ԳԼՈՒԽ 2
Իսկապե՞ս կարող ես «մոտենալ Աստծուն»
1, 2. ա) Շատերին ի՞նչը կարող է անհնար թվալ, սակայն ինչո՞ւմ է վստահեցնում մեզ Աստվածաշունչը։ բ) Եհովան ի՞նչ պատվի արժանացրեց Աբրահամին և ինչո՞ւ։
Ի՞ՆՉ կզգայիր, եթե երկնքի ու երկրի Արարիչը քո մասին ասեր. «Սա իմ ընկերն է»։ Շատերին դա գուցե անհնար թվա։ Կարո՞ղ է մարդ արարածը ընկերանալ Եհովա Աստծու հետ։ Այո՛, Աստվածաշունչը հավաստիացնում է, որ մենք իսկապես կարող ենք մոտենալ Աստծուն։
2 Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ է ունեցել Աբրահամը։ Այդ նահապետին Եհովան անվանեց «իմ ընկեր» (Եսայիա 41։8)։ Այո՛, Աստված նրան համարում էր իր ընկերը։ Աբրահամը նման պատվի արժանացավ այն պատճառով, որ «հավատ ընծայեց Աստծուն» (Հակոբոս 2։23)։ Այսօր նույնպես Եհովան առիթներ է փնտրում մտերմանալու նրանց հետ, ովքեր, սիրուց մղված, ծառայում են իրեն, և իր սերը արտահայտելու նրանց հանդեպ (2 Օրենք 10։15)։ Նրա Խոսքը քաջալերում է. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։ Այս խոսքերը թե՛ հրավեր են, թե՛ խոստում։
3. Ի՞նչ հրավեր է տալիս Եհովան և ի՞նչ է խոստանում մեզ։
3 Եհովան հրավիրում է մոտենալ իրեն։ Նա պատրաստ է ընդունել մեզնից յուրաքանչյուրին որպես իր ընկեր։ Միևնույն ժամանակ Աստված խոստանում է, որ եթե իրեն մոտենալու քայլեր ձեռնարկենք, նա նույնպես կմոտենա մեզ։ Այսպիսով՝ մենք կարող ենք հասնել իսկապես թանկագին մի բանի՝ «Եհովայի հետ մտերմության» (Սաղմոս 25։14)։ Այստեղ «մտերմություն» բառը վերաբերում է այն անձնավորության հետ ունեցած փոխհարաբերություններին, որին վստահում ենք մեր գաղտնիքները։
4. Ինչպե՞ս կնկարագրեիր մտերիմ ընկերոջը, և ի՞նչ առումով է Եհովան այդպիսի ընկեր։
4 Ունե՞ս մտերիմ ընկեր, որին կարող ես վստահել։ Այդպիսի ընկերը հոգ է տանում քո մասին։ Դու վստահում ես նրան, որովհետև նա ապացուցել է, որ հավատարիմ է։ Քո ուրախությունը ավելանում է, երբ պատմում ես նրան քեզ ուրախություն պատճառած բաների մասին։ Դժվարություններդ թեթև ես տանում շնորհիվ այն բանի, որ նա կարեկցանքով լսում է քեզ։ Նա հասկանում է քեզ, նույնիսկ երբ թվում է, թե ոչ ոք չի հասկանում։ Նմանապես, երբ մոտենում ես Աստծուն, ձեռք ես բերում մի յուրահատուկ Ընկեր, որն իսկապես գնահատում ու լիովին հասկանում է քեզ, նաև հոգ է տանում քո մասին (Սաղմոս 103։14; 1 Պետրոս 5։7)։ Դու վստահում ես նրան քո ամենախոր զգացմունքները, քանի որ գիտես, որ նա նվիրված է բոլոր նրանց, ովքեր նվիրված են իրեն (Սաղմոս 18։25)։ Սակայն մենք պատիվ ունենք մտերմանալու Աստծու հետ զուտ այն բանի շնորհիվ, որ նա է հնարավոր դարձրել դա։
Եհովան բացել է ճանապարհը
