Եհովայից ու Հիսուսից սովորիր լինել համբերատար
«Մեր Տիրոջ համբերությունը փրկություն համարեք» (2 ՊԵՏ. 3։15)։
1. Ո՞ր հարցն է անհանգստացնում Եհովայի որոշ հավատարիմ ծառաների։
ՄԻ ԽՈՆԱՐՀ քույր, որ հավատարմորեն տասնամյակներ շարունակ տոկացել է փորձությունների և դժվարությունների ներքո, ասում է. «Կտեսնե՞մ վերջը նախքան մեռնելս»։ Որոշ եղբայրներ ու քույրեր, ովքեր այս քրոջ նման հավատարմորեն երկար տարիներ ծառայել են Եհովային, նույն հարցն են տալիս։ Այո՛, մենք անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ Աստված կվերացնի մեր բոլոր խնդիրները և ամեն բան նոր կանի (Հայտն. 21։5)։ Ինչ խոսք, բազմաթիվ ապացույցներ կան, որ Սատանայի աշխարհի կործանումը շատ մոտ է։ Այդուհանդերձ, այդ օրվան համբերությամբ սպասելը կարող է դժվար լինել։
2. Ի՞նչ հարցեր ենք քննելու։
2 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ պետք է համբերատար լինենք։ Եթե անցյալում ապրած հավատարիմների պես ամուր հավատ ունենանք և լինենք համբերատար, ապա ճիշտ ժամանակին կտեսնենք Աստծու խոստումների իրականացումը (կարդա՛ Եբրայեցիներ 6։11, 12)։ Եհովան ինքն էլ համբերատար է. նա չարությանը կարող էր վերջ դնել ցանկացած պահի, բայց այդպես չի արել, որովհետև դրա համար կոնկրետ ժամանակ է որոշել (Հռոմ. 9։20–24)։ Ինչո՞ւ է նա այսքան համբերատար։ Ինչպե՞ս է Հիսուսը այս հարցում ընդօրինակել Եհովային։ Ի՞նչ օգուտներ կստանանք, եթե մենք էլ Աստծու նման համբերատար լինենք։ Այս հարցերի պատասխանները կօգնեն մեզ ունենալու ամուր հավատ և համբերությամբ սպասելու Եհովայի օրվան։
ԻՆՉՈ՞Ւ Է ԵՀՈՎԱՆ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
3, 4. ա) Ինչո՞ւ է Եհովան համբերություն դրսևորել։ բ) Եհովան ինչպե՞ս արձագանքեց Եդեմում բարձրացված ապստամբությանը։
3 Եհովան համբերություն է դրսևորում, քանի որ կան շատ կարևոր հարցեր, որոնք սպառիչ պատասխանների կարիք ունեն։ Դրանք Եդեմի պարտեզում բարձրացված հարցերն են։ Ինչ խոսք, Աստված, որ ողջ տիեզերքի տերն ու տիրականն է, կարիք չունի սպասելու ինչ-որ ժամանակի, որ լիովին լուծի մարդկության խնդիրները։ Սակայն նա գիտի, որ այդ հարցերը լուծելու համար ժամանակ է պետք։ Քանի որ Եհովան շատ լավ գիտի բոլոր բանական էակների գործերն ու մտքերը, կարող ենք համոզված լինել, որ ինչ որ նա անում է, մեր օգտի համար է անում (Եբր. 4։13)։
4 Եհովայի նպատակն էր, որ երկիրը լցվի Ադամի ու Եվայի ժառանգներով։ Խափանվե՞ց այդ նպատակը, երբ Սատանան Եվային խաբեց և Ադամը անհնազանդություն դրսևորեց։ Ամենևի՛ն։ Աստված խուճապի չմատնվեց, հապճեպ որոշումներ չկայացրեց, սուր չարձագանքեց և հույսը չկտրեց մարդկանցից։ Ընդհակառակը, նա շարունակեց քայլեր ձեռնարկել, որ իրագործի Երկիր մոլորակի և մարդկանց առնչությամբ իր նպատակը (Ես. 55։11)։ Եհովան, անշուշտ, այս նպատակին կհասնի, ինչպես նաև իր գերիշխանությունը կարդարացնի, որովհետև մեծ ինքնատիրապետում և համբերություն ունի. նա հազարավոր տարիներ է, ինչ սպասում է, որ իր նպատակը վերջնականապես և լիովին իրագործվի։
5. Եհովայի համբերության շնորհիվ ի՞նչ հեռանկար է բացվում մեր առաջ։
