ԳԼՈՒԽ 1
«Սա է Աստծու հանդեպ սերը»
«Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանր չեն» (1 ՀՈՎՀԱՆՆԵՍ 5։3)
1, 2. Ինչո՞ւ ես սիրում Եհովա Աստծուն։
ՍԻՐՈ՞ՒՄ ԵՍ Աստծուն։ Եթե նվիրվել ես նրան, ապա պատասխանդ անկասկած կլինի՝ այո՛։ Եվ իսկապես, դժվար չէ սիրել մեկին, ով արդեն սիրում է մեզ։ Աստվածաշնչում այս առումով ասվում է. «Մենք սիրում ենք, քանի որ առաջինը նա՛ [Եհովան] սիրեց մեզ» (1 Հովհաննես 4։19)։
2 Եհովան առաջինն է սեր դրսևորել մեր հանդեպ։ Նա մեզ տվել է հիասքանչ մի տուն՝ Երկիր մոլորակը, որն իր առատ բարիքներով գոհացնում է մեր կարիքները (Մատթեոս 5։45)։ Իսկ ամենակարևորը՝ Եհովան հոգ է տանում մեր հոգևոր կարիքների մասին։ Նա տվել է իր Խոսքը՝ Աստվածաշունչը։ Նաև հորդորում է մեզ աղոթել իրեն և հավաստիացնում է, որ պատրաստ է լսել մեզ և իր սուրբ ոգով օգնել (Սաղմոս 65։2; Ղուկաս 11։13)։ Այս ամենից բացի, նա իր սիրելի Որդուն է տվել որպես փրկանք, որ ազատի մեզ մեղքից ու մահից։ Իսկապես, Աստծու սերը մեր հանդեպ անսահման է (կարդա՛ Հովհաննես 3։16; Հռոմեացիներ 5։8)։
3. ա) Ի՞նչ պետք է անենք Աստծու սիրո մեջ մնալու համար։ բ) Ո՞ր հարցի շուրջ պետք է մտածենք, և ի՞նչ է գրել Հովհաննես առաքյալը այդ մասին։
3 Եհովան ուզում է, որ հավիտյան վայելենք իր սերը։ Սակայն դա կախված է մեզնից։ Աստծու Խոսքը հորդորում է. «Մնացեք Աստծու սիրո մեջ.... որը հավիտենական կյանքի է առաջնորդում» (Հուդա 21)։ «Մնացեք» կոչը ցույց է տալիս, որ մենք պետք է ջանքեր ներդնենք։ Այսինքն՝ մեր սերը Աստծու հանդեպ պետք է ակնհայտ դարձնենք։ Ուստի կարևոր է մտածել հետևյալ հարցի շուրջ. «Ինչպե՞ս կարող եմ ցույց տալ Աստծու հանդեպ իմ սերը»։ Այս հարցի պատասխանը կարդում ենք Հովհաննես առաքյալի ներշնչյալ խոսքերում. «Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանր չեն» (1 Հովհաննես 5։3)։ Եկ մանրամասն քննենք այս խոսքերի նշանակությունը։
«ՍԱ Է ԱՍՏԾՈՒ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ»
4, 5. Պատմիր, թե ինչպես սկսեցիր սիրել Եհովային։
4 Ի՞նչ նկատի ուներ Հովհաննեսը՝ «Աստծու հանդեպ սեր» արտահայտությունը գրելով։ Նա խոսում էր այն խոր զգացումի մասին, որ մենք տածում ենք Աստծու հանդեպ։ Հիշո՞ւմ ես, թե ինչպես քո սրտում ծլարձակեց ու արմատներ գցեց այդ սերը։
5 Ի՞նչ զգացիր, երբ առաջին անգամ իմացար ճշմարտությունը Եհովայի և նրա նպատակների մասին։ Քո մեջ ծնվեց հավատ նրա հանդեպ։ Դու հասկացար, որ թեև մեղավոր մարդ ես և օտարացած ես Աստծուց, սակայն նա Քրիստոսի միջոցով ճանապարհ է բացել քո առաջ, որ կարողանաս վերագտնել Ադամի կորցրածը՝ կատարելությունը, և ժառանգես հավիտենական կյանքը (Մատթեոս 20։28; Հռոմեացիներ 5։12, 18)։ Դու սկսեցիր գիտակցել, թե իրականում ինչ մեծ զոհաբերություն է արել Եհովան, երբ իր սիրելի Որդուն ուղարկել է երկիր, որ մահանա քեզ համար։ Քո սիրտը երախտագիտությամբ լցվեց, ու սկսեցիր սիրել այն Աստծուն, ով այդքան սիրել է քեզ (կարդա՛ 1 Հովհաննես 4։9, 10)։
