«Ոգին ու հարսը ասում են՝ «ե՛կ»
«Ոգին ու հարսը ասում են՝ ե՛կ։.... Նա, ով ծարավ է, թող գա. և նա, ով ցանկանում է, թող վերցնի կյանքի ջուրը ձրի» (ՀԱՅՏՆ. 22։17)։
1, 2. Ի՞նչը պետք է մեր կյանքում առաջին տեղում լինի և ինչո՞ւ։
ՀԻՍՈՒՍԸ հորդորեց իր հետևորդներին «շարունակել նախ թագավորությունը փնտրել»՝ հավաստիացնելով նրանց, որ եթե այդպես անեն, ապա Աստված կտա նրանց այն, ինչի կարիքն ունեն (Մատթ. 6։25–33)։ Աստծու Թագավորությունը նա նմանեցրեց մի թանկարժեք մարգարտի, որը այնքան արժեքավոր էր ճամփորդող վաճառականի համար, որ երբ գտավ այն, «վաճառեց իր ողջ ունեցվածքը և առավ այն» (Մատթ. 13։45, 46)։ Չպե՞տք է արդյոք մենք էլ կարևոր համարենք Թագավորության բարի լուրը քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը։
2 Նախորդ երկու հոդվածներում նշվեց, որ երբ համարձակորեն քարոզում ենք և հմտորեն օգտագործում ենք Աստծու Խոսքը, ցույց ենք տալիս, որ հետևում ենք Աստծու ոգու առաջնորդությանը։ Սուրբ ոգին մեծ դեր է կատարում նաև այն ժամանակ, երբ կանոնավորաբար ենք մասնակցում Թագավորության քարոզչության գործին։ Տեսնենք, թե ինչպես։
Հրավեր
3. Ի՞նչ ջուր են հրավիրվում խմելու բոլոր մարդիկ։
3 Սուրբ ոգու միջոցով ջերմ հրավեր է տրվում մարդկանց (կարդա՛ Հայտնություն 22։17)։ Բոլորը հրավիրվում են հագեցնելու իրենց ծարավը յուրահատուկ ջրով։ Դա սովորական ջուր չէ։ Ինչ խոսք, ջուրը կենսական նշանակություն ունի երկրի վրա կյանքը պահպանելու համար։ Սակայն Հիսուսը ուրիշ ջրի մասին էր խոսում, երբ ջրհորի մոտ սամարացի կնոջն ասաց. «Ով որ խմի այն ջրից, որը ես կտամ նրան, էլ երբեք չի ծարավի. այն ջուրը, որը ես կտամ նրան, ջրի աղբյուր կդառնա նրա մեջ, որ կբխի հավիտենական կյանք տալու համար» (Հովհ. 4։14)։ Մարդիկ հրավիրվում են խմելու այն ջուրը, որը հավիտենական կյանք է տալիս։
4. ա) Ինչպե՞ս առաջացավ կյանքի ջրի անհրաժեշտությունը։ բ) Ի՞նչ է կյանքի ջուրը։
4 Կյանքի ջրի անհրաժեշտությունը առաջ եկավ այն ժամանակ, երբ Ադամն ու Եվան անհնազանդ գտնվեցին իրենց Ստեղծչի՝ Եհովա Աստծու հանդեպ (Ծննդ. 2։16, 17; 3։1–6)։ Այդ պատճառով առաջին մարդկային զույգը դուրս վտարվեց Եդեմի պարտեզից, քանի որ Աստված ասաց. «Հիմա մի գուցէ [Ադամը] իր ձեռքը մեկնէ, եւ կենաց ծառիցն էլ առնէ եւ ուտէ եւ յաւիտեան ապրի» (Ծննդ. 3։22)։ Մեր նախածնողի պատճառով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա (Հռոմ. 5։12)։ Ուստի կյանքի ջուրը ներկայացնում է Աստծու այն բոլոր օրհնությունները, որ ստանալու է հնազանդ մարդկությունը. ազատագրում մեղքից ու մահից և կատարյալ անվերջ կյանք դրախտ–երկրի վրա։ Այս ամենը մարդիկ կստանան Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության շնորհիվ (Մատթ. 20։28; Հովհ. 3։16; 1 Հովհ. 4։9, 10)։
5. Ո՞վ է հրավիրում վերցնել «կյանքի ջուրը ձրի»։ Բացատրի՛ր։
