Աստվածաշնչի գիրք համար 60. 1 Պետրոս
Գրողը՝ Պետրոս
Գրվելու վայրը՝ Բաբելոն
Գրության ավարտը՝ մ.թ. մոտ 62–64թթ.
1. Ինչո՞ւ էին քրիստոնյաները ենթարկվում փորձությունների, և ինչո՞ւ էր Պետրոսի առաջին նամակը ժամանակահարմար։
ՔԱՆԻ որ վաղ քրիստոնյաները ամենուրեք հռչակում էին Եհովայի գերազանց հատկությունները, Թագավորության գործը բարգավաճում և ընդլայնվում էր Հռոմի կայսրությունում։ Սակայն նախանձախնդիր քրիստոնյաների խմբի մասին սխալ կարծիքներ էին տարածվել։ Պատճառներից մեկն այն էր, որ նրանց կրոնը սկիզբ էր առել Երուսաղեմից, և Քրիստոսի առաջին հետևորդները հրեաներն էին, ուստի շատերը նրանց շփոթում էին զելոտների հետ, ովքեր քաղաքական պատճառներով ընդվզում էին Հռոմի իշխանությունների կեղեքիչ լծի դեմ և անընդհատ խնդիրներ էին ստեղծում տեղի կառավարության համար։ Բացի այդ, քրիստոնյաները տարբերվում էին մյուսներից, քանի որ հրաժարվում էին կայսրին զոհ մատուցելուց և չէին մասնակցում այդ ժամանակներում նշվող հեթանոսական տոներին։ Նրանց վարկաբեկում էին, և նրանք բազմաթիվ փորձություններ էին կրում իրենց հավատի պատճառով։ Աստծու ներշնչմամբ և հոգատարությունից մղված՝ Պետրոսը ճիշտ ժամանակին գրեց իր առաջին նամակը՝ քաջալերելով քրիստոնյաներին ամուր մնալ։ Նաև խորհուրդ տվեց, թե ինչպիսի վարք դրսևորեն Ներոնի՝ այդ ժամանակվա կայսեր իշխանության ներքո։ Այս նամակը շատ ժամանակահարմար էր, եթե հաշվի առնենք այն, թե հալածանքի ինչ ալիք բարձրացավ նամակի գրվելուց գրեթե անմիջապես հետո։
2. Ի՞նչն է փաստում, որ Պետրոսն է իր անունը կրող նամակի գրողը, և ո՞ւմ էր ուղղված այս նամակը։
2 Այս նամակի բացման խոսքերը ցույց են տալիս, որ այն գրել է Պետրոսը։ Ավելին, Իրենեոսը, Կղեմես Ալեքսանդրացին, Օրիգենեսը և Տերտուլիանոսը մեջբերել են նամակը՝ նշելով, որ Պետրոսն է գրել այնa։ «1 Պետրոս» նամակի վավերականությունը, ինչպեսև մյուս բոլոր ներշնչված նամակներինը հաստատված է բազմաթիվ փաստերով։ Եվսեբիոսը նշում է, որ եկեղեցու երեցները ազատորեն օգտագործել են նամակը. նրա օրերում դրա վավերականության վերաբերյալ ոչ մի կասկած չի եղել (մ.թ. մոտ 260թ.-ից մինչև մոտ մ.թ. 340թ.)։ Իգնատիոսը, Հերմասը և Բառնաբասը (երկրորդ դարի սկիզբ) հղումներ են արել այս նամակինb։ «1 Պետրոս»-ը ամբողջությամբ ներդաշնակ է ներշնչված Սուրբ Գրքին և մի զորեղ հաղորդագրություն է՝ ուղղված հրեա և ոչ հրեա քրիստոնյաներին՝ «ժամանակավոր բնակիչներին, որ ցրված են Պոնտոսում, Գաղատիայում, Կապադովկիայում, Ասիայում և Բյութանիայում»՝ Փոքր Ասիայի շրջաններում (1 Պետ. 1։1)։
3. Ի՞նչն է օգնում որոշելու, թե երբ է գրի առնվել «1 Պետրոս» նամակը։