6. Ինչպե՞ս է դրսևորվում իսկական սերը, և ի՞նչ անելու է այն մղել քեզ։
6 Այդ զգացումը, սակայն, Եհովայի հանդեպ սիրո սկիզբն էր միայն։ Սերը պարզապես ներքին զգացողություն չէ, և բավական չէ ընդամենը ասել. «Ես սիրում եմ Եհովային»։ Ինչպես հավատը, այնպես էլ սերը դրսևորվում է գործերով (Հակոբոս 2։26)։ Այո՛, երբ սիրում ես մեկին, անում ես այնպիսի բաներ, որ հաճելի են նրան։ Նմանապես, երբ Եհովայի հանդեպ սերդ սկսեց մեծանալ, քո մեջ ցանկություն առաջացավ ապրել այնպես, որ հաճելի լինի մեր երկնային Հորը։ Եթե դու արդեն մկրտվել ես, նշանակում է՝ նրա հանդեպ քո սերն ու նվիրվածությունը մղել են քեզ անելու կյանքիդ ամենակարևոր քայլը. դու նվիրել ես քո անձը Եհովային, որ կատարես նրա կամքը, և քո նվիրումը խորհրդանշել ես մկրտությամբ (կարդա՛ Հռոմեացիներ 14։7, 8)։ Քո նվիրման, կամ՝ խոստման համաձայն ապրելու մեջ մտնում է այն, ինչ գրեց Հովհաննես առաքյալը իր վերոհիշյալ խոսքից հետո։
«ՊԱՀԵՆՔ ՆՐԱ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ»
7. Որո՞նք են Աստծու պատվիրաններից մի քանիսը, և ի՞նչ է նշանակում պահել այդ պատվիրանները։
7 Հովհաննեսը բացատրեց, թե ինչ է նշանակում սիրել Աստծուն՝ ասելով. «Պահենք նրա պատվիրանները»։ Իսկ որո՞նք են Աստծու պատվիրանները։ Եհովան մի շարք կոնկրետ պահանջներ է տվել, որոնք գրված են իր Խոսքում՝ Աստվածաշնչում։ Օրինակ՝ նա արգելում է հարբեցողությունը, անբարոյությունը, կռապաշտությունը, գողությունը, ստախոսությունը (1 Կորնթացիներ 5։11; 6։18; 10։14; Եփեսացիներ 4։28; Կողոսացիներ 3։9)։ Պահել Աստծու պատվիրանները նշանակում է ապրել Աստվածաշնչում հստակ նշված բարոյական չափանիշներին ներդաշնակ։
8, 9. Ինչպե՞ս կարող ենք իմանալ Եհովայի տեսակետը այն հարցերի վերաբերյալ, որոնց մասին Աստվածաշնչում կոնկրետ օրենքներ չկան։ Բեր օրինակ։
8 Եհովային հաճեցնելու համար կոնկրետ պատվիրաններ պահելուց ավելին է հարկավոր անել, քանի որ նա մեր առօրյայի հետ կապված ամեն հարցի վերաբերյալ օրենք չի սահմանել։ Ուստի հնարավոր է՝ կյանքում հայտնվենք այնպիսի իրավիճակում, որի վերաբերյալ Աստվածաշնչում կոնկրետ պատվերներ չկան։ Նման դեպքերում ինչպե՞ս իմանանք, թե որն է նրա կամքը։ Աստվածաշունչը պարզ ներկայացնում է Աստծու մտածելակերպը։ Ուսումնասիրելով այն՝ մենք իմանում ենք, թե ինչ է նա սիրում և ինչ է ատում (կարդա՛ Սաղմոս 97։10; Առակներ 6։16–19)։ Մենք սկսում ենք հասկանալ, թե ինչպիսի մտածելակերպն ու գործերն են նրան դուր գալիս։ Որքան ավելի լավ ճանաչենք Եհովային՝ նրա էությունն ու գործելակերպը, այնքան ավելի լավ կարտացոլենք նրա մտածելակերպը մեր որոշումներում և գործերում։ Եվ նույնիսկ այն դեպքում, երբ մեր իրավիճակին համապատասխան աստվածաշնչյան կոնկրետ օրենք չենք գտնում, մենք կարող ենք «ըմբռնել, թե որն է Եհովայի կամքը» (Եփեսացիներ 5։17)։
