Հմտորեն օգտագործիր «ոգու սուրը»
«Ընդունե՛ք.... ոգու սուրը, այսինքն՝ Աստծու խոսքը» (ԵՓԵՍ. 6։17)։
1, 2. Ի՞նչ պետք է անենք, որ քարոզիչները շատանան։
ՏԵՍՆԵԼՈՎ, թե որքան շատ մարդիկ են ցանկանում բավարարել իրենց հոգևոր կարիքները, Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ։ Ուստի աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի իր հնձի համար»։ Այս խոսքերն ասելուց հետո Հիսուսը «կանչեց իր տասներկու աշակերտներին» և ուղարկեց նրանց «հնձի», այսինքն՝ քարոզելու (Մատթ. 9։35–38; 10։1, 5)։ Ավելի ուշ նա «նշանակեց ուրիշ յոթանասուն հոգու և իր առաջից երկու–երկու ուղարկեց» նույն գործը կատարելու (Ղուկ. 10։1, 2)։
2 Այսօր նույնպես Թագավորության քարոզիչների մեծ կարիք կա։ 2009 ծառայողական տարում ամբողջ աշխարհում Հիշատակի երեկոյին ներկա է եղել 18 168 323 հոգի։ Նրանց թիվը 10 միլիոնով գերազանցում է Եհովայի վկաների թիվը։ Փաստորեն, արտերն իրոք սպիտակել են հնձի համար (Հովհ. 4։34, 35)։ Հետևաբար պետք է աղոթենք, որ ավելի շատ աշխատողներ լինեն։ Իսկ ինչպե՞ս կարող ենք մեր խնդրանքին ներդաշնակ վարվել։ Եթե ավելի արդյունավետորեն մասնակցենք քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին (Մատթ. 28։19, 20; Մարկ. 13։10)։
3. Ի՞նչ կարևոր դեր է խաղում Աստծու սուրբ ոգին մեզ հմուտ քարոզիչներ դարձնելու հարցում։
3 Նախորդ հոդվածում խոսվեց այն մասին, թե ինչպես է Աստծու սուրբ ոգին օգնում մեզ «համարձակությամբ Աստծու խոսքը խոսելու» (Գործ. 4։31)։ Սուրբ ոգու օգնությամբ կարող ենք դառնալ նաև հմուտ քարոզիչներ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է արդյունավետորեն օգտագործել այն հրաշալի միջոցը, որ Եհովա Աստված տվել է մեզ՝ իր Խոսքը՝ Աստվածաշունչը։ Այս գիրքը ներշնչված է Աստծու սուրբ ոգուց (2 Տիմոթ. 3։16)։ Այդ պատճառով էլ, երբ մարդկանց ուսուցանելիս հմտորեն ենք օգտագործում Աստվածաշունչը, սուրբ ոգին առաջնորդում է մեզ։ Սակայն նախ եկեք տեսնենք, թե որքան զորեղ է Աստծու Խոսքը։
«Աստծու խոսքը զորեղ է»
4. Ինչպե՞ս կարող է Աստծու խոսքը փոխել անհատին։
4 Ի՞նչ զորություն ունի Աստծու խոսքը, կամ՝ նրա հաղորդած պատգամը (Եբր. 4։12)։ Այն ավելի սուր է, քան ցանկացած երկսայրի սուր, քանի որ փոխաբերական առումով ներթափանցում է մինչև հոդերի ու նրանց ոսկրածուծի բաժանումը։ Աստվածաշնչային ճշմարտությունները կարող են քննել մեր մտքերը և երևան հանել անգամ մեր սրտի ամենածածուկ մղումները՝ ցույց տալով, թե ով ենք մենք իրականում։ Աստծու խոսքը ի զորու է փոխելու մարդուն (կարդա՛ Կողոսացիներ 3։10)։ Այո՛, Աստվածաշունչը կարող է ամբողջությամբ փոխել մեր կյանքը։