5. Ի՞նչ է արել Եհովան, որպեսզի մենք իր հետ մտերիմ լինելու հնարավորություն ունենանք։
5 Մենք՝ մեղավոր մարդիկս, մեր ուժերով երբեք չէինք կարողանա մոտենալ Աստծուն (Սաղմոս 5։4)։ «Բայց Աստված իր սերն է դրսևորում մեր հանդեպ նրանով, որ Քրիստոսը մահացավ մեզ համար»,— գրել է Պողոս առաքյալը (Հռոմեացիներ 5։8)։ Այո՛, Եհովան ուղարկել է Հիսուսին, որ «իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթեոս 20։28)։ Այս քավիչ զոհի հանդեպ հավատ ընծայելը Աստծու հետ մտերիմ լինելու հնարավորություն է ընձեռում։ Քանի որ «առաջինը [Աստված] սիրեց մեզ», նա մեզ համար իր հետ մտերմանալու հիմք ստեղծեց (1 Հովհաննես 4։19)։
6, 7. ա) Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան քողարկված և առեղծվածային Աստված չէ։ բ) Ինչպե՞ս է Եհովան հայտնել իր ով լինելը։
6 Եհովան կատարել է ևս մի քայլ՝ հայտնել է մեզ իր ով լինելը։ Ցանկացած ընկերական հարաբերության մեջ մտերմության աստիճանը կախված է նրանից, թե որքան լավ ենք ճանաչում տվյալ անձնավորությանը, արդյոք հավանում ենք նրա հատկություններն ու վարքագիծը։ Հետևաբար, եթե Եհովան քողարկված և առեղծվածային Աստված լիներ, մենք երբեք չէինք կարողանա մոտենալ նրան։ Սակայն նա չի քողարկում իրեն և ցանկանում է, որ իրեն ճանաչենք (Եսայիա 45։19)։ Դեռ ավելին՝ այն, ինչ Աստված հայտնում է իր մասին, մատչելի է բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր աշխարհի չափանիշներով ցածր են համարվում (Մատթեոս 11։25)։
7 Ինչպե՞ս է Եհովան հայտնել մեզ իր ով լինելը։ Աստծու էության որոշ առանձնահատկություններ՝ ահռելի զորությունը, անհուն իմաստությունը, անսահման սերը, երևում են նրա ստեղծագործություններից (Հռոմեացիներ 1։20)։ Բայց Եհովան իր մասին հայտնում է ոչ միայն ստեղծագործությունների, այլև իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։
Եհովան ինչպե՞ս է Աստվածաշնչի միջոցով հայտնում իր մասին
8. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Աստվածաշունչը Եհովայի սիրո ապացույցն է։
8 Աստվածաշունչը մեր հանդեպ Եհովայի սիրո ապացույցն է։ Իր մասին պատմելիս Աստված այնպիսի լեզու է օգտագործում, որը մեզ հասկանալի է։ Դա նշանակում է, որ նա ոչ միայն սիրում է մեզ, այլև ուզում է, որ մենք ճանաչենք ու սիրենք իրեն։ Այն, ինչ կարդում ենք այս թանկագին գրքում, հնարավորություն է տալիս մտերմանալու նրա հետ (Սաղմոս 1։1-3)։ Տեսնենք, թե ինչ արտահայտիչ կերպով է Եհովան իր մասին հայտնում Աստվածաշնչում։
9. Աստվածաշնչյան մի շարք համարներում ի՞նչ է ասվում Աստծու հատկությունների մասին։
