ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 37
Դու կարո՛ղ ես վստահել հավատակիցներիդ
«Սերը.... ամեն ինչի հավատում է, ամեն ինչի համար հույս ունի» (1 ԿՈՐՆԹ. 13։4, 7)։
ԵՐԳ 124 Միշտ նվիրված
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Ինչո՞ւ մեզ չի զարմացնում այն, որ այսօր մարդիկ չեն վստահում իրար։
ՍԱՏԱՆԱՅԻ աշխարհում մարդիկ չգիտեն, թե ում վստահեն։ Քաղաքական, կրոնական և առևտրային համակարգերը հաճախ հիասթափեցնում են նրանց։ Շատերը չեն կարողանում վստահել նաև իրենց հարևաններին, ընկերներին և նույնիսկ ընտանիքի անդամներին։ Այս ամենը մեզ չի զարմացնում, քանի որ Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ «վերջին օրերում.... մարդիկ կլինեն.... անհավատարիմ.... զրպարտող.... մատնիչ»։ Այլ կերպ ասած՝ մարդիկ արտացոլելու էին այս աշխարհի աստծու էությունը, որի մեջ վստահելիության նշույլ անգամ չկա (2 Տիմոթ. 3։1-4; 2 Կորնթ. 4։4)։
2. ա) Ո՞ւմ կարող ենք լիովին վստահել։ բ) Ի՞նչ հարց գուցե առաջանա։
2 Լինելով քրիստոնյաներ՝ մենք գիտենք, որ կարող ենք լիովին վստահել Եհովային (Երեմ. 17։7, 8)։ Մենք համոզված ենք, որ նա սիրում է մեզ և երբեք «չի լքի» իր ընկերներին (Սաղ. 9։10)։ Մենք հիմնավոր պատճառ ունենք վստահելու նաև Հիսուս Քրիստոսին. չէ՞ որ նա իր կյանքը տվել է մեզ համար (1 Պետ. 3։18)։ Բացի այդ՝ մենք անձամբ ենք համոզվել, որ Աստվածաշնչի տված առաջնորդությունը վստահարժան է (2 Տիմոթ. 3։16, 17)։ Անկասկած, մենք վստահում ենք Եհովային, Հիսուսին և Աստվածաշնչին։ Իսկ կարո՞ղ ենք արդյոք միշտ վստահել մեր հավատակիցներին։ Եթե այո, ապա ինչո՞ւ։
ՄԵՆՔ ՄԵՐ ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ
3. Ի՞նչ մեծ պատիվ ունենք (Մարկոս 10։29, 30)։
3 Եհովան հնարավորություն է տվել մեզ, որ լինենք իրեն պաշտողների համաշխարհային ընտանիքի մի մասը։ Միայն պատկերացրու, թե ինչ մեծ պատիվ է դա և որքան շատ օրհնություններ է բերում (կարդա Մարկոս 10։29, 30)։ Ամբողջ աշխարհում մենք ունենք եղբայրներ ու քույրեր, ովքեր նույնպես սիրում են Եհովային և ձգտում են ապրել նրա չափանիշներով։ Թեև մեր լեզուն, մշակույթը և հագուստը տարբեր են, սակայն մենք հարազատների պես ենք, նույնիսկ երբ առաջին անգամ ենք տեսնում իրար։ Մենք մեծ հաճույք ենք ստանում, երբ միասին գովաբանում և պաշտում ենք մեր սիրառատ երկնային Հորը (Սաղ. 133։1)։
4. Ինչո՞ւ մեր եղբայրների ու քույրերի կարիքն ունենք։
4 Այսօր առավել քան երբևէ մենք պետք է միասնական լինենք մեր եղբայրների ու քույրերի հետ։ Երբեմն նրանք օգնում են մեզ «կրել [մեր] ծանրությունները» (Հռոմ. 15։1; Գաղ. 6։2)։ Նրանք նաև քաջալերում են, որ ակտիվ լինենք ծառայության մեջ և հոգևորապես ամուր մնանք (1 Թեսաղ. 5։11; Եբր. 10։23-25)։ Մի պահ մտածիր, թե ինչ կլիներ, եթե Սատանայի և նրա չար աշխարհի դեմ պայքարում մեր հավատակիցները մեր կողքին չլինեին։ Շուտով Սատանան և նրա իշխանության տակ եղողները կհարձակվեն Աստծու ժողովրդի վրա, և այդ ժամանակ մենք անչափ ուրախ կլինենք, որ ունենք մեր եղբայրների ու քույրերի աջակցությունը։
