Եհովան բազում որդիների փառքի է բերում
«Որովհետեւ վայել էր, որ Աստուած կատարեալ դարձնի Յիսուսին չարչարանքների միջոցով, որպէսզի բազում որդիներ մասնակցեն նրա փառքին, քանի որ Յիսուս է նրանց դէպի փրկութիւն առաջնորդողը» (Եբրայեցիս 2։10)։
1. Ինչո՞ւ կարելի է վստահ լինել, որ Եհովայի նպատակը մարդկության վերաբերյալ անպայման կկատարվի։
ՍՏԵՂԾԵԼՈՎ երկիրը՝ Եհովան ցանկացավ, որ այն մարդկության հավերժական տունը դառնա, որտեղ նրանք անվերջ կվայելեն կյանքը (Ժողովող 1։4; Եսայիա 45։12, 18)։ Ճիշտ է, մեր նախահայր Ադամը մեղանչեց՝ մեղքն ու մահը փոխանցելով իր սերնդին, սակայն մարդկության վերաբերյալ Աստծո նպատակը կիրականացվի Խոստացյալ Սերնդի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (Ծննդոց 3։15; 22։18; Հռովմայեցիս 5։12—21; Գաղատացիս 3։16)։ Մարդկության հանդեպ տածած սերը մղեց Եհովային տալու «իր միածին Որդուն.... որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը» (Յովհաննէս 3։16)։ Սերը մղեց նաև Հիսուսին «իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն» (Մատթէոս 20։28)։ Այս համարժեք «փրկանքը» ետ է բերում Ադամի կորցրած իրավունքներն ու հեռանկարները և ճանապարհ հարթում հավիտենական կյանքի համար (Ա Տիմոթէոս 2։5, 6; Յովհաննէս 17։3)։
2. Իսրայելի տարեկան քավության օրը Հիսուսի զոհաբերական փրկանքի կիրառությունն ինչպե՞ս էր խորհրդանշվում։
2 Հիսուսի զոհաբերական փրկանքի կիրառությունը խորհրդանշվում էր տարեկան քավության օրվա արարողությամբ։ Այդ օրը Իսրայելի քահանայապետը նախ մատղաշ ցուլ (զվարակ) էր զոհ մատուցում որպես մեղքի պատարագ և արյունը ներկայացնում, սկզբում՝ խորանի, ապա՝ տաճարի Սրբությունների Սրբությունում գտնվող սուրբ տապանակի վրա։ Դա արվում էր իր, իր տան և Ղևիի ցեղի համար։ Համանման ձևով, Հիսուս Քրիստոսն իր արյան արժեքը ներկայացրեց Աստծուն նախ և առաջ իր հոգևոր «եղբայրների» մեղքերը ծածկելու համար (Եբրայեցիս 2։12; 10։19—22; Ղեւտացոց 16։6, 11—14)։ Քավության օրը քահանայապետը նաև մեկ նոխազ էր մատուցում որպես մեղքի պատարագ և դրա արյունը ներկայացնում Սրբությունների Սրբությունում՝ քավություն անելով Իսրայելի տասներկու ոչ քահանայական ցեղերի մեղքերի համար։ Նմանապես Քահանայապետ Հիսուս Քրիստոսը կկիրառի իր արյունը հօգուտ իրեն հավատ ընծայող մարդկությանը՝ մաքրելով նրանց մեղքերից (Ղեւտացոց 16։15)։
Փառքի բերված
3. Ըստ Եբրայեցիս 2։9, 10–ի՝ ի՞նչ է Աստված արել 1900 տարիների ընթացքում։
3 1900 տարի շարունակ Հիսուսի «եղբայրների» կապակցությամբ Աստված աչքի ընկնող գործեր է կատարել։ Դրա վերաբերյալ Պողոսը գրեց. «Տեսնում ենք փառքով եւ պատուով պսակուած Յիսուսին, որ մի փոքր հրեշտակներից աւելի ցածր էր դասուել մահուան չարչարանքները յանձն առնելու պատճառով, որպէսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի. որովհետեւ վայել էր, որ Աստուած (նրա համար եւ նրանով է ամէն բան) կատարեալ դարձնի Յիսուսին չարչարանքների միջոցով, որպէսզի բազում որդիներ մասնակցեն նրա փառքին, քանի որ Յիսուս է նրանց դէպի փրկութիւն առաջնորդողը» (Եբրայեցիս 2։9, 10)։ Փրկության Առաջնորդը Հիսուս Քրիստոսն է, որը կատարյալ հնազանդություն սովորեց երկրի վրա որպես մարդ ապրելիս իր կրած տառապանքներից (Եբրայեցիս 5։7—10)։ Հիսուսն առաջինն էր, որ ծնվեց որպես Աստծո հոգևոր որդի։