9 Սուրբ Գրքում կան բազմաթիվ խոսքեր, որոնք ուղղակիորեն ընդգծում են Աստծու հատկությունները։ Ահա մի քանի օրինակ։ «Եհովան սիրում է արդարությունը» (Սաղմոս 37։28)։ Եհովան «բարձր է զորությամբ» (Հոբ 37։23)։ «Ես նվիրված եմ» (Երեմիա 3։12)։ «Նա սրտով իմաստուն է» (Հոբ 9։4)։ Նա «ողորմած ու գթառատ Աստված է, բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի» (Ելք 34։6)։ «Ո՛վ Եհովա, դու բարի ես ու ներելու պատրաստ» (Սաղմոս 86։5)։ Եվ ինչպես նշվեց նախորդ գլխում, նրա հատկություններից մեկը գլխավորն է. «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Երբ խորհում ես այս գրավիչ հատկությունների մասին, քո մեջ ցանկություն չի՞ առաջանում մոտենալու այս անզուգական Աստծուն։
10, 11. ա) Ի՞նչ է Եհովան ներառել իր Խոսքում, որ օգնի մեզ ավելի պարզ տեսնելու իր էությունը։ բ) Աստվածաշնչյան ո՞ր օրինակն է օգնում պատկերացնելու, թե ինչպես է Աստված գործի դնում իր զորությունը։
10 Իր հատկությունները հայտնելուց բացի՝ Եհովան, սիրուց մղված, Աստվածաշնչում կոնկրետ օրինակներ է ներկայացրել այն մասին, թե ինչպես է դրանք դրսևորել։ Արձանագրված այդ օրինակների շնորհիվ մեր մտքում ստեղծվում են վառ պատկերներ, որոնք օգնում են ավելի պարզ տեսնելու նրա էության տարբեր կողմերը։ Իսկ դա իր հերթին օգնում է մեզ մոտենալու Աստծուն։ Քննենք մի օրինակ։
Աստվածաշունչն օգնում է մեզ մտերմանալ Եհովայի հետ
11 Մի բան է կարդալ, որ Աստված «սաստիկ զորություն» ունի, և բոլորովին այլ բան է՝ ընթերցել, թե ինչպես նա Կարմիր ծովի միջով անցկացրեց իսրայելացիներին՝ ազատելով նրանց, իսկ հետո 40 տարի անապատում հոգ տարավ այդ ժողովրդի մասին (Եսայիա 40։26)։ Պատկերացնում ես երկու մասի ճեղքվող ալեկոծ ծովը, ցամաքած հատակով քայլող ժողովրդին (հավանաբար 3 միլիոն մարդ), երկու կողմից ջրի քարացած, վիթխարի պատերը (Ելք 14։21; 15։8)։ Դու տեսնում ես, թե ինչպես է անապատում Աստված քնքշորեն հոգ տանում իսրայելացիներին. ժայռից ջուր է հոսում, գետնի վրա սպիտակ սերմի նման կերակուր է հայտնվում (Ելք 16։31; Թվեր 20։11)։ Եհովան ցույց է տալիս, որ ոչ միայն ունի զորություն, այլև օգտագործում է այն հօգուտ իր ժողովրդի։ Մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ մեր աղոթքները ուղղվում են հզոր Աստծուն, որը «ապաստան է և զորություն, նեղությունների մեջ՝ իսկույն հասնող օգնություն» (Սաղմոս 46։1)։
12. Ինչպե՞ս է Եհովան օգնում «տեսնելու» իրեն՝ մեզ համար հասկանալի լեզու օգտագործելով։
