Ի՞նչ սովորեցրեց Հիսուսը դժոխքի մասին
Հիսուսն ասաց. «Եթէ քո աչքը քեզ գայթակղեցնէ, դուրս հանիր նորան. լաւ է քեզ՝ որ մէկ աչքով Աստուծոյ արքայութիւնը մտնես, քան թէ երկու աչք ունենաս՝ եւ կրակի գեհենն ընկնիս։ Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում» (ՄԱՐԿՈՍ 9։46, 47)։
Մեկ ուրիշ անգամ Հիսուսը դատաստանի ժամանակահատվածի մասին խոսելիս չար մարդկանց վերաբերյալ հետևյալն ասաց. «Ինձանից դէն գնացէք, ով անիծեալներ, յաւիտենական կրակի մէջ, որ պատրաստուած է սատանայի եւ նորա հրեշտակների համար»։ Հիսուսը նաև ասաց, որ այդպիսի մարդիկ «կ’գնան յաւիտենական տանջանքը» (ՄԱՏԹԷՈՍ 25։41, 46)։
ԱՌԱՋԻՆ հայացքից միգուցե թվա, թե Հիսուսը սովորեցնում է կրակե դժոխքի մասին։ Սակայն Հիսուսը Աստծու Խոսքին հակասող ոչինչ չէր կարող ասել, որովհետև այնտեղ հստակ գրված է. «Մեռելները մի բան չ’գիտեն» (Ժողովող 9։5)։
Այդ դեպքում ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց, որ անհատը կարող է «գեհենն» ընկնել։ Արդյոք «յաւիտենական կրակ» արտահայտությունը պետք է բառացի՞ հասկանալ, թե՞ այն խորհրդանշական իմաստ ունի։ Ի՞նչ իմաստով չարերը «կ’գնան յաւիտենական տանջանքը»։ Մեկ առ մեկ քննենք այս հարցերից յուրաքանչյուրը։
Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց, որ անհատը կարող է «գեհենն» ընկնել։ Մարկոս 9։47–ում օգտագործված հունարեն «գեհեն» բառը ծագում է եբրայերեն գեհ հիննո՛մ արտահայտությունից, որը նշանակում է «Հիննոմի ձոր»։ Հիննոմի ձորը գտնվում էր հին Երուսաղեմից դուրս։ Իսրայելի թագավորների օրերում այնտեղ երեխաներ էին զոհաբերում. դա մի գարշելի սովորություն էր, որն Աստված դատապարտում էր։ Եհովան ասել էր, որ նրանք, ովքեր մասնակցում էին կեղծ երկրպագության այս ձևին, մահվան են արժանանալու։ Հիննոմի ձորը կոչվեց «սպանության ձոր»։ Այդտեղ «ժողովրդի դիերը» չէին թաղվում (Երեմիա 7։30–34)։ Հետաքրքիր է՝ Եհովան կանխագուշակել էր, որ Հիննոմի ձորը դառնալու է մի վայր, որտեղ ոչ թե տանջվելու են կենդանի մարդիկ, այլ մի վայր, որտեղ մահացած մարդկանց դիակներ են նետվելու։
Հիսուսի օրերում Հիննոմի ձորը դարձել էր աղբանոց։ Երուսաղեմի բնակիչները այնտեղ նետում էին հանցագործների դիակները։ Ձորում միշտ կրակ էր վառվում, որպեսզի ոչնչացվեր աղբը, և այրվեին դիակները։
Երբ Հիսուսն ասաց, որ «նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում», նա, ակներևաբար, մեջբերեց Եսայիա 66։24–ը։ «[Աստծու] դեմ ապստամբող մարդկանց դիերի» մասին Եսայիան ասել էր, որ «նորանց որդը չի մեռնիլ, եւ նորանց կրակը չի հանգչիլ»։ Հիսուսը և իր ունկնդիրները գիտեին, որ այս խոսքերը վերաբերում են այն մարդկանց, ովքեր արժանի չեն, որ իրենց դիակները թաղվեն։
Հիսուսը խոսեց Հիննոմի ձորի՝գեհենի մասին, որի այլաբանական նշանակությունը պարզ էր իր ունկնդիրներին. այն մահվան խորհրդանիշ է։ Գեհենում լինողները հարության հույս չունեն։ Քրիստոսը նաև օգտագործեց «գեհեն» բառը՝ ընդգծելու համար, որ Աստված «կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մէջ» (Մատթէոս 10։28)։ Ուստի գեհենը հավիտենական մահվան խորհրդանիշ է, ոչ թե հավիտենական տանջանքի։
