Պահիր «այն սերը, որը սկզբից ունեիր»
«Ամո՛ւր պահիր այն, ինչ ունես» (ՀԱՅՏՆ. 3։11)։
1, 2. Ի՞նչ զգացիր, երբ համոզվեցիր, որ Եհովայի մասին քո սովորածը ճշմարտություն է։
ՀԻՇՈ՞ՒՄ ես այն ժամանակները, երբ իմացար, թե ինչ չքնաղ ապագա է առաջարկում Եհովան հնազանդ մարդկանց։ Ի՞նչ զգացիր, երբ Աստվածաշնչի հիման վրա քեզ բացատրեցին Աստծու նպատակները, երբ քեզ համար ավելի հստակ դարձան մի ժամանակ դժվարըմբռնելի ուսմունքները։ Հավանաբար, գիտակցեցիր, որ մինչ այդ քո կրոնը քեզ չի սովորեցրել ճշմարտությունը։ Բայց որքա՜ն ուրախ ես այժմ, որ իմացել ես այն։ Հնարավոր է՝ դու մեծացել ես քրիստոնյա ընտանիքում. հիշո՞ւմ ես քո զգացումները, երբ համոզվեցիր, որ Եհովայի մասին քո սովորածը ճշմարտություն է, և երբ որոշեցիր ապրել այդ ճշմարտության համաձայն (Հռոմ. 12։2)։
2 Քո հոգևոր եղբայրներից և քույրերից շատերը կարող են քեզ պատմել, թե ինչ են զգացել, երբ Եհովան իր կողմն է ձգել իրենց։ Նրանց համակել է ուրախությունը։ Այդ եղբայրներն ու քույրերը զգացել են, որ Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ են հաստատել և երախտագիտությամբ են լցվել նրա հանդեպ (Հովհ. 6։44)։ Դա մղել է նրանց մասնակցելու քրիստոնեական գործունեությանը։ Նրանք այնքան ուրախ են եղել, որ ցանկացել են բոլորին պատմել իրենց զգացմունքների մասին։ Քեզ հետ է՞լ է այդպես եղել։
3. Ի՞նչ իրավիճակ էր տիրում Եփեսոսի ժողովում, երբ Հիսուսը դիմեց նրան։
3 Առաջին դարում Հիսուսը Եփեսոսի քրիստոնեական ժողովին դիմելիս նշեց նաև այն սիրո մասին, որ այդ ժողովը ուներ սկզբում։ Եփեսացիները բազմաթիվ դրական հատկություններ ունեին, սակայն այն սերը, որ նրանք մի ժամանակ դրսևորում էին Եհովայի հանդեպ, թուլացել էր։ Ուստի Հիսուսը նրանց ասաց. «Գիտեմ քո գործերը և քո աշխատանքն ու տոկունությունը, և որ տանել չես կարող վատ մարդկանց և որ փորձեցիր նրանց, ովքեր ասում են, թե առաքյալներ են, բայց չեն, ու գտար, որ նրանք ստախոսներ են։ Դու նաև տոկունություն ես ցույց տալիս ու շատ բաների դիմացար իմ անվան համար և ուժասպառ չեղար։ Բայց քո դեմ այս բանն ունեմ, որ թողել ես այն սերը, որը սկզբից ունեիր» (Հայտն. 2։2–4)։
4. Հիսուսի՝ եփեսացիներին ուղղած խոսքերը ինչո՞ւ են այժմեական։
4 Հիսուսի՝ Եփեսոսի և ուրիշ քաղաքների ժողովներին ուղղած խոսքերը, որոնք գրված են «Հայտնություն»–ում, համապատասխանում էին այն իրավիճակին, որ մի որոշ ժամանակ տիրում էր օծյալ քրիստոնյաների շրջանում 1914 թ.–ից հետո (Հայտն. 1։10)։ Սակայն այսօր էլ հնարավոր է, որ քրիստոնյան կորցնի «այն սերը, որը սկզբից ուներ» Եհովայի և քրիստոնեական ճշմարտության հանդեպ։ Ուստի եկեք քննենք, թե անցյալում քեզ հետ պատահած դեպքերը վերհիշելը և դրանց շուրջ խորհրդածելը ինչպես կարող են օգնել քեզ պահպանելու, թարմացնելու և ավելի մեծացնելու այն սերն ու եռանդը, որ սկզբում ունեիր Աստծու և ճշմարտության հանդեպ։
