«Եհովան ճանաչում է նրանց, ովքեր իրենն են»
«Եթե մեկը սիրում է Աստծուն, Աստված ճանաչում է նրան» (1 ԿՈՐՆԹ. 8։3)։
1. Բեր օրինակ, թե Աստծու ծառաներից ոմանք ինչպես են խաբել իրենք իրենց (տե՛ս 7-րդ էջի նկարը)։
ՄԻ ԱՌԱՎՈՏ մարդկանց մի խումբ կանգնած էր Եհովայի խորանի մուտքի մոտ։ Նրանցից յուրաքանչյուրի ձեռքին կրակաման կար։ Այդ մարդիկ մտադիր էին խունկ մատուցելու Եհովային։ Նրանց մեջ էր Ահարոն քահանայապետը, ինչպես նաև Կորխը և նրա հետ՝ 250 մարդ (Թվեր 16։16–18)։ Առաջին հայացքից՝ բոլորն էլ Եհովայի հավատարիմ երկրպագուներ էին։ Բայց իրականում այդպես չէր։ Բացի Ահարոնից, մնացածը ամբարտավան ու դավաճան մարդիկ էին. նրանք մտադիր էին զավթելու քահանայությունը (Թվեր 16։1–11)։ Այս մարդիկ, իրենք իրենց խաբելով, կարծում էին, թե Եհովան ընդունելու է իրենց մատուցած երկրպագությունը։ Սակայն այդպիսի ակնկալիք ունենալով՝ նրանք իրականում վիրավորում էին նրան. չէ՞ որ Աստված, որ կարդում է մարդկանց սրտերը, տեսնում էր նրանց կեղծավորությունը (Երեմ. 17։10)։
2. Ի՞նչ էր ասել Մովսեսը, և կատարվեցի՞ն արդյոք նրա խոսքերը։
2 Դրանից մեկ օր առաջ Մովսեսն ասել էր. «Առավոտյան Եհովան կիմացնի, թե ով է իրեն պատկանում» (Թվեր 16։5)։ Եհովան, ինչ խոսք, շատ լավ գիտեր, թե ովքեր էին իսկական երկրպագուներ և ովքեր՝ կեղծ երկրպագուներ, և դա ցույց տվեց նրանով, որ «[իրենից] կրակ դուրս եկավ և կլանեց խունկ մատուցող երկու հարյուր հիսուն մարդկանց» և Կորխին (Թվեր 16։35; 26։10)։ Իսկ Ահարոնին Եհովան ձեռք չտվեց՝ ցույց տալով, որ նա է իրականում քահանայապետը և իր ճշմարիտ երկրպագուն (կարդա՛ 1 Կորնթացիներ 8։3)։
3. ա) Ի՞նչ իրավիճակ էր ստեղծվել Պողոս առաքյալի օրերում։ բ) Հավատարիմ քրիստոնյաները ինչո՞ւմ կարող էին վստահ լինել՝ իմանալով, որ Եհովան Մովսեսի օրերում պատժեց ըմբոստներին։
3 Նման մի իրավիճակ ստեղծվեց մոտ 1500 տարի անց՝ Պողոս առաքյալի օրերում։ Քրիստոնյա կոչվողներից ոմանք կեղծ ուսմունքներ էին որդեգրել, բայց շարունակում էին մնալ ժողովի անդամ։ Կողքից նայողների համար այդ հավատուրացները գուցե չտարբերվեին ժողովի մյուս անդամներից, բայց իրականում նրանք վտանգավոր էին հավատարիմ քրիստոնյաների համար։ Գառան մորթի հագած այդ գայլերը սկսել էին «կործանել ոմանց հավատը» (2 Տիմոթ. 2։16–18)։ Պողոսը գիտեր, որ Եհովան տեղյակ է այս ամենին։ Նա գիտեր, թե դարեր առաջ Աստված ինչ էր արել ապստամբ Կորխին ու նրա համախոհներին։ Եկեք քննենք աստվածաշնչյան մի շատ հետաքրքիր հատված և տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել։
«ԵՍ ԵՀՈՎԱՆ ԵՄ, ԵՍ ՉԵՄ ՓՈԽՎՈՒՄ»
4. Ինչո՞ւմ էր Պողոսը համոզված, և ի՞նչ խոսքերով նա հայտնեց իր համոզվածությունը Տիմոթեոսին։
4 Պողոսը խորապես համոզված էր, որ Եհովան կարող է կեղծ երկրպագուներին տարբերել իսկական երկրպագուներից։ Նրա այս համոզվածությունը երևում է Տիմոթեոսին գրած նամակից։ Առաքյալը գրեց, որ հավատուրացները վնաս են պատճառում ժողովի որոշ անդամների, իսկ հետո ավելացրեց. «Բայց Աստված հաստատուն հիմք դրեց, որը կանգուն է մնում և իր վրա այս կնիքն ունի. «Եհովան ճանաչում է նրանց, ովքեր իրենն են» և «թող ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, մերժի անարդարությունը»» (2 Տիմոթ. 2։18, 19)։