9 Օրինակ՝ Աստվածաշնչում կոնկրետ պատվեր չկա, որ չդիտենք այնպիսի ֆիլմեր կամ հաղորդումներ, որոնք բռնության դաժան տեսարաններ և անբարոյություն են պարունակում։ Բայց իրո՞ք այդպիսի օրենքի կարիք ունենք։ Չէ՞ որ մենք գիտենք Աստծու տեսակետը այդ արարքների մասին։ Նրա Խոսքը հստակ ասում է. «Բռնություն սիրողին ատում է Նրա հոգին» (Սաղմոս 11։5)։ Իսկ անբարոյության մասին գրված է. «Աստված դատելու է պոռնիկներին ու շնացողներին» (Եբրայեցիներ 13։4)։ Եթե խորհրդածենք այս խոսքերի շուրջ, կհասկանանք, թե որն է Եհովայի կամքը։ Հետևաբար չենք դիտի այնպիսի բաներ, որոնք Աստված ատում է։ Եհովային հաճելի կլինի, եթե մերժենք ժամանցի անբարո ձևերը, որոնք այս աշխարհը փորձում է ներկայացնել իբրև անմեղ զվարճություն։a
10, 11. Ինչո՞ւ ենք ցանկանում հնազանդվել Եհովային և ինչպիսի՞ հնազանդություն պետք է ցուցաբերենք։
10 Ո՞րն է գլխավոր պատճառը, որ մենք պահում ենք Աստծու պատվիրանները։ Ինչո՞ւ ենք ցանկանում ամեն օր ապրել Աստծուն հաճելի կերպով։ Մենք դա չենք անում պատժից կամ Աստծու կամքին հակառակ գործերի հետևանքներից խուսափելու համար (Գաղատացիներ 6։7)։ Մենք հնազանդվում ենք Եհովային, քանի որ սիրում ենք նրան։ Ինչպես որ երեխան է ցանկանում իր հոր հավանությանն արժանանալ, այնպես էլ մենք ենք ուզում հաճելի լինել Եհովային (Սաղմոս 5։12)։ Նա մեր Հայրն է, և մենք սիրում ենք նրան։ Ոչինչ չի կարող այնքան ուրախություն և բավարարվածություն պատճառել, որքան այն բանի գիտակցումը, որ մենք Եհովային հաճելի կյանքով ենք ապրում (Առակներ 12։2)։
11 Այդ պատճառով մենք դժկամությամբ չէ, որ հնազանդվում ենք Եհովայինb և ոչ էլ մեր հայեցողությամբ ենք որոշում, թե որ պատվիրանները պահենք։ Մենք հնազանդվում ենք բոլոր պատվիրաններին, ոչ թե միայն նրանց, որոնք մեզ համար հեշտ են ու հարմար։ Մեր հնազանդությունը սրտից է բխում (Հռոմեացիներ 6։17)։ Ուստի կարող ենք սաղմոսերգուի պես ասել. «Ինձ համար թանկ կլինեն քո պատվիրանները, որոնք ես սիրում եմ» (Սաղմոս 119։47)։ Այո՛, սերն է մղում մեզ հնազանդվել Եհովային։ Նա արժանի է լիակատար ու անվերապահ հնազանդության և հենց այդպիսի հնազանդություն էլ պահանջում է (2 Օրենք 12։32)։ Մենք ցանկանում ենք, որ մեր մասին Եհովան նույն կարծիքն ունենա, ինչ որ Նոյի մասին ուներ, ով տասնամյակներ շարունակ ցույց տվեց Աստծու հանդեպ իր սերը՝ հնազանդվելով նրան։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նոյը ամեն ինչ արեց այնպես, ինչպես Աստված պատվիրել էր իրեն։ Նա հենց այդպես արեց» (Ծննդոց 6։22)։
