Աստվածաշնչի գիրք համար 59. Հակոբոս
Գրող՝ Հակոբոս
Գրվելու վայրը՝ Երուսաղեմ
Գրության ավարտը՝ նախքան մ.թ. 62թ.
1. Ինչո՞ւ է հարց ծագում, թե արդյոք Հակոբոսն է գրել իր անունը կրող գիրքը։
«ԽԵԼԱԳԱՐՎԵԼ է»։ Ահա թե ինչ էին մտածում Հիսուսի հարազատները նրա մասին։ Հիսուսի երկրային կյանքի ընթացքում «նրա եղբայրները չէին հավատում նրան», և Հակոբոսը, ինչպեսև Հովսեփը, Սիմոնն ու Հուդան այն ժամանակ Հիսուսի աշակերտները չէին (Մարկ. 3։21; Հովհ. 7։5; Մատթ. 13։55)։ Ուստի ինչի՞ հիման վրա կարելի է ասել, որ Հիսուսի եղբայր Հակոբոսն է գրել Աստվածաշնչի այն գիրքը, որը կրում է Հակոբոս անունը։
2. Ինչպե՞ս է փաստվում, որ «Հակոբոս» նամակը գրողը Հիսուսի եղբայրն է եղել։
2 Արձանագրությունը ցույց է տալիս, որ հարություն առած Հիսուսը հայտնվեց Հակոբոսին, ինչը, անկասկած, համոզեց նրան, որ Հիսուսն է Մեսիան (1 Կորնթ. 15։7)։ Գործեր 1։12–14-ում ասվում է, որ դեռևս Պենտեկոստեից առաջ Մարիամը և Հիսուսի եղբայրները Երուսաղեմի վերնատներից մեկում հավաքվել էին՝ աղոթելու առաքյալների հետ։ Բայց գուցե Հակոբոս կոչվող առաքյալներից մե՞կն է գրել նամակը։ Ո՛չ, քանի որ նամակի սկզբում գրողը իր մասին ասում է, որ ոչ թե առաքյալ է, այլ «Տեր Հիսուս Քրիստոսի ծառա»։ Ավելին, «Հուդա» նամակի բացման խոսքերում, որոնք նման են «Հակոբոս» նամակի բացման խոսքերին, Հուդան իր մասին ասում է, որ «Հիսուս Քրիստոսի ծառան է և Հակոբոսի եղբայրը» (Հակ. 1։1; Հուդա 1)։ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Հակոբոսը և Հուդան՝ Հիսուսի արյունակից եղբայրներն են գրել իրենց անունը կրող գրքերը։
3. Ինչո՞ւ հենց Հակոբոսը կարող էր գրել այս նամակը։
3 Տեղին էր, որ Հակոբոսը նամակ գրեր և խորհուրդ տար քրիստոնեական ժողովին։ Նա մեծապես հարգված էր որպես Երուսաղեմի ժողովի վերակացու։ Պողոսը «Հակոբոսի՝ Տիրոջ եղբոր» մասին գրել է, որ նա, ինչպեսև Կեփասն ու Հովհաննեսը ժողովի «սյուներից» էին (Գաղ. 1։19; 2։9)։ Այն, որ Հակոբոսը հեղինակություն էր, երևում է նրանից, որ Պետրոսը անմիջապես խոսք ուղարկեց «Հակոբոսին ու եղբայրներին» բանտից ազատ արձակվելուց հետո։ Եվ մի՞թե Հակոբոսը չէր, որ խոսեց «առաքյալների ու երեցների» անունից, երբ Պողոսն ու Բառնաբասը եկան Երուսաղեմ, որպեսզի խնդրեն որոշում կայացնել թլփատության վերաբերյալ։ Հետաքրքիր է, որ նամակը, որում գրված էր այդ որոշումը, և «Հակոբոս» նամակը սկսվում են նույն ձևով՝ «ողջո՛ւյն»։ Սա ևս ցույց է տալիս, որ երկու նամակներն էլ գրի է առել միևնույն մարդը (Գործ. 12։17; 15։13, 22, 23; Հակ. 1։1)։
4. Ի՞նչն է ցույց տալիս, որ «Հակոբոս» նամակը գրվել է մ.թ. 62թ.-ից կարճ ժամանակ առաջ։