4. Ե՞րբ և ինչպե՞ս է Հիսուսը ծնվել որպես Աստծո հոգևոր Որդի։
4 Եհովան իր սուրբ հոգու կամ գործուն ուժի միջոցով Հիսուսին վերածնեց որպես իր հոգևոր Որդի երկնային փառքի բերելու համար։ Երբ Հովհաննես Մկրտչի մոտ էր, Հիսուսը մկրտվեց ջրում Աստծո առջև իր ներկայանալը խորհրդանշելու համար։ Ղուկասի ավետարանի արձանագրությունը տեղեկացնում է. «Ամբողջ ժողովրդի մկրտուելուց յետոյ, Յիսուս եւս մկրտուեց ու երբ աղօթքի կանգնեց, երկինքը բացուեց, եւ Սուրբ Հոգին մարմնաւոր տեսքով, որպէս աղաւնի իջաւ նրա վրայ. եւ երկնքից ձայն եկաւ, որ ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը» » (Ղուկաս 3։21, 22)։ Հովհաննեսը տեսավ սուրբ հոգին Հիսուսի վրա իջնելիս և լսեց Եհովայի բացահայտ հավանությունն իր սիրելի Որդու մասին։ Այդ ժամանակ սուրբ հոգու միջոցով Եհովան ծնեց Հիսուսին որպես առաջինն այն «բազում որդիներից», որոնք պիտի փառքի բերվեին։
5. Ովքե՞ր էին Հիսուսի զոհաբերությունից առաջին օգտվողները, և քանի՞ հոգի են նրանք։
5 Հիսուսի «եղբայրներն» առաջինն էին, որ պետք է օգտվեին նրա զոհաբերությունից (Եբրայեցիս 2։12—18)։ Հովհաննես առաքյալը հայտնության մեջ նրանց տեսավ երկնային Սիոն լեռան վրա՝ Գառան՝ հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսի հետ միասին արդեն փառքի մեջ գտնվելիս։ Հովհաննեսը նաև ներկայացրեց նրանց քանակը՝ գրելով. «Տեսայ. ահա Գառը կանգնած էր Սիոն լերան վրայ. եւ նրա հետ՝ հարիւր քառասունչորս հազար հոգի, որոնք նրա եւ նրա Հօր անունն ունէին գրուած իրենց ճակատների վրայ.... սրանք ընտրուեցին մարդկանց միջից Աստծու եւ Գառան առաջ։ Եւ սրանց բերանում սուտ խօսք չգտնուեց, որովհետեւ անբիծ են» (Յայտնութիւն 14։1—5)։ Այսպիսով՝ երկնային փառքի բերված «բազում որդիների» ընդհանուր քանակը 144 001 է՝ Հիսուսը և իր հոգևոր եղբայրները։
«Աստծուց ծնուած»
6, 7. Ովքե՞ր են ‘Աստծուց ծնուածները’, և ի՞նչ է դա նշանակում նրանց համար։
6 Նրանք, որոնց համար Եհովան հայր է դարձել, ‘Աստծուց են ծնուած’։ Դիմելով այս անհատներին՝ Հովհաննես առաքյալը գրեց. «Ամէն ոք, ով Աստծուց է ծնուած, մեղք չի գործում, որովհետեւ Նրա [Եհովայի] սերմը մնում է նրա մէջ. չի էլ կարող մեղանչել, որովհետեւ Աստծուց է ծնուած» (Ա Յովհաննէս 3։9)։ Այս «վերարտադրող սերմը [ՆԱ]» Աստծո սուրբ հոգին է։ Աստծո խոսքի հետ զուգընթաց գործելով՝ 144 000–ից յուրաքանչյուրին այն «վերստին ծնել» է երկնային կյանքի (Ա Պետրոս 1։3—5, 23)։
