Ընդօրինակեք նրանց հավատը
Նա իմաստուն էր, քաջ և անեսասեր
ԵՍԹԵՐԸ դանդաղ քայլերով մոտենում է գահին։ Սիրտը բաբախում է շատ ուժգին. քիչ է մնում՝ դուրս թռչի կրծքի տակից։ Պալատի հսկայական գավիթում այնպիսի լռություն է տիրում, որ նա կարող է լսել իր փափուկ քայլերի ձայնը և շքեղ հանդերձների խշխշոցը։ Նրան չեն շեղում պալատի շքեղությունը, հոյակերտ սյուները, հեռավոր Լիբանանի մայրու փայտից պատրաստված առաստաղի ճոխ փորագրությունները։ Նրա ողջ ուշադրությունը սևեռված է այն մարդու վրա, որը նստել է գահին, նրա, ումից կախված է իր կյանքը։
Թագավորը սևեռուն նայեց Եսթերին, հետո ձեռքի ոսկե գավազանը մեկնեց նրա ուղղությամբ։ Սա մի պարզ շարժում էր, բայց այս պարզ շարժումը կյանք էր նշանակում։ Այդպես թագավորը ցույց տվեց, որ ներում է Եսթերի՝ հենց նոր կատարած հանցանքը։ Եվ որն էր նրա հանցա՞նքը. Եսթերը առանց հրավերի եկել էր թագավորի մոտ։ Մոտենալով գահին՝ թագուհին ձեռքը մեկնեց առաջ և երախտագիտությամբ լի սրտով դիպավ գավազանի ծայրինa (Եսթեր 5։1, 2)։
Ասուերոսը հսկայական հարստության և զորության տեր էր։ Այն ժամանակվա պարսիկ միապետների հանդերձները, ընդհանուր կարծիքի համաձայն, հարյուր միլիոնավոր դոլարներ արժեին։ Թագավորը գուցեև անմատչելի էր թվում, բայց Եսթերը ջերմություն տեսավ իր ամուսնու աչքերում. Ասուերոսը նրան յուրահատուկ ձևով էր սիրում։ Նա ասաց. «Ի՞նչ է պատահել, ո՛վ Եսթեր թագուհի, և ի՞նչ է քո ուզածը։ Նույնիսկ եթե թագավորությանս կեսը խնդրես, կտրվի քեզ» (Եսթեր 5։3)։
Եսթերը իր հավատն ու քաջությունը արդեն ցույց էր տվել նրանով, որ համարձակվել էր գալ թագավորի մոտ իր ժողովրդին փրկելու խնդրանքով։ Մինչև այս պահը ամեն ինչ լավ էր ընթացել, բայց առջևում դեռ մեծ դժվարություններ էին սպասվում։ Նա եկել էր համոզելու այս հպարտ միապետին, որ իր ամենավստահելի խորհրդականը չար մարդ է, որ նա մոլորեցնում է թագավորին՝ նրա միջոցով փորձելով վերացնել Եսթերի ազգը։ Ինչպե՞ս էր Եսթերը համոզելու, և ի՞նչ կարող ենք սովորել նրա հավատից։
Իմաստուն Եսթերը գիտեր, թե երբ խոսել
Ի՞նչ կլիներ, եթե Եսթերը խնդրի մասին խոսեր անմիջապես պալատի գավիթում՝ այնտեղ գտնվող մարդկանց ներկայությամբ։ Եթե նա այդպես աներ, ապա կնվաստացներ թագավորին, իսկ նրա խորհրդական Համանին ժամանակ կտար կասկածի ենթարկելու իր խոսքերը։ Ի՞նչ արեց Եսթերը։ Սրանից դարեր առաջ Սողոմոն թագավորը Աստծու ներշնչանքով գրել էր. «Ամեն ինչ իր ժամանակն ունի.... լռելու ժամանակ և խոսելու ժամանակ» (Ժողովող 3։1, 7)։ Հավանաբար, աստվածավախ Մուրթքեն ժամանակին Եսթերին սովորեցրել էր այսպիսի սկզբունքներ։ Երիտասարդ կինը, անշուշտ, գիտեր, թե երբ է «խոսելու ժամանակը»։
