Եհովան «իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի»
«Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի» (ԵԲՐԱՅԵՑԻՍ 11։6)։
1, 2. Ինչո՞ւ են Եհովայի ծառաներից ոմանք բացասական զգացումներ ունենում։
«ՄՈՏ 30 տարի է, ինչ Եհովայի վկա եմ, բայց երբեք ինձ արժանի չեմ համարել կրելու այդ անունը,— խոստովանում է Բարբարան։a — Թեև ծառայել եմ որպես ռահվիրա և մի շարք առանձնաշնորհումներ եմ ունեցել, սակայն դրանցից ոչ մեկը բավարար չի եղել, որ սրտիս խորքում համոզվեմ, թե արժանի եմ այդ անվանը»։ Նմանատիպ միտք է արտահայտում նաև Կիտը։ «Ես հասկանում էի, որ Եհովայի ծառաները երջանիկ լինելու բազմաթիվ հիմքեր ունեն, բայց ես երջանիկ չէի։ Այդ պատճառով հաճախ ինձ անարժեք էի զգում։ Դա իմ մեջ մեղավորության զգացում էր առաջ բերում, ինչն էլ ավելի էր վատացնում վիճակս»։
2 Թե՛ անցյալում և թե՛ այսօր Եհովայի հավատարիմ ծառաներից շատերն են պայքարել նման զգացումների դեմ։ Իսկ դո՞ւ։ Հնարավոր է անվերջ պայքարում ես խնդիրների դեմ, իսկ հավատակիցներդ, թվում է, թե վայելում են կյանքը, ապրում են անհոգ ու երջանիկ։ Արդյունքում գուցե այնպիսի զգացում ունենաս, թե Եհովան քեզ հավանություն չի տալիս, և դու արժանի չես նրա ուշադրությանը։ Մի՛ շտապիր այդպիսի եզրակացություն անել։ Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է. «[Եհովան] չ’անարգեց եւ չ’արհամարհեց խեղճի խղճութիւնը, եւ չ’ծածկեց նորանից իր երեսը. բայց երբոր նա աղաղակեց դէպի նորան՝ նա ականջ դրաւ» (Սաղմոս 22։24)։ Մեսիային վերաբերող այս մարգարեական խոսքերը ցույց են տալիս, որ Եհովան ոչ միայն լսում է հավատարիմ անհատներին, այլև վարձահատույց է լինում նրանց։
3. Ինչո՞ւ մենք պաշտպանված չենք իրերի այս համակարգի բերած դժվարություններից։
3 Ոչ ոք պաշտպանված չէ իրերի այս համակարգի բերած դժվարություններից, անգամ Եհովայի ծառաները։ Մենք ապրում ենք մի այնպիսի աշխարհում, որի վրա իշխում է Եհովայի գլխավոր թշնամին՝ Բանսարկու Սատանան (Բ Կորնթացիս 4։4; Ա Յովհաննէս 5։19)։ Եհովայի ծառաները հրաշքով պաշտպանված չեն դժբախտություններից։ Ընդհակառակը՝ նրանք Սատանայի գլխավոր թիրախն են (Յոբ 1։7–12; Յայտնութիւն 2։10)։ Ուստի քանի դեռ չի հասել Աստծու սահմանած ժամանակը, հարկավոր է, որ մենք «նեղութեան համբերե[նք]» և «աղօթքում յարատեւե[նք]»՝ վստահ լինելով, որ Եհովան հոգ է տանում մեր մասին (Հռովմայեցիս 12։12)։ Մենք չպետք է մտածենք, թե սիրված չենք մեր Աստծու՝ Եհովայի կողմից։
Տոկունության օրինակներ անցյալից
4. Պատմեք Եհովայի հավատարիմ ծառաներից մի քանիսի մասին, ովքեր տոկացել են դժվար իրավիճակներում։
