ԳԼՈՒԽ 1
«Ահա՛ մեր Աստվածը»
1, 2. ա) Ի՞նչ հարցեր կցանկանայիր տալ Աստծուն։ բ) Ի՞նչ հարց տվեց Աստծուն Մովսեսը։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ զրուցում ես Աստծու հետ։ Այդ մասին մտածելիս անգամ փշաքաղվում ես. տիեզերքի Գերիշխա՛նն է խոսում քեզ հետ։ Սկզբում կարկամում ես, բայց հետո կարողանում ես բառեր գտնել։ Աստված լսում է քեզ, պատասխանում և նույնիսկ խրախուսում է, որ ազատորեն հարցնես իրեն այն, ինչ կամենում ես։ Ի՞նչ հարց կտայիր նրան։
2 Ճիշտ այդպիսի իրավիճակում հայտնվեց հեռավոր անցյալում ապրած մի մարդ։ Նրա անունը Մովսես էր։ Բայց եթե իմանաս, թե ինչ հարց նա որոշեց տալ Աստծուն, գուցե զարմանաս։ Մովսեսը չհարցրեց ո՛չ իր, ո՛չ իր ապագայի և ո՛չ էլ մարդկության ապագայի մասին։ Նա ցանկացավ իմանալ, թե ինչ է Աստծու անունը։ Թերևս դա քեզ տարօրինակ թվա, քանի որ Մովսեսն արդեն գիտեր այդ անունը։ Ուրեմն նրա հարցը պետք է որ ավելի խոր իմաստ ունենար։ Իրականում դա ամենակարևոր հարցն էր, որ Մովսեսը կարող էր տալ, ու պատասխանը կարևոր է բոլորիս համար։ Այն կօգնի քեզ շատ կարևոր քայլ կատարելու Աստծուն մոտենալու հարցում։ Ինչպե՞ս։ Ականջ դնենք այդ ուշագրավ զրույցին։
3, 4. Ի՞նչ եղավ նախքան Մովսեսի և Աստծու միջև զրույցը, և գլխավորապես ինչի՞ մասին էր այն։
3 Մովսեսը 80 տարեկան էր։ Արդեն 40 տարի էր, ինչ նա ապրում էր օտարության մեջ՝ իր ժողովրդից՝ իսրայելացիներից հեռու, որոնք այդ ժամանակ Եգիպտոսում ստրուկներ էին։ Մի օր իր աներոջ հոտերը արածեցնելիս նա տարօրինակ բան նկատեց։ Մորենու մի թուփ կրակով էր բռնկվել, բայց չէր այրվում։ Այն պարզապես բոցավառվում էր, փայլատակում, ինչպես լեռան լանջին գտնվող մի փարոս։ Մովսեսը մոտեցավ, որպեսզի պարզի, թե ինչ է տեղի ունենում։ Որքա՜ն պետք է նա վախեցած լիներ՝ լսելով կրակի միջից իրեն դիմող մի ձայն։ Աստված հրեշտակի միջոցով երկար զրուցեց Մովսեսի հետ։ Ինչպես հավանաբար գիտես, այնտեղ նա պատվիրեց երկմտանքի մեջ եղող Մովսեսին թողնել իր խաղաղ կյանքը և վերադառնալ Եգիպտոս՝ իսրայելացիներին ստրկությունից ազատելու (Ելք 3։1-12)։
4 Այդ պահին Մովսեսն Աստծուց կարող էր հարցնել, ինչ որ կամենար։ Ուշադրություն դարձնենք, սակայն, թե ինչ հարց նա որոշեց տալ. «Ասենք թե գնացի Իսրայելի որդիների մոտ ու ասացի, թե՝ «ձեր նախահայրերի Աստվածը ինձ ձեզ մոտ է ուղարկել», ու նրանք հարցնեն՝ «ի՞նչ է նրա անունը», այդ դեպքում ի՞նչ ասեմ նրանց» (Ելք 3։13)։
5, 6. ա) Ի՞նչ պարզ և շատ կարևոր ճշմարտություն ենք սովորում Մովսեսի տված հարցից։ բ) Դատապարտության արժանի ի՞նչ է արվել Աստծու անվան հետ կապված։ գ) Ինչո՞վ է հատկանշական այն, որ Աստված հայտնել է մարդկանց իր անունը։
