Հաճույքով ընթերցիր Աստծո Խոսքը
ԵՐՋԱՆԻԿ է այն մարդը, որի «հաճութիւնը Աստուծոյ օրէնքին մէջ է» (Արևմտ. Աստ.)։ Այդպիսի անհատը «ցերեկ ու գիշեր.... մտածում [«կարդում», ՆԱ]» է Աստծո Խոսքը (Սաղ. 1։1, 2)։ Իսկ քեզ համար հաճելի՞ է Աստծո Խոսքը կարդալը։ Ինչպե՞ս կարելի է ավելի մեծ ուրախություն ստանալ Աստծո Խոսքից։
Լսիր, երբ Եհովան խոսում է
Ընթերցել Աստվածաշունչը չի նշանակում պարզապես կարդալ այնտեղ գրված բառերը։ Փորձիր մտովի պատկերացնել այն, ինչ որ կարդում ես։ Աստվածաշնչում հիշատակվող անձանց խոսքերն ընթերցելիս մի պահ պատկերացրու, թե լսում ես նրանց ձայնը։ Օրինակ՝ երբ կարդում ես Սուրբ Գրքի առաջին գլուխները, «լսիր», թե ինչպես է Եհովան անձամբ մեկ առ մեկ ներկայացնում իր արարչությունը՝ այն ամենը, ինչ որ նա արել է, որպեսզի երկիրը պատրաստ լիներ մարդկային կյանքի համար։ «Լսիր»՝ ինչպես է նա դիմում իր Որդուն՝ ասելով, որ ժամանակն է ստեղծել առաջին մարդուն։ Մտովի տեղափոխվիր Եդեմի պարտեզ և «տես», թե ինչպես են Ադամն ու Եվան ապստամբում, ինչպես է Աստված կայացնում նրանց դատավճիռը, իսկ այնուհետև դուրս հանում Դրախտից («Ծննդոց», գլուխ 1–3)։ Փորձիր պատկերացնել ակնածանք ներշնչող ձայնը, որ հնչեց երկնքից՝ Հիսուս Քրիստոսին ներկայացնելով որպես Աստծո սիրելի Որդին, որին Աստված ուղարկել էր երկիր՝ զոհելու կյանքը հանուն մարդկության (Մատթ. 3։16, 17)։ Պատկերացրու Հովհաննես առաքյալի արձագանքը, երբ նա լսեց Եհովայի հայտարարությունը. «Ահա ամեն բան նոր եմ անում» (Յայտն. 21։5)։ Իրոք որ, Աստծո Խոսքն այսպես կարդալը մեծ բավականություն կարող է պատճառել։
Շարունակիր ընթերցել ներշնչյալ Գրությունները և դու կճանաչես Աստծուն՝ իբրև մի հրաշալի և ակնածանք ներշնչող անձնավորության։ Քեզ շատ մտերիմ կզգաս նրան՝ տեսնելով, որ նա սիրում է մեզ և գթասրտորեն վերաբերվում, օգնում է, երբ ջանք չենք խնայում՝ կատարելու նրա կամքը։ Նա մեզ ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք հաջողության հասնել մեր բոլոր գործերում (Յեսու 1։8; Սաղ. 8։1; Ես. 41։10)։
Որքան շատ ժամանակ տրամադրես Աստվածաշնչի ընթերցանությանը, այնքան բավարարվածության ավելի մեծ զգացում կունենաս, քանի որ ավելի խորությամբ կըմբռնես Աստծո կամքը։ Սակայն Աստծո Խոսքի ընթերցանությունից ստացած ուրախությունը այդքանով չի սահմանափակվում։ Երբ տեսնես, որ ընթերցանության շնորհիվ կարողանում ես իմաստությամբ դիմագրավել կյանքի խնդիրները, գուցե դու էլ ապրես նույն այն զգացումը, որ ուներ սաղմոսերգուն. «Քո վկայութիւնները զարմանալի են. սորա համար իմ անձը պահում է նորանց» (Սաղ. 119։129)։ Նաև ուրախություն կստանաս, երբ Աստվածաշնչում հանդիպես այնպիսի սկզբունքների, որոնք կօգնեն քեզ աստվածահաճո ուղղություն տալ մտքերիդ ու ցանկություններիդ (Ես. 55։8, 9)։
