«Ո՞վ է իմաստուն և հասկացող ձեր մեջ»
«Ո՞վ է իմաստուն և հասկացող ձեր մեջ։ Թող որ նա իր լավ վարքով ցույց տա իր գործերը մեղմությամբ, որը բնորոշ է իմաստությանը» (ՀԱԿ. 3։13)։
1, 2. Ի՞նչ կարելի է ասել շատերի մասին, ովքեր իմաստուն են համարվում։
ԸՍՏ քեզ՝ ո՞վ է իսկապես իմաստուն։ Ծնողնե՞րդ, տարիքն առած մա՞րդը, թե՞ համալսարանի պրոֆեսորը։ Այս հարցում քո տեսակետը կարող է ձևավորված լինել միջավայրի կամ հանգամանքների ազդեցությամբ։ Իսկ Աստված ո՞ւմ է իսկապես իմաստուն համարում։ Աստծու ծառաներին գլխավորապես հետաքրքրում է նրա տեսակետը։
2 Աշխարհը շատերին է իմաստուն համարում, բայց իրականում ոչ բոլորն են իմաստուն Աստծու աչքում։ Օրինակ՝ Հոբը զրուցում էր մարդկանց հետ, ովքեր կարծում էին, թե իմաստուն խոսքեր են ասում։ Բայց նա եզրակացրեց. «Ես ձեզանում իմաստուն չեմ գտնում» (Յոբ 17։10)։ Առաջին դարում կային մարդիկ, ովքեր չցանկացան Աստծու մասին գիտելիքներ ստանալ։ Պողոս առաքյալը նրանց առնչությամբ գրեց. «Թեև պնդում էին, թե իմաստուն են, սակայն նրանք հիմարացան» (Հռոմ. 1։22)։ Իսկ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան միանգամայն պարզ ասաց. «Վա՜յ նորանց որ իրանց աչքին իմաստուն են» (Ես. 5։21)։
3, 4. Ի՞նչն է մարդուն իսկապես իմաստուն դարձնում։
3 Մեզ համար կարևոր է պարզել, թե ինչն է մարդուն իսկապես իմաստուն դարձնում և այդպիսով արժանացնում Աստծու հավանությանը։ Առակաց 9։10–ն ասում է. «Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, եւ Ամենասուրբին ճանաչելը հանճար»։ Իմաստուն մարդը պետք է պատշաճ երկյուղ ունենա Աստծուց և հարգի նրա չափանիշները։ Նա ընդունում է Աստծու գոյությունը և շարժվում նրա ճանապարհներով։ Սակայն Հակոբոս աշակերտի խոսքերից կարելի է եզրակացնել, որ ավելին է հարկավոր (կարդա՛ Հակոբոս 3։13)։ Ուշադրություն դարձրու հետևյալ արտահայտությանը՝ «թող որ նա իր լավ վարքով ցույց տա իր գործերը»։ Եթե իսկապես իմաստուն ենք, ապա դա կերևա մեր գործերից ու խոսքերից։
4 Իսկապես իմաստուն անհատը կարողանում է առողջ դատել, գիտելիքները ճիշտ կիրառել և հասկացողություն հանդես բերել։ Իսկ ո՞ր գործերն են ակնհայտ դարձնում, որ անհատը իմաստուն է։ Հակոբոսը թվարկում է մի շարք հատկություններ, որոնք երևում են իմաստուն մարդու գործերիցa։ Նրա խոսքերը կարող են օգնել մեզ լավ փոխհարաբերություններ հաստատել ինչպես ժողովի անդամների, այնպես էլ ժողովից դուրս եղող մարդկանց հետ։
Իմաստությունը գործերից է երևում
5. Ինչպե՞ս է վարվում իսկապես իմաստուն մարդը։
5 Ինչպես տեսանք, Հակոբոսը իմաստությունը կապում է լավ վարքի հետ։ Քանի որ իմաստության սկիզբը աստվածավախությունն է, իմաստուն մարդը ձգտում է իր վարքը ներդաշնակեցնել Աստծու չափանիշներին։ Մենք ի ծնե օժտված չենք վերին իմաստությամբ։ Սակայն կարող ենք այդ իմաստությունը ձեռք բերել՝ Աստվածաշունչը կանոնավորաբար ընթերցելով և նրա շուրջ խորհրդածելով։ Դա կօգնի անել այն, ինչ գրված է Եփեսացիներ 5։1–ում. «Ընդօրինակե՛ք Աստծուն, ինչպես սիրելի զավակներ»։ Որքան ավելի շատ վարվենք Աստծու սկզբունքների համաձայն, այնքան ավելի շատ իմաստություն կդրսևորենք մեր գործերում։ Եհովայի ճանապարհները անհամեմատ բարձր են մարդու ճանապարհներից (Ես. 55։8, 9)։ Ուստի եթե ընդօրինակենք Եհովայի գործելակերպը, պարզ կլինի, որ մենք տարբերվում ենք մյուսներից։
