Լսենք, թե ոգին ինչ ունի ասելու
«Քո ականջները լսելու են մի խօսք քո ետեւիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք, երբոր աջ կողմը պէտք է գնաք եւ երբոր ձախ կողմը պէտք է գնաք» (ԵՍԱՅԻԱ 30։21)։
1, 2. Պատմության ընթացքում Եհովան ինչպե՞ս է հաղորդակցվել մարդկանց հետ։
ՊՈՒԵՐՏՈ Ռիկո կղզում է գտնվում պարաբոլական հայելիով աշխարհի ամենամեծ և ամենազգայուն ռադիոաստղադիտակը։ Այս հսկայական սարքի օգնությամբ տասնամյակներ է արդեն ինչ գիտնականները հույսեր են տածում հաղորդագրություններ ստանալ արտերկրային կյանքից։ Սակայն, դա նրանց առ այսօր ոչ մի անգամ չի հաջողվել։ Այնուհանդերձ, որքան էլ զարմանալի թվա, արտերկրյա ոլորտից բավականին պարզ հաղորդագրություններ կան, որոնք մեզանից յուրաքանչյուրը, առանց որևիցե բարդ սարքի օգնության, կարող է ցանկացած ժամանակ ստանալ։ Այդ հաղորդագրությունները մեզ են հասնում ենթադրյալ աղբյուրներից շատ ավելի բարձր գտնվող արտերկրային մի Աղբյուրից։ Ո՞վ է այդ Աղբյուրը, ովքե՞ր են ստանում հաղորդումները, և ինչի՞ մասին են դրանք։
2 Աստվածաշնչում արձանագրված են մի քանի դեպքեր, երբ մարդկային ականջին լսելի են եղել աստվածային ծագում ունեցող պատգամներ։ Երբեմն դրանք արտաբերվել են Աստծուն լրաբերներ ծառայող ոգեղեն արարածների կողմից (Ծննդոց 22։11, 15; Զաքարիա 4։4, 5; Ղուկաս 1։26—28)։ Երեք անգամ լսվել է հենց իր՝ Եհովայի ձայնը (Մատթէոս 3։17; 17։5; Յովհաննէս 12։28, 29)։ Աստված խոսել է նաև մարդկանց՝ մարգարեների միջոցով, որոնցից շատերը ներշնչված գրի են առել այն ամենը, ինչը որ նա թելադրել է նրանց։ Այսօր մենք ձեռքի տակ ունենք Աստվածաշունչը՝ այդ հաղորդումներից շատերի, ինչպես նաև Հիսուսի և իր առաքյալների ուսուցումների գրավոր արձանագրությունը (Եբրայեցիս 1։1, 2)։ Եվ իրոք, Եհովան տեղեկություններ է հաղորդել իր ստեղծած մարդկանց։
3. Ո՞րն է Աստծո տված հաղորդագրությունների նպատակը, և ի՞նչ է մեզանից ակնկալվում։
3 Աստծո ներշնչմամբ գրված այս բոլոր հաղորդումները ֆիզիկական տիեզերքի մասին քիչ բան են բացահայտում։ Դրանք կենտրոնանում են շատ ավելի կարևոր բաների վրա, որոնք առնչվում են մեր թե՛ ներկա, և թե՛ ապագա կյանքի հետ (Սաղմոս 19։7—11; Ա Տիմոթէոս 4։8)։ Դրանց միջոցով Եհովան մեզ հայտնում է իր կամքը և առաջարկում իր առաջնորդությունը։ Սա Եսայիայի հետևյալ մարգարեության կատարումներից մեկն է. «Քո ականջները լսելու են մի խօսք քո ետեւիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք, երբոր աջ կողմը պէտք է գնաք եւ երբոր ձախ կողմը պէտք է գնաք» (Եսայիա 30։21)։ Եհովան մեզ չի ստիպում լսել իր «խօսքը»։ Աստծո ցույց տված ուղղությանը հետևելն ու նրա ճանապարհում քայլելը մեր ընտրությունից է կախված։ Ուստի Գրությունները հորդորում են մեզ լսել Եհովայի կողմից տրված հաղորդագրությունները։ «Յայտնութիւն» գրքում յոթ անգամ հանդիպում է «Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին [«ոգին», ՆԱ] ասում է» հրավերը (Յայտնութիւն 2։7, 11, 17, 29; 3։6, 13, 22)։
4. Խելամիտ կլինի՞ մեր օրերում սպասել, որ Աստված երկնքից անձամբ հաղորդակցվի մարդկանց հետ։