Աստվածաշունչը պարունակում է բարոյական չափանիշներ, որոնցով առաջնորդվելը կօգնի զերծ մնալ վնասվելուց ու ընթանալ ճիշտ ճանապարհով։ Այն կարդալով՝ մենք հասկանում ենք, որ Եհովան այնպիսի Հայր է, որը գիտի, թե ինչ հետևանքներ է ունենում անկատար մարմնի ցանկություններին տրվելը։ Նա բնավ չի ուզում, որ մենք տառապենք այն ծանր ու անխուսափելի հետևանքներից, որ իր հետ բերում է բարոյական բարձր չափանիշներն արհամարհելը։ Եհովան հոգ է տանում մեր մասին և ցանկանում է, որ մենք կյանքի լավագույն ուղին ընտրենք։ Ընթերցելով նրա Խոսքը՝ մենք ավելի լավ կհասկանանք, թե ինչ մեծ օրհնություն է նրա նման Աստված ու երկնային Հայր ունենալը։
Աստվածաշունչն ընթերցիր ամեն օր
Խոսելով այն մարդու մասին, որն Աստծո Խոսքը կարդում է ամեն օր՝ սաղմոսերգուն ասաց. «Ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան» (Սաղ. 1։3)։ Այո, չնայած այն բանին, որ անկատար ենք, որ ապրում ենք Սատանայի իշխանության տակ գտնվող իրերի այս չար համակարգում, և որ Բանսարկուն ամեն կերպ ջանում է խորտակել մեզ, Աստծո Խոսքը կանոնավորաբար ընթերցելու և մեր կարդացածը կիրառելու շնորհիվ հաջողություն կգտնենք այն ամենում, ինչ վերաբերում է Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերություններին։
Քանի որ իրերի այս համակարգը մեծ ճնշում է բանեցնում մեզ վրա, ուստի Արարչի մտքերն ընթերցելուն օրական գեթ մի քանի րոպե տրամադրելով՝ մենք մեծ ուժ կստանանք։ Օրինակ՝ շատերն իրենց հավատի համար բանտարկության մեջ գտնվելիս կարողացել են ձեռք գցել միայն թերթերի հոդվածներում մեջբերված սուրբգրային կրճատ համարներ։ Նրանք կտրատում էին այդ հատվածները, անգիր անում և խորհրդածում դրանց շուրջ։ Եհովան օրհնում էր նրանց ջանքերը, որովհետև նրանք իրենց հնարավորության սահմաններում ամեն բան անում էին, որպեսզի Աստծո Խոսքից գիտելիքներ ձեռք բերեն (Յովհ. 17։3)։ Ինչ խոսք, այսօր մեզանից շատերի հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ են։ Իհարկե, ճիշտ չի լինի եզրակացնել, թե ամեն օր Աստվածաշնչից մի համար հապճեպ կարդալն ինքնին հրաշագործ ազդեցություն կունենա։ Բայցևայնպես այդ օրհնությունները կստանանք, եթե մեր առօրյայում անհրաժեշտ փոփոխություններ մտցնենք, որպեսզի կարողանանք Աստվածաշնչից ամեն օր մի հատված կարդալ, խորհել կարդացածի շուրջ և հետագայում կիրառել այն կյանքում։
Չի բացառվում, որ մեր կազմած պլանները երբեմն ձախողվեն։ Նման իրավիճակներում մենք պետք է պատրաստ լինենք առաջնային կարևորությունը տալ այն գործերին, որոնք իսկապես կարևոր են։ Օրինակ՝ դժվար թե մեզանից որևէ մեկը դիտմամբ մի քանի օրով զրկեր իրեն ջուր խմելու հնարավորությունից։ Ուրեմն՝ անկախ այն բանից, թե ինչ տեղի կունենա մեր ամենօրյա կյանքում, եկեք կոնկրետ ժամանակ տրամադրենք՝ ճշմարտության ջրերից թարմություն ստանալու (Գործք 17։11)։