Եսթերն ասաց. «Եթե թագավորին հաճելի է, թող Համանի հետ այսօր գա այն խնջույքին, որը կազմակերպել եմ թագավորի համար» (Եսթեր 5։4)։ Ասուերոսը համաձայնվեց և Համանին կանչեց այդ խնջույքին։ Ի՞նչ ենք տեսնում Եսթերի խոսքերի հետևում. այս խելացի կինը ցույց տվեց, որ հարգում է իր ամուսնու արժանապատվությունը, և նպաստավոր պայմաններ ստեղծեց իր մտահոգությունը նրան հայտնելու համար։
Անկասկած, Եսթերն այդ խնջույքը այնպես կազմակերպեց, որ իր ամուսնու բոլոր նախասիրությունները բավարարվեն։ Խնջույքին կար գինի, որը նպաստելու էր բարձր տրամադրությանը (Սաղմոս 104։15)։ Ասուերոսի տրամադրությունը բարձր էր, և նա դարձյալ հարցրեց Եսթերին, թե որն է նրա խնդրանքը։ Գուցե հիմա՞ է խոսելու ժամանակը։
Եսթերի կարծիքով՝ ոչ։ Նա երկրորդ անգամ թագավորին և Համանին հրավիրեց խնջույքի՝ հաջորդ օրը (Եսթեր 5։7, 8)։ Ինչո՞ւ հետաձգեց։ Հիշենք, որ Եսթերի բոլոր ազգակիցները թագավորի հրամանով դատապարտվել էին մահվան։ Իրավիճակը շատ լուրջ էր, և Եսթերը պետք է համոզված լիներ, որ պահը ճիշտ է ընտրել։ Ուստի սպասեց՝ ստեղծելով մեկ այլ հնարավորություն իր ամուսնուն ցույց տալու համար, որ շատ է հարգում նրան։
Համբերությունը հազվագյուտ և թանկ հատկություն է։ Եսթերը, թեև վշտացած էր և շատ էր ուզում իր մտքինն ասել, համբերությամբ սպասեց հարմար պահի։ Մենք կարող ենք շատ բան սովորել նրանից. չէ՞ որ բոլորս էլ, հավանաբար, բախվել ենք այնպիսի իրողությունների, որոնք անհրաժեշտ է եղել շտկել։ Եթե ուզում ենք իշխանություն ունեցողին համոզել, որ զբաղվի որևէ խնդրով, այդ դեպքում պետք է ընդօրինակենք Եսթերին և լինենք համբերատար։ Առակներ 25։15-ում ասվում է. «Համբերությամբ ղեկավարին կարելի է համոզել, և մեղմ լեզուն կարող է ոսկոր կոտրել»։ Եթե Եսթերի պես սպասենք հարմար պահի և խոսենք մեղմորեն, ապա կարող ենք կոտրել նույնիսկ ոսկորի պես ամուր դիմադրությունը։
Համբերությունը ճանապարհ բացեց արդարության առաջ
Եսթերի համբերությունը վարձատրվեց. սկսվեց իրադարձությունների մի ապշեցուցիչ զարգացում։ Համանը առաջին խնջույքից հեռացավ բարձր տրամադրությամբ՝ «ուրախ ու զվարթ սրտով», քանի որ թագավորն ու թագուհին մեծ պատվի էին արժանացրել նրան։ Բայց երբ անցնում էր ամրոցի դարպասով, աչքն ընկավ հրեա Մուրթքեի վրա, որը առաջվա պես հրաժարվեց հատուկ վերաբերմունքի արժանացնել նրան։ Մուրթքեն պատճառներ ուներ այդպես վարվելու, բայց դա արհամարհանք չէր։ Նրա վերաբերմունքը կապված էր իր խղճի և Եհովա Աստծու հետ ունեցած փոխհարաբերությունների հետ։ Ինչևէ, Համանը «կատաղությամբ լցվեց» (Եսթեր 5։9)։
Երբ Համանը Մուրթքեի վերաբերմունքի մասին պատմեց իր կնոջն ու ընկերներին, վերջիններս առաջարկեցին պատրաստել «հիսուն կանգուն [22 մետրից ավելի] բարձրությամբ մի ցից» և հետո թագավորից թույլտվություն ստանալ Մուրթքեին դրանից կախելու համար։ Համանին դուր եկավ այս միտքը, և նա անմիջապես գործի անցավ (Եսթեր 5։12–14)։