4 Եհովան այսօր երկնքից անձամբ չի խոսում մարդկանց հետ։ Նույնիսկ աստվածաշնչային ժամանակներում նման գերբնական ճանապարհով տրվող հաղորդումները հազվադեպ էին լինում, և երբեմն պատահում էին մի քանի դարը մեկ։ Պատմության ընթացքում Եհովան իր ժողովրդի հետ հիմնականում հաղորդակցվել է ոչ անմիջական կապերով։ Այսպես է նաև մեր օրերում։ Եկեք այժմ քննարկենք այն երեք ուղիները, որոնցով Եհովան այսօր հաղորդակցվում է մեզ հետ։
«Աստուծոյ ներշնչումով գրուած բոլոր Սուրբ գիրքերը»
5. Ո՞րն է այսօր Եհովայի կողմից հաղորդակցման գլխավոր միջոցը, և ինչպե՞ս կարող ենք դրանից օգուտ քաղել։
5 Աստծո և մարդկանց միջև հաղորդակցման գլխավոր գործիքը Աստվածաշունչ գիրքն է։ Այն գրված է Աստծո ներշնչմամբ, և այնտեղ գրի առնված բոլոր բաները կարող են մեզ օգտակար լինել (Բ Տիմոթէոս 3։16, ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.)։ Աստվածաշնչում բերված են իրականում ապրած բազում մարդկանց օրինակներ, որոնք իրենց ազատ կամքով են ընտրել՝ ականջ դնել Եհովայի ձայնին, թե՝ ոչ։ Այսպիսի օրինակները հիշեցնում են մեզ, թե ինչու է կենսական Աստծո ոգուն լսելը (Ա Կորնթացիս 10։11)։ Աստվածաշնչում գտնում ենք նաև գործնական իմաստություն, խորհուրդներ, որոնք անհրաժեշտ են որոշում կայացնելիս։ Կարծես թե Աստված ետևից ասում է մեր ականջին. «Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք»։
6. Ինչո՞վ է Աստվածաշունչը գերազանցում մյուս բոլոր գրքերին։
6 Որպեսզի լսենք, թե ինչ է ասում ոգին Աստվածաշնչի էջերում, պետք է այն կանոնավորաբար կարդանք։ Աստվածաշունչը պարզապես լավ գրված, հանրամատչելի գիրք չէ՝ նման մերօրյա ուրիշ շատ մատչելի գրքերի։ Աստծո ոգու ներշնչմամբ գրված լինելով՝ այն պարունակում է հենց նրա մտքերը։ Եբրայեցիս 4։12–ում կարդում ենք. «Կենդանի է Աստծու խօսքը, ազդու եւ աւելի հատու, քան ամէն մի երկսայրի սուր. եւ կտրում անցնում է մինչեւ ոգու եւ հոգու, յօդերի եւ ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները»։ Երբ կարդում ենք Աստվածաշունչը, նրա բովանդակությունը սրի պես թափանցում է մինչև մեր ներքին մտածումներն ու քննում մեր մղումները՝ բացահայտելով, թե որքանով է մեր կյանքը համապատասխանում Աստծո պահանջներին։
7. Աստվածաշնչի ընթերցանությունն ինչո՞ւ է կենսական, և որքա՞ն հաճախ այն պետք է կարդալ։
7 Ժամանակի ընթացքում կյանքում պատահած թե՛ հաճելի, թե՛ ծանր դեպքերի ազդեցության տակ «սրտի մտածումներն ու խորհուրդները» կարող են փոխվել։ Ուստի, եթե անընդհատ չուսումնասիրենք Աստծո Խոսքը, ապա մեր մտքերը, մտածելակերպն ու հույզերը այլևս ներդաշնակ չեն լինի աստվածային սկզբունքներին։ Ուստի, Աստվածաշունչը խրատում է մեզ. «Քննեցէ՛ք [«շարունակ քննեցէք», ՆԱ] դուք ձեզ՝ տեսնելու, թէ նոյն հաւատի մէ՞ջ էք. փորձեցէ՛ք [«շարունակ փորձեցէք», ՆԱ] դուք ձեզ» (Բ Կորնթացիս 13։5)։ Եթե ուզում ենք շարունակ լսել, թե ինչ է ասում ոգին, պետք է հետևենք Աստծո Խոսքն ամեն օր կարդալու խորհրդին (Սաղմոս 1։2)։