5. Ինչո՞ւ են ոմանք վարանում վստահել իրենց եղբայրներին ու քույրերին։
5 Ոմանք, սակայն, դժվարանում են վստահել հավատակիցներին թերևս այն պատճառով, որ նրանցից մեկը չի արդարացրել իրենց վստահությունը՝ ուրիշներին հայտնելով իրենց գաղտնիքը կամ չպահելով տված խոստումը։ Կամ գուցե ժողովում որևէ մեկը ասել կամ արել է մի բան, ինչը խորապես վիրավորել է նրանց։ Նմանատիպ բաների միջով անցնելուց հետո հնարավոր է՝ դժվարանանք վստահել ուրիշներին։ Ի՞նչը կօգնի մեզ չկորցնել վստահությունը հավատակիցների հանդեպ։
ՍԵՐՆ ՕԳՆՈՒՄ Է ՎՍՏԱՀԵԼ
6. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ վստահության հիմքը սերն է (1 Կորնթացիներ 13։4-8)։
6 Վստահության հիմքը սերն է։ 1 Կորնթացիներ 13-րդ գլխում նկարագրվում է, թե ինչպիսին է սերը։ Սիրո այդ դրսևորումները կարող են օգնել մեզ վստահել մարդկանց, այդ թվում՝ նրանց, ովքեր կորցրել են մեր վստահությունը (կարդա 1 Կորնթացիներ 13։4-8)։ Օրինակ՝ 4-րդ համարում ասվում է, որ «սերը համբերատար է ու բարի»։ Եհովան համբերատար է մեր հանդեպ, նույնիսկ երբ մեղք ենք գործում։ Ուստի մենք էլ պետք է համբերատար լինենք մեր այն հավատակիցների հանդեպ, ովքեր գուցե ասեն կամ անեն բաներ, որոնք կնյարդայնացնեն կամ կվիրավորեն մեզ։ Իսկ 5-րդ համարում ասվում է. «[Սերը].... բարկությամբ չի բորբոքվում, վիրավորանքները չի հաշվում»։ Մենք չենք ցանկանում «վիրավորանքները հաշվել», այսինքն՝ մտապահել այն բոլոր դեպքերը, երբ մեր հավատակիցները վիրավորել են մեզ, որպեսզի հետագայում անդրադառնանք դրանց։ Ժողովող 7։9-ում մեզ հետևյալ հորդորն է տրվում. «Մի՛ շտապիր ոգով վիրավորվել»։ Վիրավորվելու փոխարեն ավելի լավ կլինի կիրառել Եփեսացիներ 4։26-ում գրված խորհուրդը. «Թող արևը մայր չմտնի, քանի դեռ զայրացած եք»։
7. Մատթեոս 7։1-5 համարներում գրված սկզբունքները ինչպե՞ս են օգնում, որ վստահենք մեր հավատակիցներին։
7 Եթե մեր հավատակիցների հանդեպ ունենանք նույն վերաբերմունքը, ինչ Եհովան, դա նույնպես կօգնի, որ վստահենք նրանց։ Աստված սիրում է իր ծառաներին և չի հաշվում նրանց մեղքերը։ Մենք նույնպես չպետք է հաշվենք (Սաղ. 130։3)։ Մեր եղբայրների ու քույրերի թերությունների վրա կենտրոնանալու փոխարեն պետք է ձգտենք լավ հատկություններ գտնել նրանց մեջ և տեսնենք լավն անելու նրանց պոտենցիալը (կարդա Մատթեոս 7։1-5)։ Մենք կասկածի տակ չպետք է դնենք նրանց մղումները, քանի որ սերը «ամեն ինչի հավատում է» (1 Կորնթ. 13։7)։ Բայց դա չի նշանակում, որ Եհովան ուզում է՝ կուրորեն վստահենք ուրիշներին։ Ընդհակառակը՝ նա ուզում է, որ վստահենք նրանց, ովքեր փաստել են, որ վստահելի են։b