Գիշերն իջավ։ Բայց, ինչպես ասվում է Աստվածաշնչում, «թագավորի քունը փախավ»։ Ուստի նա հրամայեց, որ երկրի պաշտոնական արձանագրությունները բերեն իր մոտ և կարդան։ Կարդացին նաև Ասուերոսի դեմ ծրագրված մահափորձի մասին արձանագրությունը։ Նա հիշեց այդ դեպքը. դավադիրները բռնվել էին և մահապատժի ենթարկվել։ Դավադրությունը բացահայտել էր Մուրթքեն։ Թագավորի հետաքրքրությունը շարժվեց. նա հարցրեց, թե ինչով են պարգևատրել Մուրթքեին։ Սպասավորները պատասխանեցին. «Նրա համար ոչինչ չի արվել» (Եսթեր 6։1–3)։
Զայրացած թագավորը հարցրեց, թե պալատականներից ով կա գավիթում, որի միջոցով կարող է շտկել այս թերացումը։ Միայն պատկերացրու. հենց այդ պահին Համանն էր գավիթում։ Ըստ ամենայնի, նա եկել էր բավական վաղ, որովհետև շատ էր ուզում Մուրթքեին սպանելու թույլտվություն ստանալ։ Բայց նախքան նա կխոսեր այդ մասին, թագավորը հարցրեց, թե որն է լավագույն ձևը պատվելու այն մարդուն, ով շահել է թագավորի բարեհաճությունը։ Համանը մտածեց, թե Ասուերոսը իրեն նկատի ունի, ուստի ասաց, որ հարկավոր է այդ մարդուն ճոխ պատիվ տալ. հագցնել արքայական հագուստ, նստեցնել թագավորի ձին, և մի բարձրաստիճան պաշտոնյա հանդիսավոր կերպով նրան ման տա Շուշան քաղաքով՝ բարձրաձայն գովաբանելով նրան։ Պատկերացրու Համանի դեմքի արտահայտությունը, երբ իմացավ, որ այդ մարդը Մուրթքեն է։ Իսկ թագավորը ո՞ւմ նշանակեց պատիվ տալու Մուրթքեին։ Համանի՛ն (Եսթեր 6։4–10)։
Համանը մեծ դժկամությամբ կատարեց իր համար զզվելի հանձնարարությունը և շտապեց տուն։ Նրա կինն ու ընկերները ասացին, որ այդ ամենի վերջը վատ է լինելու. հրեա Մուրթքեի դեմ պայքարում նա ջախջախվելու է (Եսթեր 6։12, 13)։
Այսպիսով՝ Եսթերը մեկ օր սպասեց, որ իր խնդրանքը հայտնի թագավորին, և այդ ժամանակը բավարար էր, որ Համանի անկումը սկսվեր։ Հնարավոր է՝ թագավորի անքնությունը Եհովա Աստծուց էր (Առակներ 21։1)։ Զարմանալի չէ, որ Սուրբ Գիրքը հորդորում է «համբերությամբ սպասել» Աստծուն (Միքիա 7։7)։ Եթե այդպես անենք, կտեսնենք, որ Աստծու՝ խնդիրներ լուծելու տարբերակը անհամեմատ լավն է մերինից։
Նա խոսում էր քաջաբար
Եսթերը չհամարձակվեց չարաշահել թագավորի համբերությունը. երկրորդ խնջույքի ժամանակ ամեն ինչ պետք է ասեր։ Բայց ինչպե՞ս։ Այդ խնջույքին թագավորը երկրորդ անգամ հարցրեց, թե որն է թագուհու խնդրանքը (Եսթեր 7։2)։ Եսթերի «խոսելու ժամանակը» եկավ։