3 Իսկ ե՞րբ է գրվել այն։ Նամակի բովանդակությունը ցույց է տալիս, որ քրիստոնյաները փորձություններ էին կրում և՛ հեթանոսներից, և՛ հրեաներից, բայց Ներոնի կազմակերպած հալածանքների տարափը (մ.թ. 64թ.) դեռ չէր սկսվել։ Ակներևաբար, Պետրոսը գրել էր իր նամակը հենց դրանից առաջ՝ հավանաբար 62 և 64 թթ. միջև ընկած ժամանակահատվածում։ Այս մտքին թիկունք է կանգնում այն, որ Պետրոսի հետ Մարկոսն էր։ Հռոմում Պողոսի առաջին բանտարկության ընթացքում (մ.թ. մոտ 59–61թթ.) Մարկոսը Պողոսի հետ էր, սակայն հետո պետք է ուղևորվեր Փոքր Ասիա։ Պողոսի երկրորդ բանտարկության ժամանակ (մ.թ. մոտ 65թ.) Մարկոսը նորից պատրաստվում էր միանալ նրան Հռոմում (1 Պետ. 5։13; Կող. 4։10; 2 Տիմոթ. 4։11)։ Այս երկու իրադարձությունների միջև ընկած ժամանակահատվածում Մարկոսը հնարավորություն ուներ Պետրոսի հետ լինել Բաբելոնում։
4, 5. ա) Ո՞ր փաստերն են հերքում այն պնդումը, թե Պետրոսը իր առաջին նամակը գրել է Հռոմից։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ նա գրել է իր նամակը հենց Բաբելոնում։
4 Որտե՞ղ է գրվել «1 Պետրոս» նամակը։ Թեև Աստվածաշնչի մեկնաբանները համակարծիք են նամակի վավերականության, կանոնականության, գրողի և գրվելու մոտավոր թվականի հարցում, սակայն նամակի գրվելու վայրի հետ կապված տարակարծիք են։ Պետրոսի խոսքերի համաձայն՝ նա առաջին նամակը գրել է Բաբելոնում (1 Պետ. 5։13)։ Ոմանք պնդում են, որ նա գրել է Հռոմում՝ ասելով, որ «Բաբելոնը» Հռոմի գաղտնանունն է։ Սակայն փաստերը թիկունք չեն կանգնում այս տեսակետին։ Աստվածաշնչում ոչ մի տեղ չի նշվում, որ Բաբելոնը հենց Հռոմն է։ Քանի որ Պետրոսը իր նամակը ուղղել էր նրանց, ովքեր բառացի Պոնտոսում, Գաղատիայում, Կապադովկիայում, Ասիայում և Բյութանիայում էին, տրամաբանական է ենթադրել, որ Բաբելոնի մասին հիշատակելով՝ նա նկատի ուներ հենց այդ տեղանքը (1։1)։ Պետրոսը Բաբելոնում գտնվելու հիմնավոր պատճառ ուներ։ Նրան վստահվել էր «բարի լուրը թլփատվածներին քարոզելը», իսկ հին Բաբելոնում և նրա մերձակայքում մեծ թվով հրեաներ էին ապրում (Գաղ. 2։7–9)։ «Հրեական հանրագիտարանում» տեղ գտած մի հոդվածում Բաբելոնյան Թալմուդի մասին խոսելիս նշվում է այն մասին, որ «Բաբելոնում [հուդայականության] մեծ ակադեմիաներ» կային մեր թվարկության ժամանակc։
5 Ներշնչված Սուրբ Գիրքը, այդ թվում նաև Պետրոսի գրած երկու նամակները ոչինչ չեն ասում նրա՝ Հռոմ գնալու մասին։ Պողոսը ասում է, որ եղել է Հռոմում, սակայն երբեք չի նշում, որ Պետրոսը եղել է այնտեղ։ Պողոսը հռոմեացիներին ուղղած իր նամակում հիշատակում է 35 հոգու անուն և ողջույններ է հղում 26 հոգու՝ անուն առ անուն հիշատակելով նրանց։ Բայց ինչո՞ւ չի նշում Պետրոսի անունը։ Պարզապես այն պատճառով, որ Պետրոսը այդ ժամանակ այնտեղ չէր (Հռոմ. 16։3–15)։ Հստակ է, որ «Բաբելոնը», որտեղ Պետրոսը գրեց իր առաջին նամակը, բառացի Բաբելոնն էր, որը գտնվում է Միջագետքում՝ Եփրատ գետի ափերին։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