8. Ի՞նչը կօգնի, որ վստահես հավատակիցներիդ։
8 Վստահությունը նման է հարգանքի։ Այն պետք է վաստակել, իսկ դրա համար ժամանակ է պետք։ Ի՞նչը կօգնի, որ վստահես հավատակիցներիդ։ Փորձիր ավելի լավ ճանաչել նրանց։ Հանդիպումներից առաջ և հետո խոսիր հավատակիցներիդ հետ։ Նրանց հետ գնա ծառայության, համբերատար եղիր նրանց հանդեպ և հնարավորություն տուր փաստելու, որ վստահելի են։ Եթե նոր ես սկսում ճանաչել ինչ-որ մեկին, գուցե որոշես նրան ամեն ինչ չպատմել քո մասին։ Իսկ հետագայում, երբ մտերմանաք, գուցե հարմար գտնես անձնական բնույթի ավելի շատ տեղեկություններ հայտնել նրան (Ղուկ. 16։10)։ Բայց ի՞նչ կարող ես անել, եթե հավատակիցդ չի արդարացնում քո վստահությունը։ Մի՛ շտապիր վերջ դնել ձեր ընկերությանը։ Թող ժամանակ անցնի։ Բացի այդ՝ մի քանիսի արարքների պատճառով մի՛ կորցրու վստահությունդ բոլորի հանդեպ։ Այս առնչությամբ եկեք քննենք Եհովայի հավատարիմ ծառաներից մի քանիսի օրինակը, ովքեր, չնայած հիասթափություններին, չեն կորցրել վստահությունը մարդկանց հանդեպ։
ՆՐԱՆՔ ՉԿՈՐՑՐԻՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՆԴԵՊ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
9. ա) Աննան ինչպե՞ս ցույց տվեց, որ վստահում է Եհովային՝ չնայած նրա ներկայացուցիչների թերություններին։ բ) Ի՞նչ ես սովորում Աննայի օրինակից պատասխանատվություններ ունեցող եղբայրներին վստահելու հարցում (տես նկարը)։
9 Երբևէ հիասթափվե՞լ ես պատասխանատվություն ունեցող եղբոր պահվածքի պատճառով։ Եթե այո, ապա քեզ համար օգտակար կլինի Աննայի օրինակը։ Նրա օրերում իսրայելացիների հոգևոր առաջնորդը քահանայապետ Հեղին էր, որի ընտանիքը օրինակելի չէր։ Հեղիի որդիները, ովքեր քահանա էին ծառայում, շարունակ ամոթալի և անբարո վարք էին դրսևորում։ Մինչդեռ նա առանձնապես ջանք չէր թափում նրանց ուղղելու համար, և Եհովան թույլ էր տալիս, որ նա մնա քահանայապետի դիրքում։ Այնուամենայնիվ, Աննան շարունակում էր Հեղիի օրոք գնալ խորան և այնտեղ պաշտել Եհովային։ Իսկ մի օր, երբ Աննան սրտնեղած աղոթում էր, Հեղին սխալմամբ եզրակացրեց, թե նա հարբած է։ Առանց փաստերը քննելու՝ նա քննադատեց այդ վշտացած կնոջը (1 Սամ. 1։12-16)։ Չնայած այս ամենին՝ Աննան երդվեց, որ եթե որդի ունենա, նրան կբերի խորանում ծառայելու։ Եվ դա այն դեպքում, երբ իր որդին պետք է լիներ Հեղիի հոգածության տակ (1 Սամ. 1։11)։ Արդյո՞ք այդ ժամանակ Հեղիի որդիները արդեն շտկել էին իրենց վարքը։ Ո՛չ։ Սակայն Եհովան ճիշտ ժամանակին քայլեր ձեռնարկեց և պատժեց նրանց (1 Սամ. 4։17)։ Իսկ Աննային վարձատրեց՝ նրան որդի պարգևելով, որի անունը դրեցին Սամուել (1 Սամ. 1։17-20)։
10. Երբ Դավթի մտերիմները դավաճանեցին նրան, արդյո՞ք նա կորցրեց վստահությունը մյուսների հանդեպ։
