Եհովան այսօր ի՞նչ է մեզանից պահանջում
«Ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք»» (Մատթէոս 17։5)։
1. Մովսիսական օրենքը ե՞րբ կատարեց իր դերը։
ԵՀՈՎԱՆ Մովսիսական օրենքն իր բազմաթիվ կանոններով հանձնեց իսրայել ազգին։ Պողոս առաքյալն այս մասին գրում է. «Այդ մարմնական կարգերը ի զօրու էին մինչեւ ուղղութեան, այսինքն նոր կարգերու հաստատման ժամանակը» (Եբրայեցիս 9։10, ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.)։ Իսրայել ազգի մնացած մասին դեպի Հիսուսին՝ Մեսիային կամ Քրիստոսին առաջնորդելով՝ Օրենքն իր դերը կատարեց։ Հետևաբար, Պողոսը հայտարարում է. «Քրիստոսն է օրէնքի վախճանը» (Հռովմայեցիս 10։4; Գաղատացիս 3։19—25; 4։4, 5)։
2. Ովքե՞ր էին Օրենքի տակ գտնվում, և նրանք ե՞րբ ազատվեցին այդ Օրենքից։
2 Կարո՞ղ ենք վերը նշվածից եզրակացնել, որ այսօր մենք չենք գտնվում Մովսիսական օրենքի տակ։ Ըստ էության, Օրենքը տարածվում էր միայն իսրայելացիների վրա, ինչպես երևում է սաղմոսերգուի խոսքերից. «[Եհովան] պատմում է իր խօսքը Յակոբին, իր հրամաններն ու իրաւունքներն՝ Իսրայէլին։ Ոչ մէկ ազգի այսպէս չ’արաւ. եւ նորանք չեն ճանաչում նորա դատաստանները» (Սաղմոս 147։19, 20)։ Երբ Աստված հաստատեց Հիսուսի զոհաբերության վրա հաստատված նոր ուխտը, անգամ իսրայել ազգին այլևս հարկավոր չէր հնազանդվել Օրենքին (Գաղատացիս 3։13; Եփեսացիս 2։15; Կողոսացիս 2։13, 14, 16)։ Հետևաբար, եթե Օրենքն այլևս ուժ չունի, ապա ի՞նչ է այսօր պահանջվում նրանցից, ովքեր ցանկանում են ծառայել Եհովային։
Եհովան ի՛նչ է պահանջում
3, 4. ա) Ըստ էության Եհովան ի՞նչ է այսօր պահանջում մեզանից։ բ) Ինչո՞ւ պիտի հետևենք Հիսուսի քայլերին։
3 Իր ծառայության վերջին տարվա ընթացքում Հիսուսն իր աշակերտների՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ ուղևորվեց դեպի մի բարձր սարի՝ հավանաբար Հերմոնի լեռնաճյուղավորումներից մեկը։ Այնտեղ, մարգարեական մի տեսիլքում, նրանք տեսան Հիսուսին իր վեհաշուք փառքով և լսեցին Աստծո ձայնը, որն ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք» (Մատթէոս 17։1—5)։ Ըստ էության, Եհովան հենց սա է պահանջում մեզանից, այն է՝ լսել իր Որդուն, հետևել նրա օրինակին և ուսուցումներին (Մատթէոս 16։24)։ Ուստի Պետրոս առաքյալը գրեց. «Քրիստոս էլ ձեզ համար մեռաւ եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք» (Ա Պետրոս 2։21)։
