Իսկական ազատության տանող ճանապարհը
«Եթե Որդին ազատի ձեզ, դուք իսկապես ազատ կլինեք» (ՀՈՎՀ. 8։36)։
1, 2. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ մարդիկ պայքարում են ազատության համար։ բ) Ի՞նչ հետևանքներ է բերում նման պայքարը։
ԱՅՍՕՐ շատ է խոսվում հավասարության և ազատության մասին։ Աշխարհի շատ վայրերում մարդիկ ցանկանում են ազատվել կեղեքումից, խտրականությունից և աղքատությունից։ Ուրիշներն էլ խոսքի, ընտրության և ինքնորոշման ազատություն են պահանջում։ Ամենուրեք մարդիկ փափագում են անել այն, ինչ ուզում են, և ապրել այնպես, ինչպես ուզում են։
2 Իսկ թե ինչպես են նրանք ձգտում իրականացնել իրենց փափագը, դա ուրիշ հարց է։ Սոցիալական և քաղաքական ոլորտներում ազատություն ձեռք բերելու համար շատերը կազմակերպում են բողոքի ակցիաներ, ցույցեր, ապստամբություններ և հեղաշրջումներ։ Բայց արդյո՞ք նման բախումները ցանկալի արդյունքներ են բերում։ Ո՛չ։ Դրանք հաճախ ողբերգությունների և մահվան պատճառ են դառնում։ Այս ամենը ցույց է տալիս, թե որքան ճշմարիտ են Սողոմոն թագավորի խոսքերը, որ նա գրեց Աստծու ներշնչմամբ. «Մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (Ժող. 8։9)։
3. Ինչպե՞ս կարող ենք իսկական երջանկություն գտնել։
3 Հակոբոս աշակերտը նշել է, թե ինչպես է հնարավոր իսկական երջանկություն գտնել։ Նա գրել է. «Ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին և հարատևում է դրանում, այդպես անելով՝ երջանիկ կլինի» (Հակ. 1։25)։ Եհովա Աստված, ով տվել է այդ կատարյալ օրենքը, շատ լավ գիտի, թե մարդուն ինչ է անհրաժեշտ լիովին երջանիկ ու բավարարված լինելու համար։ Նա մարդկային առաջին զույգին տվեց երջանիկ լինելու համար անհրաժեշտ ամեն բան, այդ թվում՝ իսկական ազատություն։
ԵՐԲ ՄԱՐԴԻԿ ԻՍԿԱՊԵՍ ԱԶԱՏ ԷԻՆ
4. Ինչպիսի՞ ազատություն էին վայելում Ադամն ու Եվան (տես հոդվածի սկզբի նկարը)։
4 «Ծննդոց» գրքի առաջին երկու գլուխներից տեսնում ենք, որ Ադամն ու Եվան այնպիսի ազատություն էին վայելում, որի մասին այսօր մարդիկ կարող են միայն երազել։ Նրանք ազատ էին վախից ու կեղեքումից և ոչնչի պակասություն չունեին։ Նրանց կյանքը զերծ էր անհանգստություններից՝ կապված, օրինակ, ուտելիքի, աշխատանքի, հիվանդությունների և մահվան հետ (Ծննդ. 1։27–29; 2։8, 9, 15)։ Բայց արդյո՞ք դա նշանակում էր, թե նրանց ազատությունը բացարձակ էր։
5. Շատերի կարծիքին հակառակ՝ ի՞նչ է անհրաժեշտ ազատությունից օգտվելու համար։
