Աստծու Թագավորության նախաշողերը իրականություն են դառնում
«Եթէ [մարգարեական խոսքին] մտիկ անէք, լաւ կ’անէք, ինչպէս մի ճրագի որ լոյս է տալիս մութ տեղը» (Բ ՊԵՏՐՈՍ 1։19)։
1. Ի՞նչ հակադրություն ենք տեսնում այսօրվա աշխարհում։
ՃԳՆԱԺԱՄ՝ ճգնաժամի ետևից. սա է այսօրվա աշխարհի հիմնական առանձնահատկությունը։ Սկսած էկոլոգիական աղետներից, վերջացրած համաշխարհային ահաբեկչությամբ՝ մարդկության հիմնախնդիրները կարծես հսկողությունից դուրս են գալիս։ Նույնիսկ աշխարհի կրոններն են անկարող օգնելու այս հարցում։ Իրողությունն այն է, որ նրանք հաճախ ավելի են բարդացնում իրավիճակը՝ յուղ լցնելով մոլեռանդության, ատելության և ազգայնամոլության կրակի վրա, որոնք պառակտում են մարդկային հասարակությունը։ Այո՛, ինչպես և կանխագուշակվել է, «խավարը» ծածկել է «ազգերը» (Եսայիա 60։2)։ Միևնույն ժամանակ, սակայն, միլիոնավոր մարդիկ ապագային վստահությամբ են նայում։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք ուշադրություն են դարձնում Աստծու մարգարեական խոսքին՝ որպես «մի ճրագի որ լոյս է տալիս մութ տեղը»։ Նրանք թույլ են տալիս, որ Աստծու «խօսքը»՝ պատգամը, որ գրված է Աստվածաշնչում, առաջնորդի իրենց (Բ Պետրոս 1։19)։
2. Համաձայն ‘վերջի ժամանակի’ վերաբերյալ Դանիելի մարգարեության՝ միայն ովքե՞ր են հոգևոր հասկացողություն ստանում։
2 ‘Վերջի ժամանակի’ վերաբերյալ Դանիել մարգարեն գրեց. «Շատերը պիտի քննեն, եւ գիտութիւնը պիտի շատանայ։ Շատերը պիտի մաքրուին եւ սպիտականան եւ կրակով փորձուին, իսկ ամբարիշտները պիտի ամբարշտանան, եւ ոչ մի ամբարիշտ պիտի չ’հասկանայ. բայց իմաստունները պիտի հասկանան» (Դանիէլ 12։4, 10)։ Հոգևոր հասկացողություն ստանում են միայն նրանք, ովքեր անկեղծորեն ‘քննում’՝ ջանասիրաբար ուսումնասիրում են Աստվածաշունչը, ենթարկվում են Աստծու չափանիշներին և ձգտում են կատարել նրա կամքը (Մատթէոս 13։11–15; Ա Յովհաննէս 5։20)։
3. Ի՞նչ կարևոր ճշմարտություն հասկացան Աստվածաշունչ ուսումնասիրողները 1870–ականներին։
3 Դեռևս 1870–ական թվականներից՝ մինչև վերջին օրերի սկսվելը, Եհովա Աստված սկսեց ավելի շատ լույս սփռել ‘Աստծու արքայության գաղտնիքների’ (ԱՆԹ) վրա (Բ Տիմոթէոս 3։1–5; Մատթէոս 13։11)։ Այդ ժամանակ Աստվածաշունչ ուսումնասիրողների մի խումբ հասկացավ, որ, ի տարբերություն տարածված տեսակետի, Քրիստոսի վերադարձը անտեսանելի է լինելու։ Երկնքում որպես Թագավոր գահակալվելուց հետո Հիսուսը վերադառնալու էր այն իմաստով, որ իր ուշադրությունը կենտրոնացնելու էր երկրի վրա։ Մի տեսանելի, բաղադրյալ նշան հուշելու էր նրա աշակերտներին, որ իր անտեսանելի ներկայությունը սկսվել է (Մատթէոս 24։3–14)։
Երբ նախաշողը իրականություն է դառնում
4. Ինչպե՞ս է Եհովան զորացնում իր ժամանակակից ծառաների հավատը։
