‘յոթ աստղե՞րը’։ Նրանք խորհրդանշում էին սուրբ ոգուց ծնված օծյալ վերակացուներին, որոնք հոգ էին տանում առաջին դարի ժողովներին։a Այս վերակացուները Հիսուսի աջ ձեռքում էին, այսինքն՝ նրա ղեկավարության և առաջնորդության ներքո։ Այո՛, Հիսուս Քրիստոսն առաջնորդում էր «ծառա» դասակարգին, որը կազմված էր առանձին անհատներից։ Սակայն ներկայումս օծյալ վերակացուները թվով քիչ են։ Այդ դեպքում ինչպե՞ս է Քրիստոսն առաջնորդում Եհովայի վկաների՝ աշխարհով մեկ սփռված ավելի քան 93 000 ժողովներին։
7. ա) Ինչպե՞ս է Հիսուսը Կառավարիչ մարմնի միջոցով առաջնորդություն տալիս աշխարհով մեկ սփռված ժողովներին։ բ) Ինչո՞ւ կարելի է ասել, որ քրիստոնեական վերակացուները սուրբ ոգու միջոցով են նշանակում ստանում։
7 Ինչպես որ առաջին դարում էր, այժմ էլ օծյալ վերակացուների մի փոքր խումբ ծառայում է որպես Կառավարիչ մարմին՝ ներկայացնելով «հավատարիմ և իմաստուն ծառային»։ Մեր Առաջնորդը Կառավարիչ մարմնի միջոցով ժողովներում երեցներ է նշանակում, անկախ նրանից՝ վերջիններս օծյալ են, թե ոչ։ Այս առումով՝ սուրբ ոգին շատ կարևոր դեր է խաղում, և Եհովան այս ուժը հանձնել է Հիսուսին, որ նա օգտագործի այն (Գործք 2։32, 33)։ Այս վերակացուները նախևառաջ պետք է համապատասխանեն Աստծո Խոսքում պարունակված չափանիշներին. իսկ Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը, սուրբ ոգու ներշնչումով է գրվել (Ա Տիմոթէոս 3։1–7; Տիտոս 1։5–9; Բ Պետրոս 1։20, 21)։ Այդ եղբայրների թեկնածություններն առաջադրվում, իսկ նշանակումներն արվում են աղոթքով և սուրբ ոգու առաջնորդությամբ։ Բացի դրանից, նշանակում ստացած անձինք ակնհայտ ձևով դրսևորում են սուրբ ոգու պտուղը (Գաղատացիս 5։22, 23, ԱԹ)։ Պողոսի հետևյալ խորհուրդը հավասարապես վերաբերում է բոլոր երեցներին՝ անկախ այն բանից, նրանք օծյալ են, թե ոչ. «Զգո՛յշ եղէք ինքներդ ձեր եւ ամբողջ հօտի համար, որի վրայ Սուրբ Հոգին տեսուչներ [«վերակացուներ», ԱԹ] կարգեց ձեզ» (Գործք 20։28)։ Առաջնորդություն ստանալով Կառավարիչ մարմնից՝ այդ մարդիկ պատրաստակամորեն հովվում են ժողովը։ Ահա այսպես է, որ Քրիստոսը մեզ հետ է և ջանք չի խնայում ժողովին առաջնորդելու համար։
8. Ինչպե՞ս է Քրիստոսը հրեշտակների միջոցով առաջնորդում իր հետևորդներին։