8. Աստվածաշունչը կարդալու հարցում Պողոս առաքյալի ո՞ր խոսքերն են օգնում մեզ ինքնաքննություն կատարել։
8 Ահա Աստվածաշունչն ընթերցողների համար տեղին հիշեցում. բավական ժամանակ տրամադրեք կարդացածը յուրացնելուն։ Ինչ խոսք, ցանկալի չէ, առանց մեր կարդացածի իմաստը հասկանալու, մի քանի գլուխ ուղղակի արագ կարդալ–անցնել, միայն թե Աստվածաշունչն ամեն օր կարդալու խորհուրդը կատարենք։ Թեպետ մեզ համար կենսական է Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունը, սակայն մեր մղումը չպետք է լինի պարզապես ծրագրից ետ չմնալը։ Հարկավոր է Եհովայի ու իր նպատակների մասին սովորելու անկեղծ ցանկություն ունենալ։ Այս հարցում ինքնաքննություն կատարելու համար կարող ենք կիրառել իր քրիստոնյա հավատակիցներին ուղղած Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Ծնկի եմ գալիս մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջ..., որպէսզի... ձեր հաւատի միջոցով, Քրիստոս բնակուի ձեր սրտերում, եւ դուք սիրոյ մէջ արմատաւորուած ու հաստատուած լինէք. եւ կարողանաք հասկանալ բոլոր սրբերի հետ, թէ ի՛նչ է լայնութիւնը, երկարութիւնը, բարձրութիւնը եւ խորութիւնը, այսինքն՝ ճանաչէք Քրիստոսի սէրը, որ գերազանց է, քան ամէն գիտութիւն, որպէսզի լցուէք Աստծու լրիւ ամբողջութեամբ» (Եփեսացիս 3։14, 16—19)։
9. Ինչպե՞ս կարող ենք Եհովայից սովորելու փափագը մեր մեջ մշակել և զորացնել։
9 Իրականում, մեզանից ոմանք չեն սիրում կարդալ, մինչդեռ ուրիշները ընթերցանության սիրահարներ են։ Այնուամենայնիվ, չնայած մեր խառնվածքի առանձնահատուկ կողմերին, կարող ենք Եհովայից սովորելու փափագը մեր մեջ մշակել և զորացնել։ Պետրոս առաքյալը այն միտքն արտահայտեց, համաձայն որի մենք պետք է փափագենք Աստծո Խոսքի գիտությանը, և նշեց նաև, որ երբեմն նման փափագ զարգացնելու կարիք է զգացվում։ Նա գրեց. «Որպէս նորածին երեխաներ, մի՛շտ փափագող եղէք բանական և անխարդախ կաթին, որպէսզի նրա միջոցով աճէք փրկութեան համար» (Ա Պետրոս 2։2)։ Աստվածաշնչի ուսումնասիրությանը ‘միշտ փափագող լինելու’ համար հարկավոր է ինքնակարգապահություն մշակել։ Ինչպես որ մի քանի անգամ համտեսելով կարող ենք նոր ուտելիքի նկատմամբ սեր զարգացնել, այնպես էլ ուսումնասիրության ու ընթերցանության նկատմամբ մեր վերաբերմունքը կարող է բարեփոխվել, եթե ինքներս մեզ վարժեցնենք կանոնավոր կարգի հետևելուն։
«Իր ժամին կերակուր»
10. Ովքե՞ր են կազմում «հավատարիմ և իմաստուն ծառա» դասակարգը, և ինչպե՞ս է Եհովան այսօր այն օգտագործում։
10 Մատթէոս 24։45—47 խոսքերում Հիսուսը հայտնում է մեկ այլ ճանապարհ, որն այսօր Եհովան օգտագործում է մեզ հետ խոսելու համար։ Այստեղ նա խոսում է ոգով օծված քրիստոնեական ժողովի՝ «հավատարիմ և իմաստուն ծառայի» մասին, որը նշանակված է «իր ժամին» հոգևոր «կերակուր» մատակարարելու համար։ Այս դասակարգի յուրաքանչյուր անդամ անհատապես Հիսուսի «ծառաներից» մեկն է։ Որպես այդպիսիներ, նրանք էլ «այլ ոչխարների» «մեծ բազմության» հետ միասին քաջալերանք ու ղեկավարություն են ստանում (Յայտնութիւն 7։9; Յովհաննէս 10։16)։ Իր ժամին տրված այս կերակուրի մեծ մասը տեղ է հասնում տպված հրատարակությունների ձևով, ինչպիսին են «Դիտարան», «Արթնացե՛ք» պարբերագրերը և այլն։ Լրացուցիչ հոգևոր կերակուր է տրվում տարբեր համաժողովներում և ժողովքային հանդիպումներում ներկայացված ելույթների և ցուցադրումների ձևով։
