Սեր և հարգանք ցուցաբերեք՝ հսկելով ձեր լեզուն
«Ամեն մէկն իր կնկանը թող այնպէս սիրէ ինչպէս իր անձը. եւ կինը վախենայ իր մարդիցը» (ԵՓԵՍԱՑԻՍ 5։33)։
1, 2. Ի՞նչ կարևոր հարց պետք է ամուսնացածները տան իրենք իրենց, և ինչո՞ւ։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ մի գեղեցիկ փաթեթավորված նվեր ես ստացել, որի վրա գրված է՝ «Վերաբերվել խնամքով»։ Ի՞նչ կանես։ Իհարկե, ուշադիր կլինես, որ այն չվնասվի։ Իսկ ինչպե՞ս պետք է վարվել այնպիսի մի նվերի հետ, ինչպիսին ամուսնությունն է։
2 Իսրայելացի այրի Նոեմին երկու երիտասարդ կանանց՝ Որփային և Հռութին, հետևյալ բարեմախթանքը տվեց. «Տէրը տայ [«նվեր տա», ՆԱ] ձեզ որ ամեն մէկդ իր մարդի տանը հանգստութիւն գտնէք» (Հռութ 1։3–9)։ Առաքինի կնոջ մասին Աստվածաշունչն ասում է. «Տունը եւ ստացուածքը ժառանգութիւն է հայրերից, բայց իմաստուն կինը՝ Տէրիցն է» (Առակաց 19։14)։ Եթե արդեն ամուսնացած ես, ապա պետք է կողակցիդ համարես Աստծուց տրված նվեր։ Իսկ ինչպե՞ս ես վարվում այդ նվերի հետ։
3. Ամուսնական զույգերը Պողոսի ո՞ր խորհրդին պետք է հետևեն։
3 Պողոս առաքյալը, գրելով առաջին դարի քրիստոնյաներին, ասաց. «Ամեն մէկն իր կնկանը թող այնպէս սիրէ ինչպէս իր անձը. եւ կինը վախենայ իր մարդիցը [«կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ», ՆԱ]» (Եփեսացիս 5։33)։ Եկեք ուշադրություն դարձնենք, թե ինչպես կարող է ամուսնական զույգը կիրառել այս խորհուրդը կապված խոսելու հետ։
Զգուշացե՛ք ‘անզուսպ ու չար’ լեզվից
4. Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ խոսքերը։
4 Հակոբոսը՝ Աստվածաշնչի գրողներից մեկը, ասում է, որ լեզուն «անզուսպ չար» մի բան է՝ «լցուած մահաբեր թոյնով» (Յակոբոս 3։8)։ Այն, որ անզուսպ լեզուն կործանարար է, հայտնի ճշմարտություն էր նրա համար։ Անկասկած, Հակոբոսը գիտեր Աստվածաշնչում գրված այն առակը, որում անմտորեն խոսելը նմանեցվում է ‘սրի պես խոցոտելուն’։ Սակայն նույն առակում նաև ասվում է. «Իմաստունների լեզուն բժշկութիւն է» (Առակաց 12։18)։ Անշուշտ, խոսքերը կարող են զորեղ ազդեցություն ունենալ. դրանք կարող են թե՛ վիրավորել, թե՛ բժշկել։ Իսկ ինչպե՞ս են ազդում քո խոսքերը կողակցիդ վրա։ Եթե այդ մասին նրան հարցնես, ի՞նչ կպատասխանի։
5, 6. Ո՞ր գործոնների պատճառով են ոմանք դժվարանում զսպել իրենց լեզուն։
5 Եթե վիրավորական խոսքերն արդեն «հաստատվել» են ձեր ամուսնական փոխհարաբերություններում, ապա իրավիճակը, այնուամենայնիվ, հնարավոր է շտկել։ Ինչ խոսք, դա անելու համար ջանքեր են պահանջվում։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք ունենք մեղավոր մարմին, որի դեմ հարկավոր է պայքարել։ Ժառանգված մեղքը բացասաբար է ազդում մեր մտածելակերպի և խոսելաձևի վրա։ «Եթէ մէկը խօսքով չէ մեղանչում նա կատարեալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել»,— գրեց Հակոբոսը (Յակոբոս 3։2)։
