Մնանք իբրև «ժամանակավոր բնակիչներ»
«Հորդորում եմ ձեզ իբրև պանդուխտների և ժամանակավոր բնակիչների, որ հեռու մնաք մարմնական ցանկություններից» (1 ՊԵՏ. 2։11)։
1, 2. Ո՞ւմ նկատի ուներ Պետրոսը՝ «ընտրվածներ» ասելով, և ինչո՞ւ նրանց անվանեց «ժամանակավոր բնակիչներ»։
ՀԻՍՈՒՍԻ՝ երկինք բարձրանալուց մոտ 30 տարի անց Պետրոս առաքյալը նամակ գրեց «ժամանակավոր բնակիչներին, որ ցրված [էին] Պոնտոսում, Գաղատիայում, Կապադովկիայում, Ասիայում և Բութանիայում, նրանց, ովքեր ընտրված [էին]» (1 Պետ. 1։1)։ Ասելով «ովքեր ընտրված են», Պետրոսը, անշուշտ, նկատի ուներ նրանց, ովքեր իր պես օծվել էին սուրբ ոգով և «վերստին ծնվել էին», որպեսզի Քրիստոսի հետ երկնքում իշխելու «կենդանի հույսը» ունենան (կարդա՛ 1 Պետրոս 1։3, 4)։ Բայց ինչո՞ւ է առաքյալը ընտրվածներին անվանում «պանդուխտներ և ժամանակավոր բնակիչներ» (1 Պետ. 2։11)։ Որքանո՞վ է կարևոր այս հարցը, երբ ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 650 Վկաներից միայն մեկն է ասում, որ ինքը օծյալ է։
2 «Ժամանակավոր բնակիչներ» արտահայտությունը տեղին էր օգտագործել առաջին դարում ապրող օծյալների համար։ Օծյալները միշտ չէին լինելու երկրի վրա։ Պողոս առաքյալը, որը «փոքր հոտի» անդամ էր, բացատրեց. «Մեր քաղաքացիությունը երկնքում է, որտեղից էլ փափագով սպասում ենք փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին» (Ղուկ. 12։32; Փիլիպ. 3։20)։ Քանի որ նրանց «քաղաքացիությունը երկնքում է», օծյալները, մահանալով, թողնում են երկիրը և մի շատ ավելի լավ բան ստանում՝ անմահ կյանք երկնքում (կարդա՛ Փիլիպպեցիներ 1։21–23)։ Այսպիսով՝ բառի բուն իմաստով օծյալները «ժամանակավոր բնակիչներ» են Սատանայի իշխանության տակ գտնվող երկրի վրա։
3. Ի՞նչ հարց է ծագում «ուրիշ ոչխարների» հետ կապված։
3 Իսկ ի՞նչ կարելի է ասել «ուրիշ ոչխարների» մասին (Հովհ. 10։16)։ Աստվածաշունչն ասում է, որ նրանք դառնալու են Երկիր մոլորակի մշտական բնակիչներ։ Այո՛, Երկիրը նրանց տունն է լինելու հավիտյան։ Բայց այսօր, ինչ-որ իմաստով, նրանց էլ կարելի է համարել «ժամանակավոր բնակիչներ»։ Իսկ ի՞նչ իմաստով։
«ԲՈԼՈՐ ՍՏԵՂԾՎԱԾՆԵՐԸ ՀԱՌԱՉՈՒՄ ԵՆ»
4. Ինչի՞ն չեն կարող վերջ դնել աշխարհի ղեկավարները։
4 Քանի դեռ Եհովան թույլ է տալիս, որ Սատանայի այս չար համակարգը գոյություն ունենա, բոլորը, այդ թվում նաև ճշմարիտ քրիստոնյաները, շարունակելու են տառապել Սատանայի բարձրացրած ապստամբության հետևանքներից։ Հռոմեացիներ 8։22-ում կարդում ենք. «Գիտենք, որ մինչև հիմա բոլոր ստեղծվածները հառաչում են և ցավի մեջ են»։ Աշխարհի ղեկավարները, գիտնականները և բարերարները, չնայած իրենց անկեղծ ջանքերին, անկարող են վերջ դնելու մարդկային տառապանքին։