4 Ինչո՞ւ պիտի ուշադրությամբ հետևենք Հիսուսի քայլերին. քանի որ, ընդօրինակելով նրան, մենք նմանվում ենք Եհովա Աստծուն։ Հիսուսը հրաշալի ճանաչում էր իր Հորը, չէ՞ որ նախքան երկիր գալը նա անթիվ–անհամար տարիներ անց էր կացրել նրա հետ երկնքում (Առակաց 8։22—31; Յովհաննէս 8։23; 17։5; Կողոսացիս 1։15—17)։ Երկրի վրա գտնվելիս Հիսուսը հավատարմորեն ներկայացրեց իր Հորը՝ բացատրելով. «Ինչպէս իմ Հայրն ինձ սովորեցրեց, ա՛յն եմ խօսում»։ Իրականում, Հիսուսը նույնությամբ ընդօրինակեց իր Հորը, ուստի կարող էր ասել. «Ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը» (Յովհաննէս 8։28; 14։9)։
5. Քրիստոնյաները ո՞ր օրենքի տակ են, և ե՞րբ այն ուժի մեջ մտավ։
5 Հիսուսին լսելն ու հնազանդվելն իր մեջ ի՞նչ է բովանդակում։ Գուցե այն նշանակում է ենթարկվել ինչ–որ օրենքի՞։ Պողոսը գրեց, որ նա ‘օրենքի տակ չէր’։ Այս խոսքերը վերաբերվում էին «հին ուխտին» (ՆԱ)՝ իսրայել ազգի հետ Եհովայի կապած Օրենքի ուխտին։ Բայց Պողոսն ընդունում էր, որ ինքը «Քրիստոսի օրէնքի տակ» էր (Ա Կորնթացիս 9։20, 21, ԱԹ; Բ Կորընթացիս 3։14)։ Հին ուխտով հաստատված Օրենքի ավարտով ուժի մեջ մտավ «նոր Ուխտը», որը բովանդակում էր «Քրիստոսի օրէնքը», և որին Եհովայի բոլոր ծառաներն այսօր պարտավոր են հնազանդվել (Ղուկաս 22։20; Գաղատացիս 6։2; Եբրայեցիս 8։7—13)։
6. Ինչպե՞ս կարելի է բնութագրել «Քրիստոսի օրէնքը», և ինչպե՞ս ենք հնազանդվում դրան։
6 Եհովան «Քրիստոսի օրէնքը» չտվեց օրենքների ժողովածուի ձևով և չկազմեց այն ըստ բաժինների, ինչպես որ հին Օրենքի դեպքում էր։ Քրիստոսի հետևորդների համար գրված այս նոր օրենքը «կարելի» ու «չի կարելիների» երկար շարանից չէր բաղկացած։ Սակայն Եհովան իր Խոսքի մեջ իր Որդու կյանքի և ուսուցումների մասին չորս մանրամասն արձանագրություններ պահպանեց։ Բացի այդ, Աստծո ներշնչմամբ Հիսուսի առաջին աշակերտներից ոմանք մարդկային վարքագծի, քրիստոնեական ժողովի հետ կապված գործերի, ընտանիքում բարոյական սկզբունքների և այլ հարցերի շուրջ հրահանգներ գրի առան (Ա Կորնթացիս 6։18; 14։26—35; Եփեսացիս 5։21—33; Եբրայեցիս 10։24, 25)։ Մենք հնազանդվում ենք «Քրիստոսի օրէնքին»՝ մեր կյանքը ներդաշնակեցնելով Հիսուս Քրիստոսի օրինակի և նրա ուսուցումների հետ, ինչպես նաև լսելով առաջին դարում Աստվածաշունչը գրողների՝ Աստծուց ներշնչված խորհուրդները։ Եհովան այսօր իր ծառաներից սա է պահանջում։
Սիրո կարևորությունը
7. Հիսուսն ինչպե՞ս ընդգծեց իր տված օրենքի բուն էությունը առաքյալների հետ անցկացրած վերջին Պասեքին։