6 Լեզուն սխալ օգտագործելու մեջ, մարդու անկատարությունից բացի, իր «նպաստն» ունի նաև ընտանիքում տիրող մթնոլորտը։ Որոշ մարդիկ ունեցել են այնպիսի ծնողներ, որոնք եղել են «անհաշտ, .... անժուժկալ, դաժան» (Բ Տիմոթէոս 3։1–3)։ Այդպիսի ընտանիքում մեծացած երեխաները, դառնալով չափահաս, հաճախ դրսևորում են իրենց ծնողների հատկությունները։ Այնուամենայնիվ, կոպիտ խոսելաձևը չի արդարացվում ո՛չ անկատարությամբ, ո՛չ էլ անբավարար դաստիարակությամբ։ Սակայն այս գործոնները հաշվի առնելն օգնում է հասկանալ, թե ինչու է այդքան դժվար զսպել լեզուն և խուսափել վիրավորական խոսքեր ասելուց։
‘Դե՛ն գցեք չարախոսությունը’
7. Ի՞նչ նկատի ուներ Պետրոսը, երբ քրիստոնյաներին հորդորեց ‘դեն գցել ամեն չարախոսություն’։
7 Անկախ պատճառներից՝ վիրավորական խոսքերը կարող են վկայել, որ ամուսինների միջև չկա սեր և հարգանք։ Ուստի շատ տեղին են Պետրոս առաքյալի խոսքերը՝ ուղղված քրիստոնյաներին. «Դէն գցե[ք].... ամեն չարախօսութիւնը» (Ա Պետրոս 2։1)։ «Չարախոսություն» թարգմանված հունարեն բառը կարող է նշանակել «վիրավորական խոսքեր», ինչպես նաև ունի ‘բառերով կրակելու’ իմաստ։ Որքա՜ն դիպուկ են այս խոսքերը նկարագրում անզուսպ լեզվի գործողությունը։
8, 9. Ի՞նչ հետևանք կարող են ունենալ վիրավորական խոսքերը, և ինչո՞ւ պետք է ամուսինները խուսափեն այդպիսի խոսքեր ասելուց։
8 Կարող է թվալ, որ վիրավորական խոսքեր ասելն այդքան էլ լուրջ բան չէ։ Սակայն պատկերացրու, թե ինչ կպատահի, եթե ամուսինը կամ կինը իրեն թույլ տա կողակցին անվանել «հիմար», «անբան» կամ «եսասեր»։ Նման արտահայտություններով նա ստորացուցիչ պիտակ է փակցնում իր կյանքի ուղեկցին՝ կարծես ասելով, որ նա հենց այդպիսին է։ Իրոք որ ցավալի է։ Իսկ ի՞նչ կարելի է ասել կողակցի թերությունները չափազանցված կերպով նշելու մասին։ Օրինակ՝ մի՞թե այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են՝ «Դու միշտ ուշանում ես», կամ՝ «Դու երբեք ինձ չես լսում», չափազանցություն չեն։ Նման խոսքերը դիմացինի մեջ առաջացնում են պաշտպանվելու ցանկություն, իսկ դա իր հերթին կարող է թեժ վիճաբանության տեղիք տալ (Յակոբոս 3։5)։