5 Իսկ ո՞վ է տալիս «կյանքի ջուրը ձրի» վերցնելու հրավերը։ Այն բոլոր օրհնությունները, որ մարդկությունը ստանալու է Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում, տեսիլքում պատկերված են որպես «կյանքի ջրի մի գետ՝ բյուրեղի պես մաքուր»։ Այդ գետը հոսում է «Աստծու և Գառան գահից» (Հայտն. 22։1)։ Փաստորեն, այս կենարար ջրի Աղբյուրը Եհովան է՝ մեզ կյանք Պարգևողը (Սաղ. 36։9)։ Նա է, որ «Գառան»՝ Հիսուս Քրիստոսի միջոցով հնարավորություն է տալիս բոլորին օգտվելու այդ ջրից (Հովհ. 1։29)։ Խորհրդանշական այս ջրի միջոցով Եհովան փոխհատուցելու է բոլոր այն վնասները, որ կրում են մարդիկ Ադամի անհնազանդության պատճառով։ Այո՛, Եհովա Աստված է այս հրավերի Հեղինակը։
6. Ե՞րբ է «կյանքի ջրի գետը» սկսել հոսել։
6 Թեև «կյանքի ջրի գետը» լիարժեքորեն կհոսի Քրիստոսի Հազարամյա Իշխանության ժամանակ, սակայն այն արդեն սկսել է հոսել «Տիրոջ օրվանից», որը սկիզբ է առել 1914 թ.–ից, երբ երկնքում թագադրվեց «Գառը» (Հայտն. 1։10)։ Այդ իրադարձությունից հետո հոգևոր օրհնություններ եղան, օրինակ՝ օրհնություններից մեկը Աստծու Խոսքի կյանք պարգևող պատգամն է, որը նմանեցվում է «ջրի» (Եփես. 5։26)։ Եթե բոլորը լսեն ու դրականորեն արձագանքեն Թագավորության բարի լուրին, կստանան կյանքի ջուրը։ Իսկ Տիրոջ օրվա ընթացքում ո՞վ է հրավեր տալիս։
«Հարսը» ասում է՝ ե՛կ
7. Ո՞վ է «Տիրոջ օրվա» ընթացքում հրավեր տալիս և ո՞ւմ։
7 Հրավերը նախևառաջ տալիս են հարս դասակարգի անդամները՝ օծյալ քրիստոնյաները։ Ո՞ւմ։ Տրամաբանական է, որ հարս դասակարգը իրեն չի ասում՝ ե՛կ։ Այդ հրավերը ուղղված է նրանց, ովքեր հույս ունեն, որ «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմից» հետո երկրի վրա կապրեն հավիտյան (կարդա՛ Հայտնություն 16։14, 16)։
8. Ի՞նչն է ցույց տալիս, որ 1918–ից ի վեր օծյալ քրիստոնյաները բոլորին հրավեր են տալիս։
8 1918 թ.–ից ի վեր Քրիստոսի օծյալ հետևորդները բոլորին տալիս են այս հրավերը։ Այդ տարի ներկայացված հանրային ելույթը, որի վերնագիրն էր «Այսօր ապրող միլիոնավոր մարդիկ մահ չեն տեսնելու», շատերին ներշնչեց այն հույսը, որ Արմագեդոն պատերազմից հետո երկրային դրախտում հավիտյան ապրելու հեռանկար ունեն։ 1922 թ.–ին Սիդար Փոյնթում (Օհայո, ԱՄՆ) տեղի ունեցած համաժողովի ժամանակ մի ելույթ հնչեց, որը հորդորում էր ունկնդիրներին «հռչակել Թագավորին և նրա Թագավորությունը»։ Այս կոչը հարս դասակարգին օգնեց ավելի շատ մարդկանց հրավեր տալու։ Իսկ «Դիտարանի» 1929 թ. մարտի 15–ի համարում (անգլ.) տպագրվեց «Ողորմությունից բխող հրավեր» վերնագրով մի հոդված, որի բնաբանը Հայտնություն 22։17 համարն էր։ Հոդվածում գրված էր. «Հավատարիմ ծառա դասակարգը միանում է [Բարձրյալին] և ասում՝ ե՛կ։ Այս պատգամը պետք է հռչակվի բոլոր նրանց, ովքեր ծարավ են արդարության և ճշմարտության։ Այն պետք է հռչակվի հիմա՛»։ Առայսօր հարս դասակարգը շարունակում է հրավեր տալ։
«Ով լսում է, թող ասի՝ ե՛կ»
9, 10. Ի՞նչ անելու հրավեր է տրվում պատգամը լսողներին։