12 Եհովան, որը ոգեղեն Անձնավորություն է, ավելին է արել, որպեսզի օգնի մեզ ճանաչելու իրեն։ Մենք՝ մարդիկս, կարող ենք տեսնել միայն ֆիզիկական բաները, հետևաբար ի վիճակի չենք տեսնելու ոգեղեն ոլորտը։ Եթե Աստված պատմեր իր մասին հոգևոր տերմիններով, դա նույնը կլիներ, եթե դու ի ծնե կույր մարդուն փորձեիր նկարագրել քո արտաքինը, օրինակ՝ աչքերի գույնը կամ պեպենները։ Փոխարենը՝ Եհովան օգնում է «տեսնելու» իրեն՝ մեզ համար հասկանալի լեզու օգտագործելով։ Երբեմն նա փոխաբերությունների ու համեմատությունների միջոցով իրեն նմանեցնում է մեզ ծանոթ բաների, նույնիսկ մարդուն բնորոշ որոշ առանձնահատկություններ է վերագրում իրեն։a
13. Եսայիա 40։11 համարը կարդալիս ի՞նչ ես պատկերացնում, և դա ի՞նչ ազդեցություն է թողնում քեզ վրա։
13 Ուշադրություն դարձրու, թե ինչպես է նկարագրվում Եհովան Եսայիա 40։11-ում. «Հովվի պես նա հովվելու է իր հոտը։ Իր բազկով է հավաքելու գառնուկներին և իր գրկում է տանելու նրանց»։ Աստված համեմատվում է հովվի հետ, որն «իր բազկով» վերցնում է գառնուկներին։ Սա ցույց է տալիս, որ Եհովան կարողություն ունի պաշտպանելու և աջակցելու իր ժողովրդին, նույնիսկ նրանց, ովքեր թույլ են։ Իր ամուր բազուկների մեջ մեզ ապահով կզգանք, քանի որ Աստված երբեք չի թողնի նրանց, ովքեր իրեն հավատարիմ են (Հռոմեացիներ 8։38, 39)։ Մեծ Հովիվը գառնուկներին կրում է «իր գրկում»։ Այս արտահայտությունը վերաբերում է վերնազգեստի լայն ծալքերին, որոնց մեջ հովիվը երբեմն տանում է նորածին գառնուկին։ Սա վստահություն է ներշնչում, որ Եհովան գնահատում ու քնքշորեն հոգ է տանում մեզ։ Ուստի նրան մոտ լինելու ցանկությունը բնական է։
«Որդին կամենում է հայտնել» նրա մասին
14. Ինչո՞ւ կարելի է ասել, որ իր լավագույն նկարագիրը Եհովան ներկայացնում է Հիսուսի միջոցով։
14 Իր լավագույն նկարագիրը Եհովան Աստվածաշնչում ներկայացնում է իր սիրելի Որդու միջոցով։ Հիսուսից լավ ոչ ոք չէր կարող արտացոլել Աստծու մտածելակերպն ու զգացմունքները և վառ կերպով պատմել Եհովայի մասին։ Ի վերջո, այդ անդրանիկ Որդին իր Հոր կողքին եղել է նախքան մյուս ոգեղեն էակների ու տիեզերքի արարումը (Կողոսացիներ 1։15)։ Հիսուսը շատ լավ էր ճանաչում Եհովային։ Ահա թե ինչու կարող էր ասել. «Ոչ ոք չգիտի, թե ով է Որդին, բացի Հորից, և ոչ ոք չգիտի, թե ով է Հայրը, բացի Որդուց և նրանից, ում որ Որդին կամենա հայտնել» (Ղուկաս 10։22)։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսն իր Հոր մասին հայտնել է երկու կարևոր կերպերով։
15, 16. Ի՞նչ երկու կերպերով է Հիսուսը հայտնել իր Հոր մասին։