7 Հիսուսը կատարյալ մարդ Ադամի նման «Աստծո որդի» էր՝ որպես մարդ իր ծնված օրվանից (Ղուկաս 1։35; 3։38)։ Հիսուսի մկրտվելուց հետո, սակայն, Եհովան մեկ կարևոր հայտարարություն արեց. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը» (Մարկոս 1։11)։ Այս հայտարարությունից և դրա հետ մեկտեղ սուրբ հոգին թափելուց պարզ դարձավ, որ Աստված, այդպես վարվելով, ծնեց Հիսուսին որպես իր հոգևոր Որդի։ Փոխաբերական իմաստով Հիսուսն այդ պահին ‘վերստին ծնունդ’ ստացավ՝ երկնքում կրկին Աստծո հոգևոր Որդին լինելու իրավունքով։ Նրա նման ‘վերստին ծնվում’ են նաև նրա 144 000 հոգևոր եղբայրները։ (Յովհաննէս 3։1—8; տե՛ս «Դիտարան» նոյեմբեր 15, 1992, էջ 3–6, ռուս.)։ Հիսուսի նման նրանք նույնպես օծված են Աստծո կողմից և լիազորված՝ բարի լուրը քարոզելու (Եսայիա 61։1, 2; Ղուկաս 4։16—21; Ա Յովհաննէս 2։20)։
Ծնված լինելու ապացույցը
8. Հոգուց ծնված լինելու ի՞նչ ապացույց տրվեց ա) Հիսուսի դեպքում, բ) առաջին աշակերտների։
8 Հիսուսի համար ապացույց ներկայացվեց, որ նա հոգուց է ծնված. Հովհաննես Մկրտիչը տեսավ հոգին Հիսուսի վրա իջնելիս և լսեց Աստծո հայտարարությունը նորընծա Մեսիայի հոգևոր որդի լինելու մասին։ Բայց ինչպե՞ս Հիսուսի աշակերտներն իմանային, թե արդյոք ծնվա՞ծ են իրենք հոգուց։ Իր երկինք համբարձվելու օրը Հիսուսն ասաց. «Յովհաննէսը մկրտեց ջրով, բայց դուք այս օրերից ոչ շատ յետոյ պիտի մկրտուէք Սուրբ Հոգով» (Գործք 1։5)։ Հիսուսի աշակերտները ‘մկրտվեցին սուրբ հոգով’ մ.թ. 33–ի Պենտեկոստեի օրը։ Հոգու թափվելն ուղեկցվեց ‘երկնքից հնչող մի ձայնով՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման’ և «նման բոցեղէն լեզուների, որոնք եւ նստեցին նրանցից իւրաքանչիւրի վրայ»։ Ամենահրաշալի երևույթն այն էր, որ աշակերտները «սկսեցին խօսել ուրիշ լեզուներով, ինչպէս որ Սուրբ Հոգին նրանց խօսել էր տալիս»։ Այսպիսով՝ տեսանելի և լսելի ապացույցներ տրվեցին այն մասին, որ որպես Աստծո որդիներ Քրիստոսի հետևորդների համար բացված էր երկնային փառքի տանող ճանապարհը (Գործք 2։1—4, 14—21; Յովէլ 2։28, 29)։
9. Ինչպիսի՞ ապացույց գոյություն ուներ առաջին դարում, որ սամարացիները, Կոռնելիոսը և ուրիշները ծնված էին հոգուց։
9 Որոշ ժամանակ անց Փիլիպպոս ավետարանիչը սկսեց քարոզել Սամարիայում։ Թեև սամարացիներն ընդունեցին նրա լուրը և մկրտվեցին, նրանց մոտ պակասում էր որպես Աստծո որդիներ ծնված լինելու ապացույցը։ Երբ Պետրոս և Հովհաննես առաքյալներն աղոթեցին և իրենց ձեռքերը դրեցին այդ հավատացյալների վրա, «նրանք Սուրբ Հոգին ստացան» ներկաների համար տեսանելի ինչ–որ կերպով (Գործք 8։4—25)։ Սա ապացույցն էր այն բանի, որ հավատացյալ սամարացիները ծնվեցին որպես Աստծո հոգևոր որդիներ։ Համանման ձևով մ.թ. 36–ին Կոռնելիոսը և այլ հեթանոսներ ընդունեցին Աստծո ճշմարտությունը։ Պետրոսը և նրա հետ եղած հրեա հավատացյալները «զարմացան, որ հեթանոսների վրայ եւս Սուրբ Հոգու շնորհները հոսում են. որովհետեւ լսում էին, որ նրանք լեզուներ էին խօսում եւ փառաբանում Աստծուն» (Գործք 10։44—48)։ Առաջին դարի քրիստոնյաներից շատերը «հոգեւոր շնորհների» տեր դարձան, ինչպես օրինակ՝ լեզուներով խոսելու (Ա Կորնթացիս 14։12, 32)։ Այսպիսով՝ այդ անհատները պարզ ապացույց ունեին, որ ծնված են հոգուց։ Իսկ ինչպե՞ս պետք է հետագա քրիստոնյաներն իմանային՝ ծնվա՞ծ են հոգուց, թե՞ ոչ։