5 Եհովան համբերություն է դրսևորում մեկ ուրիշ պատճառով ևս. նա ուզում է, որ հնարավորին չափ շատ մարդ հավիտյան ապրելու հեռանկար ունենա։ Հենց այսօր Աստված ամեն անհրաժեշտ բան անում է, որ փրկի «մեծ բազմությանը» (Հայտն. 7։9, 14; 14։6)։ Եհովան իր խոսքը հասցնում է մարդկանց իր ծառաների միջոցով՝ առաջարկելով նրանց սովորել իր Թագավորության և արդար սկզբունքների մասին։ Թագավորության մասին լուրը լավագույն լուրն է, որ մարդիկ կարող են լսել։ Այն իրոք «բարի լուր» է (Մատթ. 24։14)։ Յուրաքանչյուր մարդ, ում Եհովան ձգում է դեպի իրեն, դառնում է մի համաշխարհային ընտանիքի անդամ, որտեղ բոլորը վստահում են իրար և սիրում են նրա արդար չափանիշները (Հովհ. 6։44–47)։ Այդպես մեր սիրառատ Աստվածը օգնում է մարդկանց իրեն հաճելի կյանքով ապրելու։ Բացի այդ, նա մարդկանց միջից ընտրում է իր երկնային կառավարության ապագա անդամներին։ Երբ վերջիններս երկնքում լինեն, նրանք կօգնեն երկրի վրա ապրող հնազանդ մարդկանց հասնելու կատարելության և ունենալու հավիտենական կյանք։ Հստակ է. այն, որ Եհովան համբերատար սպասում է, չի նշանակում, որ նա ոչինչ չի անում իր նպատակին հասնելու համար։ Ավելին, այն, ինչ նա անում է, մեր օգտի համար է։
6. ա) Ինչպե՞ս Եհովան համբերություն դրսևորեց Նոյի օրերում։ բ) Ինչպե՞ս է Եհովան համբերություն դրսևորում մեր օրերում։
6 Եհովան չի կորցնում իր համբերությունը նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ ահավոր բաներ են անում։ Տեսնենք, թե նա ինչպես վարվեց Ջրհեղեղից առաջ։ Այն ժամանակ անբարոյությունն ու բռնությունը խիստ շատացել էին, մարդիկ միայն չար բաներ անելու մասին էին մտածում, և Աստված «ցավ զգաց իր սրտում» (Ծննդ. 6։2–8)։ Անշուշտ, նա հավիտյան չէր հանդուրժելու չարիքը, ուստի որոշեց ջրհեղեղով կործանել անհնազանդ մարդկանց։ Աստված, մինչ «համբերությամբ սպասում էր Նոյի օրերում», քայլեր ձեռնարկեց, որ Նոյին ու նրա ընտանիքին փրկի (1 Պետ. 3։20)։ Երբ եկավ ժամանակը, Եհովան Նոյին տեղեկացրեց իր որոշման մասին և նրան հանձնարարեց տապան կառուցել (Ծննդ. 6։14–22)։ Բացի այս գործն անելուց, Նոյը՝ «արդարության քարոզիչը», մարդկանց զգուշացնում էր մոտալուտ կործանման մասին (2 Պետ. 2։5)։ Հիսուսն ասաց, որ մեր ժամանակները նման են Նոյի օրերին։ Եհովան արդեն որոշել է, թե երբ է վերջ դնելու այս չար աշխարհին։ Ոչ մի մարդ չգիտի «այդ օրվա և ժամի» մասին (Մատթ. 24։36)։ Այսօր մենք Աստծու հանձնարարությամբ զգուշացնում ենք մարդկանց մոտալուտ վախճանի մասին և ասում, թե ինչպես կարող են փրկվել։
7. Արդյոք Եհովան հապաղո՞ւմ է կատարել իր խոստումները։ Բացատրիր։
7 Անշուշտ, այն, որ Եհովան համբերատար է չի նշանակում, որ նա պարզապես սպասում է, թե երբ է անցնելու ժամանակը։ Մենք ոչ մի դեպքում չպետք է նրա համբերատարությունը շփոթենք անուշադրության կամ անտարբերության հետ։ Բայց դա կարող է դժվար լինել, մանավանդ երբ մեր տարիքը գնալով մեծանում է, կամ գուցե տառապում ենք այս չար աշխարհում։ Հնարավոր է՝ վհատվենք կամ այնպիսի զգացում ունենանք, թե Աստված հապաղում է կատարել իր խոստումները (Եբր. 10։36)։ Սակայն երբեք մի՛ մոռացիր, որ Եհովան հիմնավոր պատճառներ ունի համբերատար լինելու, և հիշիր, որ նա այս ժամանակն օգտագործում է իր հավատարիմ ծառաների օգտին (2 Պետ. 2։3; 3։9)։ Իսկ հիմա տեսնենք, թե Հիսուսն ինչպես է ընդօրինակել իր Հորը համբերություն դրսևորելու հարցում։