Ի՞նչն է քեզ համոզել, որ իմացածդ ճշմարտություն է
5, 6. ա) Ինչո՞ւմ պետք է հավաստիանա յուրաքանչյուր քրիստոնյա։ բ) Ի՞նչն է քեզ համոզել, որ Եհովայի վկաների սովորեցրած բաները ճշմարտություն են։ գ) Ի՞նչը կարող է օգնել անհատին թարմացնելու իր սկզբնական սերը։
5 Յուրաքանչյուր ոք, ով նվիրվում է Եհովային, նախ պիտի «հավաստիանա, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմ. 12։1, 2)։ Մասամբ՝ դա նշանակում է սովորել Աստվածաշնչի ճշմարտությունները։ Տարբեր մարդիկ գուցե տարբեր կերպերով համոզվեն, որ Եհովայի վկաների սովորեցրած բաները ճշմարտություն են։ Ոմանք հիշում են, որ իրենց համար շրջադարձային եղավ այն պահը, երբ իրենք Աստվածաշնչում տեսան Աստծու անունը կամ երբ հասկացան, թե իրականում ինչ վիճակում են գտնվում մահացածները (Սաղ. 83։18; Ժող. 9։5, 10)։ Մյուսներին տպավորեց Եհովայի ժողովրդի մեջ տիրող սերը (Հովհ. 13։34, 35)։ Ուրիշներն էլ, քննելով, թե ինչ է նշանակում չլինել աշխարհից, եզրակացրին, որ ճշմարիտ քրիստոնյաները չեն կարող մասնակցել քաղաքականությանը և պատերազմների (Ես. 2։4; Հովհ. 6։15; 17։14–16)։
6 Այս և ուրիշ ճշմարտություններ շատերի մեջ սեր են առաջացրել Աստծու հանդեպ։ Ժամանակ տրամադրիր մտածելուն, թե անձամբ քեզ ինչն է համոզել, որ իմացածդ ճշմարտություն է։ Անշուշտ, քո հանգամանքներով և բնավորության գծերով դու տարբերվում ես մյուսներից, ուստի ուրույն պատճառներ ես ունեցել սիրելու Եհովային և հավատալու նրա խոստումներին։ Ամենայն հավանականությամբ, այսօր էլ այդ պատճառները նույնն են։ Ճշմարտությունը չի փոխվել։ Ուստի եթե վերհիշես քո մտքերն ու զգացմունքները, կարող ես նորացնել և թարմացնել սկզբնական սերդ ճշմարտության հանդեպ (կարդա՛ Սաղմոս 119։151, 152; 143։5)։
Բորբոքիր սերդ
7. Ինչո՞ւ պետք է ավելացնենք ճշմարտության հանդեպ ունեցած մեր սկզբնական սերը, և ինչպե՞ս կարող ենք դա անել։
7 Թերևս շատ բան է փոխվել քո կյանքում այն ժամանակից ի վեր, երբ նվիրվեցիր Եհովային։ Ինչ խոսք, ճշմարտության հանդեպ սկզբնական սերդ կարևոր էր, բայց ժամանակի ընթացքում անհրաժեշտ էր ավելի մեծ սեր՝ հավատի նոր փորձությունները դիմագրավելու համար։ Չնայած դժվարություններին՝ Եհովան սատարեց քեզ (1 Կորնթ. 10։13)։ Ուստի տարիների ընթացքում քեզ հետ պատահած դեպքերը ևս թանկ են քեզ համար։ Դրանք օգնել են ավելացնելու սերդ և, ինչպես որ Աստվածաշնչի ճշմարտությունները, օգնում են քեզ հավաստիանալու, թե որն է Աստծու բարի, ընդունելի կամքը (Յեսու 23։14; Սաղ. 34։8)։
