ԳԼՈՒԽ 10
Ծառայությունն ընդլայնելու կերպեր
ԵՐԲ եկավ ժամանակը, որ Հիսուսն ուղարկեր իր աշակերտներին Թագավորության բարի լուրը քարոզելու, նա ասաց. «Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ»։ Իրականում շատ գործ կար անելու, ուստի նա ասաց. «Աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի իր հնձի համար» (Մատթ. 9։37, 38)։ Հիսուսը սովորեցրեց նրանց, թե ինչպես պետք է կատարեին իրենց ծառայությունը։ Նրա խոսքերում հրատապություն կար. «Չեք հասցնի անցնել Իսրայելի բոլոր քաղաքներով, և մարդու Որդին կգա» (Մատթ. 10։23)։
2 Այսօր նույնպես քարոզելու մեծ անհրաժեշտություն կա։ Ժամանակն անցնում է, ուստի Թագավորության բարի լուրը պետք է քարոզվի, նախքան այս աշխարհի վերջը կգա (Մարկ. 13։10)։ Քանի որ մեր քարոզչական դաշտը աշխարհն է, մենք պետք է կատարենք այն նույն առաջադրանքը, ինչ որ Հիսուսն ու նրա աշակերտները արեցին, միայն թե ավելի մեծ մասշտաբով։ Համեմատած աշխարհի միլիարդավոր մարդկանց հետ՝ մենք թվով քիչ ենք, սակայն կարող ենք համոզված լինել, որ Եհովան կօգնի մեզ։ Թագավորության բարի լուրը կքարոզվի, և վերջը կգա Եհովայի սահմանած ժամանակին։ Կդնե՞նք Աստծու Թագավորությունը առաջին տեղում, որպեսզի լիարժեքորեն կատարենք մեր ծառայությունը։ Ի՞նչ հոգևոր նպատակներ կարող ենք ունենալ։
3 Նշելով, թե Եհովան ինչ է պահանջում իրեն նվիրված յուրաքանչյուր ծառայից՝ Հիսուսն ասաց. «Սիրիր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով» (Մարկ. 12։30)։ Մեզանից պահանջվում է ամբողջ հոգով ծառայել Աստծուն։ Ծառայության մեջ անելով մեր ձեռքից եկած ամեն բան՝ կարող ենք ցույց տալ, թե որքան խորն է մեր նվիրվածությունը, և որքան անկեղծ է մեր նվիրումը (2 Տիմոթ. 2։15)։ Կախված մեր հանգամանքներից և կարողություններից՝ բոլորս էլ ծառայության մեջ մեծ հնարավորություններ ունենք։ Ուշադրություն դարձրու դրանցից մի քանիսին և մտածիր, թե ինչ նպատակներ կարող ես դնել։
ԾԱՌԱՅԵԼ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎԻ ՔԱՐՈԶԻՉ
4 Բոլոր նրանք, ովքեր ընդունում են ճշմարտությունը, բարի լուրը քարոզելու առանձնաշնորհում ունեն։ Սա այն հիմնական գործն է, որ Հիսուսը հանձնարարեց իր աշակերտներին (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Սովորաբար անհատը սկսում է քարոզել բարի լուրը այն պահից, երբ լսում է դրա մասին։ Այս նույն գործն են կատարել Անդրեասը, Փիլիպոսը, Կոռնելիոսը և ուրիշ աշակերտներ (Հովհ. 1։40, 41, 43–45; Գործ. 10։1, 2, 24; 16։14, 15, 25–34)։ Արդյո՞ք սա նշանակում է, որ անհատը կարող է մասնակցել բարի լուրի քարոզչությանը նախքան մկրտվելը։ Այո՛։ Երբ անհատը համապատասխանում է ժողովում չմկրտված քարոզիչ լինելու պահանջներին, նա կարող է մասնակցել տնետուն ծառայությանը։ Բացի այդ, իր հնարավորությունների և հանգամանքների սահմաններում նա կարող է մասնակցել նաև ծառայության այլ ձևերի։