Թագուհին հավանաբար նախ լուռ աղոթեց Աստծուն, հետո ասաց. «Եթե ես հաճություն եմ գտել քո աչքում, ո՛վ թագավոր, ու եթե թագավորին հաճելի է, խնդրում եմ, թող իմ հոգին և իմ ժողովուրդը ինձ շնորհվեն» (Եսթեր 7։3)։ Այս խոսքերից երևում է Եսթերի խոր հարգանքը թագավորի հանդեպ։ Նա շատ էր տարբերվում Վաշթիից՝ թագավորի նախկին կնոջից, որը գիտակցաբար նվաստացրել էր իր ամուսնուն (Եսթեր 1։10–12)։ Բացի այդ, Եսթերը չքննադատեց թագավորին անխոհեմության համար, որ նա վստահել էր Համանին։ Փոխարենը՝ աղաչեց թագավորին պաշտպանել իրեն մահվան սպառնալիքից։
Անկասկած, թագավորը անտարբեր չմնաց այդ խնդրանքին, ավելին, զարմացավ. այդ ո՞վ է համարձակվել վտանգի ենթարկել իր թագուհուն։ Եսթերը շարունակեց. «Ես ու իմ ժողովուրդը վաճառվել ենք, որպեսզի ոչնչացվենք, սպանվենք ու կործանվենք։ Եթե որպես ստրուկներ և աղախիններ վաճառված լինեինք, ես կլռեի։ Բայց այս աղետը անթույլատրելի է, քանի որ դա թագավորին էլ վնաս կհասցնի» (Եսթեր 7։4)։ Ուշադրություն դարձրու, որ թեև Եսթերը անկեղծորեն ներկայացրեց իր խնդիրը, սակայն նաև ավելացրեց, որ կլռեր, եթե միայն ստրկացնելու սպառնալիք լիներ։ Մինչդեռ այդ ցեղասպանությունը թագավորի վրա շատ թանկ էր նստելու, եթե նա ոչինչ չձեռնարկեր։
Եսթերի օրինակը շատ բան է սովորեցնում մեզ այն մասին, թե ինչպես խելացի ձևով համոզել դիմացինին։ Եթե երբևէ հարկ լինի բացահայտ խոսել որևէ լուրջ խնդրի մասին հարազատի կամ իշխանություն ունեցողի հետ, ապա եղիր համբերատար, հարգալից և անկեղծ (Առակներ 16։21, 23)։
Ասուերոսը հարցրեց. «Ո՞վ է նա, ո՞վ է հանդգնել այդպիսի բան անել»։ Պատկերացրու, թե ինչպես է Եսթերը մատնացույց անում Համանին՝ ասելով. «Այդ մարդը, այդ հակառակորդն ու թշնամին այս չար Համանն է»։ Մեղադրանքը մնաց օդում կախված։ Համանը սարսափեց։ Պատկերացրու, թե միապետի երեսի գույնն ինչպես փոխվեց, երբ նա հասկացավ, որ իր վստահելի խորհրդականը հիմարացրել է իրեն՝ ստորագրել տալով մի այնպիսի հրաման, որի համաձայն՝ իր սիրելի կինը պետք է սպանվի։ Ալեկոծված թագավորը դուրս եկավ պարտեզ՝ հանդարտվելու (Եսթեր 7։5–7)։
Համանը՝ այդ փոքրոգի դավադիրը, ընկավ թագուհու ոտքերը։ Երբ թագավորը վերադարձավ ու տեսավ Համանին Եսթերին աղաչելիս նրա մահճի մոտ, մեղադրեց նրան իր տանը թագուհուն բռնաբարելու փորձ անելու մեջ։ Սա արդեն Համանի մահվան դատավճիռն էր։ Նրա երեսը ծածկեցին ու տարան։ Պալատականներից մեկը թագավորին ասաց, որ Համանը մի բարձր ցից է պատրաստել Մուրթքեի համար։ Ասուերոսը անմիջապես հրամայեց հենց այդ ցցից կախել Համանին (Եսթեր 7։8–10)։
Մերօրյա անարդար աշխարհում դժվար է պատկերացնել, որ կարող է լինել արդարություն։ Դո՞ւ էլ ես այդպես մտածում։ Եսթերը երբեք չվհատվեց, չդարձավ ցինիկ, չկորցրեց հավատը։ Երբ ժամանակը եկավ, նա խիզախորեն հայտնեց ճշմարտությունը և սպասեց Եհովային։ Եկեք մենք էլ նույնն անենք։ Եհովան Եսթերի օրերից մինչև հիմա չի փոխվել։ Նա առաջվա պես կարող է ամբարիշտ ու նենգ մարդկանց գցել իրենց իսկ փորած փոսը, ինչպես որ վարվեց Համանի հետ (Սաղմոս 7։11–16)։