4 Հնում Եհովայի ծառաներից շատերը նույնպես եղել են դժվար իրավիճակներում։ Օրինակ՝ Աննան ‘տրտում’ էր, քանի որ երեխա չուներ. այդ պատճառով նա իրեն մոռացված էր զգում Աստծու կողմից (Ա Թագաւորաց 1։9–11)։ Երբ Հեզաբել թագուհին հետապնդում էր Եղիային, որ սպաներ նրան, վերջինս վախով լցվեց ու աղոթեց Եհովային. «Բաւական է, ով Տէր, իմ հոգին առ. որովհետեւ ես իմ հայրերիցը լաւ չեմ» (Գ Թագաւորաց 19։4)։ Իսկ Պողոս առաքյալը թերևս իր անկատարության ողջ ծանրությունը զգալով՝ ասաց. «Երբ ես կամենում եմ բարին անել, չարն իմ մօտը կայ»։ Ապա ավելացրեց. «Ես ի՜նչ խեղճ մարդ եմ» (Հռովմայեցիս 7։21–24)։
5. ա) Ինչպե՞ս վարձատրվեցին Աննան, Եղիան և Պողոսը։ բ) Ի՞նչ մխիթարություն կարող ենք ստանալ Աստծու Խոսքից, երբ պայքարում ենք բացասական զգացմունքների դեմ։
5 Մենք գիտենք, որ թե՛ Աննան, թե՛ Եղիան և թե՛ Պողոսը տոկացին Եհովայի ծառայության մեջ, և նա առատաձեռնորեն վարձատրեց նրանց (Ա Թագաւորաց 1։20; 2։21; Գ Թագաւորաց 19։5–18; Բ Տիմոթէոս 4։8)։ Նրանք պայքարեցին այնպիսի զգացումների դեմ, ինչպիսիք են՝ տրտմությունը, հուսալքությունը, վախը։ Ուստի չպետք է զարմանանք, որ ժամանակ առ ժամանակ մենք նույնպես բացասական զգացումներ ենք ունենում։ Սակայն ի՞նչ կարող ես անել, երբ կյանքի հոգսերը ստիպում են քեզ կասկածել, թե արդյոք Եհովան սիրում է քեզ։ Կարող ես մխիթարություն ստանալ Աստծու Խոսքից։ Օրինակ՝ նախորդ հոդվածում մենք քննարկեցինք Հիսուսի խոսքերն այն մասին, որ Աստված հաշվել է ‘քո գլխի ամեն մազերը’ (Մատթէոս 10։30)։ Այս քաջալերական խոսքերը ցույց են տալիս, որ Եհովա Աստված խորապես հետաքրքրված է իր ծառաներից ամեն մեկով։ Հիշիր նաև Հիսուսի օրինակը ճնճղուկների մասին։ Եթե Եհովայի աչքից չի վրիպում նույնիսկ այդ փոքրիկ թռչուններից որևէ մեկի գետին ընկնելը, ուրեմն մի՞թե նա աչք կփակի քո ծանր իրավիճակի վրա։
6. Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչը մխիթարության աղբյուր լինել նրանց համար, ովքեր պայքարում են բացասական զգացմունքների դեմ։
6 Արդյոք հնարավո՞ր է, որ մենք՝ անկատար մարդ արարածներս, մեծ արժեք ունենանք ամենազոր Ստեղծիչի՝ Եհովա Աստծու համար։ Այո՛։ Աստվածաշնչյան բազմաթիվ համարներ թիկունք են կանգնում այս մտքին։ Հասկանալով դրանք՝ մենք կկարողանանք սաղմոսերգուի պես ասել. «Իմ հոգերն իմ սրտումը շատանալիս՝ քո մխիթարութիւններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94։19)։ Եկեք քննարկենք Աստծու Խոսքում արձանագրված այդ մխիթարական մտքերից մի քանիսը, որոնք կօգնեն մեզ ավելի լավ հասկանալ, որ Աստված գնահատում է մեզ ու կվարձատրի, մինչ շարունակում ենք կատարել նրա կամքը։
Եհովայի ‘սեփականությունը’
7. Եհովան Մաղաքիա մարգարեի միջոցով ի՞նչ քաջալերական մարգարեություն տվեց այդ ապականված ազգին։
