ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 5
«Քրիստոսի ունեցած սերն է մղում մեզ»
«Քրիստոսի ունեցած սերն է մղում մեզ.... որպեսզի նրանք, ովքեր ապրում են, այլևս ոչ թե իրենց համար ապրեն, այլ նրա համար, ով մահացավ իրենց համար ու հարություն առավ» (2 ԿՈՐՆԹ. 5։14, 15)։
ԵՐԳ 13 Քրիստոսը մեր օրինակն է
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1-2. ա) Ի՞նչ զգացումներ գուցե ունենանք՝ խորհրդածելով Հիսուսի կյանքի և ծառայության շուրջ։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
ԵՐԲ մահը խլում է մեր հարազատներից մեկին, մենք շատ ենք կարոտում նրան։ Սկզբում գուցե միայն ցավ ենք զգում, երբ հիշում ենք նրա կյանքի վերջին օրերը, հատկապես եթե մեր սիրելին տառապել է մահանալուց առաջ։ Բայց որոշ ժամանակ անց, երբ հիշում ենք, թե նա ինչեր է սովորեցրել մեզ, ինչեր է ասել ու արել մեզ քաջալերելու և ժպիտ պարգևելու համար, մեր սիրտը ուրախությամբ է լցվում։
2 Նմանապես, մենք տխրում ենք, երբ կարդում ենք Հիսուսի տառապանքների և մահվան մասին։ Հիշատակի երեկոյի շրջանում մենք հատուկ ժամանակ ենք տրամադրում, որ խորհենք նրա տված քավիչ զոհի կարևորության մասին (1 Կորնթ. 11։24, 25)։ Բայց մենք նաև մեծ ուրախությամբ ենք լցվում, երբ մտածում ենք, թե ինչեր է Հիսուսն արել ու ասել երկրի վրա եղած ժամանակ։ Բացի այդ՝ մենք անչափ քաջալերվում ենք, երբ մտածում ենք, թե ինչեր է նա անում մեզ համար այժմ և ինչեր է անելու ապագայում։ Եթե խորհրդածենք այս ամենի, ինչպես նաև մեր հանդեպ ունեցած Հիսուսի սիրո շուրջ, կմղվենք գործնական կերպերով արտահայտելու մեր երախտագիտությունը, ինչի մասին և կխոսենք այս հոդվածում։
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՂՈՒՄ Է ՀԱՎԱՏԱՐՄՈՐԵՆ ՀԵՏԵՎԵԼ ՀԻՍՈՒՍԻՆ
3. Փրկագնի համար երախտագետ լինելու ի՞նչ պատճառներ ունենք։
3 Մեր սրտերը գնահատանքով են լցվում, երբ մտածում ենք Հիսուսի կյանքի ու մահվան շուրջ։ Երկրի վրա եղած ժամանակ նա մարդկանց պատմում էր Աստծու Թագավորության և այն օրհնությունների մասին, որ բերելու է այդ Թագավորությունը։ Անկասկած, շատ ուրախ ենք, որ գիտենք այդ ճշմարտությունները։ Մենք երախտապարտ ենք Հիսուսի տված փրկագնի համար, քանի որ այն հնարավորություն է տալիս մտերիմ փոխհարաբերություններ ունենալ Եհովայի և Հիսուսի հետ։ Բացի այդ՝ նրանք, ովքեր հավատում են Հիսուսին, հույս ունեն հավիտյան ապրելու և կրկին տեսնելու իրենց մահացած հարազատներին (Հովհ. 5։28, 29; Հռոմ. 6։23)։ Մենք ոչինչ չենք արել, որ արժանանանք այս օրհնություններին, և երբեք չենք կարողանա փոխհատուցել Աստծուն և Քրիստոսին այն ամենի դիմաց, ինչ նրանք արել են մեզ համար (Հռոմ. 5։8, 20, 21)։ Բայց կարող ենք մեր խոր գնահատանքը արտահայտել նրանց հանդեպ։ Տեսնենք, թե ինչպես։
4. Ինչպե՞ս Մարիամ Մագդաղենացին ցույց տվեց իր երախտագիտությունը Հիսուսի հանդեպ (տես նկարը)։