5. 1914թ.-ից սկսած՝ ի՞նչ քայլ են արել միլիոնավոր մարդիկ և ինչո՞ւ։
5 1914թ.-ից սկսած՝ միլիոնավոր մարդիկ, գիտակցելով այս իրողությունը, դարձել են Աստծու նշանակած թագավորի՝ Հիսուս Քրիստոսի հպատակները։ Նրանք չեն ուզում լինել Սատանայի աշխարհի մի մասը և չեն ուզում աջակցել այդ աշխարհին։ Փոխարենը՝ իրենց կյանքն ու միջոցները տրամադրում են Աստծու Թագավորության շահերը առաջ տանելու գործին (Հռոմ. 14։7, 8)։
6. Ի՞նչ իմաստով Եհովայի վկաները կարող են կոչվել պանդուխտներ։
6 Եհովայի վկաները ապրում են աշխարհի տարբեր երկրներում, բայց, այնուամենայնիվ, նրանք պանդուխտների պես են իրենց երկրում։ Նրանք օրինապահ քաղաքացիներ են, սակայն սոցիալական և քաղաքական հարցերում լիովին չեզոք են մնում։ Արդեն այսօր Վկաները իրենց համարում են Աստծու խոստացած նոր աշխարհի քաղաքացիներ։ Նրանք ուրախ են, որ այս անկատար համակարգում իրենց ժամանակավոր բնակության օրերը արագորեն ավարտվում են։
7. Աստծու ծառաները ինչի՞ մշտական բնակիչներ են դառնալու և ինչպե՞ս։
7 Շուտով Քրիստոսը ոչնչացնելու է Սատանայի ամբարիշտ աշխարհը։ Նրա անթերի կառավարությունը ազատելու է երկիրը մեղքից ու տառապանքից։ Այն վերացնելու է բոլոր նրանց, ովքեր Եհովայի գերիշխանության դեմ են, իսկ Աստծու հավատարիմ ծառաները դառնալու են նոր աշխարհի մշտական բնակիչներ (կարդա՛ Հայտնություն 21։1–5)։ Այդ ժամանակ ստեղծագործությունը բառի լիակատար իմաստով «ազատ կարձակվի ապականության ստրկությունից և կունենա Աստծու զավակների փառահեղ ազատությունը» (Հռոմ. 8։21)։
Ի՞ՆՉ Է ԱԿՆԿԱԼՎՈՒՄ ՃՇՄԱՐԻՏ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՑ
8, 9. Բացատրիր, թե ինչ նկատի ուներ Պետրոսը՝ ասելով «հեռու մնացեք մարմնական ցանկություններից»։
8 Պետրոսն ասում է, թե ինչ է ակնկալվում քրիստոնյաներից. «Սիրելինե՛ր, հորդորում եմ ձեզ իբրև պանդուխտների և ժամանակավոր բնակիչների, որ հեռու մնաք մարմնական ցանկություններից, որոնք պայքար են մղում հոգու դեմ» (1 Պետ. 2։11)։ Այս հորդորը ուղղված էր օծյալ քրիստոնյաներին, սակայն վերաբերում է նաև Քրիստոսի «ուրիշ ոչխարներին»։
9 Որոշ ցանկություններ, եթե բավարարվում են այնպես, ինչպես որ Արարիչն է նախատեսել, սխալ չեն։ Դրանք բավարարելը մեր կյանքը ավելի հաճելի է դարձնում։ Օրինակ՝ միանգամայն պատշաճ է ցանկանալ ուտել և խմել, զվարճանալ, շփվել լավ ընկերների հետ, սեռական ցանկությունը բավարարել կողակցի հետ (1 Կորնթ. 7։3–5)։ Սակայն Պետրոսը խոսում է այն «մարմնական ցանկությունների» մասին, որոնք «պայքար են մղում հոգու դեմ», այսինքն՝ դրանք մարմնական սխալ ցանկություններն են։ Աստվածաշնչի որոշ թարգմանություններում այս արտահայտությունը թարգմանված է «մեղավոր ցանկություններ»։ Պարզ է, որ եթե ունենք այնպիսի ցանկություն, որը հակառակ է Եհովայի կամքին և կարող է բացասաբար անդրադառնալ նրա ու մեր փոխհարաբերությունների վրա, ապա այդպիսի ցանկությունը պետք է վանել։ Եթե այդպես չվարվենք, մեր հավիտենական ապագան վտանգի կենթարկվի։