11. Ինչպե՞ս ենք ապացուցում, որ ընկալում ենք «հավատարիմ և իմաստուն ծառա» դասակարգի միջոցով մատակարարվող ոգու ասելիքը։
11 «Հավատարիմ և իմաստուն ծառայի» կողմից մատակարարվող ինֆորմացիան նախատեսված է մեր հավատը զորացնելու և մեր զգայարանները վարժեցնելու համար (Եբրայեցիս 5։14)։ Տրվող խրատը հիմնականում համընդհանուր բնույթ է կրում, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա որոշել, թե ինչպես այն կիրառի իր պարագայում։ Ժամանակ առ ժամանակ, տրված խրատները վերաբերում են նաև մեր վարքագծի որոշակի կողմերին։ Եթե իրոք լսում ենք, թե ինչ է ասում ոգին ծառա դասակարգի միջոցով, այդ դեպքում ինչպիսի՞ն պիտի լինի մեր կեցվածքը։ Պատասխանը գտնում ենք Պողոս առաքյալի խոսքերում. «Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին և հնազանդուեցէ՛ք նրանց» (Եբրայեցիս 13։17)։ Ճիշտ է, այս կարգավորման մեջ բոլոր ներգրավվածներն էլ անկատար մարդիկ են, սակայն այս վերջին օրերում մեզ առաջնորդելու համար Եհովային հաճելի է նման սպասավորներ օգտագործել՝ չնայած վերջիններիս անկատարությանը։
Մեր խղճի առաջնորդությունը
12, 13. ա) Առաջնորդության ուրիշ ի՞նչ աղբյուր է տվել մեզ Եհովան։ բ) Խիղճը ի՞նչ դրական ազդեցություն կարող է թողնել նույնիսկ Աստծո Խոսքի ճշգրիտ գիտություն չունեցող մարդկանց վրա։
12 Եհովան առաջնորդության մեկ այլ աղբյուր էլ է մեզ տվել, որն է մեր խիղճը։ Նա մարդուն ստեղծել է ճիշտն ու սխալը զանազանելու ներքին զգացումով։ Դա մեր էության մի մասն է։ Հռոմեացիներին ուղղված իր նամակում Պողոսը բացատրում է. «Հեթանոսները, որ օրէնք չունեն, բնականօրէ՛ն են օրէնքի գործերը կատարում. նրանք, օրէնք չունենալով, իրենք իրենց համար իսկ օրէնք են։ Նրանք ցոյց են տալիս, թէ Աստծու օրէնքի պահանջները գրուած են իրենց սրտերում՝ իրենց խղճի վկայութեամբ եւ իրենց խորհուրդների մէջ միմեանց մեղադրելով կամ արդարացնելով» (Հռովմայեցիս 2։14, 15)։
13 Շատերը, ովքեր չեն ճանաչում Եհովային, կարող են իրենց մտքերն ու գործերը որոշ չափով ճշտի ու սխալի աստվածային սկզբունքներին համապատասխանեցնել։ Կարծես թե նրանք լսելիս լինեն ներքին մի թույլ ձայն, որը նրանց մատնացույց է անում ճշմարիտ ուղին։ Եթե այդ ձայնը լսվում է նրանց ներսում, ովքեր Աստծո Խոսքի ճշգրիտ գիտությունը չունեն, ապա որքան ավելի պետք է խոսի ճշմարիտ քրիստոնյաների մեջ։ Կասկած չկա, որ Աստծո Խոսքի ճշգրիտ գիտությամբ զտվող և Եհովայի սուրբ ոգու հետ ներդաշնակ գործող քրիստոնեական խղճմտանքը վստահելի առաջնորդություն է տալիս (Հռովմայեցիս 9։1)։
14. Աստվածաշնչով դաստիարակված խիղճը ինչպե՞ս է օգնում մեզ հետևելու Եհովայի ոգու առաջնորդությանը։
