ԴԱՍ 26
Ինչո՞ւ է աշխարհը լի չարությամբ ու տառապանքով
Ինչո՞ւ։ Այս հարցը հաճախ է հնչում, երբ ողբերգական դեպք է պատահում։ Շատ մխիթարական է, որ Աստվածաշունչը սպառիչ կերպով պատասխանում է այդ հարցին։
1. Սատանան ինչպե՞ս աշխարհը չարությամբ լցրեց
Բանսարկու Սատանան ապստամբեց Աստծու դեմ։ Նա ցանկանում էր իշխել ուրիշների վրա, ուստի առաջին մարդկանց՝ Ադամին ու Եվային, դրդեց միանալ իր ապստամբությանը։ Սատանան դա արեց, երբ խաբեց Եվային (Ծննդոց 3։1–5)։ Նա Եվային դրդեց մտածելու, որ Եհովան զրկում է իրենց ինչ-որ լավ բանից։ Նա ակնարկեց, որ մարդիկ ավելի երջանիկ կլինեն, եթե չհնազանդվեն Աստծուն։ Նաև ասաց, որ Եվան չի մահանա. դա երբևէ ասված առաջին սուտն էր։ Այդ իսկ պատճառով Աստվածաշնչում ասվում է, որ Սատանան «ստախոս է և ստության հայրը» (Հովհաննես 8։44)։
2. Ադամն ու Եվան ի՞նչ ընտրություն կատարեցին
Եհովան մեծ առատաձեռնություն էր դրսևորել Ադամի ու Եվայի հանդեպ։ Նա ասել էր, որ նրանք կարող են ուտել պարտեզի ցանկացած ծառից՝ բացի մեկից (Ծննդոց 2։15–17)։ Այնուամենայնիվ, նրանք որոշեցին ուտել այդ ծառի պտուղը։ Եվան «վերցրեց նրա պտղից և սկսեց ուտել», իսկ հետո Ադամը «կերավ» (Ծննդոց 3։6)։ Նրանք երկուսն էլ չհնազանդվեցին Աստծուն։ Քանի որ Ադամն ու Եվան կատարյալ էին, նրանք սխալ անելու հակում չունեին։ Սակայն գիտակցաբար ըմբոստանալով Աստծու դեմ՝ նրանք մեղք գործեցին և մերժեցին նրա իշխանությունը։ Այդ որոշումը ցավալի հետևանքներ ունեցավ նրանց համար (Ծննդոց 3։16–19)։
3. Ադամի ու Եվայի որոշումն ի՞նչ ազդեցություն ունեցավ մեզ վրա
Երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին, նրանք անկատար դարձան և անկատարությունը փոխանցեցին իրենց բոլոր ժառանգներին։ Ադամի վերաբերյալ Աստվածաշունչն ասում է. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա» (Հռոմեացիներ 5։12)։
Մենք տառապում ենք տարբեր պատճառներով. երբեմն՝ մեր կայացրած սխալ որոշումների հետևանքով, իսկ երբեմն էլ՝ ուրիշների։ Որոշ դեպքերում էլ տառապում ենք, քանի որ սխալ ժամին գտնվում ենք սխալ վայրում (կարդա Ժողովող 9։11)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչու Աստված չէ չարության ու տառապանքի պատճառը, և թե նա ինչ է զգում, երբ մենք տառապում ենք։
4. Ո՞ւմ պատճառով ենք տառապում
Շատ մարդիկ կարծում են, որ Աստված է ղեկավարում աշխարհը։ Արդյո՞ք դա ճիշտ է։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Կարդացեք Հակոբոս 1։13 և 1 Հովհաննես 5։19 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Աստվա՞ծ է պատասխանատու տառապանքի ու չարության համար։
5. Սատանայի իշխանության հետևանքները
Կարդացեք Ծննդոց 3։1–6 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Ի՞նչ սուտ ասաց Սատանան (տես 4–5-րդ համարները)։
Սատանան ինչպե՞ս ակնարկեց, որ Եհովան մարդկանց զրկում է ինչ-որ լավ բանից։
Ըստ Սատանայի՝ մարդիկ երջանիկ լինելու համար Եհովայի ղեկավարման կարիքն ունե՞ն։
Կարդացեք Ժողովող 8։9, որից հետո քննարկեք հետևյալ հարցը։
Առանց Եհովայի ղեկավարման ինչպիսի՞ն է դարձել աշխարհը։
Ա) Ադամն ու Եվան կատարյալ էին և ապրում էին դրախտում, սակայն նրանք լսեցին Սատանային և ըմբոստացան Եհովայի դեմ
Բ) Այդ ըմբոստությունից հետո աշխարհը լցվեց մեղքով, տառապանքով ու մահով
Գ) Եհովան վերջ կդնի մեղքին, տառապանքին և մահվանը։ Մարդիկ նորից կատարյալ կլինեն և կապրեն դրախտում
6. Եհովան անտարբեր չէ մեր կրած տառապանքի նկատմամբ
Եհովայի համար միևնո՞ւյն է, որ տառապում ենք։ Տես, թե Դավիթ թագավորն ու Պետրոս առաքյալը ինչ են գրել այս առնչությամբ։ Կարդացեք Սաղմոս 31։7 և 1 Պետրոս 5։7 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Ի՞նչ ես զգում՝ իմանալով, որ Եհովան տեսնում է քո տառապանքը և անտարբեր չէ քո հանդեպ։
7. Աստված վերջ կդնի տառապանքին
Կարդացեք Եսայիա 65։17 և Հայտնություն 21։3, 4 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Ինչո՞վ է մխիթարական այն, որ Եհովան վերացնելու է մարդկանց կրած տառապանքների հետևանքները։
Գիտեի՞ր
Երբ Սատանան ասաց առաջին սուտը, նա զրպարտեց Եհովային և դրանով արատավորեց նրա համբավը՝ որպես արդար ու հոգատար Ղեկավարի։ Երբ մոտ ապագայում Եհովան վերացնի տառապանքը, նա կարդարացնի իր անունը, այլ կերպ ասած՝ կփաստի, որ իր իշխանությունն իսկապես լավագույնն է։ Եհովայի անվան արդարացումը ամենակարևոր հարցն է տիեզերքում (Մատթեոս 6։9, 10)։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Տառապանքներն էլ են Աստծուց»։
Իսկ դու ի՞նչ կասեիր։
ԱՄՓՈՓՈՒՄ
Աշխարհում տիրող չարության գլխավոր պատճառը Սատանան և առաջին մարդկային զույգն են։ Եհովան խորապես մտահոգված է մեզնով և շուտով վերջ է դնելու տառապանքին։
Վերհիշենք
Բանսարկու Սատանան ի՞նչ սուտ ասաց Եվային։
Ադամի և Եվայի ըմբոստությունը ի՞նչ ազդեցություն է ունեցել մեզ վրա։
Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան անտարբեր չէ մեր տառապանքի նկատմամբ։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչ է մեղքը՝ ըստ Աստվածաշնչի։
Իմացիր ավելին Եդեմի պարտեզում Սատանայի բարձրացրած հարցի մասին։
«Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը» («Դիտարան», 2014 թ. հունվարի 1)
Տես, թե որոնք են այս հարցերի պատասխանները։
«Ինչո՞ւ Հոլոքոստ եղավ։ Ինչո՞ւ Աստված չմիջամտեց» (վեբ հոդված)
Տես՝ ինչն օգնեց մի մարդու հասկանալ, թե ինչու է տառապանքն այսքան շատ։