12. Ինչպիսի՞ հնազանդությունն է ուրախացնում Եհովայի սիրտը։
12 Ի՞նչ է զգում Եհովան, երբ պատրաստակամորեն ենք հնազանդվում իրեն։ Աստվածաշունչն ասում է, որ նրա սիրտն ուրախանում է (Առակներ 27։11)։ Իսկապե՞ս կարող ենք մեր հնազանդությամբ ուրախացնել տիեզերքի Գերիշխանի սիրտը։ Իհա՛րկե։ Եհովան մեզ ստեղծել է կամքի ազատությամբ, իսկ դա նշանակում է, որ մենք կարող ենք ինքներս որոշել՝ հնազանդվել նրան, թե ոչ (2 Օրենք 30։15, 16, 19, 20)։ Ուստի երբ հոժարակամորեն ենք հնազանդվում մեր երկնային Հորը, և երբ հնազանդությունը բխում է նրա հանդեպ սիրով լի սրտից, ուրախացնում ենք նրան և դառնում ենք նրա սրտին հաճելի անձնավորություն (Առակներ 11։20)։ Դա է կյանքի լավագույն ուղին։
«ՆՐԱ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ ԾԱՆՐ ՉԵՆ»
13, 14. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստծու «պատվիրանները ծանր չեն»։ Բեր օրինակ։
13 Հովհաննես առաքյալը Եհովայի պատվիրանների մասին ասում է. «Նրա պատվիրանները ծանր չեն»c (1 Հովհաննես 5։3)։ Աստվածաշնչի մեկ այլ թարգմանության մեջ գրված է. «Նրա պատվիրանները մեզ ուժասպառ չեն անում» (New English Translation)։ Եհովայի պահանջները անխոհեմ և ճնշող չեն։ Նրա օրենքներին հնազանդվելը անկատար մարդու ուժերից վեր չէ։
14 Պատկերացնենք օրինակով։ Քո մտերիմ ընկերը նոր բնակարան է տեղափոխվում և խնդրում է քեզ օգնել տեղափոխելու իրերը։ Կան և՛ թեթև արկղեր, և՛ ծանր արկղեր, որ առնվազն երկուսով պետք է տանեք։ Մի՞թե ընկերդ կխնդրի քեզ ծանր արկղերը մենակ տեղափոխել։ Անշուշտ ոչ։ Նա նույնիսկ թույլ չի տա, որ նման բան անես ու քեզ վնասես։ Այդպես էլ մեր սիրառատ ու բարի Աստվածը մեզնից չի պահանջում անել մի բան, ինչը չափազանց դժվար կլինի մեզ համար (2 Օրենք 30։11–14)։ Եհովան երբեք մեր ուժերից վեր ոչինչ չի պատվիրի մեզ, քանի որ «նա լավ գիտի մեր կազմությունը, հիշում է, որ հող ենք մենք» (Սաղմոս 103։14)։
15. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովայի պատվիրանները մեր բարօրության համար են։
15 Եհովայի պատվիրաններն ոչ միայն ծանր չեն, այլև նպաստում են մեր բարօրությանը (կարդա՛ Եսայիա 48։17)։ Մովսեսն իսրայելացիներին ասաց. «Եհովան պատվիրեց մեզ կատարել այս բոլոր կանոնները և մեր մշտական բարօրության համար վախենալ մեր Աստված Եհովայից, որպեսզի ողջ մնանք, ինչպես որ այսօր ենք ողջ» (2 Օրենք 6։24)։ Մենք նույնպես կարող ենք վստահ լինել, որ Աստծու օրենքները մեր հարատև բարօրության համար են։ Այլ կերպ լինել չէր կարող։ Չէ՞ որ անհուն է Եհովայի իմաստությունը (Հռոմեացիներ 11։33)։ Նա լավ գիտի, թե ինչն է մեզ օգտակար։ Եհովան նաև սիրո մարմնացումն է (1 Հովհաննես 4։8)։ Սերն է ընկած նրա բոլոր խոսքերի և գործերի հիմքում։ Ուստի իր ծառաներին տված բոլոր պատվիրանները սիրուց են բխում։