Կարդա Աստծո Խոսքն ամբողջությամբ
Աստվածաշունչն ամբողջությամբ կարդացե՞լ ես։ Ոմանց առաջին հայացքից վախեցրել է Աստվածաշունչը «Ծննդոց» գրքից մինչև «Յայտնութիւն» կարդալու միտքը։ Այդ պատճառով էլ շատերը, ցանկանալով կարդալ այն ամբողջությամբ, սկսել են Քրիստոնեական Հունարեն Գրություններից։ Ինչո՞ւ։ Գուցե պատճառն այն է եղել, որ, նրանց կարծիքով, այդպես ավելի հեշտ կլիներ տեսնել, թե ինչպես կարելի է Աստվածաշնչի այդ հատվածը կիրառել իրենց անձնական կյանքում՝ Քրիստոսի հետքերով գնալու համար։ Կամ հնարավոր է՝ պատճառը եղել է այն, որ Քրիստոնեական Հունարեն Գրությունները այդքան էլ ծավալուն չեն, քանի որ կազմում են ամբողջ Աստվածաշնչի մեկ չորրորդ մասից մի քիչ ավելին։ Սակայն ավարտելով Աստվածաշնչի այդ հատվածում ընդգրկված 27 գրքերի ընթերցանությունը՝ նրանք անդրադարձել են Եբրայերեն Գրությունների 39 գրքերին, սկսել դրանք կարդալ և հաճույք են ստացել իրենց ընթերցանությունից։ Ավարտելուց հետո նրանք արդեն Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանության ծրագիր են ունեցել, ուստի և շարունակել են կարդալ Աստծո Խոսքը՝ երկրորդ անգամ սկսելով դարձյալ Հունարեն Գրություններից. այսպիսով նրանք երբեք կանգ չեն առել։ Դու էլ կարող ես Աստծո Խոսքի ամենօրյա ընթերցանությունը դարձնել քո կյանքի կարևոր սովորություններից մեկը։
Ձեր ընտանիքում կամ ժողովում կա՞ այնպիսի անձնավորություն, որն ի վիճակի չէ կարդալու։ Եթե կա, ապա կարող ես նրան առաջարկել քո օգնությունը՝ կանոնավորաբար կարդալ Աստվածաշունչը նրա համար։ Այդպիսի ընթերցանությունն օգտակար կլինի ոչ միայն քեզ համար, այլ նաև նրա, քանի որ նա կկարողանա մտորել իր լսածի շուրջ և կիրառել այն իր կյանքում (Յայտն. 1։3)։
Ժամանակի ընթացքում գուցե ցանկանաս կազմել Աստվածաշնչի ընթերցանության հատուկ ծրագրեր, և ընթերցել այդ ծրագրերի համաձայն։ Դրանցից մի քանիսը կարող են օգնել, որ Աստվածաշնչի առանձին հատվածների միջև եղած կապը ավելի լավ հասկանաս։ Եթե քո Աստվածաշնչում կան տողատակի ծանոթագրություններ, այնտեղ կգտնես պատմական նշանակություն ունեցող մանրամասնություններ կամ էլ զուգահեռ արձանագրություններ։ Դրանք կօգնեն քեզ հասկանալ, թե ինչ հանգամանքներում են գրվել որոշ սաղմոսներ, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի առաքյալների նամակները։ «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանը առատ ու մանրամասն տեղեկություններ է պարունակում Աստվածաշնչում հիշատակված վայրերի, անձանց, ինչպես նաև՝ այս կամ այն հատկության մասին։ Գրքում տեղ գտած աղյուսակներն ուշադրություն են հրավիրում աստվածաշնչյան մարգարեությունների կատարման վրա, ցույց են տալիս, թե որ թագավորներն ու մարգարեներն են եղել ժամանակակիցներ, և հայտնում են Աստվածաշնչում արձանագրված շատ իրադարձությունների կատարման մոտավոր թվականները։