9 Վիրավորանքով «համեմված» խոսակցությունները կարող են լարվածություն առաջ բերել ամուսինների միջև. սա նույնպես հղի է դառը հետևանքներով։ Առակաց 25։24–ում ասվում է. «Լաւ է բնակուիլ մի կտուրի անկիւնում, քան թէ կռուասէր կնոջ հետ մեծ տան մէջ»։ Իհարկե, նույնը կարելի է ասել կռվասեր ամուսնու մասին։ Եթե ամուսինները շարունակեն միմյանց կծու խոսքեր ասել, ապա ի վերջո նրանց փոխհարաբերությունները կքայքայվեն. ամուսինը կամ կինը իրեն չսիրված կզգա և նույնիսկ իրեն սիրվելու արժանի չի համարի։ Պարզ է, որ հարկավոր է զսպել լեզուն։ Բայց ինչպե՞ս կարելի է դա անել։
‘Սանձահարե՛ք ձեր լեզուն’
10. Ինչո՞ւ է կարևոր հսկել լեզուն։
10 Յակոբոս 3։8–ում ասվում է. «Լեզուն ոչ ով կարող չէ նուաճել»։ Այնուամենայնիվ, պետք է ամեն ինչ անենք, որ մեր լեզուն հսկողության տակ պահենք, ճիշտ ինչպես ձիավորն է սանձի միջոցով ղեկավարում ձիու շարժումները։ «Եթէ ձեզանից մէկը կարծում է թէ կրօնասէր է եւ իր լեզուն չ’սանձահարէ, այլ իր սիրտը խաբէ, այնպիսի մարդի կրօնասիրութիւնը զուր է» (Յակոբոս 1։26; 3։2, 3)։ Այս խոսքերից երևում է, որ այն, թե ինչպես ենք օգտագործում մեր լեզուն, լուրջ հարց է։ Դա առնչվում է ոչ միայն մեր կողակցի, այլև Եհովա Աստծու հետ ունեցած մեր փոխհարաբերություններին (Ա Պետրոս 3։7)։
11. Ի՞նչ կարելի է անել, որ տարաձայնությունը չդառնա թեժ վիճաբանություն։
11 Իմաստուն է ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչպես ես խոսում կողակցիդ հետ։ Եթե իրավիճակը բարդանում է, փորձիր թուլացնել լարվածությունը։ Իսահակի և նրա կնոջ՝ Ռեբեկայի կյանքում մի խնդիր առաջացավ։ Այդ մասին գրված է Ծննդոց 27։46–28։4 համարներում։ «Ռեբեկան ասեց Իսահակին. Կեանքիցս զզուել եմ Քետի աղջիկների պատճառովը. եթէ Յակոբն էլ է այս երկրի աղջիկների պէս Քետի աղջիկներից կին առնելու, էլ ինչո՞ւ է ինձ կեանքը պէտք»։ Ոչինչ չի վկայում, որ Իսահակը կոպիտ պատասխանեց Ռեբեկային։ Նա իրենց որդի Հակոբին ուղարկեց հեռավոր երկիր՝ աստվածավախ կին փնտրելու, որը ցավ ու տառապանք չէր լինի Ռեբեկայի համար։ Ենթադրենք՝ ամուսնու և կնոջ միջև տարաձայնություն է ծագել։ Եթե նրանք «դու»–ից անցնեն «ես»–ի, ապա չնչին հարցը, ամենայն հավանականությամբ, չի վերածվի թեժ վիճաբանության։ Օրինակ՝ «Դու երբեք ինձ ժամանակ չես հատկացնում» ասելու փոխարեն՝ ինչո՞ւ չասել. «Կցանկանայի, որ ավելի շատ ժամանակ իրար հետ անցկացնեինք»։ Կենտրոնացիր ոչ թե անձնավորության վրա, այլ պրոբլեմի։ Եթե ամեն անգամ փորձում ես պարզել, թե ով է ճիշտ և ով է սխալ, ապա լավ կլինի խուսափել այդ հակումից։ «Խաղաղութեան եւ միմեանց շինութեան բաների ետեւից գնանք»,— ասվում է Հռովմայեցիս 14։19–ում։
Մի կո՛ղմ դրեք ‘դառնությունը, բարկությունը և զայրույթը’