8 Հիսուսն այսօր նաև հրեշտակների միջոցով է առաջնորդում իր հետևորդներին։ Համաձայն ցորենի ու որոմների առակի՝ հնձի ժամանակը գալու էր «աշխարհի վախճանին»։ Ո՞ւմ միջոցով էր Տերը հունձ անելու։ «Հնձողները հրեշտակներ են»,— ասաց Քրիստոսը։ Նա ավելացրեց. «Մարդու Որդին կ’ուղարկի իր հրեշտակներին, եւ նրանք կը հաւաքեն նրա արքայութիւնից բոլոր գայթակղութիւնները եւ նրանց, որոնք անօրինութիւն են գործում» (Մատթէոս 13։37–41)։ Եվ ինչպես հրեշտակն առաջնորդեց Փիլիպպոսին՝ հանդիպելու եթովպացի ներքինուն, այնպես էլ այսօր, ինչպես փաստում են բազմաթիվ դեպքեր, Քրիստոսն իր հրեշտակների միջոցով առաջնորդում է ճշմարիտ քրիստոնյաներին՝ գտնելու ազնվասիրտ մարդկանց (Գործք 8։26, 27; Յայտնութիւն 14։6)։
9. ա) Ինչպե՞ս է այսօր Քրիստոսն առաջնորդում քրիստոնեական ժողովին։ բ) Ո՞ր հարցը պետք է մեզ անհանգստացնի, եթե ցանկանում ենք օգուտ ստանալ Քրիստոսի առաջնորդությունից։
9 Որքա՜ն ենք քաջալերվում՝ իմանալով, որ Հիսուս Քրիստոսն իր աշակերտներին այսօր առաջնորդում է Կառավարիչ մարմնի, սուրբ ոգու և հրեշտակների միջոցով։ Նույնիսկ եթե Եհովայի երկրպագուները հալածանքի կամ ուրիշ նման պատճառներով որոշ ժամանակ հնարավորություն չունենան կապ պահպանել Կառավարիչ մարմնի հետ, Քրիստոսը սուրբ ոգու և հրեշտակների օգնությամբ կառաջնորդի նրանց։ Այդուհանդերձ, Հիսուսի առաջնորդությունը մեզ օգուտ կբերի միայն այն դեպքում, եթե ընդունենք այն։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ այդպես ենք վարվում։
«Լսեցէ՛ք.... հնազանդուեցէ՛ք»
10. Ինչպե՞ս կարող ենք մեր երախտագիտությունն արտահայտել ժողովի երեցներ ունենալու համար։
10 Մեր Առաջնորդը ժողովներին տվել է մարդկանց տեսքով պարգևներ՝ «ոմանց՝ աւետարանիչներ, ոմանց՝ հովիւներ եւ ուսուցիչներ» լինելու (Եփեսացիս 4։8, 11, 12)։ Նրանց հանդեպ ցուցաբերած մեր վերաբերմունքը պարզորոշ վկայում է, թե արդյոք ընդունում ենք Քրիստոսի առաջնորդությունը։ Միայն ու միայն կարելի է ‘գոհանալ’, կամ շնորհակալ լինել, որ Քրիստոսը մեզ հոգևորապես պատրաստված եղբայրներ է տալիս (Կողոսացիս 3։15)։ Նրանք նաև արժանի են մեր հարգանքին։ «Այն երէցները, որոնք լաւ վերակացու են, կրկնակի պատուի արժանի թող լինեն»,— գրեց Պողոս առաքյալը (Ա Տիմոթէոս 5։17)։ Ինչպե՞ս կարող ենք մեր երախտագիտությունն արտահայտել ժողովի երեցներ, կամ այլ խոսքով՝ վերակացուներ ունենալու համար։ Պողոսը պատասխանում է. «Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին և հնազանդուեցէ՛ք նրանց» (Եբրայեցիս 13։17)։ Այո՛, մենք պետք է լսենք ու հնազանդվենք նրանց։
11. Ինչո՞ւ կարելի է ասել, որ երեցների իշխանության հանդեպ հարգանքը մեր մկրտությանը համաձայն ապրելու հարց է։