5 Այս հարցից նախ սովորում ենք, որ Աստված անուն ունի։ Մենք չպետք է թեթևամտորեն վերաբերվենք այս պարզ ճշմարտությանը։ Ցավոք, շատերն այդպես են վարվում։ Աստծու անձնանունը հանվել է Աստվածաշնչի անթիվ-անհամար թարգմանություններից ու փոխարինվել «Տեր», «Աստված» և նման այլ տիտղոսներով։ Սա կրոնների կատարած ամենացավալի ու դատապարտելի քայլերից մեկն է։ Ի վերջո, առաջին հերթին ի՞նչ ես անում, երբ ծանոթանում ես որևէ մեկի հետ։ Մի՞թե չես հարցնում նրա անունը։ Նույնը վերաբերում է նաև Աստծու հետ ծանոթանալուն։ Նա անանուն և անմատչելի էակ չէ, որին հնարավոր չէ ճանաչել ու հասկանալ։ Թեպետ անտեսանելի՝ նա իրական Անձնավորություն է և ունի անուն՝ Եհովա։
6 Ավելին՝ իր անունը հայտնելով՝ Աստված հիանալի հնարավորություն է տալիս մեզ. նա հրավիրում է ճանաչել իրեն։ Աստված կամենում է, որ մեր կյանքի լավագույն ընտրությունը կատարենք՝ մոտենանք իրեն։ Սակայն իր անունը հայտնելուց բացի՝ Եհովան շատ ավելին է արել։ Նա բացատրել է, թե ինչպիսի Անձնավորություն է այդ անվան հետևում կանգնած։
Աստծու անվան նշանակությունը
7. ա) Ակներևաբար ի՞նչ է նշանակում Աստծու անունը։ բ) Իրականում ի՞նչ էր ուզում իմանալ Մովսեսը, երբ Աստծուն հարցրեց նրա անունը։
7 Եհովան ինքն է իր համար անուն որոշել, և այն խոր իմաստ ունի։ «Եհովա» անունը ըստ երևույթին նշանակում է «նա դարձնում է»։ Ողջ տիեզերքում նա եզակի Անձնավորություն է, քանի որ ամեն ինչի գոյության պատճառն է և իրագործում է իր բոլոր նպատակները։ Նա կարող է նույնիսկ իր անկատար ծառաներին դարձնել այն, ինչ ուզում է։ Այս ամենը իմանալը արդեն իսկ ակնածանք է ներշնչում։ Բայց Աստծու անունը ավելին է սովորեցնում իր մասին։ Ակնհայտ է, որ Մովսեսը հենց դա էր ուզում իմանալ։ Նա գիտեր, որ Եհովան Արարիչն է, և գիտեր Աստծու անունը։ Մարդիկ արդեն դարեր շարունակ օգտագործում էին այն։ Հետևաբար Աստծու անունը հարցնելով՝ Մովսեսն ուզում էր իմանալ, թե ինչպիսի Անձնավորություն էր այդ անունը կրողը։ Փաստորեն, նա նկատի ուներ հետևյալը. «Իսրայել ժողովրդին ի՞նչ կարող եմ պատմել քո մասին, որ կերտի նրանց հավատը քո հանդեպ և վստահություն ներշնչի այն բանի նկատմամբ, որ իսկապես կազատես նրանց»։
8, 9. ա) Եհովան ինչպե՞ս պատասխանեց Մովսեսի հարցին, և այդ պատասխանը ի՞նչ սխալ կերպով է փոխանցված Աստվածաշնչի շատ թարգմանություններում։ բ) Ի՞նչ իմաստ ունի «ԵՍ ԿԴԱՌՆԱՄ ԱՅՆ, ԻՆՉ ԿԿԱՄԵՆԱՄ ԴԱՌՆԱԼ» արտահայտությունը։