7 Սերը, որը կարևորագույն տեղ էր զբաղեցնում Մովսիսական օրենքում, Քրիստոսի օրենքի բովանդակությունը կամ բուն էությունն է հանդիսանում։ Այդ մասին Հիսուսն ընդգծեց մ. թ. 33–ին՝ իր աշակերտների հետ միասին Պասեքը տոնելիս։ Հիսուսի արտասանած սրտաբուխ խոսքերում, որոնք կարդում ենք Հովհաննես առաքյալի՝ այդ երեկոյի մասին պատմող համառոտ արձանագրության մեջ, 28 անգամ նշվում է սիրո մասին։ Դրանով նա աշակերտների ուշադրությունը հրավիրեց իր տված օրենքի բուն էության կամ ոգու վրա։ Ուշագրավ է այն, որ Հովհաննեսը այդ նշանակալից երեկոյի մասին իր պատմությունը սկսել է հետևյալ խոսքերով. «Զատկի տօնից առաջ Յիսուս իմացաւ, որ հասել է իր ժամը, որպէսզի այս աշխարհից Հօր մօտ փոխադրուի. սիրեց իւրայիններին, որ այս աշխարհում են, իսպառ սիրեց նրանց» (Յովհաննէս 13։1)։
8. ա) Առաքյալների անդադար վիճաբանություններից ի՞նչ էր երևում։ բ) Հիսուսը խոնարհության ի՞նչ օրինակ ցույց տվեց իր առաքյալներին։
8 Հիսուսը սիրում էր իր առաքյալներին, չնայած այն բանին, որ նրանց օգնելու համար թափած իր բոլոր ջանքերը, որպեսզի հաղթահարեն իշխանություն և բարձր դիրք ունենալու իրենց մեծ ձգտումը, ապարդյուն էին անցնում։ Դեռևս Երուսաղեմ ուղևորվելուց ամիսներ առաջ նրանք «իրար հետ վիճում էին, թէ ո՛վ է մեծը»։ Իսկ Պասեքի կապակցությամբ քաղաք մտնելուց անմիջապես հետո այդ թեմայի շուրջը նրանք կրկին սկսեցին վիճել (Մարկոս 9։32—36; 10։35—45)։ Առանց դադարի նրանց վիճաբանությունը շարունակվեց վերին սենյակում, որտեղ նրանք հավաքվել էին, որպեսզի վերջին անգամ Պասեքը միասին տոնեին։ Նրանցից ոչ մեկը չօգտվեց մյուսներին ծառայելու ստեղծված հնարավորությունից. այն է՝ լվանալ ոտքերը, ինչպես որ պահանջում էր հյուրասիրության սովորույթը։ Իսկ Հիսուսը նրանց խոնարհության օրինակ ցույց տվեց և անձամբ լվաց նրանց ոտքերը (Յովհաննէս 13։2—15; Ա Տիմոթէոս 5։9, 10)։
9. Հիսուսն ինչպե՞ս արձագանքեց վերջին Պասեքից հետո ծագած վիճաբանությանը։
9 Ուշադրություն դարձրեք Ղուկասի արձանագրության այն հատվածի վրա, որտեղ պատմվում է, թե ինչպես դարձյալ վիճաբանություն ծագեց Պասեքը տոնելուց հետո, երբ Հիսուսը սահմանեց իր մոտալուտ մահվան Հիշատակի երեկոն։ Կարդում ենք. «Նրանց մէջ հակաճառութիւն առաջացաւ, թէ իրենցից ո՛վ պիտի մէծ համարուի»։ Իր առաքյալների վրա զայրանալու և նրանց նախատելու փոխարեն՝ Հիսուսը նրբանկատորեն խորհուրդ տվեց տարբերվել այս աշխարհի փառասեր կառավարիչներից (Ղուկաս 22։24—27)։ Ապա նշեց, թե ինչը կարելի էր կոչել Քրիստոսի օրենքի անկյունաքար. «Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց, ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք» (Յովհաննէս 13։34)։
10. Հիսուսն իր աշակերտներին ի՞նչ պատվիրան տվեց, և ի՞նչ էր այն բովանդակում։