7 Մ.թ.ա հինգերորդ դարում հրեաները գտնվում էին ողբալի վիճակում։ Քահանաները ոչ պիտանի կենդանիներ էին ընդունում և զոհում Եհովայի զոհասեղանի վրա։ Դատավորները կողմնապահություն էին անում։ Կախարդությունը, ստախոսությունը, խարդախությունը և շնությունը տարածվել էին ողջ երկրով մեկ (Մաղաքիա 1։8; 2։9; 3։5)։ Ծայրահեղ ապականության մեջ գտնվող այս ազգի վերաբերյալ Մաղաքիան մի զարմանալի բան մարգարեացավ։ Իր սահմանած ժամանակին Եհովան այնպես էր անելու, որ ժողովուրդը կրկին լավ վիճակում լիներ։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նորանք իմը կ’լինեն, ասում է Զօրաց Տէրը, այն օրը, որ ես կ’անեմ, իմ սեպհականութիւնը. եւ ես նորանց կ’խնայեմ ինչպէս մի մարդ իր որդիին կ’խնայէ, որ ծառայում է իրան» (Մաղաքիա 3։17)։
8. Ինչո՞ւ կարող ենք Մաղաքիա 3։17–ը կիրառել մեծ բազմության առնչությամբ։
8 Մաղաքիայի մարգարեությունը ժամանակակից կատարում ունի ոգով օծված քրիստոնյաների առնչությամբ, որոնք կազմում են այն հոգևոր ազգը, որը բաղկացած է 144 000 անհատներից։ Այդ ազգը իսկապես ‘սեփականություն’ է, կամ՝ «սեփհական ժողովուրդ» է Եհովա Աստծու համար (Ա Պետրոս 2։9)։ Մաղաքիայի մարգարեությունը կարող է քաջալերական լինել նաև «մեծ բազմութ[յան]» (ԱԱ) համար, որը «կանգնած [է] աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ սպիտակ հանդերձներ [է] հագած» (Յայտնութիւն 7։4, 9)։ Նրանք օծյալ քրիստոնյաների հետ միասին կազմում են մեկ հոտ մեկ Հովվի՝ Հիսուս Քրիստոսի առաջնորդությամբ (Յովհաննէս 10։16)։
9. Ի՞նչ իմաստով է Եհովայի ժողովուրդը ‘սեփականություն’ նրա համար։
9 Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում նրանց, ովքեր որոշում են ծառայել իրեն։ Համաձայն Մաղաքիա 3։17–ի՝ նա վերաբերվում է այդ անհատներին այնպես, ինչպես սիրառատ հայրը իր որդուն։ Ուշադրություն դարձրու, թե որքան ջերմ է նա արտահայտվում իր ժողովրդի մասին՝ անվանելով նրան ‘սեփականություն’։ Աստվածաշնչի այլ թարգմանություններ հետևյալ կերպերով են փոխանցում այդ բառը՝ «իմ մեծ սեփականություն», «իմ գովելի սեփականություն» և «իմ գանձ»։ Իսկ ինչո՞ւ է Եհովան առանձնահատուկ ձևով վերաբերվում նրանց, ովքեր ծառայում են իրեն։ Պատճառներից մեկն այն է, որ նա երախտագետ Աստված է (Եբրայեցիս 6։10)։ Նա մտերմանում և առանձնահատուկ ձևով է վերաբերվում նրանց, ովքեր ծառայում են իրեն ամբողջ սրտով։
10. Ինչպե՞ս է Եհովան պաշտպանում իր ժողովրդին։
10 Ունե՞ս մի այնպիսի թանկարժեք բան, որը համարում ես առանձնահատուկ սեփականություն։ Մի՞թե քայլեր չես ձեռնարկում այն պահպանելու համար։ Նույն կերպ էլ Եհովան է վարվում իր ‘սեփականության’ հետ։ Ճիշտ է, նա չի պաշտպանում իր ժողովրդին բոլոր դժվարություններից ու դժբախտություններից (Ժողովող 9։11)։ Սակայն Եհովան պաշտպանում է և կպաշտպանի իր հավատարիմ ծառաներին հոգևորապես։ Նա տալիս է անհրաժեշտ զորությունը, որի կարիքը նրանք ունեն ցանկացած փորձություն հաղթահարելու համար (Ա Կորնթացիս 10։13)։ Օրինակ՝ Աստծու վաղեմի ժողովրդին՝ իսրայելացիներին, Մովսեսն ասաց. «Ուժովացէք եւ քաջ եղէք.... քո Եհովայ Աստուածն ինքն է քեզ հետ գնում. նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ» (Բ Օրինաց 31։6)։ Եհովան միշտ վարձահատույց է լինում իր ծառաներին։ Նրա համար իր ժողովուրդը ‘սեփականություն’ է։
