Տոնածառ. նախաքրիստոնեական ծագումը
ԱՇԽԱՐՀԻ տարբեր մասերում մշտադալար եղևնին տոների և առևտրի բնագավառում հայտնի խորհրդանիշ է։ Սակայն այս ծառի արմատները գալիս են պատմության խորքերից։
Այս մասին տեղեկանում ենք Շվեդիայի արևմտյան ափին գտնվող Բոհուսլեն գավառի և Նորվեգիայի Օստֆոլդ գավառի ժայռապատկերներից։ Գավառների մոտ 5000 տարբեր տեղերում ավելի քան 75000 ժայռապատկերներ են հայտնաբերվել, որոնցից մի քանիսի վրա պատկերված են եղել մշտադալար եղևնիներ։ Հնագետները նշում են, որ ժայռապատկերներից շատերը արվել են մ.թ.ա. մոտ 1800-ից 500թթ. ընկած ժամանակահատվածումa։
Այս ուշագրավ ժայռապատկերները որոշ տեղեկություններ են հայտնում այն մարդկանց հավատալիքների մասին, ովքեր ապրել են վաղեմի ժամանակներում՝ Հիսուս նազովրեցու ծնվելուց շատ տարիներ առաջ։ Որոշ հետազոտողներ այն կարծիքին են, որ հնում ներկայիս Շվեդիայի և Նորվեգիայի տարածքներում մշտադալար ծառերը, ինչպես օրինակ, եղևնիները օգտագործվել են որպես սուրբ խորհրդանիշներ։
Իսկ ինչո՞ւ են աշխարհի հեռավոր հյուսիսային ափամերձ տարածքներում ապրող մարդիկ եղևնիներ պատկերել քարերի վրա։ Որոշ գիտնականներ նշում են, որ պատճառներից մեկը թերևս այն է, որ նախաքրիստոնեական ժամանակներում, երբ ժայռապատկերներ են արվել, այս ծառերը հազվադեպ երևույթ են եղել։ Եվ հասկանալի է, ծառը, որ մշտադալար է, կամ՝ միշտ «կենդանի» է, ի տարբերություն մյուս ծառերի, որոնք ասես մեռնում են ցուրտ եղանակին՝ պետք է ինչ-որ առումով համարվեր առեղծված։
Շատ մշակույթներում ծառերը եղել են կյանքի, դիմացկունության և հավերժության խորհրդանիշ։ Սա օգնում է հասկանալու, թե ինչու են շատ դարեր առաջ, նախքան այդ ծառը կաճեր տվյալ շրջանում, մշտադալար եղևնիների նմանվող ծառեր պատկերվել քարերի վրա Բոհուսլենի և Օստֆոլդի տարածքներում։
Ժայռապատկերների մասին մի գրքում, որը հրատարակվել է Շվեդիայի ազգային ժառանգության խորհրդի համագործակցությամբ, նշվում է. «Քարերի վրա պատկերված ծառերը ցույց են տալիս, որ հարավային սկանդինավյան տարածքի բրոնզի դարը կրոնական և մշակութային կապվածություն է ունեցել այն տարածքների հետ, որոնք այսօր գրավում են ողջ Եվրոպան և Ասիայի մեծ մասը։ Այն, որ մարդիկ զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, անդրադարձել է կրոնի և տիեզերագիտության մասին ունեցած նրանց հասկացողության վրա։ Նրանք հիմնականում երկրպագել են նույն աստվածների, թեպետ աստվածների անունները տարբեր են եղել» (Rock Carvings in the Borderlands)։
Բոհուսլենի թանգարանի կողմից հրատարակված «Ժայռապատկերների էքսկուրսիա» գրքույկում բացատրվում է. «Փորագրողները ամենօրյա կյանքը չէ, որ ցանկացել են պատկերել քարերի վրա։ Մեր կարծիքով՝ այդ պատկերները աստվածներին ուղղված աղոթքների և աղաչանքների ձև են եղել»։ Գրքույկում նաև նշվում է. «Հավատալիքներում կյանքի անիվի, պտղաբերության, մահվան ու վերածննդի տարրեր են եղել»։
Նկարագրելով խորհրդանշական արվեստի այս յուրօրինակ հավաքածուն, որը ստեղծվել է նախքան Հյուսիսային Եվրոպայում գրերի գյուտը՝ շվեդական մի հանրագիտարան նշում է. «Այն փաստը, որ սեքսի վերաբերյալ թեմաների մասին շատ պատկերներ են եղել, ցույց է տալիս, թե որքան է կարևորվել պտղաբերության պաշտամունքը Հյուսիսում բրոնզի դարաշրջանում ապրող մարդկանց կրոնում» (Nationalencyklopedin)։
Ակներևաբար, մշտադալար ծառերին առնչվող սովորույթները ժամանակի ընթացքում տարածվել են ու դարձել մարդկանց կյանքի մի մասը։ «Բրիտանական հանրագիտարանը» տոնածառերի մասին նշում է. «Ծառի երկրպագությունը տարածված է եղել հեթանոս եվրոպացիների կյանքում, և անգամ քրիստոնեությունն ընդունելուց հետո տոնածառի հետ կապված սովորույթները չվերացան»։ Այսպես քրիստոնեություն մուտք գործեցին տարբեր ծեսեր և սովորույթներ, այդ թվում նաև «ձմեռային տոների ժամանակ տան ներսում կամ մուտքի մոտ տոնածառ դնելու սովորույթը»։
Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Մշտադալար ծառի հին սովորույթները պաշտոնապես ընդունվեցին 1841թ.-ին, երբ Բրիտանիայի արքայական ընտանիքը Սուրբ ծննդի տոնակատարությունների ժամանակ սկսեց օգտագործել զարդարված եղևնի։ Իսկ այսօր տոնածառը հայտնի է ողջ աշխարհում։ Բնական և արհեստական միլիոնավոր տոնածառերի պահանջարկը անսպառ է։ Ինչևէ, սկանդինավյան ժայռապատկերները լուռ վկայում են այն մասին, որ տոնածառը քրիստոնեական ծագում չունի։
[ծանոթագրություն]
a Բոհուսլեն գավառի ժայռապատկերների տեղանքներից մի քանիսը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ աշխարհի ժառանգության ցուցակի մեջ։
[մեջբերում 12-րդ էջի վրա]
Ժայռապատկերները փաստում են, որ մշտադալար ծառի երկրպագությունը սկիզբ է առել նախաքրիստոնեական շրջանում
[նկարներ 13-րդ էջի վրա]
Ժայռապատկերներ, որոնց վրա պատկերված են ծառեր Տորսբոյում (1), Բակայում (2) և Լոկբերգում (Շվեդիա) (3)
[թույլտվությամբ]
Courtesy Stiftelsen för dokumentation av Bohusläns hällristningar