6. Ի՞նչ հույսի մասին է գրում Պետրոսը, և ինչի՞ շնորհիվ է հնարավոր «վերստին ծնվել» այդպիսի հույս ունենալու համար։
6 Վերստին ծնվել Քրիստոսի միջոցով՝ կենդանի հույս ունենալու համար (1։1–25)։ Նամակի սկզբում Պետրոսը ընթերցողների ուշադրությունը հրավիրում է այն բանի վրա, որ նրանք «վերստին ծնվել են», որպեսզի ունենան կենդանի հույս, նաև անթառամ ժառանգության վրա, որ պահված է իրենց համար երկնքում։ Սա հնարավոր է Աստծու ողորմության շնորհիվ Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։ Ուստի նրանք, ովքեր «ընտրված» են, մեծապես ուրախանում են, թեպետև զանազան փորձություններ են կրում, որպեսզի իրենց փորձված հավատը «գովաբանության, փառքի ու պատվի պատճառ դառնա Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ»։ Հին մարգարեները հենց այս փրկության մասին էին հետազոտություններ անում, անգամ հրեշտակներն էին ուզում հասկանալ այս բաները։ Այդ պատճառով ընտրվածները պետք է պատրաստեն իրենց մտքերը գործունեության համար և իրենց հույսը դնեն անզուգական բարության վրա՝ սուրբ վարք դրսևորելով։ Չէ՞ որ նրանք ազատվել են ոչ թե ապականելի բաներով, այլ «հենց Քրիստոսի թանկագին արյունով, որը նման է մի անարատ ու անբիծ գառան արյան»։ Այն, որ նրանք «վերստին ծնվեցին», եղավ կենդանի և հավերժական Աստծու՝ Եհովայի խոսքի միջոցով, որը մնում է հավիտյան և որը հռչակվեց նրանց որպես բարի լուր (1։1, 3, 7, 19, 23)։
7. ա) Որպես ի՞նչ են կառուցվում քրիստոնյաները և ի՞նչ նպատակով։ բ) Որպես ժամանակավոր բնակիչներ՝ ինչպիսի՞ վարք պետք է նրանք ունենան։
7 Օրինակելի վարք ազգերի մեջ (2։1–3։22)։ Քրիստոնյաները՝ իբրև կենդանի քարեր, կառուցվում են որպես հոգևոր տուն՝ Աստծուն ընդունելի հոգևոր զոհեր մատուցելով Հիսուս Քրիստոսի միջոցով, որը հիմքի անկյունաքարն է, իսկ անհնազանդների համար գայթակղության քար է դարձել։ Նրանք, ովքեր հավատ են դրսևորում, դարձել են «թագավորական քահանայություն, սուրբ ազգ, որպեսզի ամենուրեք հռչակեն գերազանց հատկությունները նրա, ով խավարից կանչեց նրանց իր սքանչելի լույսի մեջ»։ Լինելով ժամանակավոր բնակիչներ ազգերի մեջ՝ նրանք պետք է հեռու մնան մարմնական ցանկություններից և լավ վարք ունենան։ Նրանք պետք է հպատակվեն բոլոր իշխանություն ունեցողներին՝ թե՛ թագավորին, թե՛ նրա կողմից նշանակված կառավարիչներին։ Այո՛, նրանք պետք է «պատվեն ամեն տեսակ մարդկանց, սիրեն ողջ եղբայրությունը, վախենան Աստծուց, պատվեն թագավորին»։ Նույնպես էլ ծառաները պետք է հպատակվեն իրենց տերերին, մաքուր խիղճ ունենան, նույնիսկ եթե անարդարացիորեն չարչարվում են։ Անգամ Քրիստոսը, որը անմեղ էր, չարախոսության ենթարկվեց, չարչարվեց և «օրինակ» թողեց մեզ, որ սերտորեն նրա հետքերին հետևենք (2։9, 13, 17, 21)։