15 Առաջին՝ Հիսուսի սովորեցրածներն են օգնում ճանաչելու Եհովային։ Նա այնպես է նկարագրել իր Հորը, որ դա հասնում է մեր սրտին։ Օրինակ՝ ցույց տալու համար, որ Աստված ողորմած է և սիրով է ընդունում զղջացող մեղավորներին, Հիսուսը Եհովային նմանեցրեց ներողամիտ հոր։ Վերջինս այնպես է հուզվում՝ տեսնելով իր անառակ որդու վերադարձը, որ վազում է, գրկում որդուն ու համբուրում (Ղուկաս 15։11-24)։ Հիսուսը Եհովային ներկայացրել է նաև որպես մի Աստծու, որը դեպի իրեն է «ձգում» սրտի ճիշտ տրամադրվածություն ունեցող մարդկանց, քանի որ անհատապես է սիրում նրանցից յուրաքանչյուրին (Հովհաննես 6։44)։ Աստված նույնիսկ գիտի, թե երբ է փոքրիկ ճնճղուկն ընկնում գետին։ «Ուրեմն մի՛ վախեցեք, դուք բոլոր ճնճղուկներից թանկ եք»,— ասաց Հիսուսը (Մատթեոս 10։29, 31)։ Անհնար է, որ չցանկանանք մոտենալ այսպիսի հոգատար Աստծու։
16 Երկրորդ՝ Հիսուսի օրինակն է ցույց տալիս մեզ, թե ինչպիսին է Եհովան։ Նա այնքան անթերի կերպով էր ընդօրինակում իր Հորը, որ կարող էր ասել. «Ով ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհաննես 14։9)։ Հետևաբար, երբ Ավետարաններում կարդում ենք Հիսուսի մասին, թե ինչ զգացմունքներ է արտահայտել նա և ինչպես է վարվել ուրիշների հետ, ինչ-որ առումով տեսնում ենք իր Հոր կենդանի կերպարը։ Դժվար թե հնարավոր լիներ ավելի պարզ ձևով ներկայացնել Եհովայի հատկությունները։ Ինչո՞ւ։
17. Օրինակով պարզաբանիր, թե ինչպես է Եհովան օգնել մեզ հասկանալու իր էությունը։
17 Ահա մի օրինակ. պատկերացրու՝ փորձում ես բացատրել, թե ինչ է բարությունը։ Դու կարող ես բառերով տալ դրա սահմանումը։ Բայց եթե կարողանաս մատնանշել ինչ-որ մեկին, որը բարի գործ է կատարում, և ասես, որ դա է բարության օրինակը, ապա «բարություն» բառը ավելի կիմաստավորվի ու հեշտությամբ կհասկացվի։ Եհովան նման մի բան է արել, որպեսզի օգնի մեզ հասկանալու, թե ինչպիսին է ինքը։ Խոսքերով իրեն ներկայացնելուց բացի՝ նա մեզ տվել է իր Որդու կենդանի օրինակը։ Հիսուսի օրինակով կարելի է տեսնել, թե ինչպես է Աստված գործի դնում իր հատկությունները։ Ավետարանների մեջ Հիսուսի բնութագիրը տալով՝ Եհովան իրականում ասում է. «Ահա թե ինչպիսին եմ ես»։ Ինչպե՞ս է Աստծու կողմից ներշնչված այդ արձանագրությունը ներկայացնում Հիսուսին երկրի վրա եղած ժամանակ։
18. Ինչպե՞ս է Հիսուսը դրսևորել զորություն, արդարություն և իմաստություն։
18 Հիսուսը հիանալի կերպով արտացոլում էր Աստծու չորս գլխավոր հատկությունները։ Նա մեծ զորություն ուներ. իշխանություն ուներ հիվանդությունների, սովի և նույնիսկ մահվան վրա։ Բայց ի տարբերություն եսասեր մարդկանց, որոնք չարաշահում են իրենց իշխանությունը՝ նա երբեք չօգտագործեց իր հրաշագործ զորությունը իր շահի կամ էլ ուրիշներին վնաս հասցնելու համար (Մատթեոս 4։2-4)։ Հիսուսը արդարություն էր սիրում։ Նրա սիրտը արդարացի զայրույթով լցվեց, երբ տեսավ, թե ինչպես են խարդախ առևտրականները շահագործում մարդկանց (Մատթեոս 21։12, 