Եհովան «վարձահատոյց» է լինում
11, 12. Եհովային որպես Վարձատրողի դիտելը ինչպե՞ս կարող է օգնել մեզ հաղթահարել մեր կասկածները։
11 Եհովան բարձր է գնահատում իր ծառաներին և դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ նա վարձատրում է նրանց։ Աստված ասաց իսրայելացիներին. «Ինձ մէկ փորձեցէք սորանով, ասում է Զօրաց Տէրը, թէ արդեօք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնութիւն թափել ձեզ համար՝ մինչեւ որ նորա համար տեղ չ’լինի» (Մաղաքիա 3։10)։ Եհովան անպայման հավիտենական կյանքով կվարձատրի իր ծառաներին (Յովհաննէս 5։24; Յայտնութիւն 21։4)։ Այս անգին վարձատրությունը խոսում է Եհովայի մեծ սիրո և առատաձեռնության մասին։ Սա նաև փաստում է, որ նա իսկապես գնահատում է այն մարդկանց, ովքեր որոշում են ծառայել իրեն։ Սովորելով Եհովային համարել առատաձեռն Վարձատրող՝ կկարողանանք պայքարել ցանկացած կասկածի դեմ, որը խանգարում է ճիշտ տեսակետ ունենալ այն հարցում, թե ինչպես է մեզ նայում Աստված։ Եհովան մեզ հորդորում է իրեն դիտել որպես Վարձատրողի։ Պողոս առաքյալը գրեց. «Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի» (Եբրայեցիս 11։6)։
12 Իհարկե, մենք ծառայում ենք Եհովային, որովհետև սիրում ենք նրան, և ոչ թե միայն այն պատճառով, որ նա խոստանում է վարձատրել մեզ։ Սակայն վարձատրություն ստանալու հույս փայփայելը սխալ չէ և ոչ էլ եսասիրության դրսևորում է (Կողոսացիս 3։23, 24)։ Քանի որ Եհովա Աստված սիրում է իր ծառաներին և թանկ է գնահատում նրանց, նա նախաձեռնություն է վերցնում և վարձատրում է իրեն ջանադրաբար փնտրողներին։
13. Ինչո՞ւ է փրկանքը Եհովայի սիրո մեծագույն ապացույցը։
13 Մեծագույն ապացույցն այն բանի, որ մարդիկ բարձր արժեք ունեն Եհովայի աչքում, փրկանքն է։ Հովհաննես առաքյալը գրեց. «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Յովհաննէս 3։16)։ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը հակասում է այն մտքին, որ մենք անարժեք ենք Եհովայի աչքում կամ սիրված չենք նրա կողմից։ Եվ իսկապես, եթե Եհովան այդքան թանկ գին է վճարել մեզ համար՝ տալով իր միածին Որդուն, ուրեմն իրոք նա մեզ շատ է սիրում։
14. Որտեղի՞ց գիտենք, թե Պողոսն ինչպես էր վերաբերվում փրկանքին։
14 Ուստի երբ բացասական զգացումները ճնշում են քեզ, մտածիր փրկանքի մասին։ Այո՛, նայիր այդ պարգևին որպես Եհովայի կողմից անձամբ քեզ տրված նվերի։ Պողոս առաքյալն այդպես վարվեց։ Հիշիր, թե նա ինչ ասաց. «Ես ի՜նչ խեղճ մարդ եմ»։ Ապա շարունակեց. «Շնորհակալ եմ Աստուածանից մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը», որը «ինձ սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց» (Հռովմայեցիս 7։24, 25; Գաղատացիս 2։20)։ Այս խոսքերը չեն նշանակում, թե Պողոսն իրեն շատ կարևոր անձնավորություն էր համարում։ Պարզապես նա վստահ էր, որ Եհովան գնահատում է իրեն որպես անհատի։ Անհրաժեշտ է, որ դու նույնպես սովորես փրկանքը համարել որպես Աստծու կողմից անձամբ քեզ տրված նվեր։ Եհովան ոչ միայն զորեղ Փրկիչ է, այլև սիրառատ Վարձատրող։
