Ինչպե՞ս պետք է վերաբերվենք փորձություններին
ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Բոլոր մարդիկ էլ փորձություններ դիմագրավում են։ Դրանց պատճառը կարող են լինել տարբեր բնավորությունները, տնտեսական խնդիրները, վատառողջությունը, որևէ բանով գայթակղվելը, հասակակիցների կողմից ճնշումը՝ սխալ արարք գործելու, հալածանքը, չեզոքություն պահպանելու կամ կռապաշտությունից հեռու մնալու մեր դիրքորոշման դեմ հարձակումը և էլի շատ բաներ։ Անկախ նրանից, թե ինչ փորձության ենք ենթարկվում՝ դա հաճախ մեծ անհանգստություն է մեզ պատճառում։ Ինչպե՞ս կարող ենք հաղթանակած դուրս գալ այդ փորձություններից։ Կարո՞ղ են արդյոք դրանք ինչ–որ ձևով մեզ համար օգտակար լինել։
Լավագույն պաշտպանությունը
Դավիթ թագավորը փորձություններով լի կյանքով ապրեց։ Չնայած դրան՝ նա մինչև մահ հավատարիմ մնաց Աստծուն։ Ինչպե՞ս դա հաջողվեց նրան։ Իր զորության աղբյուրի մասին Դավիթը այսպիսի խոսքեր է ասում. «Տէրն է իմ հովիւը. եւ կարօտութին չեմ ունենալ»։ Ապա շարունակում է. «Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու ինձ հետ ես. քո գաւազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ» (Սաղմոս 23։1, 4)։ Այո՛, Եհովան ամուր պաշտպանության աղբյուր է։ Նա առաջնորդություն է ցույց տվել Դավիթ թագավորին նրա կյանքի ծանր օրերին. նույնը մտադիր է նաև մեզ անել, երբ դրա անհրաժեշտությունը լինի։
Ինչպե՞ս կարող ենք Եհովայից պաշտպանություն ստանալ։ Աստվածաշունչը պատասխանում է այդ հարցին. «Ճաշակեցէք եւ տեսէք, որ Տէրը քաղցր է» (Սաղմոս 34։8)։ Սա իսկապես ջերմ հրավեր է։ Իսկ ի՞նչ է այն նշանակում մեզ համար. Եհովային ծառայելու և մեր կյանքն ամբողջությամբ նրա կամքին ներդաշնակեցնելու հորդոր։ Նման ուղիով ընթանալու համար հարկավոր է որոշ հարցերում սահմանափակել մեր ազատությունը և զոհողությունների գնալ։ Երբեմն այդ հորդորին հետևելը փորձությունների դուռ է բաց անում՝ հալածանք ու տառապանք բերում։ Սակայն նրանք, ովքեր ամբողջ սրտով ընդունում են Եհովայի հրավերը, երբեք չեն զղջա այդ ընթացքը բռնելու համար։ Եհովան նրանց հանդեպ բարություն կցուցաբերի, կառաջնորդի նրանց ու հոգ կտանի իրենց հոգևոր կարիքների մասին։ Եհովան իր Խոսքի, սուրբ ոգու և քրիստոնեական ժողովի միջոցով նրանց թիկունք կկանգնի փորձությունների ժամանակ։ Իսկ վերջնական արդյունքում կպարգևատրի հավիտենական կյանքով (Սաղմոս 23։6; 25։9; Եսայիա 30։21; Հռովմայեցիս 15։5)։
Այն անհատները, ովքեր որոշում են ծառայել Եհովային և հավատարիմ են մնում այդ որոշմանը, տեսնում են, որ Եհովան կատարում է իր բոլոր խոստումները։ Դրանում համոզվեցին այն իսրայելացիները, որոնք հետևեցին Հեսուին Ավետյաց երկիրը մտնելիս։ Հորդանան գետն անցնելուց հետո նրանք պետք է բազում փորձությունների ենթարկվեին, պայքար մղեին այնտեղ բնակվող ազգերի դեմ, ինչպես նաև իրենց սխալ արարքներից որոշ դասեր քաղեին։ Սակայն այդ սերունդն ավելի հավատարիմ գտնվեց, քան իրենց հայրերը, որոնք դուրս եկան Եգիպտոսից և մահացան անապատում։ Այնուամենայնիվ, Եհովան պաշտպանեց այն իսրայելացիներին, որոնք իրեն հավատարիմ մնացին։ Իսկ թե ինչ դիրք ունեին նրանք Եհովայի առջև Հեսուի կյանքի վերջին տարիներին, Աստվածաշունչը հայտնում է. «Տէրը նորանց ամեն կողմից հանգստացրեց, ինչպէս որ նորանց հայրերին երդում էր արել.... Ոչ մի բան չ’պակասեց այն ամեն բարի բաներիցը, որ Եհովան Իսրայէլի տան համար խօսել էր. բոլորը կատարուեցաւ» (Յեսու 21։44, 45)։ Մենք էլ կարող ենք համոզված լինել, որ Եհովան կկատարի իր բոլոր խոստումները, եթե ամբողջ սրտով ապավինենք նրան փորձությունների մեջ ընկնելիս կամ մյուս բոլոր պարագաներում։
