Իսկապես հանդուրժո՞ղ եք
Երբևէ ձեզ զայրացրե՞լ է որևէ մեկի անվայել արարքը։ Իսկույնևեթ գործի անցնո՞ւմ եք, երբ ձեր ընկերները այլասերված ազդեցությունների տակ են ընկնում։
Երբեմն անհապաղ և հաստատակամ գործողություններ են պահանջվում լուրջ մեղքի տարածումը կանխելու համար։ Օրինակ՝ երբ մ.թ.ա. 16–րդ դարում մի անամոթ արարքի պատճառով իսրայելացիներին պղծում էր սպառնում, Ահարոնի թոռ Փենեհեսը չարիքը վերացնելու նպատակով վճռական գործողությունների դիմեց։ Եհովա Աստված հավանություն տվեց նրա արարքին. «Փենեհէս իմ բարկութիւնս Իսրայէլի որդիներէն դարձուց, որովհետեւ անիկա ինծի համար նախանձախնդիր եղաւ անոնց մէջ» (Արևմտ. Աստ.) (Թուոց 25։1–11)։
Փենեհեսը հարկ եղած ձևով վարվեց՝ կանգնեցնելու պղծության տարածումը։ Բայց ի՞նչ կարելի է ասել անզուսպ բարկության մասին, որի պատճառն ուրիշների զուտ մարդկային թուլությունն է։ Եթե հապճեպորեն կամ առանց արդարացուցիչ պատճառի ենք գործում, ապա մենք կլինենք ոչ այնքան արդարության պաշտպան, որքան չհանդուրժող մի անձնավորություն, որը հաշվի չի առնում մյուսների անկատար լինելը։ Ի՞նչը կօգնի մեզ խուսափել այս թերությունից։
Եհովան «ներում է քո բոլոր մեղքերը»
Եհովան «նախանձոտ Աստուած» է, որը չի հանդուրժում մրցակցություն (Ելից 20։5)։ Լինելով Ստեղծիչ՝ նա իրավունք ունի մեզանից պահանջել բացարձակ նվիրվածություն (Յայտնութիւն 4։11)։ Այդուհանդերձ, Եհովան հանդուրժում է մարդկային թուլությունները։ Ուստի, սաղմոսերգու Դավիթը նրա մասին երգեց. «Բարեգութ եւ ողորմած է Տէրը. երկայնամիտ եւ բազմագութ։ Նա իսպառ չի բարկանալ.... Նա չէ անում մեզ մեր մեղքերի համեմատ. եւ չէ հատուցանում մեզ մեր անօրէնութիւնների համեմատ»։ Այո՛, եթե զղջում ենք, Եհովան ‘ներում է մեր բոլոր մեղքերը’ (Սաղմոս 103։3, 8–10)։
Քանի որ Եհովան հասկանում է մարդկանց մեղավոր էությունը, նա «իսպառ չի բարկանում» զղջացող մեղավորների վրա (Սաղմոս 51։5; Հռովմայեցիս 5։12)։ Իրականում նա նպատակ է դրել վերացնել մեղքն ու անկատարությունը։ Մինչև իր այդ նպատակը լիովին իրագործելը, Աստված, մեզ «հատուցանելու» փոխարեն, ողորմածաբար ներում է մեզ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության հիման վրա։ Մեզանից ոչ մեկը ապրելու արժանի չէր լինի, եթե Եհովան անհրաժեշտության դեպքում ողորմածություն ցույց չտար (Սաղմոս 130։3)։ Որքա՜ն երախտապարտ կարող ենք լինել, որ մեր երկնային Հայրը, որն արդարացիորեն բացարձակ նվիրվածություն է պահանջում, գթառատ Աստված է։
Հարկավոր է հավասարակշռված լինել
Եթե տիեզերքի Գերիշխան Տերը հանդուրժողականություն է հանդես բերում անկատար մարդկանց հանդեպ, ապա չպե՞տք է մենք էլ նույնն անենք։ «Հանդուրժողականություն» բառը կարելի է սահմանել որպես տրամադրվածություն՝ լինելու համբերատար ուրիշների կարծիքների և սովորությունների հանդեպ։ Ունե՞նք այդպիսի տրամադրվածություն, այն է՝ համբերատար և զուսպ լինել այն ժամանակ, երբ ուրիշներն ասում կամ անում են բաներ, որոնք լուրջ մեղքեր չեն, բայց գուցե անպատշաճ խոսքեր կամ գործեր են։
Անտարակույս, մենք չպետք է լինենք չափից դուրս հանդուրժող։ Օրինակ՝ վնասը անչափ մեծ է, երբ կրոնական իշխանությունները հանդուրժում են չարամիտ քահանաներին, որոնք շարունակում են պղծել տղա և աղջիկ երեխաներին։ «Երեխաների հետ կատարածը համարելով որպես պատահական սխալ,— մեկնաբանում է մի իռլանդացի լրագրող,— եկեղեցական իշխանությունները հանցավոր քահանային ընդամենը տեղափոխում են [մի տեղից մյուսը]»։