8. ա) Ի՞նչ ողջամիտ հորդորներ են տրվում կանանց ու ամուսիններին։ բ) Ի՞նչ է անհրաժեշտ անել Աստծու առաջ մաքուր խիղճ ունենալու համար։
8 Կանայք նույնպես պետք է հնազանդվեն, քանի որ մաքուր վարք ունենալով և խոր հարգանք դրսևորելով՝ կարող են իրենց ամուսիններին առանց խոսքի շահել։ Նրանց պետք է մտահոգի ոչ թե արտաքուստ զարդարանքը, այլ այն, ինչ զարդարում էր հնազանդ Սառային՝ «սրտի ծածուկ մարդը՝ հանդարտ ու մեղմ ոգու անապականելի հագուստը հագած, ինչը և մեծ արժեք ունի Աստծու աչքում»։ Ամուսինները պետք է պատիվ տան իրենց կանանց որպես «ավելի փխրուն անոթի» և որպես «կյանքի պարգևի ժառանգների»։ Բոլոր քրիստոնյաները պետք է եղբայրասեր լինեն։ «Ով ուզում է սիրել կյանքը.... թող հեռանա չարից ու բարին գործի, թող խաղաղություն փնտրի ու հետամուտ լինի դրան, որովհետև Եհովայի աչքերն արդարներին են ուղղված»։ Նրանք չպետք է վախենան մարդկանցից, այլ պետք է պատրաստ լինեն պաշտպանելու իրենց հույսը։ Ավելի լավ է չարչարվել բարիք գործելու համար, եթե դա է Աստծու կամքը, քան թե չարիք գործելու համար։ «Քրիստոսն էլ մեկընդմիշտ մահացավ մեղքերի համար՝ արդարը անարդարների համար, որպեսզի ձեզ դեպի Աստված առաջնորդի. նա, ով մահվան մատնվեց մարմնով, բայց կենդանացավ ոգով»։ Հավատով Նոյը տապան կառուցեց, և դրա շնորհիվ նա ու իր ընտանիքը փրկվեցին։ Նմանապես և նրանք, ովքեր հարություն առած Քրիստոսի հանդեպ հավատի հիման վրա նվիրում են իրենց անձերը Աստծուն, որպես այդ հավատի խորհրդանիշ՝ մկրտվում են և շարունակում կատարել Աստծու կամքը, կփրկվեն ու մաքուր խիղճ կստանան նրանից (3։4, 7, 10–12, 18)։
9. Ի՞նչ մտածելակերպ պետք է քրիստոնյաները ունենան և չնայած ինչի՞ն։
9 Չնայած չարչարանքներին՝ ուրախություն գտնել Աստծու կամքը կատարելու մեջ (4։1–5։14)։ Քրիստոնյաները պետք է նույն մտածելակերպն ունենան, ինչպիսին որ Քրիստոսն ուներ։ Նրանք պետք է ոչ թե մարդկանց ցանկությունները կատարելու համար ապրեն, այլ Աստծու կամքը, թեև ազգերը վիրավորական խոսքերով են արտահայտվում նրանց մասին այն պատճառով, որ «չեն շարունակում իրենց հետ վազել ցոփության նույն ճահճի մեջ»։ Քանի որ ամեն ինչի վերջը մոտենում է, նրանք պետք է ողջամիտ լինեն, աղոթեն և ուժգին սեր ունենան իրար հանդեպ՝ անելով այն ամենը, ինչ կփառավորի Աստծուն։ Երբ փորձությունները այրող կրակի պես վառվեն նրանց մեջ, նրանք չպետք է շփոթվեն, այլ հակառակը՝ պետք է ուրախանան, քանի որ Քրիստոսի չարչարանքներին են մասնակից։ Սակայն ոչ մեկը չպետք է չարչարվի որպես չարագործ։ Քանի որ դատաստանը սկսվելու է Աստծու տնից, «նրանք, ովքեր չարչարվում են Աստծու կամքը կատարելու պատճառով, բարին գործելով՝ թող իրենց հոգիները հանձնեն հավատարիմ Արարչին» (4։4, 19)։
10. Ի՞նչ խորհուրդներ են տրվում երեցներին ու երիտասարդներին, և հավաստիացման ի՞նչ զորեղ խոսքերով է ավարտվում «1 Պետրոս» նամակը։