Զգուշացիր Սատանայի «հնարքների[ց]»
15–17. ա) Ինչպե՞ս է Սատանան օգտվում մեր բացասական զգացումներից։ բ) Հոբի օրինակն ինչպե՞ս կարող է քաջալերել մեզ։
15 Գուցե դժվարանաս հավատալ, որ Աստծու Խոսքում արձանագրված մխիթարական խոսքերը անձամբ քեզ են վերաբերում։ Միգուցե մտածես, թե Աստծու նոր աշխարհում հավիտյան ապրելու պարգևը ուրիշների համար է, իսկ դու արժանի չես դրան։ Եթե քեզ այդպես է թվում, ապա ի՞նչ կարող ես անել։
16 Իհարկե, դու գիտես, թե Պողոսը ինչ հորդոր տվեց եփեսացիներին. «Աստուծոյ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ» (Եփեսացիս 6։11)։ ‘Սատանայի հնարքներ’ արտահայտությունը առաջին հերթին մեզ հիշեցնում է նյութապաշտության և անբարոյության մասին ու դա տեղին է։ Այդ գայթակղությունները Աստծու ժողովրդից շատերին են գցել ծուղակը թե՛ հնում և թե՛ մեր օրերում։ Սակայն Սատանան մեկ ուրիշ հնարք էլ ունի, որը մենք չպետք է անտեսենք. նա ջանում է համոզել մարդկանց, թե Եհովա Աստված չի սիրում նրանց։
17 Բանսարկուն մեծ վարպետ է նման զգացումներ սերմանելու գործում, և այդպիսով նա ձգտում է մարդկանց հեռացնել Աստծուց։ Հիշիր, թե Բաղդատն ինչ ասաց Հոբին. «Ի՞նչպէս կ’արդարանայ մարդ Աստուծոյ մօտ, կամ ի՞նչ մաքուր կ’լինի կնկանից ծնուածը։ Տես՝ մինչեւ անգամ լուսինն էլ լուսաւոր չէ, եւ աստղերը մաքուր չեն նորա աչքի առաջին։ Ո՞ւր մնաց մարդը, որ մի որդ է, եւ մարդի որդին՝ որ մի ճճի է» (Յոբ 25։4–6; Յովհաննէս 8։44)։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան հուսահատեցնող են եղել այս խոսքերը Հոբի համար։ Թույլ մի տուր, որ Սատանան հուսահատության մեջ գցի նաև քեզ։ Ճանաչիր Սատանայի հնարքները, որպեսզի կարողանաս անհրաժեշտ քաջություն և ուժ ունենալ ու է՛լ ավելի մեծ ջանքեր գործադրել ճիշտն անելու համար (Բ Կորնթացիս 2։11)։ Ինչ վերաբերում է Հոբին, թեև հարկ եղավ, որ Եհովան ուղղեր նրա մտածելակերպը, սակայն Նա նաև վարձատրեց Հոբին տոկունության համար՝ կրկնապատիկ տալով այն ամենից, ինչ նա կորցրել էր (Յոբ 42։10)։
Եհովան «մեր սրտիցն աւելի մեծ է»
18, 19. Ի՞նչ իմաստով է Աստված «մեր սրտիցն աւելի մեծ» և ինչպե՞ս «ամեն բան գիտէ»։
18 Ճիշտ է, վհատությունը հաղթահարելը կարող է դժվար լինել, եթե այն խորապես արմատացած է։ Սակայն Եհովայի սուրբ ոգին կարող է օգնել քեզ աստիճանաբար քանդել այն ‘բերդերը, [որ].... գոռոզանում [են] Աստծու գիտության դեմ’ (Բ Կորնթացիս 10։4, 5)։ Երբ թվում է, թե բացասական մտքերը ուր որ է կկլանեն քեզ, մտածիր Հովհաննես առաքյալի խոսքերի շուրջ. «Սորանով ենք ճանաչում թէ ճշմարտութիւնիցն ենք, եւ նորա առաջին ի հանդէս բերենք մեր սրտերը. որ եթէ մեր սիրտը մեղադրէ մեզ, այլ Աստուած մեր սրտիցն աւելի մեծ է եւ ամեն բան գիտէ» (Ա Յովհաննէս 3։19, 20)։