4 Պատմագիր Հովսեպոսը նշում է, որ սադուկեցի քահանայապետ Անանուսն էր (Անանիա) պատասխանատու Հակոբոսի մահվան համար, որին քարկոծելով սպանել էին։ Դա տեղի ունեցավ Հռոմի կառավարիչ Փեստոսի մահից հետո (մ.թ. մոտ 62թ.)՝ նախքան նրա հաջորդի՝ Ալբինուսի պաշտոնի անցնելըa։ Ե՞րբ է Հակոբոսը գրել իր նամակը։ Նա գրեց նամակը Երուսաղեմում և ուղղեց այն «տասներկու ցեղերին, որ ցրված են տարբեր վայրերում» (Հակ. 1։1)։ Ժամանակ պետք է անցներ, որ մ.թ. 33-ին սուրբ ոգու թափվելուց հետո քրիստոնեությունը տարածվեր, և ժողովում առաջ գային անհանգստացնող իրավիճակներ, որոնց մասին նշվում է նամակում։ Նամակը նաև ցույց է տալիս, որ քրիստոնյաները այլևս փոքր խումբ չէին, ժողովներ էին ձևավորվել, և հասուն «երեցներ» կային, որոնք կարող էին աղոթել և օգնել թույլերին։ Բացի այդ, բավական ժամանակ պետք է անցներ, որ ինքնագոհությունն ու ձևապաշտությունը արմատներ գցեին ժողովում (2։1–4; 4։1–3; 5։14; 1։26, 27)։ Ուստի շատ հավանական է, որ Հակոբոսը գրել է իր նամակը ավելի ուշ՝ հնարավոր է՝ մ.թ. 62թ.-ից կարճ ժամանակ առաջ, եթե Ֆեստոսի մահվանը անմիջապես հաջորդող իրադարձությունների մասին Հովսեպոսի արձանագրությունը ճիշտ է, ու եթե վստահարժան են այն աղբյուրները, որոնք Ֆեստոսի մահվան մոտավոր տարեթիվը համարում են մ.թ. 62-ը։
5. Ի՞նչն է փաստում, որ Հակոբոսի նամակը վավերական է։
5 Հակոբոսի նամակի վավերականությունը փաստվում է նրանով, որ այն ընդգրկված է Վատիկանյան № 1209, Սինայական և Ալեքսանդրյան ձեռագրերում, ինչպես նաև առնվազն տասը վաղ ցուցակներում, որոնք կազմվել են նախքան Կարթագենի ժողովը (մ.թ. 397թ.)b։ Նամակը ազատորեն մեջբերվել է վաղ եկեղեցու պատմագիրների կողմից։ Հակոբոսի գիրքն ամբողջովին ներդաշնակ է Աստվածաշնչի մյուս բոլոր գրքերին։
6. ա) Ի՞նչը մղեց Հակոբոսին գրելու այդ նամակը։ բ) Ինչո՞ւ կարելի է ասել, որ Հակոբոսի խոսքերը ոչ թե հակասում են Պողոսի խոսքերին, այլ լրացնում են հավատի մասին նրա բերած փաստարկները։
6 Ի՞նչը մղեց Հակոբոսին գրելու այդ նամակը։ Ուշադիր այն քննելիս կտեսնենք, որ ժողովի ներսում խնդիրներ կային։ Ոմանք լուրջ չէին վերաբերվում քրիստոնեական չափանիշներին, նույնիսկ անտեսում էին դրանք, ինչի պատճառով հոգևոր շնություն էին գործում՝ աշխարհի հետ ընկերություն անելով։ Որոշ աստվածաշնչագետներ, ցանկանալով հակասություններ գտնել Հակոբոսի նամակի և Աստվածաշնչի մյուս մասերի միջև, պնդում են, որ այս նամակը, որը քաջալերում է գործերով փաստել հավատը, հակասում է Պողոսի գրվածքներին, որոնց համաձայն՝ փրկությունը հնարավոր է ոչ թե գործերի, այլ հավատի միջոցով։ Սակայն համատեքստը ցույց է տալիս, որ Հակոբոսը նկատի ունի, որ հավատը գործերով է փաստվում, ոչ թե միայն խոսքերով, իսկ Պողոսը նկատի ունի Օրենքի գործերը։ Իրականում, Հակոբոսը լրացնում է Պողոսի բերած փաստարկները՝ պարզաբանելով, թե ինչպես է հավատը դրսևորվում։ Հակոբոսի խորհուրդները անչափ գործնական են լուծելու համար այդ խնդիրները, որոնց քրիստոնյաները բախվում են ամեն օր։
7. Ինչպե՞ս է Հակոբոսը ընդօրինակել Հիսուսի սովորեցնելու մեթոդները, և ինչպիսի՞ն է եղել արդյունքը։