5. Ինչպե՞ս է Աստվածաշունչը առաջնորդում մեզ, և ի՞նչ օգուտներ ենք ստանում սուրբգրային սկզբունքները մեր կյանքում կիրառելիս։
5 Աստվածաշունչը նաև անսահման իմաստության աղբյուր է։ Այն գործնական խորհուրդներ է տալիս, թե ինչպես կարելի է լուծել խնդիրները և հաջողությունների հասնել կյանքում։ Աստծու Խոսքը ոչ միայն մեր ոտքերի առաջն է լուսավորում, այլև ամբողջ ճանապարհը (Սաղ. 119։105)։ Այդ պատճառով կարողանում ենք նախապես իմանալ, թե մեր կայացրած որոշումները ինչ հետևանքներ կունենան (1 Տիմոթ. 6։9)։ Առաջնորդության այս վստահելի աղբյուրից կարող ենք օգտվել նաև, երբ կանգնած ենք լուրջ որոշումների առաջ և չգիտենք, թե ինչպիսի ընկերներ, զվարճության ձևեր, աշխատանք, անգամ հագուստ ընտրել (Սաղ. 37։25; Առակ. 13։20; Հովհ. 15։14; 1 Տիմոթ. 2։9)։ Բացի այդ, կիրառելով Աստվածաշնչի սկզբունքները՝ մենք լավ փոխհարաբերություններ կունենանք մարդկանց հետ (Մատթ. 7։12; Փիլիպ. 2։3, 4)։ Սուրբ գրքում արձանագրված են նաև Աստծու նպատակները ապագայի վերաբերյալ, ինչը օգնում է մեզ ապրելու այնպիսի կյանքով, որը ներդաշնակ է այդ նպատակներին (Մատթ. 6։33; 1 Հովհ. 2։17, 18)։ Ի՜նչ իմաստալից կյանքով կարող ենք ապրել, եթե միայն թույլ տանք, որ Աստծու սկզբունքները առաջնորդեն մեզ։
6. Որքա՞ն զորեղ է Աստվածաշունչը։
6 Մտածիր նաև, թե ինչ զորեղ զենք է Աստվածաշունչը հոգևոր առումով։ Պողոսը այն կոչեց «ոգու սուր» (կարդա՛ Եփեսացիներ 6։12, 17)։ Եթե արդյունավետորեն օգտագործենք այն, Աստծու խոսքը կարող է ազատել մարդկանց հոգևոր գերությունից։ Դա մի սուր է, որը ոչ թե կործանում է մարդկանց, այլ փրկում է նրանց կյանքը։ Այդ պատճառով պետք է ձգտենք հմտորեն օգտագործել այն։
Աստծու խոսքը «ուղիղ մատուցիր»
7. Ինչո՞ւ է կարևոր սովորել, թե ինչպես պետք է օգտագործել «ոգու սուրը»։
7 Սովորաբար զինվորը լավ է պատերազմում, եթե նախապես սովորել է, թե ինչպես պետք է օգտագործել զենքերը, և վարժվել է դրանք հմտորեն օգտագործելու մեջ։ Իսկ մենք հոգևոր պատերազմ ենք մղում և պետք է իմանանք, թե ինչպես օգտագործել «ոգու սերը»։ Պողոսը գրել է. «Լավագույնդ արա, որպեսզի քո անձը Աստծու առջև ներկայացնես որպես հավանության արժանացած մեկը, որն ուղիղ է մատուցում ճշմարտության խոսքը, իբրև մի աշխատող, որն ամաչելու ոչ մի բան չունի» (2 Տիմոթ. 2։15)։
8, 9. Ի՞նչը կօգնի մեզ ճիշտ հասկանալու Աստվածաշունչը։ Բացատրի՛ր։
8 Ի՞նչը կօգնի մեզ «ճշմարտության խոսքը ուղիղ մատուցել» ծառայության ժամանակ։ Նախ հարկավոր է, որ ինքներս լավ ըմբռնենք, թե ինչ է գրված Աստվածաշնչում, որպեսզի կարողանանք պատգամը հաղորդել նաև ուրիշներին։ Օրինակ՝ լավ կլինի ուշադրություն դարձնել տվյալ համարի համատեքստին։ Մի բառարանի համաձայն՝ «համատեքստը տեքստում գրված որևէ բառից, բառակապակցությունից կամ նախադասությունից առաջ և հետո գտնվող մտքերն են, որոնք օգնում են ընթերցողին հստակ ըմբռնելու իմաստը»։