13)։ Նա անկողմնակալ էր աղքատների ու ճնշվածների հանդեպ և օգնում էր, որ «թարմություն գտնեն» (Մատթեոս 11։4, 5, 28-30)։ Հիսուսը, որ «Սողոմոնից էլ մեծն» էր, ուսուցանելիս անզուգական իմաստություն էր դրսևորում (Մատթեոս 12։42)։ Բայց նա երբեք ի ցույց չէր դնում իր իմաստությունը։ Հիսուսի խոսքերը հասնում էին հասարակ մարդկանց սրտին, քանի որ նրա սովորեցրածները պարզ էին, հստակ ու գործնական։
19, 20. ա) Ինչպե՞ս է Հիսուսը սիրո բացառիկ օրինակ թողել։ բ) Ի՞նչ պետք է միշտ հիշենք Հիսուսի օրինակի մասին կարդալիս և դրա շուրջ խորհրդածելիս։
19 Հիսուսը սիրո դրսևորման բացառիկ օրինակ է թողել։ Իր ծառայության ընթացքում նա դրսևորում էր սիրո բազում երեսակներ, այդ թվում՝ կարեկցանք ու գթասրտություն։ Նա չէր կարողանում նայել ուրիշների տառապանքին առանց խղճահարության զգացումի։ Այդ կարեկից վերաբերմունքը մղում էր նրան գործերի (Մատթեոս 14։14)։ Թեև Հիսուսը բուժում էր հիվանդներին ու կերակրում քաղցածներին, սակայն նա կարեկցանք էր դրսևորում նաև մի շատ ավելի կարևոր առումով։ Նա օգնում էր մարդկանց ճանաչելու, ընդունելու և սիրելու ճշմարտությունը Աստծու Թագավորության մասին, որը հարատև օրհնություններ է բերելու մարդկությանը (Մարկոս 6։34; Ղուկաս 4։43)։ Եվ ամենակարևորը՝ Հիսուսը անձնազոհ սեր դրսևորեց՝ հոժարակամորեն իր հոգին տալով ուրիշների համար (Հովհաննես 15։13)։
20 Ուստի զարմանալի չէ, որ բոլոր մարդիկ, անկախ իրենց տարիքից ու ծագումից, ձգտում էին մոտենալ ջերմ ու խոր զգացմունքների տեր այս անձնավորությանը (Մարկոս 10։13-16)։ Սակայն Հիսուսի թողած կենդանի օրինակի մասին կարդալիս ու դրա շուրջ խորհրդածելիս միշտ հիշենք, որ Որդու մեջ պարզորոշ արտացոլվում է իր Հոր էությունը (Եբրայեցիներ 1։3)։
Ուսումնասիրության ձեռնարկ՝ մեզ օգնելու համար
21, 22. Ի՞նչ է ներառում Եհովային փնտրելը, և ինչպե՞ս կարող է այս ձեռնարկն օգնել մեզ տվյալ հարցում։
21 Իր Խոսքի միջոցով այդքան հստակ նկարագրելով իր էությունը՝ Եհովան կասկած չի թողնում, որ ցանկանում է՝ մտերմանանք իր հետ։ Միևնույն ժամանակ նա չի ստիպում մեզ լավ փոխհարաբերություններ հաստատել իր հետ։ Մենք պետք է ցանկանանք Եհովային փնտրել, քանի դեռ «հնարավոր է գտնել նրան» (Եսայիա 55։6)։ Իսկ դա ներառում է Աստվածաշնչում ներկայացված նրա հատկություններին և գործելակերպին ծանոթանալը։ Ուսումնասիրության ձեռնարկը, որ հիմա կարդում ես, կօգնի քեզ այդ հարցում։
