ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ
Ինչպես լինել ուշադիր լսող
ԽՆԴԻՐ
«Դու ինձ չես լսում»,— ասում է կողակիցդ։ «Բայց ես լսում էի»,— մտածում ես դու։ Սակայն, ակներևաբար, քո լսածը այն չէ, ինչ ուզում էր ասել կողակիցդ։ Այդ պատճառով կրկին վեճ է բռնկվում։
Դու կարող ես խուսափել այդպիսի ընդհարումներից։ Բայց նախևառաջ պետք է հասկանաս, թե ինչպես է պատահում, որ կողակցիդ խոսքերի մեջ չես նկատում կարևոր մանրամասներ, թեև քեզ թվում է՝ ուշադիր ես լսում։
ԻՆՉՈՒ Է ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆՈՒՄ
Կենտրոնացած չես, հոգնած ես կամ երկուսն էլ։ Երեխաներն աղմկում են, հեռուստացույցի ձայնը բարձր է, իսկ դու մտածում ես աշխատավայրում ծագած մի խնդրի մասին։ Այդ պահին կողակիցդ սկսում է խոսել քեզ հետ և ինչ-որ բան է ասում՝ երեկոյան սպասվող հյուրերի հետ կապված։ Դու գլխով ես անում, բայց իսկապես լսեցի՞ր, թե ինչ ասաց նա։ Թերևս, ոչ։
Ենթադրություններ ես անում։ Ենթադրությունը դիմացինի «միտքը կարդալու» փորձ է, որը կարող է վնասաբեր լինել։ Դու ենթադրում ես, թե կողակցիդ խոսքերի հետևում թաքնված միտք կա, բայց թերևս նրա ասածների մեջ տեսնում այն, ինչ չկա իրականում։ Ենթադրենք՝ կողակիցդ ասում է. «Այս շաբաթ շատ ես աշխատել արտաժամ»։ Ընդունելով դա որպես քննադատություն՝ պատասխանում ես. «Ես մեղավոր չեմ։ Ես ստիպված եմ շատ աշխատել, քանի որ դու չափից շատ ես ծախսում»։ «Բայց ես քեզ չէի մեղադրում»,— վրդովվում է կողակիցդ։ Նա ընդամենը ցանկանում էր առաջարկել, որ միասին հանգստանաք շաբաթ-կիրակի օրերին։
Հապճեպորեն լուծում ես առաջարկում։ «Երբեմն պարզապես ուզում եմ ասել, թե ինչ եմ զգում,— ասում է Մարսինa,— իսկ Մայքն անմիջապես ասում է, թե ինչպես կարելի է լուծել հարցը։ Ես լուծում չեմ փնտրում։ Պարզապես ուզում եմ, որ նա իմանա, թե ինչ եմ զգում»։ Ո՞րն է խնդիրը։ Մայքն անմիջապես կենտրոնանում է լուծում գտնելու վրա, ինչի պատճառով նա թերևս բաց է թողնում Մարսիի ասած որոշ մտքեր կամ ընդհանրապես չի լսում նրան։
Ինչն էլ լինի խնդրի պատճառը, դու կարո՛ղ ես դառնալ ուշադիր լսող։ Ինչպե՞ս։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
Լսիր ամենայն ուշադրությամբ։ Ենթադրենք՝ կողակիցդ ցանկանում է կարևոր մի բան ասել։ Բայց դու պատրա՞ստ ես լսելու։ Գուցե միտքդ այդ պահին կենտրոնացած է այլ բաների վրա։ Եթե այդպես է, մի ձևացրու, թե լսում ես։ Հնարավորության դեպքում մի կողմ դիր գործերդ և լսիր կողակցիդ ամենայն ուշադրությամբ կամ էլ խնդրիր նրան սպասել, մինչև որ պատրաստ լինես լսելու։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հակոբոս 1։19։
Խոսեք հերթով։ Երբ կողակիցդ խոսում է, աշխատիր չընդհատել նրան կամ չարտահայտել անհամաձայնությունդ։ Քո խոսելու ժամանակն էլ կգա։ Իսկ այժմ պարզապես լսիր։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 18։13։
Հարցեր տուր։ Դա կօգնի քեզ ավելի լավ հասկանալու, թե ինչ է ասում կողակիցդ։ Մարսին, որի խոսքերը մեջբերվեցին վերևում, ասում է. «Ինձ դուր է գալիս, երբ Մայքը հարցեր է տալիս։ Դա ցույց է տալիս, որ նրան հետաքրքրում է իմ ասելիքը»։
Պարզապես բառեր լսելու փոխարեն՝ փորձիր հասկանալ ասվածի իմաստը։ Ուշադրություն դարձրու, թե ինչ են ասում կողակցիդ ժեստերը, աչքերը և ձայնի տոնը։ Երբ նա ասում է՝ «շատ լավ», գուցե դա իրականում նշանակի՝ «բոլորովին էլ լավ չէ»՝ կախված ասելու ձևից։ Կամ «դու երբեք չես օգնում ինձ» խոսքերը գուցե իրականում նշանակեն՝ «ինձ թվում է՝ ես կարևոր չեմ քեզ համար»։ Փորձիր հասկանալ ասվածի իրական իմաստը, նույնիսկ եթե դա բառերով չի արտահայտվում։ Հակառակ դեպքում դուք գուցե սկսեք վիճել՝ կենտրոնանալով բառերի վրա և ոչ թե ասվածի իմաստի։
Շարունակիր լսել։ Անգամ եթե լսածդ քեզ դուր չի գալիս, միևնույնն է, ուշադրությամբ լսիր ու մի հեռացիր։ Օրինակ՝ ի՞նչ կարող ես անել, եթե կողակիցդ քննադատում է քեզ։ «Շարունակիր լսել,— խորհուրդ է տալիս Գրեգորին, որն ամուսնացած է ավելի քան 60 տարի։— Լուրջ ուշադրություն դարձրու կողակցիդ խոսքերին։ Իհարկե դրա համար հասունություն է հարկավոր։ Բայց այդպես վարվելը օգուտներ կբերի»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 18։15։
Անկեղծ հետաքրքրություն ցույց տուր կողակցիդ հանդեպ։ Ուշադիր լսելը ոչ թե պարզապես ինչ-որ գործողություն է, այլ սիրո դրսևորում է։ Եթե քեզ անկեղծորեն հետաքրքրի կողակցիդ ասելիքը, ապա կլսես ոչ թե ստիպված, այլ սիրով։ Այդպես վարվելով՝ դու կհետևես Աստվածաշնչի հետևյալ խորհրդին. «Փնտրեք միմյանց շահը, ոչ թե միայն ձերը» (Փիլիպպեցիներ 2։4, Good News Translation)։
a Այս հոդվածում անունները փոխված են։