5 Մկրտվելուց հետո նա, անկասկած, կցանկանա անել հնարավոր ամեն բան, որպեսզի օգնի մարդկանց լսելու բարի լուրը։ Թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք առանձնաշնորհում ունեն մասնակցելու քարոզչական գործին։ Անշուշտ, մեծ առանձնաշնորհում և օրհնություն է նույնիսկ փոքր չափով մասնակցություն ունենալ Աստծու Թագավորության շահերն առաջ տանելու գործում։ Նա, ով կարող է ընդլայնել իր ծառայությունը, իսկապես երջանիկ կլինի։
ԾԱՌԱՅԵԼ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՄԵԾ ԿԱՐԻՔ ԿԱ
6 Հնարավոր է՝ ծառայում ես մի ժողովում, որի տարածքը հաճախ է քարոզվում, և լավ վկայություն է տրվում։ Ուստի գուցե մտածում ես, որ ծառայությունդ կարող ես ընդլայնել՝ տեղափոխվելով մեկ ուրիշ վայր, որտեղ քարոզիչների կարիքը մեծ է (Գործ. 16։9)։ Իսկ եթե ծառայում ես որպես երեց կամ ծառայող օգնական, գուցե լինի մեկ ուրիշ ժողով, որը քո օգնության կարիքն ունենա։ Շրջանային վերակացուն կարող է խորհուրդներ տալ, թե ինչպես աջակցես շրջանի որևէ այլ ժողովի։ Եթե ցանկանում ես ծառայել քո երկրի մեկ ուրիշ տեղանքում, տեղեկություններ ստանալու համար կարող ես դիմել մասնաճյուղ։
7 Ցանկանո՞ւմ ես Թագավորության շահերն առաջ տանել օտար երկրում։ Եթե այո, ապա պետք է հանգամանորեն խորհրդածես այդ մասին։ Կարող ես խոսել քո ժողովի երեցներից մեկի հետ։ Ինչ խոսք, տեղափոխությունը մեծապես կանդրադառնա թե՛ քեզ և թե՛ քեզ ուղեկցող անհատների վրա (Ղուկ. 14։28)։ Սակայն եթե չես ծրագրում երկար ժամանակ մնալ այնտեղ, ուրեմն գուցե ավելի լավ կլինի՝ ծառայես քո երկրի մեկ այլ վայրում։
8 Որոշ երկրներում եղբայրները, ովքեր վերակացություն են անում, համեմատաբար նոր են ճշմարտության մեջ։ Այդ խոնարհ եղբայրները պատրաստ են համագործակցելու ավելի փորձառու եղբայրների հետ, ովքեր ուրիշ երկրներից տեղափոխվել են իրենց ժողով և առաջնորդություն են վերցնում։ Սակայն եթե երեց ես և մտածում ես տեղափոխվել այդպիսի երկիր, հիշիր, որ քո նպատակն է ոչ թե ծառայել տեղի եղբայրների փոխարեն, այլ նրանց հետ։ Հորդորիր նրանց ձգտել առանձնաշնորհումների և տարբեր հանձնարարություններ կատարել ժողովում (1 Տիմոթ. 3։1)։ Եղիր համբերատար, երբ ինչ-որ բան չի արվում այնպես, ինչպես արվում էր քո երկրում։ Լինելով երեց՝ քո փորձը օգտագործիր նրանց օգնելու համար։ Եվ եթե մի օր հարկ լինի վերադառնալ հայրենի երկիր, տեղի եղբայրները կկարողանան ավելի լավ հոգ տանել ժողովի մասին։
9 Նախքան մասնաճյուղը կհայտնի այն ժողովների անունները, որոնց դու կարող ես օգնել, ժողովի ծառայողական կոմիտեն պետք է երաշխավորության նամակ ուղարկի քո մասին։ Այդ նամակն անհրաժեշտ է, անկախ այն բանից, դու երեց ես, ծառայող օգնական, ռահվիրա թե քարոզիչ։ Ծառայողական կոմիտեն երաշխավորության նամակը քո հարցման հետ կուղարկի անմիջապես այն երկրի մասնաճյուղ, որտեղ ցանկանում ես ծառայել։
ԾԱՌԱՅԵԼ ԱՅԼԱԼԵԶՈՒ ԺՈՂՈՎՈՒՄ
10 Ծառայությունդ ընդլայնելու համար թերևս ցանկանաս ուրիշ լեզու կամ ժեստերի լեզու սովորել։ Եթե քարոզելու նպատակով ցանկանում ես այլ լեզու սովորել, կարող ես այդ մասին տեղեկացնել երեցներին և շրջանային վերակացուին։ Նրանք կարող են խորհուրդներ տալ և քաջալերել քեզ։ Որոշ դեպքերում մասնաճյուղի առաջնորդությամբ կազմակերպվում են լեզվի դասընթացներ, որպեսզի հմուտ քարոզիչները և ռահվիրաները բարի լուրը քարոզեն այլ լեզվով խոսող մարդկանց։
ՌԱՀՎԻՐԱՅԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
11 Բոլոր քարոզիչները պետք է տեղյակ լինեն ենթառահվիրա, ռահվիրա և հատուկ ռահվիրա ծառայելու պահանջներին, ինչպես նաև իմանան, թե լիաժամ ծառայության ուրիշ ինչ ձևեր կան։ Ռահվիրան պետք է լինի օրինակելի մկրտված քրիստոնյա, որը կարող է հատուկ ժամաքանակ հատկացնել բարի լուրը հռչակելուն։ Ենթառահվիրայական և ռահվիրայական ծառայության դիմումները հաստատվում են ժողովի ծառայողական կոմիտեի կողմից, մինչդեռ հատուկ ռահվիրաները իրենց նշանակումը ստանում են մասնաճյուղից։
12 Ենթառահվիրաները նշանակվում են առնվազն մեկ ամսով, մի քանի ամսով կամ անժամկետ՝ կախված իրենց հանգամանքներից։ Թագավորության բազմաթիվ քարոզիչներ հաճույքով ծառայում են որպես ենթառահվիրա հատուկ առիթների դեպքում, ինչպես օրինակ՝ Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող ամիսներին կամ շրջանային վերակացուի այցելության ամսին։ Ոմանք էլ որոշում են ենթառահվիրա ծառայել արձակուրդի ժամանակ։ Իսկ մկրտված դպրոցական քարոզիչները գուցե ցանկանան որպես ենթառահվիրա ծառայել արձակուրդներին։ Մարտ և ապրիլ ամիսներին, ինչպես նաև շրջանային վերակացուի այցելության ամսին քարոզիչները հնարավորություն ունեն ծառայելու ենթառահվիրա նվազեցված ժամաքանակով։ Ինչպիսին էլ լինեն քո հանգամանքները, եթե ապրում ես բարոյական բարձր չափանիշների համաձայն, կկարողանաս լրացնել պահանջվող ժամաքանակը և մեկ կամ ավելի ամիսներ ծառայել որպես ենթառահվիրա, ժողովի երեցները մեծ ուրախությամբ կքննարկեն քո դիմումը։
13 Ռահվիրա նշանակվելու համար դու պետք է կարողանաս լրացնել պահանջվող տարեկան ժամաքանակը։ Որպես ռահվիրա՝ պետք է միշտ սերտորեն համագործակցես այն ժողովի հետ, որտեղ ծառայում ես։ Նախանձախնդիր ռահվիրաները մեծ օրհնություն են ժողովի համար, քանի որ խանդավառություն են առաջացնում քարոզչական ծառայության հանդեպ, ինչպես նաև ուրիշներին են քաջալերում ծառայել որպես ռահվիրա։ Սակայն նախքան ռահվիրայական դիմում լրացնելը դու պետք է առնվազն վեց ամիս մկրտված և օրինակելի քարոզիչ լինես։
14 Հատուկ ռահվիրաները սովորաբար ընտրվում են ռահվիրաներից, ովքեր արդեն ցույց են տվել, որ ծառայության մեջ արդյունավետ են։ Նրանք կարող են ծառայել ցանկացած վայրում, որտեղ մասնաճյուղը կնշանակի նրանց։ Հաճախ դա լինում է մի հեռավոր տարածք, որտեղ նրանք կարող են գտնել հոգևորապես ծարավ մարդկանց և հիմնել նոր ժողովներ։ Երբեմն հատուկ ռահվիրաները նշանակվում են այն ժողովներում, որոնք օգնության կարիք ունեն իրենց տարածքում քարոզելու հարցում։ Որոշ հատուկ ռահվիրաներ, որոնք նաև երեցներ են, նշանակվում են ծառայելու փոքր ժողովներում, նույնիսկ եթե այդ ժողովում ավելի շատ քարոզիչների կարիք առանձնապես չկա։ Հատուկ ռահվիրաները իրենց կարիքները հոգալու համար ստանում են համեստ ֆինանսական օգնություն։ Որոշ հատուկ ռահվիրաներ ժամանակավոր նշանակում են ստանում։
ՄԻՍԻՈՆԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
15 Կառավարիչ մարմնի ծառայողական կոմիտեն նշանակում է միսիոներներ, որոնք հետո տեղի մասնաճյուղի կողմից նշանակվում են ծառայելու խիտ բնակեցված տարածքներում։ Նրանք մեծ աշխատանք են կատարում քարոզչությունը և ժողովի գործունեությունը խթանելու և ամրապնդելու հարցում։ Միսիոներները կրթություն են ստանում Թագավորության քարոզիչների դպրոցում։ Նրանց տրամադրվում է կացարան, ինչպես նաև համեստ ֆինանսական օգնություն։
ՇՐՋԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
16 Կառավարիչ մարմնի կողմից նշանակված շրջանային վերակացուները մարզում են ստանում և փորձ ձեռք բերում՝ նախ ծառայելով որպես շրջանային վերակացուին փոխարինող։ Այս տղամարդիկ սիրում են ծառայությունը և իրենց եղբայրներին։ Նրանք եռանդուն ռահվիրաներ են, Աստվածաշունչը ջանասիրաբար ուսումնասիրողներ և արդյունավետ ուսուցիչներ ու հռետորներ։ Նրանք դրսևորում են սուրբ ոգու պտուղը, հավասարակշռված են, ողջամիտ և խորաթափանց։ Եթե եղբայրն ամուսնացած է, ապա նրա կինը օրինակելի վարք և ուրիշների հետ լավ փոխհարաբերություններ ունի։ Վերջինս արդյունավետ քարոզիչ է։ Նա նաև հասկանում է իր դերը որպես հնազանդ քրիստոնյա կին և չի խոսում իր ամուսնու փոխարեն կամ զրույցների ժամանակ չի գլխավորում խոսակցությունը։ Շրջանային վերակացուները և նրանց կանայք զբաղված գրաֆիկ ունեն, այդ պատճառով նրանք, ովքեր ուզում են այս ծառայությունն անել, պետք է առողջ լինեն։ Ռահվիրաները դիմում չեն լրացնում շրջանային ծառայության համար, սակայն իրենց ցանկության մասին կարող են հայտնել շրջանային վերակացուին, որը համապատասխան խորհուրդներ կտա։
ԱՍՏՎԱԾԱՊԵՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ
17 Թագավորության քարոզիչների դպրոց։ Հազվադեպ քարոզվող տարածքներում վկայություն տալու, ինչպես նաև ժողովներին հոգևորապես աջակցելու համար Թագավորության քարոզիչների մեծ կարիք կա։ Ուստի ամուրի եղբայրները, քույրերը և ամուսնացած զույգերը կարող են դիմում լրացնել Թագավորության քարոզիչների դպրոցում հատուկ կրթություն ստանալու համար։ Շրջանավարտները նշանակվում են իրենց երկրում ծառայելու որպես ռահվիրաներ այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կա։ Սակայն հնարավոր է՝ ոմանք էլ այլ նշանակում ստանան իրենց կամ մեկ ուրիշ երկրում։ Մի քանիսը գուցե նշանակվեն ծառայելու որպես ժամանակավոր կամ մշտական հատուկ ռահվիրաներ։ Այն ռահվիրաները, որ ցանկանում են սովորել այս դպրոցում, կարող են պահանջների մասին տեղեկություն ստանալ տարածաշրջանային համաժողովի ժամանակ անցկացվող հատուկ հանդիպման ժամանակ։