10 Երեցները պետք է հովվեն Աստծու հոտը հոժարակամորեն, այո՛, ջանասիրությամբ։ Եթե նրանք օրինակ լինեն հոտի համար, ապա Հովվապետի հայտնվելու ժամանակ փառքի անթառամ պսակը կստանան։ Երիտասարդները պետք է հպատակվեն տարեցներին, բոլորը խոնարհամտություն պետք է ունենան, «որովհետև Աստված հակառակվում է գոռոզներին, իսկ խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում»։ Նրանք պետք է ամուր լինեն հավատի մեջ և զգոն, քանի որ Սատանան «մռնչող առյուծի» պես ման է գալիս։ Պետրոսը իր նամակը ավարտում է հավաստիացման զորեղ խոսքերով. «Աստված, որը ամեն ինչում անզուգական բարություն է դրսևորում և որը ձեզ դեպի իր հավիտենական փառքը կանչեց Քրիստոսի հետ միության մեջ լինելու շնորհիվ, ձեր մի փոքր ժամանակ չարչարվելուց հետո ավարտին կհասցնի ձեր ուսուցումը, հաստատուն կդարձնի ձեզ ու կզորացնի։ Նրանն է զորությունը հավիտյան։ Ամեն» (5։5, 8, 10, 11)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
11. Վերակացուներին խորհուրդ տալիս ինչպե՞ս է Պետրոսը հետևում Հիսուսին և Պողոսին։
11 Պետրոսի առաջին նամակը լավ խորհուրդներ է պարունակում վերակացուների համար։ Զարգացնելով վերակացուների վերաբերյալ Հիսուսի և Պողոսի ասած մտքերը, որոնք արձանագրված են Հովհաննես 21։15–17-ում և Գործեր 20։25–35-ում՝ Պետրոսը ցույց է տալիս, որ վերակացուն պետք է հովվություն անի, լինի անձնուրաց, պատրաստակամ և ջանասեր։ Վերակացուն ծառայում է «հովվապետի»՝ Հիսուս Քրիստոսի առաջնորդության ներքո, հպատակվում է նրան և հաշվետու է Աստծու հոտի համար։ Նա հոգ է տանում հոտի մասին՝ օրինակ լինելով և խոնարհություն դրսևորելով ամեն ինչում (5։2–4)։
12. ա) Ինչպիսի՞ հնազանդություն պետք է դրսևորել իշխանությունների և տերերի հանդեպ։ բ) Ի՞նչ հորդոր է տալիս Պետրոսը կանանց հնազանդության և ամուսինների գլխավորության առնչությամբ։ գ) Քրիստոնեական ո՞ր հատկության վրա է առանձնահատուկ ուշադրություն հրավիրվում նամակում։
12 Պետրոսի նամակում խոսվում է շատ բնագավառների մասին, որոնցում քրիստոնյան պետք է հնազանդություն դրսևորի, նաև հրաշալի խորհուրդներ են տրվում։ 1 Պետրոս 2։13–17-ում կարդում ենք իշխանություններին պատշաճ կերպով հպատակվելու մասին, ինչպես օրինակ՝ թագավորին և կառավարիչներին։ Սակայն այս հնազանդությունը հարաբերական է. քրիստոնյաները հպատակվում են հանուն Տիրոջ՝ «վախենալով Աստծուց», քանի որ նրա ծառաներն են։ Ծառաներին հորդոր է տրվում հպատակվել իրենց տերերին և դիմանալ, եթե չարչարանքներ են կրում «Աստծու առաջ մաքուր խիղճ ունենալու» պատճառով։ Կանանց նույնպես արժեքավոր հորդորներ են տրվում ամուսիններին (այդ թվում նաև անհավատ ամուսիններին) հպատակվելու վերաբերյալ։ Նաև ասվում է, որ նրանց մաքուր վարքն ու խոր հարգանքը «մեծ արժեք ունեն Աստծու