8 Ի պատասխան՝ Եհովան բացահայտեց իր անձնավորության մի հետաքրքիր երեսակ, մի բան, որ առնչվում է իր անվան նշանակությանը։ Նա ասաց Մովսեսին. «ԵՍ ԿԴԱՌՆԱՄ ԱՅՆ, ԻՆՉ ԿԿԱՄԵՆԱՄ ԴԱՌՆԱԼ» (Ելք 3։14)։ Աստվածաշնչի շատ թարգմանություններում այս համարը փոխանցվում է հետևյալ կերպ. «Ես եմ, որ եմ»։ Սակայն ճշգրիտ թարգմանությունները ցույց են տալիս, որ Աստված ոչ թե պարզապես հաստատում էր իր գոյությունը, այլ սովորեցնում էր Մովսեսին, այդպիսով նաև մեզ, որ նա կդառնա այն, ինչ անհրաժեշտ է իր խոստումներն իրականացնելու համար։ Ջ. Բ. Ռոդերհամի թարգմանության մեջ այս համարը դիպուկ կերպով է փոխանցված. «Ես կդառնամ այն, ինչ ցանկանամ»։ Հին եբրայերենի մասնագետներից մեկը այս արտահայտության վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է անում. «Ցանկացած իրավիճակում և անհրաժեշտության դեպքում.... Աստված «կդառնա» տվյալ խնդրի լուծումը»։
9 Ի՞նչ էր դա նշանակում իսրայելացիների համար։ Ինչպիսի խոչընդոտի էլ որ նրանք հանդիպեին, որքան էլ դժվարին իրավիճակում հայտնվեին, Եհովան ինքն իրեն կդարձներ այն, ինչ անհրաժեշտ էր, որպեսզի ազատեր նրանց ստրկությունից և առաջնորդեր Ավետյաց երկիր։ Անկասկած, այդ անունը վստահություն էր ներշնչում Աստծու հանդեպ ու նույնը կարող է անել նաև այսօր (Սաղմոս 9։10)։ Ինչո՞ւ։
10, 11. Եհովայի անունը ինչպե՞ս է մեզ մղում նրան համարելու լավագույն Հայր։ Բացատրիր։
10 Պարզաբանելու համար քննենք հետևյալ օրինակը։ Ծնողները գիտեն, թե որքան ճկուն և հարմարվող պետք է լինեն իրենց երեխաներին խնամելիս։ Օրվա ընթացքում գուցե անհրաժեշտ լինի դառնալ բուժքույր, խոհարար, ուսուցիչ, դաստիարակ, դատավոր և շատ այլ դերեր ստանձնել։ Շատերը ճնշվում են այն մտքից, որ իրենցից ակնկալվում է այդքան շատ դերեր կատարել։ Ծնողները տեսնում են, որ փոքրիկները լիակատար վստահություն ունեն իրենց հանդեպ ու երբեք չեն կասկածում, որ հայրիկն ու մայրիկը կարող են բուժել վերքը, հարթել բոլոր վեճերը, վերանորոգել կոտրված խաղալիքը և պատասխանել իրենց անհամար հարցերին։ Որոշ ծնողներ ընկճվում են ու երբեմն էլ հուսալքվում՝ տեսնելով, որ իրենց հնարավորությունները սահմանափակ են։ Նրանք հասկանում են, որ պատրաստ չեն կատարելու այդ դերերի մեծ մասը։
11 Եհովան նույնպես սիրառատ ծնող է։ Սակայն չկա մի բան, որ իր կատարյալ օրենքների շրջանակներում նա չկարողանա դառնալ, որպեսզի լավագույնս հոգ տանի իր երկրային երեխաներին։ Ուստի Աստծու անունը՝ Եհովա, մղում է մեզ նրան համարելու լավագույն Հայր, որի նմանը հնարավոր չէ պատկերացնել (Հակոբոս 1։17)։ Մովսեսն ու մյուս բոլոր հավատարիմ իսրայելացիները շուտով սեփական փորձով համոզվեցին, որ Եհովան հավատարիմ է իր անվան նշանակությանը։ Նրանք ակնածանքով տեսնում էին, թե ինչպես է Աստված ինքն իրեն դարձնում անհաղթ Զորագլուխ, բնության բոլոր տարերքների Ղեկավար, իրեն հավասարը չունեցող Օրենսդիր, Դատավոր, Ճարտարապետ, Կերակրող, հագուստն ու սանդալները Պահպանող և այլն։