22 Դու կտեսնես, որ այս գիրքը բաժանված է մասերի՝ ըստ Եհովայի չորս գլխավոր հատկությունների՝ զորության, արդարության, իմաստության և սիրո։ Յուրաքանչյուր մասի սկզբում համառոտակի ներկայացվում է համապատասխան հատկությունը։ Իսկ հաջորդ մի քանի գլուխներում նշվում է, թե ինչպես է Եհովան ցուցաբերում այդ հատկությունը իր տարբեր դրսևորումներով։ Յուրաքանչյուր մասում կա մի գլուխ, որում ցույց է տրվում, թե ինչ օրինակ է թողել Հիսուսը տվյալ հատկությունն արտացոլելու հարցում։ Կա նաև գլուխ, որում խոսվում է այն մասին, թե մենք ինչպես կարող ենք դրսևորել այդ հատկությունը մեր կյանքում։
23, 24. ա) Բացատրիր, թե ինչ է «Հարցեր՝ խորհրդածելու համար» շրջանակը։ բ) Ինչպե՞ս է խորհրդածությունը օգնում մեզ է՛լ ավելի մոտենալու Աստծուն։
23 Այս և հաջորդ բոլոր գլուխներն ունեն մի առանձնահատկություն. դրանք ընդգրկում են մի շրջանակ, որը կոչվում է «Հարցեր՝ խորհրդածելու համար»։ Ուշադրություն դարձրու 24-րդ էջի շրջանակին։ Աստվածաշնչյան համարներն ու հարցերը նախատեսված չեն տվյալ գլուխը կրկնելու համար։ Դրանց նպատակն է՝ օգնել քեզ խորհելու տվյալ թեմայի վերաբերյալ այլ կարևոր մտքերի շուրջ։ Ինչպե՞ս կարող ես արդյունավետ կերպով օգտվել այս առանձնահատկությունից։ Բացիր մեջբերված բոլոր համարները և ուշադրությամբ կարդա։ Այնուհետև քննիր այն հարցը, որը գրված է յուրաքանչյուր մեջբերման կողքին։ Մտածիր պատասխանի մասին։ Կարող ես որոշ փնտրտուքներ անել։ Լրացուցիչ հարցեր տուր քեզ. «Ի՞նչ է այս տեղեկությունը հայտնում ինձ Եհովայի մասին։ Ինչպե՞ս է դա ազդում իմ կյանքի վրա։ Ինչպե՞ս կարող եմ այն օգտագործել ուրիշներին օգնելու համար»։
24 Նման խորհրդածությունը կարող է օգնել մեզ է՛լ ավելի մոտենալու Եհովային։ Ինչո՞ւ։ Աստվածաշնչում խորհրդածությունը կապվում է սրտի հետ (Սաղմոս 19։14)։ Երբ մենք երախտագիտության զգացումով խորհում ենք այն բաների շուրջ, ինչ սովորում ենք Աստծու մասին, այդ տեղեկությունը թափանցում է մեր փոխաբերական սիրտը, ազդում մեր մտածելակերպի ու զգացմունքների վրա և ի վերջո մղում մեզ գործերի։ Մեր սերը Եհովայի հանդեպ խորանում է, և մեր մեջ ցանկություն է առաջանում հաճեցնել Աստծուն՝ մեր լավագույն Ընկերոջը (1 Հովհաննես 5։3)։ Որպեսզի կարողանանք նման փոխհարաբերություններ հաստատել Եհովայի հետ, պետք է ծանոթանանք նրա հատկություններին ու գործելակերպին։ Սակայն նախ խոսենք Աստծու այն հատկանիշի մասին, որը նրան մոտենալու ամուր հիմք է տալիս՝ սրբության։
a Օրինակ՝ Աստվածաշնչում խոսվում է Աստծու երեսի, աչքերի, ականջների, ռունգերի, բերանի, բազկի և ոտքերի մասին (Սաղմոս 18։15; 27։8; 44։3; Եսայիա 60։13; Մատթեոս 4։4; 1 Պետրոս 3։12)։ Հարկ չկա նման փոխաբերական արտահայտությունները բառացի հասկանալ, ճիշտ ինչպես Եհովայի վերաբերյալ ասվող «Վեմ» կամ «վահան» անվանումները բառացի չենք հասկանում (2 Օրենք 32։4; Սաղմոս 84։11)։