«Զգո՛ն եղեք»
«Ամեն ինչի վերջը մոտեցել է։ ....Աղոթքների հարցում զգո՛ն եղեք» (1 ՊԵՏ. 4։7)։
1. Ինչի՞ մասին էր քարոզում Հիսուսը։
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ քարոզում էր Աստծու Թագավորության մասին։ Այդ Թագավորության միջոցով Եհովան արդարացնելու է իր գերիշխանությունը և սրբացնելու է իր անունը։ Պատահական չէ, որ Հիսուսը իր աշակերտներին սովորեցրեց այդ մասին աղոթել այսպես. «Թող գա՛ քո թագավորությունը։ Թող կատարվի՛ քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթ. 4։17; 6։9, 10)։ Շատ շուտով Թագավորությունը կվերացնի Սատանայի աշխարհը, այնուհետև կիրագործի Աստծու կամքը ողջ երկրագնդով մեկ։ Ինչպես Դանիելը մարգարեացավ, Աստծու Թագավորությունը «պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր [ներկայիս] թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դան. 2։44)։
2. ա) Ինչպե՞ս էին Հիսուսի հետևորդները իմանալու, որ նա ներկա է թագավորական իշխանությամբ։ բ) Ուրիշ ինչի՞ մասին էր վկայելու նշանը։
2 Հիսուսի հետևորդների համար Աստծու Թագավորության գալուստը շատ կարևոր էր, ուստի նրանք հարցրին. «Ո՞րն է լինելու քո ներկայության և իրերի համակարգի վախճանի նշանը» (Մատթ. 24։3)։ Քանի որ Քրիստոսի՝ թագավորական իշխանությամբ ներկայությունը անտեսանելի էր լինելու երկրի բնակիչներին, նրանց տրվելու էր տեսանելի նշան։ Այդ նշանը ունենալու էր մի շարք երեսակներ, որոնց մասին գրված է Աստվածաշնչում։ Քրիստոսի ներկայության ընթացքում նրա հետևորդները կարող էին նկատել, որ նա սկսել է իշխել երկնքում։ Նշանը նաև վկայելու էր այն մասին, որ սկսվում է մի ժամանակաշրջան, որը Աստվածաշունչը անվանում է իրերի չար համակարգի «վերջին օրեր», համակարգ, որն այժմ իշխում է ամբողջ երկրում (2 Տիմոթ. 3։1–5, 13; Մատթ. 24։7–14)։
Եղիր զգոն վերջին օրերում
3. Ինչո՞ւ քրիստոնյաները պետք է զգոն լինեին։
3 Պետրոս առաքյալը գրեց. «Ամեն ինչի վերջը մոտեցել է։ Ուրեմն ողջամի՛տ եղեք և աղոթքների հարցում զգո՛ն եղեք» (1 Պետ. 4։7)։ Հիսուսի հետևորդները պետք է զգոն լինեին և ուշադրությամբ հետևեին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք վկայելու էին, որ նա ներկա է թագավորական իշխանությամբ։ Ինչքան ամբարիշտ համակարգի վերջը ավելի մոտենար, այնքան նրանք ավելի զգոն պետք է լինեին։ Քրիստոսը իր աշակերտներին ասաց. «Արթո՛ւն եղեք, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա [դատաստան տեսնելու Սատանայի աշխարհի հետ]» (Մարկ. 13։35, 36)։
4. Տեղի ունեցող դեպքերին ինչպե՞ս են նայում՝ ա) Սատանայի աշխարհում գտնվող մարդիկ, բ) Եհովայի ծառաները (տե՛ս նաև շրջանակը)։