7 Առօրյա կյանքից վերցված օրինակները, այդ թվում կենդանիների, նավերի, հողագործների և բուսականության վերաբերյալ օրինակները վառ և ազդեցիկ են դարձնում հավատի, համբերության և տոկունության մասին Հակոբոսի բերած փաստարկները։ Քանի որ Հակոբոսը ընդօրինակում է Հիսուսին ուսուցման այս արդյունավետ մեթոդը կիրառելու հարցում, նրա խորհուրդները ավելի դիպուկ և համոզիչ են։ Շատ տպավորիչ է, թե Հակոբոսը որքան լավ էր հասկանում մարդու ներքին մղումները։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
8. Ի՞նչ է լինում տոկունություն դրսևորելու, ինչպես նաև սխալ ցանկություն զարգացնելու արդյունքում։
8 Դրսևորել տոկունություն՝ որպես «խոսքը կատարողներ» (1։1–27)։ Հակոբոսը իր նամակը սկսում է քաջալերական խոսքերով. «Եղբայրնե՛րս, երբ բախվում եք զանազան փորձությունների, ուրախ եղեք»։ Տոկունություն դրսևորելով՝ նրանք կատարյալ կդառնան։ Եթե անհատը իմաստության պակաս ունի, պետք է շարունակ խնդրի Աստծուն՝ չկասկածելով հողմակոծ ու տարուբերվող ծովի ալիքի պես, այլ հավատով։ Ցածր խավի եղբայրը կբարձրանա, բայց հարուստը կկորչի, ինչպես որ ծաղիկն է թափվում։ Երջանիկ է այն մարդը, ով տոկում է փորձությանը, որովհետև «նա կստանա կյանքի պսակը, որը Եհովան խոստացել է իրեն սիրողներին»։ Աստված չի փորձում մարդուն չար բաներով, որ նա ընկնի։ Մարդու սխալ ցանկությունն է, որ հղիանում է և մեղք ծնում, իսկ մեղքն էլ վերջում մահ է ծնում (1։2, 12, 22)։
9. Ի՞նչ է նշանակում «խոսքը կատարողներ» լինել, և երկրպագության ո՞ր ձևն է ընդունելի Աստծուն։
9 Որտեղի՞ց է գալիս ամեն բարի պարգև։ «Երկնային լույսերի Հորից», որը չի փոխվում։ Հակոբոսը գրում է. «Նրա կամքն է, որ մեզ ծնի ճշմարտության խոսքով, որպեսզի մենք առաջին պտուղները լինենք նրա արարածների մեջ»։ Ուստի քրիստոնյաները պետք է արագ լինեն լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ։ Նրանք պետք է մի կողմ դնեն ամեն կեղտոտ բան ու չարություն և ընդունեն սերմանվող խոսքը, որը կարող է փրկել։ «Խոսքը ոչ միայն լսողներ եղեք, այլև կատարողներ»։ Ով նայում է ազատության կատարյալ օրենքի հայելու մեջ և հարատևում է դրանում, «այդպես անելով՝ երջանիկ կլինի»։ Իր լեզուն չսանձող անհատի երկրպագությունը ունայն է։ «Աստծու և Հոր տեսանկյունից՝ մաքուր ու անպիղծ երկրպագությունը սա է. հոգ տանել որբերին և այրիներին, երբ նեղության մեջ են, և անարատ մնալ աշխարհում» (1։17, 18, 22, 25, 27)։
10. ա) Ինչի՞ց է հարկավոր խուսափել։ բ) Ի՞նչ կապ կա հավատի ու գործերի միջև։