4 Այլակերպության տեսիլքը Քրիստոսի թագավորական փառքի վառ նախաշող էր (Մատթէոս 17։1–9)։ Այդ տեսիլքը զորացրեց Պետրոսի, Հակոբոսի ու Հովհաննեսի հավատը հենց այն ժամանակ, երբ շատերը դադարել էին Հիսուսին հետևելուց, քանի որ նա չէր արդարացրել իրենց ոչ սուրբգրային սպասելիքները։ Նմանապես, այսօր՝ վախճանի ժամանակներում, Եհովան զորացնում է իր ժամանակակից ծառաների հավատը՝ ավելի մեծ լույս սփռելով երկյուղածություն ներշնչող այդ տեսիլքի կատարման ու դրա հետ կապված բազմաթիվ մարգարեությունների վրա։ Եկեք այժմ քննարկենք հավատ զորացնող այդ հոգևոր իրականություններից մի քանիսը։
5. Ո՞վ է Լուսաբերը, ու ե՞րբ և ինչպե՞ս է նա ‘ծագել’։
5 Ի մտի ունենալով այլակերպությունը՝ Պետրոս առաքյալը գրեց. «Եւ մարգարէական աւելի հաստատ խօսքն ունինք, որ եթէ նորան մտիկ անէք, լաւ կ’անէք, ինչպէս մի ճրագի որ լոյս է տալիս մութ տեղը, մինչեւ որ ցերեկը [«օրը», ԷԹ] լուսանայ եւ լուսաբերը ծագի» (Բ Պետրոս 1։19)։ Այդ Լուսաբերը՝ «առաւօտեան պայծառ աստղը», փառավորված Հիսուս Քրիստոսն է (Յայտնութիւն 22։16)։ Նա ‘ծագեց’ 1914 թ.–ին, երբ երկնքում ծնվեց Աստծու Թագավորությունը՝ նշանավորելով նոր դարաշրջանի «լուսանալը»՝ սկսվելը (Յայտնութիւն 11։15)։ Այլակերպության տեսիլքում Հիսուսի կողքին կանգնած էին Մովսեսն ու Եղիան, որոնք զրուցում էին նրա հետ։ Ո՞ւմ են նրանք նախապատկերում։
6, 7. Այլակերպության տեսիլքում ո՞ւմ են ներկայացնում Մովսեսն ու Եղիան, և Աստվածաշունչը ի՞նչ կարևոր մանրամասնություններ է բացահայտում այն անձնավորությունների մասին, որոնց ներկայացնում են Մովսեսն ու Եղիան։
6 Քանի որ տեսիլքում Մովսեսն ու Եղիան փառակից էին Քրիստոսին, այս երկու հավատարիմ վկաները պետք է որ ներկայացնեն նրանց, ովքեր Հիսուսի հետ իշխում են նրա Թագավորությունում։ Այն հասկացողությունը, որ Հիսուսը իշխանակիցներ ունի, համապատասխանում է գահակալված Մեսիայի մասին տեսիլք–նախաշողին, որը տրվեց Դանիել մարգարեին։ Դանիելը տեսավ, որ «մարդի որդիի նման» մեկը «յաւիտենական իշխանութիւն» է ստանում Հինավուրցից՝ Եհովա Աստծուց։ Բայց նկատեք, թե ինչ է տեսնում Դանիելը դրանից անմիջապես հետո։ Նա գրում է. «Թագաւորութիւնն ու իշխանութիւնը եւ բոլոր երկնքի տակին եղող թագաւորութիւնների մեծութիւնը պիտի տրուի Բարձրեալի սուրբերի ժողովրդին» (Դանիէլ 7։13, 14, 27)։ Այո՛, այլակերպությունից ավելի քան հինգ դար առաջ Աստված հայտնել էր, որ լինելու էին ‘սրբեր’, որոնք բաժնեկցելու էին Քրիստոսի թագավորական մեծությանը։