8. Ինչպե՞ս Եհովան ներկայացավ Մովսեսին, և ինչպե՞ս իսրայելացիները Եհովային ավելի լավ ճանաչեցին։
8 Օրինակ՝ երբ հին իսրայելացիները ստրուկներ էին Եգիպտոսում, Եհովան հայտնեց իր նպատակը՝ նրանց ազատագրելու մասին։ Աստված իրեն ներկայացրեց Մովսեսին՝ ասելով. «Ես կդառնամ այն, ինչ կկամենամ դառնալ» (Ելից 3։7, 8, 13, 14 ՆԱ)։ Փաստորեն, Եհովան ասում էր, որ ինքը կստանձնի ցանկացած դեր՝ իր ժողովրդին ազատելու համար։ Հաջորդած դեպքերի ժամանակ իսրայելացիները Եհովային տեսան տարբեր դերերում՝ Ամենակարողի, Դատավորի, Առաջնորդի, Ազատարարի, Պատերազմողի և կարիքները Հոգացողի (Ելից 12։12; 13։21; 14։24–31; 16։4; Նէեմ. 9։9–15)։
9, 10. Ինչպիսի՞ իրավիճակներ կարող են լինել, որոնք գուցե օգնեն անհատին ճանաչելու Աստծուն, և ինչո՞ւ է օգտակար հիշել դրանք։
9 Քո իրավիճակը տարբերվում է հին իսրայելացիների իրավիճակից։ Բայցևայնպես, քեզ հետ թերևս պատահել են դեպքեր, որոնք համոզել են քեզ, որ Աստված անձամբ քեզանով հետաքրքրված է, և դա զորացրել է հավատդ։ Հնարավոր է՝ Եհովան ինչ–որ ձևով քեզ համար դարձել է կարիքներդ Հոգացող, Մխիթարիչ կամ Ուսուցիչ (կարդա՛ Ես. 30։20բ, 21)։ Կամ գուցե զգացել ես, որ Աստված հստակ պատասխանել է քո աղոթքին։ Գուցե դժվարության մեջ ես հայտնվել, և հավատակիցդ օգնել է քեզ։ Կամ անձնական ուսումնասիրության ժամանակ հանդիպել ես քո իրավիճակին համապատասխանող սուրբգրային համարների։
10 Եթե պատմեիր քեզ հետ պատահած դեպքերը ուրիշներին, նրանցից ոմանք գուցե առանձնապես չտպավորվեին։ Ի վերջո, դրանք հրաշքներ չեն եղել, բայց քեզ համար մեծ նշանակություն ունեն։ Այո՛, Եհովան այդ բոլոր դեպքերում քեզ համար դարձավ այն, ինչ որ պետք էր։ Հետ նայիր ճշմարտության մեջ անցկացրած քո տարիներին։ Կարո՞ղ ես մտաբերել մեկից ավելի դեպքեր, երբ Եհովան անհատապես հոգացել է քո մասին։ Հիշելով դրանք և հիշելով այն, թե ինչ ես զգացել այդ ժամանակ՝ դու քո սրտում նորից կզգաս այն սերը, որ ունեցել ես Եհովայի հանդեպ անցյալում։ Սրտումդ պահիր այդ դեպքերը։ Խորհրդածիր դրանց շուրջ։ Դրանք ապացույցներ են, որ Եհովան անձամբ քեզանով հետաքրքրված է, և ոչ ոք չի կարող քեզ հակառակը համոզել։
Խորհիր, վերլուծիր, քննիր
11, 12. Ինչի՞ պատճառով գուցե քրիստոնյայի սերը ճշմարտության հանդեպ նվազի, և ի՞նչ խորհուրդ տվեց Հիսուսը։