12. Եհովայի հանդեպ փարավոնի վերաբերմունքը ինչպե՞ս էր տարբերվում Մովսեսի վերաբերմունքից։
12 Այսպիսով՝ Աստված հայտնի է դարձրել իր անունը, հետաքրքիր բաներ է բացահայտել իր մասին և նույնիսկ տարբեր կերպերով ցույց է տվել, որ այդ ամենը ճշմարիտ է։ Անկասկած, նա ցանկանում է, որ ճանաչենք իրեն։ Իսկ մենք ցանկանո՞ւմ ենք ճանաչել նրան։ Մովսեսն ուզում էր ճանաչել Աստծուն։ Այդ ուժգին ցանկությունը մեծ ազդեցություն ունեցավ Մովսեսի կյանքի վրա և մղեց նրան անչափ մտերմանալու իր երկնային Հոր հետ (Թվեր 12։6-8; Եբրայեցիներ 11։27)։ Ցավոք, նրա ժամանակակիցներից քչերն ունեին նույն ցանկությունը։ Երբ Մովսեսը փարավոնի առջև հիշատակեց Եհովային՝ տալով նրա անունը, Եգիպտոսի այդ հպարտ միապետը կտրուկ առարկեց՝ ասելով. «Եհովան ո՞վ է» (Ելք 5։2)։ Փարավոնը Եհովայի մասին ավելին իմանալու ցանկություն չուներ։ Հակառակը՝ նա իր խոսքերով ցինիկաբար ցույց տվեց, որ Եհովան իրեն ընդհանրապես չի հետաքրքրում։ Այսօր շատերը նման վերաբերմունք ունեն, և դա մարդկանցից քողարկում է ամենակարևոր ճշմարտությունը. Եհովան է Գերիշխան Տերը։
Գերիշխան Տեր Եհովան
13, 14. ա) Ինչո՞ւ է Աստվածաշունչը բազմաթիվ տիտղոսներով կոչում Եհովային, և որո՞նք են դրանցից մի քանիսը (տես 14-րդ էջի շրջանակը)։ բ) Ինչո՞ւ միայն Եհովային կարելի է անվանել «Գերիշխան Տեր»։
13 Եհովան այնքան ճկուն է, որ Աստվածաշունչը բազում տիտղոսներով է հիշատակում նրան։ Այդ տիտղոսները ոչ թե ստվեր են գցում նրա անվան վրա, այլ ընդգծում են դրա նշանակությունը։ Օրինակ՝ Աստված կոչվում է «Գերիշխան Տեր Եհովա» (2 Սամուել 7։22)։ Այս բարձր տիտղոսը, որ բազմիցս հանդիպում է Աստծու Խոսքում, ցույց է տալիս, թե ինչ դիրք է զբաղեցնում Եհովան։ Միայն նա իրավունք ունի լինելու ողջ տիեզերքի Ղեկավարը։ Տեսնենք, թե ինչու։
14 Եհովան՝ որպես Արարիչ, անզուգական է։ Հայտնություն 4։11-ում ասվում է. «Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները, և քո կամքով նրանք գոյություն ունեն ու ստեղծվեցին»։ Այս փառահեղ խոսքերը չեն կարող վերաբերել ոչ մի ուրիշ անձնավորության։ Տիեզերքում եղող ամեն բան իր գոյությամբ պարտական է Եհովային։ Անկասկած, նա՝ որպես Գերիշխան Տեր ու բոլոր բաների Արարիչ, արժանի է առնելու փառք, պատիվ և զորություն։