9 Իսկ ի՞նչ են անում նրանք, ովքեր ընդունում են հրավերը։ Նրանք էլ իրենց հերթին այդ հրավերը ուղղում են ուրիշ մարդկանց և ասում՝ ե՛կ։ «Դիտարանի» 1932 թ. օգոստոսի 1–ի համարում (էջ 232, անգլ.) նշվում է. «Թող որ օծյալ քրիստոնյաները քաջալերեն բոլորին մասնակցել թագավորության բարի լուրի հռչակմանը։ Պարտադիր չէ, որ նրանք Տիրոջ օծյալները լինեն, որպեսզի հռչակեն պատգամը։ Շատ մխիթարական է իմանալ, որ Եհովայի վկաները կարող են կյանքի ջուրը տալ մարդկանց այն խմբին, որը վերապրելու է Արմագեդոնից և հավիտյան ապրելու է երկրի վրա»։
10 Իսկ «Դիտարանի» 1934 թ. օգոստոսի 15–ի համարում (էջ 249, անգլ.) նույնպես նշվում է, թե ինչ պատասխանատվություն ունեն հրավերը ընդունողները. «Հովնադաբ դասակարգը պետք է հետևի Հեու դասակարգին, այսինքն՝ օծյալներին և հռչակի թագավորության պատգամը, չնայած որ այդ դասակարգի անդամները Եհովայի օծյալ վկաները չեն»։ 1935 թ.–ին ակնհայտ դարձավ Հայտնություն 7։9–17 համարներում նշված «մեծ բազմության» ինքնությունը, ինչը մեծ զարկ տվեց քարոզչական գործին։ Այդ ժամանակից սկսած՝ ճշմարիտ երկրպագուների մեծ բազմությունը, որի թիվն այսօր հասնում է ավելի քան յոթ միլիոնի, արձագանքել է հրավերին։ Պատգամը լսելուց հետո այդ մարդիկ Աստծու հանդեպ իրենց նվիրումը խորհրդանշեցին ջրի մկրտությամբ և միացան հարս դասակարգին՝ ակտիվորեն հրավիրելով ուրիշներին գալ ու խմել կյանքի ջուրը ձրի։
«Ոգին» ասում է՝ ե՛կ
11. Առաջին դարում ի՞նչ դեր ունեցավ սուրբ ոգին քարոզչական գործում։
11 Նազարեթ քաղաքի ժողովարանում քարոզելիս Հիսուսը բացեց Եսայիա մարգարեի գիրքը և կարդաց. «Եհովայի ոգին ինձ վրա է, որովհետև նա օծեց ինձ, որ աղքատներին բարի լուր հռչակեմ, նա ուղարկեց ինձ, որ գերիներին ազատություն և կույրերին տեսողություն քարոզեմ, կոտրվածներին ազատ արձակեմ և Եհովայի ընդունելի տարին քարոզեմ»։ Այնուհետև Հիսուսը այդ խոսքերը իրեն վերագրեց՝ ասելով. «Այս գրությունը, որ դուք լսեցիք, այսօր կատարվեց» (Ղուկ. 4։17–21)։ Իսկ նախքան երկինք համբարձվելը իր աշակերտներին ասաց. «Դուք զորություն կստանաք, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա, և իմ վկաները կլինեք.... մինչև երկրի ամենահեռավոր վայրը» (Գործ. 1։8)։ Այդպես էլ եղավ. առաջին դարում սուրբ ոգին մեծ դեր ունեցավ քարոզչական գործում։
12. Ի՞նչ դեր ունի Աստծու սուրբ ոգին քարոզչական գործում մեր օրերում։
12 Իսկ մեր օրերում Աստծու սուրբ ոգին ի՞նչ դեր ունի։ Սուրբ ոգու Աղբյուրը Եհովան է։ Նա ոգու միջոցով բացում է հարս դասակարգի միտքն ու սիրտը, որպեսզի վերջինս հասկանա իր Խոսքը՝ Աստվածաշունչը։ Ոգին հարս դասակարգի անդամներին մղում է, որ Եհովայի հրավերը ուղղեն մեծ բազմությանը և բացատրեն աստվածաշնչային ճշմարտությունները նրանց, ում առջև դրախտ–երկրում հավիտյան ապրելու հեռանկար է բացված։ Իսկ ի՞նչ կարելի է ասել հրավերն ընդունողների մասին, ովքեր դառնում են Հիսուս Քրիստոսի