ԻՆՉՊԵ՞Ս Է ՀԻՍՈՒՍԸ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵԼ
8. Ինչպե՞ս է Հիսուսը համբերություն դրսևորել։
8 Հիսուսը հազարամյակներ շարունակ կատարել է Աստծու կամքը և շարունակում է կատարել։ Երբ Սատանան ապստամբեց, Եհովան որոշեց իր միածին Որդուն հատուկ առաքելությամբ ուղարկել երկիր։ Հիսուսը հազարավոր տարիներ պետք է համբերատար սպասեր, մինչև որ գար իր՝ երկիր գալու ժամանակը (կարդա՛ Գաղատացիներ 4։4)։ Այդ ամբողջ ընթացքում նա ձեռքերը ծալած չէր նստել. նա զբաղված էր իր Հոր հանձնարարած գործերն անելով։ Հետո եկավ երկիր։ Հիսուսը գիտեր, որ ինքը սպանվելու է Սատանայի ձեռքով, ինչպես որ մարգարեացվել էր (Ծննդ. 3։15; Մատթ. 16։21)։ Նա խոնարհաբար հնազանդվեց Աստծու կամքին, չնայած որ դա նշանակում էր կրել տանջալից ցավեր։ Հիսուսը անմնացորդ նվիրված էր Եհովային։ Նա բարձր դիրք ուներ՝ Աստծու Որդին էր, բայց չէր կենտրոնանում դրա վրա և ընդհանրապես իր անձի վրա։ Մենք պետք է ընդօրինակենք նրան (Եբր. 5։8, 9)։
9, 10. ա) Ի՞նչ է անում Հիսուսը, մինչ սպասում է, որ Եհովան գործի։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։
9 Հարություն առնելուց հետո Հիսուսը իշխանություն ստացավ երկնքում և երկրի վրա (Մատթ. 28։18)։ Այդ իշխանությունը նա օգտագործում է Եհովայի նպատակը կատարելու համար՝ ըստ նրա ժամանակացույցի։ Հիսուսը Աստծու աջ կողմում համբերատար սպասեց, «մինչև որ իր թշնամիները իր ոտքերի համար պատվանդան դրվեն»։ Դա եղավ 1914թ.-ին (Սաղ. 110։1, 2; Եբր. 10։12, 13)։ Շուտով Հիսուսը ոչնչացնելու է Սատանայի աշխարհը։ Իսկ մինչ այդ նա համբերությամբ օգնում է մարդկանց ապրելու աստվածահաճո կյանքով և նրանց առաջնորդում է դեպի «կյանքի ջրի աղբյուրները» (Հայտն. 7։17)։
10 Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հիսուսին։ Նա գիտեր, որ Եհովան ժամանակացույց ունի։ Անկասկած, Հիսուսը շատ էր ուզում անել Աստծու հանձնարարած գործը, բայց նաև հասկանում էր, որ դրա համար կա նշանակված ժամանակ։ Այսօր մենք համբերատար պետք է սպասենք Սատանայի չար աշխարհի կործանմանը, չպետք է Աստծուց առաջ ընկնենք։ Նույնիսկ եթե վհատվենք էլ, չպետք է դադարենք սպասելուց։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍՏԾՈՒ ՊԵՍ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԼԻՆԵԼ
11. ա) Ի՞նչ կապ կա հավատի և համբերատարության միջև։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ ծանրակշիռ հիմքեր ունենք ամուր հավատ ունենալու։