Ի՞նչը կարող է թուլացնել Եհովայի հանդեպ մեր վստահությունը։ Պատճառներից մեկը նշեց Հիսուսը. «Ոչ ով չէ կարող երկու տէրերի ծառայել.... Չէք կարող Աստուծուն ծառայել եւ մամոնային» (Մատթէոս 6։24)։ Եթե մենք վստահում ենք Եհովային, ապա ապահովություն չենք փնտրի այնտեղ, ուր աշխարհն է փնտրում՝ նյութական կարողությունների մեջ։ Իր հետևորդներին Հիսուսն այսպիսի խորհուրդ տվեց. «Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. եւ այդ ամենքը [անհրաժեշտ նյութական բաները] կ’տրուի ձեզ» (Մատթէոս 6։33)։ Այն քրիստոնյան, որը նյութականի հանդեպ հավասարակշռված տեսակետ ունի և Աստծո Թագավորությունն իր կյանքում առաջնային տեղում է դնում, ճիշտ ընտրություն է կատարում (Ժողովող 7։12)։ Անշուշտ, դրա համար որոշակի քայլեր են անհրաժեշտ։ Թերևս հարկ լինի նյութականի հետ կապված զոհողությունների գնալ։ Չնայած դրան՝ այդպիսի անհատը օգուտներ կքաղի, իսկ Եհովան նրա համար պաշտպանություն կլինի (Եսայիա 48։17, 18)։
Ինչ ենք սովորում փորձություններից
«Ճաշակեցէք եւ տեսէք, որ Տէրը քաղցր է» հրավերն ընդունելով, ինչ խոսք, մենք չենք պաշտպանվում կյանքում հանդիպող անակնկալներից, ոչ էլ ամբողջությամբ զերծ ենք մնում Սատանայի ու նրա իշխանության տակ գտնվող մարդկանց հարձակումներից (Ժողովող 9։11)։ Դրանով փորձվում է մեր անկեղծությունն ու վճռականությունը։ Իսկ ինչո՞ւ է Եհովան թույլ տալիս, որ իր երկրպագուները նման փորձությունների ենթարկվեն։ Պատճառներից մեկի մասին Պետրոս առաքյալը գրեց. «Այժմ հարկադրաբար փոքր–ինչ տրտմած եք ձեր կրած այլևայլ փորձությունների պատճառով։ Այդպիսով փորձված ձեր հավատը շա՛տ ավելի թանկագին է, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում. դրա համար էլ, երբ Հիսուս Քրիստոսը հայտնվի, կգովի ձեզ և կարժանացնի փառքի ու պատվի» (Ա Պետրոս 1։6, 7 ԱՆԹ)։ Այո՛, փորձությունները հնարավորություն են տալիս մեզ ցույց տալու, թե ինչպիսին է մեր հավատն ու սերը հանդեպ Եհովան։ Նաև դրանցով մենք պատասխան ենք տալիս Բանսարկու Սատանայի անարգանքներին ու մեղադրանքներին (Առակաց 27։11; Յայտնութիւն 12։10)։
Փորձություններն օգնում են մեզ քրիստոնեական ուրիշ հատկություններ էլ մշակել։ Որպես օրինակ՝ նկատի առնենք սաղմոսերգուի խոսքերը. «[Եհովան] խոնարհը կը տեսնէ ու բարձրամիտը հեռուէն կը ճանչնայ» (Սաղմոս 138։6, Արևմտ. Աստ.)։ Ճիշտ է, մեզանից շատերը բնավորությամբ խոնարհ չեն, սակայն փորձությունները կարող են օգնել մեզ զարգացնելու այդ հույժ կարևոր հատկությունը։ Եկեք վերհիշենք Մովսեսի օրերում իսրայելացիներին պատահածը, երբ նրանցից ոմանք հոգնել էին շաբաթներով, ամիսներ շարունակ մանանա ուտելուց։ Ակներևաբար, դա նրանց համար փորձություն էր, չնայած որ մանանան ինքնին հրաշագործություն էր։ Ո՞րն էր այդ փորձության նպատակը։ Պատասխանը գտնում ենք Մովսեսի խոսքերում. «[Եհովան] անապատումը քեզ մանանայ ուտեցրեց.... որ քեզ խոնարհեցնէ քեզ փորձելու համար» (Բ Օրինաց 8։16)։