11 Եթե այժմ չես զգում Աստծու և ճշմարտության հանդեպ այն սերը, որ ունեիր մի ժամանակ, ապա պատճառն այն չէ, որ Աստված փոխվել է։ Եհովան երբեք չի փոխվում (Մաղ. 3։6; Հակ. 1։17)։ Նա քեզնով հետաքրքրված էր այն ժամանակ, և հետաքրքրված է նաև այսօր։ Այդ դեպքում ի՞նչն է փոխվել քո ու Եհովայի փոխհարաբերություններում։ Կարո՞ղ է պատճառը լինել այն, որ խնդիրներդ ու հոգսերդ շատացել են։ Հավանաբար, անցյալում ավելի ջերմեռանդորեն ես աղոթել, ավելի ջանադրաբար ես ուսումնասիրել և հաճախակի խորհրդածել։ Գուցե ծառայել ես ավելի եռանդորեն և կանոնավորաբար ես ժողովի հանդիպումներին հաճախել (2 Կորնթ. 13։5)։
12 Միգուցե քո մեջ այդպիսի փոփոխություններ չես տեսնում։ Բայց եթե զգում ես, որ ինչ–որ բան փոխվել է, ապա խորհիր. ի՞նչը կարող էր լինել պատճառը։ Գուցե որոշ հիմնավոր պատճառներ, օրինակ՝ ընտանիքիդ կարիքները անհրաժեշտ չափով հոգալը, առողջության մասին մտածելը, թուլացրել են քո հրատապության զգացումը, և դու այժմ մտածում ես, թե Եհովայի օրը դեռ մոտ չէ։ Հիսուսը իր առաքյալներին ասաց. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր անձերին, որ ձեր սրտերը երբեք չծանրանան շատակերությամբ ու հարբեցողությամբ և կյանքի հոգսերով, և այդ օրը հանկարծակի հասնի ձեզ վրա, ինչպես ծուղակ։ Որովհետև այն կգա բոլոր նրանց վրա, ովքեր բնակվում են ամբողջ երկրի երեսին։ Ուրեմն արթո՛ւն եղեք՝ ամեն ժամանակ աղաչանքներ անելով, որպեսզի ձեզ հաջողվի փախչել այս բոլոր բաներից, որ պետք է կատարվեն» (Ղուկ. 21։34–36)։
13. Հակոբոսը ինչի՞ նմանեցրեց Աստծու Խոսքը։
13 Աստծու ներշնչանքով՝ Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Հակոբոսը, իր հավատակիցներին հորդորեց անկեղծորեն ինքնաքննություն անել Աստծու Խոսքի լույսի ներքո։ Նա գրեց. «Խոսքը կատարողներ եղեք և ոչ թե միայն լսողներ, որ ինքներդ ձեզ չխաբեք սխալ դատողությամբ։ Քանի որ եթե մեկը խոսքը լսող է և ոչ թե կատարող, նա նման է մի մարդու, որը հայելու մեջ իր բնական դեմքին է նայում։ Որովհետև նա նայում է իրեն ու հեռանում և իսկույն մոռանում է, թե ինչպիսին էր ինքը։ Բայց նա, ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքի մեջ և հարատևում է նրանում, քանի որ մոռացկոտ լսող չեղավ, այլ գործը կատարող, երջանիկ կլինի՝ այն կատարելով» (Հակ. 1։22–25)։
14, 15. ա) Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչը օգնել քեզ, որ բարելավես հոգևոր առողջությունդ։ բ) Ի՞նչ հարցերի շուրջ կարող ես խորհել։