10 Հավատը կատարյալ է դառնում արդար գործերով (2։1–26)։ Եղբայրները խտրություն են դնում՝ հարուստներին գերադասելով աղքատներից։ Բայց չէ՞ որ «նրանց, ում աշխարհը աղքատ է համարում, Աստված ընտրեց, որպեսզի հարուստ լինեն հավատի մեջ և ժառանգներ լինեն թագավորության»։ Մի՞թե հարստահարողները հարուստները չեն։ Եղբայրները պետք է կատարեն թագավորական օրենքը՝ «սիրիր մերձավորիդ քո անձի պես», և խուսափեն կողմնապահ լինելուց։ Նաև պետք է լինել ողորմած, քանի որ ով թերանում է կատարել օրենքի մի կետը, նա բոլոր կետերն է խախտում։ Հավատը առանց գործերի անօգուտ է, ինչպես որ անօգուտ է որևէ կարիքավոր եղբոր կամ քրոջ ասել՝ «տաքացիր և կշտացիր», բայց նրան չտալ անհրաժեշտ բաները։ Հնարավո՞ր է ցույց տալ հավատը առանց գործերի։ Մի՞թե Աբրահամի հավատը չկատարելագործվեց նրա գործերով, երբ Իսահակին դրեց զոհասեղանի վրա։ Նմանապես, պոռնիկ Ռախաբը «գործերով արդար հայտարարվեց»։ Հետևաբար, հավատը առանց գործերի մեռած է (2։5, 8, 16, 19, 25)։
11. ա) Լեզվի հետ կապված ի՞նչ օրինակներ է բերում Հակոբոսը։ բ) Ինչպե՞ս է հարկավոր իմաստություն և հասկացողություն դրսևորել։
11 Կառավարել լեզուն և իմաստություն սովորեցնել (3։1–18)։ Եղբայրները չպետք է շտապեն դառնալ ուսուցիչներ, որպեսզի ավելի խիստ դատաստանի չարժանանան։ Բոլորն էլ հաճախ են սխալվում։ Ինչպես որ սանձն է կառավարում ձիու մարմինը, և մի փոքր ղեկը՝ նավը, այնպես էլ մի փոքր անդամը՝ լեզուն, մեծ զորություն ունի։ Այն կրակի նման է, որը կարող է մի մեծ անտառ այրել։ Վայրի կենդանիները կարող են ավելի հեշտությամբ սանձահարվել, քան լեզուն։ Նրանով անհատը օրհնում է Եհովային, նրանով էլ անիծում մարդկանց։ Ինչ խոսք, դա ճիշտ չէ։ Մի՞թե աղբյուրը միևնույն ակունքից քաղցր ու դառը ջուր է բխեցնում։ Մի՞թե թզենին կարող է ձիթապտուղ տալ, որթատունկը՝ թուզ, կամ աղի ջուրը՝ քաղցր ջուր։ Հակոբոսը հարց է տալիս. «Ո՞վ է իմաստուն և հասկացող ձեր մեջ»։ Թող նա իր լավ վարքով մեղմությամբ ցույց տա իր գործերը և հեռու մնա կռվասիրությունից ու չպարծենա ճշմարտության դեմ։ Քանի որ «վերին իմաստությունը նախևառաջ մաքուր է, ապա՝ խաղաղարար, խոհեմ, հնազանդվելու պատրաստ, ողորմությամբ և բարի պտուղներով լի, կողմնապահություն չանող, առանց կեղծավորության» (3։13, 17)։
12. ա) Ի՞նչ խնդիրներ կային ժողովում, և ինչո՞ւ էին դրանք ծագել։ բ) Ինչի՞ց է հարկավոր խուսափել, և ո՞ր հատկությունն է հարկավոր զարգացնել Եհովայի հավանությունն ունենալու համար։
12 Հեռու մնալ մարմնական ցանկություններից և աշխարհի հետ ընկերություն անելուց (4։1–17)։ «Ո՞րն է ձեր մեջ ծագող վեճերի ու կռիվների պատճառը,— հարցնում է Հակոբոսը, և ինքն էլ պատասխանում է։— Արդյոք կյանքի հաճույքները վայելելու ձեր ցանկությունները չե՞ն»։ Ոմանց մղումները սխալ են։ Նրանք, ովքեր ընկերություն են անում աշխարհի հետ, «շնացողներ» են և Աստծու թշնամիներ։ Այդ պատճառով Հակոբոսը հորդորում է. «Հակառակվեք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից։ Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ»։ Եհովան կբարձրացնի խոնարհներին։ Ուստի եղբայրները չպետք է դատեն իրար։ Եվ քանի որ ոչ ոք չգիտի, թե վաղը ինչպիսին կլինի իր կյանքը, պետք է ասի. «Եթե Եհովան կամենա, կապրենք և կանենք այս կամ այն բանը»։ Հպարտությունը չարիք է, իսկ ճիշտը իմանալը, բայց այն չանելը մեղք է (4։1, 4, 7, 8, 15)։