5 Այսօր շատերը կարծում են, թե իսկապես ազատ լինելու համար պետք է կարողանան անել իրենց ուզած ամեն բան՝ առանց անհանգստանալու, թե դա ինչ հետևանքներ կբերի։ Մի հանրագիտարանում «ազատություն» բառը սահմանվում է որպես «ընտրություն անելու և որոշումն ի կատար ածելու կարողություն» (The World Book Encyclopedia)։ Սակայն այնտեղ նաև ասվում է, որ «իրավական տեսակետից մարդիկ ազատ են, եթե հասարակությունը չի դնում այնպիսի սահմաններ, որոնք արդար, անհրաժեշտ ու ողջամիտ չեն»։ Փաստորեն, որպեսզի հասարակության մեջ յուրաքանչյուրը կարողանա օգտվել տրված ազատությունից, որոշ սահմանափակումներ են հարկավոր։ Այժմ հարց է ծագում. ո՞վ իրավունք ունի որոշելու, թե որ սահմաններն են արդար, անհրաժեշտ և ողջամիտ։
6. ա) Ինչո՞ւ միայն Եհովան բացարձակ ազատություն ունի։ բ) Ինչպիսի՞ ազատություն ունեն մարդիկ և ինչո՞ւ։
6 Չպետք է մոռանանք, որ միայն Եհովա Աստված ունի բացարձակ, անսահմանափակ ազատություն։ Ինչո՞ւ։ Որովհետև նա է ամեն բանի Արարիչը և տիեզերքի ամենակարող Գերիշխանը (1 Տիմոթ. 1։17; Հայտն. 4։11)։ Հիշենք, թե ինչ գեղեցիկ խոսքերով Դավիթ թագավորը նկարագրեց այն եզակի բարձր դիրքը, որ ունի Եհովան (կարդա 1 Տարեգրություն 29։11, 12)։ Հետևաբար երկնքում և երկրի վրա գոյություն ունեցող բոլոր արարածները միայն հարաբերական ազատություն ունեն։ Նրանք պետք է գիտակցեն, որ Եհովան գերագույն իշխանություն ունի դնելու իր տեսանկյունից արդար, անհրաժեշտ և ողջամիտ սահմաններ։ Սա հենց այն է, ինչ Աստված արեց, երբ ստեղծեց մարդուն։
7. Մարդիկ բնազդաբար ի՞նչ են անում, և դա ինչպե՞ս է նպաստում նրանց երջանկությանը։
7 Չնայած որ ի սկզբանե Ադամն ու Եվան շատ առումներով ազատ էին, սակայն նրանց ազատությունը որոշակի սահմաններ ուներ։ Մեր նախածնողները իրենց սահմանափակող որոշ բաներ բնազդաբար էին անում։ Օրինակ՝ ապրելու համար նրանք պետք է շնչեին, ուտեին և քնեին։ Բայց մի՞թե սրա պատճառով Ադամն ու Եվան իրենց սահմանափակված էին զգում։ Ո՛չ։ Եհովան այնպես էր արել, որ նույնիսկ այս սովորական բաներն անելուց նրանք հաճույք ստանային (Սաղ. 104։14, 15; Ժող. 3։12, 13)։ Մտածիր, թե ինչ բավականություն ենք ստանում, երբ թարմ օդ ենք շնչում, մեր սիրած կերակուրն ենք ուտում կամ գիշերը լավ քնում ենք ու առավոտյան նոր ուժերով արթնանում։ Այս անհրաժեշտ բաներն անելով՝ մենք չենք զգում, թե դրանք մեզ սահմանափակում են կամ ծանրաբեռնում։ Ընդհակառակը՝ երջանկությամբ ենք լցվում։ Ադամն ու Եվան, անկասկած, նույն զգացումն ունեին։
8. Աստված ի՞նչ հատուկ պատվեր տվեց առաջին մարդկային զույգին և ի՞նչ նպատակով։