Անեսասեր կինը նվիրված էր Եհովային և իր ժողովրդին
Վերջապես թագավորն իմացավ, որ Մուրթքեն ոչ միայն այն մարդն է, ով ժամանակին հավատարմորեն պաշտպանել է իրեն մահափորձից, այլև Եսթերի խորթ հայրն է։ Ասուերոսը Համանի փոխարեն երկրի վարչապետ նշանակեց Մուրթքեին։ Համանի ողջ տունը, այդ թվում նաև նրա ունեցվածքը թագավորը տվեց Եսթերին, իսկ նա էլ դա հանձնեց Մուրթքեի հսկողությանը (Եսթեր 8։1, 2)։
Այժմ, երբ իրենք ապահով էին, կարո՞ղ էր թագուհին հանգստանալ։ Նա այդպես կվարվեր, եթե եսասեր մարդ լիներ։ Այդ ժամանակ բոլոր հրեաներին սպանելու մասին Համանի հրամանը արդեն հասնում էր կայսրության բոլոր ծայրերը։ Համանը վիճակ, կամ՝ փուր էր գցել (ակներևաբար սա ոգեհարցության մի ձև էր)՝ որոշելու համար այն ժամանակը, թե երբ է նպատակահարմար իրագործել այդ սարսափելի հարձակումը (Եսթեր 9։24–26)։ Ճիշտ է, դեռ ամիսներ կային այդ օրվա գալուն, բայց, մյուս կողմից, այդ օրը արագորեն մոտենում էր։ Ինչպե՞ս կարելի էր աղետը կանխել։
Անեսասեր Եսթերը դարձյալ իր կյանքը վտանգի ենթարկեց՝ մեկ անգամ ևս առանց հրավերի գնալով թագավորի մոտ։ Այս անգամ նա թագավորին աղաչեց իր ժողովրդի փրկության համար՝ խնդրելով չեղյալ համարել այդ սարսափելի հրամանագիրը։ Բայց պարսից թագավորների հաստատած օրենքները չէին կարող բեկանվել (Դանիել 6։12, 15)։ Ուստի Ասուերոսը Եսթերին և Մուրթքեին լիազորեց նոր օրենքներ հրապարակելու։ Դուրս եկավ երկրորդ հրամանագիրը, որով հրեաները պաշտպանվելու իրավունք էին ստանում։ Սուրհանդակները սլացան կայսրության բոլոր կողմերը՝ բարի լուր տանելով հրեաներին։ Նրանց սրտերում հույսի կրակ առկայծեց (Եսթեր 8։3–16)։ Հրեաները, ըստ ամենայնի, սկսեցին զինվել ու պատրաստվել կռվի, որը նրանք չէին կարող անել, եթե նոր հրամանագիրը չլիներ։ Բայց հրամանագրից ավելի կարևոր էր այն, որ «Զորքերի Տեր Եհովան» աջակցելու էր իր ժողովրդին (1 Սամուել 17։45)։
Երբ նշանակված օրը եկավ, Աստծու ժողովուրդը պատրաստ էր։ Այժմ նույնիսկ բազմաթիվ պարսիկ պաշտոնյաներ էին աջակցում նրանց, որովհետև նոր վարչապետի՝ հրեա Մուրթքեի մասին լուրը տարածվել էր ամենուրեք։ Եհովան իր ժողովրդին մեծ հաղթանակ շնորհեց։ Անկասկած, նա ամեն ինչ արեց, որ թշնամիները ամբողջովին ջախջախվեն, որպեսզի հետո չկարողանան վնասել իր ժողովրդինb (Եսթեր 9։1–6)։
Բացի այս, Մուրթքեն երբեք չէր կարող հանգիստ տնօրինել Համանի տունը, եթե այդ չար մարդու տասը որդիները կենդանի մնային։ Նրանք նույնպես սպանվեցին (Եսթեր 9։7–10)։ Այդպիսով կատարվեց աստվածաշնչյան մի մարգարեություն. Աստված դարեր առաջ կանխագուշակել էր, որ ամաղեկացիները, որոնք իր ժողովրդի ոխերիմ թշնամիներն էին, բնաջինջ են լինելու (2 Օրենք 25։17–19)։ Ըստ ամենայնի, Համանի որդիները այդ դատապարտված ազգի մնացորդներից էին։