5, 6. Ինչո՞վ են հատկանշական Պողոսի՝ «Աստված հաստատուն հիմք դրեց» խոսքերը, և ի՞նչ ազդեցություն դա ակներևաբար թողեց Տիմոթեոսի վրա։
5 Ինչո՞վ են հատկանշական Պողոսի այս խոսքերը։ Աստվածաշնչում սա միակ համարն է, որում ասվում է՝ «Աստված հաստատուն հիմք դրեց»։ Սուրբ Գրքում «հիմք» բառը փոխաբերական իմաստով օգտագործվում է տարբեր բաների հետ կապված, օրինակ՝ հին Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմի (Սաղ. 87։1, 2)։ Այն դերը, որ Հիսուսն ունի Եհովայի նպատակի իրագործման մեջ, նույնպես համեմատվում է հիմքի հետ (1 Կորնթ. 3։11; 1 Պետ. 2։6)։ Ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ գրեց՝ «Աստված հաստատուն հիմք դրեց»։
6 Պողոսն այս խոսքերն ասում է այն նույն համատեքստում, որում Թվեր 16։5-ից մեջբերում է Մովսեսի խոսքերը Կորխի ու նրա աջակիցների մասին։ Առաքյալը Մովսեսի օրերի դեպքերին անդրադառնում է ակներևաբար այն պատճառով, որ ցանկանում է ոգևորել Տիմոթեոսին, ինչպես նաև հիշեցնել նրան, որ Եհովան կարող է իմանալ, թե ովքեր են ըմբոստ, և հակազդել նրանց։ Եհովայի նպատակը ինչպես որ չէր կարող խափանվել Կորխի կողմից դարեր առաջ, այնպես էլ չէր խափանվելու հավատուրացների կողմից առաջին դարում։ Պողոսը մանրամասնորեն չբացատրեց, թե ինչ է նշանակում «Աստված հաստատուն հիմք դրեց» արտահայտությունը։ Բայց նրա խոսքերը, անկասկած, Տիմոթեոսին վստահությամբ լցրին Եհովայի հանդեպ։
7. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան կգործի արդարությամբ ու հավատարմությամբ։
7 Աստծու բարձր չափանիշները երբեք չեն փոխվում։ «Եհովայի նպատակները հաստատ են հավիտյան, նրա սրտի խորհուրդները սերնդից սերունդ են»,— ասվում է Սաղմոս 33։11-ում։ Ուրիշ համարներ էլ շեշտում են, որ Եհովայի իշխանությունը, սիրառատ բարությունը, արդարությունը և հավատարմությունը հավերժական են (Ելք 15։18; Սաղ. 106։1; 111։3; 117։2)։ Մաղաքիա 3։6-ում կարդում ենք. «Ես Եհովան եմ, ես չեմ փոխվում»։ Իսկ Հակոբոս 1։17-ում ասվում է, որ Եհովան «չի փոխվում փոփոխվող ստվերի պես»։
«ԿՆԻՔ», ՈՐԸ ՀԱՎԱՏ Է ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՆԴԵՊ
8, 9. Ի՞նչ ենք սովորում հիմքի վրայի գրությունից։
8 2 Տիմոթեոս 2։19-ում Պողոսը խոսում է փոխաբերական լեզվով։ Նա մեր ուշադրությունը հրավիրում է մի հիմքի վրա, որի վրա կա գրություն, և այն արվել է կնիքով։ Հին ժամանակներում մարդիկ սովորաբար կառույցի հիմքի վրա գրություն էին թողնում։ Այն ցույց էր տալիս, թե ով է շենքը կառուցել կամ ում է այն պատկանում։ Աստվածաշունչը գրողներից առաջինը Պողոսն էր, որն օգտագործեց այսպիսի օրինակa։ Աստծու դրած հաստատուն հիմքի «կնիքը» երկու խոսք է պարունակում։ Առաջին՝ «Եհովան ճանաչում է նրանց, ովքեր իրենն են», և երկրորդ՝ «թող ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, մերժի անարդարությունը»։ Սա մեզ հիշեցնում է այն, ինչ գրված է Թվեր 16։5-ում (կարդա՛)։