14 Աստվածաշնչով դաստիարակված խիղճը մեզ հիշեցնում է այն ճանապարհը, որով ոգին ուզում է, որ քայլենք։ Հնարավոր է՝ որոշակի իրավիճակում գտնվելիս ո՛չ Սուրբ Գրությունները, և ո՛չ էլ աստվածաշնչյան մեր գրականությունները տվյալ հարցի մասին կոնկրետ պարզաբանումներ չտան։ Սակայն, մեր խիղճը կարող է ահազանգել՝ զգուշացնելով հնարավոր վտանգավոր ընթացքից։ Նման դեպքերում խղճի թելադրանքն անտեսելը, փաստորեն, կնշանակի անտեսել այն, ինչ որ ասում է Եհովայի ոգին։ Իսկ սովորելով վստահել դաստիարակված մեր քրիստոնեական խղճին՝ կարող ենք իմաստուն քայլեր կատարել նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ հարցի հետ կապված գրավոր ոչ մի հատուկ հրահանգ չկա։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է հիշել, որ երբ այս կամ այն հարցին առնչվող աստվածաշնչային սկզբունք, կանոն կամ օրենք չկա, խիստ անձնական հարցերում սխալ կլիներ մեր քրիստոնյա հավատակցին հարկադրել, որպեսզի վերջինս շարժվի ոչ թե իր, այլ մեր սեփական խղճի թելադրանքով (Հռովմայեցիս 14։1—4, ԱԹ; Գաղատացիս 6։5)։
15, 16. Ի՞նչը կարող է ազդել մեր խղճի վրա, որ այն սկսի սխալվել, և ինչպե՞ս է հնարավոր դա կանխել։
15 Մաքուր, Աստվածաշնչով դաստիարակված խիղճը Աստծո կողմից տրված բարի շնորհ է (Յակոբոս 1։17)։ Սակայն, եթե ուզում ենք, որ այն գործի որպես բարոյականությունը պահպանող միջոց, պետք է այս շնորհը պաշտպանենք ապականող ազդեցություններից։ Եթե հետևենք տվյալ վայրին բնորոշ սովորույթներին ու ավանդույթներին, որոնք հակասում են Աստծո չափանիշներին, ապա դա կարող է վատ անդրադառնալ մեր խղճի վրա այնպես, որ այն սկսի սխալ գործել ու դադարի մեզ ճիշտ ուղին ցույց տալուց։ Տվյալ պարագայում մենք ի վիճակի չենք լինի ճիշտ կշռադատել և նույնիսկ հնարավոր է խաբենք ինքներս մեզ՝ հավատացնելով, որ ինչ–որ բան ճիշտ ենք կատարում (համեմատեք Յովհաննէս 16։2)։
16 Եթե շարունակենք մեր խղճի զգուշացումներն անտեսել, ապա նրա ձայնը աստիճանաբար կնվաղի, մինչև որ բարոյապես անզգա կամ անտարբեր դառնանք։ Սաղմոսերգուն այսպիսիների մասին էր խոսում, երբ ասաց. «Նորանց սիրտը պարարտ է [«անզգայացած է», ՆԱ] ինչպէս ճարպ» (Սաղմոս 119։70)։ Նրանք, ովքեր անտեսում են խղճի թելադրանքները, կորցնում են առողջ դատելու ընդունակությունը։ Նրանք այլևս չեն առաջնորդվում Աստծո սկզբունքներով և անկարող են ճիշտ որոշումներ կայացնել։ Նման կացության մեջ չընկնելու համար մենք պետք է ուշադիր լինենք քրիստոնեական մեր խղճով ղեկավարվելիս, նույնիսկ այն դեպքում, երբ խնդիրն աննշան է թվում (Ղուկաս 16։10)։
Երջանիկ են լսողներն ու հնազանդվողները
17. ‘Մեր ետևից հնչող խոսքին’ լսելը և Աստվածաշնչով դաստիարակված խղճին ուշադիր հետևելը ինչի՞ն կնպաստի։
17 Եթե ‘մեր ետևից հնչող խոսքին’ լսելը դարձնենք մեր սովորությունը, այն խոսքին, որը մատակարարվում է Սուրբ Գրությունների ու հավատարիմ և իմաստուն ծառայի միջոցով, և Աստվածաշնչով դաստիարակված մեր խղճի հիշեցումներին ուշադիր լինենք, ապա այդ ամենը կնպաստի նրան, որ Եհովան կօրհնի մեզ իր ոգով։ Իր հերթին, սուրբ ոգին էլ կզարգացնի Եհովայի խոսքերն ընկալելու և հասկանալու մեր ընդունակությունները։
