ԳԼՈՒԽ 1
Աստծու և մեր միջև սերը կարող է հարատև լինել
«Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանր չեն» (1 ՀՈՎՀԱՆՆԵՍ 5։3)
1, 2. Ինչո՞ւ ես սիրում Եհովային։
ՍԻՐՈ՞ՒՄ ԵՍ Աստծուն։ Աստծու հանդեպ ուժգին սերը թերևս մղել է քեզ, որ կյանքդ նրան նվիրես։ Անկասկած, նրան համարում ես քո լավագույն Ընկերը։ Բայց նախքան դու կսիրեիր Եհովային, նա արդեն սիրում էր քեզ։ Աստվածաշնչում կարդում ենք. «Մենք սիրում ենք, քանի որ առաջինը նա սիրեց մեզ» (1 Հովհաննես 4։19)։
2 Մտածիր, թե ինչ բազմաթիվ կերպերով է Եհովան ցույց տվել իր սերը մեր հանդեպ։ Նա մեզ տվել է Երկիր մոլորակը՝ մեր գեղեցիկ տունը, և ամեն անհրաժեշտ բան, որ վայելենք կյանքը (Մատթեոս 5։45; Հայտնություն 4։11)։ Նա ուզում է, որ իր հետ լավ փոխհարաբերություններ ունենանք, ուստի հնարավորություն է տվել, որ ճանաչենք իրեն։ Աստվածաշունչը կարդալով՝ մենք լսում ենք Եհովային։ Իսկ երբ աղոթում ենք, նա է լսում մեզ (Սաղմոս 65։2)։ Նա առաջնորդում և զորացնում է մեզ իր հզոր սուրբ ոգով (Ղուկաս 11։13)։ Եհովան նույնիսկ իր թանկագին Որդուն ուղարկել է երկիր՝ մեզ մեղքից ու մահից ազատելու համար (կարդա Հովհաննես 3։16; Հռոմեացիներ 5։8)։
3. Ինչպե՞ս ենք Եհովայի հետ լավ փոխհարաբերություններ պահպանում։
3 Մի պահ մտածիր քո մտերիմ ընկերներից մեկի մասին, նրա մասին, ով կողքիդ է եղել թե՛ ուրախ, թե՛ տխուր պահերին։ Այդպիսի ամուր, մտերիմ փոխհարաբերությունները ինքնըստինքյան չեն լինում, դրանք ջանքեր են պահանջում։ Նույնը կարելի է ասել մեր ամենամտերիմ Ընկերոջ՝ Եհովայի հետ մեր փոխհարաբերությունների մասին։ Նրա հետ մեր ընկերությունը կարող է հարատև լինել։ Ահա թե ինչու է Աստվածաշունչն ասում. «Մնացեք Աստծու սիրո մեջ» (Հուդա 21)։ Ի՞նչ կարող ենք անել, որ շարունակենք արժանի լինել Աստծու սիրուն, ինչպես նաև ցույց տանք մեր սերը նրա հանդեպ։ Աստվածաշունչը պատասխանում է. «Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանր չեն» (1 Հովհաննես 5։3)։
«ՍԱ Է ԱՍՏԾՈՒ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ»
4, 5. Ինչպե՞ս սկսեցիր սիրել Եհովային։
4 1 Հովհաննես 5։3-ում Հովհաննես առաքյալը խոսում է Աստծու հանդեպ մեր սիրո մասին։ Հիշո՞ւմ ես ինչպես սկսեցիր սիրել Եհովային։
5 Ի՞նչ զգացիր, երբ առաջին անգամ իմացար, որ Եհովան ուզում է՝ հավիտյան ապրես նոր աշխարհում։ Իմացար՝ ինչքան բան է արել նա, որ այդ ամենը իրականություն դառնա, և թե ինչ թանկ նվեր է տվել մեզ՝ իր սիրելի Որդուն ուղարկելով երկիր (Մատթեոս 20։28; Հովհաննես 8։29; Հռոմեացիներ 5։12, 18)։ Եվ երբ հասկացար՝ որքան շատ է Եհովան սիրում քեզ, սիրտդ երախտագիտությամբ լցվեց, ու դու էլ սկսեցիր նրան սիրել (կարդա 1 Հովհաննես 4։9, 10)։
6. Ի՞նչ է նշանակում սիրել մեկին։ Աստծու հանդեպ քո սերը ի՞նչ անելու է մղել քեզ։