10 Իսկ ավելի ուշ՝ երեկոյան, Հիսուսը շեշտեց, թե որքան մեծ պետք է լիներ քրիստոնեական սերը, երբ ասաց. «Այս է իմ պատուէրը. որ սիրէք միմեանց, ինչպէս որ ես սիրեցի ձեզ։ Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար» (Յովհաննէս 15։12, 13)։ Մի՞թե Հիսուսն ուզում էր սրանով ասել, որ իր հետևորդները պետք է պատրաստ լինեին հարկ եղած դեպքում իրենց կյանքը տալու հավատակիցների համար։ Հարցի պատասխանը երևում է Հովհաննեսի՝ այս դեպքի ականատեսի խոսքերից, որը հետագայում գրեց. «Սէրը նրանո՛վ ճանաչեցինք, որ Յիսուս իր կեա՛նքը տուեց մեզ համար. մենք էլ պարտաւոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կեանքը» (Ա Յովհաննէս 3։16)։
11. ա) Ինչպե՞ս կարող ենք կատարել Քրիստոսի օրենքը։ բ) Հիսուսն ի՞նչ օրինակ թողեց։
11 Քրիստոսի օրենքը կատարելը չի նշանակում միայն ուրիշներին նրա մասին սովորեցնել։ Հարկավոր է Հիսուսի նման ապրել և վարվել։ Նա ոչ միայն գեղեցիկ, ճիշտ ընտրված բառերով էր սովորեցնում իր զրույցներում, այլև անձամբ օրինակ էր ցույց տալիս նրանց։ Թեև Հիսուսը հզոր ոգեղեն արարած էր երկնքում, բայց օգտագործեց երկրի վրա իր Հոր շահերին ծառայելու առիթը և ցույց տվեց, թե ինչպես է հարկավոր ապրել։ Նա խոնարհ էր, բարի և հոգատար, օգնում էր հարստահարված ու հոգսերով ծանրաբեռնված մարդկանց (Մատթէոս 11։28—30; 20։28; Փիլիպպեցիս 2։5—8; Ա Յովհաննէս 3։8)։ Հիսուսն իր հետևորդներին հորդորում էր այնպես սիրել միմյանց, ինչպես որ ինքն էր սիրում նրանց։
12. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Քրիստոսի օրենքում սերը Եհովայի հանդեպ երկրորդ պլան չի մղվում։
12 Ի՞նչ տեղ է զբաղեցնում Քրիստոսի օրենքում Մովսիսական օրենքի ամենամեծ պատվիրանը՝ սերը Եհովայի հանդեպ (Մատթէոս 22։37, 38; Գաղատացիս 6։2)։ Գուցե երկրորդակա՞ն։ Բոլորովի՛ն։ Սերը Եհովայի և քրիստոնյա հավատակիցների նկատմամբ անխզելիորեն կապված են իրար հետ։ Չես կարող անկեղծությամբ սիրել Եհովային, եթե քո եղբոր հանդեպ սեր չունես, քանի որ Հովհաննես առաքյալը նշեց. «Եթէ մէկն ասի, թէ սիրում է Աստծուն, եւ ատի իր եղբօրը, սուտ է խօսում. ով չի սիրում իր եղբօրը, որին տեսնում է, ինչպէ՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել (Ա Յովհաննէս 4։20; համեմատեք Ա Յովհաննէս 3։17, 18)։
13. Երբ աշակերտները հնազանդվեցին Հիսուսի տված նոր պատվիրանին, արդյունքում ի՞նչ եղավ։
13 Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց միմյանց սիրել այնպես, ինչպես որ ինքն էր սիրում, ապա նա բացատրեց, թե այդպես վարվելն ի՞նչ ազդեցություն էր թողնելու. «Եթե դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Յովհաննէս 13։35)։ Ինչպես վկայում է Տերտուղիանոսը, որն ապրել է Հիսուսի մահից հարյուրավոր տարիներ հետո, առաջին դարի քրիստոնյաների եղբայրական սերը հենց այսպիսի տպավորություն էր գործել մարդկանց վրա։ Նա մեջ է բերում ոչ քրիստոնյա անձանց խոսքերը, որոնք քրիստոնյաների մասին հետևյալ կերպ էին արտահայտվել. «Տեսեք, թե ինչպես են իրար սիրում. պատրաստ են անգամ մահանալու իրար համար»։ Կարող ենք ինքներս մեզ հարց տալ. «Արդյոք ես այնպիսի սեր ցուցաբերո՞ւմ եմ հավատակիցներիս հանդեպ, որն ապացուցի իմ՝ Հիսուսի աշակերտ լինելը»։