Արդյոք «յաւիտենական կրակ» արտահայտությունը պետք է բառացի՞ հասկանալ, թե՞ այն խորհրդանշական իմաստ ունի։ Նկատեք, որ Մատթէոս 25։41–ում նշված «յաւիտենական կրակը» «պատրաստուած է սատանայի եւ նորա հրեշտակների համար»։ Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է արդյոք կրակը այրել ոգեղեն արարածներին, թե՞ Հիսուսը «կրակ» բառը խորհրդանշական իմաստով օգտագործեց։ Ուշադրություն դարձնենք, որ նույն գլխում խոսվում է «ոչխարների» և «այծերի» մասին, սակայն դրանք բառացի չենք հասկանում, քանի որ խորհրդանշում են մարդկանց երկու խումբ (Մատթէոս 25։32, 33)։ Հետևաբար, հավիտենական կրակը փոխաբերական իմաստով է լիովին ոչնչացնում չար մարդկանց։
Ի՞նչ իմաստով չարերը «կ’գնան յաւիտենական տանջանքը»։ Թեև շատ թարգմանությունների մեջ Մատթէոս 25։46–ում գրված է «տանջանք» բառը, սակայն հունարեն «քո՛լասին» բառի հիմնական իմաստը «ծառերի աճը ստուգելն» է, կամ՝ անպիտան ճյուղերը էտելը։ Ուստի կարող ենք ասել, որ գառնանման մարդիկ հավիտենական կյանքի են արժանանալու, մինչդեռ չզղջացող այծանման մարդիկ կրելու են «յաւիտենական տանջանք», այսինքն՝ հավիտյան զրկվելու են կյանքից։
Ի՞նչ եզրահանգման եք գալիս
Հիսուսը երբեք չի սովորեցրել, որ մարդիկ անմահ հոգի ունեն։ Ընդհակառակը՝ նա սովորեցնում էր, որ մահացածները հարության հույս ունեն (Ղուկաս 14։13, 14; Յովհաննէս 5։25–29; 11։25)։ Ինչո՞ւ նա ասաց, որ մահացածները հարություն կառնեն, եթե հավատում էր, որ նրանց հոգիները շարունակում են ապրել։
Հիսուսը չսովորեցրեց, որ Աստված չար մարդկանց հավիտյան դաժանորեն տանջում է։ Հակառակը՝ նա ասաց. «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Յովհաննէս 3։16)։ Ինչո՞ւ Հիսուսը նշեց, որ իրեն չհավատացող մարդիկ կմահանան։ Եթե նա իրականում ուզենար ասել, որ մարդիկ ապրելու են հավիտյան՝ տառապելով կրակե դժոխքում, ապա հենց այդպես էլ կասեր։
Կրակե դժոխքի մասին ուսմունքը հիմնված չէ Աստվածաշնչի վրա։ Այն հեթանոսական կեղծ հավատալիք է, որը ներկայացվում է որպես «քրիստոնեական ուսմունք» (տե՛ս «Դժոխքի պատմությունից» շրջանակը, էջ 6)։ Այսպիսով՝ Աստված մարդկանց հավիտյան չի տանջում դժոխքում։ Իսկ ինչպե՞ս կարող է դժոխքի մասին ճշմարտությունն անդրադառնալ ձեզ վրա։
[շրջանակ 6–րդ էջի վրա]
ԴԺՈԽՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ։ Հին եգիպտացիները հավատացել են դժոխքի գաղափարին։ Մի գրքում, որը թվագրվում է մ.թ.ա. 1 375–ով, խոսվում է նրանց մասին, ովքեր «գլխիվայր նետվելու են կրակե փոսերի մեջ.... որտեղից անհնար է փախչել.... հնարավոր չէ կրակից խույս տալ» («Amuat»)։ Հույն փիլիսոփա Պլուտարքոսը (մոտ 46–120 թթ.) գրել է հետևյալը. «[Նրանք] ողբաձայն լաց էին լինում, որովհետև ենթարկվում էին սարսափելի տանջանքների և նվաստացուցիչ ու խայտառակ պատիժներ էին կրում»։
ԴԺՈԽՔԻ ԳԱՂԱՓԱՐԸ ՀՈՒԴԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ։ Պատմաբան Հովսեպոսը (37 թ.–մոտ 100 թ.) տեղեկացնում է, որ եսեններ կոչվող հրեական աղանդի անդամները հավատում էին, թե «հոգիները անմահ են և հավիտյան գոյություն ունեն»։ Նա նաև ավելացնում է. «Այս տեսակետը նման էր հույների տեսակետին.... նրանք կարծում էին, որ չար հոգիները բանտարկվում են խավարի և սարսափի մի վայրում, որտեղ անվերջ տանջվում են»։
«ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ» ՈՐԴԵԳՐՈՒՄ Է ԿԵՂԾ ՈՒՍՄՈՒՆՔԸ։ «Պետրոսի ապոկալիպսիսը» ոչ կանոնական գրքում (2–րդ դար) չարերի մասին հետևյալն է նշվում. «Նրանց անշեջ կրակ է սպասում»։ Այնտեղ նաև գրված է. «Էզրիլը՝ ցասման հրեշտակը, կիսով չափ այրված կանանց ու տղամարդկանց բերում է մի մութ տեղ՝ մարդկանց դժոխք, և մեկ ուրիշ ցասման ոգի պատժում է նրանց»։ Գրող Թեոփիլեսը, որն ապրել է այդ նույն ժամանակահատվածում, մեջբերում է հույն մարգարեուհի Սիբիլայի խոսքերը, որը կանխագուշակել էր չարերի պատիժը։ Նա գրում է. «Ձեզ վրա վառվող կրակ կգա, և դուք ամեն օր կայրվեք բոցերի մեջ»։ Նա գրում է նաև, որ Սիբիլայի ասածները, այդ թվում վերոհիշյալ խոսքերը «ճշմարիտ են, արդար և բոլոր մարդկանց համար օգտակար են»։
ՄԻՋԻՆ ԴԱՐԵՐՈՒՄ ԴԺՈԽՔԻ ԳԱՂԱՓԱՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ։ Անգլիայի թագուհի Մարիա I (Մարի Թյուդոր), որը հայտնի է նաև «Մարիա Արյունարբու» մականունով, ցցի վրա մոտ 300 բողոքականների այրելուց հետո ասել է. «Եթե Աստված դժոխքում կրակով հավիտյան այրում է հերետիկոսների հոգիները, ապա տեղին է, որ ես էլ պատժեմ նրանց և այրեմ երկրի վրա»։
ՄԵՐՕՐՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ։ Վերջին տարիներին որոշ կրոնական կազմակերպություններ վերանայել են դժոխքի մասին իրենց ուսմունքը։ Օրինակ՝ Անգլիական եկեղեցու՝ ուսմունքների հարցերով զբաղվող հանձնաժողովը 1995 թ.–ին ասաց հետևյալը. «Դժոխքը հավիտենական տանջանքի վայր չէ, այլ Աստծուն բացարձակապես հակառակվելու ուղին բռնելու վերջնական և անփոփոխ ընտրության հետևանքով այլևս գոյություն չունենալու դատապարտություն»։
[շրջանակ/նկար 7–րդ էջի վրա]
Ի՞ՆՉ Է «ԿՐԱԿԻ ԼԻՃԸ»
Հայտնություն 20։10–ում ասվում է, որ Բանսարկուն կգցվի «կրակի լիճը» և «կ’չարչարուի գիշեր եւ ցերեկ յաւիտեանս յաւիտենից»։ Եթե Աստված նպատակ ունենար Բանսարկուին հավիտյան չարչարելու, ապա պետք է նրան կենդանի թողներ, սակայն Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը «կխափանէ սատանային» (Եբրայեցիս 2։14)։ Խորհրդանշական կրակի լիճը ներկայացնում է «երկրորդ մահը» (Յայտնութիւն 21։8)։ Սա այն մահը չէ, որը ժառանգել ենք ադամական մեղքի պատճառով, մահ՝ հարության հույսով (Ա Կորնթացիս 15։21, 22)։ Աստվածաշունչը չի ասում, որ «կրակի լիճը» կազատի իր մեջ եղողներին, ուստի «երկրորդ մահը» վերջնական կործանումն է։
Իսկ ի՞նչ իմաստով են հավիտյան չարչարվում նրանք, ովքեր «կրակի լճի» մեջ են։ «Չարչարվել» բառը կարող է երբեմն ունենալ որևէ մեկին «բանտարկելու» իմաստ։ Մի անգամ, երբ Հիսուսը սաստեց դևերին, նրանք աղաղակեցին. «Եկել ես այստեղ ժամանակից առաջ մեզ տանջելո՞ւ [անդունդում բանտարկելո՞ւ]» (Մատթեոս 8։29, Ղուկաս 8։30, 31)։ Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր «կրակի լճի» մեջ են, «տանջվելու» են, այսինքն՝ հավիտյան բանտարկվելու են կամ մահանալու են «երկրորդ մահով»։