աշակերտներ։ Նրանք էլ սուրբ ոգու կարիքն ունեն, որպեսզի կարողանան այդ հրավերը ուղղել ուրիշ մարդկանց։ Քանի որ նրանք մկրտվել են սուրբ ոգու անունով, հետևում են ոգու առաջնորդությանը և վստահում են ոգուն (Մատթ. 28։19)։ Բացի այդ, այն պատգամը, որ օծյալները և մեծ բազմությունը քարոզում են, Աստվածաշնչից է, մի գրքից, որը գրվել է Աստծու ոգու ներշնչմամբ։ Փաստորեն, հրավերը տրվում է ոգու միջոցով։ Իսկ որքա՞ն ժամանակ պետք է տրամադրենք այս կարևոր գործին։
Նրանք «ասում են՝ ե՛կ»
13. Ի՞նչ է ցույց տալիս «ոգին և հարսը ասում են՝ ե՛կ» արտահայտությունը։
13 «Ոգին և հարսը» մեկ անգամ չէ, որ ասում են՝ ե՛կ։ Բնագրից թարգմանված «ասում են» բայը շարունակական գործողություն է ցույց տալիս և ընդգծում է Աստծու հրավերը տալու գործը կանոնավորաբար անելը։ Իսկ ի՞նչ են անում նրանք, ովքեր լսում և ընդունում են հրավերը։ Նրանք նույնպես ասում են՝ ե՛կ։ Ճշմարիտ երկրպագուների մեծ բազմությունը «տաճարում օր ու գիշեր սրբազան ծառայություն է մատուցում» (Հայտն. 7։9, 15)։ Ի՞նչ իմաստով է ծառայում «օր ու գիշեր» (կարդա՛ Ղուկաս 2։36, 37; Գործեր 20։31; 2 Թեսաղոնիկեցիներ 3։8)։ Տարեց մարգարեուհի Աննայի և Պողոս առաքյալի օրինակներից տեսնում ենք, որ «օր ու գիշեր» ծառայել նշանակում է առանց դադարի և մեծ ջանքեր ներդնելով կատարել ծառայությունը։
14, 15. Ինչպե՞ս Դանիելը ցույց տվեց, որ կարևոր է «անդադար» երկրպագել Աստծուն։
14 Դանիել մարգարեն նույնպես անդադար երկրպագում էր Եհովային (կարդա՛ Դանիէլ 6։4–10, 16)։ Թեև նա գիտակցում էր, որ այդպես անելու դեպքում հայտնվելու է առյուծների գուբի մեջ, սակայն նույնիսկ մեկ ամսով չդադարեցրեց իր հոգևոր սովորությունները, այլ շարունակեց աղոթել օրը երեք անգամ, ինչպես առաջ էր անում։ Դանիելի արարքները իր շրջապատի մարդկանց համոզեցին, որ ոչինչ ավելի կարևոր չէ, քան Եհովային կանոնավորաբար երկրպագություն մատուցելը (Մատթ. 5։16)։
15 Այդուհանդերձ, Դանիելին գցեցին գուբը։ Հաջորդ օրը թագավորը վեր կացավ ու շտապ գնաց առյուծների գուբը։ Մոտենալով գուբին՝ նա կանչեց Դանիելին և ասաց. «Ով Դանիէլ՝ կենդանի Աստուծոյ ծառայ, քո Աստուածը, որին դու պաշտում ես անդադար, կարողացա՞ւ քեզ ազատել առիւծներիցը»։ Հավատարիմ ծառան անմիջապես պատասխանեց. «Ով թագաւոր, յաւիտեան ողջ կաց։ Իմ Աստուածը ուղարկեց իր հրեշտակը, եւ նա փակեց առիւծների բերանը, եւ նորանք ինձ չ’վնասեցին, որովհետեւ նորա առաջին մաքրութիւն գտնուեցաւ ինձ վերայ, եւ քո առաջին էլ, ով թագաւոր, մի յանցանք չեմ արել»։ Եհովան օրհնեց Դանիելին, քանի որ նա «անդադար» էր ծառայում իրեն (Դան. 6։19–22)։
16. Ի՞նչ ենք սովորում Դանիելից և ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ ծառայության վերաբերյալ։