10 Երբևէ եղե՞լ է, որ մտերիմ ընկերդ դավաճանի քեզ։ Եթե այո, ապա Դավիթ թագավորի օրինակը օգտակար կլինի քեզ համար։ Նա Աքիտոփել անունով մի ընկեր ուներ։ Երբ Դավթի որդի Աբիսողոմը փորձեց խլել գահը իր հոր ձեռքից, Աքիտոփելը միացավ նրա ըմբոստությանը։ Դա պետք է որ մեծ հարված լիներ Դավթի համար, քանի որ նրա դեմ դուրս եկան իր իսկ որդին և ընկերը։ Բայց նրանց դավաճանության պատճառով Դավիթը չկորցրեց վստահությունը մարդկանց հանդեպ։ Նա շարունակեց վստահել իր մյուս ընկերներին, այդ թվում՝ հավատարիմ Քուսիին, ով չմիացավ Աբիսողոմի ապստամբությանը։ Իզուր չէ, որ Դավիթը վստահում էր Քուսիին։ Վերջինս փաստեց, որ լավ ընկեր է։ Նա նույնիսկ իր կյանքը վտանգեց Դավթին օգնելու համար (2 Սամ. 17։1-16)։
11. Ինչպե՞ս Նաբաղի ծառաներից մեկը ցույց տվեց, որ վստահում է Աբիգեային։
11 Քննենք նաև Նաբաղի ծառաներից մեկի օրինակը։ Դավիթը և նրա զինակիցները բարություն էին դրսևորել Նաբաղ անունով մի հարուստ իսրայելացու ծառաների հանդեպ։ Որոշ ժամանակ անց, երբ Դավիթն ու իր հետ եղող մարդիկ ուտելիքի կարիք ունեին, Դավիթը Նաբաղին խնդրեց տալ, ինչ կարող է, սակայն վերջինս մերժեց նրա այդ համեստ խնդրանքը։ Դա խիստ զայրացրեց Դավթին, և նա որոշեց սպանել Նաբաղի տան բոլոր տղամարդկանց։ Նաբաղի ծառաներից մեկը ստեղծված իրավիճակի մասին հայտնեց Աբիգեային՝ նրա կնոջը։ Լինելով այդ տան անդամներից մեկը՝ ծառան գիտեր, որ Աբիգեան կարող է փրկել իր կյանքը։ Ուստի փախչելու փոխարեն նա վստահեց Աբիգեային՝ համոզված լինելով, որ նա կշտկի իրավիճակը։ Նրա համոզվածության պատճառն այն էր, որ Աբիգեան հայտնի էր որպես իմաստուն կին։ Հետագա դեպքերը ցույց տվեցին, որ նրա վստահությունը զուր չէր։ Աբիգեան քաջություն դրսևորեց և համոզեց Դավթին, որ չիրագործի իր մտադրածը (1 Սամ. 25։2-35)։ Նա վստահեց Դավթին՝ համոզված լինելով, որ վերջինս ողջամտությամբ կվարվի։
12. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ վստահում է իր աշակերտներին՝ չնայած նրանց սխալներին։
12 Հիսուսը վստահում էր իր աշակերտներին՝ չնայած նրանց սխալներին (Հովհ. 15։15, 16)։ Երբ Հակոբոսն ու Հովհաննեսը խնդրեցին Հիսուսին, որ իրենց հատուկ դիրք տա իր Թագավորությունում, նա հարցականի տակ չդրեց Եհովային ծառայելու նրանց մղումները և չզրկեց նրանց առաքյալ լինելուց (Մարկ. 10։35-40)։ Իսկ հետագայում՝ Հիսուսի ձերբակալության գիշերը, նրա բոլոր աշակերտները լքեցին նրան (Մատթ. 26։56)։ Սակայն նա երբեք չկորցրեց վստահությունը նրանց հանդեպ։ «Նա մինչև վերջ սիրեց նրանց», չնայած շատ լավ գիտեր նրանց թերությունների մասին (Հովհ. 13։1)։ Հարություն առնելուց հետո Հիսուսը նույնիսկ լուրջ պատասխանատվություններ վստահեց իր 11 հավատարիմ առաքյալներին։ Նա նրանց հանձնարարեց առաջնորդություն վերցնել աշակերտ պատրաստելու գործում և հոգ տանել իր թանկ գառների մասին (Մատթ. 28։19, 20; Հովհ. 21։15-17)։ Այս անկատար մարդկանց հանդեպ Հիսուսի վստահությունը արդարացվեց։ Նրանք բոլորն էլ հավատարմորեն ծառայեցին Եհովային մինչև իրենց երկրային կյանքի ավարտը։ Անկասկած, Աննան, Դավիթը, Նաբաղի ծառան, Աբիգեան և Հիսուսը հիանալի օրինակ են անկատար մարդկանց վստահելու հարցում։