Արդյոք այդ անձնավորությանը միայն մի տեղից մյուսը տանելը տեղին հանդուրժողականության օրինա՞կ է հանդիսանում։ Հազիվ թե։ Ենթադրենք՝ բժիշկների կոլեգիան թույլ է տալիս անպատասխանատու վիրաբույժին շարունակել վիրահատություններ կատարել՝ տեղափոխելով նրան մի հիվանդանոցից մյուսը, նույնիսկ եթե նա սպանում կամ հաշմում է իր հիվանդներին։ Մասնագիտական հավատարմության թյուր զգացումը կարող է նման «հանդուրժողականության» պատճառ դառնալ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն զոհերի մասին, որոնք կորցրել են իրենց կյանքը կամ վնաս են կրել ոմանց անփույթ, նույնիսկ հանցագործ սովորությունների պատճառով։
Մյուս կողմից՝ վտանգավոր է նաև գրեթե հանդուրժողականություն չցուցաբերելը։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, որոշ հրեաներ (հայտնի էին զելոտներ անունով), սխալ հասկանալով Փենեհեսի օրինակը, փորձեցին դա օգտագործել, որպեսզի դրանով արդարացնեն իրենց գործողությունները։ Զելոտների ծայրահեղական քայլերից մեկն այն էր, որ «Երուսաղեմում կատարվող տոների և նման առիթների ժամանակ խառնվում էին բազմությանը և անսպասելիորեն դաշունահարում իրենց դժգոհությունը հարուցողներին»։
Որպես քրիստոնյաներ՝ մենք երբեք չենք ցանկանա զելոտների պես վարվել՝ գրոհել մեզ տհաճություն պատճառող մարդկանց վրա։ Իսկ փոքր–ինչ անհանդուրժողական լինելը կհասցնի՞ մեզ նրան, որ այլ ձևերով «գրոհենք» մեզ դուր չեկող անձանց վրա՝ գուցե չարախոսենք նրանց։ Եթե մենք իսկապես հանդուրժող ենք, ապա վիրավորական խոսքեր մեզ թույլ չենք տա։
Առաջին դարում անհանդուրժողականություն էին դրսևորում նաև փարիսեցիները։ Նրանք մշտապես կշտամբում էին ուրիշներին և հաշվի չէին առնում, որ մարդիկ անկատար են։ Հպարտ փարիսեցիները բարձրից էին նայում հասարակ ժողովրդին՝ անվանելով նրանց «անիծուած» (Յովհաննէս 7։49, ԱԹ)։ Հիսուսը լիիրավորեն մեղադրեց այդ ինքնագոհ մարդկանց. «Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ տալիս էք անանուխի եւ սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել էք օրէնքի ամենից կարեւորները՝ արդարադատութիւնը, ողորմութիւնը եւ հաւատը [«հաւատարմութիւնը», ՆԿ–ի ՆԱԹ]. հարկ էր այս անել եւ այն չթողնել» (Մատթէոս 23։23)։
Այս խոսքերով Հիսուսը չէր նսեմացնում Մովսիսական օրենքը պահելու կարևորությունը։ Նա պարզապես ցույց էր տալիս, որ Օրենքի ավելի «կարեւոր» կողմն այն էր, որ հարկավոր էր այն կիրառել ողջամտությամբ և ողորմածությամբ։ Որքա՜ն էին տարբերվում Հիսուսն ու իր աշակերտները անհանդուրժողական փարիսեցիներից և զելոտներից։
Ո՛չ Եհովա Աստված, ո՛չ էլ Հիսուս Քրիստոսը աչք չեն փակում չարության վրա։ Շուտով ‘վրեժ կլուծվի նրանցից, որոնք չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում.... Ավետարանին’ (Բ Թեսաղոնիկեցիս 1։6–10)։ Բայցևայնպես, արդարության համար նախանձախնդիր լինելով հանդերձ՝ Հիսուսը միշտ արտացոլել է իր երկնային Հոր համբերատար, գթառատ և սիրով լի վերաբերմունքը բոլոր ուղղամիտ մարդկանց հանդեպ (Եսայիա 42։1–3; Մատթէոս 11։28–30; 12։18–21)։ Ինչպիսի՜ գեղեցիկ օրինակ է Հիսուսը թողել մեզ։
Համբերատարությամբ հանդուրժել մեկմեկու
Ճշմարտի հանդեպ մեծ նախանձախնդրություն ունենալու հետ մեկտեղ եկեք կիրառենք Պողոս առաքյալի խորհուրդը. «Հանդուրժելով միմեանց, ներելով միմեանց, եթէ մէկը միւսի դէմ գանգատ ունի. ինչպէս Աստուած.... ներեց ձեզ, նոյն ձեւով արէ՛ք եւ դուք» (Կողոսացիս 3։13; Մատթէոս 6։14, 15)։ Այս անկատար աշխարհում հանդուրժողական լինելու համար հարկավոր է տանել միմյանց թերություններն ու սխալները։ Հարկավոր է ողջամիտ լինել այն բանում, թե ինչ ենք ակնկալում մյուսներից (Փիլիպպեցիս 4։5, ՆԱ)։