Հոգու վկայությունը
10, 11. Հռովմայեցիս 8։15—17 խոսքերի հիման վրա ինչպե՞ս կմեկնաբանեք, որ հոգին վկայություն է տալիս Հիսուսի ժառանգակիցներին։
10 Բոլոր 144 000 օծյալ քրիստոնյաներն Աստծո հոգին ունենալու բացարձակ ապացույցն ունեն։ Դրա վերաբերյալ Պողոսը գրեց. «Ստացաք որդեգրութեան հոգին, որով աղաղակում ենք՝ Աբբա Հայր։ Նոյն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, թէ Աստծու որդիներ ենք. եւ եթէ որդիներ ենք, ապա եւ՝ ժառանգներ. ժառանգներ Աստծու եւ ժառանգակիցներ Քրիստոսի. եթէ իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու եւ փառքին» (Հռովմայեցիս 8։15—17)։ Օծյալ քրիստոնյաները որդիական զգացում են տածում իրենց երկնային Հոր հանդեպ՝ որդեգրված լինելու խորը զգացում (Գաղատացիս 4։6, 7)։ Նրանք լիովին համոզված են, որ դարձել են Աստծո հոգևոր որդիները՝ Քրիստոսի հետ երկնային Թագավորության ժառանգակիցները։ Տվյալ դեպքում, Եհովայի սուրբ հոգին որոշակի դեր է խաղում։
11 Աստծո սուրբ հոգու ազդեցության տակ օծյալների ոգին կամ գերակշռող զգացումը դրդում է նրանց դրականորեն արձագանքել Աստծո Խոսքում երկնային հույսին վերաբերող տեղեկություններին։ Օրինակ՝ երբ կարդում են Գրությունների այն տեղերը, որտեղ խոսվում է Եհովայի հոգևոր որդիների մասին, այդ խոսքերն ինքնաբերաբար իրենց են վերագրում (Ա Յովհաննէս 3։2)։ Նրանք գիտեն, որ ‘մկրտուել են Յիսուս Քրիստոսով’ և նրա մահով (Հռովմայեցիս 6։3)։ Օծյալները համոզված են այն բանում, որ Աստծո հոգևոր որդիներն են և պետք է մահանան ու Հիսուսի նման հարություն առնեն երկնային փառքի համար։
12. Աստծո սուրբ հոգին ի՞նչ է առաջացրել օծյալ քրիստոնյաների մեջ։
12 Որպես հոգևոր որդիներ ծնված լինելը զարգացրած ցանկության արդյունք չէ։ Հոգով ծնվածների երկինք գնալու ցանկությունը ներկայումս երկրի վրա տիրող դժվարությունների պատճառը չէ։ (Յոբ 14։1)։ Եհովայի սուրբ հոգին է, որն իրապես օծյալների մեջ այնպիսի հույս և ցանկություն է առաջացրել, որոնք ընդհանուր առմամբ մարդկությանը հատուկ չեն։ Այս ծնվածները գիտեն, որ մարդկային կատարելությամբ հավիտենական կյանքը՝ երջանիկ ընտանիքներով և բարեկամների հետ միասին, դրախտ–երկրի վրա հրաշալի կլինի։ Այնուամենայնիվ, այդ կյանքը նրանց սրտի բուն փափագը չէ։ Օծյալները երկնային կյանքի մեծ հույս ունեն, ուստի պատրաստակամորեն զոհում են իրենց երկրային բոլոր հեռանկարներն ու ձգտումները (Բ Պետրոս 1։13, 14)։
13. Բ Կորնթացիս 5։1—5 խոսքերի համաձայն՝ ինչո՞ւմն էր կայանում Պողոսի ‘փափագը’, և հոգուց ծնված անհատների վերաբերյալ ի՞նչ է դա ցույց տալիս։