4 Քննենք մի հրեա կնոջ՝ Մարիամ Մագդաղենացու օրինակը։ Նա տանջվում էր, քանի որ յոթ դևեր չարչարում էին նրան։ Հավանաբար Մարիամը մտածում էր, որ անելանելի վիճակում է, ուստի պատկերացրու, թե որքան երախտապարտ էր Հիսուսին, երբ վերջինս ազատեց իրեն դիվային ազդեցությունից։ Երախտագիտությունը մղեց նրան դառնալու Հիսուսի հետևորդը և իր ժամանակը, ուժերը և ունեցվածքը օգտագործելու, որ թիկունք կանգնի այն գործին, որ Հիսուսն անում էր (Ղուկ. 8։1-3)։ Անկասկած, Մարիամը շատ թանկ էր գնահատում Հիսուսի դրսևորած բարությունը, բայց նա թերևս չգիտեր, որ ապագայում Հիսուսը շատ ավելին էր անելու։ Հանուն մարդկության նա զոհելու էր իր կյանքը, «որպեսզի ամեն ոք, ով հավատ դրսևորեր նրա հանդեպ», կարողանար հավիտյան ապրել (Հովհ. 3։16)։ Այնուամենայնիվ, Մարիամը ցույց տվեց իր երախտագիտությունը Հիսուսի հանդեպ՝ նրան հավատարիմ մնալով։ Երբ Հիսուսը ցցին գամված տանջվում էր, Մարիամն այնտեղ էր և էմոցիոնալ աջակցություն էր ցուցաբերում նրան ու մյուսներին (Հովհ. 19։25)։ Իսկ Հիսուսի մահից հետո Մարիամը և երկու այլ կանայք հոտավետ խոտեր էին գնել, որպեսզի գնային գերեզման և Հիսուսի մարմինը պատրաստեին թաղման համար (Մարկ. 16։1, 2)։ Մարիամը մեծապես վարձատրվեց իր հավատարմության համար։ Հարություն առնելուց հետո Հիսուսը հայտնվեց նրան և խոսեց նրա հետ։ Աշակերտներից քչերը նման պատիվ ունեցան (Հովհ. 20։11-18)։
5. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը Եհովայի ու Հիսուսի արածների համար։
5 Մենք նույնպես կարող ենք մեր երախտագիտությունը արտահայտել Եհովայի ու Հիսուսի հանդեպ՝ օգտագործելով մեր ժամանակը, ուժերն ու ֆինանսական միջոցները Թագավորության գործն առաջ տանելու համար։ Օրինակ՝ կարող ենք մասնակցել աստվածապետական շինություններ կառուցելու և դրանք տեխսպասարկելու աշխատանքներին։
ԵՀՈՎԱՅԻ ԵՎ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ ՄՂՈՒՄ Է ՍԻՐԵԼՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ
6. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ փրկագինը նվեր է, որը տրվել է մեզանից յուրաքանչյուրին։
6 Երբ մտածում ենք, թե որքան շատ են Եհովան ու Հիսուսը սիրում մեզ, մղվում ենք սիրելու նրանց (1 Հովհ. 4։10, 19)։ Նրանց հանդեպ ունեցած մեր սերը ավելի է խորանում, երբ հասկանում ենք, որ Հիսուսը մահացել է անձամբ մեզ համար։ Պողոս առաքյալը գիտակցում էր դա և արտահայտեց իր գնահատանքը՝ գաղատացիներին գրելով. «Աստծու Որդին.... սիրեց ինձ և իր անձը տվեց ինձ համար» (Գաղ. 2։20)։ Փրկագնի հիման վրա Եհովան ձգել է քեզ դեպի իրեն և հնարավորություն է տվել դառնալու իր ընկերը (Հովհ. 6։44)։ Մի՞թե սիրտդ չի ջերմանում այն մտքից, որ Եհովան ինչ-որ լավ բան է տեսել քո մեջ և ամենաթանկ գինն է վճարել, որպեսզի կարողանաս իր ընկերը լինել։ Մի՞թե դա չի խորացնում քո սերը Եհովայի և Հիսուսի հանդեպ։ Լավ կլինի՝ մտածենք հետևյալ հարցի շուրջ. «Ի՞նչ անելու է ինձ մղում այդ սերը»։
7. Ինչպես երևում է նկարից, ի՞նչ ձևով կարող ենք արտահայտել մեր սերը Եհովայի և Հիսուսի հանդեպ (2 Կորնթացիներ 5։14, 15; 6։1, 2)։
7 Աստծու և Քրիստոսի հանդեպ սերը մղում է մեզ, որ սիրենք մարդկանց (կարդա 2 Կորնթացիներ 5։14, 15; 6։1, 2)։ Դա անելու կերպերից մեկը քարոզչական գործին ակտիվորեն մասնակցելն է։ Մենք զրուցում ենք բոլորի հետ՝ անկախ նրանց ռասայական կամ ազգային պատկանելությունից, ֆինանսական դրությունից և սոցիալական կարգավիճակից։ Այդպես մենք վարվում ենք Եհովայի նպատակին ներդաշնակ, համաձայն որի՝ «ամեն տեսակ մարդիկ [պետք է] ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթ. 2։4)։