9 Հետևաբար սուրբգրային որևէ միտք ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել համատեքստը։ Հենց այսպիսի մոտեցում է պետք, երբ կարդում ենք Գաղատացիներ 5։13–ում գրած Պողոսի խոսքերը։ Նա գրել է. «Դո՛ւք, եղբայրնե՛ր, ինչ խոսք, ազատության համար եք կանչվել, միայն թե այս ազատությունը մի՛ օգտագործեք որպես պատրվակ մարմնի համար, այլ սիրով ծառայեք մեկդ մյուսիդ»։ Ի՞նչ ազատության մասին էր Պողոսը խոսում։ Արդյո՞ք նա խոսում էր մեղքից ու մահից կամ կեղծ ուսմունքներից ազատվելու մասին, թե՞ մի այլ բանից ազատվելու վերաբերյալ։ Համատեքստը ցույց է տալիս, որ Պողոսը խոսում էր այն ազատության մասին, որ մարդը ստանում է «Օրենքի անեծքից» ազատվելու շնորհիվ (Գաղ. 3։13, 19–24; 4։1–5)։ Նա խոսում էր նոր ազատության մասին, ազատություն, որը անհատը կարող էր ձեռք բերել միայն Քրիստոսին հետևելու արդյունքում։ Այն քրիստոնյաները, ովքեր գնահատում էին այդ ազատությունը, սիրով էին ծառայում միմյանց, իսկ ովքեր չէին գնահատում, իրար դեմ էին խոսում և վիճում էին (Գաղ. 5։15)։
10. Սուրբգրային համարների իմաստը ճիշտ հասկանալու համար ի՞նչ պետք է հաշվի առնենք և ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել այդ տեղեկությունները։
10 «Համատեքստ» բառը ունի նաև մեկ ուրիշ իմաստ։ Այն կարող է նշանակել «բնագրային միջավայր, հանգամանքներ,.... իրավիճակ»։ Սուրբգրային համարի իմաստը ճիշտ հասկանալու համար պետք է հաշվի առնենք, օրինակ, թե ով է գրել Աստվածաշնչի այդ գիրքը, երբ է գրվել այն, ինչպիսի հանգամանքներում։ Լավ կլինի իմանալ, թե ինչ նպատակով են գրի առնվել գրքերը, ինչպես նաև թե ինչ սովորություններ են ունեցել այդ ժամանակներում ապրող ժողովուրդները, երկրպագության ինչպիսի ձև է ընդունված եղել և այլ մանրամասներa։
11. Աստվածաշնչի ճշմարտությունները բացատրելիս ինչո՞ւ է հարկավոր զգույշ լինել։
11 Սակայն «ճշմարտության խոսքն ուղիղ մատուցելու» համար սուրբգրային ճշմարտությունները ճշգրտորեն բացատրելուց ավելին է պահանջվում։ Թեև Սուրբ գրքի միջոցով մենք պաշտպանում ենք մեր հավատը, ինչպես օրինակ՝ Հիսուսը վարվեց, երբ Բանսարկուն փորձության ենթարկեց նրան, սակայն այն չպետք է օգտագործենք մարդկանց շփոթության մեջ գցելու կամ վախեցնելու նպատակով և ոչ էլ պետք է ստիպենք նրանց ընդունելու մեր համոզմունքները (Բ Օրին. 6։16; 8։3; 10։20; Մատթ. 4։4, 7, 10)։ Մենք պետք է հետևենք Պետրոս առաքյալի հորդորին, որն ասաց. «Ձեր սրտերում սրբացրեք Քրիստոսին՝ որպես Տիրոջ, և միշտ պատրաստ եղեք պաշտպանվելու ամեն մարդու առաջ, ով ձեզանից բացատրություն է պահանջում ձեր մեջ եղած հույսի համար, սակայն դա արեք մեղմությամբ և խորը հարգանքով» (1 Պետ. 3։15)։