Եսթերը ստիպված էր իր փխրուն ուսերի վրա կրել իր բաժինը շատ ծանր բեռների, օրինակ՝ այն զինված ընդհարումների ու սպանությունների, որոնք տեղի ունեցան թագավորի հրամանով։ Ինչ խոսք, դա հեշտ չէր, բայց Եհովայի կամքն էր, որ իր ժողովրդին պաշտպանեն ոչնչացումից. Իսրայել ազգից էր դուրս գալու խոստացյալ Մեսիան՝ ամբողջ մարդկության միակ հույսը (Ծննդոց 22։18)։ Այսօր Աստծու ծառաները գիտեն, որ երբ Մեսիան՝ Հիսուսը, եկավ երկիր, նա իր հետևորդներին արգելեց այդուհետ մասնակցել պատերազմների ու զինված ընդհարումների (Մատթեոս 26։52)։
Սակայն քրիստոնյաները մասնակցում են հոգևոր պատերազմի. Սատանան առավել քան երբևէ վճռական է քայքայելու Եհովա Աստծու հանդեպ մեր հավատը (2 Կորնթացիներ 10։3, 4)։ Ի՜նչ լավ է, որ Աստվածաշնչում գրված է Եսթերի մասին։ Եկեք ընդօրինակենք Եսթերին իմաստուն, համբերատար, քաջ, անեսասեր լինելու և համոզիչ խոսելու հարցում, ինչպես նաև պատրաստակամորեն թիկունք կանգնենք Աստծու ժողովրդին։ Թող որ ունենանք այնպիսի հավատ, ինչպիսին որ նա ուներ։
[ծանոթագրություններ]
a Այս խորագրի նախորդ հոդվածում մենք իմացանք, թե ինչպես որբ Եսթերը որդեգրվեց իր զարմիկ Մուրթքեի կողմից (որն իրենից շատ ավելի մեծ էր), իսկ հետագայում դարձավ Պարսկաստանի Ասուերոս թագավորի կինը։ Թագավորի խորհրդական Համանը մշակեց նենգ ծրագիր՝ վերացնելու Մուրթքեի ազգը՝ հրեաներին։ Մուրթքեն համոզեց Եսթերին, որ մոտենա թագավորին և խնդրի փրկել իր ժողովրդին (տե՛ս «Ընդօրինակեք նրանց հավատը. նա պաշտպանեց Աստծու ժողովրդին» հոդվածը, «Դիտարան», 2011, հոկտեմբերի 1)։
b Թագավորը հրեաներին թույլատրեց սկսած գործը շարունակել հաջորդ օրը (Եսթեր 9։12–14)։ Մինչև օրս հրեաները ամեն տարի գարնանը նշում են այդ հաղթանակը։ Տոնը կոչվում է Փուրիմ, որովհետև Համանը վիճակ, կամ՝ փուր էր գցել հրեաներին ոչնչացնելու համար։
[շրջանակ 28-րդ էջի վրա]
Հարցեր Եսթերի մասին
Ինչո՞ւ Մուրթքեն Եսթերին թույլ տվեց ամուսնանալ այլադավան մարդու հետ։
Որոշ գիտնականներ կարծիք են հայտնում, որ Մուրթքեն Եսթերին ամուսնացրել է թագավորի հետ՝ ցանկանալով հեղինակություն ձեռք բերել։ Բայց նրանք հիմքեր չունեն այդպես մտածելու։ Մուրթքեն, որ Եհովային հավատարիմ հրեա էր, այդպիսի ամուսնությանը հավանություն չէր տա (2 Օրենք 7։3)։ Ըստ հին հրեական ավանդության՝ Մուրթքեն փորձել է արգելել այդ ամուսնությունը։ Անհավանական է թվում, որ նա կամ Եսթերը, ովքեր օտարականներ էին մի երկրում, որի միապետը աստվածացվել էր, այդ իրավիճակում կարողանային այլ կերպ վարվել։ Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Եհովան Եսթերի այս ամուսնության միջոցով պաշտպանեց իր ժողովրդին (Եսթեր 4։14)։