ՍՈՎՈՐԵՆՔ ԿՐԿԻՆ ՎՍՏԱՀԵԼ
13. Ինչո՞ւ գուցե դժվարանանք վստահել ուրիշներին։
13 Եղե՞լ է այնպես, որ հավատակցիդ կոնֆիդենցիալ տեղեկություն ես վստահել, բայց նա դա գաղտնի չի պահել։ Թերևս քեզ դավաճանված ես զգացել։ Մի անգամ քույրերից մեկը անձնական խնդրի մասին խոսել էր երեցներից մեկի հետ։ Հաջորդ օրը երեցի կինը զանգահարեց, որ մխիթարի այդ քրոջը՝ ակներևաբար իմանալով, թե ինչի մասին է նա խոսել իր ամուսնու հետ։ Բնականաբար, քույրը կորցրեց վստահությունը այդ երեցի հանդեպ։ Բայց լավ է, որ նա օգնության դիմեց և մոտեցավ մեկ այլ երեցի, ով օգնեց նրան վերականգնել վստահությունը երեցների հանդեպ։
14. Ի՞նչն օգնեց մի եղբոր կրկին վստահել հավատակիցներին։
14 Մի եղբայր երկար ժամանակ նեղված էր երկու երեցներից և այլևս չէր վստահում նրանց։ Սակայն նրան մտածելու տեղիք տվեց հետևյալ պարզ, բայց ազդեցիկ միտքը, որն ասել էր մի եղբայր, ում նա շատ էր հարգում. «Սատանան է մեր թշնամին, ոչ թե մեր հավատակիցները»։ Դրանից հետո եղբայրը լրջորեն խորհրդածեց այդ խոսքերի շուրջ և աղոթքով Եհովայից օգնություն խնդրելուց հետո կարողացավ վերականգնել խաղաղությունը այդ երեցների հետ։
15. Կրկին վստահելու համար ինչո՞ւ է ժամանակ պահանջվում։ Բեր օրինակ։
15 Իսկ եղե՞լ է այնպես, որ կորցնես առանձնաշնորհումներդ։ Անկասկած, դա քեզ ցավ է պատճառել։ Նման բան տեղի ունեցավ Գրետեի հետ։ 1930-ականներին, երբ նացիստական Գերմանիայում մեր գործունեությունը արգելված էր, նա և նրա մայրը հավատարմորեն ծառայում էին Եհովային։ Այդ ժամանակ Գրետեն առանձնաշնորհում ուներ գրամեքենայով «Դիտարան» ամսագրի օրինակներ տպագրելու հավատակիցների համար։ Բայց երբ եղբայրները իմացան, որ նրա հայրը հակառակվում է ճշմարտությանը, վախեցան, որ նա կմատնի ժողովին ու Գրետեին զրկեցին իր առանձնաշնորհումից։ Սակայն Գրետեի փորձությունները այդքանով չավարտվեցին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եղբայրները Գրետեին ու նրա մորը ամսագրեր չէին տրամադրում և փողոցում հանդիպելիս նրանց հետ չէին խոսում։ Դա իսկապես վիրավորական էր։ Գրետեի վիրավորանքն այնքան խորն էր, որ երկար ժամանակ էր պետք, որպեսզի նա կարողանար ներել այդ եղբայրներին և կրկին վստահել նրանց։ Ժամանակի ընթացքում Գրետեն հասկացավ, որ Եհովան ամենայն հավանականությամբ ներել է նրանց, ուստի ինքն էլ պետք է այդպես վարվի։c
«Սատանան է մեր թշնամին, ոչ թե մեր հավատակիցները»
16. Ինչո՞ւ պետք է հաղթահարենք այն խոչընդոտները, որոնց պատճառով չենք կարողանում վստահել մեր հավատակիցներին։