12. Որպեսզի կարողանանք հսկել մեր լեզուն, ինչի՞ մասին պետք է աղոթենք և ինչո՞ւ։
12 Լեզուն հսկելու համար ավելին է պահանջվում, քան պարզապես մեր խոսքերին հետևելը։ Վերջիվերջո, խոսքերը բխում են ոչ թե բերանից, այլ սրտից։ Հիսուսն ասաց. «Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարի է բղխում, եւ չար մարդն իր սրտի չար գանձիցը չար է բղխում, որովհետեւ սրտի աւելացածիցն խօսում է նորա բերանը» (Ղուկաս 6։45)։ Ուստի լեզուն հսկելու համար գուցե հարկ լինի Դավթի պես աղոթել. «Սուրբ [«Մաքուր», ԱԱ] սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը» (Սաղմոս 51։10)։
13. Ինչպե՞ս կարող են դառնությունը, բարկությունը և զայրույթը վերածվել վիրավորական խոսքերի։
13 Պողոսը եփեսացիներին հորդորեց խուսափել ոչ միայն վիրավորական խոսքերից, այլև դրանց ետևում եղած զգացումներից։ Նա գրեց. «Ամեն դառնութիւն եւ բարկութիւն եւ սրտմտութիւն [«զայրոյթ», ԷԹ] եւ աղաղակ եւ հայհոյութիւն թող վեր առնուի ձեզանից՝ ամեն չարութեան հետ» (Եփեսացիս 4։31)։ Ուշադրություն դարձրեք, որ Պողոսը նախքան ‘աղաղակի և հայհոյության’ մասին հիշատակելը նշում է ‘դառնության, բարկության և զայրույթի’ մասին։ Մարդու մեջ եռում է ցասումը, որը սպառնում է ժայթքել ու արտանետել վիրավորական խոսքեր։ Ինքդ քեզ հարց տուր. «Կա՞ իմ սրտում դառնություն և զայրույթ։ Արդյոք ‘ցասկո՞տ մարդ’ եմ» (Առակաց 29։22)։ Եթե այո, ուրեմն աղոթիր Աստծուն, որ քեզ օգնի ձերբազատվել այդ հակումներից և ինքնատիրապետում դրսևորել. այդպես դու կկարողանաս զսպել բարկությունդ։ Սաղմոս 4։4–ում ասվում է. «Դողացէք եւ մի մեղանչէք [«Եթե բարկանաք՝ մի՛ մեղանչէք», ԷԹ, 4։5]. խօսեցէք ձեր սրտերի հետ ձեր անկողիններումը եւ լուռ կացէք»։ Եթե զգում ես, որ բարկությունդ բորբոքվում է, և դու ուր որ է կկորցնես ինքնատիրապետումդ, հետևիր Առակաց 17։14–ում գրված խորհրդին. «Վէճը չ’բորբոքուած դու ետ քաշուիր»։ Անհապաղ հեռացիր, մինչև վտանգն անցնի։
14. Դժգոհությունն ինչպե՞ս է ազդում ամուսնության վրա։
14 Հեշտ չէ պայքարել բարկության և զայրույթի դեմ, հատկապես երբ այդ զգացումների հիմքում ընկած է, ինչպես Պողոսն է ասում, ‘դառնությունը’։ Պողոսի օգտագործած հունարեն բառը, ըստ մի աղբյուրի, բնորոշում է «այնպիսի ոգի, որը վրդովվում է և չի ցանկանում հաշտվել», «չարակամություն, որը հաշվում է սխալները»։ Երբեմն անբարյացակամությունը թանձր մառախուղի պես կանգնում է ամուսինների միջև, և այդպես կարող է շարունակվել երկար ժամանակ։ Եթե դժգոհությունը չի վերանում, ապա այն կարող է վերածվել արհամարհանքի։ Սակայն անցյալ սխալների վրա կենտրոնանալն անիմաստ է։ Ինչ որ եղել է, այլևս հնարավոր չէ փոխել։ Իսկ եթե կատարված սխալը ներվել է, ապա այն պետք է մոռացվի։ Սերը «վիրավորանքները չի հաշվում» (ՆԱ) (Ա Կորնթացիս 13։4, 5)։