7 Ովքե՞ր են Դանիելի տեսիլքում հայտնված սրբերը։ Հենց այդ անձնավորությունների հետ է կապված այն, ինչ որ գրում է Պողոսը. «Նոյն ինքն Հոգին վկայութիւն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստուծոյ որդիք ենք։ Եւ եթէ որդիք՝ ապա ժառանգներ էլ, Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ. որ եթէ նորա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինինք» (Հռովմայեցիս 8։16, 17)։ Սրբերը ոչ այլ ոք են, եթե ոչ Հիսուսի՝ ոգով օծված աշակերտները։ «Յայտութիւն» գրքում Հիսուսն ասում է. «Ով որ յաղթում է, կ’տամ նորան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վերայ, ինչպէս ես էլ յաղթեցի եւ նստեցի իմ Հօր հետ նորա աթոռի վերայ»։ Այս հարություն առած ‘հաղթողները’, որոնց թիվը 144 000 է, Հիսուսի հետ կառավարելու են ամբողջ երկիրը (Յայտնութիւն 3։21; 5։9, 10; 14։1, 3, 4; Ա Կորնթացիս 15։53)։
8. Ինչպե՞ս են Հիսուսի օծյալ աշակերտները կատարում մի գործ, որը նման է Մովսեսի ու Եղիայի կատարած գործին, և ի՞նչ արդյունքներով։
8 Սակայն ինչո՞ւ են օծյալ քրիստոնյաները ներկայացվում Մովսեսի ու Եղիայի միջոցով։ Պատճառն այն է, որ օծյալ քրիստոնյաները, դեռևս երկրի վրա գտնվելով, կատարում են մի գործ, որը նման է Մովսեսի ու Եղիայի կատարած գործին։ Օրինակ՝ չնայած հալածանքին՝ նրանք վկայություն են տալիս Եհովայի մասին (Եսայիա 43։10; Գործք 8։1–8; Յայտնութիւն 11։2–12)։ Մովսեսի ու Եղիայի նման՝ նրանք քաջաբար բացահայտում են կեղծ կրոնի իսկական դեմքը ու միևնույն ժամանակ խրախուսում անկեղծ մարդկանց բացարձակ նվիրվածություն ցույց տալ Աստծուն (Ելից 32։19, 20; Բ Օրինաց 4։22–24; Գ Թագաւորաց 18։18–40)։ Իսկ նրանց կատարած գործը պտուղներ տվե՞լ է։ Անտարակո՛ւյս։ Նրանք այդ գործով նպաստում են օծյալ քրիստոնյաների թվի ամբողջացմանը, ինչպես նաև օգնում են միլիոնավոր «ուրիշ ոչխարների» պատրաստակամորեն հնազանդվել Հիսուս Քրիստոսին (Յովհաննէս 10։16; Յայտնութիւն 7։4)։
Քրիստոսը հաղթում է
9. Ըստ Յայտնութիւն 6։2–ի՝ ո՞վ է Հիսուսն այսօր։
9 Հիսուսն այսօր մեզ չի ներկայանում որպես ավանակ հեծած մարդ։ Նա այժմ հզոր Թագավոր է։ Նա նկարագրվում է ձի վարելիս։ Ձին Աստվածաշնչում պատերազմի խորհրդանիշ է (Առակաց 21։31)։ Յայտնութիւն 6։2–ում ասվում է. «Ահա մի սպիտակ ձի, եւ նորա վերայ նստողը մի աղեղ ունէր. եւ մի պսակ տրուեցաւ նորան, եւ նա դուրս եկաւ յաղթելով եւ յաղթելու համար»։ Բացի այդ, Հիսուսի հետ կապված՝ սաղմոսերգու Դավիթը գրել է. «Տէրը [Եհովան] Սիօնիցը կ’ուղարկէ քո զօրութեան գաւազանը. տիրապետիր քո թշնամիների մէջ» (Սաղմոս 110։2)։
10. ա) Հիսուսի հաղթական ձիավարությունն ի՞նչ փառավոր սկիզբ ունեցավ։ բ) Քրիստոսի առաջին հաղթանակը ի՞նչ ազդեցություն թողեց ամբողջ աշխարհի վրա։
10 Հիսուսն իր առաջին հաղթանակը տարավ իր ամենազորեղ թշնամիների՝ Սատանայի ու դևերի դեմ։ Վտարելով երկնքից՝ նա նրանց երկիր նետեց։ Այս չար ոգեղեն արարածները, իմանալով, որ իրենց ժամանակը կարճ է, իրենց ցասումը թափեցին մարդկության վրա՝ մեծ «վայ» բերելով։ «Յայտնութիւն» գրքում այս «վայը» պատկերվում է երեք ուրիշ հեծյալների ձիավարությամբ (Յայտնութիւն 6։3–8; 12։7–12)։ Նրանց ձիավարությունը առաջ է բերել պատերազմ, սով ու մահ, ինչպես և նախագուշակել էր Հիսուսը իր «գալստեան եւ աշխարհքիս վերջի նշան[ի]» մասին մարգարեության մեջ (Մատթէոս 24։3, 7; Ղուկաս 21։7–11)։ Ծննդաբերության ցավերի նման՝ այս ‘ցավերը’, անկասկած, էլ ավելի կուժեղանան, մինչև որ Քրիստոսը ‘հաղթի’՝ ջնջելով Սատանայի տեսանելի կազմակերպության ամեն մի հետք (Մատթէոս 24։8)։a