16 Եթե դու էլ ես նմանատիպ բանի միջով անցել, ձգտիր վերականգնել վստահությունդ հավատակիցներիդ հանդեպ։ Ճիշտ է, գուցե դրա համար ժամանակ պահանջվի, բայց արժե ջանքեր թափել։ Պատկերացնենք օրինակով։ Երբ ինչ-որ ուտելիքից թունավորվում ենք, սկսում ենք ավելի զգույշ լինել սննդի ընտրության հարցում։ Բայց թունավորումը պատճառ չի դառնում, որ ընդհանրապես հրաժարվենք ուտելուց։ Նմանապես, երբ հավատակիցներից մեկը չի արդարացնում մեր վստահությունը, մենք չենք կորցնում վստահությունը մեր բոլոր քույրերի ու եղբայրների հանդեպ, ովքեր, ինչպես գիտենք, անկատար են։ Երբ սկսենք կրկին վստահել մեր հավատակիցներին, ավելի երջանիկ կլինենք և կկենտրոնանանք այն բանի վրա, թե մենք ինչ կարող ենք անել, որպեսզի ժողովում փոխադարձ վստահության մթնոլորտ տիրի։
17. Ինչո՞ւ է վստահությունը շատ կարևոր, և ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։
17 Վստահությունը հազվագյուտ բան է Սատանայի աշխարհում։ Մինչդեռ մեր համաշխարհային եղբայրության մեջ վստահության ոգի է տիրում։ Պատճառն այն է, որ մենք սիրում ենք իրար։ Այսօր այդ վստահությունը նպաստում է մեր ուրախությանն ու միասնությանը, իսկ ապագայում սպասվող դժվարությունների ժամանակ այն պաշտպանություն կլինի մեզ համար։ Ինչպես տեսանք, լինում են իրավիճակներ, որոնց պատճառով կորցնում ենք վստահությունը մեր հավատակցի հանդեպ։ Նման դեպքերում ձգտիր իրավիճակին նայել Եհովայի տեսանկյունից, կիրառիր աստվածաշնչյան սկզբունքները, խոր սեր զարգացրու հավատակիցներիդ հանդեպ և դասեր քաղիր աստվածաշնչյան օրինակներից։ Դու կարո՛ղ ես մոռանալ վիրավորանքը և կրկին վստահել ուրիշներին։ Այդպես բազմաթիվ ընկերներ ձեռք կբերես, որոնք «եղբորից ավելի մտերիմ» կլինեն քեզ համար (Առակ. 18։24)։ Բայց վստահությունը պետք է փոխադարձ լինի։ Հաջորդ հոդվածից կիմանանք, թե ինչ կարող ենք անել, որ արժանանանք մեր հավատակիցների վստահությանը։
ԵՐԳ 99 Հազարավոր եղբայրներ
a Մենք վստահում ենք մեր հավատակիցներին։ Սակայն դա միշտ չէ, որ հեշտ է, քանի որ երբեմն նրանք հիասթափեցնում են մեզ։ Այս հոդվածը կօգնի վստահել մեր հավատակիցներին և վերականգնել վստահությունը նրանց հանդեպ, ովքեր չեն արդարացրել մեր ակնկալիքները։ Կքննենք աստվածաշնչյան որոշ սկզբունքներ և անցյալում ապրած Աստծու հավատարիմ ծառաների օրինակներ։
b Աստվածաշունչը զգուշացնում է, որ ժողովում գուցե լինեն մարդիկ, ում պետք չէ վստահել (Հուդա 4)։ Հազվադեպ, բայց լինում է այնպես, որ կեղծ եղբայրներ են հայտնվում, որոնք, «ծուռումուռ բաներ» խոսելով, փորձում են մոլորեցնել մյուսներին (Գործ. 20։30)։ Մենք չենք վստահում և չենք լսում նման մարդկանց։
c Գրետեի հետ պատահածի մասին ավելի շատ տեղեկություն կարող ես գտնել 1974 թ. «Եհովայի վկաների տարեգրքում» էջ 129-131 (անգլ.)։