8. Ինչպե՞ս կարող ենք սեր դրսևորել մեր եղբայրների ու քույրերի հանդեպ։
8 Մենք կփաստենք, որ սիրում ենք Աստծուն և Քրիստոսին, եթե սեր դրսևորենք մեր եղբայրների ու քույրերի հանդեպ (1 Հովհ. 4։21)։ Իսկ դա կարող ենք անել, եթե հետաքրքրվենք նրանցով, և օգնենք, երբ դժվարությունների միջով են անցնում։ Երբ նրանց հարազատներից մեկը մահանում է, մենք պետք է մխիթարենք նրանց, երբ հիվանդ են լինում՝ այցելենք, իսկ երբ վհատված են՝ ամեն կերպ ջանանք քաջալերել (2 Կորնթ. 1։3-7; 1 Թեսաղ. 5։11, 14)։ Բացի այդ՝ պետք է շարունակ աղոթենք նրանց համար, քանի որ գիտենք, որ «արդար մարդու աղաչանքը իր ազդեցությամբ մեծ ուժ ունի» (Հակ. 5։16)։
9. Ուրիշ ինչպե՞ս կարող ենք փաստել, որ սիրում ենք մեր հավատակիցներին։
9 Հավատակիցների հանդեպ մեր սերը կարող ենք արտահայտել նաև, եթե ամեն ջանք թափենք, որպեսզի խաղաղ փոխհարաբերությունների մեջ լինենք նրանց հետ։ Մենք ձգտում ենք ընդօրինակել Եհովայի ներողամտությունը։ Եթե Եհովան պատրաստ էր զոհել իր Որդուն մեր մեղքերի համար, մի՞թե մենք էլ չպետք է պատրաստակամորեն ներենք մեր հավատակիցներին, երբ նրանք մեղք են գործում մեր դեմ։ Մենք չենք ցանկանում նմանվել Հիսուսի առակներից մեկում նշված չար ծառային։ Թեև նրա տերը ներել էր նրա հսկայական պարտքը, բայց նա չցանկացավ ներել իր ծառայակցին, ով համեմատաբար քիչ գումար էր պարտք իրեն (Մատթ. 18։23-35)։ Եթե ժողովում ինչ-որ մեկի հետ տարաձայնություն ունես, կարո՞ղ ես նախաձեռնություն վերցնել և նախքան Հիշատակի երեկոն խաղաղություն հաստատել նրա հետ (Մատթ. 5։23, 24)։ Այդպես վարվելով՝ ցույց կտաս, թե որքան խորն է քո սերը Եհովայի և Հիսուսի հանդեպ։
10-11. Երեցներն ինչպե՞ս կարող են սեր ցուցաբերել Եհովայի և Հիսուսի հանդեպ (1 Պետրոս 5։1, 2)։
10 Իսկ ինչպե՞ս կարող են երեցները սեր ցուցաբերել Եհովայի և Հիսուսի հանդեպ։ Կարևոր կերպերից մեկը Հիսուսի գառների մասին հոգ տանելն է (կարդա 1 Պետրոս 5։1, 2)։ Հիսուսը դա հստակ ցույց տվեց Պետրոս առաքյալի հետ խոսելիս։ Հիսուսին երեք անգամ ուրանալուց հետո Պետրոսը ամեն կերպ ձգտում էր փաստել, որ սիրում է նրան։ Հարություն առնելուց հետո Հիսուսը Պետրոսին հարցրեց. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ»։ Մենք կարող ենք համոզված լինել, որ Պետրոսը ամեն բան կաներ, որպեսզի ցույց տար, որ սիրում է իր Տիրոջը։ Հիսուսն ասաց նրան. «Հովվի՛ր իմ գառնուկներին» (Հովհ. 21։15-17)։ Մինչև իր կյանքի վերջը Պետրոսը քնքշորեն հոգ տարավ իր Տիրոջ գառների մասին՝ փաստելով, որ սիրում է նրան։
11 Սիրելի՛ երեցներ, ինչպե՞ս կարող եք Հիշատակի երեկոյի շրջանում փաստել, որ լուրջ եք վերաբերվում Պետրոսին ուղղված Հիսուսի խոսքերին։ Դուք կփաստեք, որ սիրում եք Եհովային և Հիսուսին, եթե կանոնավորաբար մասնակցեք հովվելու գործին և հատուկ ջանքեր թափեք, որպեսզի օգնեք ոչ ակտիվներին վերադառնալ Եհովայի մոտ (Եզեկ. 34։11, 12)։ Նաև կարող եք Հիշատակի երեկոյին անձնական հետաքրքրություն ցույց տալ Աստվածաշունչ ուսումնասիրողների, ինչպես նաև նրանց հանդեպ, ովքեր առաջին անգամ են ներկա լինում այդ միջոցառմանը՝ ձգտելով այնպես անել, որ Հիսուսի այդ ապագա աշակերտները իրենց օտար չզգան։
ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ ՄՂՈՒՄ Է ՔԱՋ ԼԻՆԵԼՈՒ
12. Ինչո՞ւ է Հիսուսի խոսքերի շուրջ խորհրդածելը մեզ քաջությամբ լցնում (Հովհաննես 16։32, 33)։
12 Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին» (կարդա Հովհաննես 16։32, 33)։ Ի՞նչն օգնեց Հիսուսին, որ չնայած թշնամիների սպառնալիքներին՝ քաջ լինի և մինչև մահ հավատարիմ մնա։ Եհովային ապավինելը։ Իմանալով, որ իր հետևորդները նմանատիպ փորձությունների են բախվելու՝ Հիսուսը խնդրեց Եհովային, որ պահպանի նրանց (Հովհ. 17։11)։ Ինչո՞ւ է սա իմանալը քաջությամբ լցնում մեզ։ Քանի որ Եհովան մեր թշնամիներից շատ ավելի զորեղ է (1 Հովհ. 4։4)։ Ոչինչ չի վրիպում նրա աչքից։ Մենք համոզված ենք, որ եթե ապավինենք նրան, կկարողանանք հաղթահարել մեր վախերը և քաջ լինել։
13. Ինչպե՞ս արիմաթեացի Հովսեփը քաջություն դրսևորեց։
13 Քննենք արիմաթեացի Հովսեփի օրինակը։ Նա հրեաների շրջանում շատ հարգված մարդ էր։ Հովսեփը Սինեդրիոնի՝ հրեական գերագույն ատյանի անդամ էր։ Սակայն Հիսուսի երկրային կյանքի ընթացքում նա աչքի չէր ընկնում քաջությամբ։ Հովհաննեսը գրել է, որ նա «Հիսուսի աշակերտներից էր (բայց դա գաղտնի էր պահում, քանի որ վախենում էր հրեաներից)» (Հովհ. 19։38)։ Թեև Հովսեփը հետաքրքրված էր Թագավորության մասին լուրով, բայց մյուսներից թաքցնում էր, որ հավատում է Հիսուսին։ Հավանաբար նա վախենում էր, որ կկորցնի հասարակության մեջ ունեցած իր պատվավոր դիրքը։ Բայց Աստվածաշնչում կարդում ենք, որ Հիսուսի մահից հետո Հովսեփը վերջապես քաջությամբ լցվեց և «համարձակվեց Պիղատոսի մոտ մտնել ու նրանից խնդրեց Հիսուսի մարմինը» (Մարկ. 15։42, 43)։ Նա այլևս չէր փորձում թաքցնել, որ Հիսուսի աշակերտներից է։
14. Ի՞նչ պետք է անես, եթե վախենում ես մարդկանցից։
14 Եղե՞լ է այնպես, որ Հովսեփի նման դու էլ վախենաս մարդկանցից։ Երբեմն վարանո՞ւմ ես դպրոցում կամ աշխատավայրում ասել, որ Եհովայի վկա ես։ Հապաղո՞ւմ ես քարոզիչ դառնալ կամ մկրտվել, քանի որ անհանգստանում ես, թե ուրիշները ինչ կմտածեն քո մասին։ Թույլ մի՛ տուր, որ նման զգացումները հետ պահեն քեզ ճիշտն անելուց։ Ջերմեռանդորեն աղոթիր Եհովային և խնդրիր, որ քեզ քաջություն տա անելու իր կամքը։ Երբ տեսնես, թե ինչպես է Եհովան պատասխանում աղոթքներիդ, զորությամբ ու քաջությամբ կլցվես (Ես. 41։10, 13)։
ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՄՂՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԴԱԴԱՐԻ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԵՀՈՎԱՅԻՆ
15. Հիսուսի աշակերտների ուրախությունը ի՞նչ անելու մղեց նրանց (Ղուկաս 24։52, 53)։
15 Աշակերտները շատ տխրեցին, երբ Հիսուսը մահացավ։ Մի պահ պատկերացրու քեզ նրանց իրավիճակում։ Նրանք ոչ միայն կորցրել էին իրենց սիրելի ընկերոջը, այլ նաև ասես կորցրել էին իրենց հույսը (Ղուկ. 24։17-21)։ Բայց Հիսուսը հայտնվեց նրանց և օգնեց հասկանալ իր դերը աստվածաշնչյան մարգարեությունների կատարման մեջ։ Բացի այդ՝ նա նրանց մի կարևոր հանձնարարություն տվեց (Ղուկ. 24։26, 27, 45-48)։ Սակայն երբ 40 օր հետո Հիսուսը համբարձվեց երկինք, աշակերտների տխրությունը վերածվեց ուրախության։ Այն բանի գիտակցումը, որ իրենց Տերը ողջ է և պատրաստ է օգնել, որ կատարեն իրենց նոր հանձնարարությունը, նրանց մեծ ուրախությամբ լցրեց։ Այդ ուրախությունն էլ մղեց, որ նրանք առանց դադարի փառաբանեն Եհովային (կարդա Ղուկաս 24։52, 53; Գործ. 5։42)։
16. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսի աշակերտներին։
16 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսի աշակերտներին։ Մենք կարող ենք ուրախություն գտնել Եհովային պաշտելու մեջ ոչ միայն Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շաբաթներին, այլև ողջ տարվա ընթացքում։ Դրա համար մենք պետք է Աստծու Թագավորությունը մեր կյանքում առաջնային դարձնենք։ Օրինակ՝ շատերը այնպես են հարմարեցրել իրենց աշխատանքային գրաֆիկը, որ կանոնավորաբար մասնակցեն ծառայությանը, հաճախեն ժողովի հանդիպումներին և ընտանեկան երկրպագություն անեն։ Որոշ հավատակիցներ նույնիսկ հրաժարվել են այնպիսի իրերից, որոնք ոմանց կարծիքով՝ անհրաժեշտություն են։ Նրանք դա արել են, որպեսզի կարողանան ավելի օգտակար լինել ժողովի համար և ծառայեն այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Թեև Եհովային շարունակաբար ծառայելու համար տոկունություն է պետք, բայց նա խոստանում է առատապես օրհնել մեզ, եթե Թագավորության շահերը առաջնային համարենք մեր կյանքում (Առակ. 10։22; Մատթ. 6։32, 33)։
17. Ի՞նչ ես վճռել անել Հիշատակի երեկոյի շրջանում (տես նկարը)։
17 Անհամբերությամբ սպասում ենք, որ այս տարի ապրիլի 4-ին՝ երեքշաբթի, միասին նշենք Հիշատակի երեկոն։ Այդուհանդերձ, կարիք չկա սպասելու այդ ժամանակին և հետո միայն խորհելու Հիսուսի կյանքի և մահվան շուրջ, ինչպես նաև այն սիրո, որ Եհովան ու Հիսուսը ցուցաբերել են մեր հանդեպ։ Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շաբաթների ընթացքում ամեն առիթ օգտագործիր, որ խորհրդածես դրա շուրջ։ Օրինակ՝ ժամանակ հատկացրու, որպեսզի կարդաս ու մտածես այն դեպքերի մասին, որոնք նշված են «Աստծու Խոսքի ուսումնասիրության ուղեցույցում» (մաս 16)։ Հիսուսի կյանքի մասին ընթերցելիս ուշադրություն դարձրու աստվածաշնչյան այն հատվածներին, որոնք կխորացնեն երախտագիտությունդ և սերդ, ինչպես նաև կավելացնեն քո քաջությունն ու ուրախությունը։ Այնուհետև մտածիր այն մասին, թե կոնկրետ ինչ կերպերով կարող ես արտահայտել երախտագիտությունդ։ Համոզված եղիր, որ Հիսուսը շատ բարձր կգնահատի այն ամենը, ինչ անում ես Հիշատակի երեկոյի շրջանում իրեն հիշելու համար (Հայտն. 2։19)։
ԵՐԳ 17 «Ուզո՛ւմ եմ»
a Մեզ հորդոր է տրվում Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շաբաթներին խորհել Հիսուսի կյանքի, մահվան և այն սիրո մասին, որ նա և նրա Հայրը ցուցաբերել են մեր հանդեպ։ Այդպես վարվելը կարող է մեզ գործերի մղել։ Հոդվածից կիմանանք, թե որ գործնական կերպերով կարող ենք արտահայտել մեր գնահատանքը փրկագնի համար և դրսևորել մեր սերը Եհովայի ու Հիսուսի հանդեպ։ Նաև կտեսնենք, թե ինչը կարող է մղել մեզ, որ սիրենք մեր եղբայրներին ու քույրերին, քաջ լինենք և ուրախություն ստանանք մեր ծառայությունից։