19 Ի՞նչ է նշանակում «Աստուած մեր սրտիցն աւելի մեծ է» արտահայտությունը։ Երբեմն մեր սիրտը կարող է դատապարտել մեզ, հատկապես այն դեպքում, երբ պարզ տեսնում ենք մեր անկատարությունը ու թերությունները։ Կամ՝ հնարավոր է, որ մեր անցյալի պատճառով հակված լինենք բացասական կարծիք ունենալ մեր մասին՝ մտածելով, թե մեր կատարած ոչ մի գործը ընդունելի չէ Եհովային։ Հովհաննես առաքյալի խոսքերը հավաստիացնում են մեզ, որ Եհովան մեր սրտից ավելի մեծ է։ Նա չի կենտրոնանում մեր սխալների վրա, այլ տեսնում է մեր պոտենցիալ հնարավորությունները։ Աստված նաև գիտի մեր մղումներն ու ձգտումները։ Դավիթը գրեց. «Նա գիտէ մեր կազմուածքը. յիշում է որ հող ենք մենք» (Սաղմոս 103։14)։ Այո՛, Եհովան ավելի լավ է ճանաչում մեզ, քան մենք ինքներս։
«Փառաւոր պսակ» և «արքայական թագ»
20. Եսայիայի մարգարեությունից ի՞նչ ենք իմանում այն մասին, թե ինչ տեսակետ ունի Եհովան իր ծառաների վերաբերյալ։
20 Հնում Աստված իր ժողովրդին Եսայիա մարգարեի միջոցով վերականգնման հույս տվեց։ Բաբելոն աքսորված ժամանակ հուսահատ հրեաները հենց այդ մխիթարության ու հավաստիացման կարիքն ունեին։ Կանխատեսելով այն օրերը, երբ նրանք կրկին իրենց հայրենիքում կլինեին՝ Եհովան ասաց. «Դու փառաւոր պսակ կ’լինես Տիրոջ ձեռքումը, եւ արքայական թագ՝ քո Աստուծոյ ափումը» (Եսայիա 62։3)։ Այս խոսքերով Եհովան իր ժողովրդին ասես արժանապատվություն և պատիվ հագցրեց։ Ներկայումս Աստված նույն բանն արել է հոգևոր Իսրայելի համար։ Եհովան ասես դրել է նրանց պատվանդանի վրա, որպեսզի բոլորը հիանան նրանցով։
21. Ինչպե՞ս կարող ես վստահ լինել, որ Եհովան կվարձատրի քեզ հավատարմորեն տոկալու համար։
21 Թեև այս մարգարեությունը առաջին հերթին կատարվում է օծյալների առնչությամբ, այն ցույց է տալիս, թե ինչ պատվի է արժանացնում Եհովան բոլոր նրանց, ովքեր ծառայում են իրեն։ Ուստի երբ քո մեջ կասկածներ են գլուխ բարձրացնում, հիշիր, որ անկատար լինելով հանդերձ, դու կարող ես ‘փառավոր պսակի’ և ‘արքայական թագի’ նման թանկարժեք լինել Եհովայի համար։ Ուրեմն շարունակիր ուրախացնել նրա սիրտը՝ ջանասիրաբար ձգտելով կատարել նրա կամքը (Առակաց 27։11)։ Այդպես վարվելով՝ դու կարող ես վստահ լինել, որ Եհովան կվարձատրի քեզ հավատարմորեն տոկալու համար։
[ծանոթագրություն]
a Որոշ անուններ փոխված են։
Հիշո՞ւմ ես
• Ի՞նչ առումով ենք մենք ‘սեփականություն’ Եհովայի համար։
• Ինչո՞ւ է կարևոր Եհովային նայել՝ որպես Վարձատրողի։
• Սատանայի ո՞ր ‘հնարքներից’ պետք է զգուշանանք։
• Ի՞նչ իմաստով է Աստված «մեր սրտիցն աւելի մեծ»։
[նկար 26–րդ էջի վրա]
Պողոսը
[նկար 26–րդ էջի վրա]
Եղիան
[նկար 26–րդ էջի վրա]
Աննան
[նկար 28–րդ էջի վրա]
Աստծու Խոսքում բազմաթիվ մխիթարական մտքեր կան