6 Բայց Աստծու հանդեպ սիրո այդ զգացմունքը միայն սկիզբն է։ Օրինակ, երբ ինչ-որ մեկին սիրում ենք, չենք բավարարվում միայն ասելով՝ «ես քեզ սիրում եմ»։ Սերը մղում է, որ անենք այնպիսի բաներ, որ կուրախացնի այդ մարդուն։ Նմանապես, Եհովայի հանդեպ սերը քո մեջ ցանկություն առաջացրեց ապրելու այնպես, որ ուրախացնես նրա սիրտը։ Երբ այդ սերը ավելի մեծացավ, հավանաբար մղվեցիր կյանքդ նվիրելու նրան և մկրտվելու։ Այդպես անելով՝ դու Եհովային խոստացար, որ հավիտյան կծառայես նրան (կարդա Հռոմեացիներ 14։7, 8)։ Ինչպե՞ս կարող ես պահել այդ խոստումը։
«ՊԱՀԵՆՔ ՆՐԱ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ»
7. Եթե սիրում ենք Եհովային, ի՞նչ կանենք։ Որո՞նք են նրա պատվիրաններից մի քանիսը։
7 Քանի որ սիրում ենք Եհովային, «պահում ենք նրա պատվիրանները», այսինքն՝ հնազանդվում ենք նրան։ Աստվածաշնչից իմանում ենք, թե Եհովան ինչպիսի կյանքով է ուզում, որ ապրենք։ Օրինակ՝ նա ասում է, որ սխալ է հարբեցողությամբ զբաղվել, գողանալ, ստել, սեռական հարաբերություն ունենալ մեկի հետ, ով քո կողակիցը չէ, կամ երկրպագել իրենից բացի ուրիշ որևէ մեկի կամ որևէ բանի (1 Կորնթացիներ 5։11; 6։18; 10։14; Եփեսացիներ 4։28; Կողոսացիներ 3։9)։
8, 9. Ինչպե՞ս ենք իմանում Եհովայի տեսակետը այն իրավիճակների հետ կապված, որոնց վերաբերյալ Աստվածաշնչում կոնկրետ օրենք չկա։ Բեր օրինակ։
8 Բայց եթե ուզում ենք իսկապես ուրախացնել Եհովային, պետք է նրա պատվիրանները պահելուց ավելին անենք։ Նա մեզ չի տվել օրենքների ցուցակ, որում կխոսվեր բոլոր իրավիճակների մասին։ Հետևաբար կլինեն իրավիճակներ, որոնց վերաբերյալ Աստվածաշնչում կոնկրետ չի ասվում, թե ինչ պետք է անենք։ Նման դեպքերում ինչպե՞ս ճիշտ որոշում կայացնենք (Եփեսացիներ 5։17)։ Աստվածաշնչում կան սկզբունքներ՝ հիմնարար ճշմարտություններ, որոնք օգնում են հասկանալ Եհովայի տեսակետը տարբեր հարցերի վերաբերյալ։ Կարդալով Աստվածաշունչը՝ ավելի ու ավելի լավ ենք հասկանում, թե ինչպիսի անձնավորություն է Եհովան։ Իմանում ենք՝ ինչպես է նա մտածում, ինչն է սիրում և ինչն է ատում (կարդա Սաղմոս 97։10; Առակներ 6։16–19; տես Ծանոթագրություն 1)։
9 Օրինակ՝ ինչպե՞ս որոշել, թե ինչ դիտել հեռուստատեսությամբ կամ ինտերնետով։ Եհովան կոնկրետ չի ասել՝ ինչ անենք նման դեպքերում։ Բայց նրա տված սկզբունքները օգնում են, որ ճիշտ որոշումներ կայացնենք։ Այսօրվա ժամանցի ձևերի մեծ մասը լի է բռնության կամ սեքսի տեսարաններով։ Աստվածաշնչի միջոցով Եհովան մեզ ասում է, որ ատում է «բռնություն սիրողին» և որ «դատելու է պոռնիկներին ու շնացողներին» (Սաղմոս 11։5; Եբրայեցիներ 13։4)։ Այս սկզբունքներն ինչպե՞ս կարող են օգնել, որ ճիշտ որոշումներ կայացնենք։ Իմանալով, որ Եհովան տվյալ բանը ատում է կամ անբարո է համարում՝ կխուսափենք դրանից։
10, 11. Ինչո՞ւ ենք հնազանդվում Եհովային։