6. Ինչո՞ւ է մեղմությունը Աստծուն հաճելի հատկություն, և ի՞նչ է ներառում այդ հատկությունը։
6 Հակոբոսն ասում է, որ մենք Եհովային ընդօրինակած կլինենք, եթե դրսևորենք մեղմություն, «որը բնորոշ է իմաստությանը»։ Մեղմ անհատը հեզ է, բայց դա չի նշանակում, որ նա չի կարող սկզբունքային լինել։ Թեև Աստված անսահման ուժի տեր է, նա մեղմ է, և մենք չենք վախենում նրան մոտենալուց։ Աստծու Որդին այնքան լավ արտացոլեց իր Հոր մեղմությունը, որ կարող էր ասել. «Ինձ մո՛տ եկեք բոլորդ, որ հոգնած եք ու բեռնավորված, և ես կթարմացնեմ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և ինձանից սովորեք, քանզի ես հեզ եմ և սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար» (Մատթ. 11։28, 29; Փիլիպ. 2։5–8)։
7. Ինչո՞ւ է Մովսեսը մեղմություն դրսևորելու լավ օրինակ։
7 Աստվածաշնչում կան հեզ և մեղմ մարդկանց օրինակներ։ Նրանցից էր Մովսեսը։ Նա մեծ առանձնաշնորհում ուներ, բայցևայնպես «շատ հեզ էր երկրի վերայ եղած բոլոր մարդկանցից աւելի» (Թուոց 11։29; 12։3)։ Հիշենք նաև, որ Եհովան մեծ զորությամբ էր օժտել Մովսեսին, որպեսզի վերջինս կատարի Իր կամքը։ Աստված հաճույքով էր իրագործում իր նպատակները հեզ և մեղմ մարդկանց միջոցով։
8. Ինչպե՞ս կարող են անկատար մարդիկ ցուցաբերել «մեղմություն, որը բնորոշ է իմաստությանը»։
8 Հստակ է, որ անկատար մարդիկ կարող են դրսևորել «մեղմություն, որը բնորոշ է իմաստությանը»։ Իսկ մենք դրսևորո՞ւմ ենք այդ հատկությունը։ Ինչպե՞ս կարող ենք բարելավվել այս հարցում։ Մեղմությունը Եհովայի սուրբ ոգու պտղի մասերից է (Գաղ. 5։22, 23)։ Մենք կարող ենք աղոթել սուրբ ոգին ստանալու համար և ջանքեր գործադրել, որ դրսևորենք նրա պտուղը։ Անշուշտ, Աստված կօգնի մեզ մեղմ լինել։ Սաղմոսերգուն հավաստիացնում է. «Աստված սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը»։ Այս խոսքերը մղում են մեզ դրսևորելու այդ հատկությունը (Սաղ. 25։9)։
9, 10. Ինչո՞ւ է դժվար մեղմություն դրսևորել, սակայն ինչպե՞ս պետք է վարվենք։
9 Այդուհանդերձ, այս հարցում բարելավվելը կարող է շատ դժվար լինել։ Դաստիարակության ու միջավայրի պատճառով մեզանից ոմանք գուցե հակված չեն մեղմ լինելու։ Բացի այդ, մեր շրջապատի մարդիկ կարող են հակառակ վարք խրախուսել՝ ասելով, որ «կրակի դեմ պետք է կրակով պայքարել»։ Բայց մի՞թե այդպես վարվելն իմաստուն է։ Եթե, օրինակ, փոքրիկ կրակ բռնկվի քո տանը, այն մարելու համար յո՞ւղ, թե՞ ջուր կլցնես վրան։ Յուղը կրակը ավելի կբորբոքի, մինչդեռ ջուրը կարող է ցանկալի արդյունք բերել։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս մեզ. «Մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը, բայց վիրաւորիչ խօսքը բարկութիւն կ’գրգռէ» (Առակ. 15։1, 18)։ Կարո՞ղ ենք մեղմություն դրսևորել, երբ տարաձայնություններ առաջանան՝ լինի ժողովում, թե ժողովից դուրս։ Եթե այո, ապա կփաստենք, որ իսկապես իմաստուն ենք (2 Տիմոթ. 2։24)։