11 Դեռևս Հիսուսի՝ երկիր գալուց առաջ մարգարեները և մյուս հավատարիմ ծառաները իրենց օրինակով ցույց են տվել, որ նույնիսկ անկատար մարդիկ կարող են համբերությամբ տոկալ նեղությունների ներքո։ Նրանց հավատի և համբերատարության միջև ուղիղ կապ կար (կարդա՛ Հակոբոս 5։10, 11)։ Եթե նրանք չհավատային այն խոսքերին, որ Եհովան իրենց ասում էր, այլ խոսքով՝ եթե հավատի պակաս ունենային, ապա համբերությամբ չէին սպասի նրա խոստումների կատարմանը։ Նրանք անցան հավատի բազմաթիվ փորձությունների միջով՝ վստահ լինելով, որ Աստված ի վերջո իր խոստացած բաներն անելու է (Եբր. 11։13, 35–40)։ Այսօր մենք ավելի շատ պատճառներ ունենք ամուր հավատ ունենալու, որովհետև Հիսուսն այժմ ծառայում է որպես «մեր հավատի Կատարելագործող» (Եբր. 12։2)։ Նա կատարեց բազմաթիվ մարգարեություններ և ավելի հասկանալի դարձրեց Աստծու նպատակները իր հետևորդների համար։ Այդպիսով Հիսուսը ամուր հավատ ունենալու ծանրակշիռ հիմքեր տվեց մեզ։
12. Ի՞նչ կարող ենք անել մեր հավատը ամրացնելու համար։
12 Մենք պետք է ամրացնենք մեր հավատը, որպեսզի ավելի համբերատար դառնանք։ Իսկ ի՞նչ կարող ենք անել դրա համար։ Հարկավոր է կիրառել Աստծու խորհուրդները։ Օրինակ՝ Մատթեոս 6։33-ում խորհուրդ է տրվում Թագավորությունը մեր կյանքում առաջին տեղում դնել։ Կարո՞ղ ես ավելի շատ ջանք թափել, որ կիրառես այս խորհուրդը։ Դրա համար գուցե հարկ լինի, որ ավելի շատ ժամանակ տրամադրես ծառայությանը կամ որոշ փոփոխություններ անես ապրելակերպիդ մեջ։ Մինչև այսօր Եհովան օրհնել է ջանքերդ. հնարավոր է՝ քեզ տվել է Աստվածաշնչի նոր ուսուցում կամ էլ օգնել է ունենալու իր «խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք» (կարդա՛ Փիլիպպեցիներ 4։7)։ Եթե խորհես այն օրհնությունների մասին, որ ստացել ես՝ հետևելով Եհովայի խորհուրդներին, ապա ավելի լավ կհասկանաս, որ հարկավոր է համբերատար լինել (Սաղ. 34։8)։
13. Օրինակով ցույց տուր, թե հավատն ինչպես կարող է օգնել մեզ ավելի համբերատար լինելու։
13 Օրինակով ցույց տանք, թե հավատն ինչպես կարող է օգնել մեզ ավելի համբերատար լինելու։ Հողագործը սերմը ցանում է, հողը մշակում, վերջում բերք ստանում։ Ամեն անգամ, երբ բերքը առատ է լինում, նա որոշում է հաջորդ տարի ևս ցանել և նույնիսկ ցանքատարածքը մեծացնել։ Այն, որ բերքը շուտ չի ստանալու, նրան հետ չի պահում ցանելուց. հողագործը համբերությամբ սպասում է և համոզված է, որ բերք կստանա։ Նույն ձևով երբ իմանում ենք Եհովայի խորհուրդները, երբ կիրառում ենք դրանք և երբ քաղում ենք օգուտները, մեր հավատն ու վստահությունը նրա հանդեպ մեծանում է։ Մենք լցվում ենք համոզվածությամբ, որ օրհնություններ կստանանք։ Արդյունքում՝ ավելի հեշտ է դառնում համբերությամբ սպասել դրանց (կարդա՛ Հակոբոս 5։7, 8)։
14, 15. Ո՞ր հարցում պետք է ընդօրինակենք Եհովային և ինչպե՞ս։
14 Մեկ ուրիշ բան էլ կարող է օգնել մեզ ավելի համբերատար լինելու. հարկավոր է աշխարհին և մեր հանգամանքներին նայել Եհովայի աչքերով։ Օրինակ՝ ինչպե՞ս է Աստված նայում տառապանքին։ Թեև նա հազարամյակներ շարունակ ցավ է զգացել, որ մարդիկ տառապում են, այդուհանդերձ չի համակվել դառը զգացումներով, թույլ չի տվել, որ ցավը իրեն հետ պահի բարին անելուց։ Նա իր միածին Որդուն ուղարկեց երկիր՝ «Բանսարկուի գործերը քանդելու» և Սատանայի պատճառած վնասը վերացնելու նպատակով (1 Հովհ. 3։8)։ Մենք գիտենք, որ Եհովան շուտով վերացնելու է տառապանքը, վերացնելու է հավիտյա՛ն։ Ընդօրինակելով նրան՝ եկեք չլցվենք դառը զգացումներով Սատանայի չար աշխարհի պատճառով և չդառնանք անհամբեր։ Եկեք հավատանք Եհովայի խոստումներին։ Չարությունը հավիտյան չի լինելու. Եհովան որոշել է, թե երբ է վերացնելու այն, և նա դա անելու է ճիշտ ժամանակին (Ես. 46։13; Նաում 1։9)։