10 Ինչո՞ւ ենք հնազանդվում Եհովային։ Պատճառը միայն այն չէ, որ ուզում ենք խուսափել պատժից կամ սխալ որոշումների բերած հետևանքներից (Գաղատացիներ 6։7)։ Մենք հնազանդվում ենք Եհովային, քանի որ սիրում ենք նրան։ Ինչպես երեխաներն են ուզում ուրախացնել իրենց հորը, այնպես էլ մենք ենք ցանկանում ուրախացնել մեր երկնային Հորը։ Չկա ավելի հաճելի զգացում, քան այն բանի գիտակցումը, որ Եհովան հավանում է մեզ (Սաղմոս 5։12; Առակներ 12։2; տես Ծանոթագրություն 2)։
11 Եհովային չենք հնազանդվում միայն այն ժամանակ, երբ հեշտ է կամ երբ այլ տարբերակ չունենք, ոչ էլ ընտրում ենք, թե որ օրենքներն ու չափանիշները պահենք, որոնք՝ ոչ (2 Օրենք 12։32)։ Մենք նրան հնազանդվում ենք ամեն ինչում, ինչպես սաղմոսերգուն, որն ասաց. «Ինձ համար թանկ կլինեն քո պատվիրանները, որոնք ես սիրում եմ» (Սաղմոս 119։47; Հռոմեացիներ 6։17)։ Մենք ցանկանում ենք վարվել Նոյի պես, ով ցույց տվեց Եհովայի հանդեպ իր սերը՝ ամեն ինչ անելով այնպես, ինչպես նա էր պատվիրել իրեն։ Աստվածաշունչն ասում է, որ Նոյը «հենց այդպես արեց» (Ծննդոց 6։22)։ Կուզեի՞ր, որ Եհովան նույնն ասեր նաև քո մասին։
12. Ինչպե՞ս կարող ենք ուրախացնել Եհովային։
12 Ի՞նչ է զգում Եհովան, երբ հնազանդվում ենք իրեն։ Մեր հնազանդությամբ ուրախացնում ենք նրա սիրտը (Առակներ 11։20; 27։11)։ Պատկերացնո՞ւմ ես. մենք ուրախացնում ենք ողջ տիեզերքը Ստեղծողի սիրտը։ Բայց նա երբեք չի ստիպում, որ հնազանդվենք իրեն։ Նա ազատ կամք է տվել մեզ։ Դա նշանակում է, որ մենք ազատ ենք որոշելու՝ ճիշտ վարվել, թե սխալ։ Եհովան ուզում է, որ իր հանդեպ ունեցած մեր սերը մղի մեզ ճիշտ որոշումներ կայացնելու, որ ապրենք լավագույն կյանքով (2 Օրենք 30։15, 16, 19, 20; տես Ծանոթագրություն 3)։
«ՆՐԱ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ ԾԱՆՐ ՉԵՆ»
13, 14. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստծու պատվիրանները պահելն անհնար չէ։ Բեր օրինակ։
13 Գուցե մտածենք, որ Եհովայի պատվիրանները պահելը շատ դժվար է, կամ որ դրանք զրկում են մեզ ազատությունից։ Աստվածաշունչը հստակ ասում է. «Նրա պատվիրանները ծանր չեն» (1 Հովհաննես 5։3)։ «Ծանր» թարգմանված հունարեն բառը օգտագործվում է նաև աստվածաշնչյան այլ համարներում և վերաբերում է անխոհեմ կանոններին կամ այն մարդկանց, ովքեր փորձում են իրենց կամքը թելադրել կամ վնասել ուրիշներին (Մատթեոս 23։4; Գործեր 20։29, 30)։ Մեկ այլ թարգմանության մեջ այդ համարը այսպես է հնչում. «Նրա պատվիրանները մեզ ուժասպառ չեն անում» (New English Translation)։ Եհովայի պատվիրանները ծանր չեն, այսինքն՝ այնքան դժվար չեն, որ չկարողանանք պահել։ Այն, ինչ նա ակնկալում է մեզանից, միշտ ողջամիտ է։