15. Ինչո՞ւ է Եհովան կոչվում «հավիտենության Թագավոր»։
15 Միայն Եհովայի առնչությամբ է կիրառվում նաև «հավիտենության Թագավոր» տիտղոսը (1 Տիմոթեոս 1։17; Հայտնություն 15։3)։ Ի՞նչ է այն նշանակում։ Եհովան հավիտյան գոյություն է ունեցել անցյալում և հավիտյան գոյություն կունենա ապագայում, թեև սահմանափակ հնարավորություններ ունեցող մեր ուղեղի համար դժվար է դա պատկերացնել։ Սաղմոս 90։2-ում ասվում է. «Հավիտենից մինչև հավիտյան դո՛ւ ես Աստված»։ Ուրեմն Եհովան սկիզբ չի ունեցել, նա միշտ եղել է։ Միանգամայն արդարացիորեն Աստված կոչվում է «Հինավուրց». նա հավերժ գոյություն է ունեցել նախքան տիեզերքում որևէ մեկի կամ որևէ բանի առաջ գալը (Դանիել 7։9, 13, 22)։ Ո՞վ կարող է հարցականի տակ դնել Գերիշխան Տեր լինելու նրա իրավունքը։
16, 17. ա) Ինչո՞ւ մենք չենք կարող տեսնել Եհովային, և ինչո՞ւ դա չպետք է մեզ զարմացնի։ բ) Ի՞նչ առումով է Եհովան ավելի իրական, քան ցանկացած բան, որ տեսնում ենք կամ շոշափում։
16 Այնուամենայնիվ, ոմանք այդ իրավունքը դնում են հարցականի տակ, ինչպես դա արեց փարավոնը։ Պատճառներից մեկն այն է, որ անկատար մարդը չափից շատ է վստահում իր աչքի տեսածին։ Մենք չենք կարող տեսնել Գերիշխանին։ Նա ոգեղեն անձնավորություն է՝ մարդու համար անտեսանելի (Հովհաննես 4։24)։ Ավելին՝ անմիջապես Եհովա Աստծու առջև հայտնվելու դեպքում մսից ու արյունից կազմված մարդը կմահանա։ Եհովան ինքն ասաց Մովսեսին. «Դու իմ երեսը չես կարող տեսնել, որովհետև ոչ մի մարդ չի կարող տեսնել ինձ ու ողջ մնալ» (Ելք 33։20; Հովհաննես 1։18)։
17 Դա չպետք է մեզ զարմացնի։ Մովսեսը տեսել էր Եհովայի փառքի մի մասը միայն (ըստ երևույթին, Աստծուն ներկայացնող ինչ-որ հրեշտակի միջոցով)։ Արդյունքո՞ւմ։ Դրանից հետո Մովսեսի երեսը որոշ ժամանակ «լույս էր ճառագում»։ Իսրայելացիները վախենում էին անգամ նրա դեմքին նայելուց (Ելք 33։21-23; 34։5-7, 29, 30)։ Ուստի հստակ է, որ ոչ մի մարդ չի կարող տեսնել Գերիշխան Տիրոջը իր ողջ փառքով։ Արդյո՞ք այդ պատճառով նա պակաս իրական է դառնում մեզ համար, քան այն ամենը, ինչ կարող ենք տեսնել ու շոշափել։ Ո՛չ, մեզ համար անտեսանելի շատ բաներ իրական են, օրինակ՝ քամին, ռադիոալիքները և մտքերը։ Բացի այդ՝ Եհովան հավերժ է. ժամանակը, նույնիսկ միլիարդավոր տարիները որևէ ազդեցություն չեն թողնում նրա վրա։ Այդ առումով նա անհամեմատ ավելի իրական է, քան ցանկացած բան, որ կարող ենք շոշափել կամ տեսնել, քանի որ ֆիզիկական ոլորտին պատկանող բաները հնանում են ու քայքայվում (Մատթեոս 6։19)։ Իսկ պե՞տք է արդյոք Աստծուն համարենք լոկ վերացական, անդեմ մի ուժ կամ ինչ-որ անհասկանալի Սկզբնապատճառ։ Տեսնենք։