15 Այս չափազանց դժվար ժամանակներում մեր հավատը կարող է ծայրաստիճան փորձվել։ Օրինակ՝ գուցե մենք կամ մեր հարազատը բռնության զոհ դառնանք։ Բարկությամբ լցվելու փոխարեն՝ պետք է լիովին ապավինենք Եհովային։ Ինչ խոսք, մենք անկատար ենք, և հեշտ չէ այդպես վարվել։ Ծանր փորձությունների ժամանակ լավ կլինի անել այն, ինչ արեց Հիսուսը (կարդա՛ Մատթեոս 26։39)։
16. Ինչի՞ց պետք է զգուշանանք մնացած քիչ ժամանակում։
16 Այն մարդը, ով կասկածում է, որ վերջը մոտ է, գուցե ձեռք բերի սխալ մտածելակերպ։ Մտածելով, որ Եհովայի խոստումները կարող են չիրականանալ՝ նա գուցե ձգտի անուն ձեռք բերել այս աշխարհում, ձգտի հասնել ֆինանսական ապահովության՝ փոխանակ Աստծու Թագավորության շահերը առաջին տեղում դնելու, կամ ձգտի բարձրագույն կրթության, որպեսզի այս աշխարհում իրեն ապահովի հարմարավետ կյանքով։ Բայց մի՞թե դա չի խոսի նրա թերահավատության մասին։ Հիշիր, որ Պողոսը հորդորեց ընդօրինակել այն հավատարիմներին, ովքեր «հավատ ու համբերություն» դրսևորեցին և ստացան Եհովայի խոստացած օրհնությունները (Եբր. 6։12)։ Եհովան թույլ չի տա, որ այս ամբարիշտ աշխարհը գոյություն ունենա իր նախատեսածից ավելի երկար (Ամբ. 2։3)։ Իսկ մինչ այդ պետք է զգույշ լինենք, որ Եհովային մատուցվող մեր ծառայությունը չդառնա ձևական։ Պետք է զգոն լինենք ու եռանդորեն քարոզենք բարի լուրը, մի գործ, որը մեզ անսահման ուրախություն կարող է պատճառել (Ղուկ. 21։36)։
ՀԱՄԲԵՐԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕՐՀՆՎՈՒՄ Է
17, 18. ա) Ինչի՞ հնարավորություն է տալիս մեզ Եհովան։ բ) Ի՞նչ օրհնություն կստանանք, եթե համբերություն դրսևորենք։
17 Անկախ այն բանից՝ Եհովային ծառայում ենք ընդամենը մի քանի ամիս թե մի քանի տասնամյակ, մենք պետք է շարունակենք համբերել. չէ՞ որ ուզում ենք նրան ծառայել հավիտյան։ Զինվելով համբերությամբ և չնայելով, թե ինչքան է մնացել այս աշխարհին՝ մենք վճռական ենք դիմանալու դժվարություններին մինչև վերջ։ Իսկ մինչ այդ Եհովան մեզ հնարավորություն է տալիս փաստելու, որ լիովին վստահում ենք իր կայացրած որոշումներին և պատրաստ ենք, եթե հարկ լինի, տառապելու հանուն նրա սուրբ անվան (1 Պետ. 4։13, 14)։ Աստված մեզ սովորեցնում է համբերել, ինչն անհրաժեշտ է փրկության համար (1 Պետ. 5։10)։
18 Հիսուսը իշխանություն ունի երկնքում և երկրի վրա, և ոչինչ ու ոչ ոք, բացի քեզնից, չի կարող խանգարել նրան պաշտպանելու քեզ (Հովհ. 10։28, 29)։ Կարիք չկա վախենալու ապագայից և անգամ մահից։ Ովքեր մինչև վերջ համբերեն, նրանք կփրվեն։ Ուստի պետք է ամեն ինչ անենք, որ ձեռք չբերենք աշխարհիկ մտածելակերպ, հակառակ դեպքում կդադարենք Եհովային ապավինելուց։ Քանի դեռ Աստված համբերում է, եկեք խելացի լինենք, ժամանակն իմաստնորեն օգտագործենք և մեր հավատը ամրապնդենք (Մատթ. 24։13; կարդա՛ 2 Պետրոս 3։17, 18)։