16. Ի՞նչը կօգնի, որ չնայած դժվարություններին՝ կարողանանք հնազանդվել Եհովային։
16 Սակայն սա չի նշանակում, որ Աստծու կամքին համաձայն ապրելը կյանքի հեշտ ուղի է։ Մենք պետք է դիմադրենք ապականված աշխարհի ազդեցությանը, որը «Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։ Նաև պետք է պայքարենք մեր անկատարության դեմ, որը դրդում է մեզ անտեսել Աստծու օրենքները (Հռոմեացիներ 7։21–25)։ Այս պայքարում հաղթելու համար մեզ կարող է օգնել Աստծու հանդեպ սերը։ Եհովան աջակցում և իր սուրբ ոգին է տալիս բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց սերը փաստել՝ հնազանդվելով «իրեն որպես ղեկավարի» (Գործեր 5։32)։ Այդ ոգին մեր մեջ առաջ է բերում անգին հատկություններ, որոնք կօգնեն մեզ շարունակել ընթանալ այս դժվար, բայցև լավագույն ուղիով (Գաղատացիներ 5։22, 23)։
17, 18. ա) Ի՞նչ ենք քննելու այս գրքում և ի՞նչ պետք է հիշենք։ բ) Ի՞նչի մասին կխոսվի հաջորդ գլխում։
17 Այս գրքում մենք կքննենք Եհովայի սահմանած սկզբունքները և բարոյական չափանիշները, ինչպես նաև նրա կամքի հետ կապված որոշ հարցեր։ Քննելիս հարկավոր է հիշել հետևյալ կարևոր բաները. Աստված չի ստիպում, որ ենթարկվենք նրա օրենքներին ու սկզբունքներին, և ուզում է, որ սրտանց ու հոժարակամորեն հնազանդվենք իրեն։ Թող որ երբեք չմոռանանք, որ Եհովայի պատվերները մեր օգտին են ծառայում։ Դրանք պահելով՝ մենք առատ օրհնություններ կքաղենք հիմա և հավիտենական կյանք կունենանք ապագայում։ Եկ անկեղծ հնազանդությամբ ցույց տանք, թե որքան շատ ենք սիրում մեր երկնային Հորը։
18 Սակայն որպեսզի միշտ անենք Եհովային հաճելի բաներ, մենք պետք է նաև կարողանանք ճիշտը սխալից զանազանել։ Դրա համար Եհովան մեր մեջ խիղճ է դրել։ Բայց մենք պետք է կրթենք մեր խիղճը, որ այն հուսալի առաջնորդ լինի մեզ համար։ Իսկ թե ինչպես, կքննարկենք հաջորդ գլխում։
a Այն մասին, թե ինչպես ընտրել ժամանցի ճիշտ ձևեր, կարդա այս գրքի 6-րդ գլուխը։
b Չար ոգիներն էլ երբեմն դժկամությամբ հնազանդվում են Աստծուն, քանի որ ստիպված են լինում ենթարկվել նրա խոսքին։ Օրինակ՝ երբ Հիսուսը հրամայեց դևերին դուրս գալ դիվահար մարդու միջից, նրանք ստիպված էին ընդունել նրա իշխանությունը և հնազանդվել (Մարկոս 1։27; 5։7–13)։
c 1 Հովհաննես 5։3-ում «ծանր» թարգմանված հունարեն բառը հանդիպում է նաև Մատթեոս 23։4-ում, որտեղ մարդկանց կողմից ստեղծված ավանդույթներն ու մանրակրկիտ կանոնները համեմատվում են «ծանր բեռների» հետ, որոնք փարիսեցիներն ու դպիրները դրել էին հասարակ ժողովրդի ուսերին։