11 Մեր Առաջնորդը կատարյալ է, իսկ որպես պարգև տրված մարդիկ՝ ոչ։ Հետևաբար՝ նրանք կարող են երբեմն սխալվել։ Բայց, այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ հավատարիմ մնանք Քրիստոսի սահմանած կարգին։ Ըստ էության, ապրել նվիրման ու մկրտության համաձայն՝ նշանակում է ընդունել, որ ժողովում սուրբ ոգու միջոցով հաստատված իշխանությունն օրինական է, և պատրաստակամորեն հնազանդվել այդ իշխանությանը։ «Սուրբ Հոգու անունով» մկրտվելով՝ մենք բոլորին ցույց ենք տալիս, որ հասկանում ենք, թե ինչ է սուրբ ոգին, և ընդունում ենք այն դերը, որ նա խաղում է Եհովայի նպատակների մեջ (Մատթէոս 28։19)։ Նաև դա նշանակում է, որ պատրաստ ենք գործել սուրբ ոգուն ներդաշնակ, և չենք խոչընդոտում Քրիստոսի հետևորդների վրա ոգու ներգործությանը։ Սուրբ ոգին կարևոր դեր է խաղում երեցների թեկնածությունների առաջադրման ու նշանակումներ կատարելու հարցում։ Ուրեմն կարելի՞ է ասել, որ իսկապես հավատարիմ ենք մեր նվիրմանը, եթե չենք ընդունում երեցների իշխանությունը ժողովում։
12. Իշխանությունը արհամարհելու վերաբերյալ ի՞նչ օրինակներ է բերում Հուդան, և ի՞նչ ենք սովորում դրանցից։
12 Գրությունները պարունակում են օրինակներ, որոնք սովորեցնում են մեզ, թե որքա՛ն կարևոր է լսող և հնազանդ լինելը։ Հուդա աշակերտը, խոսելով նրանց մասին, ովքեր չարախոսում էին ժողովում նշանակված մարդկանց, երեք նախազգուշական օրինակներ է հիշատակում՝ ասելով. «Վա՜յ նրանց, որոնք Կայէնի ճանապարհով ընթացան եւ ըստ Բաաղամի մոլորութեան՝ սայթաքեցին վարձի ետեւից ընկնելով եւ կորան Կորխի պէս իրենց ըմբոստութեան պատճառով» (Յուդա 11)։ Կայենն անտեսեց Եհովայի՝ սիրով տրված խորհուրդը և իր սրտից արմատախիլ չարեց ատելությունը, որը սպանության տարավ (Ծննդոց 4։4–8)։ Բաղաամը, չնայած որ Աստված մի քանի անգամ նախազգուշացրել էր նրան, փորձում էր անիծել Աստծո ժողովրդին դրամական պարգև ստանալու համար (Թուոց 22։5–28, 32–34; Բ Օրինաց 23։5)։ Կորխը պատվաբեր պատասխանատվություն ուներ Իսրայելում, բայց դա նրան չէր բավարարում։ Նա մարդկանց հրահրեց դուրս գալու Աստծո ծառա Մովսեսի՝ աշխարհի ամենահեզ մարդու դեմ (Թուոց 12։3; 16։1–3, 32, 33)։ Կայենը, Բաղաամը և Կորխը կործանվեցին։ Ի՜նչ ազդեցիկ օրինակներ։ Այստեղից մենք սովորում ենք, որ հարկավոր է ականջ դնել այն մարդկանց խորհրդին, ում Եհովան պատասխանատվություն է տվել, և հարգել նրանց։
13. Ի՞նչ օրհնություններ է մարգարեանում Եսայիան նրանց համար, ովքեր հնազանդվում են երեցների իշխանությանը։