16 Դանիելը պատրաստ էր նույնիսկ մահանալու, բայց չթողնելու իր հոգևոր ընթացքը։ Իսկ մենք ինչպիսի՞ վերաբերմունք ունենք ծառայության հանդեպ։ Ի՞նչ զոհողությունների ենք պատրաստ գնալու, որպեսզի շարունակ հռչակենք Աստծու Թագավորության բարի լուրը։ Եթե հնարավոր է, չպե՞տք է արդյոք ձգտենք ամեն շաբաթ մասնակցել ծառայությանը։ Թող որ երբեք թույլ չտանք, որ ամիսն անցնի, ու մենք մարդկանց չպատմենք Եհովայի մասին։ Նույնիսկ եթե վատառողջ ենք և կարողանում ենք ամսվա ընթացքում ծառայել ընդամենը 15 րոպե, պետք է հաշվետվության թերթիկում գրանցենք դա։ Ինչո՞ւ։ Քանի որ ոգու և հարսի հետ ցանկանում ենք ասել՝ ե՛կ։ Այո՛, մենք ուզում ենք հնարավորության սահմաններում անել ամեն բան, որպեսզի համարվենք Թագավորության կանոնավոր քարոզիչներ։
17. Ուրիշ ի՞նչ ձևերով կարող ենք մասնակցել ծառայությանը։
17 Եհովայի հրավերը մենք մարդկանց չենք ուղղում միայն պաշտոնական ծառայության ժամանակ։ Մենք հրավիրում ենք ծարավ մարդկանց գալ և վերցնել կյանքի ջուրը ձրի նաև ուրիշ դեպքերում՝ գնումներ անելիս, ճանապարհորդելիս, արձակուրդի ժամանակ, աշխատավայրում կամ դպրոցում։ Անգամ եթե իշխանությունները սահմանափակեն մեր գործունեությունը, մենք կշարունակենք խելամտորեն քարոզել. օրինակ՝ գուցե մեկ օրվա մեջ չթակենք բոլոր դռները, այլ մի քանի դուռ թակելուց հետո մեկ ուրիշ տարածք գնանք։ Կամ էլ կարող ենք ավելի շատ ոչ պաշտոնական վկայություն տալ։
Շարունակիր ասել՝ ե՛կ
18, 19. Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ գնահատում ես Աստծու համագործակիցը լինելու առանձնաշնորհումը։
18 Արդեն ավելի քան իննսուն տարի է, ինչ ոգին և հարսը բոլոր նրանց, ովքեր ծարավ են կյանքի ջրի, ասում են՝ ե՛կ։ Ընդունե՞լ ես նրանց ջերմ հրավերը։ Այդ դեպքում դու էլ պետք է ուրիշներին հրավեր ուղղես։
19 Ճիշտ է, թեև չգիտենք, թե դեռ որքան ժամանակ պետք է մարդկանց ուղղենք այս հրավերը, սակայն երբ արձագանքում ենք և շարունակ ասում՝ ե՛կ, դառնում ենք Աստծու համագործակիցները (1 Կորնթ. 3։6, 9)։ Ի՜նչ մեծ պատիվ։ Եկեք միշտ ցույց տանք, որ թանկ ենք համարում մեզ տրված այդ առանձնաշնորհումը և «միշտ Աստծուն գովաբանության զոհ մատուցենք»՝ կանոնավորաբար մասնակցելով ծառայությանը (Եբր. 13։15)։ Եկեք հարս դասակարգի հետ շարունակ ասենք՝ ե՛կ և հնարավորության տանք շատ–շատերին վերցնելու կյանքի ջուրը ձրի։
Ի՞նչ սովորեցիր
• Ո՞ւմ է տրվում հրավերը և ասվում՝ ե՛կ։
• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ հրավերի հեղինակը Եհովան է։
• Ի՞նչ դեր է խաղում սուրբ ոգին հրավերը տալու հարցում։
• Ինչո՞ւ պետք է ձգտենք կանոնավորաբար քարոզել։
[Սխեմա/Նկարներ 16–րդ էջի վրա]
(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)
Շարունակում են ասել՝ ե՛կ
1914
5 100 քարոզիչներ
1918
Շատերը կապրեն դրախտ–երկրում
1922
«Հռչակեք, հռչակեք, հռչակեք Թագավորին և նրա Թագավորությունը»
1929
Հավատարիմ մնացորդը ասում է՝ ե՛կ
1932
Հրավերը միայն օծյալներին չի ուղղված
1934
Հովնադաբ դասակարգին կոչ է արվում քարոզել
1935
Ի հայտ եկավ «մեծ բազմությունը»
2009
7 313 173 քարոզիչներ