10 Ինչպես նշվեց վերևում, շատերը, ում վրա ազդում է աշխարհի ոգին, հեռու են մեղմ, խաղաղասեր և հանդարտաբարո լինելուց։ Կոպիտ և ամբարտավան մարդիկ այսօր շատ–շատ են։ Հակոբոսը գիտեր այդ ոգու մասին, ուստի ժողովի անդամներին զգուշացրեց, որ չապականվեն աշխարհի ոգով։ Իսկ ուրիշ ի՞նչ ենք սովորում նրա խորհրդից։
Ոչ իմաստուն մարդիկ
11. Ո՞ր հատկություններն են հակառակ վերին իմաստությանը։
11 Հակոբոսը պարզ նշում է այն հատկությունները, որոնք ուղղակիորեն հակառակ են վերին իմաստությանը (կարդա՛ Հակոբոս 3։14)։ Նախանձն ու կռվասիրությունը մարմնավոր և ոչ թե հոգևոր հատկություններ են։ Ահա մի օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչ է պատահում, երբ մարմնավոր մտածելակերպն է իշխում։ Վեց «քրիստոնեական» խմբեր Երուսաղեմում վերահսկում էին Տիրոջ գերեզմանի եկեղեցու տարբեր մասերը (ենթադրվում է՝ այդ եկեղեցին կառուցվել է այնտեղ, որտեղ Հիսուսին սպանել են ու թաղել)։ Այդ խմբերի հարաբերություններն անընդհատ լարված էին։ 2006 թ.–ին «Թայմ» հանդեսում տեղեկացվեց ավելի վաղ տեղի ունեցած մի դեպքի մասին։ Վանականները «ժամեր շարունակ աղմկում էին.... իրար հարվածելով հսկայական մոմակալներով»։ Փոխադարձ անվստահությունն այնքան մեծ էր, որ եկեղեցու դռները բացելու պարտականությունը վստահեցին մի մուսուլմանի։
12. Երբ չկա իմաստություն, ի՞նչ կարող է պատահել։
12 Կռվասիրության այդպիսի ծայրահեղ դրսևորումը, անշուշտ, տեղ չունի ճշմարիտ քրիստոնեական ժողովում։ Բայցևայնպես, անկատարության պատճառով ոմանք երբեմն համառորեն կառչում են սեփական տեսակետներից։ Դա կարող է հանգեցնել վեճերի և երկպառակության։ Պողոս առաքյալը նման բան նկատեց Կորնթոսի ժողովում, ուստի գրեց. «Եթե ձեր մեջ դեռ նախանձ ու երկպառակություն կա, ուրեմն մի՞թե մարմնավոր չեք և մի՞թե մյուս մարդկանց պես չեք վարվում» (1 Կորնթ. 3։3)։ Առաջին դարում այս ժողովում մի որոշ ժամանակ այդպիսի ցավալի իրողություն կար։ Ուստի այսօր մենք պետք է զգույշ լինենք, որ նախանձի ու երկպառակության ոգին չներթափանցի քրիստոնեական ժողով։
13, 14. Օրինակներով ցույց տուր, թե մարմնավոր մտածելակերպն ինչպե՞ս կարող է դրսևորվել։
13 Ինչպե՞ս կարող է այդ ոգին սողոսկել քրիստոնեական ժողով։ Այն կարող է սկսվել փոքր բաներից։ Օրինակ՝ երբ Թագավորության սրահ է կառուցվում, եղբայրները կարող են տարբեր կարծիքներ ունենալ զանազան հարցերի առնչությամբ։ Մի եղբայր գուցե կռվասիրության ոգի դրսևորի՝ տեսնելով, որ իր առաջարկը չի ընդունվում, հետո սկսի բարձրաձայն քննադատել կայացված որոշումները։ Նա նույնիսկ գուցե ընդհանրապես հրաժարվի հետագա աշխատանքներին մասնակցելուց։ Այդպես վարվողը, ըստ ամենայնի, մոռանում է, որ ժողովի հետ կապված որևէ գործի հաջողությունը սովորաբար ավելի շատ կախված է ժողովի խաղաղությունից և ոչ թե հատուկ մեթոդներից։ Եհովան օրհնում է մեղմ և ոչ թե կռվասեր ոգին (1 Տիմոթ. 6։4, 5)։
