ՄԱՍ 2
Հավատարիմ եղեք միմյանց
«Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մարկոս 10։9)։
Եհովան պատվիրում է. «Անհավատարմությամբ մի՛ վարվեք» (Մաղաքիա 2։16)։ Այս պատվերին հետևելը շատ կարևոր է, քանի որ առանց հավատարմության՝ կողակիցների միջև չի լինի վստահություն։ Իսկ եթե չլինի վստահություն, չի լինի նաև սեր։
Այսօր ամուսնական կառույցը վտանգի տակ է։ Ուստի ամուսնությունդ պաշտպանելու համար պետք է վճռես անել երկու բան։
1 ԸՆՏԱՆԻՔԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂՈՒՄ ԼԻՆԻ
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Հավաստիա[ցիր], թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։ Ընտանիք կազմելով՝ դու կատարել ես կյանքիդ ամենակարևոր քայլերից մեկը։ Հետևաբար, ընտանիքդ պետք է առաջնային տեղում լինի։
Եհովան ցանկանում է, որ «կյանքը վայելես» քո կողակցի հետ (Ժողովող 9։9)։ Նրա Խոսքում հստակ նշվում է, որ երբեք չպետք է անտեսես կողակցիդ, այլ երկուսդ էլ պետք է միջոցներ փնտրեք միմյանց երջանկացնելու համար (1 Կորնթացիներ 10։24)։ Ամեն ջանք թափիր, որ կողակիցդ զգա, որ ունես իր կարիքը ու գնահատում ես իրեն։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
Կանոնավորաբար ժամանակ անցկացրու կողակցիդ հետ՝ նրան տալով քո ողջ ուշադրությունը։
Թող որ քեզ համար «ես»-ը դառնա «մենք»։
2 ՊԱՀՊԱՆԻՐ ՔՈ ՍԻՐՏԸ
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում» (Մատթեոս 5։28)։ Եթե մարդ շարունակ անբարո բաների մասին է մտածում, կարելի է ասել, որ նա անհավատարիմ է իր կողակցին։
Եհովան ասում է, որ պետք է «քո սիրտը պահպանես» (Առակներ 4։23; Երեմիա 17։9)։ Դրա համար պետք է հսկես աչքերդ (Մատթեոս 5։29, 30)։ Ընդօրինակիր Հոբ նահապետին, որը ուխտ էր կապել իր աչքերի հետ, որ անպատշաճ մտքերով չնայեր այլ կնոջ (Հոբ 31։1)։ Վճռիր երբեք չդիտել պոռնկագրություն։ Նաև զգույշ եղիր, որ ռոմանտիկ հարաբերություններ չզարգացնես ուրիշ անհատի հետ։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
Այնպես արա, որ ուրիշները հստակ տեսնեն, որ դու լիովին նվիրված ես կողակցիդ։
Միշտ հաշվի առ կողակցիդ զգացմունքները և անմիջապես վերջ դիր ցանկացած փոխհարաբերության, որը հաճելի չէ նրան։