13 Երկնային կյանքի աստվածատուր հույսն այնքան հզոր է, որ նրանց զգացումը նման է Պողոսի նկարագրածին. «Գիտենք, որ, եթէ մեր այս հողեղէն տունը, որ մեր մարմինն է, աւերուի, Աստծուց շինուած անձեռակերտ յաւիտենական տուն ունենք երկնքում։ Եւ այս մարմնի մէջ հառաչում ենք, որովհետեւ փափագում ենք երկնքի բնակութիւնը հագնել։ Միայն թէ, երբ այն հագնենք, մերկ չլինենք. քանի որ, մինչ այս հողեղէն տան մէջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետեւ չենք ուզում մերկանալ այս մարմնից, այլ՝ երկնայինը հագնել սրա վրայ, որպէսզի, ինչ որ մահկանացու է, կլանուի կեանքից։ Եւ Աստուած է, որ մեզ պատրաստում է այս փոփոխութեանը, նա, որ տուեց մեզ Հոգու առհաւատչեան» (Բ Կորնթացիս 5։1—5)։ Պողոսի ‘փափագն’ էր հարություն առնել երկնքում որպես անմահ հոգեղեն արարած։ Մարդկային մարմնի մասին խոսելով՝ նա օգտագործեց փլուզվող, հողեղեն տուն (վրան, ԱԹ) փոխաբերությունը, որը, շենքի հետ համեմատած, թույլ և ժամանակավոր բնակարան է։ Որպես երկնային ապագա կյանք ստանալու նշան հոգով օժտված լինելով՝ քրիստոնյաները, թեև երկրի վրա ապրում են մահկանացու, ֆիզիկական մարմնով, բայց սպասում են ‘Աստծուց շինուած տանը’՝ անմահ անապական հոգևոր մարմնին (Ա Կորնթացիս 15։50—53)։ Պողոսի նման նրանք էլ կարող են ասել. «Վստահութիւն ունենք ու առաւել եւս հաճելի է մեզ դուրս գալ այս [մարդկային] մարմնից եւ մտնել [երկինք] Աստծու մօտ» (Բ Կորնթացիս 5։8)։
Ընդգրկված են հատուկ ուխտի մեջ
14. Իր մահվան Հիշատակի օրը սահմանելիս Հիսուսն ի՞նչ ուխտի մասին նախ և առաջ հիշատակեց, և հոգևոր իսրայելացիների հետ կապված ի՞նչ դեր է այն խաղում։
14 Հոգուց ծնված քրիստոնյաները վստահ են, որ վերցված են երկու հատուկ ուխտերի մեջ։ Հիսուսը նշեց դրանցից մեկը, երբ, անթթխմոր հաց և գինի գործածելով, սահմանեց վրա հասնող իր մահվան Հիշատակի օրը և գինու բաժակի վերաբերյալ ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է իմ արիւնով՝ ձեզ համար թափուած» (Ղուկաս 22։20; Ա Կորնթացիս 11։25)։ Ովքե՞ր են այդ նոր ուխտի մասնակիցները. Եհովա Աստված, ինչպես նաև հոգևոր Իսրայելի անդամները՝ նրանք, որոնց Եհովան մտադիր է առաջնորդելու երկնային փառքի (Երեմիա 31։31—34; Գաղատացիս 6։15, 16; Եբրայեցիս 12։22—24)։ Հիսուսի թափած արյան շնորհիվ գործի դրված նոր ուխտը Եհովայի անունով մի ժողովուրդ է դուրս բերում ազգերի միջից և հոգուց ծնված այդ քրիստոնյաներին դարձնում Աբրահամի «սերնդի» մի մասը (Գաղատացիս 3։26—29; Գործք 15։14)։ Նոր ուխտը բոլոր հոգևոր իսրայելացիներին երկնային անմահ կյանքի հարություն առնելու միջոցով փառքի առաջնորդվելու հնարավորություն է տալիս։ Քանի որ վերջինս «յաւիտենական ուխտ» է, նրա օգուտներն էլ կլինեն հարատև։ Միայն ապագան ցույց կտա, թե կունենա՞ արդյոք այս ուխտը նաև այլ դերեր Հազարամյակի ընթացքում և դրանից հետո (Եբրայեցիս 13։20)։
15. Համաձայն Ղուկաս 22։28—30 խոսքերի՝ ուրիշ ի՞նչ ուխտի մեջ սկսեցին ընդգրկվել Հիսուսի օծյալ հետևորդները, և ե՞րբ է դա տեղի ունեցել։