14 Մեկ այլ օրինակ։ Ժողովի երեցները նկատում են, որ մի երեց ակնհայտորեն չի համապատասխանում սուրբգրային չափանիշներին, թեև այդ նշանակման մեջ արդեն ծառայում է մի քանի տարի։ Ժողով այցելած շրջանային վերակացուն, տեղեկանալով, որ եղբայրը նախկինում հատուկ խորհուրդ է ստացել, բայց փոփոխություններ չի կատարել, համաձայնվում է մյուս երեցների հետ, որ նա այլևս չի կարող ծառայել որպես երեց։ Ինչպե՞ս վերջինս կարձագանքի։ Արդյոք մեղմության և հեզության ոգով կընդունի՞ երեցների միաձայն որոշումը և նրանց կողմից տրված սուրբգրային խորհուրդը։ Կվճռի՞ համապատասխանել աստվածաշնչյան չափանիշներին, որպեսզի կրկին կարողանա ստանալ այդ նշանակումը։ Թե՞ կվրդովվի ու կբարկանա, որ զրկվել է իր առանձնաշնորհումից։ Մի՞թե նա ճիշտ կվարվի՝ շարունակելով կարծել, թե ինքը համապատասխանում է երեց լինելու չափանիշներին։ Նա իմաստուն կերպով վարված կլինի, եթե խոնարհություն և հասկացողություն դրսևորի։
15. Ինչո՞ւ ես կարծում, որ Հակոբոս 3։15, 16–ում գրված ներշնչյալ խորհուրդը անչափ կարևոր է։
15 Կռվասիրության և նախանձի ոգին կարող է դրսևորվել այլ իրադրություններում ևս։ Բայց ինչ էլ որ լինի, պետք է ջանանք չցուցաբերել նման ոգի (կարդա՛ Հակոբոս 3։15, 16)։ Հակոբոս աշակերտը դրանք անվանում է «երկրային», որովհետև հոգևոր բաների հետ կապ չունեն։ Այդ հատկությունները «մարմնավոր» են (այլ թարգմանությամբ՝ «կենդանական»), քանի որ արդյունք են մարմնավոր հակումների, որոնք նման են բանականությունից զուրկ արարածների հատկանիշներին։ Դրանք նաև «դիվական» են, որովհետև արտացոլում են Աստծու ոգեղեն թշնամիներին բնորոշ գծերը։ Որքա՜ն անպատշաճ է, երբ քրիստոնյան դրսևորում է այդ հատկությունները։
16. Ի՞նչ փոփոխություններ թերևս պետք է անենք և ինչպե՞ս կարող ենք հաջողության հասնել այս հարցում։
16 Քրիստոնեական ժողովի յուրաքանչյուր անդամ լավ կանի, եթե քննի իր բնավորությունը և ջանա վերացնել վատ գծերը։ Բացասական գծերից ձերբազատվելու կարիքը պետք է զգան հատկապես վերակացուները, քանի որ նրանք ուսուցանում են ժողովին։ Մեր անկատարության և աշխարհի ազդեցության պատճառով հեշտ չէ ազատվել այդ հատկություններից։ Դա նման է այն բանին, որ փորձենք բարձրանալ սարի ցեխոտ և սայթաքուն լանջով։ Եթե ինչ–որ բանից բռնելու հնարավորություն չունենանք, պարզապես հետ կսահենք։ Սակայն եթե ամուր բռնենք Աստվածաշնչի խորհուրդներից, ինչպես նաև ընդունենք Աստծու համաշխարհային ժողովի օգնությունը, կկարողանանք առաջ գնալ (Սաղ. 73։23, 24)։
Հատկություններ, որոնք իմաստունները ջանում են դրսևորել
17. Ինչպե՞ս են իմաստուն մարդիկ սովորաբար արձագանքում չար բաներին։
17 Կարդա՛ Հակոբոս 3։17–ը։ «Վերին իմաստությունը» կապ ունի մի շարք հատկությունների հետ։ Դրանցից մի քանիսը քննելը օգտակար կլինի մեզ համար։ Մենք «մաքուր» ենք, եթե մեր մղումներն ու գործերը անարատ և անպիղծ են։ Չար բաները պետք է մերժենք անմիջապես՝ առանց երկար–բարակ մտածելու։ Ենթադրենք գնացել ես բժշկի։ Նա մուրճիկով թեթևակի հարվածում է ծնկիդ մկանին։ Ոտքդ ռեֆլեքսորեն վեր է բարձրանում։ Դա տեղի է ունենում անգիտակցաբար. հարկ չկա, որ նախապես մտածես։ Երբ չար բան գործելու գայթակղություն է առաջանում, պետք է նույն ձևով հակազդենք։ Մեր պարկեշտությունը և Աստվածաշնչով դաստիարակված խիղճը կմղեն մեզ ռեֆլեքսորեն մերժելու այն, ինչ չար է (Հռոմ. 12։9)։ Աստվածաշնչում կան այնպիսի մարդկանց օրինակներ, ովքեր մերժել են չարը։ Նրանցից են Հովսեփը և Հիսուսը (Ծննդ. 39։7–9; Մատթ. 4։8–10)։