12, 13. Աստվածաշնչի ճշմարտությունները ինչե՞ր կարող են քանդել։ Բեր օրինակ։
12 Իսկ ի՞նչ է ի զորու անել Աստծու Խոսքը, եթե մենք ուղիղ մատուցենք այն (կարդա՛ 2 Կորնթացիներ 10։4, 5)։ Աստվածաշնչի ճշմարտությունները կարող են քանդել «ցանկացած ամրություն», այսինքն՝ բացահայտել կեղծ ուսմունքները, վնասակար սովորությունները, փիլիսոփայությունները, որոնցում մարդկային իմաստություն է արտացոլված։ Աստվածաշնչի միջոցով մենք կարող ենք նաև արմատախիլ անել ցանկացած գաղափար, որը «հակառակվում է Աստծու գիտությանը»։ Դեռ ավելին, սուրբգրային ճշմարտությունները կարող են օգնել մարդկանց փոխելու իրենց մտածելակերպը և իրենց կյանքը ներդաշնակեցնելու աստվածաշնչյան չափանիշներին։
13 Քննենք 93–ամյա կնոջ օրինակը, որն ապրում է Հնդկաստանում։ Մանկուց նրան սովորեցրել են հավատալ վերամարմնավորման ուսմունքին։ Երբ նրա տղան, որն ապրում է արտասահմանում, նամակագրության միջոցով սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել մոր հետ, վերջինս անմիջապես ընդունեց Եհովայի ու նրա նպատակների մասին ճշմարտությունները։ Սակայն վերամարմնավորման ուսմունքը այնքան արմատացած էր նրա մեջ, որ երբ տղան գրեց, թե ինչ վիճակում են գտնվում մահացածները, նա չընդունեց այդ գաղափարը։ Իր տղային գրեց. «Ես պարզապես չեմ կարողանում հասկանալ քո Աստվածաշնչի ճշմարտությունը։ Բոլոր կրոնները սովորեցնում են, որ ինչ–որ բան մեր ներսում անմահ է։ Ես միշտ հավատացել եմ, որ մարմինը մահանում է, և ինչ–որ անտեսանելի մաս շարունակում է ապրել մեկ ուրիշ մարմնում և այդպես 8 400 000 անգամ։ Ինչպե՞ս կարող է այս ամենը ճիշտ չլինել։ Մի՞թե կրոնները սխալվում են»։ Իսկ ի՞նչ ես կարծում, ոգու սուրը քանդե՞ց այսպիսի ամուր համոզմունքը։ Մի քանի շաբաթ անց որոշ քննարկումներից հետո այդ կինը գրեց. «Վերջապես հասկացա ճշմարտությունը մահացածների վերաբերյալ։ Շատ ուրախ եմ, որ գիտեմ, թե երբ է հարություն լինելու, փաստորեն, մենք կկարողանանք տեսնել մեր սիրելի հարազատներին։ Հուսով եմ՝ Աստծու Թագավորությունը շուտով կգա»։
Օգտագործիր համոզվածությամբ
14. Ի՞նչ է նշանակում համոզել։