15 «Բազում որդիները», որոնց Եհովան մտադրվել է ‘փառքի բերելու’, անհատապես գտնվում են նաև երկնային Թագավորության ուխտի մեջ։ Իր և իր հետքերով ընթացողների միջև կնքված այս ուխտի վերաբերյալ Հիսուսն ասաց. «Դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ։ Եւ ես խոստանում եմ ձեզ, – ինչպէս եւ իմ Հայրը ինձ խոստացաւ տալու արքայութիւնը, – որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերը» (Ղուկաս 22։28—30)։ Թագավորության ուխտը ուժի մեջ մտավ այն ժամանակից ի վեր, երբ Հիսուսի աշակերտները մ.թ. 33–ի Պենտեկոստեի օրը օծվեցին սուրբ հոգով։ Հիսուսի և նրա թագակիցների միջև կնքված այդ ուխտը հավիտենապես ուժի մեջ է մնալու։ (Յայտնութիւն 22։5)։ Այնպես որ հոգուց ծնված քրիստոնյաները վստահ են, որ նոր ուխտի և Թագավորության ուխտի մեջ են մտնում։ Տիրոջ ընթրիքի ժամանակ դեռևս երկրի վրա գտնվող համեմատաբար շատ քիչ անհատներ են օգտվում Հիսուսի մարդկային անմեղ մարմինը ներկայացնող հացից և գինուց, որը խորհրդանշում է իր թափված արյունը և հաստատում նոր ուխտը (Ա Կորնթացիս 11։23—26; տես «Դիտարան» մարտ 1, 1989, 17–20 էջեր)։
Կանչվածներ, ընտրյալներ, հավատարիմներ
16, 17. ա) Ի՞նչ պետք է անեին 144 000–ի բոլոր անդամները փառքի բերվելու համար։ բ) Ովքե՞ր են «տասը թագաւորները», և ինչպե՞ս են նրանք վերաբերվում Քրիստոսի երկրային «եղբայրների» մնացորդին։
16 Հիսուսի զոհաբերական փրկանքի առաջին կիրառումը հնարավորություն է տալիս 144 000–ին կանչվելու երկնային կյանքի և ընտրվելու՝ հոգևոր իմաստով Աստծուց ծնվելու շնորհիվ։ Փառքի բերվելու համար նրանք պետք է ‘առաւե՛լ ջանային, որպէսզի բարի գործերով իրենց կոչումը եւ ընտրութիւնը հաստատ պահեին’, ինչպես նաև պետք է հավատարիմ մնային մինչև մահ (Բ Պետրոս 1։10; Եփեսացիս 1։3—7; Յայտնութիւն 2։10)։ Առայժմ երկրի վրա գտնվող օծյալների փոքր մնացորդը պահում է իր ուղղամտությունը, չնայած այն բանին, որ հակառակություններ է կրում բոլոր քաղաքական ուժերը ներկայացնող «տասը թագաւորների» կողմից։ «Սրանք պատերազմելու են Գառան դէմ,— ասաց մի հրեշտակ,— եւ Գառը նրանց յաղթելու է, քանի որ նա Տէր է տէրերի եւ Թագաւորը՝ թագաւորների. եւ ովքեր նրա հետ են, կանչուածներ են, ընտրեալներ եւ հաւատարիմներ» (Յայտնութիւն 17։12—14)։
17 Մարդկային իշխանները ոչինչ չեն կարող անել Հիսուսի՝ «թագաւորների Թագաւորի» դեմ, քանի որ նա երկնքում է։ Սակայն նրանք թշնամացել են դեռևս երկրի վրա ապրող Հիսուսի «եղբայրներից» մնացյալների հանդեպ (Յայտնութիւն 12։17)։ Այդ թշնամությունը վերջ կգտնի Աստծո Արմագեդոնի պատերազմում, երբ հաղթանակը երաշխավորված կլինի «թագաւորների Թագաւորի» և իր «եղբայրների»՝ «կանչուածների, ընտրեալների եւ հաւատարիմների» համար (Յայտնութիւն 16։14, 16)։ Այսօր հոգուց ծնված այդ քրիստոնյաները խիստ զբաղված են։ Մինչ Եհովայի կողմից փառքի առաջնորդվելը, ինչո՞վ են նրանք զբաղված։
Ո՞րն է քո պատասխանը
◻ Ո՞ւմ է Աստված ‘բերում երկնային փառքի’
◻ Ի՞նչ է նշանակում «Աստծուց ծնված» լինել
◻ Ինչպե՞ս է ‘հոգին վկայություն տալիս’ որոշ քրիստոնյաների
◻ Ո՞ր ուխտերի մեջ են առնվել հոգուց ծնվածները