11. Ինչպե՞ս է քրիստոնեական ժողովի պատմությունը վկայում, որ Քրիստոսը թագավորական իշխանություն ունի։
11 Հիսուսի թագավորական իշխանությունը ակնհայտ է նաև այն բանից, որ նա պահպանում է քրիստոնեական ժողովը, որպեսզի այն կարողանա կատարել իրեն տրված հանձնարարությունը՝ Թագավորության բարի լուրը քարոզել ամբողջ աշխարհում։ Չնայած Մեծ Բաբելոնի՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության, ինչպես նաև թշնամաբար տրամադրված կառավարությունների կողմից եկող դաժան հակառակությանը՝ քարոզչական գործը ոչ միայն կանգ չի առել, այլև մեծացել ու աննախադեպ մասշտաբների է հասել (Յայտնութիւն 17։5, 6)։ Քրիստոսի թագավորական իշխանության ի՜նչ փայլուն վկայություն (Սաղմոս 110։3)։
12. Ինչո՞ւ մարդկանց մեծամասնությունը չի ըմբռնում Քրիստոսի անտեսանելի ներկայությունը։
12 Ցավոք, այսօր մարդկանց մեծամասնությունը, այդ թվում միլիոնավորներ, որ իրենց քրիստոնյա են համարում, չեն ըմբռնում, որ երկրի վրա տեղի ունեցող նշանակալից իրադարձությունները անտեսանելի իրականությունների դրսևորումն են։ Նրանք նույնիսկ ծաղրում են Աստծու Թագավորությունը հռչակողներին (Բ Պետրոս 3։3, 4)։ Ինչո՞ւ։ Որովհետև Սատանան կուրացրել է նրանց սրտերը (Բ Կորնթացիս 4։3, 4)։ Իրողությունն այն է, որ նա դեռ շատ դարեր առաջ է հոգևոր խավարով ծածկել իրենց քրիստոնյա անվանող անհատներին և նույնիսկ դրդել է նրանց հրաժարվելու Թագավորության չքնաղ հույսից։
Հրաժարվում են Թագավորության հույսից
13. Հոգևոր խավարի քողը ինչի՞ առաջնորդեց։
13 Հիսուսը կանխագուշակել էր, որ հավատուրացները, ցորենի արտի մեջ ցանված որոմների նման, կներթափանցեն քրիստոնեական ժողով ու շատերին կշեղեն ճշմարիտ ճանապարհից (Մատթէոս 13։24–30, 36–43; Գործք 20։29–31; Յուդա 4)։ Ժամանակի ընթացքում այդ այսպես կոչված քրիստոնյաները որդեգրեցին հեթանոսական տոներ, սովորույթներ և ուսմունքներ՝ դրանք նույնիսկ անվանելով քրիստոնեական։ Օրինակ՝ Սուրբ Ծնունդ տոնը սկիզբ է առել այնպիսի ծեսերից, որոնք առնչություն են ունեցել հեթանոսական Միհր ու Սատուռնոս աստվածությունների պաշտամունքի հետ։ Բայց ի՞նչն է մղել անվանական քրիստոնյաներին որդեգրելու այս ոչ քրիստոնեական տոները։ «Նոր բրիտանական հանրագիտարանում» (1974 թ.) գրված է. «Սուրբ Ծնունդը՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնը, հաստատվեց այն բանի հետ կապված, որ մարդկանց ակնկալիքները Քրիստոսի մոտալուտ վերադարձի առնչությամբ սկսել էին թուլանալ»։