13 Ո՞վ չէր ցանկանա օգուտ ստանալ մեր Առաջնորդի քրիստոնեական ժողովում հաստատած վերակացությունից։ Եսայիա մարգարեն կանխագուշակեց, թե ինչպիսի օրհնություններ էր բերելու այդ վերակացությունը՝ ասելով. «Ահա մի թագաւոր արդարութամբ է թագաւորելու, եւ իշխանները իրաւունքով են իշխելու։ Եւ ամեն մէկը քամիի դէմ եղող պատսպարանի պէս, եւ փոթորկի դէմ եղող ծածկոցի պէս, չոր տեղում եղող ջրերի վտակների նման, մեծ ապառաժի հովանիին պէս պիտի լինի ծարաւուտ երկրում» (Եսայիա 32։1, 2)։ Յուրաքանչյուր երեց պիտի կարողանա պաշտպանության ու ապահովության աղբյուր լինել։ Նույնիսկ եթե ընդհանրապես դժվարանում ենք որևէ իշխանության ենթարկվել, այնուամենայնիվ եկեք աղոթենք Եհովային ու ջանանք հնազանդ լինել նրա կողմից հաստատված իշխանությանը ժողովում։
Ինչպես են երեցները հնազանդվում Քրիստոսի առաջնորդությանը
14, 15. Ինչպե՞ս են ժողովում առաջնորդություն վերցնողները ցույց տալիս, որ ենթարկվում են Քրիստոսի առաջնորդությանը։
14 Յուրաքանչյուր քրիստոնյա, մասնավորապես երեցը, պետք է հետևի Քրիստոսի առաջնորդությանը։ Վերակացուները, կամ երեցները, ժողովում որոշակի իշխանություն ունեն։ Սակայն նրանք չեն իշխում իրենց հավատակիցների հավատի վրա՝ չեն փորձում վերահսկել նրանց կյանքը (Բ Կորնթացիս 1։24, ԱԹ)։ Երեցները ականջ են դնում Հիսուսի խոսքերին. «Գիտէք, որ ազգերի իշխանաւորները տիրում են ազգերի վրայ, եւ մեծամեծները իշխում են նրանց վրայ։ Ձեր մէջ.... չպէտք է այդպէս լինի» (Մատթէոս 20։25–27)։ Իրենց պարտականությունները կատարելով՝ նրանք անկեղծորեն ձգտում են ծառայել մյուսներին։
15 Քրիստոնյաներին հորդոր է տրվում. «Յիշեցէ՛ք ձեր առաջնորդներին.... Նայելով նրանց կեանքի ընթացքի վախճանին, հետևո՛ղ եղէք նրանց հաւատին» (Եբրայեցիս 13։7)։ Իհարկե, այս հորդորին մենք հետևում ենք ոչ այն պատճառով, որ երեցները առաջնորդներ են։ Հիսուսն ասաց. «Ձեր միակ առաջնորդը Քրիստոսն է» (Մատթէոս 23։10, ԱՆԹ)։ Երեցների հավատն է, որ պետք է ընդօրինակենք, քանզի նրանք ձգտում են նմանվել մեր Առաջնորդին՝ Քրիստոսին (Ա Կորնթացիս 11։1)։ Եկեք մի քանի օրինակներով տեսնենք, թե ինչպես երեցները կարող են նմանվել Քրիստոսին ժողովի անդամների հետ ունեցած հարաբերություններում։
16. Չնայած իր ունեցած իշխանությանը՝ ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում իր հետևորդներին։
16 Հիսուսն ամեն ինչով վեր էր անկատար մարդկանցից և ահռելի իշխանություն էր ստացել իր Հորից։ Բայց չնայած այս ամենին՝ նա համեստ էր։ Նա չէր փորձում ունկնդիրներին տպավորել իր գիտելիքներով։ Հիսուսը զգայուն և կարեկից սիրտ ուներ. նա հաշվի էր առնում իր հետևորդների զուտ մարդկային կարիքները (Մատթէոս 15։32; 26։40, 41; Մարկոս 6։31)։ Նա երբեք իր աշակերտներից չէր պահանջում ավելին, քան նրանք կարող էին անել, և երբեք նրանց ուսերի վրա ավելի ծանր բեռ չէր դնում, քան նրանք կարող էին տանել(Յովհաննէս 16։12)։ Հիսուսը «հեզ [էր] եւ սրտով խոնարհ»։ Ուստիև զարմանալի չէ, որ նա շատերին էր թարմություն բերում (Մատթէոս 11։28–30)։