Ինչո՞ւ «Եսթեր» գրքում Աստծու անձնանվան ոչ մի հիշատակում չկա։
Այս գիրքը Աստծու ներշնչանքով ակներևաբար գրել է Մուրթքեն։ Հավանաբար, գիրքը սկզբնական շրջանում պահվել է պարսկական պաշտոնական փաստաթղթերում, հետո տարվել է Երուսաղեմ։ «Եհովա» անվան առկայությունը տեքստում կարող էր դրդել պարսկական աստվածների երկրպագուներին ոչնչացնելու գիրքը։ Ամեն դեպքում հստակ է, որ Եհովան միջամտել է։ Հետաքրքրական է, որ Աստծու անունը եբրայերեն բնագրում թաքցված է եղել ակրոստիքոսի տեսքով. այդ տեղերում, ըստ ամենայնի, մտքի ձևակերպումն այնպես է արվել, որ իրար հաջորդող բառերի առաջին կամ վերջին տառերը կազմեն Աստծու «Եհովա» անունը։
«Եսթեր» գիրքը պատմականորեն ճշգրի՞տ է։
Քննադատներն ասում են՝ ոչ։ Սակայն պետք է նկատել, որ, ըստ որոշ գիտնականների, այս գիրքը գրողը ծավալուն գիտելիքներ է ունեցել պարսից արքունիքի, ճարտարապետության և սովորությունների մասին։ Ճիշտ է, մեզ հասած աշխարհիկ արձանագրություններում Եսթեր թագուհու մասին ոչ մի հիշատակում չկա, բայց, մյուս կողմից, հազիվ թե Եսթերը լինի այն միակ բարձրաստիճան անձնավորությունը, որի մասին չկա որևէ հիշատակում պետական արխիվներում։ Եվ վերջապես, այդ արձանագրություններում հանդիպում է «Մարդուկա» անունը, որը «Մուրթքե» անվան պարսկական ձևն է, և ասվում է, որ նա պալատական է եղել Շուշանում այն ժամանակներում, որոնք համապատասխանում են «Եսթեր» գրքում նկարագրված ժամանակներին։
[շրջանակ 29-րդ էջի վրա]
Մարգարեությունը կատարվեց
Պաշտպանելով Աստծու ժողովրդին՝ Եսթերն ու Մուրթքեն կատարեցին աստվածաշնչյան մեկ այլ մարգարեություն։ Դարեր առաջ Եհովան Հակոբ նահապետին ներշնչեց իր որդիներից մեկի մասին մարգարեանալու. «Բենիամինը գայլի պես կպատառոտի։ Առավոտյան բռնված կենդանուն կուտի, իսկ երեկոյան ավար կբաժանի» (Ծննդոց 49։27)։ «Առավոտյան», այսինքն՝ երբ Իսրայել ազգը սկսեց թագավոր ունենալ, Սավուղ թագավորը և ուրիշ հզոր ռազմիկներ, որոնք Բենիամինի հետնորդներից էին, կռվեցին հանուն Եհովայի ժողովրդի։ «Երեկոյան», այսինքն՝ երբ արևը մայր մտավ Իսրայել ազգի թագավորական դինաստիայի վրա, Եսթերն ու Մուրթքեն, որոնք Բենիամինի ցեղից էին, կռվեցին Եհովայի թշնամիների դեմ ու հաղթեցին։ Բացի այս, նրանք ավար բաժանեցին այն իմաստով, որ տիրեցին Համանի հսկայական ունեցվածքին։
[նկար 25-րդ էջի վրա]
Եսթերը անչափ երախտապարտ էր թագավորին ողորմած լինելու համար
[նկար 26–րդ և 27-րդ էջերի վրա]
Եսթերը քաջաբար մերկացրեց Համանի նենգ ծրագրերը
[նկար 28-րդ և 29–րդ էջերի վրա]
Եսթերն ու Մուրթքեն նամակներ ուղարկեցին Պարսկական կայսրության հրեաներին