9 Ի՞նչ ենք սովորում հիմքի վրայի գրությունից։ Նրանց համար, ովքեր պատկանում են Աստծուն, Եհովայի չափանիշներն ու սկզբունքները ամփոփված են հետևյալ երկու հիմնարար սկզբունքներում. 1) Եհովան սիրում է նրանց, ովքեր հավատարիմ են իրեն, և 2) Եհովան ատում է անարդարությունը։ Ինչպե՞ս է սա կապված ժողովում եղող հավատուրացության հետ։
10. Հավատուրացների գործողություններն ինչպե՞ս էին ազդում Պողոսի օրերի հավատարիմների վրա։
10 Տիմոթեոսն ու մյուս հավատարիմները հավանաբար անհանգստացած էին իրենց մեջ եղող հավատուրացների գործողություններից։ Քրիստոնյաներից ոմանք գուցե տարակուսում էին, թե ինչու նրանք ժողովից չեն հեռացվում։ Հավատարիմ քրիստոնյաները գուցե իրենք իրենց ասում էին. «Մի՞թե Եհովան տարբերություն չի դնում մեր և հավատուրացների միջև» (Գործ. 20։29, 30)։
11, 12. Ինչո՞ւ կարող ենք համոզված ասել, որ Պողոսի նամակը զորացրեց Տիմոթեոսի հավատը։
11 Պողոսի նամակը, անշուշտ, զորացրեց Տիմոթեոսի հավատը։ Առաքյալը, փաստորեն, հիշեցրեց նրան, թե ինչ տեղի ունեցավ անցյալում. Եհովան ցույց էր տվել իր հավանությունը Ահարոնին, իսկ Կորխին ու նրա աջակիցներին մերժել ու կործանել էր։ Պողոսն ուզում էր ասել, որ, թեև ժողովում կեղծ քրիստոնյաներ կան, Եհովան գիտի, թե ովքեր են իրականում պատկանում իրեն, ինչպես որ դա գիտեր Մովսեսի օրերում։
12 Եհովան երբեք չի փոխվում։ Ուստի մենք կարող ենք միշտ մեր հույսը նրա վրա դնել։ Նա ատում է անարդարությունը և ճիշտ ժամանակին պատժում է չզղջացող մեղավորներին։ Պողոսը Տիմոթեոսին հիշեցրեց, որ իր՝ որպես «Եհովայի անունը կանչողի» պարտականությունն է մերժել անարդարությունըb։
ԶՈՒՐ ՉԷ
13. Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։
13 Մենք նույնպես կարող ենք հոգևորապես զորանալ Պողոսի խոսքերից։ Մխիթարական է իմանալ, որ Եհովան շատ լավ գիտի, որ մենք նվիրված ենք իրեն։ Ավելին, նա ակտիվորեն հետաքրքրվում է «նրանցով, ովքեր իրենն են»։ Աստվածաշունչն ասում է. «Եհովայի աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է» (2 Տար. 16։9)։ Ուստի կարող ենք լիովին համոզված լինել, որ այն ամենը, ինչ «անարատ սրտով» անում ենք Եհովայի համար, երբեք զուր չէ (1 Տիմոթ. 1։5; 1 Կորնթ. 15։58)։
14. Եհովան ինչպիսի՞ երկրպագությունը չի հանդուրժում։
14 Մենք պետք է հիշենք, որ Աստված չի հանդուրժում կեղծավոր երկրպագությունը։ «Եհովայի աչքերը դիտում են ողջ երկիրը», ուստի նա տեսնում է նրանց, ում «սիրտը ամբողջությամբ իր հետ» չէ։ Առակներ 3։32-ում ասվում է, որ «խարդախ մարդը գարշելի է Եհովայի համար», օրինակ՝ այն մարդը, ով հագնում է ձևական հնազանդություն և գաղտնի մեղք է գործում։ Խարդախը կարող է հմտորեն խաբել մարդկանց, բայց ոչ Եհովային, որը ամենակարող ու արդար Աստված է։ Հետևաբար, «իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա» (Առակ. 28։13; կարդա՛ 1 Տիմոթեոս 5։24; Եբրայեցիներ 4։13)։