13. ա) Հարուստները ողբալու ի՞նչ պատճառ ունեն։ բ) Ինչպե՞ս է Հակոբոսը ցույց տալիս, որ հարկավոր է տոկունություն ու համբերություն դրսևորել, և ինչո՞ւ։
13 Երջանիկ են նրանք, ովքեր տոկում են արդարության մեջ (5։1–20)։ Հակոբոսը կոչ է անում. «Հարուստնե՛ր. լաց եղեք և ողբացեք»։ Նրանց հարստության ժանգը «վկա կլինի» նրանց դեմ։ «Հնձվորների օգնության աղաղակները», որոնց նրանք զրկել են վարձից, հասել են Զորքերի Տեր Եհովայի ականջին։ Հարուստները «շքեղության մեջ են ապրել.... և մարմնական հաճույքներին են տրվել»։ Նրանք «դատապարտել և սպանել են արդարին»։ Սակայն նկատի առնելով Տիրոջ ներկայությունը՝ եղբայրները պետք է համբերություն դրսևորեն, ինչպես որ հողագործն է սպասում հնձին, և պետք է ընդօրինակեն մարգարեներին, «որոնք Եհովայի անունով խոսեցին»։ Երջանիկ են նրանք, ովքեր տոկացին։ Եղբայրները պետք է հիշեն Հոբի տոկունությունը, և թե ինչպես Եհովան վարձատրեց նրան, քանի որ նա «անչափ գորովալից է ու ողորմած» (5։1–6, 10, 11)։
14. Նամակի վերջում ի՞նչ խորհուրդ է տրվում մեղքերը խոստովանելու և աղոթելու մասին։
14 Եղբայրները չպետք է երդվեն։ Այլ թող նրանց ««այո»-ն այո լինի, իսկ «ոչ»-ը՝ ոչ»։ Նրանք պետք է անկեղծորեն խոստովանեն իրենց մեղքերը և աղոթեն իրար համար։ Ինչպես երևում է Եղիայի աղոթքներից, «արդար մարդու աղաչանքը մեծ ուժ ունի»։ Եթե որևէ մեկը մոլորվի ճշմարտությունից, ապա նրան հետ դարձնողը «նրա հոգին կփրկի մահից ու կծածկի բազմաթիվ մեղքերը» (Հակ. 5։12, 16, 20)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
15. Ինչպե՞ս է Հակոբոսը օգտվում Եբրայերեն Գրություններից։ Բեր օրինակներ։
15 Թեև Հակոբոսը միայն երկու անգամ է հիշատակում Հիսուսի անունը (1։1; 2։1), նա բազմիցս ցույց է տալիս Տիրոջ ուսմունքների գործնական կիրառությունը, ինչպես որ երևում է «Հակոբոս» նամակի և Լեռան քարոզի մանրամասն համեմատությունից։ Բացի այդ, Եհովայի անունը հանդիպում է 13 անգամ («Նոր աշխարհ թարգմանություն») ու շեշտվում է, որ իրենց հավատը վառ պահող քրիստոնյաները վարձատրություն կստանան Աստծուց (4։10; 5։11)։ Հակոբոսը հաճախ է դիմում Եբրայերեն Գրություններին՝ բերելով օրինակներ և համապատասխան մեջբերումներ՝ գործնական խորհուրդներ տալու համար։ Որպեսզի ցույց տա իր մեջբերումների աղբյուրը, հետևյալ արտահայտություններն է ասում՝ «Սուրբ Գրքում գրված», «կատարվեց Սուրբ Գրքում գրվածը» և «Սուրբ Գրքում իզո՞ւր է ասվում»։ Այնուհետև կիրառում է այդ համարները քրիստոնեական ապրելակերպի առնչությամբ (2։8, 23; 4։5)։ Խորհուրդները տալիս և Աստծու Խոսքի՝ որպես մեկ ամբողջության հանդեպ հավատ կերտելիս Հակոբոսը տեղին վկայակոչում է Աբրահամի հավատի գործերը, Ռախաբի հավատը, որը դրսևորվեց գործերով, Հոբի հավատարմությունն ու տոկունությունը և Եղիայի օրինակը, որը համոզված էր, որ աղոթքն ուժ ունի (Հակ. 2։21–25; 5։11, 17, 18; Ծննդ. 22։9–12; Հեսու 2։1–21; Հոբ 1։20–22; 42։10; 1 Թագ. 17։1; 18։41–45)։