Ինչպե՛ս ենք ապացուցում մեր սերը
14, 15. Ի՞նչը կարող է դժվարացնել Քրիստոսի օրենքին հնազանդվելը, բայց այս հարցում ի՞նչը մեզ կօգնի։
14 Անհրաժեշտ է, որ Եհովայի ծառաները Քրիստոսի նման սեր դրսևորեն։ Արդյոք ձեզ համար դժվա՞ր է սիրել այն հավատակիցներին, ովքեր բնավորությամբ եսասեր են։ Ինչպես արդեն տեսանք, անգամ առաքյալներն էին իրար հետ վիճում ու առաջ քաշում իրենց անձնական շահերը (Մատթէոս 20։20—24)։ Գաղատացիների մեջ էլ էին վեճեր ծագում։ Մատնանշելուց հետո, որ, սիրելով դիմացինին, կատարում ենք Օրենքը, Պողոսը զգուշացրեց նրանց. «Իսկ եթէ միմեանց խածոտէք եւ յօշոտէք, զգո՛յշ եղէք, գուցէ թէ միմեանց ոչնչացնէք»։ Ապա Պողոսը Աստծո սուրբ հոգու պտուղը հակադրում է մարմնի գործերի հետ և ավելացնում է. «Սնապարծ չլինենք՝ միմեանց գրգռելով եւ միմեանց նախանձելով»։ Այնուհետև առաքյալը կոչ է անում. «Միմեանց բեռը կրեցէ՛ք եւ այդպիսով կատարեցէ՛ք Քրիստոսի օրէնքը» (Գաղատացիս 5։14—6։2)։
15 Պատվիրելով հնազանդվել Քրիստոսի օրենքին՝ մի՞թե Եհովան մեզանից չափից ավելին է պահանջում։ Թեև հեշտ չէ սիրալիր լինել նրանց նկատմամբ, ովքեր, ըստ էության, վիրավորում են մեզ և վշտացնում, սակայն հարկավոր է ‘նմանվել Աստծուն, որպես սիրելի զավակներ և ընթանալ սիրով’ (Եփեսացիս 5։1, 2)։ Մենք պետք է շարունակ նայենք Աստծո թողած օրինակին, որն «իր սէրը մեր հանդէպ յայտնեց նրանով, որ, մինչդեռ մեղաւոր էինք, Քրիստոս մեզ համար մեռաւ» (Հռովմայեցիս 5։8)։ Եթե ուրիշներին օգնելու նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնենք, այդ թվում նաև նրանց, ովքեր մեզ հետ վատ են վերաբերվում, ապա մենք բավարարված կզգանք այն բանի գիտակցումից, որ նմանվում ենք Աստծուն և հնազանդվում ենք Քրիստոսի օրենքին։
16. Եհովայի և Հիսուսի հանդեպ մեր սերն ինչպե՞ս կարող ենք ապացուցել։
16 Եկեք չմոռանանք, որ մեր սերն ապացուցում ենք ոչ թե խոսքերով, այլ գործերով։ Մի առիթով, նույնիսկ Հիսուսի համար հեշտ չէր համաձայնվել Աստծո կամքի դրսևորման մի երեսակի հետ։ «Հա՛յր, եթէ կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ»,— աղոթում էր Հիսուսը։ Բայց և անմիջապես ավելացրեց. «Բայց ո՛չ թէ իմ կամքը, այլ քոնը թող լինի» (Ղուկաս 22։42)։ Չնայած իր կրած բոլոր տանջանքներին, Հիսուսը կատարեց Աստծո կամքը (Եբրայեցիս 5։7, 8)։ Հնազանդությունը սիրո և Աստծո ճանապարհը լավագույն ուղին համարելու մեր վկայությունն է։ «Քանզի ա՛յս է Աստծու հանդէպ մեր սէրը,— ասվում է Աստվածաշնչում,— որ պահենք նրա պատուիրանները» (Ա Յովհաննէս 5։3)։ Հիսուսն իր աշակերտներին հայտնեց. «Եթէ ինձ սիրում էք, կը պահէք իմ պատուիրանները» (Յովհաննէս 14։15)։