15. Ի՞նչ չպետք է անենք և ինչո՞ւ։
15 Եհովայի ժողովրդի ճնշող մեծամասնությունը սրտանց նվիրված է նրան։ Քիչ հավանական է, որ ժողովի անդամներից որևէ մեկը գիտակցաբար կեղծ երկրպագություն մատուցի։ Այնուամենայնիվ, եթե նման բան եղավ Մովսեսի և վաղ քրիստոնյաների օրերում, ապա մեր օրերում նույնպես կարող է լինել (2 Տիմոթ. 3։1, 5)։ Ինչևէ, սա չի նշանակում, որ պետք է անվստահությամբ վերաբերվենք մեր հավատակիցներին և կասկածի տակ դնենք նրանց նվիրվածությունը։ Սխալ կլինի անհիմն կասկածներ ունենալ մեր եղբայրների ու քույրերի վերաբերյալ (կարդա՛ Հռոմեացիներ 14։10–12; 1 Կորնթացիներ 13։7)։ Ավելին, եթե հակված ենք ժողովի անդամների անարատությունը կասկածի տակ դնելու, մեր հոգևոր առողջությունը կտուժի։
16. ա) Ի՞նչ պետք անենք, որպեսզի կեղծավորությունը արմատ չգցի մեր սրտում։ բ) Ի՞նչ կարող ենք սովորել «Շարունակ ստուգեք.... շարունակ փորձեք» շրջանակից։
16 Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է «իր գործը կշռի», այսինքն՝ քննի իր արարքները (Գաղ. 6։4)։ Քանի որ մեղավոր հակումներ ունենք, միշտ վտանգ կա, որ ակամա սկսենք Եհովային երկրպագել սխալ մղումներով (Եբր. 3։12, 13)։ Ուստի ժամանակ առ ժամանակ պետք է քննենք մեր մղումները։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ինչո՞ւ եմ երկրպագում Եհովային. քանի որ սիրո՞ւմ եմ նրան և ուզում եմ, որ նա՞ լինի իմ ղեկավարը։ Թե՞ ավելի շատ կենտրոնանում եմ այն ֆիզիկական օրհնությունների վրա, որոնք հույս ունեմ վայելելու դրախտում» (Հայտն. 4։11)։ Անշուշտ, յուրաքանչյուրս օգուտ կքաղի, եթե քննի իր քայլերը և սրտից հանի կեղծավորության փոքր նշույլն անգամ։
ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂԸ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է
17, 18. Ինչո՞ւ պետք է անկեղծորեն երկրպագենք Եհովային։
17 Եթե ձգտենք անկեղծորեն երկրպագել Եհովային, շատ օրհնություններ կստանանք։ Սաղմոսերգուն ասում է. «Երջանիկ է այն մարդը, ում Եհովան անօրենություն չի վերագրում, և ում ոգու մեջ նենգություն չկա» (Սաղ. 32։2)։ Այո՛, նրանք, ովքեր իրենց սրտից հանում են կեղծավորությունը, երջանիկ են հիմա և երջանիկ կլինեն ապագայում։
18 Եհովան ճիշտ ժամանակին կվերացնի բոլոր նրանց, ովքեր չարություն են գործում կամ երկակի կյանք են վարում։ Նա ցույց կտա «արդարի ու ամբարշտի տարբերությունը, Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը» (Մաղ. 3։18)։ Իսկ մինչ այդ կարող ենք մխիթարվել, որ «Եհովայի աչքերն արդարներին են ուղղված, և ականջները՝ նրանց աղաչանքներին» (1 Պետ. 3։12)։
a «Հայտնություն» գրքում, որը գրվել է Տիմոթեոսին ուղղված նամակից տասնամյակներ անց, հիշատակվում է 12 «հիմնաքար», որոնց վրա գրված են 12 առաքյալների անունները (Հայտն. 21։14)։
b Հաջորդ հոդվածում խոսվում է այն մասին, թե ինչպես կարող ենք ընդօրինակել Եհովային և մերժել անարդարությունը։