14. Օրիգենեսի ու Օգոստինոսի գաղափարներն ինչպե՞ս են կեղծ լույսի ներքո ներկայացրել Աստծու Թագավորության մասին ճշմարտությունը։
14 Ուշադրություն դարձրեք նաև «թագավորություն» բառի իմաստի աղավաղմանը։ Աստծու Թագավորության վերաբերյալ մի գրքում ասվում է. «Օրիգենեսը [երրորդ դարի աստվածաբան] փոփոխություն է մտցնում «թագավորություն» բառի քրիստոնեական գործածության մեջ՝ հաղորդելով դրան ներքին իմաստ, թե Աստծու իշխանությունը սրտում է»։ Ինչի՞ վրա էր հիմնում Օրիգենեսն իր գաղափարները։ Ոչ թե Աստվածաշնչի վրա, այլ «փիլիսոփայության ու աշխարհիկ հայացքների, որոնք միանգամայն տարբեր էին Հիսուսի ու վաղ եկեղեցու անդամների մտածելակերպից» («The Kingdom of God in 20th-Century Interpretation»)։ Հիպոնի եպիսկոպոս Օգոստինոսը (354–430 թթ.) իր՝ «Աստծու քաղաքի մասին» երկում նշում է, որ եկեղեցին հենց ինքն է Աստծու Թագավորությունը («De Civitate Dei»)։ Նման ոչ սուրբգրային մտայնությունը քրիստոնեական աշխարհի եկեղեցիներին աստվածաբանական հիմք տվեց քաղաքական իշխանություն ձեռք բերելու համար։ Նրանք այդ իշխանությունը բանեցրել են դարեր շարունակ ու հաճախ՝ դաժանորեն (Յայտնութիւն 17։5, 18)։
15. Գաղատացիս 6։7, 8ա համարներում գրված խոսքերն ինչպե՞ս են հաստատվել քրիստոնեական աշխարհի եկեղեցիներից շատերի առնչությամբ։
15 Այսօր, սակայն, եկեղեցիները քաղում են այն, ինչ հնձել են (Գաղատացիս 6։7, 8ա)։ Նրանցից շատերը, ինչպես երևում է, կորցնում են թե՛ իրենց իշխանությունը և թե՛ ծխականներին։ Նման տենդենց նկատվում է Եվրոպայում։ Համաձայն «Քրիսթիանիթի թուդեյ» հանդեսի՝ «ներկայումս Եվրոպայի խոշոր մայր տաճարները [ծառայում են] ոչ թե որպես երկրպագության վայրեր, այլ թանգարաններ, ուր հաճախում են միայն զբոսաշրջիկները»։ Այդ տենդենցը կարելի է նկատել նաև աշխարհի մյուս մասերում։ Ի՞նչ է այս ամենը նշանակում կեղծ կրոնի համար։ Նա պարզապես կմեռնի՞ աջակցությունից զրկված լինելու պատճառով։ Իսկ ինչպե՞ս դա կազդի ճշմարիտ երկրպագության վրա։
Պատրաստ եղեք Աստծու մեծ օրվան
16. Ինչո՞վ է նշանակալից Մեծ Բաբելոնի դեմ աճող թշնամանքը։
16 Ինչպես հանգած հրաբխից դուրս եկող ծուխն ու մոխիրն են մոտալուտ ժայթքում նախանշում, այնպես էլ աշխարհի շատ վայրերում կրոնի նկատմամբ աճող թշնամանքն է նախանշում, որ կեղծ կրոնի օրերը հաշվված են։ Շուտով Եհովան կդրդի աշխարհի քաղաքական տարրերին միավորել իրենց ջանքերը, որպեսզի նրանք մերկացնեն ու ամայացնեն հոգևոր պոռնիկ Մեծ Բաբելոնին (Յայտնութիւն 17։15–17; 18։21)։ Պե՞տք է արդյոք քրիստոնյաները վախենան այս, ինչպես նաև ‘մեծ նեղության’ հետ կապված հետագա իրադարձություններից (Մատթէոս 24։21)։ Ամենևի՛ն։ Իրականում նրանք ուրախանալու պատճառներ կունենան, երբ Աստված քայլեր ձեռնարկի ամբարիշտների դեմ (Յայտնութիւն 18։20; 19։1, 2)։ Քննենք առաջին դարի Երուսաղեմի և այնտեղ ապրած քրիստոնյաների օրինակը։
17. Եհովայի հավատարիմ ծառաներն ինչո՞ւ կարող են այս համակարգի վախճանը վստահությամբ դիմավորել։
17 Երբ մ.թ. 66–ին հռոմեական զորքերը պաշարեցին Երուսաղեմը, հոգևորապես զգոն քրիստոնյաները չզարմացան և ոչ էլ սարսափեցին։ Քանի որ նրանք փութաջանորեն ուսումնասիրում էին Աստծու Խոսքը, գիտեին, որ քաղաքի «աւերումը մօտ է» (Ղուկաս 21։20)։ Նրանք նաև գիտեին, որ Աստված փրկության ելք է տալու իրենց։ Երբ Աստված այդ ելքը տվեց, քրիստոնյաները փախան քաղաքից (Դանիէլ 9։26; Մատթէոս 24։15–19; Ղուկաս 21։21)։ Նմանապես այսօր, նրանք, ովքեր ճանաչում են Աստծուն և հնազանդվում են նրա Որդուն, կարող են այս համակարգի վախճանը վստահությամբ դիմավորել (Բ Թեսաղոնիկեցիս 1։6–9)։ Այո՛, երբ մեծ նեղությունը վրա հասնի, այս մարդիկ մեծ ուրախությամբ ‘կուղղվեն ու կբարձրացնեն իրենց գլուխները, որովհետև գիտեն, որ մոտ է իրենց փրկությունը’ (Ղուկաս 21։28, ԱՆԹ)։
18. Ի՞նչ կպատահի Եհովայի ծառաներին, երբ Գոգը ամբողջական հարձակում ձեռնարկի նրանց դեմ։
18 Մեծ Բաբելոնի կործանումից հետո Սատանան, լինելով Մագոգի Գոգի դերում, ամբողջական հարձակում կձեռնարկի Եհովայի խաղաղ Վկաների դեմ։ Գալով ‘իբրև ամպ, որ ծածկում է երկիրը’՝ Գոգի հրոսակախմբերը հեշտ հաղթանակ կակնկալեն։ Ի՜նչ դառը հուսախաբություն է սպասում նրանց (Եզեկիէլ 38։14–16, 18–23)։ Հովհաննես առաքյալը գրում է. «Տեսայ երկինքը բացուած, եւ ահա մի սպիտակ ձի, եւ նա որ նորա վերայ նստած էր, կոչվում էր Հաւատարիմ եւ Ճշմարիտ, ....նորա բերանիցը դուրս է գալիս սրած սուր, որ նորանով զարկէ ազգերին»։ Այս ‘թագավորների Թագավորը’, որ անպարտելի է, կազատի Եհովայի նվիրված երկրպագուներին և կոչնչացնի նրանց բոլոր թշնամիներին (Յայտնութիւն 19։11–21)։ Այլակերպության տեսիլքի կատարման ի՜նչ փառահեղ գագաթնակետ։
19. Քրիստոսի լիակատար հաղթանակը ի՞նչ ազդեցություն կթողնի նրա հավատարիմ աշակերտների վրա, և նրանք ի՞նչ պետք է ձգտեն անել հիմա։
19 Հիսուսը կլինի «այն օրը.... հիացմունքի արժանի .... բոլոր հաւատացեալների մէջ» (Բ Թեսաղոնիկեցիս 1։10, ԷԹ)։ Չե՞ս ցանկանում արդյոք լինել նրանց մեջ, ովքեր, ակնածանքով լի, կանգնած կլինեն Աստծու հաղթական Որդու առջև։ Այդ դեպքում շարունակիր զորացնել քո հավատը և «պատրաստ [եղիր] որ այն ժամին, որ [դու չես] կարծում, մարդի Որդին կ’գայ» (Մատթէոս 24։43, 44)։
Զգաստ եղեք
20. ա) Ինչպե՞ս կարող ենք մեր գնահատանքը ցույց տալ Աստծուն այն բանի համար, որ նա մեզ տվել է «հաւատարիմ եւ իմաստուն ծառա» դասակարգը։ բ) Ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։