18 «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոց։ Ամուրի եղբայրները, քույրերը և ամուսնացած զույգերը, ովքեր ընտրվում են մասնակցելու այս դպրոցին, գիտեն անգլերեն և հատուկ լիաժամ ծառայողներ են։ Նրանք կարող են ամրապնդել և կարգավորել գործունեությունը դաշտում կամ մասնաճյուղում։ Նրանք արդեն ցույց են տվել, որ սիրով են ծառայում իրենց եղբայրներին ու քույրերին և կարող են օգնել մարդկանց սովորելու և հետևելու սուրբգրային, ինչպես նաև աստվածապետական առաջնորդությանը։ Տեղի մասնաճյուղի կոմիտեն պոտենցիալ ունեցող անհատներին կառաջարկի լրացնել դիմում։ Շրջանավարտները նշանակվում են դաշտ կամ մասնաճյուղ (իրենց երկրում կամ օտար երկրում)։
ԲԵԹԵԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
19 Բեթելում ծառայելը յուրահատուկ առանձնաշնորհում է։ «Բեթել» բառը նշանակում է «Աստծու տուն», և դա հարմար անուն է աստվածապետական գործունեության այս կենտրոնների համար։ Բեթելում ծառայող եղբայրներն ու քույրերը շատ կարևոր աշխատանք են կատարում, որպեսզի այն գրականությունը, որ օգտագործում են Եհովայի վկաները, թարգմանվի, տպագրվի և առաքվի աշխարհով մեկ։ Բեթելցիների կատարած ծառայությունը անգնահատելի է Կառավարիչ մարմնի համար, որը վերահսկում է և առաջնորդում ամբողջ աշխարհի ժողովների գործունեությունը։ Շատ բեթելցիներ, ովքեր թարգմանիչներ են, ապրում են և աշխատում մասնաճյուղի տարածքում, որտեղ խոսում են այն լեզվով, որով նրանք թարգմանում են։ Դրա շնորհիվ նրանք անմիջական կապ ունեն այն լեզվի հետ, որն օգտագործվում է առօրյա կյանքում։ Այդպես թարգմանիչները կարող են նաև իմանալ, թե արդյոք թարգմանված հրատարակություններում օգտագործված լեզուն հասկանալի է ընթերցողների համար։
20 Բեթելում կատարվող աշխատանքի մեծ մասը ֆիզիկական ծանր գործ է։ Այդ պատճառով նրանք, ովքեր հրավիրվում են Բեթել, հիմնականում եղբայրներ են, որոնք մկրտված են, երիտասարդ, առողջ և ֆիզիկապես ուժեղ։ Եթե քո երկրի մասնաճյուղում ծառայողների կարիք կա, և դու ցանկություն ունես ծառայել այնտեղ, պահանջների մասին կարող ես ավելի շատ բան իմանալ քո ժողովի երեցներից։
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
21 Աստվածապետական շենքեր կառուցելը սրբազան ծառայություն է, ինչպես որ Սողոմոնի կառուցած տաճարի շինարարությունն էր համարվում սրբազան ծառայություն (1 Թագ. 8։13–18)։ Շատ եղբայրներ և քույրեր մեծ եռանդ են ցուցաբերում՝ տրամադրելով իրենց ժամանակն ու միջոցները ծառայության այս ձևին։
22 Իսկ դու կարո՞ղ ես մասնակցել ծառայության այս ձևին։ Եթե մկրտված ես և նման ցանկություն ունես, ձեր տարածքում շինարարությունը վերահսկող եղբայրները մեծապես կգնահատեն քո օգնությունը և պատրաստակամորեն կմարզեն քեզ, եթե նույնիսկ այդքան էլ մեծ փորձ չունես շինարարության մեջ։ Ուստի կարող ես քո ժողովի երեցներին տեղյակ պահել քո ցանկության մասին։ Ոմանք, ովքեր անհրաժեշտ որակավորում ունեն այս գործը կատարելու համար, ցանկություն են հայտնել մասնակցելու միջազգային շինարարական գործին՝ կառուցելու աստվածապետական շինություններ այլ երկրներում։