Խորհելով քո ուսումնասիրած նյութի շուրջ՝ կհասկանաս, թե ինչ պատճառներով է Աստծո ժողովուրդը հայտնվել այս կամ այն իրավիճակում։ Կիմանաս նաև, թե ինչու է Եհովան իր ժողովրդի հետ այս կամ այն կերպ վարվել։ Կտեղեկանաս կառավարությունների, ազգերի և առանձին անհատների գործելակերպի վերաբերյալ Աստծո տեսակետին։ Այս ամենը կօգնի քեզ ավելի խորը ըմբռնել Եհովայի մտքերը։
Աստվածաշնչյան պատմությունները քեզ համար ավելի հետաքրքիր կլինեն, եթե փորձես պատկերացնել այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել դեպքերը։ Քարտեզի վրա կարող ես գտնել տեղանքները, որոնց մասին հիշատակվում է Աստվածաշնչում, փորձել պատկերացնել տարբեր վայրերի միջև եղած հեռավորությունները։ Օրինակ՝ Կարմիր ծովի մոտավորապես ո՞ր հատվածում իսրայելացիներն անցան ծովը։ Ինչպիսի՞ն էին Ավետյաց երկրի տարածական չափերը։ Ի՞նչ տարածություն կտրեց–անցավ Հիսուսը երկրի վրա ծառայելու ընթացքում։ Ինչպիսի՞ վայրեր է տեսել Պողոսը իր միսիոներական ճամփորդությունների ժամանակ։ Քարտեզներն ու աշխարհագրական նկարագրությունները պարունակում են մի շարք մանրամասնություններ, որոնք կարող են օգնել, որ ընթերցանությունդ ավելի կենդանի դառնա։ Իսկ որտեղի՞ց կարող ես ձեռք բերել Սուրբ Գրքում հիշատակված երկրների քարտեզները։ Մի քանիսը բերվում են «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանություն» հրատարակության մեջ։ Իսկ «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանի երկու հատորներում մոտ 70 քարտեզներ կան, որոնց ցանկը տրված է առաջին հատորի վերջում։ Մյուսները կարելի է գտնել ««Դիտարանի» հրատարակությունների ցանկում»։ Եթե այս հրատարակությունները մատչելի չեն քո մայրենի լեզվով, օգտվիր «Դիտարան» պարբերագրի համարներում տպագրված քարտեզներից։
Եբրայերեն Գրություններում կարդում ենք Դավիթ թագավորի փառաբանության խոսքերը՝ ուղղված Եհովային. «Քանի՜ պատուական են ինձ համար քո խորհուրդները, ով Աստուած. քանի՜ մեծ է նորանց թիւը» (Սաղ. 139։17)։ Իսկ Քրիստոնեական Հունարեն Գրություններում կարդում ենք փառաբանության խոսքեր, որ Պողոս առաքյալն ուղղել է Եհովային այն բանի համար, որ նա «մեր սրտերի մէջ ծագեցրեց՝ Աստուծոյ փառքի գիտութեան լուսաւորու թիւնը տալու համար Յիսուս Քրիստոսի դէմքումը» (Բ Կորնթ. 4։6)։ Չնայած Դավիթն ու Պողոսը ապրել են տարբեր հազարամյակներում, սակայն նրանց երկուսին էլ բավականություն է պատճառել Աստծո Խոսքի ընթերցանությունը։ Դու ևս կարող ես հաճույք ստանալ Եհովայի ներշնչյալ Խոսքից, եթե ժամանակ տրամադրես այն կարդալուն։