16. Ի՞նչ խորհուրդներ և զգուշացումներ է տալիս Հակոբոսը, և ո՞րն է այդ գործնական իմաստության աղբյուրը։
16 Շատ արժեքավոր է Հակոբոսի խորհուրդը խոսքը կատարողներ և ոչ միայն լսողներ լինելու, հավատը արդար գործերով փաստելու, զանազան փորձությունների ներքո տոկալու մեջ ուրախություն գտնելու, Աստծուց շարունակ իմաստություն խնդրելու, միշտ նրան աղոթքով մոտենալու և թագավորական օրենքը կատարելու առնչությամբ, այն է՝ «սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» (Հակ. 1։22; 2։24; 1։2, 5; 4։8; 5։13–18; 2։8)։ Նա զորեղ նախազգուշացումներ է տալիս քրիստոնյաներին, որ հարկավոր է ուսուցանել ճշմարտությանը ներդաշնակ, սանձահարել լեզուն, ժողովում դասակարգային տարբերություններ չդնել, չտրվել մարմնական հաճույքներին և հույս չդնել անկայուն հարստության վրա (3։1, 8; 2։4; 4։3; 5։1, 5)։ Հակոբոսը շատ պարզ ասում է, որ աշխարհի հետ ընկերություն անելը հավասարազոր է հոգևոր շնություն գործելուն և հանգեցնում է թշնամության Աստծու դեմ։ Նա բնորոշում է Աստծու տեսանկյունից մաքուր երկրպագությունը, որն է՝ «հոգ տանել որբերին և այրիներին, երբ նեղության մեջ են, և անարատ մնալ աշխարհում» (4։4; 1։27)։ Հենց այսպիսի գործնական և պարզ խորհուրդներ կարելի է ակնկալել վաղ քրիստոնեական ժողովի այս «սյունից» (Գաղ. 2։9)։ Նրա բարի պատգամը շարունակում է առաջնորդություն հանդիսանալ քրիստոնյաների համար այս դժվարին ժամանակներում, քանի որ դա «վերին իմաստություն» է, որը «արդարության պտուղ է» բերում (3։17, 18)։
17. Ի՞նչ հիմնավոր պատճառ կա հավատի գործերում տոկալու համար։
17 Հակոբոսը անկեղծորեն ձգտում էր օգնել իր եղբայրներին հասնելու Աստծու Թագավորության մեջ ապրելու նպատակին։ Ուստի հորդորեց նրանց. «Դուք էլ համբերող եղեք, ամրացրեք ձեր սրտերը, որովհետև Տիրոջ ներկայությունը մոտեցել է»։ Երջանիկ են նրանք, ովքեր տոկում են փորձությանը, որովհետև հավանության արժանանալով՝ կստանան «կյանքի պսակը, որը Եհովան խոստացել է իրեն սիրողներին» (5։8; 1։12)։ Ուստի կյանքի պսակը ստանալու Աստծու խոստումը, որի համաձայն՝ հնարավոր է անմահ կյանք ստանալ երկնքում կամ հավիտենական կյանք՝ երկրի վրա, հիմնավոր պատճառ է բարի գործերի մեջ հարատևելու համար։ Այո՛, այս հրաշալի նամակը կքաջալերի բոլորին հասնել հավիտենական կյանքի նպատակին՝ երկնքում կամ նոր աշխարհում, որը ղեկավարելու է Թագավորության Սերունդը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը (2։5)։
[ծանոթագրություններ]
a «Հրեական հնախոսություն», հատ. XX, էջ 197–200 (ix, 1, անգլ.); «Webster’s New Biographical Dictionary», 1983, էջ 350։
b Տե՛ս 331-րդ էջի աղյուսակը։