15. Ինչպե՞ս կարող են այն անհատները, որոնք սովոր են կոշտ ու կոպիտ խոսելու, փոխել իրենց խոսելաոճը։
15 Իսկ ի՞նչ, եթե մեծացել ես այնպիսի ընտանիքում, որտեղ իրար հետ կոշտ ու կոպիտ խոսելը սովորական բան է եղել, և ինքդ էլ այդպես ես խոսում։ Դու կարո՛ղ ես բարելավումներ կատարել։ Թերևս քեզ համար արդեն որոշակի սահմաններ ես դրել տարբեր հարցերի հետ կապված և անշուշտ քեզ թույլ չես տա ինչ–որ իրավիճակում ինչ–որ ձևով վարվել։ Իսկ լեզուն օգտագործելու հետ կապված դրե՞լ ես սահմաններ։ Կարո՞ղ ես լռել, նախքան խոսքերդ վիրավորական երանգ կստանան։ Իհարկե, դու չես ցանկանա խախտել այն «սահմանը», որ գրված է Եփեսացիս 4։29–ում. «Ոչ մի գէշ խօսք չ’դուրս գայ ձեր բերանիցը»։ Այս սահմանը չանցնելու համար պետք է «հանե[ս] հին մարդն իր գործերովը։ Եւ հագ[նես] նոր մարդը որ նորոգուած է գիտութիւնով իր ստեղծողի պատկերի պէս» (Կողոսացիս 3։9, 10)։
‘Խորհուրդ անելը’ խիստ անհրաժեշտ է
16. Ինչո՞ւ է խռովելը վնասում ամուսնությանը։
16 Եթե ամուսիններից մեկը խռովի մյուսից, ապա նա առանձնապես արդյունքի չի հասնի, և շատ հնարավոր է՝ իրավիճակն ավելի վատանա։ Իհարկե, միշտ չէ, որ այդպես վարվելը նշանակում է, թե նա ցանկանում է պատժել իր կողակցին. նրանցից մեկը գուցե չուզենա խոսել մյուսի հետ վհատության կամ հիասթափության պատճառով։ Սակայն եթե ամուսինները չեն ուզում իրար հետ խոսել, ապա դա միայն ու միայն սրում է լարվածությունը և, բնականաբար, դժվարացնում խնդրի լուծումը։ Մի կին ասում է. «Մենք վերջիվերջո դարձյալ սկսում էինք իրար հետ խոսել, բայց երբեք պրոբլեմը չէինք քննարկում»։
17. Ի՞նչ պետք է անեն քրիստոնյա ամուսինները, եթե իրար հետ խնդիրներ ունեն։
17 Երբ ամուսնական հարաբերությունները շարունակում են լարված մնալ, ապա լուծում գտնելն ավելի է դժվարանում։ Առակաց 15։22–ում գրված է. «Դիտաւորութիւնները խանգարվում են խորհուրդ չ’լինելիս, բայց խորհրդականների շատութիւնովը հաստատվում են»։ Դուք պետք է նստեք ու իրար հետ քննարկեք պրոբլեմը։ Խիստ անհրաժեշտ է իրար լսել ամենայն ուշադրությամբ և անկեղծ սրտով։ Եթե կարծում եք, որ դա անհնար է, ապա կարող եք օգնություն խնդրել քրիստոնեական ժողովի երեցներից։ Նրանք ունեն սուրբգրային գիտելիքներ և փորձառու են Աստվածաշնչի սկզբունքները ճիշտ կիրառելու հարցում։ Այդ մարդիկ «քամիի դէմ եղող պատսպարանի պէս, եւ փոթորկի դէմ եղող ծածկոցի պէս» են (Եսայիա 32։2)։
Դուք կարո՛ղ եք ճիշտ գործածել ձեր լեզուն