17. Ինչպե՞ս պետք է երեցները նմանվեն Քրիստոսին համեստություն ցուցաբերելու մեջ, երբ գործ են ունենում ժողովի անդամների հետ։
17 Եթե Քրիստոս–Առաջնորդը համեստություն դրսևորեց, հապա որքա՜ն առավել նման ձևով պետք է վարվեն ժողովում առաջնորդություն վերցնողները։ Այո՛, նրանք ուշադիր են լինում, որ չչարաշահեն իրենց վստահված իշխանությունը։ Նրանք նաև չեն փորձում տպավորել մարդկանց «մեծ–մեծ խոսքերով» (ԱՆԹ), այլ դրա փոխարեն Աստվածաշնչի ճշմարտության խոսքերը պարզությամբ ու սրտաբացությամբ են ասում (Ա Կորնթացիս 2։1, 2)։ Ավելին՝ երեցները ձգտում են ողջամիտ լինել մարդկանցից ունեցած իրենց ակնկալիքներում, ինչպես նաև՝ ուշադիր լինել նրանց կարիքների նկատմամբ (Փիլիպպեցիս 4։5, ՆԱ)։ Գիտակցելով, որ ամեն մարդ էլ սահմանափակ հնարավորություններ ունի՝ նրանք իրենց եղբայրների հետ գործ ունենալիս սիրով այս հանգամանքը հաշվի են առնում (Ա Պետրոս 4։8)։ Եվ մի՞թե հենց հեզ ու խոնարհ երեցները չէ, որ իսկապես թարմություն են բերում։
18. Երեխաների հետ Հիսուսի վերաբերվելու կերպից ի՞նչ կարող են երեցները սովորել։
18 Հիսուսը մատչելի էր նույնիսկ փոքրերին։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես նա արձագանքեց, երբ իր աշակերտները հանդիմանում էին այն մարդկանց, որ «նրան մանուկներ էին բերում»։ «Թո՛յլ տուէք այդ մանուկներին գալ ինձ,— ասաց Հիսուսը,— եւ արգելք մի՛ եղէք նրանց»։ Եվ «վերցնելով նրանց իր գիրկը՝ նրանց վրայ ձեռքը դրեց եւ օրհնեց նրանց» (Մարկոս 10։13–16)։ Հիսուսն իր ջերմությամբ ու բարությամբ գրավում էր մարդկանց։ Նրանք չէին վախենում նրանից։ Նույնիսկ երեխաներն էին իրենց լավ զգում նրա ներկայությամբ։ Երեցները նույնպես կարող են մատչելի լինել, և երբ նրանք խանդաղատանք ու բարություն են ցուցաբերում մարդկանց հանդեպ, վերջիններս, այդ թվում՝ երեխաները, իրենց լավ են զգում նրանց կողքին։
19. Ի՞նչ է նշանակում «Քրիստոսի միտքն» ունենալ, և ի՞նչ ջանքեր են հարկավոր դրա համար։
19 Թե որքանով երեցները կընդօրինակեն Հիսուս Քրիստոսին, կախված է այն բանից, թե իրենք ինչքանով լավ գիտեն նրան։ «Ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, որ բան սովորեցնէ նորան»,— հարցրեց Պողոսը։ Իսկ հետո նա ասաց. «Բայց մենք Քրիստոսի միտքն ունինք» (Ա Կորնթացիս 2։16, ԱԹ)։ Քրիստոսի միտքն ունենալ՝ նշանակում է իմանալ, թե ինչպես էր նա մտածում, համակողմանիորեն ճանաչել, թե ինչպիսի անձնավորություն էր նա։ Այսպես կարող ենք հասկանալ, թե ինչպես նա կվարվեր այս կամ այն իրավիճակում։ Միայն երևակայեցեք. մեր Առաջնորդին ամբողջությամբ ճանաչե՜լ։ Այո՛, դրա համար հարկավոր է մեծ ուշադրությամբ և կանոնավորաբար քննել Ավետարանները՝ Հիսուսի կյանքի ու թողած օրինակի վերաբերյալ մեր ըմբռնումն ավելի հարստացնելով։ Երբ երեցներն այսօրինակ ջանքեր են գործադրում՝ հետևելու Քրիստոսի առաջնորդությանը, ժողովի անդամները շատ ավելի հակված են լինում ընդօրինակելու նրանց հավատը։ Երեցներն էլ իրենց հերթին բավականություն են ստանում՝ տեսնելով, թե ինչպես են նրանք ուրախությամբ հետևում իրենց Առաջնորդի քայլերին։
Շարունակեք հնազանդվել Քրիստոսի առաջնորդությանը
20, 21. Առջևում սպասելով խոստացյալ նոր աշխարհին՝ ի՞նչ պետք է վճռենք անել։
20 Շատ կարևոր է, որ մենք բոլորս շարունակենք հնազանդվել Քրիստոսի առաջնորդությանը։ Որքան ավելի է մոտենում իրերի այս համակարգի վախճանը, այնքան մեր կացությունն ավելի է նմանվում իսրայելացիների կացությանը, երբ նրանք մ.թ.ա. 1473–ին գտնվում էին Մովաբի դաշտերում։ Նրանք Ավետյաց երկրի շեմին էին, որ Մովսես մարգարեի միջոցով Աստված հայտարարեց. «Դու [Հեսու] այս ժողովրդին տանելու ես այն երկիրը, որ Եհովան նորանց հայրերին երդում արավ որ նորանց տայ» (Բ Օրինաց 31։7, 8)։ Հեսուն էր նշանակվել որպես առաջնորդ։ Ավետյաց երկիր մտնելու համար իսրայելացիները պետք է հետևեին նրա առաջնորդությանը։
21 Իսկ մեզ Աստվածաշունչն ասում է. «Ձեր միակ առաջնորդը Քրիստոսն է»։ Միայն Քրիստոսն է մեզ առաջնորդելու դեպի նոր աշխարհ, որտեղ արդարությունն է բնակվելու (Բ Պետրոս 3։13)։ Ուստի՝ եկեք վճռենք հնազանդվել նրա իշխանությանը մեր կյանքի բոլոր ասպարեզներում։
[ծանոթագրություն]
a Այստեղ «աստղերը» չեն խորհրդանշում բառացի իմաստով հրեշտակների։ Հազիվ թե Հիսուսը մարդուն օգտագործեր անտեսանելի ոգեղեն արարածների համար նախատեսված ինֆորմացիա գրելու նպատակով։ Հետևաբար՝ «աստղերը» պետք է որ ներկայացնեն ժողովի վերակացուներին, կամ երեցներին՝ որպես Հիսուսի լրաբերների։ Իսկ յոթ թիվը նշանակում է Աստծո չափանիշներին համապատասխանող ամբողջականություն։
Հիշո՞ւմ եք
• Ինչպե՞ս էր Քրիստոսն առաջնորդում վաղ շրջանի ժողովին։
• Ինչպե՞ս է Քրիստոսն առաջնորդում իր ժողովին այսօր։
• Ինչո՞ւ պետք է հնազանդվենք ժողովում առաջնորդություն վերցնողներին։
• Ինչպե՞ս կարող են երեցները ցույց տալ, որ Քրիստոսն իրենց Առաջնորդն է։
[նկար 15–րդ էջի վրա]
Քրիստոսն առաջնորդում է իր ժողովին և իր աջ ձեռքում է պահում վերակացուներին
[նկարներ 16–րդ էջի վրա]
«Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին և հնազանդուեցէ՛ք նրանց»
[նկար 18–րդ էջի վրա]
Հիսուսը ջերմ էր ու մատչելի։ Քրիստոնեական երեցները ջանում են նմանվել նրան