Աստված, որը անձնավորություն է
18. Ի՞նչ տեսիլք էր տրվել Եզեկիելին, և ի՞նչ են ներկայացնում Եհովայի շուրջ գտնվող «կենդանի էակների» չորս երեսները։
18 Թեպետ մենք չենք կարող տեսնել Եհովային, բայց Աստվածաշնչում կան ոգևորիչ հատվածներ, որոնք հնարավորություն են տալիս պատկերացնելու երկնային ոլորտը։ Այդպիսի մի օրինակ է «Եզեկիել» գրքի առաջին գլուխը։ Տեսիլքում Եզեկիելը տեսավ Աստծու կազմակերպության երկնային մասը հսկայական երկնային կառքի տեսքով։ Հատկապես տպավորիչ է Եհովայի շուրջ գտնվող հզոր ոգեղեն էակների նկարագրությունը (Եզեկիել 1։4-10)։ Այդ «կենդանի էակները» Եհովայի հետ սերտ հաղորդակցման մեջ են, և նրանց արտաքինը կարևոր բան է հայտնում մեզ Աստծու մասին, որին նրանք ծառայում են։ Այդ էակներից յուրաքանչյուրն ունի չորս երես՝ ցլի, առյուծի, արծվի և մարդու։ Ակներևաբար դրանք ներկայացնում են չորս հատկություններ, որոնք Եհովայի անզուգական էության հիմքում են ընկած (Հայտնություն 4։6-8, 10)։
19. Ո՞ր հատկությունն է ներկայացնում ա) ցլի երեսը, բ) առյուծի երեսը, գ) արծվի երեսը, դ) մարդու երեսը։
19 Աստվածաշնչում ցուլը հաճախ խորհրդանշում է զորություն։ Դա տեղին է, քանի որ այն չափազանց ուժեղ կենդանի է։ Իսկ առյուծը սովորաբար արդարության խորհրդանիշ է, քանի որ իսկական արդարության համար հարկավոր է քաջություն. մի հատկություն, որով հայտնի են առյուծները։ Արծիվը հայտնի է իր սուր տեսողությամբ։ Նա մեծ հեռավորության վրա կարողանում է տեսնել նույնիսկ փոքր առարկաները։ Ուստի արծվի երեսը տեղին խորհրդանիշ է Աստծու իմաստության համար, որը նրան հեռուն տեսնելու հնարավորություն է տալիս։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մարդու երեսի մասին։ Մարդը, որ ստեղծված է Աստծու պատկերով, անզուգական կարողություն ունի արտացոլելու Աստծու գլխավոր հատկությունը՝ սերը (Ծննդոց 1։26)։ Եհովայի այս հատկությունները՝ զորությունը, արդարությունը, իմաստությունը և սերը, այնքան հաճախ են շեշտվում Սուրբ Գրքում, որ համարվում են Աստծու հիմնական հատկությունները։
20. Պե՞տք է արդյոք մեզ անհանգստացնի այն միտքը, թե գուցե Եհովան փոխվել է։ Ինչո՞ւ ես այդպես պատասխանում։