23 Շինարարական գործում շատ հնարավորություններ կան։ Օրինակելի մկրտված քարոզիչները, ովքեր ունեն որոշակի հմտություններ և կարող են աջակցել իրենց բնակավայրում իրականացվող նախագծերին, կարող են ծառայել որպես նախագծման/շինարարության տեղի կամավորներ։ Մյուսները թերևս կարող են որոշ ժամանակով աջակցել հեռավոր տարածքներում իրականացվող նախագծերին և մասնաճյուղի կողմից երկու շաբաթից մինչև երեք ամիս ժամկետով նշանակվել ծառայելու որպես շինարարության կամավոր։ Նրանք, ովքեր երկարատև նշանակում ունեն, կոչվում են շինարարության ծառայող։ Շինարարության ծառայողը, որը ստացել է օտարերկրյա նշանակում, ծառայում է որպես շինարարության օտարերկրյա ծառայող։ Շինարարական խումբը, որը կազմված է շինարարության ծառայողներից և կամավորներից, վերահսկում է յուրաքանչյուր նախագիծ, որին աջակցում են նախագծման/շինարարության տեղի կամավորները և տարբեր ժողովներից կամավորներ։ Շինարարական խմբերը տարբեր նախագծեր են իրականացնում մասնաճյուղի տարածքում։
Ի՞ՆՉ ՀՈԳԵՎՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ ՈՒՆԵՍ
24 Լինելով Եհովային նվիրված անհատ՝ քո ցանկությունն է ծառայել նրան հավիտյան։ Իսկ ի՞նչ հոգևոր նպատակներ ունես։ Հոգևոր նպատակները կօգնեն քեզ խելամիտ կերպով օգտագործելու քո եռանդն ու միջոցները (1 Կորնթ. 9։26)։ Այդպիսի նպատակները կնպաստեն քո հոգևոր աճին և կօգնեն, որ կենտրոնանաս ավելի կարևոր բաների վրա, մինչ ձգտում ես ծառայության մեջ առանձնաշնորհումներ ունենալ (Փիլիպ. 1։10; 1 Տիմոթ. 4։15, 16)։
25 Պողոս առաքյալը մեզ համար լավ օրինակ է (1 Կորնթ. 11։1)։ Նա անձնվիրաբար ծառայում էր Եհովային և հասկանում էր, որ իր առջև շատ հնարավորություններ կան բացված։ Կորնթոսի եղբայրներին Պողոսը գրեց. «Գործունեության լայն դուռ է բացվել իմ առաջ»։ Մի՞թե մենք նույնպես մեծ հնարավորություններ չունենք ժողովի հետ ծառայելու Եհովային, հատկապես Թագավորության բարի լուրը քարոզելու գործում։ Այդուհանդերձ, Պողոսի նման՝ մենք պետք է հիշենք, որ «լայն դռնով» անցնելը նշանակում է բախվել շատ «հակառակորդների» (1 Կորնթ. 16։9)։ Սակայն ուշադրություն դարձրու, թե ինչ տրամադրվածություն ուներ Պողոսը։ Նա գրեց. «Ես իմ մարմնին եմ հարվածում և ծառայեցնում եմ այն» (1 Կորնթ. 9։24–27)։ Արդյոք մենք նույն մտայնությունն ունե՞նք։
Հոգևոր նպատակները կօգնեն քեզ խելամիտ կերպով օգտագործելու քո եռանդն ու միջոցները
26 Թեև կյանքում բոլորի հանգամանքները տարբեր են, սակայն յուրաքանչյուրիս հորդոր է տրվում հոգևոր նպատակներ դնել։ Շատերն այսօր լիաժամ ծառայության որևէ ձևի են մասնակցում, քանի որ վաղ տարիքից, նույնիսկ երբ դեռ երեխա էին, ծնողների կամ այլ անձանց քաջալերանքի շնորհիվ հոգևոր նպատակներ են դրել։ Այդ պատճառով նրանք հարուստ կյանքով են ապրում և չեն ափսոսում իրենց կայացրած որոշման համար (Առակ. 10։22)։ Այլ արժեքավոր նպատակներ են մասնակցել քարոզչական ծառայությանը ամեն շաբաթ, սկսել և անցկացնել աստվածաշնչյան ուսումնասիրություններ կամ ավելի շատ ժամանակ տրամադրել ժողովի հանդիպումներին նախապատրաստվելուն։ Այնուհանդերձ, կարևորն այն է, որ ամուր մնանք և լիարժեքորեն կատարենք մեր ծառայությունը։ Եթե այդպես վարվենք, ապա պատիվ կբերենք Աստծուն և կհասնենք վերջնական նպատակին, այն է՝ ծառայել Եհովային հավիտյա՛ն (Ղուկ. 13։24; 1 Տիմոթ. 4։7բ, 8)։