18. Ի՞նչ է նշանակում լինել ա) խաղաղասեր, բ) խաղաղություն անող։
18 Վերին իմաստությունը նաև խաղաղասեր է։ Սա նշանակում է, որ մենք չպետք է լինենք ագրեսիվ, կռվարար։ Այս հատկությունների պատճառով խաղաղությունը կարող է խաթարվել։ Հակոբոսը մանրամասնում է՝ ասելով. «Արդարության պտղի սերմը խաղաղ պայմաններում է ցանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակ. 3։18)։ Այստեղ ասվում է՝ «ովքեր խաղաղություն են անում»։ Ինքներս մեզ հարցնենք։ Ժողովում հայտնի ենք որպես խաղաղություն անողնե՞ր, թե՞ խաղաղությունը խաթարողներ։ Հաճա՞խ ենք տարաձայնություններ ունենում և արդյունքում վիրավորվում ենք կամ վիրավորում։ Համառորեն պահանջո՞ւմ ենք, որ ուրիշները մեզ ընդունեն այնպիսին, ինչպիսին որ կանք, թե՞ խոնարհաբար ջանում ենք մեր միջից վերացնել բնավորության այն գծերը, որոնք, թերևս միանգամայն հիմնավոր կերպով, տհաճ են նրանց։ Ճանաչո՞ւմ են մեզ որպես այնպիսի մարդու, ով ամեն ինչ անում է հանուն խաղաղության, ով պատրաստ է ներելու և մեջքի հետևը գցելու դիմացինի սխալը։ Անկեղծ ինքնաքննությունը կարող է օգնել մեզ տեսնելու, թե ինչ բարելավումներ պետք է անենք։
19. Ո՞ր դեպքում ուրիշները անհատին խոհեմ կհամարեն։
19 Հակոբոսը նշում է, որ վերին իմաստությունը նաև «խոհեմ» է։ Ունե՞նք արդյոք այնպիսի մարդու անուն, ով հակված է զիջելու, երբ սուրբգրային սկզբունքները չեն խախտվում, ով չի պնդում, որ մյուսներն առաջնորդվեն իր սեփական չափանիշներով։ Վայելո՞ւմ ենք մեղմ մարդու համբավ, մեզ հետ հե՞շտ է խոսել։ Եթե այս հարցերին դրական ենք պատասխանում, ուրեմն խոհեմ անձնավորություն ենք։
20. Ի՞նչ կլինի արդյունքը, եթե դրսևորենք այս հոդվածում քննարկված աստվածահաճո հատկությունները։
20 Ինչքա՜ն հաճելի է մթնոլորտը ժողովում, երբ բոլոր եղբայրներն ու քույրերը ջանում են դրսևորել վերին իմաստությանը բնորոշ հատկությունները, որոնց մասին խոսեց Հակոբոսը (Սաղ. 133։1–3)։ Եթե միմյանց վերաբերվենք մեղմությամբ, խաղաղությամբ և խոհեմությամբ, արդյունքում մեր փոխհարաբերությունները կամրանան և ակնհայտ կդարձնենք, որ ունենք «վերին իմաստություն»։ Հաջորդ հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչպես կարող ենք մյուսներին նայել Եհովայի աչքերով։ Այդպես վարվելը ևս կօգնի մեզ լինելու մեղմ, խաղաղասեր և խոհեմ։
[ծանոթագրություն]
a Համատեքստից երևում է, որ Հակոբոսը նախևառաջ նկատի ուներ ժողովի «ուսուցիչներին», այսինքն՝ երեցներին (Հակ. 3։1)։ Այդ մարդիկ, անշուշտ, պետք է օրինակ լինեն վերին իմաստություն դրսևորելու հարցում։ Այդուհանդերձ, Հակոբոսի խորհուրդը օգտակար է բոլորիս համար։
Կարո՞ղ եք բացատրել
• Ի՞նչն է քրիստոնյային դարձնում իսկապես իմաստուն։
• Վերին իմաստություն դրսևորելու հարցում ինչպե՞ս կարող ենք բարելավումներ անել։
• Ի՞նչ հատկություններ են ցուցաբերում նրանք, ովքեր չեն դրսևորում վերին իմաստություն։
• Քո ո՞ր հատկություններն ես վճռել բարելավել։
[նկար 23–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող է քրիստոնյաների միջև երկպառակություն առաջանալ
[նկար 24–րդ էջի վրա]
Անմիջապես մերժո՞ւմ ես չարը