աչքում»։ Հնարավոր է նույնիսկ, որ այդպիսով ամուսինները գան դեպի ճշմարտություն։ Այստեղ Պետրոսը Սառայի օրինակն է բերում, որը հավատարմորեն հնազանդվում էր Աբրահամին (1 Պետ. 2։17–20; 3։1–6; Ծննդ. 18։12)։ Իսկ ամուսինները պետք է իրենց գլխավորությունն իրականացնեն «ավելի փխրուն անոթի» նկատմամբ՝ դրսևորելով պատշաճ հասկացողություն։ Շարունակության մեջ Պետրոսը հորդորում է. «Նույնպես էլ դուք, երիտասարդնե՛ր, հպատակվեք տարեցներին»։ Հետո նա շեշտում է խոնարհամտություն դրսևորելու կարևորությունը, քրիստոնեական հատկություն, որի վրա առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվում նամակում (1 Պետ. 3։7–9; 5։5–7; 2։21–25)։
13. ա) Ինչպե՞ս է Պետրոսը իր նամակում հստակ ցույց տալիս, թե ինչու է Աստված կազմել քրիստոնեական ժողովը։ բ) Ի՞նչ ժառանգության մասին է խոսում Պետրոսը, և ո՞վ է այն ստանալու։
13 Պետրոսի նամակը մեծապես զորացրեց ու քաջալերեց առաջին դարի քրիստոնյաներին, երբ կատաղի հալածանքների ու փորձությունների նոր ալիք էր պատրաստվում բարձրանալ նրանց դեմ։ Նրա նամակը անգնահատելի օգնություն է նաև այն բոլոր մարդկանց համար, ովքեր նման փորձությունների են ենթարկվում այսօր։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես է առաքյալը դիմում Եբրայերեն Գրություններին՝ մեջբերելով Եհովայի խոսքերը. «Սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ» (1 Պետ. 1։16; Ղևտ. 11։44)։ Այնուհետև Պողոսը բազմաթիվ մեջբերումներ է անում Սուրբ Գրքի այլ մասերից և ցույց տալիս, թե ինչպես է քրիստոնեական ժողովը կենդանի քարերից կառուցվում որպես հոգևոր տուն, որի հիմքը Քրիստոսն է։ Իսկ ի՞նչ նպատակով։ Պետրոսն ասում է. «Դուք «ընտրյալ ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, մի ժողովուրդ՝ հատուկ սեփականություն լինելու, որպեսզի ամենուրեք հռչակեք գերազանց հատկությունները» նրա, ով խավարից ձեզ կանչեց իր սքանչելի լույսի մեջ» (1 Պետ. 2։4–10; Ես. 28։16; Սաղ. 118։22; Ես. 8։14; Ելք 19։5, 6; Ես. 43։21; Օս. 1։10; 2։23)։ Հենց այս «թագավորական քահանայությանը»՝ Աստծու ողջ սուրբ ազգին է Պետրոսը ասում Թագավորության խոստման մասին։ Այդ խոստման համաձայն՝ նրանք ստանալու են «անապականելի, անպիղծ և անթառամ ժառանգություն», «փառքի անթառամ պսակ» և «հավիտենական փառք Քրիստոսի հետ միության մեջ»։ Այդպիսով Պետրոսը քրիստոնյաներին քաջալերում է շարունակել ուրախանալ, «որպեսզի նրա փառքի հայտնության ժամանակ էլ ուրախանան ու ցնծան» (1 Պետ. 1։4; 5։4, 10; 4։13)։
[ծանոթագրություններ]
a «Մըքքլինթոքի և Սթրոնգի հանրագիտարան», 1981թ. վերահրատարակություն, հատ. VIII, էջ 15 (անգլ.)։
b «New Bible Dictionary», 1986, Ջ. Դ. Դուգլասի խմբագրությամբ, երկրորդ հրատարակություն, էջ 918։
c Երուսաղեմ, 1971, հատ. 15, սյունակ 755 (անգլ.)։