8 Եհովան Ադամին ու Եվային հատուկ պատվեր տվեց՝ երկիրը լցնել մարդկանցով և հոգ տանել դրա մասին (Ծննդ. 1։28)։ Արդյո՞ք այս պատվերը ինչ-որ առումով նրանց զրկում էր ազատությունից։ Իհա՛րկե ոչ։ Այն մարդկանց հնարավորություն էր տալիս մասնակցելու Արարչի նպատակի իրագործմանը։ Նրա մտադրությունն էր ամբողջ երկիրը վերածել դրախտի, որպեսզի այն հավիտենական տուն լինի կատարյալ մարդկանց համար (Ես. 45։18)։ Այսօր չամուսնանալը կամ երեխաներ չունենալը Աստծու կամքին հակառակ չէ։ Այնուամենայնիվ, շատերն ամուսնանում են ու երեխաներ մեծացնում, չնայած որ դա իր հետ դժվարություններ է բերում (1 Կորնթ. 7։36–38)։ Ինչո՞ւ են նրանք ձգտում դրան։ Որովհետև սովորաբար դա մարդկանց երջանկության ու բավարարվածության զգացում է տալիս (Սաղ. 127։3)։ Ադամն ու Եվան կարող էին հավիտյան հաճույք ստանալ իրենց ամուսնական ու ընտանեկան կյանքից։
ՄԱՐԴԻԿ ԿՈՐՑՐԻՆ ԻՍԿԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
9. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Ծննդոց 2։17-ում գրված Աստծու պատվերը արդար էր, անհրաժեշտ ու ողջամիտ։
9 Եհովան Ադամին ու Եվային մեկ ուրիշ պատվեր էլ տվեց՝ հստակ նշելով, թե ինչ պատիժ կլինի այն չկատարելու դեպքում. «Ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես» (Ծննդ. 2։17)։ Կարո՞ղ ենք ասել, որ այս պատվերը ինչ-որ առումով անարդար էր, որ այն անհրաժեշտ ու ողջամիտ չէր։ Արդյո՞ք այն Ադամին ու Եվային զրկում էր ազատությունից։ Բոլորովի՛ն։ Մի շարք աստվածաշնչագետներ նշում են, թե որքան տրամաբանական ու ողջամիտ էր այս պատվերը։ Օրինակ՝ մի գիտնական գրում է. «[Ծննդոց 2։16, 17 համարներում գրված] Աստծու պատվերներից կարելի է եզրակացնել, որ միայն նա գիտի, թե մարդկության համար ինչն է բարի.... և ինչը՝ ոչ.... «Բարին» վայելելու համար մարդկությունը պետք է վստահի Աստծուն և հնազանդվի նրան։ Եթե մարդիկ չհնազանդվեն նրան, ստիպված կլինեն ինքնուրույն որոշել, թե ինչն է բարի.... և ինչը՝ ոչ»։ Իսկ դա մի բեռ է, որ մարդիկ չեն կարող ինքնուրույն կրել և հաջողության հասնել։
10. Ինչո՞ւ ենք ասում, որ ազատ կամքը նույն բանը չէ, ինչ բարին ու չարը որոշելու իրավունքը։
10 Կարդալով Ադամին տրված Աստծու պատվերը՝ այսօր շատերն ասում են, թե Ադամը ազատություն չուներ անելու այն, ինչ ուզում էր։ Սակայն նրանք ազատ կամքը շփոթում են բարին ու չարը որոշելու իրավունքի հետ։ Ադամն ու Եվան ազատ էին ընտրելու՝ հնազանդվել Աստծուն, թե ոչ։ Բայց միայն Եհովան բացարձակ իրավունք ունի որոշելու, թե ինչն է բարի, և ինչը՝ չար. Եդեմի պարտեզում գտնվող «բարին ու չարը գիտենալու ծառը» հենց դա էր խորհրդանշում (Ծննդ. 2։9)։ Մենք միշտ չէ, որ գիտենք, թե ինչ հետևանքներ կունենան մեր որոշումները, և չենք կարող վստահ լինել, որ դրանք ամեն անգամ լավ արդյունք կբերեն։ Ուստի հաճախ է լինում, որ մարդիկ լավագույն մղումներով որոշումներ են կայացնում, բայց դրանք ցավ ու տառապանք են բերում (Առակ. 14։12)։ Սրա գլխավոր պատճառը, ինչ խոսք, մարդկանց սահմանափակումներն են։ Տալով վերը նշված պատվերը՝ Եհովան Ադամին ու Եվային սովորեցրեց, որ իսկական ազատություն ունենալու համար նրանք պետք է հնազանդվեն իրեն։ Իսկ ի՞նչ որոշեցին նրանք։