4 Մարդիկ Սատանայի իշխանության տակ են գտնվում և չեն հասկանում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների իրական իմաստը։ Նրանք չեն տեսնում, որ Քրիստոսը ներկա է թագավորական իշխանությամբ։ Բայց Քրիստոսի ճշմարիտ հետևորդները զգոն են և հասկանում են անցած հարյուրամյակում տեղի ունեցած դեպքերի իմաստը։ Սկսած 1925 թ.–ից՝ Եհովայի վկաները հասկացել են, որ Առաջին համաշխարհային պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները միանշանակ վկայում են, որ Քրիստոսի՝ թագավորական իշխանությամբ ներկայությունը սկսվել է 1914 թ.–ին։ Այսպիսով՝ Սատանայի իշխանության ներքո գտնվող այս չար համակարգի վերջին օրերը արդեն սկսվել են։ Բազմաթիվ ուշադիր մարդիկ պարզորոշ տեսնում են, որ Առաջին աշխարհամարտին նախորդած և հաջորդած ժամանակաշրջանների միջև ահռելի տարբերություն կա, թեև չգիտեն դրա իսկական իմաստը (տե՛ս «Փոթորկալից դարաշրջանը սկսվել է» շրջանակը)։
5. Ինչո՞ւ է անչափ կարևոր շարունակ զգոն լինել։
5 Այդ ժամանակվանից անցել է գրեթե հարյուր տարի, և այդ ընթացքում աշխարհում տեղի ունեցած սարսափելի դեպքերը փաստում են, որ ապրում ենք վերջին օրերում։ Շատ շուտով Եհովան Քրիստոսին հրաման կտա, որ նա հրեշտակների բանակով դուրս գա Սատանայի աշխարհի դեմ (Հայտն. 19։11–21)։ Աստվածաշունչը ճշմարիտ քրիստոնյաներին պատվիրում է արթուն մնալ։ Ուստի անչափ կարևոր է շարունակել արթուն մնալ, մինչ սպասում ենք այս համակարգի վերջին (Մատթ. 24։42)։ Մենք պետք է աչալուրջ լինենք և միևնույն ժամանակ Քրիստոսի առաջնորդությամբ ավարտին հասցնենք այն հատուկ աշխատանքը, որ կատարում ենք ամբողջ աշխարհում։
Համաշխարհային գործ
6, 7. Ի՞նչ առաջընթաց է ապրել Թագավորության քարոզչության գործը վերջին օրերում։
6 Եհովայի ծառաները անում են մի գործ, որը կանխագուշակված նշանի երեսակներից է։ Այդ նշանը ցույց է տալիս, որ մենք ապրում ենք այս ամբարիշտ համակարգի վերջին օրերում։ Հիսուսը, երբ թվարկեց վախճանի ժամանակները բնորոշող մի շարք բաներ, խոսեց նաև համաշխարհային մասշտաբով կատարվող այս գործի մասին։ Իր տված մարգարեության մեջ նա նաև հետևյալ ուշագրավ խոսքերն ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ բնակեցված երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթ. 24։14)։
7 Քննենք մի քանի փաստեր, որոնք կապված են Հիսուսի մարգարեության այս երեսակի հետ։ 1914 թ.–ին, երբ սկսվեցին վերջին օրերը, բարի լուրը հռչակող մարդկանց թիվը շատ փոքր էր։ Մեր օրերում այդ թիվը հսկայական է դարձել։ Ամբողջ աշխարհում կա ավելի քան 7 000 000 Եհովայի վկա, որոնք ծառայում են ավելի քան 100 000 ժողովներում։ Իսկ 2008 թ.–ին Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին Եհովայի վկաների հետ ներկա էր 10 000 000 մարդ։ Սա զգալի աճ է՝ նախորդ տարվա համեմատությամբ։
8. Ինչո՞ւ հակառակությունը չի կարող խոչընդոտ լինել քարոզչական գործի ճանապարհին։