14 Արդյունավետորեն Աստվածաշունչ օգտագործել չի նշանակում պարզապես սուրբգրային համարներ մեջբերել։ Ծառայության ժամանակ մենք պետք է Պողոս առաքյալի նման «համոզիչ» փաստարկներ բերենք (կարդա՛ Գործեր 19։8, 9; 28։23)։ «Համոզել» նշանակում է «մեկին քո կողմը թեքել»։ Անհատը պետք է «այնքան համոզված լինի, որ վստահի ինչ–որ բանի»։ Երբ համոզում ենք ինչ–որ մեկին ընդունել աստվածաշնչային որևէ ուսմունք, իրականում նրան մեր կողմն ենք թեքում, համոզում ենք, որ նա վստահություն ունենա այդ ուսմունքի հանդեպ։ Այս նպատակին հասնելու համար հարկավոր է այնպես խոսել, որ մեզ լսողը համոզվի ու հավատա այն ճշմարտությանը, որը հայտնում ենք նրան։ Դա կարող ենք անել հետևյալ կերպերով։
15. Ինչպե՞ս կարող ես անհատի ուշադրությունը հրավիրել Աստվածաշնչի վրա, որ նա սկսի հարգել այդ գիրքը։
15 Ուշադրությունը հրավիրիր Աստծու Խոսքի վրա և հարգանք առաջացրու այդ գրքի նկատմամբ։ Երբ սուրբգրային որևէ համար ես ընթերցում, ուշադրությունը հրավիրիր այն բանի վրա, թե որքան կարևոր է իմանալ այդ հարցի վերաբերյալ Աստծու տեսակետը։ Տանտիրոջը հարց տալուց և նրա պատասխանը լսելուց հետո կարող ես ասել. «Այժմ եկեք տեսնենք, թե որն է Աստծու տեսակետը այս հարցի վերաբերյալ»։ Կամ կարող ես հարցնել. «Իսկ ի՞նչ է Աստված ասում այս մասին»։ Այսպես դու նրա ուշադրությունը կհրավիրես այն բանի վրա, որ Սուրբ գիրքը Աստծու խոսքն է, և անհատը խոր հարգանք կունենա այդ գրքի հանդեպ։ Սա շատ կարևոր է հատկապես երբ վկայություն ենք տալիս մեկին, ով հավատում է Աստծուն, սակայն չգիտի, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում (Սաղ. 19։7–10)։
16. Ի՞նչը կօգնի քեզ ճիշտ բացատրելու սուրբգրային համարները։
16 Աստվածաշնչային համարները պարզապես մի՛ կարդա, նաև բացատրիր։ Պողոսը սովորություն ուներ ուսուցանելիս «բացատրել և [Աստծու Խոսքից] վկայակոչումներ անել» (Գործ. 17։3)։ Հաճախ սուրբգրային մի համարը մեկից ավելի իմաստներ է ունենում, հետևաբար պետք է այն միտքը շեշտել, որը այդ պահին ես քննարկում ուսումնասիրողի հետ։ Դա կարող ես անել՝ կրկնելով գլխավոր մտքերը կամ այնպիսի հարցեր տալով, որ անհատը հասկանա գլխավոր մտքերը։ Այնուհետև բացատրիր, թե կոնկրետ այդ համատեքստում ինչ նշանակություն ունի տվյալ սուրբգրային համարը։ Ապա ցույց տուր, թե ինչպես է այն վերաբերում անձամբ ուսումնասիրողին։
17. Ինչպե՞ս կարող ես համոզիչ կերպով տրամաբանել Գրությունների հիման վրա։
17 Գրությունների հիման վրա համոզիչ կերպով տրամաբանիր։ Աղոթքի և առողջ դատողության միջոցով Պողոսը համոզիչ կերպով «Գրությունների հիման վրա տրամաբանում էր» իր ունկնդիրների հետ (Գործ. 17։2, 4)։ Պողոսի նման՝ դու էլ ձգտիր հասնել քո ունկնդիրների սրտին։ «Դուրս հանիր» նրանց սրտի մտադրությունները՝ օգտագործելով այնպիսի հարցեր, որոնք ցույց կտան քո անկեղծ հետաքրքրությունը նրանց հանդեպ (Առակ. 20։5)։ Եղիր նրբանկատ։ Քո