14 Մարդը հայելու միջոցով կարող է հավաստիանալ, թե արդյոք իր տեսքը վայելուչ է։ Օրինակ՝ եթե տղամարդը տեսնում է, որ իր փողկապը ծռվել է, նա կարող է այն ուղղել։ Եթե կինը տեսնում է, որ իր սանրվածքը անհրաժեշտ է կարգի բերել, ապա կարող է դա անել։ Նույն ձևով էլ Աստվածաշունչը օգնում է մեզ քննելու մեր անձը։ Երբ մեզ համեմատում ենք նրանում տրված այն նկարագրության հետ, որին պետք է համապատասխանենք, Աստծու Խոսքը դառնում է «հայելի»։ Բայց ի՞նչ իմաստ կունենա հայելու մեջ նայելը, եթե ոչինչ չենք անում մեր տեսած թերությունը շտկելու համար։ Մենք կլինենք իմաստուն մարդիկ և Աստծու Խոսքը «կատարողներ», եթե գործենք համաձայն այն ամենի, ինչ տեսնում ենք Աստծու «կատարյալ օրենքի» մեջ։ Ուստի, յուրաքանչյուր ոք, ով գիտակցում է, որ Եհովայի ու ճշմարտության հանդեպ իր սկզբնական սերը նվազել է, լավ կանի, եթե խորհրդածի հետևյալ հարցերի շուրջ. «Ի՞նչ ճնշումների եմ ենթարկվում կյանքում և ինչպե՞ս եմ արձագանքում դրանց։ Նախկինում ինչպե՞ս եմ վարվել նման իրավիճակներում. ինչ–որ բան փոխվե՞լ է»։ Եթե նման ինքնաքննությունը որևէ թերություն ի հայտ բերի, մի անտեսիր դա։ Առանց հետաձգելու՝ կատարիր անհրաժեշտ փոփոխությունները (Եբր. 12։12, 13)։
15 Այսպիսի խորհրդածությունը նաև կօգնի հասանելի հոգևոր նպատակներ դնել։ Դրանք կնպաստեն քո հոգևոր աճին։ Պողոս առաքյալը ներշնչյալ խորհուրդ տվեց իր գործընկեր Տիմոթեոսին, որպեսզի վերջինս բարելավի իր ծառայությունը։ Պողոսը իր երիտասարդ ընկերոջը հորդորեց. «Խորհի՛ր այս բաների մասին, կլանվա՛ծ եղիր դրանցով, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին»։ Աստվածաշնչի լույսի ներքո մենք ևս պետք է խորհենք, թե որ հարցերում կարող ենք առաջադիմել (1 Տիմոթ. 4։15)։
16. Ո՞ր վտանգից պետք է զգուշանաս ինքնաքննություն անելիս։
16 Եթե անկեղծ ինքնաքննություն կատարես, ապա, ամենայն հավանականությամբ, որոշ թերություններ կհայտնաբերես։ Դրանց պատճառով գուցե վհատվես, բայց թույլ մի տուր, որ այդպես լինի։ Չէ՞ որ մենք ինքնաքննություն ենք անում, որպեսզի տեսնենք, թե որ հարցերում բարելավումներ մտցնելու կարիք ունենք։ Ինչ խոսք, Սատանան ուզում է, որ քրիստոնյան իրեն անարժեք զգա թերությունների պատճառով։ «Յոբ» գրքում նշվում է մի մարդու մասին, ով նույնիսկ պնդեց, թե Աստված չի գնահատում իր ծառաների՝ իրեն երկրպագելու համար գործադրած ջանքերը (Յոբ 15։15, 16; 22։3)։ Դա սուտ էր, որը Հիսուսը հետագայում վճռականորեն հերքեց։ Աստված յուրաքանչյուրիս թանկ է համարում (կարդա՛ Մատթեոս 10։29–31)։ Հասկանալով, թե ինչ թերություններ ունես՝ դու խոնարհաբար կվճռես Եհովայի օգնությամբ շտկումներ կատարել (2 Կորնթ. 12։7–10)։ Եթե քո հնարավորությունները սահմանափակվում են տկարության կամ տարիքի պատճառով, մի վհատվիր և թույլ մի տուր, որ սերդ նվազի, այլ իրական նպատակներ դիր քո առաջ։