20 Պե՞տք է արդյոք մեզ անհանգստացնի այն միտքը, թե գուցե հազարավոր տարիների ընթացքում Աստված փոխվել է, ուստիև չի համապատասխանում Աստվածաշնչում գրված նկարագրությանը։ Ո՛չ։ Աստծու էությունը չի փոխվում։ «Ես Եհովան եմ, ես չեմ փոխվում»,— ասում է նա (Մաղաքիա 3։6)։ Եհովան անկանխատեսելիորեն չի վարվում, ընդհակառակը՝ ցանկացած իրավիճակում նա գործում է որպես իդեալական Հայր։ Նա դրսևորում է իր էության այն կողմերը, որոնք ամենահարմարն են տվյալ իրավիճակում։ Աստծու հատկություններից ամենագլխավորը սերն է։ Այն արտահայտվում է իր բոլոր գործերում։ Եհովան ցուցաբերում է իր զորությունը, արդարությունը և իմաստությունը սիրառատ կերպով։ Աստծու և նրա այդ հատկության մասին Աստվածաշունչը զարմանալի մի բան է ասում. «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Ուշադրություն դարձնենք այն բանին, որ Սուրբ Գրքում չի ասվում, թե Աստված ունի սեր կամ Աստված սիրառատ է։ Այնտեղ ասվում է, որ Աստված սեր է։ Սերը նրա էությունն է և մղիչ ուժ է հանդիսանում իր բոլոր գործերում։
«Ահա՛ մեր Աստվածը»
21. Ի՞նչ կզգանք՝ ավելի լավ ծանոթանալով Եհովայի հատկություններին։
21 Երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես է փոքր երեխան մատնացույց անում իր հորը և հետո ուրախ ու հպարտ ասում ընկերներին. «Սա իմ հայրիկն է»։ Աստծուն պաշտող մարդիկ բոլոր հիմքերն ունեն Եհովայի հանդեպ նման զգացումներ ունենալու։ Աստվածաշնչում կանխագուշակվել է այն ժամանակի մասին, երբ բոլոր հավատարիմ մարդիկ կբացականչեն. «Ահա՛ մեր Աստվածը» (Եսայիա 25։8, 9)։ Որքան ավելի լավ հասկանաս Եհովայի հատկությունները, այնքան ավելի շատ կզգաս, որ քո Հայրը ամենալավն է, որ նրա նմանը չկա։
22, 23. Ինչպե՞ս է Աստվածաշնչում ներկայացվում մեր երկնային Հայրը, և որտեղի՞ց գիտենք, որ նա ուզում է, որ մոտենանք իրեն։
22 Այս Հայրը սառը և անտարբեր անձնավորություն չէ՝ անկախ այն բանից, թե ինչպես են նրան ներկայացրել որոշ խստաբարո կրոնավորներ ու փիլիսոփաներ։ Դժվար թե մենք ցանկանայինք մտերմանալ սառը Աստծու հետ։ Աստվածաշունչը մեր երկնային Հորը այդպիսին չի ներկայացնում։ Ընդհակառակը՝ Աստծու Խոսքը նրան անվանում է «երջանիկ Աստված» (1 Տիմոթեոս 1։11)։ Նա ունի զգացմունքներ՝ թե՛ ուժգին, թե՛ քնքուշ։ Երբ Աստծու՝ բանականությամբ օժտված զավակները խախտում էին իր պատվերները, որ տրված էին իրենց իսկ բարօրության համար, նա ցավ էր զգում իր սրտում (Ծննդոց 6։6; Սաղմոս 78։41)։ Իսկ երբ մենք իմաստությամբ ենք վարվում՝ Աստվածաշնչին ներդաշնակ, ուրախացնում ենք Աստծու սիրտը (Առակներ 27։11)։
23 Մեր Հայրը ցանկանում է, որ իր հետ մտերիմ լինենք։ Աստծու Խոսքը քաջալերում է «խարխափելով գտնել նրան, թեպետ իրականում նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17։27)։ Սակայն ինչպե՞ս է հնարավոր, որ մարդ արարածը մոտենա տիեզերքի Գերիշխանին։