10. Որո՞նք են Սատանայի ծուղակներից մի քանիսը, որոնց միջոցով նա փորձում է ճշմարիտ քրիստոնյաներին իր աշխարհի մի մասը դարձնել։
10 Սատանան ուզում է այնպես անել, որ ճշմարիտ քրիստոնյան իրեն չհամարի այս համակարգի «ժամանակավոր բնակիչ»։ Նյութապաշտության հրապույրը, անբարոյություն գործելու գայթակղությունը, եսակենտրոն մտայնությունը և ազգայնամոլությունը Սատանայի ծուղակներից են։ Մենք պետք է կարողանանք ճանաչել այս ծուղակները։ Երբ վճռականորեն մերժում ենք մարմնական այս վատ ցանկությունները, ցույց ենք տալիս, որ չենք ուզում Սատանայի ամբարիշտ աշխարհի մի մասը լինել և փաստում ենք, որ միայն ժամանակավորապես ենք ապրում այս համակարգում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ մշտական բնակություն հաստատենք Աստծու արդար նոր աշխարհում։
ԼԱՎ ՎԱՐՔ ՈՒՆԵՆԱՆՔ
11, 12. Երբեմն ի՞նչ կարծիք են տեղացիներն ունենում օտարերկրացիների մասին, և ի՞նչ կարելի է ասել Եհովայի վկաների մասին։
11 Շարունակելով բացատրել, թե ինչ է ակնկալվում քրիստոնյա «ժամանակավոր բնակիչներից»՝ Պետրոսը 12-րդ համարում ասում է. «Լավ վարք ունեցեք ազգերի մեջ, որ ինչ բանում ձեր դեմ խոսում են իբրև չարագործների, ականատես լինելով ձեր բարի գործերին՝ փառավորեն Աստծուն այն օրը, երբ նա ստուգելու գա»։ Ժամանակավոր բնակիչներին, այլ խոսքով՝ օտարերկրացիներին երբեմն քննադատում են։ Քանի որ նրանք տարբերվում են տեղացիներից, ոմանք կարող են նրանց նույնիսկ չարագործներ համարել։ Նրանց խոսելաձևը, վարվելակերպը և արտաքին տեսքը կարող են տարբեր լինել։ Բայց երբ նրանք բարի գործեր են անում, այսինքն՝ լավ վարք են դրսևորում, ապա նրանց մասին բացասական կարծիքները դառնում են անհիմն։
12 Նույն ձևով ճշմարիտ քրիստոնյաները տարբերվում են ուրիշներից, օրինակ, զրույցի թեմաներով կամ ժամանցի ընտրությամբ։ Մարդիկ հաճախ նրանց ճանաչում են հագուկապից։ Այս տարբերությունների պատճառով ապատեղեկացված մարդիկ երբեմն նրանց դեմ են խոսում։ Սակայն ուրիշները գովում են նրանց իրենց ապրելակերպի համար։
13, 14. Ինչպե՞ս է «իմաստությունը արդարացվում իր գործերով»։ Բեր օրինակ։