փաստարկները ներկայացրու պարզ և տրամաբանական կերպով։ Բեր գոհացուցիչ փաստեր։ Ասածներդ հիմնիր Աստծու Խոսքի վրա։ Ավելի լավ է մեկ սուրբգրային համար կարդալ և բացատրել նշանակությունն ու կիրառությունը, քան իրար հետևից ուղղակի ընթերցել երկու կամ երեք համար։ Եթե կիրառես այս խորհուրդները, «քո շուրթերին համոզելու կարողություն կավելանա» (Առակ. 16։23, ՆԱ)։ Ժամանակ առ ժամանակ գուցե անհրաժեշտ լինի փնտրտուքներ կատարել լրացուցիչ ինֆորմացիա ներկայացնելու համար։ Վերը նշված 93–ամյա կինը ուզում էր իմանալ, թե ինչու է մարդկանց մեծ մասը հավատում անմահ հոգու ուսմունքին։ Շատ կարևոր էր, որ նա հասկանար, թե որտեղից է ծագում առել այդ ուսմունքը և ինչպես է այն ներթափանցել աշխարհի տարբեր կրոններ։ Լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելով՝ տղան կարողացավ համոզել մորը ընդունելու այն, ինչ Աստվածաշունչն է սովորեցնումb։
Շարունակիր հմտորեն օգտագործել
18, 19. Ինչո՞ւ պետք է շարունակենք հմտորեն օգտագործել «ոգու սուրը»։
18 Աստվածաշնչում գրված է. «Այս աշխարհի տեսարանը փոխվում է»։ Իսկ մարդիկ ավելի ու ավելի են առաջ գնում չարության մեջ (1 Կորնթ. 7։31; 2 Տիմոթ. 3։13)։ Ուստի շարունակաբար օգտագործելով «ոգու սուրը»՝ Աստծու Խոսքը՝ մենք կքանդենք «ցանկացած ամրություն»։
19 Որքա՜ն ուրախ ենք, որ ունենք Աստվածաշունչը և կարող ենք այնտեղ գտնվող զորեղ պատգամով ազնվասիրտ մարդկանց սրտերից արմատախիլ անել կեղծ ուսմունքները։ Ոչ մի ամրություն Աստծու Խոսքի պատգամից զորեղ չէ։ Հետևաբար Թագավորության բարի լուրը հռչակելիս եկեք հմտորեն օգտագործենք ոգու սուրը։
[Ծանոթագրություններ]
a Աստվածաշնչի գրքերի վերաբերյալ ավելի շատ տեղեկություն կարելի է ձեռք բերել՝ կարդալով «Բոլոր Գրություններն Աստծու ներշնչումով են գրված և օգտակար են» գրքույկները, «Գրությունների ըմբռնում» երկհատորանոց հանրագիտարանը (անգլ.), «Դիտարան» պարբերագրի հոդվածներից «Եհովայի խոսքը կենդանի է» խորագիրը։
b Տե՛ս «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո» գրքույկը, էջ 5–16։
Ի՞նչ սովորեցիր
• Որքա՞ն զորեղ է Աստծու Խոսքը։
• Ինչպե՞ս կարող ենք «ճշմարտության խոսքը ուղիղ մատուցել»։
• Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչը քանդել «ցանկացած ամրություն»։
• Ինչպե՞ս կարող ենք համոզիչ կերպով քարոզել և ուսուցանել։
[Շրջանակ/Նկար 12–րդ էջի վրա]
Ինչպես օգտագործել Աստծու Խոսքը համոզիչ կերպով
▪ Հարգանք առաջացրու Աստվածաշնչի հանդեպ
▪ Բացատրիր սուրբգրային համարները
▪ Համոզիչ կերպով տրամաբանիր, որպեսզի հասնես մարդկանց սրտին
[Նկար 11–րդ էջի վրա]
Դու պետք է սովորես հմտորեն օգտագործել «ոգու սուրը»