20 «Հաւատարիմ եւ իմաստուն ծառան» կանոնավորաբար խրախուսում է Աստծու ժողովրդին հոգևորապես զգոն ու զգաստ լինել (Մատթէոս 24։45, 46; Ա Թեսաղոնիկեցիս 5։6, ԱԱ)։ Գնահատո՞ւմ ես այդ ժամանակահարմար հիշեցումները։ Հաշվի առնո՞ւմ ես դրանք, երբ որոշում ես, թե ինչը պետք է առաջնահերթ լինի քո կյանքում։ Կարող ես ինքդ քեզ հարցնել. «Ունե՞մ արդյոք հոգևոր հստակ տեսողություն, որն ինձ հնարավորություն է տալիս տեսնելու Աստծու Որդուն երկնքում իշխելիս։ Տեսնո՞ւմ եմ արդյոք, որ նա պատրաստ է Աստծու դատաստանն իրագործելու Մեծ Բաբելոնի և Սատանայի աշխարհի մնացած մասի դեմ»։
21. Ինչո՞ւ է ոմանց հոգևոր տեսողությունն աղոտացել, և ի՞նչ պետք է նրանք անհապաղ անեն։
21 Այսօր ոմանք, որ Աստծու ժողովրդի մեջ են, թույլ են տվել, որ իրենց հոգևոր տեսողությունը աղոտանա։ Գուցե պատճառն այն է, որ նրանք կորցրե՞լ են իրենց համբերությունը կամ տոկունությունը, ինչպես Հիսուսի առաջին աշակերտներից մի քանիսը։ Գուցե կյանքի հոգսերը, նյութապաշտությունը կամ հալածա՞նքն են ազդել նրանց վրա (Մատթէոս 13։3–8, 18–23; Ղուկաս 21։34–36)։ Ոմանց համար էլ գուցե դժվար է եղել հասկանալ հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի կողմից հրատարակված որոշ տեղեկություններ։ Եթե վերը նշվածներից որևէ մեկը վերաբերում է քեզ, մենք կոչ ենք անում, որ նոր եռանդով ուսումնասիրես Աստծու Խոսքը և թախանձագին խնդրես Եհովային, որ դարձյալ նրա հետ ամուր և մտերիմ փոխհարաբերություններ ունենաս (Բ Պետրոս 3։11–15)։
22 Այլակերպության տեսիլքը Հիսուսի աշակերտներին տրվեց այն ժամանակ, երբ նրանք քաջալերանքի կարիք ունեին։ Այսօր կա ավելի մեծ բան, որ կարող է զորացնել մեզ. դա այդ տեսիլք–նախաշողի և դրա հետ կապված շատ մարգարեությունների կատարումն է։ Այս փառավոր իրականությունների և դրանց ապագա նշանակության շուրջ խորհրդածելով՝ եկեք մենք էլ Հովհաննես առաքյալի պես սրտանց ասենք. «Ամէն։ Եկ, Տէր Յիսուս» (Յայտնութիւն 22։20)։
[ծանոթագրություն]
a Հունարեն բնագրում «ցավեր» թարգմանված բառը բառացի նշանակում է «ծննդաբերության ցավեր» (Մատթէոս 24։8, «Թագավորության տողացի թարգմանություն», անգլ.)։ Այստեղից կարելի է հասկանալ, որ ծննդաբերության ցավերի նման՝ աշխարհի «ցավերը»՝ պրոբլեմները, ավելի հաճախակի, ավելի ուժգին և ավելի երկարատև կլինեն, որոնք իրենց գագաթնակետին կհասնեն մեծ նեղության ժամանակ։
Հիշո՞ւմ եք
• 1870–ականներին Աստվածաշունչ ուսումնասիրողների մի փոքր խումբ ի՞նչ հասկացավ Քրիստոսի վերադարձի մասին։
• Ինչպե՞ս է այլակերպության տեսիլքը իրականություն դարձել։
• Ի՞նչ ազդեցություն է թողել Հիսուսի հաղթական ձիավարությունը աշխարհի ու քրիստոնեական ժողովի վրա։
• Ի՞նչ պետք է անենք, որպեսզի լինենք նրանց թվում, ովքեր կենդանի կմնան, երբ Հիսուսն ավարտի իր հաղթարշավը։
22. Ի՞նչ ազդեցություն է թողնում քեզ վրա այլակերպության տեսիլքի և դրա հետ կապված մարգարեությունների շուրջ խորհրդածելը։
[նկարներ 16, 17–րդ էջերի վրա]
Նախաշողը իրականություն է դառնում
[նկարներ 18–րդ էջի վրա]
Գիտե՞ս, թե ինչ պատահեց, երբ Քրիստոսը սկսեց իր հաղթարշավը