17. Հիսուսն ի՞նչ առանձնահատուկ պատվիրան տվեց իր աշակերտներին, և որտեղի՞ց գիտենք, որ այն վերաբերվում է նաև մեզ։
17 Բացի սիրո պատվիրանից՝ ուրիշ ի՞նչ առանձնահատուկ պատվիրան տվեց Հիսուսը իր հետևորդներին։ Նա հանձնարարեց քարոզչական գործը կատարել, ինչի համար որ ինքը պատրաստել էր նրանց։ Այդ են վկայում Պետրոսի խոսքերը. «Նա պատուիրեց մեզ քարոզել ժողովրդին եւ վկայութիւն տալ» (Գործք 10։42)։ Մեզ համար շատ հստակ է Հիսուսի այդ պատվիրանը. «Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ հոգու անունով։ Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի» (Մատթէոս 28։19, 20; Գործք 1։8)։ Հիսուսի խոսքերից բացահայտ է, որ այս հրահանգները վերաբերվելու էին նաև այսօր՝ «վերջին ժամանակում», ապրող քրիստոնյաներին. «Արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը» (Դանիել 12։4; Մատթէոս 24։14)։ Ինչ խոսք, Աստված կամենում է, որ մենք քարոզենք։ Այնուհանդերձ, ոմանք կարող են մտածել, թե, պահանջելով մասնակցել այս աշխատանքին, Աստված մեզանից չափից ավելին է ուզում։ Բայց արդյո՞ք դա այդպես է։
Ինչո՞ւ կարող է դժվար թվալ
18. Ի՞նչ պիտի հիշենք Աստծո պահանջները կատարելու ժամանակ դժվարություններ կրելիս։
18 Ինչպես քննարկեցինք նախորդ հոդվածում, պատմության ընթացքում Եհովան տարբեր պահանջներ է ներկայացրել իր ժողովրդին։ Ի դեպ, փոփոխվում էին ինչպես հանձնարարված առաջադրանքները, այնպես էլ մարդկանց բաժին ընկած փորձությունները։ Աստծո թանկագին Որդին դժվարին փորձությունների միջով անցավ և վերջում դաժան ձևով սպանվեց լոկ այն բանի համար, որ կատարում էր Աստծո պահանջածը։ Չմոռանանք սակայն, որ երբ Աստծո պահանջները կատարելիս դժվարությունների հանդիպենք, Աստված չէ մեր փորձությունների պատճառը (Յովհաննէս 15։18—20; Յակոբոս 1։13—15)։ Սատանայի ըմբոստության հետևանքով էր, որ առաջ եկան մեղքը, տառապանքն ու մահը, և Սատանան է ստեղծում այն պայմանները, որոնք Եհովայի ծառաների համար խիստ դժվարացնում են իրագործել նրա պահանջները (Յոբ 1։6—19; 2։1—8)։
19. Ինչո՞ւ է առանձնաշնորհում, երբ վարվում ենք այնպես, ինչպես որ Աստված է պահանջում մեզանից իր Որդու միջոցով։