Մեր խոնարհությունն էլ կարող է այդպես փորձվել։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ ինչպե՞ս ենք վերաբերվում կազմակերպչական հարցերում կատարվող փոփոխություններին (Եսայիա 60։17)։ Ամբողջ սրտով աջակցություն ցույց տալի՞ս ենք քարոզչական և ուսուցողական գործին (Մատթէոս 24։14; 28։19, 20)։ Պատրաստակամորեն ընդունո՞ւմ ենք «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յի]» միջոցով տրվող աստվածաշնչյան ճշմարտությունների մասին բացատրությունները (Մատթէոս 24։45–47; Առակաց 4։18)։ Փորձո՞ւմ ենք մեր մեջ ճնշել ոչ անհրաժեշտ իրեր ձեռք բերելու, նորաձևության վերջին ճիչով հագնվելու կամ էլ ամենանոր արտադրության ավտոմեքենա գնելու ցանկությունը։ Եթե անհատը խոնարհ է, ապա վերոհիշյալ հարցերին դրական պատասխան կտա (Ա Պետրոս 1։14–16; Բ Պետրոս 3։11)։
Փորձություններն օգնում են մեզ զարգացնել մեկ այլ կարևոր հատկություն ևս՝ տոկունություն։ Հակոբոս աշակերտն ասաց. «Բոլորովին ուրախութիւն համարեցէք, եղբարքս, երբոր կերպ կերպ փորձանքների մէջ ընկնիք. գիտենալով որ ձեր հաւատքի փորձառութիւնը համբերութիւն է գործում», կամ՝ տոկունություն է մշակում (Յակոբոս 1։2, 3)։ Երբ ամբողջ սրտով Եհովային ապավինելով հաջողությամբ դիմագրավում ենք մեկը մյուսին հաջորդող փորձությունները, դրանով իսկ մեր մեջ զարգացնում ենք այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ դիմացկունությունը, հաստատակամությունն ու անարատությունը։ Նաև զորություն ենք ստանում, որպեսզի կարողանանք դիմադրել Սատանայի՝ այս աշխարհի կատաղի աստծո հետագա հարձակումներին (Ա Պետրոս 5։8–10; Ա Յովհաննէս 5։19; Յայտնութիւն 12։12)։
Ճիշտ վերաբերմունք պահպանեք փորձությունների հանդեպ
Աստծո կատարյալ Որդին՝ Հիսուս Քրիստոսը, երկրի վրա եղած ժամանակ բազում փորձություններ դիմագրավեց և արդյունքում մեծ օգուտներ քաղեց։ Ինչպես նշում է Պողոսը, Հիսուսը «չարչարանքներիցը հնազանդութիւն սովորեց» (Եբրայեցիս 5։8)։ Նա մինչև մահ պահպանեց իր անձնվիրությունը՝ փառք բերելով Եհովայի անվանը, ինչը հնարավորություն տվեց նրան իր կատարյալ մարդկային կյանքի արժեքը մարդկության համար որպես փրկանք ներկայացնելու։ Այդ զոհագործությամբ Հիսուսին հավատ ընծայող մարդկանց առջև բացվեց հավիտենական կյանքի հեռանկարը (Յովհաննէս 3։16)։ Փորձությունների ներքո իր հավատարմությունը պահպանելու շնորհիվ Հիսուսն այժմ մեր Քահանայապետն է և երկնքում գահակալված Թագավոր (Եբրայեցիս 7։26–28; 12։2)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Փորձությունների ներքո անձնվիրություն դրսևորելով՝ մենք ևս մեծ օրհնություններ կստանանք։ Այն անհատների մասին, որոնք երկնային կյանքի հույս են տածում, Աստվածաշունչը հետևյալն է ասում. «Երանելի է այն մարդը որ համբերում է փորձութեան. վասընզի եթէ փորձուելով ընտիր գտնուի կեանքի պսակը կ’առնէ, այն որ Տէրը խոստացաւ իրան սիրողներին» (Յակոբոս 1։12)։ Իսկ երկրային կյանքի հույսն ունեցողները համոզված են, որ եթե մինչև վերջ տոկուն մնան, երկրային դրախտում հավիտենական կյանքը կժառանգեն (Յայտնութիւն 21։3–6)։ Եվ որն ավելի կարևոր է, նրանց տոկունությունը փառք է բերում Եհովայի անվանը։
Քայլելով Հիսուսի թողած հետքերով՝ մենք կարող ենք վստահ լինել, որ ինչ փորձության էլ որ հանդիպենք իրերի այս համակարգում, հաղթանակած դուրս կգանք (Ա Կորնթացիս 10։13; Ա Պետրոս 2։21)։ Իսկ ինչպե՞ս. ապավինելով Եհովային, որն «անսահման զորություն» (ԱՆԹ) է տալիս իրեն ապավինողներին (Բ Կորնթացիս 4։7)։ Թող որ մենք էլ Հոբի վստահությունն ունենանք, որը նույնիսկ ծանր փորձությունների ներքո վստահորեն ասաց. «Ինձ փորձելիս՝ ես ոսկիի նման դուրս կ’գամ» (Յոբ 23։10)։
[նկար 31–րդ էջի վրա]
Փորձությունների ներքո անձնվիրություն դրսևորելով՝ Հիսուսը փառք բերեց Եհովայի անվանը։ Մենք էլ կարող ենք նույնն անել