8 Այսօր, երբ դեռ այս համակարգի վերջը չի եկել, Աստծու Թագավորության մասին բոլոր ազգերի մեջ մեծ վկայություն է տրվում։ Եվ դա չնայած այն փաստին, որ «իրերի այս համակարգի աստվածը» Սատանան է (2 Կորնթ. 4։4)։ Այս աշխարհի բոլոր քաղաքական, կրոնական և առևտրային տարրերը, ինչպես նաև պրոպագանդայի միջոցները նրա ձեռքում են։ Այդ դեպքում ինչպե՞ս է վկայության գործը նման հաջողությունների հասել։ Անշուշտ, Եհովայի աջակցությամբ։ Այսպիսով՝ Թագավորության քարոզչության գործը շարունակում է մեծ քայլերով առաջ ընթանալ՝ չնայած Սատանայի հակառակությանը։
9. Մեր հոգևոր բարգավաճումն ինչո՞ւ կարող ենք հրաշք համարել։
9 Վկայության գործի հաջողությունը, Եհովայի ժողովրդի աճն ու հոգևոր բարգավաճումը կարելի է հրաշք անվանել։ Առանց Աստծու առաջնորդության և պաշտպանության՝ քարոզչական գործը անհնար կլիներ (կարդա՛ Մատթեոս 19։26)։ Սուրբ ոգին զգոն և ծառայելու պատրաստ մարդկանց մղում է բարի լուրը քարոզելու։ Մենք կարող ենք համոզված լինել, որ այդ գործը հաջողությամբ իր ավարտին կհասնի, «և այդ ժամանակ կգա վերջը»։ Իսկ այն արագորեն մոտենում է։
«Մեծ նեղությունը»
10. Հիսուսն ինչպե՞ս նկարագրեց գալիք մեծ նեղությունը։
10 Այս չար համակարգին վերջ կդրվի «մեծ նեղությամբ» (Հայտն. 7։14)։ Աստվածաշունչը չի հայտնում, թե մեծ նեղությունը որքան կտևի, բայց ասում է, թե ինչպիսին կլինի այն։ Հիսուսն ասաց. «Այն ժամանակ մեծ նեղություն կլինի, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա և ոչ էլ երբևէ կլինի» (Մատթ. 24։21)։ Եթե հաշվի առնենք, թե ինչ նեղություն է տեսել աշխարհը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ, ըստ որոշ հաշվարկների, 50–60 միլիոն մարդ կորցրեց իր կյանքը, ապա գալիք մեծ նեղությունը իսկապես շատ սարսափելի կլինի։ Այն իր գագաթնակետին կհասնի Արմագեդոն պատերազմին։ Այդ ժամանակ Եհովան կուղարկի իր երկնային զորքերը, որպեսզի հիմնովին վերացնի Սատանայի երկրային համակարգը (Հայտն. 16։14, 16)։
11, 12. Ի՞նչ իրադարձությամբ է սկսվելու մեծ նեղությունը։
11 Աստվածաշունչը չի տեղեկացնում, թե կոնկրետ երբ է սկսվելու մեծ նեղության առաջին փուլը, սակայն ասում է, թե ինչ արտասովոր իրադարձություն է նշանավորելու նրա սկիզբը։ Դա բոլոր կեղծ կրոնների կործանումն է, ինչը կիրագործվի քաղաքական ուժերի կողմից։ Հայտնություն 17–րդ և 18–րդ գլուխներում արձանագրված մարգարեություններում կեղծ կրոնը նմանեցվում է մի պոռնիկի, որը անբարո հարաբերություններ է ունենում երկրի քաղաքական համակարգերի հետ։ Հայտնություն 17։16–ը ցույց է տալիս, որ շուտով գալու է ժամանակը, երբ այդ քաղաքական տարրերը «կատեն պոռնիկին և կամայացնեն ու կմերկացնեն նրան և կուտեն նրա մսերը ու ամբողջությամբ կայրեն նրան կրակով»։