Երախտագետ լինելու շատ պատճառներ կան
17, 18. Ի՞նչ օգուտներ կստանաս, եթե շարունակես բորբոքել քո սկզբնական սերը։
17 Եթե շարունակես բորբոքել քո սկզբնական սերը, ապա մեծ օգուտներ կստանաս։ Դու ավելի շատ գիտելիքներ կունենաս Աստծու մասին, ինչպես նաև կավելացնես երախտագիտությունդ նրա հոգատար առաջնորդության համար (կարդա՛ Առակաց 2։1–9; 3։5, 6)։ «[Եհովայի դատաստանների] պահպանութիւնումը շատ հատուցում կայ»,— ասաց սաղմոսերգուն։ «Տիրոջ վկայութիւնը [«հիշեցումը», ՆԱ] ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին»։ Ավելին, «երանելի են ճանապարհով անմեղները, որ գնում են Տիրոջ օրէնքումը» (Սաղ. 19։7, 11; 119։1)։
18 Անշուշտ, համաձայն կլինես, որ Եհովային երախտագետ լինելու շատ պատճառներ ունես։ Օրինակ՝ դու գիտես աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների պատճառները, օգուտներ ես ստանում այն հոգևոր բարիքներից, որ Աստված տալիս է իր ժողովրդին այսօր։ Անշուշտ, երախտապարտ ես նաև այն բանի համար, որ Եհովան քեզ բերել է իր կազմակերպություն և տվել է իր Վկաներից մեկը լինելու պատիվը։ Հաշվիր օրհնություններդ։ Եթե դրանք գրես թղթի վրա, հավանաբար մի երկար ցուցակ կստացվի։ Ժամանակ առ ժամանակ այդպես անելը, անկասկած, կօգնի քեզ, որ «ամուր պահես այն, ինչ ունես» (Հայտն. 3։11)։
19. Բացի Աստծու և քո փոխհարաբերությունների մասին խորհելուց, ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ հոգևորապես առողջ մնալու համար։
19 Խորհրդածությունը այն բանի շուրջ, թե ինչպես է ժամանակի ընթացքում աճել քո հավատը, ընդամենը մեկն է այն միջոցներից, որոնք կարող են օգնել քեզ ամուր պահելու այն, ինչ ունես։ Կան նաև այլ բաներ, որոնք խիստ անհրաժեշտ են հոգևորապես առողջ մնալու համար, և «Դիտարան» պարբերագիրը բազմիցս խոսել է դրանց մասին, օրինակ՝ աղոթքի, քրիստոնեական հանդիպումներին հաճախելու և մասնակցելու, ինչպես նաև եռանդորեն քարոզելու մասին։ Այս ամենը կարող է օգնել քեզ, որ շարունակես նորացնել, թարմացնել և բորբոքել սկզբում ունեցած սերդ (Եփես. 5։10; 1 Պետ. 3։15; Հուդա 20, 21)։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչպե՞ս կարող ես քաջալերվել՝ հիշելով, թե ինչ պատճառներով ես սիրել Եհովային։
• Ի՞նչ համոզման կարող ես գալ՝ խորհրդածելով տարիների ընթացքում քեզ հետ տեղի ունեցած դեպքերի շուրջ։
• Ինչո՞ւ պետք է քննես, թե ինչու ես սիրում Աստծուն։
[նկար 23–րդ էջի վրա]
Հիշո՞ւմ ես, թե ինչպես համոզվեցիր, որ իմացածդ ճշմարտություն է, և թե ինչու սիրեցիր այն
[նկար 25–րդ էջի վրա]
Նկատո՞ւմ ես, թե ինչն է հարկավոր ուղղել