14 Օրինակ՝ պատկերացրու՝ ընկերոջդ օգնում ես իրերը տեղափոխել նոր բնակարան։ Նա ամեն բան տեղավորել է արկղերի մեջ։ Որոշ արկղեր թեթև են ու հեշտ է տանել, բայց մի քանիսն էլ այնքան ծանր են, որ մի հոգու համար անհնար է բարձրացնել։ Ընկերդ կխնդրե՞ր, որ մենակ տանեիր այդպիսի ծանր մի արկղ։ Իհարկե ոչ։ Ինչո՞ւ։ Որովհետև նա չի ուզում, որ վնասվես։ Եհովան էլ երբեք չէր ասի, որ անեինք մի բան, ինչը մեր ուժերից վեր է (2 Օրենք 30։11–14)։ Նա հասկանում է՝ ինչ կարողություններ ունենք մենք։ Նա «գիտի մեր կազմությունը, հիշում է, որ հող ենք մենք» (Սաղմոս 103։14)։
15. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովայի պատվիրանները մեր օգտին են ծառայում։
15 Մովսեսը Իսրայել ազգին ասաց, որ Եհովայի պատվիրանները նրանց «մշտական բարօրության համար» են, և որ դրանց հնազանդվելով՝ նրանք «ողջ կմնան» (2 Օրենք 5։28 – 33; 6։24)։ Նույնը վերաբերում է մեզ։ Եհովայի ասած ամեն բան մեր բարօրության համար է (կարդա Եսայիա 48։17)։ Մեր Հայրը՝ Եհովան, գիտի՝ ինչն է ամենալավը մեզ համար (Հռոմեացիներ 11։33)։ Աստվածաշունչն ասում է. «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Դա նշանակում է, որ ամեն բան, ինչ ասում կամ անում է Եհովան, բխում է սիրուց։
16. Ինչո՞ւ ենք վստահ, որ կարող ենք հնազանդվել Եհովային, չնայած որ անկատար ենք ու ապրում ենք չար աշխարհում։
16 Աստծուն հնազանդվելը ոչ միշտ է հեշտ մեզ համար։ Մենք ապրում ենք չար աշխարհում, որը գտնվում է Սատանայի իշխանության տակ։ Նա փորձում է դրդել մարդկանց, որ նրանք վատ բաներ անեն (1 Հովհաննես 5։19)։ Նաև ստիպված ենք պայքարել մեր իսկ մեղավոր մտքերի ու զգացմունքների դեմ, որոնք կարող են դրդել, որ չհնազանդվենք Աստծուն (Հռոմեացիներ 7։21–25)։ Բայց Եհովայի հանդեպ մեր սերը ուժ է տալիս, որ ճիշտն անենք։ Նա տեսնում է, որ ջանք ենք թափում իրեն հնազանդ մնալու համար, և օգնում է մեզ՝ տալով իր զորեղ սուրբ ոգին (1 Սամուել 15։22, 23; Գործեր 5։32)։ Սուրբ ոգու օգնությամբ զարգացնում ենք այնպիսի հատկություններ, որոնց շնորհիվ ավելի հեշտ է լինում հնազանդվել Աստծուն (Գաղատացիներ 5։22, 23)։
17, 18. ա) Ի՞նչ կիմանանք այս հրատարակությունից։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ գլխում։
17 Այս հրատարակությունից կիմանանք՝ ինչպես ապրենք այնպիսի կյանքով, որը հաճելի է Եհովային։ Կիմանանք՝ ինչպես կարող ենք մեր կյանքում կիրառել նրա սկզբունքներն ու ապրել նրա բարոյական չափանիշների համաձայն։ Հիշիր, որ Եհովան երբեք ոչ ոքի չի ստիպում հնազանդվել իրեն։ Բայց եթե որոշենք հնազանդվել նրան, մեր կյանքը կբարելավվի և հիանալի ապագա կունենանք։ Իսկ որ ամենակարևորն է, մեր հնազանդությամբ ցույց կտանք, թե որքան շատ ենք սիրում Աստծուն (տես Ծանոթագրություն 4)։
18 Որպեսզի կարողանանք կողմնորոշվել՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, Եհովան յուրաքանչյուրիս խիղճ է տվել։ Եթե մեր խիղճը լավ կրթենք, այն կօգնի, որ «պահենք նրա պատվիրանները»։ Իսկ ի՞նչ է խիղճը, և ինչպե՞ս կարող ենք կրթել այն։ Այդ մասին կիմանանք հաջորդ գլխից։