19 Այս վերջին օրերում Եհովան իր Որդու միջոցով առաջնորդում է իր ծառաներին, որպեսզի ողջ աշխարհով մեկ հռչակեն, որ մարդկությանը տառապանքից ազատելու միակ միջոցը Թագավորությունն է։ Աստծո այս կառավարությունը ոչնչացնելու է երկրի վրայից բոլոր տառապանքները՝ պատերազմը, հանցագործությունը, աղքատությունը, ծերությունը, հիվանդությունն ու մահը։ Թագավորությունը նաև երկրային փառավոր դրախտ է ստեղծելու, որտեղ մահացածներն անգամ հարություն են ստանալու (Մատթէոս 6։9, 10; Սաղմոս 37։29; Գործք 24։15; Յայտնութիւն 21։3, 4)։ Ի՜նչ առանձնաշնորհում է տեղեկացնել մարդկանց այս հրաշալի իրադարձությունների մասին։ Ուստի, հարցը Եհովայի պահանջածը կատարելու դժվարության մեջ չէ։ Ճիշտ է, հակառակության ենք հանդիպում, սակայն դրա աղբյուրն են Սատանան և իր աշխարհը։
20. Ինչպե՞ս կարող ենք դիմագրավել Սատանայի կողմից հրահրված հալածանքները։
20 Իսկ ինչպե՞ս կարող ենք հաջողությամբ դիմագրավել Սատանայի կողմից հրահրված որևէ հալածանք. հիշելով հետևյալ խոսքերը. «Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին» (Առակաց 27։11)։ Թողնելով երկնային ապահով կյանքը և երկիր գալով կատարելու համար իր Հոր կամքը՝ Հիսուսը թույլ տվեց, որ Սատանայի ծաղրանքին Հայրը պատասխանի (Եսայիա 53։12; Եբրայեցիս 10։7)։ Որպես մարդ՝ Հիսուսը դիմացավ իր վրա եկած բոլոր փորձություններին, անգամ ցցի վրա տանջալից մահվանը։ Եթե մենք հետևենք նրա Օրինակին, ուրեմն մենք էլ կկարողանանք դիմանալ դժվարություններին և կատարել այն, ինչ որ Եհովան է պահանջում մեզանից (Եբրայեցիս 12։1—3)։
21. Եհովայի ու նրա Որդու կողմից դրսևորված սերը ձեր մեջ ի՞նչ զգացումներ է առաջ բերում։
21 Մարդկության հանդեպ սիրո ինչպիսի՜ դրսևորում Եհովայի ու իր Որդու կողմից։ Հիսուսի զոհաբերության շնորհիվ հնազանդ մարդկությունը Դրախտում հավիտյան ապրելու հեռանկարն ունի։ Ուրեմն եկեք թույլ չտանք, որ մեր հույսը թուլանա։ Դրա փոխարեն, թող որ մեզանից յուրաքանչյուրը Պողոսի նման հիշի, թե Հիսուսն ինչ բան հնարավոր դարձրեց. «Աստծու Որդին... սիրեց ինձ եւ իրեն մահուան մատնեց ինձ համար» (Գաղատացիս 2։20)։ Եկե՛ք սրտանց երախտագիտություն հայտնենք մեր սիրալիր Աստծուն՝ Եհովային, որը մեզանից երբեք չափից ավելին չի պահանջում։
Ինչպե՞ս կպատասխանեք
◻ Եհովան ի՞նչ է պահանջում մեզանից այսօր։
◻ Իր առաքյալների հետ անցկացրած վերջին երեկոյի ընթացքում Հիսուսն ինչպե՞ս շեշտեց սիրո կարևորությունը։
◻ Ինչպե՞ս կարող ենք ապացուցել, որ սիրում ենք Աստծուն։
◻ Ինչո՞ւ է առանձնաշնորհում անել այն, ինչ որ Եհովան է պահանջում մեզանից։
[նկար 13–րդ էջի վրա]
Հիսուսն ի՞նչ օրինակ ցույց տվեց՝ լվանալով իր աշակերտների ոտքերը։
[նկար 15–րդ էջի վրա]
Չնայած հակառակությանը՝ բարի լուրի տարածումը հոյակապ առանձնաշնորհում է։