13 Մեր լավ վարքի շնորհիվ մարդիկ գուցե հասկանան, որ մեր «դեմ խոսելու» ոչ մի հիմք չկա։ Նույնիսկ Հիսուսին, որը միակ մարդն էր, որ կատարելապես հավատարիմ մնաց Աստծուն, անհիմն կերպով մեղադրեցին։ Ոմանք նրան անվանում էին «որկրամոլ և գինի խմելուն անձնատուր եղած մարդ, հարկահավաքների և մեղավորների ընկեր»։ Բայց նա իր իմաստուն գործերով հերքեց այդ բոլոր մեղադրանքները։ Հիսուսն ինքն ասաց. «Իմաստությունը արդարացվում է իր գործերով» (Մատթ. 11։19)։ Նույնը և այսօր։ Օրինակ՝ Զելտերսի (Գերմանիա) մասնաճյուղի շրջակայքում ապրող մարդկանց համար բեթելցիների ապրելակերպը տարօրինակ է։ Սակայն շրջանի ղեկավարը դրականորեն է արտահայտվել Զելտերսում ծառայողների հասցեին՝ ասելով. «Այնտեղ ծառայող Վկաները իրենց ապրելակերպն ունեն, բայց այդ ապրելակերպը ոչ մի ձևով չի խանգարում տեղի բնակիչներին»։
14 Քննենք ուրիշ օրինակ։ Վերջերս Մոսկվայում (Ռուսաստան) ապրող Եհովայի վկաներին մեղադրեցին մի քանի վատ գործերի մեջ։ 2010թ. հունիս ամսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստրասբուրգ, Ֆրանսիա) վճիռ կայացրեց. «Դատարանը գալիս է այն եզրակացության, որ հայցվորի՝ կրոնի և հավաքույթների իրավունքի խախտումը [Մոսկվայի կողմից] անհիմն է եղել։ Տեղական դատարանները չեն ներկայացրել գործին «վերաբերող և բավարար» ապացույցներ՝ ցույց տալու համար, որ հայցվոր համայնքը», օրինակ, ընտանիքներ է քայքայել, ինքնասպանության է դրդել կամ հրաժարվել է բուժօգնությունից։ Այսպիսով, «տեղական դատարանների կայացրած վճիռը չափազանց խիստ է եղել (հաշվի առնելով, որ ազգային օրենսդրությունը ճկուն չէ), և այդ վճիռը հետապնդվող որևէ օրինական նպատակի համաչափ չի եղել»։
ՀՆԱԶԱՆԴՎԵՆՔ
15. Ո՞ր պատվերին են հնազանդվում ճշմարիտ քրիստոնյաները։
15 Պետրոսը նաև գրեց. «Հանուն Տիրոջ հպատակվեք բոլոր իշխանություն ունեցողներին՝ թե՛ թագավորին՝ որպես վերադասի, և թե՛ կառավարիչներին» (1 Պետ. 2։13, 14)։ Ինչպես Մոսկվայի, այնպես էլ ամբողջ աշխարհի Եհովայի վկաները հնազանդվում են այս պատվերին։ Թեև ճշմարիտ քրիստոնյաներն այս չար աշխարհի մի մասը չեն, նրանք պատրաստակամորեն հնազանդվում են պետական իշխանություններին, որոնք, ինչպես Պողոսը գրեց, «հարաբերական դիրք» ունեն (կարդա՛ Հռոմեացիներ 13։1, 5–7)։
16, 17. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ մենք պետական իշխանությունների դեմ ոչինչ չունենք։ բ) Ի՞նչ են ընդունում որոշ քաղաքական գործիչներ։
16 Այն, որ Եհովայի վկաները վարվում են «ժամանակավոր բնակիչների» պես, չի նշանակում, որ նրանք լուռ բողոք են արտահայտում։ Նրանք հասկանում են, որ տարբեր մարդիկ տարբեր տեսակետներ կարող են ունենալ քաղաքական և սոցիալական հարցերում։ Ի տարբերություն որոշ կրոնական ուղղությունների՝ Եհովայի վկաները հեռու են մնում քաղաքականությունից։ Նրանք երբեք չեն փորձում թելադրել իշխանություններին այս կամ այն կերպ վարվելու։ Անիրատեսական է մտածել, որ Եհովայի վկաները կխախտեն հասարակական կարգը կամ դուրս կգան քաղաքական իշխանության դեմ։