12 Երբ ժամանակը գա, «Աստված նրանց [այսինքն՝ քաղաքական ղեկավարների] սրտում կդնի, որ իր միտքը իրագործեն», այն է՝ կործանել բոլոր կեղծ կրոնները (Հայտն. 17։17)։ Ուստի կարելի է ասել, որ այդ կործանումը Աստծուց է լինելու։ Այդպիսով նա դատաստան կտեսնի կեղծ կրոնի հետ, որը այսքան երկար ժամանակ տարածել է աստվածանարգ ուսմունքներ ու հետապնդել է Եհովայի ծառաներին։ Աշխարհը չի սպասում, որ կեղծ կրոնը կործանվի, բայց Եհովայի ծառաները սպասում են և այս վերջին օրերում մարդկանց պատմում են այդ մասին։
13. Ի՞նչն է ցույց տալիս, որ կեղծ կրոնը կկործանվի արագորեն։
13 Մարդկանց համար մեծ ցնցում կլինի կեղծ կրոնը կործանված տեսնել։ Աստվածաշնչում ասվում է, որ «երկրի թագավորներից» մի քանիսը այդ ժամանակ կասեն. «Վա՜յ, վա՜յ.... որովհետև մեկ ժամում եկավ քո դատաստանը» (Հայտն. 18։9, 10, 16, 19)։ «Մեկ ժամ» արտահայտությունը ցույց է տալիս, որ դատաստանը համեմատաբար արագ է տեղի ունենալու։
14. Ի՞նչ կանի Աստված, երբ թշնամիները հարձակվեն իր ծառաների վրա։
14 Մենք գիտենք, որ կեղծ կրոնի կործանումից որոշ ժամանակ անց հարձակում է լինելու Եհովայի ծառաների վրա, ովքեր հռչակում են Նրա դատաստանները (Եզեկ. 38։14–16)։ Հարձակվողները գործ կունենան Եհովայի հետ, ով խոստացել է պաշտպանել իր հավատարիմ ժողովրդին։ Նա, ի լուր ամենքի, ասում է. «Իմ նախանձովը՝ իմ բարկութեան կրակովը խօսեցի.... եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը [«Եհովան», ՆԱ]» (կարդա՛ Եզեկիէլ 38։18–23)։ Աստված իր Խոսքում ասում է, որ իր հավատարիմ ծառաներին դիպչողը «իր աչքերի բիբին է դիպչում» (Զաք. 2։8, ՆԱ)։ Ուստի երբ թշնամիները համընդհանուր հարձակում ձեռնարկեն Եհովայի ծառաների վրա, նա չի լռի։ Աստված գործի կանցնի, ինչը կնշանակի, որ մեծ նեղությունը մտել է ավարտական փուլ, մոտեցել է գագաթնակետին, որն է՝ Արմագեդոն պատերազմը։ Քրիստոսի գլխավորությամբ հզոր հրեշտակները կիրականացնեն Սատանայի աշխարհի վերաբերյալ Եհովայի կայացրած դատավճիռները։
Ինչպիսին պետք է լինի մեր արձագանքը
15. Ինչպե՞ս պետք է արձագանքենք՝ իմանալով, որ այս չար համակարգի վերջը մոտ է։
15 Ինչպե՞ս պետք է արձագանքենք՝ իմանալով, որ այս չար համակարգի վերջը արագորեն մոտենում է։ Պետրոս առաքյալը գրեց. «Քանի որ այս բոլոր բաները այսպես պիտի լուծվեն, ինչպիսի՜ մարդիկ դուք պետք է լինեք՝ սուրբ վարքին բնորոշ արարքներով և աստվածանվեր գործերով» (2 Պետ. 3։11)։ Այս խոսքերը շեշտում են մեր վարքին և ապրելակերպին հետևելու անհրաժեշտությունը։ Մեր վարքը պետք է համապատասխանի Աստծու պահանջներին, և մենք պետք է առատ լինենք աստվածանվեր գործերով, որոնք կարտացոլեն մեր սերը Աստծու հանդեպ։ Այդպիսի գործերից է Թագավորության բարի լուրը եռանդորեն քարոզելը, քանի դեռ վերջը չի եկել։ Պետրոսը նաև գրեց. «Ամեն ինչի վերջը մոտեցել է։ ....Աղոթքների հարցում զգո՛ն եղեք» (1 Պետ. 4։7)։ Եթե միշտ աղոթենք Եհովային և խնդրենք նրան առաջնորդել մեզ իր սուրբ ոգու և կազմակերպության միջոցով, ապա ավելի կմտերմանանք նրա հետ և ցույց կտանք, որ սիրում ենք նրան։