18, 19. Եհովայի առաջնորդությունն ինչպե՞ս կարող է օգնել մեզ թե՛ ծառայության մեջ, և թե՛ անձնական կյանքում։
18 Եհովայի ոգին նաև կքաջալերի մեզ իմաստությամբ և համարձակությամբ դիմագրավելու դժվարությունները։ Ինչպես առաքյալների օրերում, այնպես էլ այսօր, Աստծո ոգին կարող է խթանել մեր մտային կարողություններն ու օգնել մեզ միշտ Աստվածաշնչի սկզբունքների համաձայն գործել (Մատթէոս 10։18—20; Յովհաննէս 14։26; Գործք 4։5—8, 13, 31; 15։28)։ Կյանքում կարևոր որոշումներ կայացնելիս Եհովայի ոգու և մեր անձնական ջանքերի միաձուլումը մեր առջև կբացի հաջողության դռները՝ համարձակություն տալով իրագործելու այդ որոշումները։ Օրինակ՝ ենթադրենք հոգևոր բաներին ավելի շատ ժամանակ տրամադրելու համար մտադիր ես ապրելակերպդ փոխել։ Կամ՝ կանգնած ես կարևոր, կյանքում մեծ փոփոխությունների առաջնորդող ընտրությունների առջև, ինչպես՝ կողակից ընտրելը, առաջարկված աշխատանքն ընդունելը կամ տուն գնելը։ Որոշումներ կայացնելիս մեր զգացմունքներով առաջնորդվելու փոխարեն՝ հարկավոր է լսել, թե ինչ ունի ասելու Աստծո ոգին և գործել նրա ցույց տված ուղղության համաձայն։
19 Մենք գնահատում ենք քրիստոնյա մեր հավատակիցների, այդ թվում նաև երեցների սիրալիր հիշեցումներն ու խրատները։ Մինչդեռ, հարկ չկա շարունակ սպասելու, որ ուրիշնե՛րը մեր ուշադրությունը կենտրոնացնեն այս կամ այն հարցի վրա։ Եթե գիտենք, թե որ իմաստուն ընթացքին է հարկավոր հետևել, և Աստծուն հաճեցնելու համար ինչ շտկումներ մտցնելու կարիք կա մեր մտածելակերպի մեջ ու վարքագծում, եկե՛ք իսկույն գործի անցնենք։ Հիսուսն ասաց. «Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք» (Յովհաննէս 13։17)։
20. Ինչպե՞ս կօրհնվեն նրանք, ովքեր լսում են ‘իրենց ետևից հնչող խոսքը’։
20 Հասկանալի է, որ Աստծուն հաճեցնելու կերպն իմանալու համար քրիստոնյաները երկնքից բառացի ձայն լսելու կամ հրեշտակի այցելության կարիքը չունեն։ Նրանք ունեն Աստծո գրավոր Խոսքը և երկրի վրա գտնվող օծյալ դասակարգի միջոցով նրա սիրալիր առաջնորդությունը։ Եթե նրանք ուշադրությամբ լսեն ‘իրենց ետևից հնչող խոսքը’ և հետևեն Աստվածաշնչով դաստիարակված իրենց խղճին, ապա Աստծո կամքը կատարելու գործում հաջողությունների կհասնեն։ Դեռ ավելին, վստահաբար նրանք կտեսնեն Հովհաննես առաքյալի այս խոսքերի կատարումը. «Ով կատարում է Աստծու կամքը, մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։17)։
Հակիրճ վերստուգում
• Ինչո՞ւ է Եհովան հաղորդակցվում իր ստեղծած մարդկանց հետ։
• Ինչպե՞ս կարող ենք Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանության ծրագրից օգուտ քաղել։
• Ինչպե՞ս պետք է արձագանքենք ծառա դասակարգի տված առաջնորդությանը։
• Ինչո՞ւ չպետք է անտեսենք Աստվածաշնչով դաստիարակված խղճի թելադրանքը։
[նկար 28–րդ էջի վրա]
Աստծո հետ հաղորդակցվելու համար բարդ սարքավորման կարիք չկա։
[թույլտվությամբ]
Arecibo Observatory/David Parker/Science Photo Library
[նկար 32–րդ էջի վրա]
Եհովան մեզ հետ խոսում է Աստվածաշնչի ու «հավատարիմ և իմաստուն ծառա» դասակարգի միջոցով։