11, 12. Ադամի ու Եվայի որոշումն ինչո՞ւ աղետալի հետևանքներ ունեցավ։ Բացատրիր օրինակով։
11 Մեր նախածնողները որոշեցին չհնազանդվել Աստծուն։ Սատանայի գայթակղիչ խոսքերը, թե՝ «ձեր աչքերը կբացվեն, և դուք Աստծու պես կլինեք՝ բարին ու չարը իմացող», հրապուրեցին Եվային (Ծննդ. 3։5)։ Արդյո՞ք Ադամի ու Եվայի ընտրությունը նպաստեց, որ նրանք ավելի մեծ ազատություն ունենան։ Բոլորովի՛ն։ Սատանայի ասածն այդպես էլ չիրականացավ։ Շուտով նրանք իմացան, որ Եհովայի առաջնորդությունը մերժելով և իրենց ուզած ուղին բռնելով՝ իրենք դեպի կործանում են գնում (Ծննդ. 3։16–19)։ Ինչո՞ւ նրանց որոշումը այսպիսի հետևանքների հանգեցրեց։ Քանի որ Եհովան մարդուն ազատություն չի տվել ինքնուրույն որոշելու, թե ինչն է բարի, և ինչը՝ չար (կարդա Առակներ 20։24; Երեմիա 10։23)։
12 Պատկերացնենք օրինակով։ Որպեսզի ինքնաթիռը ապահով հասնի նշանակման վայր, օդաչուն պետք է թռչի նախապես որոշված երթուղով։ Օգտվելով ժամանակակից ավիացիոն սարքավորումներից և կապ պահպանելով ավիադիսպետչերի հետ՝ նա կարող է իմանալ, թե ինչ ուղղությամբ թռչի։ Սակայն եթե օդաչուն որոշի չհետևել առաջնորդությանը և թռչի իր ընտրած ուղով, հետևանքը կարող է աղետալի լինել։ Ադամն ու Եվան ցանկացան իրենց ուզած ձևով վարվել։ Նրանք մերժեցին Աստծու առաջնորդությունը, և հետևանքը կործանարար եղավ ոչ միայն իրենց համար, այլև հետագա սերունդների։ Նրանք իրենց զավակներին փոխանցեցին մեղք ու մահ (Հռոմ. 5։12)։ Ձգտելով ինքնորոշման՝ նրանք կորցրին իրենց տրված իսկական ազատությունը։
ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԻՍԿԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
13, 14. Ինչպե՞ս կարող ենք իսկական ազատություն ձեռք բերել։
13 Ոմանք կարծում են, թե որքան շատ ազատություն ունենան, այնքան ավելի լավ կապրեն։ Սակայն անսահման ազատությունը նման է երկսայր սրի։ Ճիշտ է, ազատությունը շատ օգուտներ է բերում, բայց մեր մարմնով սարսուռ է անցնում, երբ մտածում ենք այն մասին, թե աշխարհում կյանքն ինչպիսին կլիներ, եթե ոչ մի սահմանափակում չլիներ։ Մի հանրագիտարանում ասվում է. «Յուրաքանչյուր հասարակություն ունի օրենքների բարդ համակարգ, որում ազատություններն ու սահմանափակումները հավասարակշռված են» (The World Book Encyclopedia)։ «Բարդ» բառն իսկապես որ ճիշտ է ընտրված, եթե նկատի առնենք, որ մարդիկ հատորներով օրենքներ են գրում, իսկ փաստաբանների ու դատավորների մի մեծ բանակ աշխատում է, որպեսզի բացատրի և կիրառի այդ օրենքները։