16. Ինչո՞ւ պետք է շատ լուրջ վերաբերվենք Աստծու խորհրդին։
16 Այս վտանգավոր ժամանակներում մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք հետևյալ խորհրդին. «Ամենայն ուշադրությամբ հետևեք, թե ինչպես եք քայլում. ոչ թե ինչպես անմիտներ, այլ ինչպես իմաստուններ՝ ձեզ համար գնելով հարմար ժամանակը, որովհետև օրերը չար են» (Եփես. 5։15, 16)։ Պատմության մեջ չարությունը այնքան տարածված չի եղել, ինչքան այսօր։ Սատանան շատ բաներ է հորինել, որ մարդիկ չիմանան և չկատարեն Եհովայի կամքը, կամ որ գոնե նրանց ուշադրությունը շեղվի նրա կամքը կատարելուց։ Մենք՝ Աստծու ծառաներս, գիտենք այդ մասին և չենք ուզում թույլ տալ, որ ինչ–որ բան թուլացնի մեր նվիրվածությունը Աստծու հանդեպ։ Նաև գիտենք, թե ինչ է տեղի ունենալու շուտով, ուստի ապավինում ենք Եհովային և համոզված ենք, որ նա կիրագործի իր նպատակները (կարդա՛ 1 Հովհաննես 2։15–17)։
17. Ի՞նչ կզգան Արմագեդոնից վերապրածները, երբ մահացածների հարությունը սկսվի։
17 Աստծու նպատակներից մեկը մահացածներին կյանքի վերադարձնելն է։ Աստվածաշնչում գրված է. «Թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործ. 24։15)։ Նկատենք, որ այս հրաշալի խոստումն արտահայտում է մեծ համոզվածություն. «Հարություն պիտի լինի»։ Այս հարցում կասկած լինել չի կարող, քանի որ խոստացողը Եհովան է։ Եսայիա 26։19–ում գրված է. «Քո մեռելները պիտի կենդանանան.... վեր կացէք եւ ցնծացէք, ով հողի բնակիչներ.... քո երկիրը դուրս պիտի գցէ ուրուականներին [«մեռելները», ԱԱ]»։ Մարգարեի խոսքերը առաջին անգամ կատարվեցին, երբ հնում Աստծու ժողովուրդը վերադարձավ հայրենիք։ Դա մեզ վստահեցնում է, որ այս խոստումը նոր աշխարհում կկատարվի բառացիորեն։ Ի՜նչ ցնծություն կլինի, երբ հարություն առածները կրկին իրենց հարազատների կողքին լինեն։ Այո՛, Սատանայի աշխարհի վախճանը մոտ է։ Մոտ է նաև Աստծու նոր աշխարհը։ Ուրեմն որքա՜ն կարևոր է շարունակ զգոն մնալ։
Հիշո՞ւմ եք
• Ինչի՞ մասին էր քարոզում Հիսուսը։
• Ի՞նչ չափերի է հասել Թագավորության քարոզչության գործը։
• Ինչո՞ւ է անչափ կարևոր զգոն լինել։
• Ինչո՞վ է քեզ համար քաջալերական Գործեր 24։15–ում գրված խոստումը։
[շրջանակ/նկար 16-րդ և 17–րդ էջերի վրա]
ՓՈԹՈՐԿԱԼԻՑ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ՍԿՍՎԵԼ Է
Ալան Գրինսպանը, որը գրեթե 20 տարի եղել է ԱՄՆ–ի Ֆեդերալ պահուստային խորհրդի (այս խորհուրդը կարգավորում է այդ երկրի կենտրոնական բանկային համակարգը) նախագահը, 2007 թ.–ին լույս ընծայեց «Փոթորկալից դարաշրջանը. արկածներ մի նոր աշխարհում» գիրքը (The Age of Turbulence։ Adventures in a New World)։ Գրքում Գրինսպանը անդրադառնում է այն ակնառու տարբերությանը, որ կա մինչև 1914 թվականը և դրանից հետո ընկած ժամանակաշրջանների միջև։