Լինել հանդուրժող՝ բոլորովին չի նշանակում հավանություն տալ մեղք գործելուն կամ աչք փակել սխալների հանդեպ։ Թերևս, հավատակիցների մտածողության կամ վարքագծի որոշ կողմեր ինչ–որ չափով չեն ներդաշնակվում Եհովայի չափանիշներին։ Թեպետ անհատի շեղվելը գուցե այն աստիճանի չի հասնում, որ նա մերժվի Աստծուց, բայց դա կարող է ահազանգ հանդիսանալ, որ հարկավոր է որոշակի շտկումներ անել (Ծննդոց 4։6, 7)։ Սիրո ինչպիսի՜ դրսևորում է այն, որ հոգևորապես պատրաստված անձինք ձգտում են ուղղել սխալվածին հեզության ոգով (Գաղատացիս 6։1)։ Սակայն դրանում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործել հոգատարությունից մղված, և ոչ թե՝ քննադատական ոգի հանդես բերելով։
Հեզությամբ և խոր հարգանքով
Իսկ ի՞նչ կարելի է ասել համբերատար լինելու մասին այն մարդկանց հանդեպ, որոնց կրոնական հայացքները տարբերվում են մերից։ Իռլանդիայում 1831 թ.–ին հիմնադրված ազգային դպրոցների պատերին փակցվել էր «Համընդհանուր դաս» պլակատը, որտեղ ասվում էր. «Հիսուս Քրիստոսը մտադիր չէր բռնի միջոցներով իր կրոնը պարտադրել մարդկանց.... Վիճելով մեր մերձավորների հետ և պախարակելով նրանց՝ մենք նրանց չենք համոզի, որ ինքներս ճիշտ ենք, իսկ իրենք՝ սխալ։ Ավելի շուտ՝ նրանց կհամոզենք, որ մենք չունենք Քրիստոսի ոգին»։
Հիսուսը սովորեցնում և գործում էր այնպես, որ մարդիկ ձգվում էին դեպի Աստծո Խոսքը։ Նույնը պետք է մենք անենք (Մարկոս 6։34; Ղուկաս 4։22, 32; Ա Պետրոս 2։21)։ Նա՝ որպես կատարյալ մարդ, որն ուներ Աստծո կողմից տրված ինքնատիպ խորաթափանցություն, ընդունակ էր սրտեր կարդալու։ Ուստի, անհրաժեշտության դեպքում Հիսուսը կարող էր սուր քննադատության ենթարկել Եհովայի թշնամիներին (Մատթէոս 23։13–33)։ Դա նրա կողմից անհանդուրժողականության ցուցաբերում չէր։
Ի տարբերություն Հիսուսի՝ մենք չենք կարող սրտեր կարդալ։ Ուստի, հարկավոր է հետևել Պետրոս առաքյալի խորհրդին. «Տիրոջը՝ նոյն ինքը Քրիստոսին սո՛ւրբ պահեցէք ձեր սրտերում. պատրա՛ստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ [«խոր հարգանքով», ՆԱ] պատասխան տալու ամէն մարդու, որ կը հարցնի ձեր մէջ եղած յոյսի պատճառը» (Ա Պետրոս 3։15)։ Լինելով Եհովայի ծառաներ՝ մենք պետք է պաշտպանենք մեր հավատը, քանի որ այն հաստատապես հիմնված է Աստծո Խոսքի վրա։ Բայց հարկավոր է դա անել այնպես, որ միևնույն ժամանակ հարգենք ուրիշներին և նրանց համոզմունքները, որոնց նրանք անկեղծորեն հավատում են։ Պողոսը գրել է. «Ձեր խօսքը թող լինի միշտ լի.... շնորհով, որպէս թէ աղով համեմուած լինի, որպէսզի դուք իմանաք, թէ ինչպէ՛ս պէտք է պատասխան տաք իւրաքանչիւրին» (Կողոսացիս 4։6)։
Իր հանրահայտ Լեռան քարոզում Հիսուսն ասաց. «Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց» (Մատթէոս 7։12)։ Ուստի, եկեք համբերատարությամբ հանդուրժենք մեկմեկու և հարգանք ցույց տանք նրանց հանդեպ, ում քարոզում ենք բարի լուրը։ Հավասարակշռելով արդարության հանդեպ մեր նախանձախնդրությունը Աստվածաշնչով հիմնավորված հանդուրժողականության հետ՝ մենք կհաճեցնենք Եհովային և իսկապես հանդուրժող կլինենք։
[նկար 23–րդ էջի վրա]
Խուսափեք փարիսեցիների նման անհանդուրժողական լինելուց
[նկար 23–րդ էջի վրա]
Հիսուսն արտացոլեց իր Հոր հանդուրժողականությունը։ Իսկ դո՞ւք