14 Հիսուս Քրիստոսը ցույց տվեց իսկական ազատությունը վայելելու պարզ միջոց։ Նա ասաց. «Եթե միշտ պահեք իմ խոսքը, ուրեմն իրոք իմ աշակերտներն եք։ Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. 8։31, 32)։ Հիսուսը նշեց երկու պահանջ. առաջին՝ ընդունել իր սովորեցրած ճշմարտությունը և երկրորդ՝ դառնալ իր աշակերտը։ Իսկ ինչի՞ց էր ճշմարտությունն ազատելու։ Հիսուսը բացատրեց. «Ով մեղք է գործում, մեղքի ծառա է.... Եթե Որդին ազատի ձեզ, դուք իսկապես ազատ կլինեք» (Հովհ. 8։34, 36)։
15. Ինչո՞ւ իսկապես ազատ կլինենք այն ժամանակ, երբ կատարվի Հիսուսի խոստումը։
15 Հիսուսի խոստացած ազատությունը շատ ավելի բարձր է, քան այն ազատությունը, որին այսօր շատերը ձգտում են հասնել սոցիալական կամ քաղաքական ոլորտում։ Երբ Հիսուսն ասաց՝ «Եթե Որդին ազատի ձեզ, դուք իսկապես ազատ կլինեք», նա նկատի ուներ, որ իր աշակերտները կազատվեն մարդկության տեսած ամենածանր կապանքներից՝ մեղքի ստրկությունից։ Մեղքը ոչ միայն դրդում է մեզ վատ արարքների, այլև հետ է պահում ճիշտն անելուց և թույլ չի տալիս ապրել այնպես, ինչպես ունակ ենք։ Այս առումով մենք մեղքի ծառա ենք, որի հետևանքն է՝ հիասթափություն, ցավ, տառապանք և ի վերջո մահ (Հռոմ. 6։23)։ Պողոս առաքյալը խորապես զգում էր մեղքի բերած ցավը (կարդա Հռոմեացիներ 7։21–25)։ Երբ մեղքի շղթաները վայր ընկնեն, միայն այդ ժամանակ կունենանք իսկական ազատություն, որ Եդեմի պարտեզում վայելում էին մեր նախածնողները։
16. Ինչպե՞ս կարող ենք «իսկապես ազատ լինել»։
16 Ասելով՝ «եթե միշտ պահեք իմ խոսքը», կամ, ինչպես «Արարատ» թարգմանության մեջ է գրված, «եթէ դուք իմ խօսքի մէջ կենաք», Հիսուսը ցույց տվեց, որ իր խոստացած ազատությունը ստանալու համար հարկավոր է մնալ որոշակի սահմաններում, այսինքն՝ կատարել կոնկրետ պահանջներ։ Որպես նվիրված քրիստոնյաներ՝ մենք ընդունում ենք այդ սահմանները. մենք ուրացել ենք մեր անձը, որոշել ենք լինել Հիսուսի աշակերտը և պահել այն ամենը, ինչ նա սովորեցրել է (Մատթ. 16։24)։ Հիսուսի խոստացած իսկական ազատությունը մենք կստանանք այն ժամանակ, երբ նրա քավիչ զոհի շնորհիվ հնարավոր դարձած բոլոր օրհնությունները թափվեն մեզ վրա։
17. ա) Ի՞նչը մեր կյանքը իսկական իմաստով կլցնի և բավարարվածության զգացում կտա։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
17 Հիսուսի սովորեցրած բաներն անելով՝ մեր կյանքը իրական իմաստով կլցնենք և բավարարվածության զգացում կունենանք։ Սա էլ ճանապարհ կբացի դեպի լիակատար ազատություն, ազատություն մեղքից ու մահից (կարդա Հռոմեացիներ 8։1, 2, 20, 21)։ Հաջորդ հոդվածում կխոսենք այն մասին, թե մեր ազատությունն ինչպես իմաստությամբ օգտագործենք, որպեսզի հավիտյան փառք բերենք Եհովային՝ իսկական ազատություն տվող Աստծուն։