Նա գրում է. «Մինչև 1914 թ. եղած բոլոր տեղեկությունները փաստում են, որ աշխարհը այդ ժամանակներում, թվում էր, անշրջելիորեն գնում է դեպի ավելի բարձր քաղաքակրթություն. մարդկային հասարակությունը կարծես մոտ էր կատարելությանը։ Տասնիններորդ դարը վերջ դրեց գարշելի ստրկավաճառությանը։ Հրեշավոր արարքները, թվում էր, պակասում էին.... Ամբողջ տասնիններորդ դարի ընթացքում ամենուրեք գիտական հայտնագործություններ էին արվում. հայտնվեցին երկաթուղին, հեռախոսը, էլեկտրական լույսը, կինոն, ավտոմեքենան, տնային գործածության զանազան սարքեր։ Դրանք այնքան շատ են, որ բոլորը չես թվարկի։ Բժշկությունը, առողջ սնունդը, խմելու ջրի մատչելիությունը ավելացրին կյանքի միջին տևողությունը.... Տիրում էր առաջընթացի անշրջելիության համընդհանուր զգացում»։
Բայց «Առաջին աշխարհամարտը քաղաքակրթության համար ավելի կործանարար եղավ, քան Երկրորդը, թեև վերջինը ավելի ավերիչ էր մարդկային զոհերի և նյութական կորուստների առումով։ Առաջին աշխարհամարտը գաղափա՛ր ոչնչացրեց։ Առաջինի նախապատերազմյան տարիների մասին իմ տպավորությունը անջնջելի է. այդ ժամանակ ապագան թվում էր պայծառ, առաջընթացի հնարավորությունները՝ անսահմանափակ։ Այսօր մեր տեսակետը խիստ տարբերվում է այն տեսակետից, որ կար հարյուր տարի առաջ, բայց մեր տեսակետը թերևս մի փոքր ավելի իրատեսական է։ Արդյո՞ք ահաբեկչությունը, գլոբալ տաքացումը կամ վերածնված պոպուլիզմը նույն բանը կանեն կյանքի որակը բարձրացնող գլոբալիզացիայի այս դարի հետ, ինչը որ արեց Առաջին համաշխարհային պատերազմը իրեն նախորդած դարաշրջանի հետ։ Ոչ ոք չի կարող վստահ պատասխանել այս հարցին»։
Գրինսպանը ուսանողական տարիներից հիշում է տնտեսագիտության պրոֆեսոր Բենջամին Անդերսոնի (1886–1949) խոսքերը. «Ովքեր տեսել են Առաջին աշխարհամարտին նախորդած տարիները, մեծ կարոտով են հիշում դրանք։ Այն ժամանակ կար ապահովության զգացում։ Դրանից հետո այն անհետացավ» (Economics and the Public Welfare)։
Նման եզրակացության է հանգում նաև Ջ. Մեյերը 2006 թ.–ին լույս տեսած իր գրքում. «Հաճախ ասում են, որ պատմական իրադարձությունները փոխում են ամեն ինչ։ Առաջին աշխարհամարտը այդպիսի իրադարձություն էր։ Պատերազմն իսկապես փոխեց ամեն ինչ՝ ոչ միայն սահմանները, ոչ միայն կառավարությունները և ազգերի ճակատագրերը, այլև մարդկանց հայացքները. նրանք սկսեցին բոլորովին ուրիշ աչքերով նայել աշխարհին և իրենց։ Առաջին համաշխարհային պատերազմը դարձավ ժամանակային անջրպետ՝ հետպատերազմյան աշխարհը մշտապես կտրելով այն ամենից, ինչ եղել էր մինչ այդ» (A World Undone)։
[նկար 18-րդ էջի վրա]
Եհովայի երկնային հզոր զորքերը Արմագեդոնին գործի կանցնեն