17 Պետրոսն ասաց, որ «պատվենք թագավորին»։ Քրիստոնյաները հնազանդվում են այս պատվերին և հարգանք ու պատիվ են տալիս պաշտոնատար անձանց (1 Պետ. 2։17)։ Երբեմն պաշտոնյաները ընդունում են, որ իրենք հիմքեր չունեն մտածելու, որ Եհովայի վկաները վտանգավոր են։ Օրինակ՝ գերմանացի պետական գործիչ Շտեֆան Ռայխեն, որը նախկինում եղել է Բրանդենբուրգ երկրամասի վարչապետ, իսկ ավելի ուշ՝ Գերմանիայի խորհրդարանի անդամ, ասել է. «Եհովայի վկաները ճամբարներում և բանտերում դրսևորել են այնպիսի հատկություններ, որոնք ինչպես անցյալում, այնպես էլ այսօր խիստ կարևոր են ժողովրդավարական սահմանադրական պետության գոյության համար։ Այդ հատկություններն են՝ անկոտրում կամքը ընդդեմ էսէսականների և կարեկցանքը բանտակիցների հանդեպ։ Քանի որ մեր հասարակությունը գնալով անհանդուրժողական է դառնում օտարերկրացիների և քաղաքական ու գաղափարական այլախոհների հանդեպ, այդ հատկությունները չափազանց կարևոր են մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար»։
ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԵՆՔ
18. ա) Ինչո՞ւ է բնական, որ մենք սիրում ենք ողջ եղբայրությանը։ բ) Ի՞նչ են ասել որոշ մարդիկ Եհովայի վկաների մասին։
18 Պետրոս առաքյալը գրեց. «Սիրեք ողջ եղբայրությունը, վախեցեք Աստծուց» (1 Պետ. 2։17)։ Եհովայի վկաները առողջ վախ ունեն Աստծու հանդեպ, այլ խոսքով՝ նրանք չեն ուզում տհաճություն պատճառել Աստծուն, և դա նրանց լցնում է նրա կամքը կատարելու էլ ավելի մեծ ցանկությամբ։ Նրանք ուրախ են, որ ծառայում են Եհովային իրենց հավատակիցների հետ։ Ուստի բնական է, որ Վկաները «սիրում են ողջ եղբայրությունը»։ Այսպիսի սերը հազվադեպ բան է այսօրվա եսասեր աշխարհում, դրա համար էլ նրանք, ովքեր Եհովայի վկա չեն, երբեմն զարմանում են՝ տեսնելով այդ սերը։ Օրինակ՝ մի կին էքսկուրսավար, որն աշխատում էր ամերիկյան մի տուրիստական գործակալությունում, ապշել էր այն սիրուց և աջակցությունից, որ Վկաները ցույց էին տվել օտարերկրացի պատվիրակների հանդեպ 2009թ.-ին Գերմանիայում անցկացված միջազգային համաժողովում։ Նա ասաց, որ իր ողջ աշխատանքային պրակտիկայի ընթացքում երբեք նման բան չի տեսել։ Հետագայում Վկաներից մեկը հիշում է. «Մեր մասին ինչ նա ասում էր, ասում էր զարմացած և խանդավառված»։ Իսկ դու լսե՞լ ես այսպիսի արձագանք Եհովայի վկաների մասին, երբ գնացել ես համաժողով։
19. Ո՞ր հարցում ենք վճռականորեն տրամադրված և ինչո՞ւ։
19 Ինչպես տեսանք, Եհովայի վկաները տարբեր ձևերով ցույց են տալիս, որ իրենք իսկապես «ժամանակավոր բնակիչներ» են այս աշխարհում։ Նրանք ուրախ են այդպիսի կարգավիճակ ունենալու համար և վճռականորեն տրամադրված են մնալու այդպես։ Նրանք բոլոր հիմքերն ունեն համոզված լինելու, որ շուտով կլինեն Աստծու արդար նոր աշխարհի մշտական բնակիչներ։ Սպասո՞ւմ ես այդ ժամանակներին։