18. Ի՞նչ պայքար է նկարագրված Հռովմայեցիս 7։18–23 համարներում։
18 Սանձահարել լեզուն՝ նշանակում է պայքարել։ Նույնը վերաբերում է մեր գործողությունները վերահսկելուն։ Պողոս առաքյալը, նկարագրելով իր դժվարությունը, գրեց. «Գիտեմ որ ինձանում (այսինքն իմ մարմնումը) մի բարի բան չէ բնակվում. քանզի կամենալն կայ իմ մօտը. բայց բարին անելը չեմ գտնում։ Քանզի ոչ թէ բարին՝ որ կամենում եմ, անում եմ. այլ չարը՝ որ չեմ կամենում, այն եմ գործում։ Ուրեմն եթէ այն որ չեմ կամենում ես, այն եմ անում. էլ ես չեմ անում այն, բայց ինձանում բնակուած մեղքը»։ ‘Մեր անդամներում եղող մեղքի օրենքի’ պատճառով մենք հակված ենք սխալ օգտագործելու մեր լեզուն և մարմնի մյուս անդամները (Հռովմայեցիս 7։18–23)։ Բայցևայնպես, պետք է շարունակենք պայքարել և Աստծու օգնությամբ կհաղթենք։
19, 20. Հիսուսի օրինակն ինչպե՞ս կարող է ամուսիններին օգնել սանձահարելու իրենց լեզուն։
19 Այն հարաբերություններում, որոնց բնորոշ են սերն ու հարգանքը, տեղ չկա անմիտ ու կոպիտ խոսքերի համար։ Այս առումով լավ օրինակ է թողել Հիսուս Քրիստոսը։ Նա երբեք վիրավորական խոսքեր չի ասել իր աշակերտներին։ Նույնիսկ իր երկրային կյանքի վերջին գիշերը, երբ նրա առաքյալները վիճում էին, թե իրենցից ով է մեծ, Աստծու Որդին չբարկացավ նրանց վրա (Ղուկաս 22։24–27)։ Գրությունները հորդորում են. «Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, ինչպէս Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն եւ իր անձը մատնեց նորա համար» (Եփեսացիս 5։25)։
20 Իսկ ի՞նչ կարելի է ասել կնոջ մասին։ Նա «պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (Եփեսացիս 5։33, ՆԱ)։ Մի՞թե ամուսնուն հարգող կինը կճչա նրա վրա՝ վիրավորական խոսքեր ասելով։ Պողոսը գրեց. «Կամենում եմ որ դուք գիտենաք, թէ ամեն մարդի գլուխը Քրիստոսն է, եւ կնկայ գլուխը՝ մարդը, եւ Քրիստոսի գլուխն՝ Աստուած» (Ա Կորնթացիս 11։3)։ Կինը պետք է հնազանդվի իր ‘գլխին’՝ ամուսնուն, ինչպես որ ամուսինն է հնազանդվում իր Գլխին՝ Քրիստոսին (Կողոսացիս 3։18)։ Թեև ոչ մի անկատար մարդ չի կարող կատարելապես ընդօրինակել Հիսուսին, ամուսնական զույգերը, ‘հետևելով նրա հետքերին’, կկարողանան իրենց լեզուն ճիշտ օգտագործել (Ա Պետրոս 2։21)։
Ի՞նչ սովորեցիք
• Ինչպե՞ս կարող է անզուսպ լեզուն վնասել ամուսնական փոխհարաբերությունները։
• Ինչո՞ւ է դժվար սանձահարել լեզուն։
• Ի՞նչն է օգնում հսկել լեզուն։
• Ի՞նչ պետք է անեն ամուսինները, եթե նրանց միջև խնդիրներ կան։
[նկար 24-րդ էջի վրա]
Երեցները օգնում են՝ հիմնվելով Գրությունների վրա